Գլխավոր տեղեկություն
Համար
N 34
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.01.1996-18.06.1996)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.01.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 1996 թվականի N 34

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության կանոնադրությունը և կառուցվածքը (կցվում են):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 597 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ վԱՐՉԱՊԵՏԻ 1996 թ.
հունվարի 31-ի N 34 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչությունը (այսուհետև` վարչություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի և վարչության համակարգի կառավարումը, ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Վարչությունը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի մշակման և իրագործման, վարչության համակարգի վիճակի և դրա հեռանկարային զարգացման, տարվող գիտատեխնիկական և կառուցվածքային քաղաքականության, տնտեսական բարեփոխումների համար:

Վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. Վարչության խնդիրներն ու գործառույթները

 

2. Վարչության խնդիրներն են`

ա) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

բ) հատուկ ծրագրերի մշակումը և սահմանված կարգով հաստատումից հետո` դրանց իրագործումը.

գ) հատուկ ծրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի նախագծերի մշակումը.

դ) հատուկ ծրագրերի իրագործման միջոցառումների կատարման վերահսկողության իրականացումը.

ե) հատուկ ծրագրերի իրականացման բնագավառում միջազգային համագործակցության ապահովումը.

զ) վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կառավարումը:

3. Իր հիմնական խնդիրներին համապատասխան վարչությունը`

ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների հետ համատեղ մշակում ու սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ այն տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ, որտեղ նախատեսվում է հատուկ ծրագրերի իրագործում.

բ) որոշում է հատուկ ծրագրերի իրագործման գերադասելի ուղղությունները, կազմակերպում է ըստ այդ ուղղությունների հանրապետական և տարածաշրջանային նպատակային ծրագրերի մշակումն ու սահմանված կարգով հաստատումից հետո դրանց իրագործման միջոցառումների համակարգումը (կոորդինացումը).

գ) մասնակցում է հատուկ ծրագրերի իրագործման համար նախատեսվող պահուստների ստեղծմանը և օգտագործման որոշմանը.

դ) այն տարածաշրջանների համար, որտեղ նախատեսվում է հատուկ ծրագրերի իրագործում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների հետ համատեղ մշակում և իրականացնում է ծրագրեր հետևյալ ուղղություններով`

տնտեսության և դրա առանձին ճյուղերի` արդյունաբերության, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, գյուղատնտեսության, շինարարության զարգացման,

կրթության, մշակույթի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, առևտրի, բնակչության սպասարկման և կոմունալ տնտեսության զարգացման, բնակչության տարաբնակեցման, զբաղվածության ապահովման և աշխատանքային ռեսուրսների օգտագործման.

տնտեսական բարեփոխումների իրականացման, Հայաստանի Հանրապետության առանձին տարածաշրջաններում անվտանգության ապահովման.

համատեղ ձեռնարկությունների ստեղծման.

ե) ապահովում է արտադրական և սոցիալական համալիրների համաչափ զարգացումն այն տարածաշրջաններում, որտեղ նախատեսվում է հատուկ ծրագրերի իրագործում.

զ) նպաստում է Հայաստանի Հանրապետության տարածաշրջաններում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված հատուկ ծրագրերի իրագործման ընթացքում ծագող տարբեր բնույթի հարցերի լուծմանը.

է) աշխատանք է տանում հատուկ ծրագրերի իրագործմանն աջակցող ու նպաստող կազմակերպությունների գործունեության համակարգման ուղղությամբ.

ը) նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ կառավարման արդյունավետ սխեմաների կազմման ու ներդրման վերաբերյալ.

թ) իր գործունեության իրականացման համար ապահովում է համակարգիչների, կապի և տեղեկատվության հաղորդման ժամանակակից միջոցների լայն կիրառումը, համակարգին առնչվող հարցերով մշտական կապ է հաստատում հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ.

ժ) հատուկ ծրագրերի մշակման և իրականացման գործում ներգրավում է պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների, ձեռնարկությունների և հիմնարկների համապատասխան մասնագետներին:

Հայաստանի Հանրապետության կառավարություն պարբերաբար տեղեկություն է ներկայացնում իր գործունեության և հատուկ ծրագրերի իրագործման ընթացքի մասին.

ի) իրականացնում է հատուկ ծրագրերի ֆինանսական և նյութատեխնիկական ապահովումը.

լ) իրականացնում է հատուկ ծրագրերի իրագործման համար հատկացվող միջոցների նպատակային օգտագործման վերահսկողություն, ապահովում է դրանց արդյունավետ օգտագործումը.

խ) Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է վարչությանը ենթակա ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոշում է վարչության համակարգի հեռանկարային զարգացման, իր կողմից տարվող գիտատեխնիկական և կառուցվածքային քաղաքականության հիմնական ուղղությունները, նպաստում է շուկայական հարաբերությունների արմատավորմանը, ապահովում է սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեությունը և պետական սեփականության պահպանությունը:

 

III. Վարչության աշխատանքի կազմակերպումը

 

4. Վարչության համակարգն ընդգրկում է իր ենթակայության պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ամբողջությունը:

5. Վարչությունը ոլորտին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավասության սահմաններում, չխախտելով Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված` ենթակա պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ինքնուրույնությունը:

Վարչությունը միջճյուղային հարցերի մշակման ու լուծման նպատակով գործարար կապեր ու համագործակցություն է իրականացնում պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների հետ:

Վարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցնելով, իրականացնում է պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները: Վարչությունը պետական համակարգի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:

6. Վարչությունը`

ա) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում, հրատարակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար.

բ) պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում հրատարակում է հրամաններ և հրահանգներ.

գ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

դ) սահմանված կարգով մասնակցում է վարչության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը:

7. Վարչությունը ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա, աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

8. Վարչությունը գլխավորում է պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Վարչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով վարչության պետի հետ:

9. Վարչության պետը`

ա) պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

բ) սահմանում է պետի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի և վարչության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը.

գ) կատարում է պետի տեղակալների միջև պարտականությունների բաշխումը.

դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.

ե) առաջարկում է վարչության խորհրդի անդամների թվաքանակը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում խորհրդի անհատական կազմը.

զ) կազմակերպում և ղեկավարում է վարչության խորհրդի նիստերը.

է) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում վարչության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.

ը) հատուկ ծրագրերի մշակման և իրագործման հետ կապված միջճյուղային հարցերի լուծման նպատակով անցկացվող խորհրդակցություններին հրավիրում է պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների ներկայացուցիչներին:

10. Վարչության պետի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, պետի պարտականությունները կատարում է պետի տեղակալներից մեկը:

11. Վարչությունում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են պետը, պետի տեղակալները` ի պաշտոնե, վարչության այլ ղեկավար աշխատողներ:

12. Վարչության խորհուրդն իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում հատուկ ծրագրերի նախագծերը, հատուկ ծրագրերի իրականացման ընթացքը, վարչության համակարգի զարգացման հիմնական հարցերը, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, նրանց կողմից ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, վարչության կառուցվածքային ստորաբաժանումների և համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության ծրագիրը և հաշվետվությունները:

Խորհրդի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, վարչության պետի հրամաններով: Պետի և խորհրդի անդամների միջև տարաձայնությունների դեպքում պետը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ վարչապետին, իսկ խորհրդի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ վարչապետին:

13. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների սահմանման վերաբերյալ առաջարկությունների քննարկման, ոլորտում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականության իրականացման, տնտեսավարման շուկայական ձևերի արմատավորման վերաբերյալ հանձնարարականների մշակման նպատակով վարչությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` մասնագետների, այդ թվում օտարերկրյա, գիտական փորձագետների, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների կազմով:

Վարչության գիտատեխնիկական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է վարչության պետը:

14. Վարչությունը մասնակցում է ոլորտի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորմանը ներկայացվող պահանջների սահմանմանը, համակարգում է ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավար կադրերի ընտրության, տեղաբաշխման և որակավորման բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

15. Վարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնում է առաջարկություններ`

ա) իր համակարգի ձեռնարկություններին դուստր ձեռնարկություններ հիմնադրելու և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու թույլտվություն ստանալու վերաբերյալ.

բ) իր համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու թույլտվություն տալու վերաբերյալ:

16. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը:

17. Վարչությունն իրականացնում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկողությունը:

18. Վարչության գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի հաշվին:

19. Վարչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` գերատեսչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ վԱՐՉԱՊԵՏԻ 1996 թ.
հունվարի 31-ի N 34 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

Համակարգչային վարչություն

Հատուկ ծրագրերի իրագործման թիվ 1 բաժին

Հատուկ ծրագրերի իրագործման թիվ 2 բաժին

Հատուկ ծրագրերի իրագործման թիվ 3 բաժին

Գործերի կառավարչություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.06.1996, N 362 18.06.1996, N 34
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան