Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության ԵՎ Սիրիայի Արաբական Հանրապետության միջԵՎ քաղաքացիական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին
Հայաստանի Հանրապետությունը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը, այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր,
ցանկանալով խրախուսել արդյունավետ համագործակցությունը դատական և իրավական գործերում, վճռական լինելով կարգավորել քաղաքացիական գործերով դատական փաստաթղթերի և դրանց առնչվող արտադատական փաստաթղթերի (այսուհետ՝ փաստաթղթեր) հանձնման, ապացույցների ձեռքբերման և քաղաքացիական գործերով դատական որոշումների ճանաչման և կատարման հարցերը,
համաձայնեցին հետևյալի մասին:
Հոդված 1 |
|
1. Պայմանավորվող կողմերը դատական փաստաթղթերը և դրանց առնչվող արտադատական փաստաթղթերը միմյանց են ուղարկում իրենց արդարադատության նախարարությունների միջոցով՝ դատական ծանուցագրերի հանձնման վերաբերյալ հայցվող Կողմի օրենքներով նախատեսված ընթացակարգերին համապատասխան։ Սույն Համաձայնագրին համապատասխան հանձնված փաստաթղթերը դիտվում են որպես հայցող Կողմի տարածքում հանձնված։
2. Նախորդ կետի դրույթները չեն սահմանափակում Պայմանավորվող կողմերից որևէ մեկի իրավունքը՝ ապահովել այդ փաստաթղթերի հանձնումն իր դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների միջոցով, իրենց այն քաղաքացիների մասով, որոնք մշտապես բնակվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում՝ առանց վերջինիս համար որևէ պատասխանատվություն առաջացնելու։
3. Անձի, որին վերաբերում է փաստաթուղթը, քաղաքացիության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում այդ անձի քաղաքացիությունը որոշվում է այն Պայմանավորվող կողմի իրավունքով, որտեղ այդ փաստաթղթերը հանձնվելու են։
Հոդված 2 |
|
Փաստաթղթերի հանձնման վերաբերյալ հարցումը ներառում է պահանջվող անձի մասին բոլոր մանրամասն տեղեկությունները, մասնավորապես՝ նրա անունը, ազգանունը, քաղաքացիությունը (եթե հայտնի է), զբաղմունքի տեսակը, բնակության վայրը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ նրանց գրասենյակը կամ գործունեության վայրը և հանձնման ենթակա փաստաթղթերի պաշտոնական գրությունը՝ բնօրինակով կամ պատճեններով՝ կախված գործից. նշված փաստաթղթերի նույնականացման հաստատում կամ նման այլ գործողության կատարում չի պահանջվում։
Հոդված 3 |
|
1. Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան` փաստաթղթերի փոխանցման վերաբերյալ հարցումը չի կարող մերժվել, բացառությամբ եթե հայցվող Կողմը գտնում է, որ այդ փաստաթղթերի և նյութերի բովանդակությունը վնասում է այդ Կողմի հանրային կարգին կամ հանրության բարքերին։
2. Փաստաթղթերի փոխանցումը չի կարող մերժվել այն բանի հիման վրա, որ հայցվող Կողմի իրավունքն իր դատարաններին բացառիկ իրավասություն է տալիս լսելու այն գործը, որի համար փաստաթղթերը ներկայացվել են, կամ այդ փաստաթղթերով չի հիմնավորվում գործի էությունը։
3. Ցանկացած ժամանակ, երբ փաստաթղթերի հանձնումը հնարավոր չէ իրականացնել, հայցվող Կողմը հայցող Կողմին անհապաղ ծանուցում է դրա պատճառների մասին։
Հոդված 4 |
|
Հայցվող Կողմի իրավասու մարմինը փաստաթղթերը հանձնում է իր օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան։ Փաստաթղթերի հանձնումը կարող է կատարվել հայցող Կողմի նշած հատուկ ձևով՝ պայմանով, որ այն չհակասի հայցվող Կողմի օրենքներին։
Հոդված 5 |
|
Հայցվող Կողմի իրավասու մարմնի գործունեությունը սահմանափակվում է փաստաթղթերը ստացողին հանձնելով։
Հանձնումը հաստատվում է փաստաթղթի պատճենի վրա ստացողի ստորագրությամբ կամ իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքով, որում նշվում է ստացողի անունը, հանձնման ժամանակը և ձևը։ Ստացողի կողմից ստորագրված փաստաթղթի պատճենը վերադարձվում է հայցող Կողմին։
Հոդված 6 |
|
Հայցվող Կողմը կրում է փաստաթղթերի հանձնման հետ կապված բոլոր ծախսերը կամ վճարները։
Հոդված 7 |
|
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում քննարկման մեջ գտնվող գործով կարող է մյուս Պայմանավորվող կողմից խնդրել` ձեռք բերել ապացույցներ կամ հայցող Կողմի անունից իրականացնել այլ դատական գործողություններ։
Հոդված 8 |
|
Ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ հարցումը հայցող Կողմի արդարադատության նախարարության կողմից անմիջականորեն կամ դիվանագիտական ուղիներով ուղարկվում է հայցվող Կողմի արդարադատության նախարարություն։ Դա չի կարող արգելք հանդիսանալ Պայմանավորվող կողմերից որևէ մեկի կողմից դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչների միջոցով իր քաղաքացիներից քաղաքացիական գործերով ապացույցներ ձեռք բերելու համար։
Հոդված 9 |
|
Ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ հարցումը ներկայացվում է հայցող Կողմի իրավունքին համապատասխան։ Հարցումը և դրան կից բոլոր փաստաթղթերը ստորագրվում են և կնքվում հայցող Կողմի իրավասու մարմնի կնիքով՝ առանց հետագա նույնականության հաստատման անհրաժեշտության։
Ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ հարցման մեջ նշվում են գործի բնույթը և հարցման առարկան, հարցումը ներկայացնող մարմինը, գործի հանգամանքներին վերաբերող մանրամասն տեղեկությունները, վկաների անունները՝ նրանց մշտական բնակության վայրի նշումով, և նրանց տրվելիք հարցերը։
Հոդված 10 |
|
Հայցվող Կողմը, հարցման համաձայն, ձեռնարկում է ապացույցներ ձեռք բերելու միջոցներ և չի մերժում դրա կատարումը` բացառությամբ հետևյալ դեպքերի, մասնավորապես`
ա) եթե հայցվող Կողմի դատական մարմինն ապացույցներ ձեռք բերելու իրավասություն չունի,
բ) եթե ապացույցներ ձեռք բերելը վնասում է հայցվող Կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հանրային կարգին կամ հանրության բարքերին։
Եթե ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ հարցումը մերժվում է, ապա հայցվող Կողմն անհապաղ ծանուցում է հայցող Կողմին մերժման մասին և վերադարձնում է փաստաթղթերը՝ նշելով դրա պատճառները։
Հոդված 11 |
|
Ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ հարցումը կատարվում է հայցվող Կողմի օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան։ Եթե հայցող Կողմը ցանկանում և ուղղակիորեն դիմում է ապացույցներ ձեռք բերելու հատուկ ձևի կիրառման համար, ապա հայցվող Կողմը բավարարում է այդ խնդրանքը, եթե հարցումը չի հակասում իր օրենքներին և այլ իրավական ակտերին։
Հոդված 12 |
|
Հայցվող Կողմը կրում է ապացույցներ ձեռք բերելու հետ կապված ծախսերը` բացառությամբ պաշտոնատար անձինք չհանդիսացող վկաների և փորձագետների համար կատարվող ծախսերի, որոնք կրում է հայցող Կողմը՝ հայցվող Կողմի օրենքներին համապատասխան։
Հոդված 13 |
|
Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան ապացույցներ ձեռք բերելու հետ կապված դատական գործառույթն ունի այն նույն իրավաբանական ուժը, որը կունենար, եթե այն իրականացվեր հայցող Կողմի իրավասու մարմնի կողմից։
Հոդված 14 |
|
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս Պայմանավորվող կողմի դատարանների կողմից քաղաքացիական գործերով կայացված որոշումները և դրանք կատարում է իր տարածքում, եթե այդ որոշումներն ուժի մեջ են մտել, անցել են վերանայման կարգով բոլոր ընթացակարգերը և ենթակա են կատարման, ինչպես նաև` կայացվել են իրավասու դատարանների կողմից՝ իրավասությանն առնչվող միջազգային իրավունքի այն սկզբունքներին համապատասխան, որոնք կիրառելի են հայցվող Կողմի տարածքում:
2. Սույն Համաձայնագրում օգտագործվող «որոշումներ» բառը, անկախ դրա նշանակությունից, նշանակում է` Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի դատարանի կողմից դատական վարույթի ընթացքում ընդունված` ցանկացած ուժի մեջ մտած որոշում, որն անցել է վերանայման կարգով բոլոր ընթացակարգերը և ենթակա է կատարման Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի դատարանի դատական վարույթում։
Հոդված 15 |
|
Հայցվող Կողմի դատարանները հայցող Կողմի դատարանների իրավասության հիմքերն ուսումնասիրելիս ղեկավարվում են այն փաստերով, որոնք նշված են որոշման մեջ, և որոնց վրա հիմնված է իրավասությունը։
Հոդված 16 |
|
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող կողմի դատարանների որոշումները ճանաչում է և կատարում իր ազգային օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան։
2. Որոշումը չի ճանաչվում կամ չի կատարվում, եթե.
ա) որոշումը հակասում է հայցվող Կողմի սահմանադրական կարգին կամ հանրային կարգի սկզբունքներին,
բ) որոշումն ընդունվել է անձանց իրավական ներկայացուցչության՝ հայցվող Կողմում կիրառելի այն կանոնների խախտմամբ, որոնք վերաբերում են անգործունակությանը,
գ) որոշումն ընդունվել է անձի բացակայությամբ, և այդ մասին անձը, հայցող Կողմի կանոններին համապատասխան, պատշաճ կերպով չի ծանուցվել,
դ) որոշումը հակասում է սույն Համաձայնագրի որևէ դրույթի կամ հայցվող Կողմի իրավական համակարգին կամ դատարանների կամ երրորդ պետության դատարանների համար նախատեսում է այդպիսի որոշում ընդունելու բացառիկ իրավասություն,
ե) որոշումը վերաբերում է միևնույն անձանց միջև միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքով արդեն իսկ հարուցված գործին՝
- գործը գտնվում է հայցվող Կողմի դատարանի վարույթում, և այդ վարույթն առաջինն է հարուցվել,
- գործն ավարտվել է հայցվող Կողմի դատարանի որոշմամբ.
- գործն ավարտվել է երրորդ պետության դատարանի որոշմամբ, որը պետք է հայցվող Կողմի իրավունքով լիազորված լինի ճանաչելու և կատարելու այն։
Հոդված 17 |
|
1. Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն՝ հայցվող Կողմի իրավասու մարմինը չի վերանայում կատարման ենթակա որոշման էությունը։
2. Հայցվող Կողմի իրավասու դատական մարմինը սույն Համաձայնագրին համապատասխան որոշումը կատարելիս ձեռնարկում է անհրաժեշտ այնպիսի գործողություններ, որոնք կիրականացներ, եթե այդ որոշումն ընդունված լիներ իր կողմից։ Կատարումը կարող է իրականացվել՝ կապված որոշման հիմնական մասի հետ, ամբողջությամբ կամ մասնակիորեն, եթե այդ մասը բաժանելի է։
Հոդված 18 |
|
1. Հայցող Կողմը որոշման ճանաչման և կատարման համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
ա) որոշման պաշտոնական պատճենը,
բ) որոշումն ուժի մեջ մտնելու վերանայման բոլոր ընթացակարգերը անցնելու և կատարման ենթակա լինելու մասին տեղեկանք, եթե դա չի սահմանվում հենց որոշման մեջ,
գ) եթե որոշումն ընդունվել է անձի բացակայությամբ՝ դատական ծանուցագրերի կամ որևէ այլ փաստաթղթի բնօրինակը կամ նույնական պատճենը կամ այլ փաստաթուղթ, որը վկայում է այն մասին, որ պատասխանողը դատարան ներկայանալու համար պատշաճ կերպով ծանուցվել է։
2. Սույն հոդվածում նշված փաստաթղթերի հետ մեկտեղ ներկայացվում է հայցող Կողմի դատարանի տեղեկանքը, որում նշվում է այն ժամկետը, եթե այդպիսին կա, որի ընթացքում այդ որոշումը պետք է բավարարվի կամ այլ լուծում ստանա, և այդ տեղեկանքը, սույն Համաձայնագրով նախատեսված ընթացակարգերի նպատակների համար, այդպիսի բավարարման կամ այլ լուծման ժամկետը լրանալու վերջնական ապացույց է հանդիսանում։
Հոդված 19 |
|
Չխախտելով սույն Համաձայնագրի 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները՝ Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տարածքում արբիտրաժի կողմից ընդունված որոշումները ճանաչվում են և կատարվում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, եթե դրանք բավարարում են որոշումն ընդունած Պայմանավորվող կողմի պահանջները և չեն հակասում հայցվող Կողմի հանրային կարգին։
Հոդված 20 |
|
Հարցումները և օժանդակ փաստաթղթերը ուղեկցվում են հայցվող Կողմի պաշտոնական լեզվով կամ անգլերեն թարգմանությամբ։
Հոդված 21 |
|
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված բոլոր վեճերը Պայմանավորվող կողմերի միջև կարգավորվում են բանակցությունների միջոցով՝ դիվանագիտական ուղիներով։
Հոդված 22 |
|
Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ` դիվանագիտական ուղիներով սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:
Այդ փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 23-րդ հոդվածով ամրագրված միևնույն պահանջներին համապատասխան:
Հոդված 23 |
|
1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի կողմից սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից։
2. Սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է վեց ամիս հետո այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով տեղեկացնում է մյուս Կողմին սույն Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին:
3. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում սույն Համաձայնագրի վավերականության ժամանակահատվածում նախաձեռնված օգնության հարցումների վրա:
Կատարված է Դամասկոս քաղաքում 2010 թվականի մարտի 23-ին, երկու բնօրինակով` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։
Սույն Համաձայնագրի մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 25-ին