Գլխավոր տեղեկություն
Համար
N 350
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.12.1995-till now)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.12.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 1995 թվականի N 350

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում) են:

(1-ին կետն ուժը կորցրել է 12.03.98 N 148 որոշում)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության մասին» N 218 և 1992 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 432 որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1995 թվականի
դեկտեմբերի 18-ի N 350 որոշմամբ

 

 

 

 Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 (ուժը կորցրել է 12.03.98 N 148 որոշում)

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչությունը (այսուհետև` գերատեսչություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որն իրականացնում է արդյունաբերական սեփականության համակարգի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը (այսուհետև` պետական կառավարման վերադաս մարմին): Գերատեսչությունը պատասխանատվություն է կրում արդյունաբերական սեփականության բնագավառում տիրող վիճակի և դրա հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական և կառուցվածքային քաղաքականության, շուկայական հարաբերությունների ծավալման նպատակով, անհրաժեշտ նախադրյալների ստեղծման, բնագավառում սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար: Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

2. Գերատեսչության գլխավոր խնդիրներն ու գործառույթներն են`

ա) արդյունաբերական սեփականության օբյեկտների` գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, ապրանքների ծագման տեղանունների և ֆիրմային անվանումների հայտերի ընդունումն ու դրանց փորձաքննության անցկացումը.

բ) արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերի փորձաքննության որոշումներին վերաբերող և արտոնագիր կամ վկայագիր տալու դեմ առարկությունների ու գանգատների քննարկումը.

գ) արդյունաբերական սեփականության օբյեկտների պետական գրանցումը, արտոնագրերի ու վկայագրերի հանձնումը և դրանց հետ կապված այլ միջոցառումների իրականացումը.

դ) իրավական պաշտպանություն ստացած արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին պաշտոնական տեղեկությունների նախապատրաստումը, հրապարակումը, տեղեկատվական որոնման համալրվող հիմնապաշարի ստեղծումը.

ե) արտոնագրային տեղեկատվության փոխանակումն օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ և մասնակցությունը Հայաստանի Հանրապետության արտոնագրային գրադարանի հիմնապաշարի համալրմանը.

զ) թույլատրական պայմանագրերի քննարկումը և գրանցումը.

է) արդյունաբերական սեփականության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում օտարերկրյա արտոնագրային գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.

ը) իր իրավասությանը վերաբերող հարցերի շրջանակներում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա ձեռնարկությունների ու արտոնագրային գերատեսչությունների հետ բանակցությունների վարումը և պայմանագրերի կնքումը` արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության, արտոնագրային հիմնապաշարի ստեղծման ու համալրման, ինչպես նաև գոյություն ունեցող ավտոմատացված տեղեկատվական-որոնման համակարգերից օգտվելու և սեփական համակարգ ստեղծելու հարցերի վերաբերյալ.

թ) արդյունաբերական սեփականության բնագավառի մասնագետների պատրաստումը և դրանց որակավորման բարձրացման օժանդակումը.

ժ) արտոնագրային հավատարմատարների որակավորման քննությունների անցկացումը և դրանց պետական գրանցումը.

ի) համակարգի աշխատողների սոցիալական պաշտպանության և աշխատանքի անվտանգության պայմանների ապահովումը.

լ) արդյունաբերական սեփականության առնչությամբ ծագած վեճերի կապակցությամբ իր իրավասության շրջանակներում եզրակացություններ տալը.

խ) արդյունաբերական սեփականության օբյեկտներին վերաբերող տեղեկատվական և այլ ծառայությունների մատուցումը.

ծ) օրենսդրությամբ սահմանված կարգով արդյունաբերական սեփականության պաշտպանության վերաբերյալ փաստաթղթերի համընդհանուր ձևերի սահմանումը.

կ) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրներ և գործառույթներ:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Գերատեսչության համակարգն ընդգրկում է իր ենթակայության տակ գտնվող պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:

4. Գերատեսչությունը բնագավառին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով ենթակա պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը: Գերատեսչությունը նախարարությունների ու գերատեսչությունների հետ իրականացնում է գործարար կապեր և համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:

5. Գերատեսչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական կառավարման վերադաս մարմնի համաձայնությամբ իրականացնում է արդյունաբերական սեփականության բնագավառի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները: Գերատեսչությունը պետական համակարգի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:

6. Գերատեսչությունը`

ա) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում, արձակում է հրամաններ, հրահանգներ ու տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար: Իր նորմատիվ ակտերի նախագծերը նախապես համաձայնեցնում է պետական կառավարման վերադաս մարմնի հետ.

բ) համաձայնեցնելով պետական կառավարման վերադաս մարմնի հետ` մյուս գերատեսչությունների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում արձակում է հրամաններ և հրահանգներ.

գ) ընդհանրացնում է բնագավառի օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է մշակում և դրանք պետական կառավարման վերադաս մարմնի միջոցով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

դ) սահմանված կարգով մասնակցում է գերատեսչության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

ե) իր ոլորտի իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ կնքում է միջգերատեսչական պայմանագրեր` դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով պետական կառավարման վերադաս մարմնի հետ.

զ) պետական կառավարման վերադաս մարմնի համաձայնեցմանն է ներկայացնում տարեկան և կիսամյակային աշխատանքային ծրագրերը.

է) պետական կառավարման վերադաս մարմնի հաստատմանն է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունները.

ը) իր արտաբյուջետային ֆոնդերի օգտագործումն իրականացնում է պետական կառավարման վերադաս մարմնի հետ համաձայնեցված նախահաշիվներին համապատասխան.

թ) իր աշխատողների որակավորման հետ կապված աշխատանքներն իրականացնում է պետական կառավարման վերադաս մարմնի հետ նախապես համաձայնեցնելով.

ժ) բնագավառի հեռանկարային զարգացման, ինչպես նաև իր գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ հարցերը նախապես համաձայնեցնում է պետական կառավարման վերադաս մարմնի հետ.

ի) իր ընթացիկ գործունեության վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար ներկայացնում է պետական կառավարման վերադաս մարմնին:

7. Գերատեսչությունը բնագավառի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

8. Գերատեսչությունը գլխավորում է պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ: Գերատեսչության պետն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ու գերատեսչության պետի հետ:

9. Գերատեսչության պետը`

ա) պատասխանատվություն է կրում գերատեսչության առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար.

բ) սահմանում է պետի տեղակալի, բաժինների վարիչների ու գերատեսչության կառուցվածքային մյուս ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության համար.

գ) վերադաս պետական կառավարման մարմնի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում գերատեսչության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.

դ) առաջարկում է գերատեսչության խորհրդի անդամների թիվը և պետական կառավարման վերադաս մարմնի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում խորհրդի անհատական կազմը:

ե) կազմակերպում և ղեկավարում է գերատեսչության նիստերը.

զ) կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին գործուղում է ԱՊՀ պետություններից դուրս` համաձայնեցնելով պետական կառավարման վերադաս մարմնի հետ:

10. Գերատեսչության պետի բացակայության դեպքում պետի պարտականությունները կատարում է նրա տեղակալը:

11. Գերատեսչությունում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են պետը` (նախագահ), պետի տեղակալը` ի պաշտոնե, գերատեսչության այլ ղեկավար աշխատողներ:

12. Գերատեսչության խորհուրդն իր նիստերում պարբերաբար քննության է առնում բնագավառի զարգացման հիմնական հարցերը և գերատեսչության գործունեության այլ հարցեր, քննարկում է համակարգի, պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է գերատեսչության կառուցվածքային ստորաբաժանումների, գերատեսչության համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները:

Գերատեսչությունը խորհրդի նիստի ժամանակի և օրակարգի մասին նախապես տեղեկացնում է պետական կառավարման վերադաս մարմնին: Խորհրդի նիստին կարող է մասնակցել պետական կառավարման վերադաս մարմնի ներկայացուցիչը:

Պետական կառավարման վերադաս մարմնի պահանջով գերատեսչության պետը հրավիրում է խորհրդի արտահերթ նիստ կամ նիստի օրակարգ է մտցնում արտահերթ հարց:

Խորհրդի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, պետի հրամաններով: Պետի և խորհրդի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում պետը կենսագործում է իր որոշումը, այդ տարաձայնությունների մասին զեկուցելով պետական կառավարման վերադաս մարմնին, իսկ խորհրդի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել պետական կառավարման վերադաս մարմնին և այդ կապակցությամբ վերջինիս որոշման հետ չհամաձայնվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

13. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, բնագավառում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու նպատակով հանձնարարություններ մշակելու համար գերատեսչությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից, գիտական փորձագետներից, այդ թվում` օտարերկրյա:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է վերադաս պետական կառավարման մարմինը:

14. Գերատեսչությունը մասնակցում է բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները:

15. Գերատեսչությունն իր համակարգում ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ստեղծումը, վերակազմավորումն ու լուծարումն իրականացնում է պետական կառավարման վերադաս մարմնի համաձայնությամբ:

16. Պետական կառավարման վերադաս մարմնի համաձայնությամբ գերատեսչությունը թույլատրում է իր համակարգի ձեռնարկություններին հիմնադրել դուստր ձեռնարկություններ և անդամակցել ձեռնարկությունների տնտեսական միավորումներին:

17. Պետական կառավարման վերադաս մարմնի համաձայնությամբ գերատեսչությունն իր համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին թույլատրում է իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները ներդնել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

18. Գերատեսչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը:

19. Գերատեսչությունն իրականացնում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողությունը, ներառյալ նաև հիմնադիր փաստաթղթերի և նրա կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:

20. Գերատեսչության կենտրոնական ապարատի աշխատողների պահպանման ծախսերն իրականացվում են պետական բյուջեից, առանձին:

21. Գերատեսչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև, միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` գերատեսչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1995 թվականի
դեկտեմբերի 8-ի N 350 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
(ուժը կորցրել է 12.03.98 N 148 որոշում)

 

1. Գյուտերի և օգտակար սարքերի փորձաքննության բաժին

2. Ապրանքային նշանների, արդյունաբերական նմուշների և ֆիրմային անվանումների բաժին

3. Արտոնագրային տեղեկատվության և տեղեկագիտության (ինֆորմատիկայի) բաժին

4. Ընդհանուր բաժին