041.0832.27.11.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2001 թվականի N 832
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 15-ի N 368 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն 155 4 1»:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`
ա) սույն որոշման 2-րդ կետով սահմանված աշխատողների առավելագույն թվաքանակի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում ինքնուրույն սահմանել աշխատողների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը` պահպանելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշմամբ սահմանված առանձին պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի միջև հարաբերակցությունը.
բ) ապահովել հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքները և երկամսյա ժամկետում` սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 130 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 6-ի N 730, 2001 թվականի օգոստոսի 10-ի N 592 և սեպտեմբերի 27-ի N 696 որոշումների խմբագրությամբ) 1-ին կետը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է:
2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններ:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունն իր լիազորություններն իրականացնում է գործակցելով գործադիր իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական միավորումների հետ:
4. Նախարարությունն իր իրավասության սահմաններում պատասխանատվություն է կրում իր առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար:
5. Նախարարությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում:
6. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք:
7. Նախարարության կենտրոնական ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Նախարարության խնդիրներն են`
ա) հանրապետության կայուն սոցիալ-տնտեսական, ներառյալ տարածքների տնտեսական հավասարաչափ զարգացման ապահովմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակմանը մասնակցելը.
բ) տնտեսության բնականոն զարգացման համար անհրաժեշտ մակրոմիջավայրի ձևավորմանը, շուկայական ենթակառուցվածքի զարգացմանը նպաստելը.
գ) Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական քաղաքականության մշակմանը մասնակցելը և իրականացնելը.
դ) Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության պետական ռազմավարության, տնտեսական և պարենային անվտանգությանը սպառնալիքների կանխման միջոցառումների մշակմանը մասնակցելը.
ե) իր իրավասության սահմաններում մասնավորեցման քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մասնակցելը, հետմասնավորեցման արդյունքների ամրապնդմանը նպաստելը.
զ) իր իրավասության սահմաններում համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության ինտեգրման, տնտեսական և ֆինանսական միջազգային կազմակերպություններին (այդ թվում` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը) անդամակցության գործընթացների կազմակերպումը.
է) հայրենական ապրանքները և ծառայությունները արտաքին շուկա մուտք գործելու, հայրենական ապրանքների արտահանման ծավալներն ավելացնելու և Հայաստանի Հանրապետության տնտեսության` համաշխարհային տնտեսության մեջ արդյունավետ ինտեգրման համար բարենպաստ պայմանների ապահովումը.
ը) իր իրավասության սահմաններում միջազգային տնտեսական պայմանագրերի մշակմանը, հայկական կողմի պարտավորությունների իրականացման ապահովմանը, ինչպես նաև պայմանագրերի մյուս մասնակիցների պարտավորությունների կատարման դիտարկմանը մասնակցելը.
թ) ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու կատարելագործմանը նպաստելը, ներդրումների պաշտպանությանն ուղղված քաղաքականության մշակումը.
ժ) արտաքին տնտեսական գործունեության, օտարերկրյա պետությունների հետ առևտրատնտեսական կապերի և ներքին առևտրի ոլորտներում գիտական, իրավական, կազմակերպչական ու տեղեկատվական-վերլուծական աշխատանքների ապահովումը.
ժա) զբոսաշրջիկության զարգացմանն ուղղված քաղաքականության մշակումը և պետական կարգավորման իրականացումը.
ժբ) տնտեսության իրական հատվածի զարգացմանն արտադրական ենթակառուցվածքի գործունեության նպատակաուղղման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
ժգ) գործարարության զարգացմանն ուղղված քաղաքականության մշակումը և իրականացումը.
ժդ) արդյունաբերական քաղաքականության մշակումը և դրա իրականացմանն ուղղված ծրագրերի իրագործմանը նպաստելը.
ժե) Հայաստանի Հանրապետությունում կիրառական գիտության, գիտատեխնիկական արդյունքի և բարձր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելը.
ժզ) ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների մշակումը և իրականացումը, մեծածախ, մանրածախ առևտրի և սպասարկումների շուկայի զարգացմանը նպաստելը.
ժէ) սպառողների շահերի պաշտպանության համակարգի ձևավորմանն ու զարգացմանը նպաստելը:
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Նախարարության գործառույթներն են`
ա) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության մարզերի, տնտեսության ճյուղերի և ոլորտների կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման պետական կանխատեսումների ու ծրագրերի, ինչպես նաև երկրի անվտանգության և կայուն զարգացման ռազմավարության իրականացման ապահովման միջոցառումների, տնտեսության համակարգային բարեփոխումների մշակմանը մասնակցելը.
բ) իր իրավասությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքների ու իրավական այլ ակտերի նախագծերի մշակումն ու դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.
գ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես նաև պետական կառավարման տարածքային մարմինների կողմից մշակվող, իր գործունեության ոլորտներին առնչվող, իրավական ակտերի, կանոնակարգող փաստաթղթերի նախագծերի քննարկումը և համապատասխան եզրակացությունների տրամադրումը.
դ) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության շահագրգիռ մարմինների հետ համատեղ արտաքին տնտեսական գործունեության ոլորտում միասնական պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մասնակցելը.
ե) Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրության, այդ թվում` փոքր և միջին, զարգացման պետական քաղաքականության մշակումն ու իրագործումը, այն խթանող և օժանդակող համակարգի ստեղծումը, անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.
զ) ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման ու կատարելագործման, ներդրումների պաշտպանության միջոցառումների մշակումը, ներդրումային ոլորտում միջազգային տնտեսական և ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև միջազգային ներդրումային առաջարկությունների ու ծրագրերի ընդհանուր փորձաքննությունը.
է) Հայաստանի Հանրապետության ֆինանսական, բյուջետային, հարկային, դրամավարկային, տարադրամավարկային, մաքսային և սակագնային քաղաքականության մշակմանը մասնակցելը.
ը) արտադրական ոլորտի պետական հատվածի զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.
թ) մասնավորեցման գործընթացների արդյունավետության բարձրացման և հետմասնավորեցման արդյունքների ամրապնդման միջոցառումների մշակումը.
ժ) բնական մենաշնորհ հանդիսացող ոլորտների պետական քաղաքականության ձևավորմանը մասնակցելը.
ժա) բնօգտագործման քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը, ինչպես նաև բնօգտագործման արդյունավետության ապահովման միջոցառումների մշակմանը մասնակցելը.
ժբ) սահմանված կարգով իր գործունեության բնագավառի պետական նյութական պահուստների ձևավորման, օգտագործման և փոխարինման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
ժգ) արտադրական և շուկայական ենթակառուցվածքների ուսումնասիրումը, դրանց կողմից տնտեսության իրական հատվածի զարգացմանը հարուցվող խոչընդոտների բացահայտումը, դրանց վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.
ժդ) Հայաստանի Հանրապետությունից ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանման պետական աջակցության ցուցաբերման, այդ թվում` արտահանման օժանդակության ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման վերաբերյալ առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.
ժե) Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային առևտրի ներդրման ու զարգացման միջոցառումների մշակմանը մասնակցելը.
ժզ) Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրատնտեսական քաղաքականության մշակումն ու իրագործումը, իր իրավասության սահմաններում միջազգային առևտրատնտեսական կազմակերպությունների և միությունների հետ կատարվող աշխատանքների իրականացումը, այդ թվում` Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ կատարվող աշխատանքների համակարգումը և Եվրամիության հետ ընկերակցության ու համագործակցության մասին համաձայնագրի տնտեսական մասի իրագործումը.
ժէ) արտաքին առևտրի սակագնային և ոչ սակագնային կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
ժը) օտարերկրյա պետություններից որպես օգնություն ստացված ֆինանսական միջոցների (տեխնիկական աջակցության) տեղաբաշխումն ըստ հայտերի և միջազգային դոնոր կազմակերպություններին դրանք ներկայացնելու գործընթացին մասնակցելը.
ժթ) օտարերկրյա շուկաներում հայրենական տնտեսավարող սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության, ապրանքների, ծառայությունների և կապիտալ ներդրումների նկատմամբ խտրականության բացառման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը և միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնած պարտավորությունները չկատարող երկրների նկատմամբ արտաքին առևտրական գործունեության ոլորտում պատասխան միջոցների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
ի) Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ տնտեսական միջազգային բազմակողմ և երկկողմ պայմանագրերի (համաձայնագրերի) նախապատրաստումը, դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը, իր իրավասության սահմաններում այդ համաձայնագրերով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների կատարման աշխատանքների համակարգումը.
իա) Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում գործադիր իշխանության մարմինների ու այլ կազմակերպությունների ցուցահանդեսատոնավաճառային գործունեության համակարգումը, հանրապետական, միջազգային առևտրաարդյունաբերական և զբոսաշրջիկության ցուցահանդեսներին մասնակցելը, ինչպես նաև հայկական ցուցադրումների մասնակիցներին խորհրդատվական և այլ օժանդակության ցուցաբերումը.
իբ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների (ներկայացուցիչների) ստեղծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
իգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ներքին շուկայի պաշտպանության և հակագնագցման միջոցների կիրառման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
իդ) գործադիր իշխանության շահագրգիռ մարմինների հետ համատեղ արդյունաբերության, առևտրի և հասարակական սննդի, զբոսաշրջիկության ու ծառայությունների ոլորտների կազմակերպությունների զարգացմանն ուղղված միջազգային վարկային ծրագրերի մշակումը, միջազգային դոնոր կազմակերպություններ և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելն ու վարկային ծրագրեր իրականացնելը.
իե) իր իրավասության սահմաններում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ֆինանսավորվող ծրագրեր իրականացնող գրասենյակների հետ համագործակցությունը, դրանց աշխատանքի համակարգումն ու վերահսկումը.
իզ) Հայաստանի Հանրապետության արդյունաբերական համալիրի զարգացման քաղաքականության մշակումը, դրա իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
իէ) իր իրավասության սահմաններում տնտեսության ճյուղերի, ենթաճյուղերի ու առանձին արտադրությունների (տնտեսավարող սուբյեկտների) զարգացման և կառուցվածքային բարեփոխումների ծրագրերի մշակմանն ու իրականացմանը մասնակցելը.
իը) Հայաստանի Հանրապետությունում ապրանքների և ծառայությունների ներքին (մեծածախ և մանրածախ) շուկայի զարգացման ու կարգավորման միջոցառումների մշակումը և իրականացումը.
իթ) միջպետական և ներհանրապետական արտադրական կոոպերացիայի զարգացման միջոցառումների մշակումը և իրականացումը.
լ) գիտատեխնիկական և ինովացիոն քաղաքականության մշակումն ու իրականացումը, բարձր տեխնոլոգիաների մշակմանը, ձեռքբերմանը և ներդրմանն աջակցելը.
լա) բարձր տեխնոլոգիաների, կիրառական գիտության արդյունքի ստեղծմանն աջակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրության զարգացման միջոցառումների մշակումը և իրականացումը.
լբ) իր գործունեության ոլորտներին առնչվող ակադեմիական, գիտատեխնիկական, բուհական համակարգերի կազմակերպությունների հետ անհրաժեշտության դեպքում գիտատեխնիկական ծրագրերի համատեղ մշակումը, քննարկումը և փորձաքննությունների կազմակերպումը.
լգ) իր գործունեության ոլորտներում մտավոր սեփականության օբյեկտների (գյուտերի, արդյունաբերական նմուշների և այլնի) ստեղծման, օգտագործման և պաշտպանության ապահովման միջոցառումների մշակումն ու իրականացումը.
լդ) համակարգի հիմնարկներում և կազմակերպություններում մոբիլիզացիոն աշխատանքների կազմակերպումը.
լե) Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման համար անհրաժեշտ գիտատեխնիկական ռազմավարության ապահովումը.
լզ) Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական համալիրին պետական պատվերի ձևավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
լէ) արտակարգ իրավիճակներում հանրապետության կենսագործունեությանն առնչվող ռազմավարական նշանակության կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովումը.
լը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաների տրամադրումը.
լթ) Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջիկության զարգացման քաղաքականության մշակումն ու իրագործումը, այն խթանող և օժանդակող համակարգի ստեղծմանը նպաստելը, միջազգային զբոսաշրջիկության կազմակերպությունների, այդ թվում` Զբոսաշրջիկության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) հետ կապերի համակարգումն ու զարգացումը.
խ) առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի, նրանց շահերը ներկայացնող միավորումների, ընկերակցությունների ու այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը.
խա) սպառողների շահերի պաշտպանության համալիր միջոցառումների համակարգմանն ու իրականացմանը մասնակցելը.
խբ) իր իրավասության սահմաններում նախարարության համակարգի տնտեսավարող սուբյեկտների վերակազմակերպման ու մասնավորեցման ծրագրերի մշակումն ու իրականացումը.
խգ) իր իրավասության սահմաններում նախարարության համակարգի տնտեսավարող սուբյեկտների պետական բաժնեմասի կառավարումը:
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Նախարարության համակարգն ի դեմս նախարարության, պետական մասնակցության մասով ընդգրկում է այն պետական հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնց կառավարման լիազորությունները վերապահվել են նախարարությանը:
11. Նախարարությունն իր գործառույթներն իրականացնում է իր իրավասության սահմաններում` չխախտելով համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:
12. Նախարարությունը`
ա) իր կանոնադրական խնդիրներն ու գործառույթներն իրականացնելիս, անհրաժեշտության դեպքում, համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների հետ.
բ) իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային պայմանագրեր և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում վավերացման.
գ) կազմակերպում է իր համակարգի աշխատողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքները.
դ) կազմակերպում է իր համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարբերաբար ստուգում է աշխատողների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոններին.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի հիմնարկների և կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, դրա օտարումն ու վարձակալության հանձնումը.
զ) իրականացնում է համակարգի հիմնարկների և կազմակերպությունների գործունեության, ներառյալ դրանց հիմնադիր փաստաթղթերի ու կնքված պայմանագրերի օրինականության նկատմամբ վերահսկողությունը.
է) կազմակերպում է քաղաքացիների, հասարակական միավորումների, նախաձեռնող խմբերի նամակների, դիմումների ու գանգատների ժամանակին քննարկումը և դրանցում նշված փաստերի վերլուծությունը, միջոցներ ձեռնարկում համակարգի հիմնարկների և կազմակերպությունների աշխատանքում տեղ գտած թերությունների վերացման համար.
ը) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառավարում է պետական գույքը, այդ թվում`
հիմնադրում, վերակազմակերպում և լուծարում է իրավաբանական անձանց.
մասնակցում է իրավաբանական անձանց հիմնադրման, վերակազմակերպման և լուծարման գործընթացներին.
կազմակերպություններում իրականացնում է Հայաստանի Հանրապետության մասնակցությունից բխող այլ լիազորություններ:
13. Նախարարությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարը (այսուհետև` նախարար), որին նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
14. Նախարարը`
ա) ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ.
բ) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.
գ) սահմանում է նախարարի տեղակալների, վարչությունների, բաժինների պետերի, մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` նախարարության գործառույթների սահմաններում, կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.
դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների թիվը, ինչպես նաև կոլեգիայի կազմը.
ե) հաստատում է նախարարության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.
զ) իր իրավասության սահմաններում հաստատում է նախարարության ստորաբաժանումների գործունեության կանոնակարգերը.
է) ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագրեր նախարարության համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարների հետ.
թ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին.
ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է լիազորագրեր, բանկերում բացում հաշիվներ, տնօրինում նախարարության ֆինանսական միջոցներն ու գույքը.
ժա) կազմակերպում է կադրերի պատրաստման, վերապատրաստման ու որակավորման բարձրացման աշխատանքները, սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում նախարարության աշխատողներին.
ժբ) կազմակերպում է կառավարման ոլորտի բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը և որոշակի առաջադրանքների չկատարման համար պատասխանատվության ենթարկում պաշտոնատար անձանց.
ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
15. Նախարարի բացակայության ժամանակ նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը կամ նախարարի հանձնարարությամբ` նրա տեղակալներից մեկը:
16. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (կոլեգիայի նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, նախարարության կենտրոնական ապարատի ղեկավար աշխատողներ:
17. Նախարարության կոլեգիայի աշխատանքները կազմակերպվում են նախարարի կողմից հաստատված կոլեգիայի կանոնակարգին համապատասխան:
18. Նախարարության կոլեգիան`
ա) իր նիստերում քննության է առնում նախարարության ոլորտների պետական կառավարման, քաղաքականության մշակման և իրականացման կարևորագույն հարցերը.
բ) ընդունում է որոշումներ, ապահովում դրանց կենսագործումը` նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` դրանց մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են այդ տարաձայնությունների մասին հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին.
գ) կոլեգիայի նիստերին մշտական հրավիրվածի կարգավիճակով մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման պատասխանատու աշխատողը, կարող են հրավիրվել նաև Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների, պետական ու ոչ պետական կազմակերպությունների, մամուլի, զանգվածային լրատվության միջոցների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Շուկայական ենթակառուցվածքների և ներքին շուկայի կարգավորման վարչություն
Տնտեսական քաղաքականության և տեղեկատվական-վերլուծական վարչություն
Ներդրումային քաղաքականության վարչություն
Արտաքին տնտեսական քաղաքականության վարչություն
Գիտության և տեխնոլոգիական զարգացման վարչություն
Փոքր և միջին ձեռնարկատիրության վարչություն
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչություն
Ռազմաարդյունաբերական համալիրի վարչություն
Մեքենաշինական համալիրի վարչություն
Հանքարդյունաբերության վարչություն
Թեթև արդյունաբերության վարչություն
Ակնագործության և ոսկեգործության վարչություն
Առևտրի համաշխարհային կազմակերպության և Եվրամիության հետ համագործակցության վարչություն
Զբոսաշրջիկության վարչություն
Առևտրի, ծառայությունների և տարածքային տնտեսական զարգացման վարչություն
Օրենսդրության վարչություն
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Իրավաբանական վարչություն
Նախարարի աշխատակազմ
Առաջին բաժին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.12.2002, N 797-Ն | 08.01.2003, N 832 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|