Գլխավոր տեղեկություն
Համար
N 26
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.01.1996-15.12.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.01.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.01.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.12.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 1996 թվականի N 26

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի օգոստոսի 31-ի «Երևանի պետական համալսարանի մասին» հրամանագրի`

Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի պետական համալսարանի օրինադրությունը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ վարչապետի 1996 թվականի
հունվարի 25-ի N 26 որոշմամբ

 

Օ Ր Ի Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի պետական համալսարանը (այսուհետև` համալսարան) ինքնավար պետական բարձրագույն ուսումնական, գիտական և մշակութային հաստատություն է, որն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի 1919 թվականի մայիսի 16-ի որոշմամբ (արձանագրություն թիվ 84):

2. Համալսարանի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և սույն օրինադրությանը համապատասխան:

3. Համալսարանն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք, ինչպես նաև իր դրոշը և խորհրդանշանը:

4. Համալսարանի լրիվ անվանումն է`

հայերեն` Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)

ռուսերեն`

անգլերեն` Yerevan State University (YSU)

5. Համալսարանի գտնվելու վայրն է` Երևան, 375049, Ալեք Մանուկյան 1:

 

II. Համալսարանի խնդիրներն ու իրավունքները

 

6. Համալսարանի հիմնական խնդիրներն են`

ա) բարձր որակավորում ունեցող մասնագետների, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը.

բ) բնական և հումանիտար գիտությունների բնագավառում գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտությունների իրականացումը, հայագիտության բազմակողմանի զարգացումը.

գ) կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների և մասնագիտացումների համակարգերի մշակումն ու արմատավորումը.

դ) գիտական մշակումների տարածումն ու լուսավորչական աշխատանքի իրականացումը:

7. Իր առջև դրված խնդիրներին համապատասխան համալսարանը`

ա) որոշում է համալսարանի կառուցվածքը, կառավարման սկզբունքները, կազմում ուսումնական պլաններ և ծրագրեր.

բ) ստեղծում է համալսարանի հոգաբարձուների խորհուրդ.

գ) համալսարանի կազմում կամ նրան կից սահմանված կարգով ստեղծում է մասնաճյուղեր, գիտահետազոտական ինստիտուտներ, կենտրոններ, քոլեջներ, մասնագիտական թեքում ունեցող ավագ դպրոցներ.

դ) շնորհում է համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, տալիս համալսարանի մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, գիտական ուսումնասիրության բնագավառում ձեռք բերված նվաճումների համար պարգևատրում համալսարանի մեդալով.

ե) ծավալում է համագործակցություն միջազգային ասպարեզում.

զ) իրականացնում է հրատարակչական գործունեություն.

է) կնքում է պայմանագրեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական ու ոչ պետական ուսումնական հաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետ:

Համալսարանում չի թույլատրվում հասարակական-քաղաքական և կրոնական կազմակերպությունների, դրանց կազմակերպական կառույցների ստեղծումն ու գործունեությունը:

 

III. Համալսարանի կառավարումը

 

8. Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և սույն օրինադրությանը համապատասխան:

9. Համալսարանի կառավարման մարմիններն են`

համալսարանի խորհուրդը

համալսարանի գիտական խորհուրդը

համալսարանի ռեկտորատը

համալսարանի ռեկտորը:

10. Համալսարանի խորհուրդը նրա կառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմինն է, որը համալսարանի գործունեությունը նպատակաուղղում է գլխավոր խնդիրների կատարմանը:

Խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

11. Համալսարանի խորհուրդը`

ա) հաստատում է իր կանոնակարգը.

բ) քննարկում և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում համալսարանի օրինադրության կամ դրա մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը.

գ) ռեկտորի ներկայացմամբ հաստատում է համալսարանի զարգացման գլխավոր ուղղությունները, ինչպես նաև միջազգային համագործակցության ուղղությունները.

դ) քննարկում ու սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաստատմանն է ներկայացնում համալսարանի տարեկան ծախսերի նախահաշիվը, որոշում է համալսարանի արտաբյուջետային միջոցների օգտագործման կարգը.

ե) սահմանված կարգով քննարկում է համալսարանի տարեկան գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը.

զ) ռեկտորի ներկայացմամբ հաստատում է համալսարանի պրոռեկտորների թվաքանակը.

է) քննարկում է հանրապետության հասարակական, քաղաքական, կրթական, գիտական ու մշակութային կյանքին և կարևորագույն իրադարձություններին վերաբերող խնդիրները.

ը) լուծում է սույն օրինադրությունից բխող` համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:

Համալսարանի խորհրդի անդամների ընդհանուր թվաքանակը չի կարող գերազանցել 250-ը: Համալսարանի խորհրդի կազմի մեջ մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, գիտական քարտուղարը, մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների, քոլեջների, ավագ դպրոցների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, համահամալսարանական ամբիոնների վարիչները, գրադարանի տնօրենը, «Երևանի համալսարան» բազմատպաքանակ թերթի խմբագիրը, գլխավոր հաշվապահը, արհմիութենական կազմակերպության, ուսանողական խորհրդի և շրջանավարտների միության նախագահները, ինչպես նաև ռեկտորի առաջարկությամբ համալսարանի կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարները` ի պաշտոնե: Համալսարանի խորհրդի մյուս անդամներն ընտրվում են ռեկտորատի հաստատած կանոնակարգով: Ընտրվող անդամների թվի ոչ պակաս, քան 70 տոկոսը պետք է կազմեն դասախոսները և գիտաշխատողները, 15 տոկոսը` սովորողները, մնացած 15 տոկոսը` վարչատնտեսական աշխատողները:

Համալսարանի խորհրդի նախագահը համալսարանի ռեկտորն է, քարտուղարը` համալսարանի գիտական քարտուղարը: Համալսարանի խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ հաստատում է խորհրդի նախագահի առաջադրած իր տեղակալներին: Համալսարանի խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների 2/3-ը:

Համալսարանի խորհրդի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդն այդ մասին այլ որոշում չի կայացնում: Որոշումները համարվում են ընդունված, եթե քվեարկությանը մասնակցել է խորհրդի անդամների թվի ոչ պակաս, քան 2/3-ը:

Համալսարանի խորհրդի որոշումները կենսագործվում են համալսարանի ռեկտորի հրամաններով: Որոշման հետ անհամաձայնության դեպքում ռեկտորը մեկ շաբաթվա ընթացքում խորհրդին է ներկայացնում քննարկված հարցի վերաբերյալ իր առաջարկությունները, որը վերաքվեարկվում է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում: Համալսարանի խորհրդի անդամների 2/3-ի կողմից նախորդ որոշումը հաստատվելու դեպքում ռեկտորը հրամանով այն ձևակերպում է ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում:

Համալսարանի խորհրդի նիստերը գումարվում են կիսամյակը մեկ անգամ: Արտահերթ նիստերը հրավիրվում են ռեկտորի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

12. Համալսարանի գիտական խորհուրդը համալսարանի ռեկտորի նախագահությամբ գործող մարմին է, որը լուծում է համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման հիմնահարցերը: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

13. Համալսարանի գիտական խորհուրդը`

ա) հաստատում է իր կանոնակարգը.

բ) մշակում է դիմորդների ընդունելության և շրջանավարտների որակավորման պայմանները.

գ) սահմանված կարգով համալսարանում տեղադրված ընդունելության պետական պատվերից դուրս, ռեկտորի ներկայացմամբ հաստատում է վճարովի հիմունքներով ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերի քանակը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած կարգին համապատասխան.

դ) սահմանված կարգով, ռեկտորի ներկայացմամբ որոշվում է ստեղծել, վերակառուցել, լուծարել մասնաճյուղեր, գիտահետազոտական ինստիտուտներ, կենտրոններ, քոլեջներ, ավագ դպրոցներ, ինչպես նաև ֆակուլտետներ, ամբիոններ, կառուցվածքային այլ ստորաբաժանումներ.

ե) ռեկտորի ներկայացմամբ հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, կանոնակարգերը, ներհամալսարանական կարգապահական կանոնները, աշխատողների կողմից պաշտոնների զբաղեցման կարգը և ներհամալսարանական նորմատիվ այլ ակտեր.

զ) քննարկում է մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկերը.

է) հաստատում է ըստ մասնագիտությունների ուսումնական պլանները.

ը) քննարկում է համալսարանի գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ համալսարանում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.

թ) որոշում է շնորհել համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, տալ համալսարանի մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրում է համալսարանի մեդալով, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար ներկայացնում թեկնածություններ.

ժ) իրականացնում է սույն օրինադրությունից բխող` համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ:

Համալսարանի գիտական խորհրդի անդամների ընդհանուր թվաքանակը չի կարող գերազանցել 80-ը:

Համալսարանի գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, համալսարանի գիտական քարտուղարը, մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, համահամալսարանական ամբիոնների վարիչները, գրադարանի տնօրենը, «Երևանի համալսարան» բազմատպաքանակ թերթի խմբագիրը, ուսանողական գիտական ընկերության նախագահը` ի պաշտոնե, ինչպես նաև ռեկտորի ընտրությամբ կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարներ, համալսարանի առանձին դասախոսներ և գիտաշխատողներ, հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետներ (ընդհանուր թվաքանակի մինչև 15 տոկոսի չափով): Ի պաշտոնե և ռեկտորի կողմից ընտրվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի թվակազմի 50 տոկոսը: Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են համալսարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` համաձայն գիտական խորհրդի կանոնակարգի:

Համալսարանի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում ռեկտորի հրամաններով:

Համալսարանի գիտական խորհրդին կից, խորհրդի որոշմամբ, շրջափոխման սկզբունքով, 3-5 տարի ժամկետով ստեղծվում են համալսարանական հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է ռեկտորը: Հանձնաժողովի կառուցվածքը և աշխատակարգը սահմանվում է համալսարանի գիտական խորհրդի կանոնակարգով:

14. Համալսարանի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է: Համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատն իր կանոնակարգով իրեն ընձեռած լիազորությունների շրջանակներում քննարկում և լուծում է համալսարանի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը, մասնավորապես, վերահսկում է համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարման ընթացքը:

Համալսարանի ռեկտորատի կազմի մեջ մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, համալսարանի գիտական քարտուղարը, մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները: Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով:

15. Համալսարանի անմիջական ղեկավարումն իրականացնում է ռեկտորը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը:

16. Համալսարանի ռեկտորը`

ա) կազմակերպում է համալսարանի կառավարման մարմինների և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.

բ) արձակում է հրամաններ, որոնց կատարումը պարտադիր է համալսարանի սովորողների և աշխատողների համար.

գ) ներկայացնում է համալսարանը պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և միջազգային ասպարեզում, ստորագրում համապատասխան փաստաթղթեր.

դ) ապահովում է ըստ մասնագիտությունների մասնագետների պատրաստման և գիտահետազոտական աշխատանքների պետական պատվերների կատարումը.

ե) հրավիրում է համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի, ռեկտորատի նիստեր և ապահովում դրանց սերտ համագործակցությունը.

զ) կասեցնում է համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի, ռեկտորատի, մասնաճյուղերի, կենտրոնների, գիտահետազոտական ինստիտուտների, քոլեջների, ավագ դպրոցների, ֆակուլտետների խորհուրդների և առանձին պաշտոնատար անձանց որոշումները, որոնք չեն բխում նրանց իրավասություններից, հակասում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանն ու սույն օրինադրությանը, և նշանակում վերաքննարկում.

է) պայմանագրային կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից և մյուս աշխատակիցներին, կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում աշխատակիցների ու սովորողների նկատմամբ.

ը) հրամաններ է արձակում ուսանողների ընդունելության, ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու և որակավորման աստիճան շնորհելու մասին.

թ) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում համալսարանի պրոռեկտորներին.

ժ) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա.

ի) իրականացնում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն օրինադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

IV. Համալսարանի կառուցվածքը

 

17. Համալսարանը Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում է մասնաճյուղեր:

Համալսարանի մասնաճյուղի կառուցվածքը, կառավարումը, համալսարանի հետ փոխհարաբերությունները կարգավորվում են սույն օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ:

18. Համալսարանի գիտահետազոտական ինստիտուտը կադրեր է պատրաստում և հետազոտություններ կատարում հարակից գիտական ուղղությունների գծով: Համալսարանի գիտահետազոտական ինստիտուտն իր կազմում կարող է ունենալ մասնագիտացված լաբորատորիաներ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ:

Գիտահետազոտական ինստիտուտի տնօրենին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում համալսարանի ռեկտորը:

19. Համալսարանի գիտահետազոտական ինստիտուտը տնօրինում է համալսարանի կողմից իրեն հատկացված գույքը, դրամական ու նյութական միջոցները: Համալսարանի գիտահետազոտական ինստիտուտի կառուցվածքը, կառավարումը, համալսարանի հետ փոխհարաբերությունները կարգավորվում են սույն օրինադրությամբ և իր կանոնադրությամբ:

20. Համալսարանի ուսումնագիտական ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումը ֆակուլտետն է, որը ձևավորվում է կամ ըստ ընդհանուր մասնագիտական կողմնորոշման, կամ ըստ գործունեության բնույթի:

Ֆակուլտետի կազմում գործում են ամբիոններ և այլ ուսումնագիտական ստորաբաժանումներ:

21. Ֆակուլտետը ղեկավարում է դեկանը, որին պաշտոնի է նշանակում, մինչև 5 տարի ժամկետով, և պաշտոնից ազատում համալսարանի ռեկտորը`

ֆակուլտետի խորհրդի ներկայացրած թեկնածուներից: Ֆակուլտետի դեկանը`

ա) ներկայացնում է ֆակուլտետը համալսարանում և այլ ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում.

բ) սահմանված կարգով համալսարանի ռեկտորին առաջարկություններ է ներկայացնում դեկանի տեղակալին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:

22. Ֆակուլտետի խորհուրդը ֆակուլտետի դեկանի կողմից ղեկավարվող մարմին է, որի որոշումները պարտադիր են ֆակուլտետի ուսանողների և աշխատողների համար:

Ֆակուլտետի խորհուրդը կազմվում է 5 տարի ժամկետով, համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատված կանոնադրության համաձայն:

23. Ֆակուլտետի խորհուրդը`

ա) ֆակուլտետի դեկանի թեկնածության կամ նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում համալսարանի ռեկտորին.

բ) համալսարանի ռեկտորին է ներկայացնում դեկանի, ամբիոնի վարիչի, պրոֆեսորի, դոցենտի, ավագ դասախոսի, ասիստենտի պաշտոնների համար թեկնածություններ.

գ) ֆակուլտետի կառուցվածքում նոր ամբիոնների, լաբորատորիաների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման, վերակառուցման և լուծարման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում համալսարանի ռեկտորին.

դ) համալսարանի գիտական խորհրդում հաստատման համար համալսարանի ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլաններն ու ծրագրերը, քննարկում դասախոսական և այլ նոր պաշտոնների սահմանման վերաբերյալ հարցեր.

ե) լուծում է սույն օրինադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր.

24. Համալսարանի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման գլխավոր ստորաբաժանումն ամբիոնն է, որը միավորում է մասնագիտական ընդհանրություն ունեցող դասախոսներին ու հետազոտողներին: Ամբիոնը կարող է լինել նաև համահամալսարանական և անմիջականորեն ենթարկվել համապատասխան պրոռեկտորին:

25. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված մրցութային կարգով պաշտոնի է նշանակում, մինչև 5 տարի ժամկետով, և պաշտոնից ազատում համալսարանի ռեկտորը:

26. Համալսարանի կառուցվածքում գործում են քոլեջներ, որտեղ պատրաստվում են կրտսեր մասնագետներ:

Քոլեջի կառուցվածքը, կառավարումը, համալսարանի հետ փոխհարաբերությունները սահմանվում են սույն օրինադրությամբ և իր կանոնադրությամբ:

 

V. Համալսարանի ուսումնական և գիտական գործընթացի կազմակերպումը

 

27. Ուսանողների ընդունելությունը համալսարան կատարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

28. Համալսարանում ուսուցումն իրականացվում է ցերեկային և դրսեկության (էքստեռն) ձևերով:

29. Համալսարանում ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:

30. Համալսարանում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար) և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա:

31. Համալսարանում կիրառվում է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ: Համալսարանի ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ):

Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Համալսարանի կազմում կամ դրան կից գործող քոլեջների շրջանավարտներին տրվում են կրտսեր մասնագետի որակավորում և համապատասխան ավարտական վկայական (դիպլոմ):

32. Համալսարանի գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից`

ա) պետական բյուջեից.

բ) հանրապետության ու օտարերկրյա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նվիրատվություններից.

գ) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.

դ) նախաձեռնողական հետազոտությունների համար ստեղծվող համալսարանի հատուկ ֆոնդից.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

33. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել համալսարանի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցողները և ուսանողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:

34. Համալսարանը կազմակերպում է գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ:

35. Գիտական աստիճաններ շնորհում են համալսարանում գործող մասնագիտական խորհուրդները` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Մասնագիտական խորհուրդները ստեղծվում և գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VI. Համալսարանի աշխատակիցները և սովորողները

 

36. Համալսարանի աշխատակիցներն են դասախոսները, գիտական, ուսումնաօժանդակ, վարչատնտեսական աշխատողները:

37. Համալսարանի աշխատակիցների իրավունքները և պարտականությունները սահմանվում են համալսարանի խորհրդի հաստատած կանոնակարգով` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:

38. Համալսարանի սովորողներն են ուսանողները, ասպիրանտները, հետազոտողները և հայցողները: Համալսարանը նրանց ընձեռում է դասընթացների, մասնագիտացումների, ուսումնառության ձևերի ու մեթոդների այլընտրանքի հնարավորությունները:

39. Համալսարանի սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են համալսարանի համապատասխան կանոնակարգով` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

40. Համալսարանի սովորողներն իրավունք ունեն`

ա) օգտվելու մասնագիտացված լսարաններից, լաբորատորիաներից, գրադարանից և համալսարանի մարզական, առողջարարական, մշակութային ու հանրակացարանային համալիրներից, ինչպես նաև համալսարանի այլ ծառայություններից.

բ) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու որակավորման աստիճան.

գ) ներկայացուցիչներ առաջադրելու համալսարանի ընտրովի մարմիններում.

դ) ստեղծելու սույն օրինադրությանը չհակասող ուսանողական ինքնակառավարման մարմիններ.

ե) սահմանված կարգով համատեղելու ուսուցումն ու աշխատանքը համալսարանի ստորաբաժանումներում:

41. Համալսարանի սովորողները պարտավոր են`

ա) ենթարկվել ներհամալսարանական կարգապահական կանոններին, խնամքով վերաբերվել և օգտագործել համալսարանի գույքը, գրադարանային ֆոնդը և լաբորատոր սարքերը.

բ) պարտադիր հաճախել ուսումնական պլանով նախատեսված պարապմունքներին.

գ) ժամանակին կատարել բոլոր առաջադրանքները, հանձնել ստուգարքներն ու քննությունները:

42. Համալսարանի ուսանողության ինքնակառավարման և նրա ընկերային շահերը ներկայացնող մարմինն ուսանողական խորհուրդն է, որը`

ա) ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը.

բ) համալսարանի կառավարման համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողներին առնչվող հարցեր:

43. Համալսարանի ուսանողական խորհրդի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է նրա կանոնակարգով, որը համալսարանի ռեկտորի ներկայացմամբ հաստատում է համալսարանի խորհուրդը:

44. Պետական պատվերով համալսարան ընդունված ուսանողների ուսման վարձը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Պետական պատվերից դուրս համալսարան ընդունված ուսանողները, ինչպես նաև այլ բուհերից տեղափոխվածները և երկրորդ գծով սովորողները սահմանված կարգով վճարում են ուսման վարձ:

Ուսման վարձի չափն օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է համալսարանի ռեկտորատը:

Պետական պատվերով համալսարան ընդունված ուսանողները կրթաթոշակ են ստանում սահմանված կարգով:

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ուսուցումն իրականացվում է վճարովի հիմունքներով, համաձայն կնքված պայմանագրի:

45. Համալսարանի շրջանավարտները կարող են աշխատանքի ընդունվել համալսարանի և այլ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա կամ ինքնուրույնաբար:

 

VII. Համալսարանի գույքը և ֆինանսատնտեսական գործունեությունը

 

46. Համալսարանի գույքն են կազմում նրա հիմնական և շրջանառու միջոցները, դրամական միջոցները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներ:

47. Համալսարանը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն ամրակցված գույքն ու ֆինանսական միջոցները:

48. Համալսարանի գույքի ձեռքբերման աղբյուրներն են`

ա) պետական բյուջեից տրվող հատկացումները.

բ) ծառայությունների մատուցումից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեության այլ տեսակներից ստացված եկամուտները.

գ) բարեգործական ներդրումները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

49. Համալսարանի ֆինանսական միջոցները կազմավորվում են բյուջետային և արտաբյուջետային միջոցներից, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից և օգտագործվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

50. Համալսարանի արտաբյուջետային միջոցներն են`

ա) վճարովի ուսուցման համար ստացված միջոցները.

բ) տնտեսական գործունեությունից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործունեությունից ստացված միջոցները:

51. Համալսարանը ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ կնքած պայմանագրերի համաձայն կարող է իրականացնել լրացուցիչ վճարովի կրթական ծառայություններ:

52. Համալսարանի բոլոր ծախսերն ու եկամուտները նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով հաստատված նախահաշվին համապատասխան:

53. Համալսարանի պահպանման ծախսերի համար բյուջեով նախատեսված միջոցները ծախսվում են նպատակային նշանակմամբ: Համալսարանի արտաբյուջետային միջոցները նույնպես կարող են ուղղվել համալսարանի պահպանման ծախսերին:

54. Համալսարանը պետական ձեռնարկություն է, որն իրավասու է`

ա) ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին, բացի պետական բյուջեի հատկացումներից, ձևավորելու զանազան հիմնադրամներ, այդ թվում` արտաբյուջետային աշխատավարձի հիմնադրամ` համալսարանի խորհրդի կողմից հաստատված նախահաշվին համապատասխան.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր, այդ թվում` օտարերկրյա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց հետ.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծելու իր խնդիրներին և նպատակներին համապատասխանող ձեռնարկություններ.

դ) սահմանված կարգով վարձակալության տալու իր գույքը և վարձակալելու գույք:

 

VIII. Համալսարանի գործունեության դադարեցումը

 

55. Համալսարանի վերակառուցումն ու լուծարումը կատարվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.12.2001, N 1222 15.12.2001, N 26
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան