Գլխավոր տեղեկություն
Համար
N 689
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.11.1999-08.01.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.11.13/28(94)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.11.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.01.2003

041.0689.12.11.99 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 1999 թվականի N 689
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության կանոնադրությունը (կցվում է):

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության խորհրդի կազմը (կցվում է):

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության խորհրդի անդամների թիվը` 5 մարդ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 43 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
նոյեմբերի 12-ի N 689 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունը (այսուհետև` տեսչություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որը լեզվի կիրառման և ուսուցման, զարգացման և անաղարտության պահպանման ոլորտում իրականացնում է պետական միասնական քաղաքականություն` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

2. Տեսչությունը պատասխանատու է ոլորտում տիրող վիճակի և դրա զարգացման, պետական լեզվաքաղաքականության իրականացման համար:

3. Տեսչությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրները լուծելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Տեսչությունն իր իրավասությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել և իրականացնել, ինչպես նաև հանդես գալ դատարանում:

4. Տեսչությունն իր իրավասությունների սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:

5. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:

6. Տեսչության կենտրոնական ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. Տեսչության խնդիրներն ու գործառույթները

 

7. Տեսչությունը`

ա) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագիրը, վերահսկում դրա իրականացման ընթացքը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` վերահսկողություն է իրականացնում «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման նկատմամբ.

գ) կազմակերպում է գրական հայերենի կանոնարկման աշխատանքները.

դ) կազմակերպում է հայերենի ուսուցում, մեթոդական, խորհրդատվական ծառայություններ.

ե) կազմակերպում է հայոց լեզվի դասընթացներ ոչ հայախոսների համար.

զ) սահմանում է հայերենի անաղարտության գործնական չափանիշները.

է) անցկացնում է լեզվաքաղաքականության վերաբերյալ հասարակական կարծիքի պարբերական ուսումնասիրություններ, հարցումներ, սոցիոլոգիական հետազոտություններ.

ը) սահմանված կարգով լեզվաքաղաքականության վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

թ) վարչական վարույթ հարուցելու համար նախապատրաստում և դատարան է ներկայացնում «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտումների վերաբերյալ նյութերը.

ժ) ընդհանրացնում է բնագավառի օրենսդրական կիրառման պրակտիկան, մշակում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

ժա) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների հետ համատեղ մշակում է համալիր միջոցառումների ծրագրեր, ոլորտին վերաբերող հարցերի քննարկման և լուծման համար ստեղծում մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ.

ժբ) սահմանված կարգով մասնակցում է տեսչության իրավասություններին վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

ժգ) համագործակցում է օտարերկրյա պետությունների համանման կազմակերպությունների հետ և կազմակերպում փորձի փոխանակում.

ժդ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական մարմինների ու կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է հանրապետությունից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանման, տարածման և զարգացման աշխատանքներ, մասնակցում է փախստականների ու այլազգիների համար լեզվական ուսուցման հատուկ ծրագրերի մշակման, հայոց լեզվի ուսումնական ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ինքնուսույցների, բառարանների, զրուցարանների, քննարկման հարցարանների ստեղծման աշխատանքների կազմակերպմանը.

ժե) սահմանված կարգով մասնակցում է հայոց լեզվի կրթական չափորոշիչների, պետական ուսումնական ծրագրերի մշակման աշխատանքներին.

ժզ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համաձայնեցնելով` վերահսկում է լեզվական ուսուցման և հայոց լեզվի ու գրականության ուսուցման դրվածքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ուսումնական և ուսումնադաստիարակչական հաստատություններում:

 

III. Տեսչության աշխատանքի կազմակերպումը

 

8. Տեսչությունը մյուս պետական մարմինների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման և լուծման համար:

9. Տեսչությունը գլխավորում է պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

10. Տեսչության պետն ունի տեղակալ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով տեսչության պետի հետ:

Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է տեղակալը:

11. Տեսչության պետը`

ա) կազմակերպում է և ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է տեսչության` սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների և գործառույթների իրականացման համար.

բ) ներկայացնում է տեսչությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

գ) իր իրավասությունների սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, հրահանգներ, որոնց կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների համար

դ) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ արձակում է հրամաններ.

ե) սահմանում է պետի տեղակալի, տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների շրջանակը.

զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում տեսչության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, խորհրդի կազմը և կենտրոնական ապարատի աշխատողների թիվը.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում է տեսչության կենտրոնական ապարատի աշխատողների հաստիքացուցակը.

ը) կազմակերպում և վարում է տեսչության խորհրդի նիստերը.

թ) հաստատում է տեսչության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

12. Տեսչությունը ոլորտում կառավարման հարցերը քննարկում և լուծում է կոլեգիալության և միանձնյա կառավարման սկզբունքների զուգակցմամբ:

13. Տեսչությունում ստեղծվում է խորհուրդ` խորհրդակցական մարմնի կարգավիճակով, որի անդամների թիվը և անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

14. Խորհրդի կազմի մեջ մտնում են տեսչության պետը (խորհրդի նախագահ), պետի տեղակալը, տեսչության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Խորհրդի նիստերին կարող են մասնակցել քննարկվող հարցերին առնչվող այլ անձինք:

15. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, որոնցում քննարկվում են տեսչության հիմնական խնդիրներին և գործունեությանը վերաբերող հարցեր, գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության հարցերը, լսվում են տեսչության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, դրանց գործունեության վերստուգման արդյունքները և այլ հարցեր:

16. Խորհրդի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են տեսչության պետի հրամաններով:

17. Տեսչության պետի և խորհրդի անդամների միջև խորհրդի նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում տեսչության պետը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասն զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ խորհրդի անդամներն իրենց հերթին կարող են կարծիք հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

18. Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման մարմինների, ուսումնական և ուսումնադաստիարակչական հաստատությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

19. Տեսչությանն առընթեր ստեղծվում են հասարակական հիմունքներով գործող խորհրդատվական, գիտավերլուծական, գիտամեթոդական խորհուրդներ:

20. Տեսչությունը կազմակերպում է քաղաքացիների ընդունելությունը, նրանց նամակների, դիմումների ու գանգատների ժամանակին քննարկումը:

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
նոյեմբերի 12-ի N 689 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության կենտրոնական ապարատի

 

Տեսչության պետի աշխատակազմ

Լեզվական հսկողության բաժին

Գիտական հարցերի բաժին

Լրատվության բաժին

Հաշվապահություն

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
նոյեմբերի 12-ի N 689 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության խորհրդի

 

Տեսչության պետ

Տեսչության պետի տեղակալ

Գիտական հարցերի բաժնի վարիչ

Լեզվական հսկողության բաժնի վարիչ

«Լեզվագետ» կենտրոնի տնօրեն