Գլխավոր տեղեկություն
Համար
N 307
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.12.1995-10.06.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.11.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.06.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 1995 թվականի N 307

 

քաղ. Երևան

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ՈՒ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՀԱՅՑՄԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում հարկային արտոնությունների տրման, տուգանքներից և տույժերից ազատման հայցման գործընթացի կանոնակարգման նպատակով`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից և կազմակերպաիրավական տեսակից), անհատ ձեռներեցների, հիմնարկների, կազմակերպությունների (այդ թվում բանկերի) և քաղաքացիների (այսուհետև` հարկ վճարողներ) կողմից «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենսդրական ակտերով նախատեսված հարկային արտոնությունների տրման և հարկային օրենսդրության խախտումների համար նշանակվող տուգանքներից ու տույժերից ազատման հայցման քննարկումը, բացառությամբ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով տրվող արտոնությունների, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Արտոնություններ հայցող կազմակերպություններին «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված արտոնությունների տրամադրման, այդ արտոնություններից օգտվողների ցանկում ընդգրկման, արտոնություններից զրկման կարգի մասին» N 589 որոշման համաձայն, կատարվում է սույն որոշման պահանջներին համապատասխան:

Հարկային արտոնություն, տուգանքներից և տույժերից ազատում հայցող հարկ վճարողը դիմում է ներկայացնում իր գործունեության ոլորտի (ըստ գրանցման վկայականի) համապատասխան ճյուղային նախարարություն, պետական կառավարման այլ հանրապետական մարմին, իսկ եթե հարկ վճարողը հիմնարկ կամ կազմակերպություն է, ապա` նրան լիցենզիա (արտոնագիր) տված պետական մարմին (այսուհետև` նախարարություն)` դիմումում նշելով հարկային արտոնության, տուգանքի կամ տույժի կոնկրետ տեսակը, կցելով համապատասխան հիմնավորող փաստաթղթեր և հարկային պարտավորությունների կատարման վերջնահաշվարկի մասին տեղեկանք` տրված սպասարկող շրջանային (քաղաքային) հարկային տեսչության կողմից: 

2. Նախարարությունները հարկ վճարողից դիմումն ստանալուց հետո մինչև 7-օրյա ժամկետում`

ա) դրական կարծիքի դեպքում իրենց կարծիքը և հարկային արտոնությունների տրման, տուգանքներից ու տույժերից ազատման հայցման նյութերը (այսուհետև` նյութեր), դիմումի (նամակի) հետ ներկայացնում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն` կարծիքի, այդ մասին գրավոր տեղեկացնելով հարկ վճարողին.

բ) բացասական կարծիքի դեպքում նյութերը վերադարձվում են հարկ վճարողին` գրավոր պատասխանում նշելով բացասական կարծիքի հիմնավորումները:

3. Եթե հարկ վճարողը մինչև 7-օրյա ժամկետում նախարարությունից չի ստանում բացասական կարծիքի մասին գրավոր պատասխան կամ իր դիմումի Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն ուղարկման վերաբերյալ գրություն կամ, եթե համաձայն չէ նախարարության բացասական կարծիքի հիմնավորումներին, ապա մինչև 15-օրյա ժամկետում նյութերը, համապատասխան նախարարություն ներկայացված դիմումի (նամակի) կրկնօրինակը, նախարարության բացասական կարծիքի դեպքում` բացասական կարծիքի վերաբերյալ նախարարությունից ստացած պատասխանը, ինչպես նաև նշված բացասական կարծիքին համաձայն չլինելու վերաբերյալ իր հիմնավորումներն իր դիմումի (նամակի) հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն` կարծիքի:

4. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը սույն որոշման 2-րդ կամ 3-րդ կետերում նշված նյութերն ստանալուց հետո մինչև 15-օրյա ժամկետում այդ նյութերն իր կարծիքի հետ (հարկ վճարողի ֆինանսական ցուցանիշների արժանահավատություն, հարկ վճարողի հարկային պարտավորությունների կատարում և այլն) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` այդ մասին գրավոր իրազեկելով նախարարությանը կամ հարկ վճարողին:

Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետը առանձին դեպքերում նշված ժամկետը կարող է երկարաձգել մինչև 15 օրով` այդ մասին գրավոր իրազեկելով նախարարությանը կամ հարկ վճարողին:

5. Եթե հարկ վճարողը սույն որոշման 4-րդ կետում նշված ժամկետներում չի ստանում տեղեկություն, ապա կարող է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունից հետ պահանջել նյութերը, իսկ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը պարտավոր է մեկօրյա ժամկետում նյութերը վերադարձնել հարկ վճարողին:

6. Հարկ վճարողը Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունից հետ ստացած նյութերը, իսկ չստանալու դեպքում դրանց կրկնօրինակները և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն ներկայացրած դիմումի (նամակի) կրկնօրինակն իր դիմումի (նամակի) հետ մինչև 15-օրյա ժամկետում կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը նյութերն ստանալուց հետո մինչև 15-օրյա ժամկետում` դրական կարծիքի դեպքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում համապատասխան առաջարկություն և, բացասական կարծիքի դեպքում ևս (այդ մասին անհրաժեշտ հիմնավորումներով), գրավոր տեղեկացնում է նախարարությանը կամ հարկ վճարողին:

8. Հարկ վճարողը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված բացասական կարծիքի հիմնավորումներին համաձայն չլինելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից մինչև 15-օրյա ժամկետում սահմանված կարգով համապատասխան որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարություն չներկայացվելու կամ բացասական կարծիքի վերաբերյալ գրավոր պատասխան չստանալու դեպքում կարող է մինչև 15-օրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության կառավարություն` ներկայացնելով նյութերը, դրանց վերաբերյալ սույն որոշման 2-րդ և 4-րդ կետերում նշված կարծիքները (առկայության դեպքում), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացրած դիմումի (նամակի) կրկնօրինակը, բացասական կարծիքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գրավոր պատասխանը և իր գրավոր հիմնավորումները:

9. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության ընդհանուր բաժնում մուտքագրվելուց հետո ուղարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության տնտեսագիտական վարչություն:

10. Եթե նյութերի քննարկման ընթացքում հայտնաբերվում են սույն որոշմամբ սահմանված հայցման քննարկման կարգի խախտումներ, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության տնտեսագիտական վարչությունն անհրաժեշտության դեպքում կարող է հարց բարձրացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի միջոցով հանձնարարություն տալու Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության վերահսկողության վարչությանը` պարզելու և թույլ տրված խախտումների ու համապատասխան պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու մասին սահմանված կարգով առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ:

11. Հարկային արտոնության տրման և տուգանքներից ու տույժերից ազատման հայցման նյութերը պարտադիր կարգով գրանցվում և ուղարկվում են գործավարության կանոններին համապատասխան, իսկ սույն որոշման 2-8-րդ կետերում նշված ժամկետները հաշվվում են փաստաթղթերի մուտքագրման օրվանից:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 1996 թ.
օգոստոսի 29-ի N 492 որոշման

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

 ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ՈՒ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏՈՒՄ ՀԱՅՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

(լրաց. 29.08.96 N 492 որոշում)

 

1. Հարկային արտոնություն հայցող հարկ վճարողը պարտավոր է դիմումին կից ներկայացնել`

ա) տեղեկատվություն արտոնության վերապահման անհրաժեշտությունը հիմնավորելու վերաբերյալ` արտադրական և ֆինանսական գործունեության բարելավման նպատակով.

բ) տեղեկատվություն հարկ վճարողի ֆինանսատնտեսական գործունեությունը բնութագրող հայցմանը նախորդող հաշվետու ժամանակաշրջանում (մեկ տարուց ոչ պակաս) հիմնական ցուցանիշների վերաբերյալ, որը, մասնավորապես, պետք է բովանդակի թողարկված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), իրացված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), ինքնարժեքի, առանձին հարկատեսակների գծով հարկման բազայի, մատակարարների և գնորդների հանդեպ առկա պարտավորությունների (այդ թվում` ժամկետանց), բյուջեի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ: Բացի դրանից, հարկ վճարողի կողմից կարող է ներկայացվել հարկ վճարողի կարծիքով այլ անհրաժեշտ տվյալներ:

2. Տուգանքներից ու տույժերից ազատում հայցող հարկ վճարողը պարտավոր է դիմումին կից ներկայացնել`

ա) տեղեկանք տուգանքների ու տույժերի առաջացման մասին, որը պետք է բովանդակի`

-տուգանքների ու տույժերի առաջացման ժամկետը (օրը, ամիսը, տարին).

-տուգանքների ու տույժերի առաջացման պատճառները.

-առաջացած հարկային պարտավորությունը ժամանակին կատարելու անհնարինության հիմնավորումը (պայմանագրային պարտավորությունների, այդ թվում` պետական պատվերի, քլիրինգային առաքումների գծով, ժամկետանց պարտավորությունների` ապրանքափոխանակության, հաշվանցումների, շրջանառու միջոցներն արտադրական կարիքներին ուղղելու և այլ պատճառներ).

-տուգանքների և տույժերի մեծությունը` առանձնացված նշելով տուգանքների և տույժերի այն գումարի մեծությունը, որն անմիջականորեն կապված է վճարումների անհնարինությունը հիմնավորող պատճառների հետ և ենթակա է ազատման.

բ) տուգանքների և տույժերի առաջացման պահից բանկում ունեցած հաշիվների (հաշվարկային, ընթացիկ, արժութային, թղթակցային, հատուկ և այլն) և դրամարկղի շարժը.

գ) տեղեկանքում նշված տվյալների և այլ անհրաժեշտ տվյալների (ցուցանիշների) հիմնավորման համար համապատասխան պայմանագրերի, հաշվապահական և այլ հիմնավորող փաստաթղթերի պատճեններ.

դ) սպասարկող հարկային մարմնի կողմից տեղեկանք հայցողի նախորդ երկու տարվա ընթացքում հարկային պարտավորության կատարման մասին:

3. Հարկային արտոնություն և տուգանքներից ու տույժերից միաժամանակ ազատում հայցող հարկ վճարողը ներկայացնում է սույն ցանկի 1-ին և 2-րդ կետերով սահմանված տեղեկանքներն ու տեղեկատվությունները:

4. Հարկային արտոնություն և (կամ) տուգանքներից ու տույժերից ազատում հայցող հարկ վճարողը դիմումին կից վերոհիշյալից բացի պարտավոր է ներկայացնել`

ա) ձեռնարկության արտադրական զարգացման և ֆինանսական առողջացման սահմանված կարգով հաստատված իր ծրագրերը.

բ) հայցադիմումին նախորդող հաշվետու ժամանակաշրջանի (մեկ տարուց ոչ պակաս) հաշվապահական հաշվեկշիռները, հաշվետվությունները.

գ) անկախ աուդիտորական ձեռնարկության (աուդիտորի) եզրակացությունը: