Գլխավոր տեղեկություն
Համար
N 416
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.10.1997-10.03.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.09.23/21
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.09.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.09.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 սեպտեմբերի 1997 թ. N 416

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը, համակարգի և կենտրոնական ապարատի կառուցվածքները (կցվում են):

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների, տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածում «ՀՀ ֆինանսների նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 430 5 1»:

3. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 29-ի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին N 209 որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի կառուցվածքը հաստատելու մասին» N 277 որոշման 1-ին կետը, իսկ 2-րդ կետում «706» թիվը փոխարինել «836» թվով, 2-րդ կետի «ա» ենթակետում «270» թիվը փոխարինել «430» թվով.

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 312 որոշումը.

դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 29-ի N 209 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 386 որոշումը.

ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակն ավելացնելու մասին» N 187 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ.
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի n 416 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ էԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է:

2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններ:

3. Նախարարությունն իր իրավասությունների սահմաններում ընդունում է գերատեսչական իրավական ակտեր:

4. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Նախարարության հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի մշակման և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

գ) իր իրավասության սահմաններում տնտեսական, դրամավարկային, հարկային, մաքսային, բյուջետային միասնական քաղաքականության վերլուծման, մշակման և իրականացման աշխատանքների կատարման ապահովումը.

դ) իր իրավասության սահմաններում կապիտալի, ֆինանսական, այդ թվում` արժեթղթերի շուկայի, ապահովագրական և խաղատնային գործունեության պետական կարգավորման միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը, մասնավորապես, այդպիսի գործունեություն իրականացնող անձանց (իրավաբանական և ֆիզիկական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների) լիցենզավորումը, լիցենզավորված գործունեության վերահսկողությունը.

ե) աուդիտի, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների մեթոդաբանության մշակումն ու ներդրումը.

զ) ֆինանսական ընթացիկ վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը.

է) իր իրավասության սահմաններում միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող փոխառությունների ու նվիրատվությունների նպատակային օգտագործման աշխատանքների կազմակերպումը և ծրագրերի իրականացման ընթացիկ վերահսկողությունը:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

 

6. Մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում`

ա) մակրոտնտեսական հետազոտությունների իրականացումը`

հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների և երկրի վճարահաշվարկային հաշվեկշռին առնչվող ցուցանիշների հետազոտումը.

ֆինանսական շուկայի զարգացման միտումների վերլուծությունը, Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության ծրագրի մշակման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցության ապահովումը.

տնտեսության ճյուղերի միջև համամասնությունների հետազոտումը, տնտեսության զարգացման միջնաժամկետ և հեռանկարային մոդելների մշակումը.

բ) պետական ներքին և արտաքին պարտքերի կառավարումը.

գ) սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակումն ըստ տնտեսության ճյուղային և տարածքային համամասնությունների.

դ) տնտեսության պետական կարգավորման քաղաքականության մշակումը:

7. Բյուջետային եկամուտների քաղաքականության ոլորտում`

ա) հարկային և մաքսային ընթացիկ քաղաքականության և դրա կիրառման պրակտիկայի ուսումնասիրությունն ու վերլուծությունը.

բ) միջնաժամկետ և հեռանկարային մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության մշակումը.

գ) միջազգային հարկային և մաքսային համագործակցության քաղաքականության ուսումնասիրությունը և մշակումը.

8. Բյուջետային քաղաքականության ոլորտում`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծրագրավորումը, բյուջեի ընթացիկ ծախսային քաղաքականության, հատուկ և այլ նպատակային ծրագրերի վերլուծությունն ու մշակումը.

բ) բյուջետային գործընթացի աշխատանքների կատարման կազմակերպումը, այդ թվում` պետական և համայնքների բյուջեների կազմման համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումների, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվների ձևերի և դրանք ներկայացնելու կարգերի տրամադրումը և հավաքագրումը:

9. Բյուջեների կատարման ոլորտում`

ա) պետական և համայնքների բյուջեների եկամուտների ձևավորման և ծախսերի իրականացման գործունեության ապահովումը.

բ) պետական և համայնքների բյուջեների բոլոր եկամուտների մուտքագրումը և ծախսերի կատարումը նախարարության միասնական գանձապետական հաշվով.

գ) պետական և համայնքների բյուջեների դրամարկղային սպասարկման ապահովումը.

դ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքում մուտքերի նվազման դեպքում ծախսերի սահմանափակման (սեկվեստոր) մեխանիզմի կիրառումը` օրենքով սահմանված կարգով.

ե) պետական պարտքի սպասարկման ապահովումը.

զ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ընդունումը.

է) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացիկ վերահսկողությունը:

10. Հաշվապահական հաշվառման և աուդիտի կարգավորման ոլորտում`

ա) հաշվապահական հաշվառման և աուդիտի միջազգային չափորոշիչների (ստանդարտներ) հիման վրա ազգային չափորոշիչների մշակումն ու ներդրումը.

բ) ֆինանսական հաշվետվության ձևերի մշակումն ու ներդրումը.

գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցված` բանկերի հաշվապահական հաշվառման վարման կարգի սահմանումը:

11. Արժութային կարգավորման ոլորտում`

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ արժութային կարգավորման քաղաքականության մշակումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արժութային վերահսկողության իրականացումը.

բ) թանկարժեք մետաղներով և քարերով գործառնությունների քաղաքականության մշակումը, դրանցով գործառնություններ իրականացնող անձանց (բացառությամբ բանկերի) լիցենզավորումը, լիցենզավորված գործունեության վերահսկողությունը:

12. Արժեթղթերի շուկայի կարգավորման ոլորտում`

ա) արժեթղթերի շուկայի կարգավորման քաղաքականության մշակումը.

բ) արժեթղթերի շուկայի և դրա մասնակիցների գործունեության կարգավորման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախարարությանը վերապահված լիազորությունների իրականացումը:

13. Ապահովագրական, խաղատնային և վիճակախաղային գործունեության կարգավորման ոլորտում`

ա) ապահովագրական գործունեության կարգավորման քաղաքականության մշակումը, ապահովագրական ընկերությունների լիցենզավորումը և դրանց գործունեության վերահսկողությունը.

բ) վիճակախաղային և խաղատնային գործունեության կարգավորումը և վերահսկողությունը:

14. Միջազգային ֆինանսական համագործակցության ոլորտում`

ա) միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը կամ վերջինիս երաշխավորությամբ տրամադրվող նպատակային փոխառությունների և նվիրատվությունների պայմանների ու ծրագրային նպատակների ուսումնասիրությունը, վերլուծությունն ու բանակցումը, ինչպես նաև նման ծրագրերի պետական միասնական քաղաքականության մշակումը.

բ) միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանն առաջարկվող օգնության ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության ու խորհրդատվության տրամադրումը Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին.

գ) իր իրավասության սահմաններում օտարերկրյա ֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնող գրասենյակների աշխատանքների համակարգումը և ընթացիկ վերահսկողությունը:

15. Վճարահաշվարկային համակարգի կազմակերպման ոլորտում`

ա) գանձապետական համակարգում վճարահաշվարկային համակարգի ներդրման աշխատանքների կատարման ապահովումը.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համագործակցությունը` հանրապետության վճարահաշվարկային համակարգի ստեղծման և զարգացման ուղղությամբ:

16. Ֆինանսական վերահսկողության ոլորտում`

ա) բյուջետային ընթացիկ վերահսկողությունը.

բ) նախարարությանը ենթակա գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության ընթացիկ վերահսկողությունը.

գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և արտաբյուջետային ֆոնդերի հաշվին տրվող գումարների ծախսերի, վարկերի և նվիրատվությունների օգտագործման նպատակայնության և արդյունավետության ընթացիկ վերահսկողությունը.

դ) ֆինանսական իրավախախտումների կանխարգելումը:

17. Պետական սեփականության կառավարման ոլորտում`

ա) ձեռնարկությունների, բանկերի կանոնադրական հիմնադրամում պետական մասնակցության հաշվառումը, պետական մասնակցության արդյունքների վերլուծությունը և գնահատումը.

բ) իր իրավասության սահմաններում պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք քարերի ու մետաղների պահուստների կառավարումը.

գ) հօգուտ պետությանը բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի տնօրինումը, ինչպես նաև հարկային և ոչ հարկային պարտավորությունների դիմաց բռնագանձված գույքի իրացման աշխատանքների ընթացիկ վերահսկողությունը:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

18. Նախարարության համակարգը ներառում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը, Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների վարչությունը, ինչպես նաև նախարարությանը ենթակա ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները:

19. Նախարարությունը սույն կանոնադրությամբ սահմանված գործառույթներն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների սահմաններում` չխախտելով համակարգի գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ինքնուրույնությունը:

20. Նախարարությունն ընդհանրացնում է բնագավառի օրենսդրական կիրառման պրակտիկան, մշակում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

21. Նախարարությունը մյուս նախարարությունների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման և լուծման համար:

22. Նախարարությունը սահմանված կարգով մասնակցում է իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մշակմանն ու քննարկմանը:

23. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

24. Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

25. Նախարարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է տեղակալներից մեկը` նախարարի հանձնարարությամբ:

26. Նախարարը`

ա) ղեկավարում է նախարարության համակարգի ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է նախարարության` սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) սահմանում է իր տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահմանները, հաստատում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների և ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կանոնադրությունները.

գ) ներկայացնում է նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

դ) իր իրավասությունների սահմաններում կամ հատուկ լիազորությունների առկայության դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

ե) նախարարության, իսկ իր իրավասությունների սահմաններում կամ հատուկ լիազորությունների առկայության դեպքում նաև Հայաստանի Հանրապետության անունից ստորագրում է միջազգային պայմանագրեր.

զ) տալիս է լիազորագրեր, երաշխիքներ, կնքում քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրեր, պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ու աշխատողներին, համակարգի հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարներին.

է) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կառուցվածքն ու կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, հրահանգներ, որոնց կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների համար.

թ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների այն հրամանները, հրահանգներն ու ցուցումները, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

ժ) հաստատում է նախարարության կոլեգիայի նիստերի նախապատրաստման հրավիրման, անցկացման և որոշումների ընդունման կարգը.

ժա) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում առաջարկություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի թեկնածության վերաբերյալ.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

27. Գլխավոր գանձապետն ի պաշտոնե հանդիսանում է նախարարի տեղակալ և իրականացնում է սահմանված կարգով հաստատված գանձապետարանի կանոնադրությամբ նախատեսված լիազորություններ:

28. Նախարարությունը համակարգի կառավարման հարցերը քննարկում և լուծում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցման, ինչպես նաև որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց իրավասությունների հստակ սահմանման հիման վրա:

29. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որպես նախարարին առընթեր խորհրդակցական մարմին, որի անդամների թվաքանակն ու անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Կոլեգիայի կազմի մեջ մտնում են նախարարը (կոլեգիայի նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետը, Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների վարչության պետը` ի պաշտոնե, նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներ: Կոլեգիայի նիստերին կարող են մասնակցել քննարկվող հարցերին առնչվող այլ անձինք:

30. Կոլեգիայի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, որոնցում քննարկվում են նախարարության հիմնական խնդիրներին ու գործունեությանը վերաբերող հարցեր, ենթակա գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության հարցերը, լսվում են նախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, նախարարության համակարգի գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության մասին հաշվետվություններ, դրանց գործունեության վերստուգման արդյունքները և այլ հարցեր:

31. Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են նախարարի հրամաններով:

32. Նախարարի և կոլեգիայի անդամների միջև կոլեգիայի նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

33. Նախարարությունը կազմակերպում է կենտրոնական ապարատի և համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման, նրանց վերապատրաստման աշխատանքները, անցկացնում կենտրոնական ապարատի աշխատողների ատեստավորում, համակարգում է ղեկավար կադրերի ընտրության, վերապատրաստման և տեղաբաշխման աշխատանքները:

34. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների, դիմումների ու գանգատների ժամանակին քննարկումը, միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած խախտումների ու թերությունների վերացման համար:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ.
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի n 416 ՈՐՈՇՄԱՄԲ

 

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

Ներմուծեք նկարագրությունը_15669

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ.
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի n 416 ՈՐՈՇՄԱՄԲ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ


Ներմուծեք նկարագրությունը_15633