Գլխավոր տեղեկություն
Համար
N 341
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.06.1999-14.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.06.11/15(81)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.06.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 1999 թվականի N 341
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 389 որոշման 1-ին կետը` կանոնադրության մասով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
հունիսի 9-ի N 341 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը (այսուհետև` վարչություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որը կազմակերպում է բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակների և պատերազմի ժամանակ, համակարգում ու վերահսկում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների գործունեությունը բնակչության պաշտպանության բնագավառում:

Վարչությունը պատասխանատվություն է կրում բնակչության պաշտպանության հարցերով երկրի պատրաստվածության, այդ ոլորտում տիրող վիճակի և հեռանկարային զարգացման քաղաքականության ապահովման համար:

2. Վարչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. Վարչության խնդիրները ԵՎ գործառույթները

 

3. Վարչության հիմնական խնդիրներն են`

ա) արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ երկրի պատրաստվածության բարձրացմանը, բնակչության պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

բ) արտակարգ իրավիճակների հետևանքների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման, բնակչության պաշտպանության ծրագրերի մշակման ու դրանց կատարման ապահովումը.

գ) բնակչության պաշտպանության համակարգի գործունեության կազմակերպումն ու կոորդինացումը.

դ) արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ տուժած բնակչությանն օգնություն ցույց տալու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական ու նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծումն ու կուտակումը.

ե) արտակարգ իրավիճակների հնարավոր պատճառ հանդիսացող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության կազմակերպումը.

զ) արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ բնակչության պաշտպանության և գոյատևման հարցերով բնակչության ուսուցման կազմակերպումն ու իրականացումը.

է) արդյունաբերության մեջ բնակչության պաշտպանության տեսակետից աշխատանքների անվտանգ կատարման, ինչպես նաև ընդերքի արդյունավետ օգտագործման հարցերով պետական վերահսկողության իրականացումը.

ը) արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ բնակչության պաշտպանության համակարգի կայուն գործունեության ապահովման հարցերով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավար կազմի նախապատրաստման կազմակերպումն ու իրականացումը, ինչպես նաև համապատասխան մասնագիտացված կադրերի պատրաստումը.

թ) արտակարգ իրավիճակներում ու պատերազմի ժամանակ փրկարարական և վերականգնողական աշխատանքների կազմակերպումն ու կոորդինացումը, այդ նպատակով համապատասխան ուժերի ստեղծումը և դրանց պատրաստականության ապահովումը: Պետական, գերատեսչական և հասարակական փրկարարական կազմավորումների միջև փոխգործողությունների ապահովումը.

ժ) արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման միասնական համակարգի ստեղծումն ու դրա գործունեության կազմակերպումը և վերահսկումը.

ժա) բնակչության պաշտպանության հիմնահարցերով միջազգային համագործակցության կազմակերպումն ու ապահովումը.

ժբ) փրկարարների ատեստավորման աշխատանքների կազմակերպումը:

4. Վարչությունն ամենօրյա գործունեության ընթացքում`

ա) կազմակերպում, կոորդինացնում և ապահովում է պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը արտակարգ իրավիճակների կանխատեսման, դրանց հետևանքների վերացման, պատերազմի ժամանակ բնակչության պաշտպանության միջոցառումների պլանավորման հարցերով.

բ) իրականացնում է վարչության ճգնաժամային կառավարման ինստիտուտի աշխատանքների ղեկավարումը.

գ) կազմակերպում և ապահովում է պետական կառավարման մարմինների հետ (միջև) փոխգործողությունների պլանների մշակումը` բնակչության պաշտպանության հարցերով.

դ) ապահովում է արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ բնակչության պաշտպանության համակարգը պատրաստության բերելու կարգի մշակումը.

ե) ապահովում է իր համակարգի մոբիլիզացիոն պատրաստականությունը.

զ) սահմանում է բնակչության պաշտպանության համակարգի զարգացման հեռանկարային ուղղությունները և ապահովում դրանց իրականացումը.

է) ապահովում է արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և բնակչության ազդարարման ու տեղեկատվության համակարգի գործունեությունը և կապի հանրապետական գերատեսչական ու տեղական ցանցերի առաջնահերթ օգտագործումը, ինչպես նաև կապը զանգվածային լրատվական միջոցների հետ.

ը) ապահովում է բնակչության պատսպարման համար նախատեսված հատուկ շինությունների (ապաստարաններ, թաքստոցներ, մետրոպոլիտենի համապատասխան հատվածներ և այլն) պահպանումն ու նպատակային օգտագործումը.

թ) ապահովում է արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ բնակչության տարահանման, անհատական ու բժշկական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և այդ նպատակով նախատեսված հատուկ գույքի կուտակումն ու պահպանումը.

ժ) ապահովում է արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ բնակչության կենսաապահովման հայեցակարգի մշակումը.

ժա) ապահովում է բնակչության պաշտպանության համար նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գույքի, նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային ու այլ միջոցների նպատակային հաշվառումը.

ժբ) կազմակերպում է պետական փրկարարական ուժերի նախապատրաստումը, ատեստավորումը, փոխգործողությունների պլանների մշակումը հասարակական և գերատեսչական մասնագիտացված փրկարարական կազմավորումների հետ.

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում բնակչության պաշտպանության ոլորտի օրենսդրական և այլ իրավական ակտերի նախագծերը.

ժդ) կազմակերպում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավարների նախապատրաստման և բնակչության ուսուցման ծրագրերի մշակումը և ապահովում դրանց իրականացումը.

ժե) ապահովում է բնակչության պաշտպանության հարցերով միջազգային ծրագրերի, համաձայնագրերի մշակումն ու իրականացումը, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ԱՊՀ մասնակից պետությունների և այլ միջազգային կառույցներում` բնակչության պաշտպանության հարցերով.

ժզ) կազմակերպում է արտակարգ պատահարների դեպքում բնակչության ամենօրյա սպասարկման իրականացումը.

ժէ) ամրապնդում է համակարգի նյութատեխնիկական բազան, փրկարարական ուժերի հարցերով ստանում տեղեկություններ.

ժը) աջակցում և մեթոդական օգնություն է ցույց տալիս պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին` բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման և ապահովման հարցերում.

ժթ) քննարկում է բնակչության պաշտպանության հարցերով ուսումնական հաստատությունների ծրագրերը:

5. Արտակարգ իրավիճակների, պատերազմի անմիջական սպառնալիքի կամ դրանց ծագման և հետևանքների վերացման ընթացքում վարչությունը`

ա) իրականացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին ու բնակչությանն ազդարարումը, ապահովում է բնակչության պաշտպանության համակարգը պատրաստության բերելը.

բ) կազմակերպում և կոորդինացնում է բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը.

գ) կազմակերպում և կոորդինացնում է փրկարարական, արտակարգ իրավիճակների ու պատերազմական գործողությունների հետևանքների վերացման աշխատանքները.

դ) ապահովում է արտակարգ իրավիճակների հետևանքների կանխման, դրանց հետևանքների նվազեցման և վերացման միասնական համակարգի գործունեությունը.

ե) կազմակերպում և կոորդինացնում է տուժած բնակչության կենսաապահովմանն ուղղված միջոցառումները, ապահովում դրանց վերահսկողությունը բնակչության պաշտպանության բնագավառում.

զ) կազմակերպում է ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի նպատակային օգտագործումը.

է) ապահովում է իրավիճակի վերաբերյալ տեղեկությունների հավաքման, իրադրության զարգացման նկատմամբ մշտական հսկողության իրականացումը.

ը) կազմակերպում է աղետի գոտում կառավարման հատուկ մարմինների աշխատանքների կազմակերպման գործընթացը.

թ) մասնակցում է միջազգային օգնության կոորդինացման աշխատանքներին.

ժ) ապահովում է միջազգային փրկարարական և մարդասիրական կազմակերպությունների հետ համագործակցության իրականացումը.

ժա) ապահովում է փոխգործողությունների իրականացումը հասարակական և գերատեսչական մասնագիտացված փրկարարական կազմավորումների հետ բնակչության պաշտպանության հարցերով.

ժբ) արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ ծագման ժամանակ հավաքում և ամփոփում է պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կարծիքներն արտակարգ իրավիճակի և դրանց հետևանքների վերացման վերաբերյալ.

ժգ) արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է հանրապետության նյութական ռեսուրսների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ փոխգործողությունների պլաններով նախատեսված ուժերի ու միջոցների ներգրավումը:

 

III. Վարչության աշխատանքի կազմակերպումը

 

6. Վարչության համակարգն ընդգրկում է իր ենթակայության մարմինների ամբողջությունը:

7. Վարչությունը ոլորտին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով ենթակա պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ինքնուրույնությունը: Վարչությունը միջճյուղային հարցերի մշակման ու լուծման նպատակով մյուս նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն:

8. Վարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է ոլորտի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:

9. Վարչությունը`

ա) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ ու տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.

բ) մյուս նախարարությունների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում արձակում է հրամաններ.

գ) ոլորտում ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, առաջարկություններ է մշակում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

դ) իր իրավասության սահմաններում կասեցնում, ուժը կորցրած է ճանաչում համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, կազմակերպությունների ընդունած հրամանները:

10. վարչությունը ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է միանձնյա ղեկավարման և կոլեգիալության զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

11. Վարչությունը գլխավորում է վարչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Վարչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` վարչության պետի ներկայացմամբ:

Վարչության ենթակայության պետական կառավարման մարմինների ղեկավարները միաժամանակ հանդիսանում են վարչության պետի տեղակալներ:

12. Վարչության պետը`

ա) ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալ.

բ) պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

գ) սահմանում է վարչության պետի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի և վարչության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` վարչության համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, կազմակերպությունների գործունեության համար.

դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության համակարգի կառուցվածքը և աշխատողների թիվը.

ե) կատարում է վարչության պետի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

զ) հավանություն է տալիս իր ենթակա մարմինների կանոնադրությունների նախագծերին.

է) հաստատում է վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների (վարչությունների, բաժինների), տարածքային ծառայությունների վարչության համակարգի կազմակերպությունների կանոնադրությունները.

ը) առաջարկում է վարչության խորհրդի անդամների թիվը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում խորհրդի կազմը.

թ) կազմակերպում և ղեկավարում է վարչության խորհրդի նիստերը.

ժ) աշխատանքային պայմանագրեր է կնքում վարչության համակարգի մեջ մտնող կազմակերպությունների, ղեկավարների հետ.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարչության համակարգի սպայական կազմին շնորհում է զինվորական կոչումներ.

ժբ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչության ճգնաժամային կառավարման ինստիտուտի տնօրենին ու նրա ներկայացմամբ տեղակալներին:

13. Վարչության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, վարչության պետի պարտականությունները կատարում է պետի առաջին տեղակալը:

14. Վարչությունում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են վարչության պետը (նախագահ), պետի տեղակալները` ի պաշտոնե, վարչության այլ ղեկավար աշխատողներ:

15. վարչության խորհուրդն իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման հիմնական հարցերը և վարչության գործունեության այլ հարցեր, քննարկում է համակարգի, պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, կազմակերպությունների կողմից բնակչության պաշտպանության նպատակով խնդիրների կատարման միջոցառումների իրականացման գործնական ղեկավարման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների նախագծերը, լսում վարչության ստորաբաժանումների (վարչությունների և բաժինների), վարչության համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, կազմակերպությունների հաշվետվությունները:

Խորհրդի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են վարչության պետի հրամաններով: Վարչության պետի և խորհրդի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում վարչության պետն իրագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ խորհրդի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Վարչությունն իր ոլորտում կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացումը, տեղեկատվության հավաքումը, մշակումն ու տարածումը, զարգացնում և կոորդինացնում է համագործակցությունն այլ երկրների հետ:

17. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ոլորտում գիտականորեն հիմնավորված, միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարություններ մշակելու համար վարչությունում ստեղծվում է գիտատեխնիկական հանձնախումբ` բաղկացած մասնագետներից, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների (այդ թվում` օտարերկրյա) ներկայացուցիչներից:

Գիտատեխնիկական հանձնախմբի կազմը և կանոնադրությունը հաստատում է վարչության պետը:

18. Վարչությունը մասնակցում է ոլորտի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման ու որակավորման բարձրացման աշխատանքները:

19. Վարչությունը թույլտվություն է տալիս իր ենթակայության մարմինների, բաժանմունքների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների տեղաբաշխման համար:

20. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է իր համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների տիրապետմանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս իր համակարգի կազմակերպությունների գույքն օտարելու կամ վարձակալության հանձնելու համար:

21. Վարչությունն իրականացնում է համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, կազմակերպությունների գործունեության` ներառյալ նաև հիմնադիր փաստաթղթերի, նրանց կնքած պայմանագրերի օրինականության նկատմամբ վերահսկողությունը:

22. Վարչության ֆինանսավորումն իրականացվում է միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

23. Վարչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` վարչության համակարգի կազմակերպությունների վերացման համար:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.06.2001, N 439 14.07.2001, N 341
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան