Գլխավոր տեղեկություն
Համար
N 1285-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.09.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.09.07/58(430) Հոդ.1124
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 29 օգոստոսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2005 թվականի N 1285-Ն

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մանուկների  ու պատանիների շրջանում կազմակերպվող ուսումնամարզական միջոցառումների  իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ
     

Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 24
Երևան

 Հավելված
ՀՀ  կառավարության 2005 թվականի
օգոստոսի 18-ի N 1285-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ


1. Սույն կարգով սահմանվում է մանուկների ու պատանիների շրջանում կազմակերպվող ուսումնամարզական միջոցառումների իրականացման կարգը, որի նպատակը մանուկների և պատանիների առողջության ամրապնդումն է, նրանց բազմակողմանի ու ներդաշնակ զարգացումը, առողջ ապրելակերպի ձևավորումը, ֆիզիկական կարողությունների բարելավումը և ընդհանուր մարզական պատրաստության մակարդակի բարձրացումը, հայրենասիրության ոգով դաստիարակումն ու հայրենիքի պաշտպանությանը նախապատրաստումը:

2. Մանուկների և պատանիների շրջանում կազմակերպվող ուսումնամարզական միջոցառումներն իրականացվում են մանկապատանեկան մարզադպրոցների խմբերում, մարզական կազմակերպությունների հավաքական թիմերում և մարզաձևերի սեկցիաներում ուսումնամարզական պարապմունքների միջոցով, ընդ որում՝

ա) ուսումնամարզական պարապմունքները ղեկավարում են բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող մարզիչ-մանկավարժները.

բ) ուսումնամարզական պարապմունքներին կարող են մասնակցել բժշկի մասնագիտական եզրակացություն և ծնողի կամ օրինական ներկայացուցչի (որդեգրող, խնամակալ, հոգաբարձու) գրավոր համաձայնություն ունեցող մանուկներն ու պատանիները.

գ) ուսումնամարզական պարապմունքների հաճախականությունը, տևողությունը և ծանրաբեռնվածությունը կախված են մանուկների ու պատանիների տարիքից, ընտրած մարզաձևի առանձնահատկություններից.

դ) ամռան ամիսներին ուսումնամարզական պարապմունքներն անցկացվում են ուսումնամարզական ճամբարներում` մեկ կամ երկամսյա տևողությամբ, որոնց հաջորդում են օրգանիզմի վերականգնման ու ամրապնդման միջոցառումները.

ե) հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներում, մարզական կազմակերպությունների` ըստ մարզաձևերի` սեկցիաներում ընդգրկված մանուկների և պատանիների ուսումնամարզական պարապմունքներն ու այլ մարզական միջոցառումները կազմակերպվում են մարզակառույցներում` ըստ բնակության վայրի, իսկ ամռան ամիսներին՝ բակային ճամբարներում:

3. Հանրապետության տարբեր մարզաձևերի պատանեկան հավաքական թիմերի (այսուհետ` հավաքական թիմեր), մարզական կազմակերպությունների և մարզադպրոցների պատանեկան հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքների կազմակերպումը նախատեսում է`

ա) հավաքական թիմերի հավաքների կազմակերպում` ըստ նախօրոք հաստատված ծրագրերի` 12-24 օր տևողությամբ.

բ) հավաքական թիմերի հավաքների ժամանակ կազմակերպվող, առաջադրանքներով պայմանավորված ուսումնամարզական պարապմունքների որոշակի քանակ (շաբաթական 6-9 անգամ, յուրաքանչյուրը` 1,5-2,5 ժամ տևողությամբ, չհաշված ամենօրյա առավոտյան լիցքային վարժությունները և կրոսավազքերը).

գ) ուսումնամարզական հավաքների կազմակերպում` հավաքական թիմերի մարզիչ-մանկավարժների ղեկավարությամբ, որոնք ընտրվում են մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի կողմից՝ փորձառու և վաստակաշատ մարզիչ-մանկավարժների կազմից:

4. Մանուկների ու պատանիների շրջանում կազմակերպվող ուսումնամարզական պարապմունքների և հավաքների իրականացման ու առաջադրված խնդիրների ամբողջական լուծման անհրաժեշտ պայմաններն են`

ա) մանուկների ու պատանիների առաջիկա մրցումներին նախապատրաստելու և հաջող մասնակցությունն ապահովելու նպատակով նախամրցակցային ժամանակահատվածում մրցումային, մրցակցային գործընթացին ուսումնամարզական միջոցառումների մոտեցումը,

բ) հաշվի առնելով պատանի մարզիկների ֆիզիկական կարողությունների կատարելագործման, նրանց տեխնիկատակտիկական և հատկապես հոգեբանական պատրաստականության բարելավման կարևորությունը` հավաքական թիմի` մարզչական խորհրդի կողմից մշակված ծրագրով ուսումնամարզական հավաքների կազմակերպումը,

գ) գործնական պարապմունքներին հաջորդող` ըստ մշակված ծրագրերի` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հիմնական դերին ու նշանակությանը, մարզաձևի մրցումների անցկացման կանոնակարգերին և մրցավարությանը, առողջ ապրելակերպի, սննդի ու քնի, հիգիենայի, հակադոպինգային հսկողության նպատակներին և խնդիրներին վերաբերող տեսական պարապմունքները, որոնք ուղեկցվում են տեսաժապավենների ցուցադրմամբ, անվանի մարզիկների, մարզիչների, մարզական գործիչների և գիտնականների հետ հանդիպումներով, համաշխարհային սպորտի նվաճումների մասին տեղեկատվությամբ և այլ միջոցառումներով,

դ) մանուկների և պատանիների համար նախատեսված ժամանակակից մարզագույքով ու սարքավորումներով, հարմարավետ հանդերձարաններով, սանհանգույցներով ու լոգարաններով  հագեցված, ջեռուցվող մարզակառույցների առկայությունը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
          

Մ. Թոփուզյան


 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան