Գլխավոր տեղեկություն
Համար
N 47-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2003-11.03.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.04.11/8(126) Հոդ.167
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
14.03.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60603104

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

14 մարտի 2003 թ.
ք. Երևան

N 47-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգը (հավելված 1):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1999 թ. մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգի հաստատման մասին» որոշումը:

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` Ա. Սահրադյան

 

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2003 թ. մարտի 14-ի թիվ 47-Ն որոշման


Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը (այսուհետ` ծառայություն) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում, սույն կարգի համաձայն իրականացնում է վերահսկողություն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար ընտրական հանձնաժողովներին տրամադրված միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաև նախընտրական հիմնադրամներ (այսուհետ` հիմնադրամ) կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի վրա:

2. Ծառայությունը ստեղծվում է ընտրությունները նշանակվելու օրվանից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հրամանով:

3. Ծառայությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իրավական ակտերին համապատասխան:

Ծառայությունը հաշվետու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

4. Ծառայությունն իր աշխատանքները իրականացնում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցված:

 

2. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Ծառայության խնդիրներն են.

ա) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին ընտրությունների կազմակերպման և անցկացման համար հատկացվող և այդ նպատակով օգտագործվող դրամական ու նյութական միջոցների նկատմամբ հսկողություն իրականացնելը.

բ) թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով ձևավորված նախընտրական հիմնադրամներ մուտք եղած դրամական միջոցների ստացման աղբյուրների և դրանց օգտագործման օրինականության վրա հսկողություն իրականացնելը.

գ) թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից նախընտրական հիմնադրամների գումարների ծախսման վերաբերյալ ներկայացված հայտարարագրերը ստուգելը.

դ) թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներ կամավոր մուծումների կատարման օրինականության, օրենքով սահմանված դեպքերում հիմնադրամներից մուծումները դրանք կատարած անձանց վերադարձնելու կամ պետական բյուջե փոխանցելու գործընթացի նկատմամբ հսկողություն իրականացնելը.

ե) ընտրություններից հետո հիմնադրամներում մնացած միջոցների տնօրինման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը.

զ) ընտրությունների անցկացման համար հատկացված գումարների վերաբերյալ ընտրական հանձնաժողովների կողմից ներկայացված դիմում-բողոքները քննարկելն ու դրանց վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եզրակացություններ ներկայացնելը:

 

3. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Ծառայությունը իրավունք ունի.

ա) ուսումնասիրել ընտրական հանձնաժողովներում առկա ֆինանսական փաստաթղթերը.

բ) անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջել համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ` ընտրությունների կազմակերպման և անցկացման համար թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից կատարված ֆինանսավորման հարցերի առնչությամբ.

գ) ներկայացնել առաջարկություններ Կենտրոնական ընտրական հանձնաժողով բյուջետային միջոցների բաշխման և ընտրական հանձնաժողովներում վերհանված թերությունների վերացման ուղղությամբ.

դ) իր գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ նախապատրաստել որոշումների նախագծեր և ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը.

ե) մասնակցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների ընթացքում ֆինանսական ապահովման նպատակով իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքներին:

7. Ծառայությունն իր գործառույթներն իրականացնելիս վարում է գործավարություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով սահմանված կարգով:

 

4. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

8. Ծառայության աշխատանքները ղեկավարում է ծառայության ղեկավարը:

9. Ծառայության աշխատանքներում պայմանագրային հիմունքներով կարող են ընդգրկվել համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ:

 

5. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

10. Ծառայության գործունեության ֆինանսական և նյութատեխնիկական միջոցների, ինչպես նաև գործավարության իրականացման ապահովումը կատարվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցների հաշվին: