Գլխավոր տեղեկություն
Համար
N 21
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.01.1996-03.10.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.01.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.01.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.10.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 1996 թվականի N 21

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության գործունեության կանոնակարգման նպատակով`

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության կանոնադրությունը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության կոլեգիայի թվաքանակը` 15 անդամ:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը`

«ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն» տողում «210» թիվը փոխարինել «240» թվով:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության 1996 թվականի ծախսերի նախահաշվում կատարել սույն որոշման 3-րդ կետից բխող փոփոխությունը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի օգոստոսի 25-ի «Բնակչության կենցաղային սպասարկման մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 491, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրության ժողովրդական սպառման ապրանքների որակի ու առևտրի պետական տեսչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 627, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1986 թվականի ապրիլի 8-ի «Հայկական ՍՍՀ արտասահմանյան տուրիզմի գլխավոր վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 218 որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության կառուցվածքը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 107 որոշման 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտասահմանյան տուրիզմի գլխավոր տնտհաշվարկային վարչության մասին» N 141, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր բնակչության կենցաղային սպասարկման հանրապետական արտադրական միավորման կանոնադրությունը հաստատելու մասին» N 259, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության մասին» N 174, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության մասին» N 378 որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ վարչապետի 1996 թվականի
հունվարի 23-ի N 21 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է առևտրի, մասսայական սննդի, սպասարկումների և զբոսաշրջիկության ոլորտների (այսուհետև` ոլորտ) կառավարումը, ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Նախարարությունը պատասխանատվություն է կրում ոլորտում տիրող վիճակի և դրա հեռանկարային զարգացման, տեխնիկական ու կառուցվածքային քաղաքականության, շուկայական հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման, ոլորտում սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման, հանրապետությունում սպառողական ապրանքների առևտրի և սպասարկումների կանոնների, սպառողների շահերի պաշտպանության վերահսկողության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իր առջև դրված այլ խնդիրների ու պարտականությունների կատարման համար:

Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:

 

II. Նախարարության խնդիրներն ու գործառույթները

 

2. Նախարարության խնդիրներն ու գործառույթներն են`

ա) ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների ու անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերին համապատասխան նախարարության համակարգի ձեռնարկություններում սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացի ապահովումը.

գ) նախարարության համակարգի պետական և ոչ պետական ձեռնարկությունների պետական բաժնեմասի ու վարձակալության տրված պետական գույքի արդյունավետ օգտագործումն ու տնօրինումը, մանրածախ, մեծածախ, մանրամեծածախ առևտրի և սպասարկման տարբեր ձևերի իրականացումը.

դ) հանրապետությունում ոլորտի զարգացման հիմնադրույթների, հայեցակարգերի, ընթացիկ ու հեռանկարային ժամանակաշրջանների համար նպատակային ծրագրերի մշակումն ու դրանց իրագործմանն ուղղված միջոցառումների համակարգումը.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնտեսական գործունեության առանձին տեսակների լիցենզավորումը և ոլորտում տնտեսավարող սուբյեկտների կողմից մատուցվող ծառայությունների որակական դասակարգումը.

զ) հանրապետության համար առաջին անհրաժեշտության և կարևորագույն նշանակություն ունեցող արդյունաբերական ապրանքների, հումքատեսակների, վառելիքի, պարենի, ինչպես նաև մասսայական սննդի, մատուցվող հիմնական ծառայությունների ու զբոսաշրջիկության ոլորտներում գների, տեսականու և որակի մշտական դիտարկումը, համապատասխան վերլուծությունների, կանխատեսումների ու առաջարկությունների նախապատրաստումը.

է) Հայաստանի Հանրապետության և նրա հետ համագործակցող օտարերկրյա պետությունների շուկայի իրավիճակի ուսումնասիրությունների և դրանց հետ կապված տեղեկատվական-վերլուծական աշխատանքների կատարումը.

ը) Հայաստանի Հանրապետության տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող պարենային ու ոչ պարենային ապրանքների և վառելիքի ընթացիկ պաշարների ստեղծմամբ անհրաժեշտության դեպքում ներքին շուկայում գների կարգավորմանն ուղղված համապատասխան միջոցառումների իրականացումը.

թ) հանրապետության տարածքում կատարվող առևտրային գործառնությունների և ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերի նախագծերի մշակումը, հաշվապահական հաշվառման և վիճակագրական հաշվետվությունների ձևերի մշակման և ներդրման աշխատանքներին մասնակցությունը, ոլորտի` բազմաձև սեփականության վրա հիմնված գործունեության պետական կառավարման հիմնահարցերի կարգավորումը.

ժ) սպառողական շուկայի իրավիճակի վերլուծությունների և կանխատեսումների հիման վրա շուկայի ձևավորման, ապրանքային հագեցվածության, տեսականու և որակի վրա ներազդման, ինչպես նաև արտահանման ու ներմուծման պետական կարգավորման վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն.

ի) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական պատվերի տեղադրումը, մրցույթների, աճուրդների, տոնավաճառների կազմակերպումը: Առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության միջազգային, տարածաշրջանային բորսաներում ու տոնավաճառներում Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովող միջոցառումների իրականացումը.

լ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոլորտում մրցակցային միջավայրի ձևավորմանն ու հակամենաշնորհային քաղաքականության իրականացմանն ուղղված առաջարկությունների մշակումն ու դրանց իրագործմանը մասնակցությունը.

խ) ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ պետական հովանավորության քաղաքականության իրականացումը և համապատասխան հասարակական կազմակերպությունների հետ համագործակցումը.

ծ) առևտրատնտեսական համագործակցության և զբոսաշրջիկության զարգացման մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախապատրաստման, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության և միջազգային համաձայնագրերին, կոնվենցիաներին միանալու նպատակով իրականացվող աշխատանքներին մասնակցելը.

կ) Հայաստանի Հանրապետության հետ առևտրատնտեսական հարաբերություններ ունեցող երկրների քաղաքական, տնտեսական և ֆինանսավարկային իրավիճակներից բխող մաքսային ռեժիմների, միգրացիոն ձևակերպումների փոփոխությունների ժամանակին արձանագրումն ու բազմակողմանի ուսումնասիրությունը, հանրապետության արտաքին տնտեսական քաղաքականության բնագավառում ներգործուն միջոցների, երաշխավորությունների, առաջարկությունների մշակումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացումն ու դրանց իրագործմանը մասնակցությունը.

հ) հանրապետությունում առևտրի, մասսայական սննդի, սպասարկումների և զբոսաշրջիկության նոր ձևերի զարգացումը, ոլորտի կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների զարգացման տեխնիկական քաղաքականության մշակման, նորագույն առևտրատեխնոլոգիական սարքավորումներով դրանց հագեցման և ժամանակակից նախագծերով վերակառուցման աշխատանքներին մասնակցությունն ու դրանց համակարգումը.

ձ) նախարարության համակարգում կադրերի ուսուցման, պատրաստման և վերապատրաստման կազմակերպումը.

ղ) օտարերկրյա պետությունների հետ ոլորտին վերաբերող հարցերի գծով առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցությանն ուղղված ծրագրերի մշակումն ու դրանց իրականացման և արտասահմանյան առաջավոր փորձի տարածման ու ներդրման աշխատանքներին մասնակցությունը.

ճ) նախարարության համակարգի ձեռնարկությունների` առևտրային, գիտատեխնիկական, տնտեսագիտական և իրավական անհրաժեշտ տեղեկատվություններով ապահովումը.

մ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իր իրավասության սահմաններում քաղաքացիների բարձրորակ և բարեկիրթ սպասարկման, վերահսկողության կազմակերպումը, սպառողների շահերի պաշտպանությունը, ոլորտի գործունեության կարգավորմանն ուղղված պարտադիր կատարման ենթակա կանոնների մշակումը, դրանց հաստատումն ու կատարելագործումը, ինչպես նաև համապատասխան տնտեսավարող սուբյեկտների կողմից նշված կանոնների կատարման նկատմամբ նախարարության առևտրի և սպասարկումների կանոնների վերահսկողության ու սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության միջոցով վերահսկողության իրականացումը.

յ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրապետության տարածքում իր իրավասության սահմաններում ստուգումների կազմակերպումն ու անցկացումը.

ն) նախարարության համակարգում տրանսպորտային-առաքչական ծառայությունների իրականացումը:

 

III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը

 

3. Նախարարության համակարգն ընդգրկում է նրա ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ամբողջությունը:

4. Նախարարությունը ոլորտին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում, չխախտելով մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը: Նախարարությունը մյուս նախարարությունների և պետական կառավարման հանրապետական մյուս մարմինների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման, կարգավորման ու լուծման համար:

5. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է ոլորտի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթներ:

Նախարարությունն ապահովում է համակարգի ձեռնարկություններում և կազմակերպություններում պետական սեփականության պահպանությունը:

6. Նախարարությունը`

ա) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է իր համակարգի ձեռնարկությունների ու կազմակերպությունների համար, և ստուգում է դրանց կատարումը.

բ) ընդհանրացնում է ոլորտում օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի նախագծեր.

գ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, այլ պետություններից ստանում է արտադրանքի արտահանման քվոտաներ և իրականացնում դրանց մրցութային եղանակով բաշխումը (տեղադրումը).

դ) իր իրավասության սահմաններում կնքում է միջգերատեսչական պայմանագրեր և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում վավերացման.

ե) Հայաստանի Հանրապետության այլ նախարարություններից ու գերատեսչություններից ստանում է Հայաստանի Հանրապետության ապրանքների ներմուծման և արտահանման, արտադրության ծավալների, ապրանքների գնագոյացման, առաքման, սպասարկումների և զբոսաշրջիկության վերաբերյալ սահմանված վիճակագրական հաշվետվությունների մասին տեղեկատվություններ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առևտրային գաղտնիք չեն հանդիսանում.

զ) իր իրավասության սահմաններում կասեցնում, վերացնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից ընդունված հրամաններն ու հրահանգները.

է) ստուգում է համակարգի ձեռնարկություններում և կազմակերպություններում նյութական արժեքների պահեստավորման ու պահպանման վիճակը.

ը) տարերային աղետների, վթարների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում պահանջվող ռեսուրսների մոբիլիզացման և աղետի հետևանքների վերացման համար.

թ) կազմակերպում է նախարարության համակարգի աշխատողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքները.

ժ) անհրաժեշտության դեպքում մյուս նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ, իր իրավասության սահմաններում, արձակում է համատեղ հրամաններ և հրահանգներ, ինչպես նաև համագործակցում է պետական կառավարման տարածքային մարմինների հետ:

7. Նախարարությունը ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա, աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

8. Նախարարությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարը (այսուհետև` նախարար), որին Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

9. Նախարարը`

ա) ղեկավարում է նախարարության համակարգի ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեությունը.

բ) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

գ) սահմանում է նախարարի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի և նախարարության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության համար.

դ) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության, ինչպես նաև առևտրի և սպասարկումների կանոնների վերահսկողության ու սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կանոնադրությունները, նախարարության կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.

զ) հաստատում է նախարարության վարչությունների, բաժինների, նախարարության համակարգի ձեռնարկությունների ու կազմակերպությունների կանոնադրությունները.

է) առաջարկում է նախարարության կոլեգիայի թվաքանակը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը.

ը) կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

թ) կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության համակարգի ձեռնարկությունների (բացառությամբ հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների) ու կազմակերպությունների ղեկավարների հետ.

ժ) իր իրավասության սահմաններում աշխատանքի է նշանակում ու աշխատանքից ազատում նախարարության ապարատի աշխատողներին և ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներին (բացառությամբ հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների).

ի) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանում է նախարարության համակարգի ձեռնարկությունների շահույթի (եկամտի) օգտագործման կարգը.

լ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է լիազորագրեր, բանկերում բացում հաշիվներ, տնօրինում նախարարության ֆինանսական միջոցներն ու գույքը.

խ) կազմակերպում է կադրերի պատրաստման ու որակավորման բարձրացման գործը, սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում նախարարության աշխատողներին.

ծ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

10. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը:

11. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, նախարարության կենտրոնական ապարատի և համակարգի ձեռնարկությունների ղեկավար այլ աշխատողներ:

12. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար, բայց ոչ պակաս քան ամիսը մեկ անգամ, անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման հիմնական հարցերը և նախարարության գործունեության այլ հարցեր, քննարկում է համակարգի ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, դրանց գործունեության ստուգման, ղեկավար կադրերի ընտրության, օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների նախագծերը, լսում է նախարարության վարչությունների և բաժինների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը, այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

13. Նախարարության կենտրոնական ապարատում գործում է առևտրի և սպասարկումների կանոնների վերահսկողության ու սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը, որն ունի իր անվամբ կնիք և դրոշմակնիք:

14. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ոլորտում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարություններ մշակելու համար նախարարությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` կազմված մասնագետներից, օտարերկրյա փորձագետներից, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից: Գիտատեխնիկական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է նախարարը:

15. Նախարարությունը մասնակցում է ոլորտի աշխատողների մասնագիտական պիտանիության ու որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, համակարգում է ենթակա ձեռնարկությունների ղեկավար կադրերի ընտրության, տեղաբաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները:

16. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկություններն ու կազմակերպությունները:

17. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին դուստր ձեռնարկություններ հիմնադրելու և ձեռնարկությունների տնտեսական միավորներին անդամակցելու համար:

18. Նախարարությունը համաձայնություն է տալիս համակարգի ձեռնարկությունների ու կազմակերպությունների, բաժանմունքների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների տեղաբաշխման համար:

19. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին, կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար:

20. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի ձեռնարկությունների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օտարման կամ վարձակալության տրման հարցերը:

21. Նախարարությունն իրականացնում է համակարգի ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողությունը, ներառյալ նաև հիմնադիր փաստաթղթերի և իր կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:

22. Նախարարության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

23. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով դրանցում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ վարչապետի 1996 թվականի
հունվարի 23-ի N 21 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

Ներմուծեք նկարագրությունը_13520
Ներմուծեք նկարագրությունը_13521

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.09.1997, N 415 03.10.1997, N 21
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան