Գլխավոր տեղեկություն
Համար
N 492
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.08.1996-till now)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.08.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 1996 թվականի N 492

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 307 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում հարկային արտոնություններ տալու, տուգանքներից ու տույժերից ազատելու հայցման գործընթացը հստակեցնելու և բարելավելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում հարկային արտոնությունների տրման և տուգանքներից ու տույժերից ազատման հայցման քննարկման մասին» N 307 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետի երկրորդ պարբերությունը «հիմնավորող փաստաթղթեր» բառերից հետո լրացնել «համաձայն հավելվածի» բառերով, իսկ 1-ին կետի վերջում ավելացնել «(այսուհետև նյութեր)» բառերը.

բ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Նախարարությունները հարկ վճարողից դիմումը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ստացված տեղեկատվության և հարկ վճարողների ֆինանսատնտեսական գործունեության առանձին ցուցանիշների վերլուծության մեթոդների, ինչպես նաև վերլուծության մեջ կիրառվող ցուցանիշների համակարգի վերաբերյալ, համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից համատեղ հաստատված ցուցումների, տալիս են հարկ վճարողի ֆինանսատնտեսական գործունեությունը բնութագրող գնահատականներ, կատարված վերլուծության արդյունքների հիման վրա հայցի հիմնավորվածության վերաբերյալ կազմում իրենց եզրակացությունները և վերլուծության արդյունքների, ինչպես նաև ստացված նյութերի հետ միասին երկու օրինակից ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն, իսկ բացասական կարծիքի դեպքում նյութերը վերադարձնում հարկ վճարողին գրավոր պատասխանում նշելով բացասական կարծիքի հիմնավորումները».

գ) որոշման 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը սույն որոշման 1-ին կամ 2-րդ կետերում նշված բոլոր փաստաթղթերն ստանալուց և դրանց ուսումնասիրումից ու տեղեկատվական տվյալների արժանահավատության հավաստումից հետո կազմում է տեղեկանք հայցողի կողմից հարկային կարգապահության վերաբերյալ եզրակացությամբ, և իր կարծիքի, ինչպես նաև ստացված փաստաթղթերի հետ միասին 15-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ու Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (մեկական օրինակից)` այդ մասին իրազեկելով նախարարությանը կամ հարկ վճարողին».

դ) որոշման 6-րդ կետը «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերով.

ե) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն որոշման 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված նյութերն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում իր կարծիքը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն այդ մասին իրազեկելով նախարարությանը կամ հարկ վճարողին»:

Այդ կապակցությամբ որոշման 7-12-րդ կետերը համապատասխանաբար համարել 8-13-րդ կետեր.

զ) որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, ստանալով հայցման փաստաթղթերի փաթեթը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կարծիքը, տալիս է հայցման գնահատականը` ինչպես բյուջետային, այնպես էլ տարվող հարկային քաղաքականության սկզբունքներին համապատասխանության տեսանկյունից, և դրական կարծիքի դեպքում իր եզրակացության և ստացված փաստաթղթերի հետ միասին 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարություն է ներկայացնում որոշման նախագիծ, իսկ բացասական կարծիքի դեպքում (այդ մասին անհրաժեշտ հիմնավորումներով) նույն ժամկետում տեղեկացնում է նախարարությանը կամ հարկ վճարողին»:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով հաստատել արտոնություն հայցող հարկ վճարողի ֆինանսատնտեսական գործունեության առանձին ցուցանիշների վերլուծության մեթոդների, ինչպես նաև վերլուծության մեջ կիրառվող ցուցանիշների համակարգի վերաբերյալ ցուցումները:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 1996 թ.
օգոստոսի 29-ի N 492 որոշման

 

Ց Ա Ն Կ

ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ՈՒ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏՈՒՄ ՀԱՅՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հարկային արտոնություն հայցող հարկ վճարողը պարտավոր է դիմումին կից ներկայացնել`

ա) տեղեկատվություն արտոնության վերապահման անհրաժեշտությունը հիմնավորելու վերաբերյալ` արտադրական և ֆինանսական գործունեության բարելավման նպատակով.

բ) տեղեկատվություն հարկ վճարողի ֆինանսատնտեսական գործունեությունը բնութագրող հայցմանը նախորդող հաշվետու ժամանակաշրջանում (մեկ տարուց ոչ պակաս) հիմնական ցուցանիշների վերաբերյալ, որը, մասնավորապես, պետք է բովանդակի թողարկված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), իրացված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), ինքնարժեքի, առանձին հարկատեսակների գծով հարկման բազայի, մատակարարների և գնորդների հանդեպ առկա պարտավորությունների (այդ թվում` ժամկետանց), բյուջեի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ: Բացի դրանից, հարկ վճարողի կողմից կարող է ներկայացվել հարկ վճարողի կարծիքով այլ անհրաժեշտ տվյալներ:

2. Տուգանքներից ու տույժերից ազատում հայցող հարկ վճարողը պարտավոր է դիմումին կից ներկայացնել`

ա) տեղեկանք տուգանքների ու տույժերի առաջացման մասին, որը պետք է բովանդակի`

- տուգանքների ու տույժերի առաջացման ժամկետը (օրը, ամիսը, տարին).

- տուգանքների ու տույժերի առաջացման պատճառները.

- առաջացած հարկային պարտավորությունը ժամանակին կատարելու անհնարինության հիմնավորումը (պայմանագրային պարտավորությունների, այդ թվում` պետական պատվերի, քլիրինգային առաքումների գծով, ժամկետանց պարտավորությունների` ապրանքափոխանակության, հաշվանցումների, շրջանառու միջոցներն արտադրական կարիքներին ուղղելու և այլ պատճառներ).

- տուգանքների և տույժերի մեծությունը` առանձնացված նշելով տուգանքների և տույժերի այն գումարի մեծությունը, որն անմիջականորեն կապված է վճարումների անհնարինությունը հիմնավորող պատճառների հետ և ենթակա է ազատման.

բ) տուգանքների և տույժերի առաջացման պահից բանկում ունեցած հաշիվների (հաշվարկային, ընթացիկ, արժութային, թղթակցային, հատուկ և այլն) և դրամարկղի շարժը.

գ) տեղեկանքում նշված տվյալների և այլ անհրաժեշտ տվյալների (ցուցանիշների) հիմնավորման համար համապատասխան պայմանագրերի, հաշվապահական և այլ հիմնավորող փաստաթղթերի պատճեններ.

դ) սպասարկող հարկային մարմնի կողմից տեղեկանք հայցողի նախորդ երկու տարվա ընթացքում հարկային պարտավորության կատարման մասին:

3. Հարկային արտոնություն և տուգանքներից ու տույժերից միաժամանակ ազատում հայցող հարկ վճարողը ներկայացնում է սույն ցանկի 1-ին և 2-րդ կետերով սահմանված տեղեկանքներն ու տեղեկատվությունները:

4. Հարկային արտոնություն և (կամ) տուգանքներից ու տույժերից ազատում հայցող հարկ վճարողը դիմումին կից վերոհիշյալից բացի պարտավոր է ներկայացնել`

ա) ձեռնարկության արտադրական զարգացման և ֆինանսական առողջացման սահմանված կարգով հաստատված իր ծրագրերը.

բ) հայցադիմումին նախորդող հաշվետու ժամանակաշրջանի (մեկ տարուց ոչ պակաս) հաշվապահական հաշվեկշիռները, հաշվետվությունները.

գ) անկախ աուդիտորական ձեռնարկության (աուդիտորի) եզրակացությունը: