Գլխավոր տեղեկություն
Համար
N 1147-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.09.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.25/55(427) Հոդ.1056
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 15 օգոստոսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հուլիսի 2005 թվականի N 1147-Ն

ՋՐԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի  2-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրերի ստանդարտների սահմանման կանոնակարգերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգերի 5-րդ մասով նախատեսված` մակերևութային ջրային ռեսուրս թափվող կեղտաջրերում վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար գործողության մեջ են դրվում` հաշվի առնելով կեղտաջրերի մաքրման կայանների տեխնիկական հնարավորությունները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ
     

Ա. Մարգարյան

2005 թ. օգոստոսի 4
     Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 28-ի N 1147-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ Ե Ր

ՋՐԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույնով սահմանվում են խմելու-տնտեսական և կուլտուր-կենցաղային (մարդկանց կարիքները բավարարելու), ոռոգման, արդյունաբերական նպատակներով օգտագործվող անհրաժեշտ ջրի որակի սահմանման ստանդարտները, ինչպես նաև մակերևութային ջրային ռեսուրս թափվող կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքերի չափանիշների որոշման կանոնակարգերը:

2. Տարբեր նպատակներով միևնույն ջրային ռեսուրսի միաժամանակյա օգտագործման դեպքում կիրառվում են տվյալ ջրային ռեսուրսի համար առավել խիստ սահմանված ստանդարտները:

3. Եթե բնական գործոնների ազդեցությամբ ջրային ռեսուրսում գերազանցվում է առանձին նյութերի կոնցենտրացիան, ապա այդ դեպքում պետք է մշակվեն տվյալ ջրային ռեսուրսին կամ ջրավազանին բնորոշ ջրի որակի ստանդարտներ` հաշվի առնելով բնական գործոնի ազդեցությունը:

4. Ջրերի ստանդարտները մշակում են`

խմելու-տնտեսական և կուլտուր-կենցաղային (մարդկանց կարիքները բավարարելու) ջրի որակի ստանդարտները` առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմինը, հաշվի առնելով ջրային տնտեսության ոլորտի պետական լիազոր մարմնի առաջարկությունները,

ոռոգման նպատակով օգտագործվող ջրերի ստանդարտները` գյուղատնտեսության ոլորտի պետական լիազոր մարմինը` հաշվի առնելով առողջապահության, բնապահպանության և ջրային տնտեսության ոլորտների պետական լիազոր մարմինների առաջարկությունները,

արդյունաբերական նպատակով օգտագործվող ջրերի ստանդարտները` արդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմինը` հաշվի առնելով բնապահպանության և ջրային տնտեսության ոլորտների պետական լիազոր մարմինների առաջարկությունները,

մակերևութային ջրային ռեսուրս թափվող կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքերի չափանիշները` բնապահպանության ոլորտի պետական լիազոր մարմինը` հաշվի առնելով առողջապահության և ջրային տնտեսության ոլորտների պետական լիազոր մարմինների առաջարկությունները:

5. Ջրերի ստանդարտները պետք է լինեն`

իրատեսական և սահմանվեն` ելնելով ներկա բնապահպանական և տնտեսական իրավիճակից, ինչպես նաև մաքրման կայանների տեխնիկական ու տեխնոլոգիական վիճակից ու առանձնահատկություններից,

սկզբունքորեն հսկվող, վերահսկվող, ստուգվող,

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 66-րդ և 70-րդ հոդվածների պահանջներին, Եվրամիության համապատասխան բազային հռչակագրերին և փաստաթղթերին համապատասխան:

6. Ջրերի ազգային ստանդարտները հաստատում է ստանդարտացման ազգային մարմինը` «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

II. ԽՄԵԼՈՒ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԿՈՒԼՏՈՒՐ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ (ՄԱՐԴԿԱՆՑ ԿԱՐԻՔՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ) ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՋՐԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

7. Խմելու-տնտեսական նպատակով օգտագործվող ջուրը պետք է համապատասխանի մարդկանց` անկախ տարիքից ու սեռից, առողջության, ներկա և ապագա սերունդների համար անվտանգ մանրէաբանական, ճառագայթային, օրգանոլեպտիկ, վնասակար նյութերի սանիտարական նորմաներով ու կանոններով սահմանված ցուցանիշներին ու Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի  70-րդ հոդվածի դրույթներին:

8. Կուլտուր-կենցաղային նպատակով օգտագործվող ջրի ստանդարտները պետք է համապատասխանեն խմելու ջրի ստանդարտներին և ռեկրեացիոն բոլոր նպատակների (հանգստի, լողի, լողանալու, սպորտի, տուրիզմի և այլն) համար սահմանված չափանիշներին, և լինեն անվտանգ մարդկանց առողջության (ներկա և ապագա սերունդների) համար` մանրէաբանական, օրգանոլեպտիկ, վնասակար նյութերի սանիտարական նորմերի ու կանոնների առումով ու պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթներին:

III. ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՋՐԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

9. Ոռոգման նպատակով օգտագործվող ջրերի ստանդարտները պետք է համապատասխանեն մշակաբույսերի բնականոն աճի համար անհրաժեշտ, ջրում առկա քիմիական, ֆիզիկական և կենսաբանական բաղադրիչների համար սահմանված չափանիշներին:

10. Ոռոգման նպատակով օգտագործվող ջրերը չպետք է գտնվեն`

ա) ստորերկրյա խմելու ջրերի քիմիական, ֆիզիկական կամ կենսաբանական ներգործության սահմաններում,

բ) հազվագյուտ և անհետացող կենդանական ու բուսական աշխարհի օբյեկտների համար (այսուհետ` անհետացող օբյեկտներ) բնակության միջավայր հանդիսացող ջրային ռեսուրսների ներգործության սահմաններում:

11. Ջրօգտագործողը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության պետական լիազոր մարմնի թույլտվությամբ կարող է օգտագործել այդ ջրերը ոռոգման նպատակներով, եթե ոռոգվող հողերի հարևանությամբ բնակվող անհետացող օբյեկտների անվտանգության համար կան հիմնավորված ապացույցներ:

IV. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՋՐԻ ՈՐԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

12. Արդյունաբերության գործընթացում հովացման, հիդրոէներգետիկայի և այլ օգտագործման նպատակների համար օգտագործվող ջրերի ստանդարտների արժեքները կարող են լինել տարբեր, բացառությամբ այն դեպքերի, երբ ջրերի որակը կարող է բացասաբար ազդել արդյունաբերության վերը նշված որևէ գործընթացի վրա:

13. Սննդի արդյունաբերության մեջ օգտագործվող ջուրը, որն օգտագործվում է բուն սննդի արտադրության նպատակով, պետք է համապատասխանի խմելու-տնտեսական և կուլտուր-կենցաղային նպատակներով օգտագործվող ջրերի ստանդարտներին:

14. Արդյունաբերության գործընթացում առաջացող կեղտաջրերը`

կոյուղի թափվելիս պետք է համապատասխանեն տվյալ մաքրման կայանի կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքերի չափանիշներին,

ջրային ռեսուրս թափվելիս պետք է համապատասխանեն տվյալ ջրօգտագործման նպատակայնության ջրային ռեսուրսի համապատասխան ստանդարտներին:

15. Նույն որակի ջրերի օգտագործման գերակայությունները պետք է համապատասխանեն «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին:

V. ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍ ԹԱՓՎՈՂ ԿԵՂՏԱՋՐԵՐՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

16. Խմելու-տնտեսական և կուլտուր-կենցաղային նպատակներով օգտագործվող ջրային ռեսուրսներ կեղտաջրերի արտանետման ժամանակ ջրի որակի ստանդարտները պետք է պահպանվեն ջրահոսքի ուղղությամբ ամենամոտ ջրօգտագործման կետից մեկ կիլոմետր վերև:

17. Անհետացող օբյեկտների համար բնակության միջավայր հանդիսացող ջրային ռեսուրսներ կեղտաջրերի արտանետման ժամանակ ջրի որակի ստանդարտները պետք է պահպանվեն ջրահոսքի ուղղությամբ ամենամոտ ջրօգտագործման կետից 500 մետր վերև:

18. Մակերևութային ջրային ռեսուրս թափվող թույլատրելի սահմանային արտահոսքերի որոշումները պետք է ներառեն, սակայն չսահմանափակեն, հետևյալ չափորոշիչները`

գետերի համար` գետի երկարությունը, վտակների քանակությունը, ջրավազանի գետային ցանցի խտությունը, գետից տարեկան ջրառը, միջին տարեկան հոսքի արագությունը, միջին բազմամյա ծավալը, միջին տարեկան աղտոտվածությունը, աղտոտվածության բնական ֆոնը, ինքնամաքրման ունակությունը,

լճերի համար` ջրի ծավալը, մարդածին ֆիզիկական, քիմիական և կենսաբանական աղտոտվածությունը, լիմնոլոգիական վիճակը (հետերոտրոֆ, մեզոտրոֆ, էվտրոֆ), հիպոլիմնիոնի առկայությունը և մեծությունը:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     


Մ. Թոփուզյան