ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2000 թվականի N 688
քաղ. Երևան
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրում ընդգրկված ընկերությունների անշարժ գույքի հաշվառման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծառայությունների դիմաց վճարման գործընթացը կարգավորելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 5-օրյա ժամկետում հաստատել և համապատասխան նախարարություններին (գերատեսչություններին), մարզպետներին ու Երևանի քաղաքապետին իրազեկել Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրում ընդգրկված ընկերությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից անշարժ գույքի հաշվառման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծառայությունների դիմաց վճարման համար ֆինանսական միջոցներ չունեցող ընկերությունների ցանկում ընդգրկելու հիմնավորման չափանիշների մասին:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետով նախատեսված չափանիշների հիման վրա կազմված ֆինանսական միջոցներ չունեցող ընկերությունների ցանկերը` հիմնավորող տեղեկանքներով:
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ճշտել նշված ցանկերում ընդգրկված ընկերությունների համապատասխանությունը սույն կարգի 1-ին կետով նախատեսված չափանիշներին, հաստատել այդ ցանկերը և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել տեղեկանք նշված ցանկերում ընդգրկված ընկերությունների գույքի հաշվառման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների ընթացքի (ըստ օբյեկտների) ու ֆինանսական միջոցների ծախսման մասին:
5. Սահմանել, որ անշարժ գույքի հաշվառման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծառայությունների դիմաց վճարման համար ֆինանսական միջոցներ չունեցող ընկերությունների ցանկերում ընդգրկված ընկերություններն այդ ծառայությունների դիմաց վճարումը կատարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.09.2001, N 635 | 28.09.2001, N 688 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|