Գլխավոր տեղեկություն
Համար
N 759-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.07.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.06/42(414) Հոդ.842
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2005 թվականի N 759-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 950 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով Երևան քաղաքի կառուցապատման նպատակով պետության կարիքների համար վերցվող օտարման գոտիներում իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքի ու հողերի գնահատման և փոխհատուցման, ինչպես նաև հաշվառվածների իրավունքների ճանաչման ու դադարեցման դրույթների ճշգրտման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 5-ի «Երևանի Հյուսիսային պողոտայի և Երևան քաղաքի օտարման այլ գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը գնելու, վերցնելու գնային առաջարկի ձևավորման և իրացման կարգը հաստատելու մասին» N 950 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը վերցնելու, փոխհատուցելու, գնային առաջարկը ձևավորելու և իրացնելու կարգը հաստատելու մասին».

բ) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Հաստատել Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը վերցնելու, փոխհատուցելու, գնային առաջարկը ձևավորելու և իրացնելու կարգը` համաձայն հավելվածի։

1.1. Սույն որոշմամբ հաստատված կարգը չի տարածվում Հյուսիսային և Գլխավոր  պողոտաների իրացման գոտիներում արդեն իսկ կատարված գործառույթների վրա»:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 57-Ն որոշմամբ հաստատված` Երևանի Հյուսիսային պողոտայի և Երևան քաղաքի օտարման այլ գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը գնելու, վերցնելու գնային առաջարկի ձևավորման և իրացման կարգը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հունիսի 14
Երևան

     

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 759-Ն որոշման

Կ  Ա  Ր  Գ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ, ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՑՆԵԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով (այսուհետ՝ կարգ) սահմանվում են Երևան քաղաքում կառուցապատման նպատակով պետության կարիքների համար հողամասը վերցնելու կապակցությամբ օտարման (իրացման) գոտիներում (այսուհետ՝ իրացման գոտի) գտնվող սեփականատերերի գույքը (բնակելի և ոչ բնակելի շենքեր, շինություններ, հողամասեր) (այսուհետ` գույք) վերցնելու (փոխհատուցելու) (այսուհետ՝ փոխհատուցելու) և իրացնելու հետ կապված, ինչպես նաև հաշվառված (գրանցված) քաղաքացիներին աջակցություն տրամադրելու գործառույթները:

2. Սահմանել, որ ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները և ինքնակամ զբաղեցված հողամասերը (այսուհետ` ինքնակամ գույք) ենթակա չեն փոխհատուցման:

II. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

3. Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող գույքի փոխհատուցման և իրացման հետ կապված աշխատանքների, գնային առաջարկների կազմակերպումն իրականացվում է սույն կարգին համապատասխան:

4. Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող` ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու, գնային առաջարկները կազմակերպելու, փոխհատուցելու և իրացնելու հետ կապված աշխատանքներն իրականացնում է Երևանի քաղաքապետը՝ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության   միջոցով (այսուհետ՝ իրացնող):

5. Իրացնողը սույն կարգի համաձայն պարտավոր է անշարժ գույքը և հողամասը տիրապետող անձանց հետ կնքել պայմանագիր իրացվող անշարժ գույքը վերցնելու, փոխհատուցելու և դրանց դիմաց հատուցման պայմանների ու իրացման աշխատանքների իրականացման ժամկետների մասին:

6. Սույն կարգով սահմանվում են փոխհատուցման տարբերակներ, որոնք կստեղծեն կառուցապատման գոտում գտնվող գույքը վերցնելուն և իրացնելուն նպաստող պայմաններ:

III. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ  ՀԱՏՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

7. Օտարման գոտում գտնվող անշարժ գույքի` հողամասերի, շենքերի, շինությունների հատուցման գինը որոշելու համար հիմք է հանդիսանում անշարժ գույքի շուկայական արժեքը, որը որոշվում է մրցույթով հաղթող ճանաչված` գնահատման գործունեություն իրականացնող լիցենզավորված կազմակերպության (կազմակերպությունների) կողմից:

Անշարժ գույքի իրացման աշխատանքները սեղմ ժամկետներում կատարելու նպատակով կիրառվում են ֆինանսական խրախուսումներ՝ պայմանով, որ սեփականատերերը գնային առաջարկ ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կտան համաձայնություն մեկամսյա ժամկետում կնքելու պայմանագիր և պայմանագրով սահմանված ժամկետում քանդման նպատակով տարածքն ազատելու մասին: Անշարժ գույքի և հողամասի հատուցման գնի (փոխհատուցման) հաշվարկն իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ և  կարգով (բանաձևերով)`

ա) եթե անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքը կազմել է մինչև 1.750.000 Հայաստանի Հանրապետության դրամ, ապա խրախուսման գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`


ԽԳ=3.500.000 - ՇԱ,

որտեղ՝

ԽԳ-ն խրախուսման գումարն է,

ՇԱ-ն անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքն է,

բ) եթե անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքը կազմել է 1.750.001 -  2.500.000 Հայաստանի Հանրապետության դրամ, ապա խրախուսման գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ԽԳ=ՇԱ,

գ) եթե անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքը կազմել է 2.500.001 -20.000.000 դրամ, ապա խրախուսման գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ԽԳ=ՇԱ x [(1.1 - (0.00000004 x ՇԱ))],

դ) եթե անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքը կազմել է  20.000.001 Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի, ապա խրախուսման գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ԽԳ= 0.3 x ՇԱ,

ե) սեփականատերերին` անշարժ գույքի և հողամասի հատուցման (փոխհատուցման) գինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՀԳ= ՇԱ + ԽԳ,

որտեղ` ՀԳ-ն հատուցման (փոխհատուցման) գինն է:

8. Իրացվող տարածքում հաշվառված (գրանցված) անձանց, նրանց` անձնագրային տարիքի չհասած երեխաներին (անկախ ծննդյան տարեթվից և անկախ այն հանգամանքից, թե ծնողներից միայն մեկն է հաշվառված (գրանցված) իրացվող հասցեում, թե երկուսն էլ) տրամադրվում է աջակցություն՝ անձին 2.0 մլն Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ հիմք ընդունելով հաշվառման փաստը հաստատող փաստաթուղթը (անձնագիր, ծննդյան վկայական, հաշվառումը վարող լիազոր մարմնի տված տեղեկանք):

Աջակցության  գումար չի տրամադրվում սեփականատերերին և նրանց ընտանիքի անդամներին (ամուսնուն, անչափահաս և չափահաս, սակայն իրենց ընտանիքը չկազմած երեխաներին), չամուսնացած սեփականատիրոջ ծնողներին: Աջակցության գումար չի տրամադրվում նաև տարածքը պետության կարիքների համար վերցնելու լիազորություն ունեցող մարմնի որոշման հիման վրա սահմանափակումների գրանցումից հետո հաշվառվածներին (գրանցվածներին):

Առաջարկն ստանալուց հետո պայմանագիր կնքելու և տարածքն ազատելու մասին սույն կարգի 7-րդ կետի պահանջը կատարված լինելու դեպքում սույն կետով նշված քաղաքացիների նկատմամբ ևս  կիրառվում են խրախուսման միջոցներ՝ յուրաքանչյուր անձի համար մեկ մլն Հայաստանի Հանրապետության դրամի չափով, իսկ միայնակ բնակվող և առանձին տնտեսություն վարող անձանց համար` 2.5 մլն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

9. Եթե սեփականատերերին վճարվելիք անշարժ գույքի հատուցման գինը ցածր է հաշվառվածների` սույն կարգի 8-րդ կետով սահմանված աջակցության և խրախուսման հանրագումարից, ապա սեփականատիրոջը և ընտանիքի անդամներին վճարվում է սույն կարգի 8-րդ կետով սահմանված հաշվարկով:

Սույն կետի պահանջը կարող է կատարվել նաև այն դեպքում, երբ բաժնային սեփականություն հանդիսացող գույքի բաժնետերերից մեկը (կամ մի քանիսը), ինչպես նաև համասեփականատերերից յուրաքանչյուրը (համատեղ սեփականության մասնակիցների համաձայնությամբ բաժինները հավասար դիտելու դեպքում) ցանկանում է ստանալ իր հասանելիք գույքի արժեքը, իսկ մյուսները` հրաժարվում են սեփականությունից և ցանկանում են ստանալ սույն կարգի 8-րդ կետով սահմանված գումարը:

10. Օտարման գոտում գտնվող հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած անձանց, որպես դրամական փոխհատուցում, տրվում է տվյալ հողամասի օգտագործման կամ վարձակալության իրավունքի գնահատման արժեքը (տվյալ գոտու համար հողամասը վերցնելու մասին լիազորություն ունեցող պետական մարմնի որոշման հիման վրա պետական գրանցում ստանալու պահից)` մինչև վարձակալության ժամկետի ավարտն ընկած ժամանակամիջոցի համար:

Հողամասի օգտագործման կամ վարձակալության իրավունքի արժևորման և գնահատման համար տվյալ հողամասը դիտվում է որպես սեփականություն, և գնահատվում է նրա լավագույն ու արդյունավետ օգտագործման արդյունքում շուկայական արժեքը՝ եկամտաբերության մեթոդում կիրառելով 15.0 տոկոս կապիտալիզացման գործակից:

Հողամասի օգտագործման կամ վարձակալության իրավունքի գնահատման արժեքի (հատուցման գնի) որոշման համար հողամասի շուկայական արժեքի նկատմամբ կիրառվում են տարաժամկետ մնացորդային վարձակալության (օգտագործման) հետևյալ գործակիցները՝

ա) մինչև 2 տարվա համար` 0.1,

բ) 3-10 տարվա համար` 0.12,

գ)11-25 տարվա համար` 0.14,

դ) 26 տարվա և ավելիի համար` 0.16:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան