ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2001 թվականի N 330
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՆՀ-770 հրամանագրին համապատասխան`
Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի կանոնադրությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը (այսուհետև` նախարար) համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրագործումը, ինչպես նաև, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, իր կողմից համակարգվող ոլորտների համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետների և Երևանի քաղաքապետի գործունեությունը, տարածքային քաղաքականությանը վերաբերող և օպերատիվ հարցերում համագործակցում Հայաստանի Հանրապետության նախարարների հետ:
2. Նախարարը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
3. Նախարարն իր իրավասության սահմաններում պատասխանատու է իր առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար:
II. ՆԱԽԱՐԱՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Նախարարի հիմնական խնդիրներն են`
ա) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքային քաղաքականության հիմնադրույթների մշակումն ու դրանց իրագործման ապահովումը.
բ) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանմանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակման և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը դրանց սահմանված կարգով ներկայացման կազմակերպումը.
գ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի կիրառման ու այդ մարմինների իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրագործման ապահովումը.
դ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների (պատվիրակված և պարտադիր լիազորությունների շրջանակներում) գործունեության սահմանված կարգով վերահսկման համակարգումը:
5. Իր հիմնական խնդիրներն իրականացնելու համար նախարարը`
ա) ստեղծում է աշխատանքային խմբեր` տարածքային կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ օրենսդրական ակտերի նախագծերի մշակման համար.
բ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն է ստանում Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ապահովում է Հայաստանի Հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությամբ.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացման նպատակով հանձնարարականներ է տալիս Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին և վերահսկում դրանց կատարումը.
ե) իր կողմից համակարգվող ոլորտների համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին, տարածքային կառավարման մարմիններին հանձնարարականներ է տալիս օպերատիվ հարցերի լուծման համար, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
զ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության մարզերում սոցիալ-տնտեսական իրավիճակի և մարզպետների գործունեության մասին ամենամյա ու ընթացիկ հաշվետվությունների քննարկումը և դրանց սահմանված կարգով ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն.
է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակման, քննարկման և հաստատման աշխատանքների համակարգումը.
ը) համագործակցում է Հայաստանի Հանրապետության մարզային և համայնքային նշանակության նպատակային ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ.
թ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ հանձնարարականներ է փոխանցում Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին.
ժ) Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի մշակման ու դրանց վերաբերյալ համապատասխան եզրակացություններ կամ կարծիքներ ստանալու նպատակով կազմակերպում է քննարկումներ և տալիս համապատասխան հանձնարարականներ.
ժա) իր լիազորությունների շրջանակներում ընդունում է նորմատիվ-գերատեսչական ակտեր.
ժբ) հանձնարարականներ է տալիս Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին.
ժգ) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում առաջարկություն Հայաստանի Հանրապետության մարզպետների, նրանց տեղակալների, իսկ մինչև քաղաքային և թաղային համայնքների նորընտիր ղեկավարների` իրենց պարտականությունների ստանձնումը` քաղաքային և թաղային համայնքների ղեկավարների պաշտոնակատարների նշանակման վերաբերյալ.
ժդ) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը վերաբերող, Հայաստանի Հանրապետության կառավարությունում ստացված` քաղաքացիների նամակների (դիմումների ու բողոքների) քննարկումը:
6. Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` նախարարի առաջարկությամբ:
7. Նախարարի տեղակալները կատարում են նախարարի հանձնարարականները, նախարարի հանձնարարությամբ փոխարինում նրան` բացակայության ժամանակ:
8. Նախարարի ընթացիկ գործունեության սպասարկումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|