Գլխավոր տեղեկություն
Համար
N 564
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.10.1996-15.03.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.10.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.03.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 1996 թվականի N 564

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել Հայաստանի բնակավայրերի զարգացման և բնակարանային քաղաքականության կոորդինացիոն հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 Թ.
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 564 ոՐՈՇՄԱՄԲ


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի բնակավայրերի զարգացման և բնակարանային քաղաքականության կոորդինացիոն հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի բնակավայրերի կայուն զարգացման և բնակարանային քաղաքականության կոորդինացիոն հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 274 որոշմամբ:

2. Սույն կանոնադրությունը կարգավորում է հանձնաժողովի գործունեության կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում բնակավայրերի կայուն զարգացման և բնակարանային քաղաքականության ծրագրերի մշակման ու իրագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների հետ հանձնաժողովի համագործակցության հարցերը:

3. Իր գործունեության ընթացքում հանձնաժողովը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

4. Հանձնաժողովի գործունեության մասին դրա նախագահը, ըստ անհրաժեշտության, հաղորդումներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

II. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթները

 

5. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում բնակավայրերի կայուն զարգացման ու բնակարանային քաղաքականության իրականացմանը նպաստելը.

բ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից բնակավայրերի կայուն զարգացման և բնակարանային քաղաքականության ուղղությամբ ակտիվ գործունեության ծավալմանը խթանումը.

գ) հասարակության լայն շրջաններում բնակավայրերի զարգացման և բնակարանային խնդիրների կատարման ուղղությամբ նպատակային քարոզչական աշխատանքների կազմակերպումը:

6. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) բնակավայրերի կայուն զարգացման և բնակարանային քաղաքականության ոլորտում հաստատում է հանրապետական միջոցառումների համալիր ծրագիր` հիմնվելով հանրապետության նախարարությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների մշակած գերատեսչական ծրագրերի վրա.

բ) միջոցառումներ է իրականացնում բնակավայրերի կայուն զարգացման և բնակարանային քաղաքականության նշանակության մասին քարոզչության, ինչպես նաև հասարակական կարծիքի ձևավորման և պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ջանքերի համախմբման ուղղությամբ.

գ) շինարարական նորմերը, կանոնները, ստանդարտները ներդաշնակելու նպատակով ապահովում է օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետօրենսդրական, գիտատեխնիկական, ֆինանսական և այլ տեղեկատվության կանոնավոր փոխանակում.

դ) նպաստում է ռեսուրսների և էներգիայի խնայողության նոր տեխնոլոգիաների ստեղծմանն ու զարգացմանը, էներգիայի ոչ ավանդական տեսակների արդյունավետ կիրառմանը և արտադրության ու ծառայությունների համար միասնական հիմքի ստեղծմանը.

ե) նպաստում է տեխնիկական սարքավորումների և տեխնոլոգիական փոփոխությունների համար ներդրումների ստացմանն ու օտարերկրյա ներդրումների (ներառյալ պետական երաշխավորություններով) ներգրավմանը հիմնականում էկոլոգիապես վտանգավոր շրջաններում և աղետի գոտում.

զ) բնակավայրերի կայուն զարգացման և բնակարանային քաղաքականության արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, համապատասխան միջազգային պայմանագրեր ու համաձայնագրեր մշակելու և կնքելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

է) քննարկում և հաստատում է հանձնաժողովի աշխատանքային պլանները, փոփոխություններ ու լրացումներ կատարում դրանցում, լսում հանձնաժողովի անդամների հաշվետվությունը նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ:

7. Իր առջև դրված խնդիրների իրագործման նպատակով հանձնաժողովն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության նախարարություններից, վարչություններից, գերատեսչություններից, պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմիններից, ձեռնարկություններից, հիմնարկներից ու կազմակերպություններից ստանալու բնակավայրերի զարգացման և բնակարանային քաղաքականության հետ առնչվող փաստաթղթեր, տեղեկություններ ու հաղորդումներ:

8. Հանձնաժողովի, իր իրավասության շրջանակներում, ընդունած որոշումները ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, վարչությունների պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից:

9. Հանձնաժողովն իրավասու է բնակավայրերի կայուն զարգացման և բնակարանային քաղաքականության հարցերին վերաբերող համալիր ծրագրով նախատեսված միջոցառումների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինների առջև հարց բարձրացնելու մեղավոր պաշտոնատար անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

10. Հանձնաժողովը չի կարող ընդունել այնպիսի որոշումներ, որոնց ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված է այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը:

 

III. Հանձնաժողովի կազմն ու գործունեության կազմակերպումը

 

11. Հանձնաժողովի նախագահ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության վարչապետը:

12. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի ձևով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան վեց ամիսը մեկ անգամ: Արտահերթ նիստ կարող է հրավիրել հանձնաժողովի նախագահը:

13. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստերի հրավիրման, տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկվում են նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ օր առաջ` պատասխանատու քարտուղարի կողմից:

14. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել են նիստին մասնակցած անդամների կեսից ավելին:

Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

15. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

16. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.

բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.

գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, դրա գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

դ) ներկայացնում է հանձնաժողովը պետական և ոչ պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում ու միջազգային հարաբերություններում.

ե) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

17. Հանձնաժողովի անդամները`

ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, բնակավայրերի կայուն զարգացման և բնակարանային քաղաքականության իրականացման ուղղությամբ կատարվող համալիր ծրագրի, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.

բ) աջակցում են Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների կողմից բնակավայրերի կայուն զարգացման և բնակարանային քաղաքականության ուղղությամբ տարվող աշխատանքներին.

գ) քարոզչական աշխատանք են ծավալում բնակավայրերի կայուն զարգացման և բնակարանային քաղաքականության ուղղությամբ տարվող միջոցառումների կարևորության վերաբերյալ:

Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին:

18. Հանձնաժողովի աշխատանքային խումբը համարվում է հանձնաժողովի քարտուղարությունը, որը ղեկավարում է հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը:

Քարտուղարության կազմը սահմանվում է 3-5 անձ, որոնց վարձատրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը պետական բյուջեով հատկացված ընդհանուր միջոցների հաշվին` նախարարի կողմից սահմանված չափով և պայմաններով:

19. Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը`

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

բ) կազմում է միջոցառումների ծրագիր.

գ) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.

դ) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս ոլորտին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները և նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.

ե) կազմում է հանձնաժողովի որոշումները և կազմակերպում դրանց տարածումը.

զ) վերլուծում է հանձնաժողովի գործունեության ոլորտին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:

 

IV. Հանձնաժողովի գործունեության դադարումը

 

20. Հանձնաժողովի վերակազմավորումը կամ լուծարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

21. Հանձնաժողովի լուծարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութեր ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.03.2001, N 208 15.03.2001, N 564
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան