Գլխավոր տեղեկություն
Համար
N 507
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.08.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.08.01/24(156) Հոդ.575
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.07.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2001 թվականի N 507
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» N 294 որոշման 2-րդ կետին համապատասխան`

Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թվականի
հուլիսի 7-ի N 507 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստեղծվել է «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» N 294 որոշմամբ:

2. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների ու անվանափոխումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումների օգտագործման կանոնակարգման հարցերով զբաղվող մարմին է:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով ու սույն կանոնադրությամբ:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների վերաբերյալ առաջարկությունների քննարկումն ու եզրակացությունների տրամադրումը.

բ) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների տառադարձությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող այլ աշխարհագրական օբյեկտների անվանումների հայերենով տառադարձության և արտասանության մեթոդաբանության հիմքերի մշակումը.

գ) աշխարհագրական օբյեկտների պատմական անունները վերականգնելու, օտարամուտ, անբարեհունչ և կրկնվող անունները վերացնելու հիմնավորումը.

դ) պաշտոնական տեղեկատուի (գազետիրի), ինչպես նաև այլ տեղեկատուների ու բառարանների հրատարակման մասին կարծիքների և եզրակացությունների տրամադրումը.

ե) աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների կանոնակարգմանն առնչվող հարցերի պարզաբանման համար Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, այլ հիմնարկների ու կազմակերպությունների մասնագետների հետ համագործակցված աշխատանքի կազմակերպումը:

5. Հանձնաժողովն իր խնդիրներին համապատասխան`

ա) մասնագիտական եզրակացություն է տալիս գրանցման ենթակա աշխարհագրական օբյեկտների անվանումների մասին.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ ուսումնասիրում է աշխարհագրական օբյեկտների անվանումների, վերանվանումների, ճշտումների վերաբերյալ առաջարկությունները.

գ) կարծիք է տալիս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից կազմված աշխարհագրական անվանումների, անվանակոչումների և անվանափոխումների վերաբերյալ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մասին.

դ) հարցերի լուծման նպատակով ներգրավում է համապատասխան կազմակերպություններ, հիմնարկներ, մասնագետների և գիտնականների:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Հանձնաժողովի նախագահը`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե է ներկայացնում հանձնաժողովի նախապատրաստած առաջարկությունները.

բ) նշանակում է հանձնաժողովի նիստի վայրը, օրը, ժամը և առաջարկում օրակարգը.

գ) կատարում է հանձնաժողովի անդամների միջև աշխատանքի բաշխում.

դ) իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

8. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) ապահովում է հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի, նիստերի օրակարգերի անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը.

բ) հանձնաժողովի անդամներին ոչ ուշ, քան հանձնաժողովի նիստից 7 օր առաջ ուղարկում է հանձնաժողովի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ նյութերը, նրանց տեղեկացնում հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին.

գ) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և հետևում հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքին:

9. Հանձնաժողովի անդամները`

ա) իրավունք ունեն հարցեր և առաջարկություններ ներկայացնելու հանձնաժողովի քննարկմանը և ծանոթանալու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.

բ) պարտավոր են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և կատարել հանձնաժողովի ու նրա նախագահի հանձնարարականները:

10. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է հանձնաժողովի նիստերի միջոցով: Նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների թվի պարզ մեծամասնությամբ:

Հանձնաժողովի որոշումներն ունեն խորհրդատվական բնույթ:

Հանձնաժողովի նախագահի հրավերով հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել այլ անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:

11. Հանձնաժողովն ունի իր անվամբ ձևաթուղթ:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

12. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է օրենքով սահմանված կարգով: