ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 1999 թվականի N 41
քաղ. Երևան
ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ԱՄՆ) ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լինսի հիմնադրամի (ԱՄՆ) կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացված վարկային միջոցների արդյունավետ կառավարումը և վարկային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով`
Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 23-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 440 որոշմամբ ստեղծված Լինսի հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացված վարկային միջոցների կառավարման հանձնաժողովի կանոնակարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լինսի հիմնադրամի (ԱՄՆ) կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացված վարկային միջոցների (այսուհետև` ծրագիր) կառավարման հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Լինսի հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև 1998 թվականի հուլիսի 15-ին ստորագրված համաձայնագրով սահմանված դրույթներով ու սույն կանոնակարգով:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
3. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
4. Հանձնաժողովն ունի ձևաթուղթ:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
5. Հանձնաժողովը`
ա) հաստատում է ծրագրի իրականացման ընթացակարգը.
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի առաջարկությամբ հաստատում է վարկային ծրագրի իրականացմանը մասնակցող առևտրային բանկերի ցանկը (այսուհետև` բանկեր).
գ) ծրագրի իրականացման գրասենյակի «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության ներկայացմամբ ընդունում է որոշում բանկերի կողմից հաստատված ենթածրագրերի շրջանակներում բանկերի հետ վարկային համաձայնագրեր կնքելու վերաբերյալ.
դ) լուծում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացող ընթացիկ հարցեր.
ե) հաստատում է ծրագրի իրականացման վերաբերյալ ընթացիկ և տարեկան հաշվետվությունները.
զ) ծրագրի իրականացման գրասենյակից կարող է պահանջել և ստանալ վարկային ծրագրի շրջանակներում նրա գործունեության վերահսկման համար անհրաժեշտ տեղեկատվություն:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները և կազմակերպում դրա գործունեությունը.
բ) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.
գ) հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու համար, անհրաժեշտության դեպքում, իր կամ հանձնաժողովի անդամների նախաձեռնությամբ հրավիրում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների և այլ կազմակերպությունների ու հիմնարկների ներկայացուցիչներին.
դ) ստորագրում է հանձնաժողովի ընդունած որոշումները, ինչպես նաև ծրագրի շրջանակներում վճարման փաստաթղթերը.
ե) հանձնաժողովի նիստերում քննարկվելիք հարցերի նախապատրաստման վերաբերյալ հանձնարարականներ է տալիս ծրագրի իրականացման գրասենյակին:
7. Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարում է հանձնաժողովի անդամներից մեկը:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
8. Հանձնաժողովի անդամը`
ա) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին, նիստերի օրակարգերի ձևավորմանը, հարցերի քննարկումներին և ներկայացնում առաջարկություններ.
բ) մասնակցում է հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ եվ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
9. Հանձնաժողովի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ:
10. Հանձնաժողովի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել`
ա) հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ.
բ) ծրագրի իրականացման գրասենյակի առաջարկությամբ.
գ) հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:
11. Հանձնաժողովի նիստերի օրակարգերը ձևավորում է հանձնաժողովի նախագահը ծրագրի իրականացման գրասենյակի ներկայացմամբ:
12. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգը և քննարկվող հարցերին առնչվող փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին են տրվում նիստից առնվազն երեք օր առաջ:
13. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
14. Հանձնաժողովի որոշումները կարող են ընդունվել առանց նիստերի գումարման հարցման միջոցով: Հարցումը համարվում է իրավազոր, եթե հարցմանը մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը:
15. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: