Գլխավոր տեղեկություն
Համար
N 328
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.06.1999-05.08.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.06.11/15(81)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.06.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.08.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 1999 թվականի N 328
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը, համակարգի և կենտրոնական ապարատի կառուցվածքները հաստատելու մասին» N 416 որոշման 1-ին կետը` կանոնադրությունը հաստատելու մասով, և 2-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թվականի
հունիսի 1-ի N 328 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների ԵՎ էկոնոմիկայի նախարարության

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է:

2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններ:

Նախարարությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել և իրականացնել, ինչպես նաև հանդես գալ դատարանում:

3. Նախարարությունն իր իրավասությունների սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:

4. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:

5. Նախարարության ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. Նախարարության հիմնական խնդիրները

 

6. Նախարարության հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագիծը մշակելու և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

գ) իր իրավասության սահմաններում տնտեսական, դրամավարկային, հարկային, մաքսային, բյուջետային, արժեթղթերի շուկայի միասնական քաղաքականության վերլուծման, մշակման և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովումը.

դ) իր իրավասության սահմաններում կապիտալի, ֆինանսական, այդ թվում` ապահովագրական, գրավատների, վիճակախաղերի, խաղատների և շահումով խաղերի գործունեության պետական կարգավորումը, ներառյալ օրենքով կամ իրավական այլ ակտերով համապատասխան լիազորությունների տրամադրման դեպքում այդպիսի գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզավորված գործունեության վերահսկողությունը.

ե) աուդիտի, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների մեթոդաբանության մշակումը և ներդրումը.

զ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային և ոչ հարկային եկամուտների հավաքագրման նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողության իրականացումը.

է) ֆինանսական ընթացիկ վերահսկողության կազմակերպումը և իրականացումը.

ը) իր իրավասության սահմաններում միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող փոխառությունների ու նվիրատվությունների նպատակային օգտագործման աշխատանքների կազմակերպումը և ծրագրերի իրականացման ընթացիկ վերահսկողությունը.

թ) իր իրավասության սահմաններում պետության գույքային շահերի պաշտպանությունը:

 

III. Նախարարության գործառույթներն ըստ ոլորտների

 

7. Մակրոտնտեսական քաղաքականություն ոլորտում`

ա) մակրոտնտեսական հետազոտությունների իրականացումը` հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների և երկրի վճարային հաշվեկշռին առնչվող ցուցանիշների հետազոտությունը,

ֆինանսական շուկայի զարգացման միտումների վերլուծությունը, Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության ծրագրի մշակման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցության ապահովումը,

տնտեսության ճյուղերի միջև համամասնությունների հետազոտումը, տնտեսության զարգացման միջինաժամկետ և հեռանկարային մոդելների մշակումը,

Հայաստանի Հանրապետության տարածքային տնտեսական քաղաքականության մշակումը.

բ) պետական ներքին և արտաքին պարտքի կառավարումը.

գ) սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակումն ըստ տնտեսության ճյուղային և տարածքային համամասնությունների.

դ) տնտեսության պետական կարգավորման քաղաքականության մշակումը.

ե) միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը`

Միջազգային արժութային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագրերի մշակումը, այդ ծրագրերի իրականացման նկատմամբ վերահսկողության աշխատանքների համակարգումը:

8. Բյուջետային եկամուտների քաղաքականության ոլորտում`

ա) հարկային ու մաքսային ընթացիկ քաղաքականության և դրա կիրառման պրակտիկայի ուսումնասիրությունն ու վերլուծությունը.

բ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության աշխատանքների համակարգումը.

գ) միջինաժամկետ և հեռանկարային մաքսային ու ոչ հարկային եկամուտների քաղաքականության մշակումը.

դ) միջազգային հարկային ու մաքսային համագործակցության քաղաքականության ուսումնասիրությունն ու մշակումը:

9. Բյուջետային քաղաքականության ոլորտում`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծրագրավորումը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ընթացիկ ծախսային քաղաքականության, հատուկ և այլ նպատակային ծրագրերի վերլուծությունն ու մշակումը.

բ) բյուջետային գործընթացի աշխատանքների կատարման կազմակերպումը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կազմման համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումների, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվների և դրանց ներկայացման կարգերի տրամադրումն ու հավաքագրումը:

10. Բյուջեների կատարման ոլորտում`

ա) Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարումը` եկամուտների ձևավորման ու ծախսերի իրականացման գործունեության ապահովումը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական պարտքի և երաշխիքների գնահատումը, կառավարումն ու սպասարկումը.

գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկումը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի, փոխատվությունների և բյուջետային երաշխիքների տրամադրումը.

դ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքում մուտքերի նվազման դեպքում օրենքով սահմանված կարգով ծախսերի սահմանափակման (սեկվեստորի) մեխանիզմի կիրառումը.

ե) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կանխիկ հոսքերի կառավարումը` բյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացումը, Հայաստանի Հանրապետության գանձապետական ու բյուջետային համակարգում ֆինանսական հոսքերի կառավարման մեթոդոլոգիայի մշակումը և ներդրումը.

զ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ֆինանսական ծրագրավորումը և Հայաստանի Հանրապետության պետական ու համայնքների բյուջեների դրամարկղային սպասարկման ապահովումը.

է) տեղական գանձապետական բաժանմունքների աշխատանքների համակարգումը, ներքին աուդիտի իրականացումը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացիկ հսկողությունը.

ը) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի կառավարումը.

թ) Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը, բյուջետային հիմնարկների ակտիվների` ֆինանսական միջոցների, հիմնական միջոցների, նյութական արժեքների հաշվառումը, պարտավորությունների գրանցումն ու հաշվառումը, վերջիններիս վերաբերյալ մասնակի և ամփոփ հաշվետվությունների կազմումը.

ժ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմումը և օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

ժա) պետական կարիքների համար իրականացվող գնումների հաշվառումը, համախմբումը, ընթացիկ վերահսկողությունը:

11. Հաշվապահական հաշվառման և աուդիտի կարգավորման ոլորտում`

ա) հաշվապահական հաշվառման և աուդիտի միջազգային ստանդարտների հիման վրա ազգային ստանդարտների մշակումն ու ներդրումը,

բ) հաշվապահական հաշվառման հաշվային պլանի և ֆինանսական հաշվետվությունների ձևերի մշակումն ու ներդրումը.

գ) աուդիտորական գործունեության ընթացիկ կարգավորումը (աուդիտորների որակավորում, աուդիտորական գործունեության լիցենզավորում, լիցենզավորման պայմանների պահպանման վերահսկողություն).

դ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցված` բանկերի հաշվապահական վարման կարգի սահմանումը:

12. Արժութային կարգավորման ոլորտում`

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ արժութային կարգավորման քաղաքականության մշակումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արժութային վերահսկողության իրականացումը.

բ) թանկարժեք մետաղներով և քարերով գործառնությունների քաղաքականության մշակումը, հարգադրոշմային հսկողության իրականացումը:

13. Ապահովագրության, խաղատների, վիճակախաղերի, շահումով խաղերի և գրավատնային գործունեության կարգավորման ոլորտում`

ա) ապահովագրական գործունեության կարգավորման քաղաքականության մշակումը, ապահովագրական ընկերությունների լիցենզավորումը և գործունեության վերահսկողությունը.

բ) շահումով խաղերի, վիճակախաղային, խաղատնային գործունեության կարգավորումը և վերահսկողությունը.

գ) գրավատնային գործունեության ընթացիկ կարգավորումը (գրավատների գործունեության լիցենզավորում, լիցենզավորման պայմանների պահպանման վերահսկում) և վերահսկողությունը:

14. Միջազգային ֆինանսական համագործակցության ոլորտում`

ա) միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ վերջինիս երաշխավորությամբ տրամադրվող նպատակային փոխառությունների ու նվիրատվությունների պայմանների և ծրագրային նպատակների ուսումնասիրությունը, վերլուծությունն ու բանակցումը, ինչպես նաև նման ծրագրերի պետական միասնական քաղաքականության մշակումը.

բ) միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանն առաջարկվող օգնության ծրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին տեղեկատվության ու խորհրդատվության տրամադրումը.

գ) իր իրավասության սահմաններում օտարերկրյա ֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնող գրասենյակների աշխատանքների կոորդինացումը և ընթացիկ վերահսկողությունը:

15. Վճարահաշվարկային համակարգի կազմակերպման ոլորտում`

ա) գանձապետական համակարգում վճարահաշվարկային համակարգի ներդրման աշխատանքների ապահովումը.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ հանրապետության վճարահաշվարկային համակարգի ստեղծման և զարգացման ուղղությամբ համագործակցությունը:

16. Ֆինանսական վերահսկողության ոլորտում`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների հավաքագրման աշխատանքների իրականացման, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունաբերության ուղղությամբ ստուգումների ու վերստուգումների իրականացումը.

բ) նախարարության համակարգի գերատեսչությունների, դրանց ենթակա կազմակերպությունների և բյուջետային հիմնարկների, ինչպես նաև տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների և օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

գ) գործադիր իշխանության հանրապետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից առևտրային ու ոչ առևտրային կազմակերպություններին (անկախ կազմակերպական-իրավական ձևից) տրամադրված հատկացումների, վարկերի, նվիրատվությունների և փոխատվությունների արդյունավետ ու նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը, ինչպես նաև սահմանված կարգով և դեպքերում բյուջետային հիմնարկների ու իրավաբանական անձանց ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների և վերստուգումների կատարումը.

դ) բյուջետային հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի ստեղծման և օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ե) նախարարության համակարգի գերատեսչությունների, առևտրային կազմակերպությունների և բյուջետային հիմնարկների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

զ) իրավապահ մարմինների հետ համատեղ ֆինանսական իրավախախտումների կանխարգելումը, նախաքննության և դատական մարմինների որոշումներով համապատասխան ստուգումների ու վերստուգումների կատարումը:

17. Պետական սեփականության կառավարման ոլորտում`

ա) բանկերի, առևտրային այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության հաշվառումը, պետական մասնակցության արդյունքների վերլուծությունը և գնահատումը, լուծարված առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի դիմաց ստացվող մնացորդային գույքի կազմում ընդգրկված գույքային իրավունքների (դեբիտորական պարտքերի) կառավարումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությամբ Հայաստանի Հանրապետության անունից առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացումը.

գ) իր իրավասության սահմաններում պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք քարերի ու մետաղների պահուստների կառավարումը.

դ) հօգուտ պետությանը բռնագրավված, տիրազուրկ, նվիրատվությամբ և ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի տնօրինումը, ինչպես նաև հարկային և ոչ հարկային պարտավորությունների դիմաց բռնագանձված գույքի իրացման աշխատանքների ընթացիկ վերահսկողությունը:

18. Միկրոտնտեսական քաղաքականության ոլորտում`

ա) հանրապետության էներգետիկ համակարգի զարգացման տարեկան և երկարաժամկետ ծրագրերի կազմման ապահովումը.

բ) հանրապետության տարածքում էներգակիր ռեսուրսների հաշվեկշիռների և բաշխման ծրագրերի կազմումը` ըստ տնտեսության ոլորտների.

գ) էներգահամակարգի ֆինանսական առողջացման ծրագրերի մշակումը.

դ) հանրապետությունում մարքեթինգային կենտրոնի ստեղծման հայեցակարգի մշակումը.

ե) մեծածախ առևտրային կենտրոնների գործունեության հայեցակարգի և մեխանիզմների մշակումը.

զ) արդյունաբերության առանձին ոլորտների զարգացման ծրագրերի հայեցակարգի մշակումը.

է) արդյունաբերության, գյուղատնտեսության, բնապահպանության ոլորտների զարգացման միասնական քաղաքականության մշակումը և իրականացումը` ճյուղային նախարարությունների հետ համատեղ.

ը) արդյունաբերական, գյուղատնտեսական, բնապահպանական տնտեսական ծրագրերի և դրանց իրականացման մեխանիզմների մշակումը.

թ) միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող արդյունաբերության, գյուղատնտեսության, բնապահպանության ոլորտներում իրականացվող ծրագրերի, միջոցառումների համակարգում և նախարարության իրավասություններին վերաբերող աշխատանքների իրականացումը:

19. Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում`

ա) նախարարության կողմից իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կնքված քաղաքացիաիրավական գործարքներից բխող գույքային պահանջներով դատարանում որպես հայցվոր հանդես գալը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից գումարների բռնագանձման պահանջով նախարարության, այլ պետական մարմինների կամ բյուջետային հիմնարկների դեմ հայցերով դատարանում որպես պատասխանող ներգրավվելը և պետության գույքային շահերի պաշտպանությունը.

գ) իր իրավասության սահմաններում` մի կողմից Հայաստանի Հանրապետության, մյուս կողմից` քաղաքացիների կամ իրավաբանական անձանց միջև քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող փոխադարձ դրամական պարտավորությունների երկկողմանի կարգավորման նախաձեռնումը:

 

IV. Նախարարության աշխատանքների կազմակերպումը

 

20. Նախարարության համակարգը ներառում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունը, ենթակա բյուջետային հիմնարկները, ինչպես նաև այն առևտրային կազմակերպությունները, որոնց պետական բաժնեմասի տնօրինման լիազորությունները վերապահված են նախարարությանը:

21. Նախարարությունը սույն կանոնադրությամբ սահմանված գործառույթներն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների սահմաններում` չխախտելով համակարգի գերատեսչությունների, հիմնարկների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ինքնուրույնությունը:

22. Նախարարությունն ընդհանրացնում է բնագավառի օրենսդրական կիրառման պրակտիկան, մշակում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

23. Նախարարությունը մյուս նախարարությունների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման և լուծման համար:

24. Նախարարությունը սահմանված կարգով մասնակցում է իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մշակմանն ու քննարկմանը:

25. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

26. Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

27. Նախարարի բացակայության (ժամանակավոր անաշխատունակության, գործուղման, արձակուրդի, պաշտոնի թափուր լինելու) կամ պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը կամ տեղակալներից մեկը` նախարարի հանձնարարությամբ:

28. Նախարարը`

ա) ղեկավարում է նախարարության համակարգի ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է նախարարության` սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) սահմանում է իր տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահմանները, հաստատում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների և գերատեսչություն չհանդիսացող ենթակա բյուջետային հիմնարկների կանոնադրությունները, ինչպես նաև համակարգի` 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները.

գ) ներկայացնում է նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում կամ հատուկ լիազորությունների առկայության դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

ե) նախարարության, իսկ հատուկ լիազորությունների առկայության դեպքում նաև Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր.

զ) տալիս է լիազորագրեր, բյուջետային երաշխիքներ, կնքում է քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրեր, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և աշխատողներին, համակարգի` գերատեսչություն չհանդիսացող բյուջետային հիմնարկների ղեկավարներին.

է) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի և համակարգի կառուցվածքները, կոլեգիայի կազմն ու կենտրոնական ապարատի աշխատողների թիվը.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, հրահանգներ, որոնց կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների համար.

թ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության համակարգի գերատեսչությունների, հիմնարկների և կազմակերպությունների այն հրամանները, հրահանգներն ու ցուցումները, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

ժ) հաստատում է նախարարության կոլեգիայի նիստերի նախապատրաստման, հրավիրման, անցկացման ու որոշումների ընդունման կարգը.

ժա) Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերում կառավարության լիազոր ներկայացուցչի թեկնածության վերաբերյալ.

ժբ) իրականացնում է իրավաբանական անձանց մասնակցի (բաժնետիրոջ) իրավասությունները` Հայաստանի Հանրապետությանը պատկանող և նախարարության կառավարմանը վերապահված փայամասնակցության (բաժնետոմսերի) մասով, կամ նախարարության պաշտոնատար անձանց լիազորում է իրականացնելու այդ իրավասությունները.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

29. Գլխավոր գանձապետն ի պաշտոնե հանդիսանում է նախարարի տեղակալ և իրականացնում է սահմանված կարգով հաստատված գանձապետարանի կանոնադրությամբ նախատեսված լիազորություններ:

30. Նախարարությունը համակարգի կառավարման հարցերը քննարկում և լուծում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցման, ինչպես նաև որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց իրավասությունների հստակ սահմանման հիման վրա:

31. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որպես նախարարին առընթեր խորհրդակցական մարմին, որի անդամների թիվը և անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Կոլեգիայի կազմի մեջ մտնում են նախարարը (կոլեգիայի նախագահ), նախարարի տեղակալները, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետը, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության պետը` ի պաշտոնե, նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, համակարգի հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներ: Կոլեգիայի նիստերին կարող են մասնակցել քննարկվող հարցին առնչվող այլ անձինք:

32. Կոլեգիայի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, որոնցում քննարկվում են նախարարության հիմնական խնդիրներին և գործունեությանը վերաբերող հարցեր, ենթակա գերատեսչությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության հարցերը, լսվում են նախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, նախարարության համակարգի գերատեսչությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության մասին հաշվետվությունները, դրանց գործունեության վերստուգման արդյունքները և այլ հարցեր:

33. Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են նախարարի հրամաններով:

34. Նախարարի և կոլեգիայի անդամների միջև կոլեգիայի նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

35. Նախարարությունում նախարարին առընթեր ստեղծվում են հասարակական հիմունքներով գործող խորհրդատվական, գիտավերլուծական մարմին հանդիսացող գիտամեթոդական խորհուրդ, այլ խորհուրդներ: Իրավաբանական անձանց լիցենզավորման հետ կապված հարցերի քննարկման համար նախարարությունում կարող են ստեղծվել լիցենզավորման մշտական հանձնաժողովներ:

36. Նախարարությունը կազմակերպում է կենտրոնական ապարատի և համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման, նրանց վերապատրաստման աշխատանքները, անցկացնում կենտրոնական ապարատի աշխատողների ատեստավորում, համակարգում է ղեկավար կադրերի ընտրության, վերապատրաստման և տեղաբաշխման աշխատանքները:

37. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների, դիմումների ու գանգատների ժամանակին քննարկումը, միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած խախտումների ու թերությունների վերացման համար:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.07.1999, N 435 05.08.1999, N 328
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան