Գլխավոր տեղեկություն
Համար
N 1652-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.11.2005-07.10.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.09/70(442) Հոդ.1298
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2005 թվականի N 1652-Ն

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բնապահպանական վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանել`

ա) անշարժ աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվություններով սահմանված արտանետումների ծավալները՝ բացառությամբ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված դեպքի.

բ) ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրհավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի, կամ կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի ծավալները.

գ) շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների տեղադրման համար` «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի համաձայն տրամադրված թափոնների տեղադրման սահմանաքանակներով սահմանված տեղադրման ծավալները:

2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված բնապահպանական միջոցառումների ծրագրի հիման վրա օդային ավազան վնասակար նյութերի արտանետումների համար ժամանակավոր (մինչև 5 տարի ժամկետով) չափաքանակներ (սահմանափակումներ) սահմանելու լիազորությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

3. Բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանել`

ա) ջրօգտագործման համար` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման (մակերևութային ջրերի ջրառի, ստորերկրյա (ստորգետնյա) քաղցրահամ ջրերի արդյունահանման) ծավալները.

բ) պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հանքարդյունահանման նպատակով կնքված լիցենզային պայմանագրերով սահմանված օգտակար հանածոների պաշարների մարման ծավալները.

գ) հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հանքարդյունահանման նպատակով կնքված լիցենզային պայմանագրերով սահմանված օգտակար հանածոների արդյունահանման ծավալները.

դ) բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի համաձայն կնքված անտառօգտագործման պայմանագրերով (այդ թվում` անտառհատման, անտառային տոմսերով, արմատի վրա բնափայտի մանր բացթողման օրդերներով) սահմանված բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) ծավալները.

ե) բուսական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների (բացառությամբ բնափայտի և երկրորդական անտառանյութի) օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն տրված բուսական պաշարների օգտագործման թույլտվություններով կամ լիցենզիաներով սահմանված բուսական պաշարների օգտագործման (մթերման, հավաքի, անասունների արածեցման և այլ տեսակների) ծավալները.

զ) կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կնքված կենդանական պաշարների օգտագործման պայմանագրերով և լիցենզիայով սահմանված կենսապաշարների օգտագործման ծավալները:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 25-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանելու մասին» N 340 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. հոկտեմբերի 10
Երևան