Գլխավոր տեղեկություն
Համար
N 137-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.03.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.09/12(467) Հոդ.280
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.01.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2006 թվականի N 137-Ն

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 8-րդ հոդվածներով վերապահված լիազորությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման ռազմավարությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 15
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունվարի 26-ի N 137-Ն որոշման

Ռ Ա Զ Մ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Կարևորելով պետական ծախսերի կառավարման արդյունավետ համակարգի առկայությունը և բյուջետային գործընթացում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությունը` հանրային ֆինանսների բնագավառում իրականացվող առանձին բարեփոխումներին զուգահեռ` 2000 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության իշխանությունները նախաձեռնել են հանրային հատվածում գնումների իրականացման միասնական և միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգի ներդրումը: Այս կապակցությամբ 2000-2005 թվականների ընթացքում իրականացվել են հետևյալ հիմնական աշխատանքները`

կազմավորվել է գնումների համակարգը, հաստատվել են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ու գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտեր` միջազգային փորձի, այդ թվում` Միավորված ազգերի կազմակերպության գնումների մոդելային օրենքի, Եվրամիության և Համաշխարհային բանկի գնումների իրականացման համապատասխան կանոնակարգերի, ինչպես նաև` Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Սլովակիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների գնումների համակարգերի ուսումնասիրման հիման վրա.

Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների և օրենքի հիման վրա ստեղծված այլ պետական մարմինների, մասնավոր կազմակերպությունների, քաղաքային և Երևանի թաղային համայնքների, Հայաստանի Հանրապետության դատարանների աշխատակազմերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների շուրջ 850 ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների բարելավման նպատակով կազմակերպվել և իրականացվել են վերապատրաստման ծրագրեր.

ներդրվել է գնումների գործընթացի հրապարակայնության ապահովման կայուն համակարգ:

Հրապարակվում և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին է տրամադրվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գնումների պաշտոնական տեղեկագիրը: «www.procurement. am» հասցեով ստեղծվել է ինտերնետային կայք, և 2004 թվականից հեռուստատեսությամբ ու ռադիոյով հրապարակվում է տեղեկատվություն գնումների պաշտոնական տեղեկագրերում հայտարարված մրցույթների մասին.

հստակեցվել են Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության` գնումների իրավական դաշտին վերաբերող նախապայմանները: Սկսվել են Առևտրի համաշխարհային կազմակերպության գնումների մասին համաձայնագրին անդամակցելու շուրջ բանակցությունները.

գնումների համակարգի գնահատման և կատարելագործման ուղղությունների մշակման նպատակով Համաշխարհային բանկի փորձագետների հետ կազմվել է «Երկրի գնումների համակարգի գնահատման մասին» հաշվետվությունը: Բանկի փորձագետները Հայաստանի գնումների համակարգը գնահատել են` միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող:

Իրականացված աշխատանքների արդյունքում արձանագրելով գնումների համակարգի հիմնականում ներդրված լինելու հանգամանքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է այդ համակարգի կատարելագործման աշխատանքները, որոնք իրականացվում են հետևյալ 3 հիմնական ուղղությամբ`

Իրավական դաշտի կատարելագործումը և կարողությունների զարգացումը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է, և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքը: Օրենքն ուժի մեջ է մտել 2005 թվականի հունվարի 1-ից, որով ուժը կորցրած է ճանաչվել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հունիսի 5-ի ՀՕ-62 օրենքը:

Գնումների համակարգում ներգրավված մարմինների ու մասնագետների կարողությունների զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքվել է 247.000 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով «Պետական գնումների բարեփոխումների զարգացման տեխնիկական աջակցության TF 052434 դրամաշնորհի մասին» համաձայնագիրը:

Գնման գործընթացի ապակենտրոնացումը

2000 թվականին ընդունված «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում էր գնումների գործընթացի կազմակերպման և գնումների հետ կապված որոշումների ընդունման մասնակի կենտրոնացված համակարգ, մասնավորապես`

Պետական գնումների գործակալության կողմից կազմակերպվող մրցույթների հանձնաժողովներում ձայնի իրավունքով ներգրավված էին նաև գործակալության ներկայացուցիչները.

պետական մարմինները մեկ աղբյուրից և փակ մրցույթի գնման ձևերով գնումներ կատարելու մասին որոշումները պետք է համաձայնեցնեին լիազոր մարմնի, իսկ համայնքների դեպքում` ավագանիների հետ.

համայնքների` գնումների հետ կապված բողոքների քննարկման և այդ գնումների նկատմամբ վերահսկողության լիազորությունը վերապահված էր Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.

պատվիրատուները հնարավորություն չունեին փոքրարժեք գնումներ կատարելու` առանց մրցակցային ընթացակարգերի կիրառման, իսկ գնանշումների հարցման ձևով գնումների շեմը կազմում էր գնումների բազային միավորի երեք քառորդը:

Այս պայմանները նախատեսված էին` հաշվի առնելով գնումների համակարգի կազմավորման փուլում այդ գործընթացի կենտրոնացված կազմակերպման նպատակահարմարությունը, ինչը պայմանավորված էր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց գնումների պատասխանատուների համարժեք մասնագիտական կարողություններ չունենալու հանգամանքով:

2000-2005 թվականների ընթացքում գնումների բնագավառում իրականացված աշխատանքները հիմնականում միտված են եղել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացմանը և գնումների գործընթացի ապակենտրոնացմանը: 2004 թվականին ընդունված «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը պարունակում է գնումների համակարգի ապակենտրոնացման հետևյալ տարրերը`

Պետական գնումների գործակալության կողմից կազմակերպվող նպատակային մրցույթների, մրցակցային բանակցությունների և գնանշումների հանձնաժողովներում գործակալության ներկայացուցիչները որպես հանձնաժողովի անդամ ներկայացված չեն, այլ պատասխանատու են միայն գործընթացի կազմակերպման համար.

գնման ձևի ընտրությունը կատարում է պետական մարմինը` առանց այդ որոշումը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու.

համայնքային գնումների հետ կապված բողոքները քննում և գնման գործընթացը վերահսկում է տվյալ համայնքի ավագանին.

պատվիրատուներին թույլատրվել է մինչև մեկ միլիոն դրամ արժողությամբ գնումները կատարել ինքնուրույն` մրցակցային բանակցությունների ձևով, իսկ գնանշումների հարցման ձևով գնումներ կատարելու շեմը բարձրացվել է` ապրանքների և ծառայությունների դեպքում` մինչև 5, իսկ աշխատանքների դեպքում` 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ:

Լիազոր մարմինն ապահովում է առնվազն յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ գնումների մասնագետների մասնակցությունը վերապատրաստման ծրագրերին: Այդ կապակցությամբ 2006 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը կհաստատի գնումների մասնագետների ուսուցման, վերապատրաստման և հավատարմագրման ռազմավարությունը, իսկ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից կիրականացվեն վերապատրաստման ծրագրեր` գնումների մասնագետների համար, և կներդրվի այդ մասնագետների հավատարմագրման համակարգը:

Գնումների գործընթացի կազմակերպման ապակենտրոնացումը համարելով էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման անհրաժեշտ նախապայմաններից մեկը` համակարգի ապակենտրոնացման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն: Էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման հիմնական աշխատանքների ավարտից հետո, պետական մարմինների կարողությունների զարգացմանը զուգահեռ, գնման գործընթացի կազմակերպման գործում Պետական գնումների գործակալության դերակատարումը կվերագնահատվի: Արդյունքում`

գնումները կկազմակերպվեն պետական մարմինների կողմից էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով` ապակենտրոնացված.

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պատասխանատու կլինի գնման գործընթացի կարգավորման, էլեկտրոնային գնումների համակարգի կառավարման և գնման գործընթացի վերահսկման համար: Կապահովվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կարողությունների զարգացումը` ապակենտրոնացված պայմաններում գնումների գործընթացի նկատմամբ համարժեք վերահսկողություն սահմանելու և էլեկտրոնային գնումների համակարգը կազմավորելու և կառավարելու տեսակետից:

Էլեկտրոնային գնումների համակարգի ներդրումը

Էլեկտրոնային գնումների համակարգի ներդրումը ենթադրում է գնումների գործընթացի հնարավորինս ավտոմատացում, ինչը պարունակում է պետական ծախսերի կառավարման արդյունավետությանը նպաստելու իրական ներուժ: Էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման բարեփոխումներն էլեկտրոնային կառավարման համակարգի բարեփոխումների բաղկացուցիչն են, սակայն դրանք իրականացվում են որպես առանձին համակարգային բարեփոխումներ` սույն ռազմավարության հիման վրա:

Հանրային գնումների գործընթացում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կարող է զգալիորեն բարելավել այդ գործընթացի կառավարումն ու արդյունավետությունը և արդիականացնել պետության վարչարարությունը: Միայն նոր տեխնոլոգիայի կիրառումը դեռևս բարեփոխում չէ, և էլեկտրոնային գնումներով պայմանավորված վերափոխումներն ուղղակիորեն չեն բխում տեխնոլոգիայից. դրանք տեխնոլոգիաներով պայմանավորված ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունք են: Այս տիպի փոփոխությունները տեղի չեն ունենում սոսկ այն պատճառով, որ պատվիրատուներն սկսում են օգտագործել նոր ապարատային և ծրագրային ապահովումներ:

Էլեկտրոնային գնումների արդյունավետ իրականացման առումով Հայաստանը բավարար վիճակում է: Էլեկտրոնային գնումների իրականացման համար բարենպաստ միջավայրը պայմանավորված է հետևյալ տարրերով`

ներկայումս Հայաստանը գտնվում է գնումների ոլորտում բարեփոխումների իրականացման փուլում, և այդ աշխատանքները կարող են ներդաշնակեցվել էլեկտրոնային գնումներով պայմանավորված փոփոխությունների հետ.

տարբեր պետական մարմիններում էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման համար կատարվել են նվազագույն ներդրումներ.

ձևավորման փուլում է էլեկտրոնային առևտրի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը.

Համաշխարհային բանկը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը և այլ դոնոր կազմակերպություններ մեծապես աջակցում են Հայաստանում էլեկտրոնային գնումների իրականացման գործին:

Այս ռազմավարությունը մշակվել է Հայաստանում էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով: Ռազմավարության մեջ նկարագրվում և հատկորոշվում են էլեկտրոնային գնումների համակարգի կառուցվածքն ու գործառույթները, համակարգի կառավարման մոդելը, օրենսդրական փոփոխություններին և ենթակառուցվածքներին առնչվող մյուս հարցերը: Ռազմավարությունը մշակվել է «Էլեկտրոնային գնումներ - իրականացման ուղեցույց» փաստաթղթի հիման վրա, որը պատրաստվել է 2005 թվականի հունիսի 5-7-ը Երևանում «Էլեկտրոնային գնումներ» թեմայով երկօրյա սեմինար-խորհրդակցության արդյունքում:

Էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման հետ կապված աշխատանքների ֆինանսավորում կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների, Համաշխարհային բանկի «Պետական հատվածի արդիականացում» վարկային ծրագրի և այլ դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին:


ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԸ

Հանրային գնումների կառավարումը` ընդհանրապես, իսկ էլեկտրոնային գնումների համակարգը` մասնավորապես, հետապնդում են հետևյալ հիմնական նպատակները`

թափանցիկություն` ներառում է գործընթացների կառավարելիությունը, հաշվետու լինելը, արհեստավարժությունը, արդարությունն ու հավասարությունը,

արդյունավետություն` ներառում է գնման գործընթացների և արդյունքների արդյունավետությունը, փողի գնողունակությունը,

գործարարության խրախուսում` ներառում է արդյունավետության և մրցակցության ապահովման ու կարողությունների և տեխնոլոգիայի կիրառման միջոցով գործարարության ու տնտեսական զարգացումը:

Այս ռազմավարությունը մշակված է նշված` 3 խումբ նպատակների, մասնավորապես, թափանցիկության, արդյունավետության և տնտեսական ու գործարարության զարգացման խրախուսման շուրջ.

Ներմուծեք նկարագրությունը_8352

 

 

Էլեկտրոնային գնումների համակարգն ընդգրկում է գնման գործընթացի հետևյալ տարրերը`

նախապատրաստում` սահմանվում են այն կարիքները, որոնք պետք է բավարարվեն, և բացահայտվում են կարիքի բավարարման նպատակով ձեռք բերվող աշխատանքները, ապրանքները կամ ծառայությունները: Այս փուլն ավարտվում է պահանջվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բնութագրմամբ, գնմանը մասնակցելու հրավերի նախապատրաստմամբ և ներկայացմամբ.

ընտրություն` սահմանված կարիքի բավարարման համար լավագույն առաջարկի բացահայտում: Այս փուլն ավարտվում է ընտրված մասնակցի հետ գործարքի կնքմամբ` պայմանագրի ստորագրմամբ.

իրականացում` այս փուլի ընթացքում ապահովվում է պայմանագրի կողմերի պարտականությունների իրականացումն ընտրված մասնակցի կողմից` ապրանքների մատակակարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, իսկ պատվիրատուի կողմից` համապատասխան վճարումների կատարումը: Այս փուլն ավարտվում է համապատասխան ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների վերջնական ընդունմամբ և դրանց դիմաց վճարմամբ.

երաշխիք` ապրանքների մատակարարմանը, աշխատանքների կատարմանը կամ ծառայությունների մատուցմանը հաջորդող սպասարկման կամ հարակից ծառայությունների մատուցումն է` պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետում: Այս փուլն ավարտվում է երաշխիքային ժամկետի ավարտից հետո:


ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

Էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով գնումները կկազմակերպվեն`

մրցույթով` էլեկտրոնային մրցույթներ,

հայտերի ներկայացման ձևով, որը ներառում է «Գնումերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գնման մյուս ձևերը` էլեկտրոնային ձեռքբերումներ:


Էլեկտրոնային մրցույթ

 

Էլեկտրոնային մրցույթը բարձրարժեք և փոքրածավալ գնումների կատարումն է` մրցույթ հայտարարելու միջոցով, որին հաջորդում են հայտերի ստացումը, գնահատումը և պայմանագրերի շնորհումը: Էլեկտրոնային մրցույթների համակարգի ներդրումը պահանջում է իրականացման և պահպանման համեմատաբար փոքր ներդրումներ, մեծացնում է թափանցիկությունը և ուժեղացնում կառավարումը: Էլեկտրոնային մրցույթների համակարգը նախատեսում է`

մեկ ինտերնետ կայքում մրցույթների կազմակերպում և պայմանագրերի շնորհում,

գործարարների առցանց գրանցում,

առցանց որոնման միջոցներ,

ինտերնետի միջոցով ազատ մուտք դեպի մրցույթի սկզբնական փաստաթղթերը,

էլեկտրոնային հայտի ներկայացում մրցույթի մասնակիցների կողմից,

պատվիրատուների առանձնահատկություններին համակարգը հարմարեցնելու տարբերակներ,

մրցույթներ` իրական ժամանակում:

Էլեկտրոնային մրցույթների համակարգի ֆունկցիոնալ կարողությունները պետք է առնվազն բնութագրվեն հետևյալ կերպ`

մասնակցի գրանցում.

մրցույթին վերաբերող փաստաթղթերի և տեխնիկական գծանկարների ներկրում ու արտակրում.

մասնակիցների համար տպագիր փաստաթղթեր ստանալու կարողություն` իրական ժամանակում.

որոնման միջոցներ` ըստ գտնվելու վայրի, գործունեության տեսակի և արժեքի.

պետական մարմիններում նախապատրաստման փուլում գտնվող մրցույթների մասին վաղ ծանուցում.

մասնակիցների կողմից էլեկտրոնային հայտերի ավանդադրում.

նոր մրցույթների և փոփոխությունների մասին հարմարեցված էլեկտրոնային փոստով ծանուցում մասնակիցներին.

մասնակիցների համար` իրենց հայտերի ընթացքին առցանց հետևելու կարողություն.

տեղեկատվություն շնորհված պայմանագրերի մասին.

արխիվացված պայմանագրեր` հանրության կողմից դրանց վերաբերյալ հարցումներ կատարելու կարողությամբ.

անվտանգ կառավարման տեղեկատվական համակարգ, որն աուդիտորական հիմքերի, մուտքի գրանցման, ինչպես նաև համապարփակ ղեկավարման տեղեկատվության հնարավորություն է ընձեռում:


Էլեկտրոնային ձեռքբերում

 

Էլեկտրոնային ձեռքբերումը փոքրարժեք և մեծածավալ գնումների կատարումն է` բաց շուկայից կամ նախապես որակավորված կամ գրանցված մասնակիցներից: Էլեկտրոնային ձեռքբերման համակարգը համեմատաբար բարդ է, քանի որ բազմաթիվ պատվիրատուների և մասնակիցների համար առկա է գործունեության և գործարքների ներդաշնակեցման կարիքը: Էլեկտրոնային ձեռքբերումների համակարգը նախատեսում է`

գործարարների առցանց գրանցում,

գնման քաղաքականության մատչելիություն` իրական ժամանակում,

գնորդի լիազորման կառավարում,

առցանց գնանշումներ և տեղեկատվական հոսք,

էլեկտրոնային գնումների գործարքներ,

ֆինանսական կառավարման ինտեգրացիա,

տվյալների շտեմարան,

հակադարձ սակարկություններ,

առցանց կատալոգներ:

Էլեկտրոնային ձեռքբերումների համակարգի ֆունկցիոնալ կարողությունները պետք է առնվազն բնութագրվեն հետևյալ կերպ`

բազմակողմ ֆունկցիոնալություն (մի քանի գնորդներ և մի քանի վաճառողներ),

ապակենտրոնացված գնորդներ և վաճառողներ,

մասնակիցների որոնում` ըստ անվան, խմբի, գտնվելու վայրի և պայմանագրի,

մասնակիցների առաջարկների (կատալոգների) ուսումնասիրում,

տեղեկատվության և գնանշումների առաջարկների հավաքում և տրամադրում,

գնումների վավերապայմանների սահմանում,

համակարգում ապրանքների ստացում,

գնորդի տվյալների կառավարում,

մասնակիցների տվյալների կառավարում,

մեկանգամյա մուտք գործելու հնարավորություն,

ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգին ինտեգրում,

էլեկտրոնային շուկայում բոլոր գործողությունների մասին հաշվետվության տրամադրում,

վճարման ուղեմուտի ինտեգրում,

մատակարարման գործընթացի շղթայական կառավարում, գրառում և հաշվետվություն:

 

Համակարգում և ղեկավարում

 

Հայաստանում էլկետրոնային գնումների համակարգի ներդրման գործընթացը և դրա հետ կապված ռիսկերի կառավարման մոդելը ներառում է 5 հիմնական բաղկացուցիչ: Դրանք են`

Ներմուծեք նկարագրությունը_8667

 

Էլեկտրոնային գնումների համակարգի աշխատունակության, հասանելիության, թափանցիկության և մատչելիության ապահովման գործում նշանակալի է ղեկավար ստորաբաժանման դերը: Համակարգի ղեկավարման հիմնական սկզբունքներն են`

խուսափել պետական մարմինների և մասնավոր հատվածի կողմից էլեկտրոնային գնումների տարբեր համակարգերի` առանց փոխադարձ աշխատունակության զարգացումներից.

խուսափել կրկնվող համակարգային պահանջներից, ծախսերից և օգտվողների խառնաշփոթից:

Ղեկավար ստորաբաժանման լիազորություններն իրականացնում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը: Բացի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորություններից` լիազոր մարմինն էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման հետ կապված` կիրականացնի սույն ռազմավարությամբ վերապահված այլ լիազորություններ: Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պետք է պահպանի գնումների գործընթացի կարգավորման ու վերահսկման լիազորությունը, այդ թվում` նաև էլեկտրոնային գնումների մասով, սակայն էլեկտրոնային գնումների համակարգի շահագործումը կկազմակերպվի երրորդ կողմի` էլեկտրոնային գնումների սպասարկման կենտրոնի միջոցով, որը հաշվետու կլինի լիազոր մարմնին: Էլեկտրոնային գնումների սպասարկման կենտրոնի լիազորությունները կվերապահվեն «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որն էլեկտրոնային գնումների համակարգի օգտագործողներին նաև կցուցաբերի տեխնիկական օժանդակություն և համակարգի շահագործման նկատմամբ կապահովի համարժեք տեխնիկական հսկողություն: Ստորև ներկայացված է ղեկավար ստորաբաժանման կառուցվածքը և հիմնական գործառույթները.

Ներմուծեք նկարագրությունը_8668

 

 

Էլեկտրոնային գնումների համակարգի հետ կապված աշխատանքները կազմակերպելու նպատակով ղեկավար ստորաբաժանումը կապահովվի հետևյալ մասնագետներով`

տեխնոլոգիաների մասնագետ` հատկապես իրական ժամանակում աշխատող տեխնոլոգիաների և միջազգային ստանդարտների ոլորտում, որը կզբաղվի զարգացումների բացահայտմամբ և տեղայնացմամբ.

տնտեսական գործունեության զարգացման մասնագետ` պարտավոր է կապ պահպանել ձեռնարկատիրական հատվածի հետ, բացահայտել, վերլուծել ու գնահատել էլեկտրոնային գնումների հետ կապված վերջիններիս պահանջները.

գնումների և հանրային ոլորտի մասնագետ` ուսումնասիրում է գնման գործընթացի հետ կապված հանրային ոլորտի առանձնահատկությունները և բացահայտում էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով գնումների կազմակերպման հետ կապված խնդիրներն ու դրանց կարգավորման հնարավորությունները.

իրազեկման և վերապատրաստման մասնագետ` պատասխանատու է էլեկտրոնային գնումների մասով ուսուցման և իրազեկման ծրագրերի մշակման ու իրականացման համար.

էլեկտրոնային գնումների ռազմավարության իրականացումը համակարգող, որը պատասխանատու է սույն ռազմավարության համապատասխան էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման և գործունեության աշխատանքների կազմակերպման համար:

Ղեկավար ստորաբաժանման պաշտոնյաների համար կիրականացվեն էլեկտրոնային գնումների վերաբերյալ գործնական վերապատրաստման ծրագրեր:

Ղեկավար ստորաբաժանման աշխատանքներին աջակցելու և էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման աշխատանքներում շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից կսահմանվի խորհրդատվական մարմին: Խորհրդատվական մարմինը`

կազմված կլինի համեմատաբար խոշոր գնումներ կատարող պետական մարմինների այն պաշտոնյաներից, ովքեր պատասխանատու են գնումների գործընթացի կազմակերպման և ղեկավարման համար,

կներառի նաև ներկայացուցիչների տնտեսավարող հատվածից,

կղեկավարվի ղեկավար ստորաբաժանման կողմից:


ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Ռազմավարության իրականացման ընթացքում որպես մեկնարկային կետ պետք է օգտագործել Հայաստանում առկա գնումների համակարգի գնահատականը: Ղեկավար ստորաբաժանումը պատվիրատուների և մասնավոր հատվածի ուսումնասիրման միջոցով կձևավորի տվյալների համապատասխան շտեմարան: Շտեմարանը կապահովի չափորոշիչներ, որոնց միջոցով կորոշվեն թե ժամանակի յուրաքանչյուր պահին ինչպիսի նպատակներ պետք է սահմանվեն, և թե որոնք են հիմնական թիրախները: Այդ ցուցանիշների միջոցով կապահովվի նաև առաջընթացի գնահատականը: Շտեմարանը պետք է կազմված լինի առնվազն հետևյալ չափորոշիչներից`

մրցույթի գործընթացի միջին տևողությունը,

յուրաքանչյուր պատվիրատուի գործարքների թիվը,

մրցույթի գործընթացի կազմակերպման և մասնակցության միջին արժեքը` համապատասխանաբար գնորդների և մատակարարի համար,

գնման գործընթացների և գնման յուրաքանչյուր գործընթացին մասնակից հայտատուների միջին թիվը,

տարեկան կտրվածքով չեղյալ հայտարարված գնման գործընթացների թիվը,

գնված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գները,

գնման կառուցվածքը (գործարքների տոկոսային արտահայտությունը յուրաքանչյուր գնային տիրույթում),

ապրանքների, ծառայությունների և աշխատանքների դասակարգումը:

Յուրաքանչյուր պետական մարմնի համար պետք է կազմել այս չափորոշիչները: Դրանք էական են նաև էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման համար ակնկալվող աշխատանքային ծանրաբեռնվածությունը բացահայտելու համար, որոնք իրենց ազդեցությունն են թողնում ծախսերի և գործունեության ծրագրավորման վրա:

Հաջորդ գործողությամբ ղեկավար ստորաբաժանման կողմից պետք է վերանայվեն և ստանդարտացվեն գնումների գործընթացի կառավարման գործընթացները և գնումների կատարման ընթացակարգերը, պետք է սահմանվի գնումների գործընթացի տեղեկատվական հոսքերի կառավարման միասնական համակարգի նկարագիրը: Այդ նպատակով պետք է`

վերանայել գործող կանոնները և գործընթացի կառավարման գործընթացները` վեր հանելու համար այն կանոնները և գործընթացները, որոնք կարող են արդիականացվել, ձևափոխվել կամ վերանայվել էլեկտրոնային գնումների ներդրման նպատակով.

առանձին ուսումնասիրել համակարգն օգտագործող պետական մարմինների կարիքների համադրելիությունն այն առումով, որպեսզի կարողանա գործել էլեկտրոնային գնումների մեկ համակարգ.

անհրաժեշտության դեպքում վերանայել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և գնումների մասին այլ իրավական ակտեր` էլեկտրոնային գնումների համակարգի պահանջներին համադրելիությունն ապահովելու նպատակով:

Այս ուսումնասիրությունների արդյունքում կկազմվի էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման ծրագիրը` տեխնիկական առաջադրանք, որը հիմնականում կներառի էլեկտրոնային գնումների համակարգի ֆունկցիոնալ ու տեխնիկական նկարագիրը և նշված համակարգին ներկայացվող պահանջները: Այս աշխատանքները կկատարվեն Համաշխարհային բանկի «Պետական հատվածի արդիականացում» վարկային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:


ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ

 

Նախատեսվում է էլեկտրոնային գնումների համակարգը ներդնել փուլային ձևով` 2006-2009 թվականների ընթացքում: Առաջին փուլում կիրականացվեն համակարգի ներդրման նախապատրաստական աշխատանքները, այդ թվում` կկազմվի էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման ծրագիրը, որը կներառի նաև համակարգի ներդրման աշխատանքների մանրամասն ծրագիրը և ժամանակացույցը: Երկրորդ փուլում կներդրվի էլեկտրոնային մրցույթների համակարգը, իսկ երրորդ փուլում` էլեկտրոնային ձեռքբերումների համակարգը: Երրորդ փուլում ներգրավվող որոշ աշխատանքներ կարող են իրականացվել երկրորդ փուլի աշխատանքներին զուգահեռ:

Նախատեսված աշխատանքները կիրականացվեն` համաձայն հավելվածի:

Գնումների ավանդական (ոչ էլեկտրոնային) համակարգը կշարունակի գործել էլեկտրոնային մրցույթների և էլեկտրոնային ձեռքբերումների համակարգերի շահագործմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում: Նշված ժամանակահատվածում կբացահայտվեն և կկարգավորվեն էլեկտրոնային գնումների համակարգի գործնականում կիրառման ժամանակ առաջացող խնդիրները:


ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ

 

Միայն պետական հատվածի կարիքներով սահմանափակվող Էլեկտրոնային գնումների համակարգը, ի վերջո, կարող է հանգեցնել գնորդների համար փոքր արժեք ներկայացնող համակարգի, որի դեպքում պատվիրատուները կշարունակեն օգտվել նախկին գործընթացներից, և բարեփոխումը կձախողվի: Չի կարելի համարել, որ ձեռնարկատիրական հատվածի մասնակցությունն այսպես, թե այնպես ապահովված է:

Միաժամանակ, առանց տեղական տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի համարժեք ներգրավման, էլեկտրոնային գնումների համակարգում չի կարող արձանագրվել արդյունավետ առաջընթաց: Տեղական տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների աջակցությունն անհրաժեշտ է համակարգի սպասարկման, մատակարարների փոխկապակցման, ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ինտեգրման և այլ համանման ծառայությունների ապահովման համար:

Էական նշանակություն ունեն գործարարության իրազեկման, նրանց խորհրդատվություն տրամադրելու և կողմնորոշման ծրագրերը: Այդ և մյուս համանման հարցերը պետք է արտացոլվեն էլեկտրոնային գնումների քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերում, իսկ ղեկավար ստորաբաժանումը պետք է հետամուտ լինի այդ ծրագրերի իրականացմանը:

Ղեկավար ստորաբաժանումը, խորհրդակցելով գործարար հատվածի առանցքային ասոցիացիաների հետ, կմշակի և կտարածի գնումների գործընթացում գործարարության գործունեության ակտիվացման ռազմավարություն: Նշված ռազմավարությունը տարածելու հիմնական մեթոդը կհանդիսանան գնումների խորհրդատվական մարմնի կազմում գործարար հատվածի ներգրավումը, գործարարների համար սեմինար-խորհրդակցությունների կազմակերպումը և այլն:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված
Էլեկտրոնային գնումների համակարգի
ներդրման ռազմավարության

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

NN
ը/կ

Աշխատանքը

Ժամկետը

ՓՈՒԼ I. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

1.

Գնումների գործող համակարգի գնահատում և էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման աշխատանքների կազմակերպման նպատակով անհրաժեշտ տվյալների շտեմարանի ստեղծում

2006 թ.
1-ին կիսամյակ

2.

Էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման ծրագրի մշակման աշխատանքների սկիզբ

3.

Էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման ծրագրի մշակման աշխատանքների ավարտ

4.

Ղեկավար ստորաբաժանման սահմանում, հաստիքներով համալրում, գնումների խորհրդատվական մարմնի կազմավորում

ՓՈՒԼ II. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

1.

Էլեկտրոնային մրցույթների համակարգի մշակման կամ գնման աշխատանքների սկիզբ

2008 թ.
հունվար

2.

Էլեկտրոնային մրցույթների համակարգի մշակման կամ գնման աշխատանքների ավարտ, այդ թվում` ապարատային ապահովումների գնում և համակարգի թեստավորում

3.

Էլեկտրոնային մրցույթների համակարգի ներդրում, այդ թվում` գործող համակարգում անհրաժեշտ փոփոխությունների կատարում և գնումների մասնագետների վերապատրաստում

4.

Էլեկտրոնային մրցույթների համակարգի շահագործման սկիզբ

ՓՈՒԼ III. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ

1.

Էլեկտրոնային ձեռքբերումների համակարգի մշակման կամ գնման աշխատանքների սկիզբ

2009 թ.
հունվար

2.

Էլեկտրոնային ձեռքբերումների համակարգի մշակման կամ գնման աշխատանքների ավարտ, այդ թվում` ապարատային ապահովումների կարիքի վերագնահատում և գնում ու համակարգի թեստավորում

3.

Էլեկտրոնային ձեռքբերումների համակարգի ներդրում, այդ թվում` գործող համակարգում անհրաժեշտ փոփոխությունների կատարում և գնումների մասնագետների վերապատրաստում

4.

Էլեկտրոնային ձեռքբերումների համակարգի շահագործման սկիզբ