Գլխավոր տեղեկություն
Տիպ
Փոխըմբռնման հուշագիր
Ակտի տիպ
Base act (10.11.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2009.12.30/11(19) Հոդ.15
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
10.11.2009
Ստորագրման ամսաթիվ
10.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2009

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն  Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ԵՎ Հունգարիայի Հանրապետության գյուղատնտեսության ԵՎ տարածքային զարգացման նախարարության միջԵՎ գյուղատնտեսության ԵՎ սննդարդյունաբերության բնագավառում համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հունգարիայի Հանրապետության գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարարությունը (այսուհետ` Կողմեր),

 

հաշվի առնելով Հունգարիայի Հանրապետության անդամակցության կարգավիճակը Եվրոպական միությունում և գործելով այն միջազգային համաձայնագրերի և ազգային օրենքների շրջանակներում, որոնցով պարտավորված են Կողմերը,

 

ձգտելով զարգացնել և խթանել երկկողմ համագործակցությունը եվրոպական ինտեգրման ոլորտում` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ցանկությունը առաջնորդվել եվրոպական ժողովրդավարության սկզբունքներով,

 

ցանկանալով ստեղծել առավել սերտ կապեր երկու ազգերի միջև,

 

գիտակցելով Կողմերի համար տեխնիկական և գիտական նվաճումների և զարգացումների փոխշահավետ կարևորությունը,

 

հաշվի առնելով փոխշահավետությունը` Կողմերը խթանում են գիտական հետազոտությունները, գյուղատնտեսության բնագավառում կայուն զարգացումը և տեխնոլոգիաների փոխանակումը` երկու երկրներում այդ ռեսուրսների պատշաճ կիրառումն ապահովելու համար,

 

 համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Փոխըմբռնման հուշագրի նպատակն է մշակել և իրականացնել տեխնիկական ու գիտական համագործակցություն, իրագործել նախագծեր և ծրագրեր գյուղատնտեսության բնագավառում, մասնավորապես հետևյալ ոլորտներում.

 

պարենային և ոչ պարենային մշակաբույսերի արտադրություն,

բուսաբուծություն,

սերմնարտադրություն,

բանջարեղենի արտադրություն, խաղողագործություն և գինեգործություն,

գյուղատնտեսական ապրանքների ծագման պաշտպանության համատեղ երաշխիքներ,

գյուղատնտեսական տեխնիկայի արտադրություն,

բիոտեխնոլոգիաներ,

անասնապահություն և քաղցրահամ ջրերում ձկնաբուծություն,

անասնակերի արտադրություն,

սննդարդյունաբերություն և սննդամթերքի շղթայի անվտանգություն,

բույսերի պաշտպանություն և բույսերի առողջություն,

կենդանիների առողջություն,

բիովառելիք, բիոէներգետիկա,

ագրոբիզնեսի հետազոտություններ, ներառյալ շուկայի հետազոտումը,

գյուղական զարգացում,

գյուղատնտեսական մասնագիտական ուսուցում:

 

Հոդված 2

 

Սույն Փոխըմբռնման հուշագրի դրույթների համաձայն` Կողմերը կարող են ստորագրել լրացուցիչ հուշագրեր` տարբեր թիրախներ և իրականացման ժամանակացույցներ նշելու նպատակով, ինչպես նաև` այնպիսի կառույցների կամ անձանց, որոնք պատասխանատու են Կողմերի ստանձնած որոշակի պարտավորությունների, ֆինանսական հարցերի, նախագծերի և գործողությունների ծրագրերի վերջնաժամկետների և իրականացման համար:

 

Հոդված 3

 

Համագործակցության նախագծերն իրագործվում են հետևյալ եղանակներով.

 

ա) կրթության, մասնագիտական ուսուցման և հետազոտությունների ոլորտում համատեղ և համակարգված ջանքեր` խթանելու համար գյուղատնտեսության բնագավառում տնտեսական և սոցիալական զարգացումը,

բ) սեմինարների և խորհրդաժողովների կազմակերպում, սույն Փոխըմբռնման հուշագրի 1-ին հոդվածում նշված ոլորտների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում և գյուղատնտեսությանը վերաբերող փաստաթղթերի ընդհանուր փոխանակում,

գ) տեխնիկական համագործակցության ցանկացած այլ ձև, որն ուղղված է Կողմերի գյուղատնտեսության զարգացմանը:

 

Հոդված 4

 

Ագրոբիզնեսի ծրագրերի շրջանակներում Կողմերն իրականացնում են տեխնիկական համագործակցություն հետևյալ եղանակներով.

ա) մասնագիտացում, մասնագիտական հետագա ուսուցում և տեխնիկական փորձնական դասընթացներ կրթաթոշակների միջոցով,

բ) տեխնիկական խորհրդատվություն և փորձագետների, մասնագետների ու գիտնականների կողմից մատուցվող խորհրդատվական ծառայություններ,

գ) նախագծերի իրագործման համար անհրաժեշտ գործիքների և նյութերի փոխանակում,

դ) տեղեկատվության և փորձի փոխանակում` համաձայն յուրաքանչյուր երկրում կիրառվող օրենսդրության:

 

Հոդված 5

 

Ինչ վերաբերում է տեխնիկական համագործակցության տարբեր եղանակների մաս կազմող և սույն Փոխըմբռնման հուշագրի 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածներում նշված նախագծերի իրագործմանը, ապա Կողմերը համագործակցում են համաձայն իրենց համապատասխան ազգային օրենսդրության և միջազգային իրավական ստանդարտների: Կողմերի միջև երկկողմ համագործակցության բովանդակությունը, գործողության ոլորտը և ձևերը քննարկվում են առանձին և կարող են հիմք հանդիսանալ սույն Փոխըմբռնման հուշագրում լրացումներ կատարելու համար:

 

Հոդված 6

 

Սույն Հուշագրի կատարման հետ կապված բոլոր ճանապարհածախսերը հոգում է ուղարկող Կողմը, իսկ երկրի ներսում ճանապարհածախսերը հոգում է հյուրընկալ Կողմը:

 

Հոդված 7

 

Սույն Փոխըմբռնման հուշագրի մեկնաբանման կամ կատարման ընթացքում ծագած ցանկացած վեճ Կողմերը լուծում են բանակցությունների միջոցով:

 

Հոդված 8

 

Սույն Փոխըմբռնման հուշագրի դրույթները չեն ազդի երկու երկրների ազգային օրենսդրությունից և կառավարությունների կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերից բխող իրավունքների կամ պարտավորությունների կամ Եվրոպական միությանը Հունգարիայի Հանրապետության անդամակցությունից բխող իրավունքների կամ պարտավորությունների վրա:

 

Հոդված 9

 

Սույն Փոխըմբռնման հուշագրում ցանկացած լրացում կամ փոփոխություն կատարվում է Կողմերի փոխադարձ համաձայնությամբ և ձևակերպվում առանձին արձանագրության տեսքով, որը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Հոդված 10

 

Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից այն ստորագրվելու օրվանից:

Սույն Փոխըմբռնման հուշագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով, որից հետո այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Կողմերից որևէ մեկը սույն Փոխըմբռնման հուշագրի ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին չծանուցի այն դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Փոխըմբռնման հուշագրի գործողությունը չի ազդի սույն Հուշագրի շրջանակներում Կողմերի կողմից պատշաճ կերպով համաձայնեցված, սակայն մինչև սույն Փոխըմբռնման հուշագրի գործողության դադարեցումը չավարտված որևէ նախագծի կամ ծրագրի իրագործման վրա, եթե առանձին արձանագրությամբ Կողմերը այլ համաձայնություն ձեռք չեն բերել:

Կատարված է Բուդապեշտ քաղաքում 2009 թվականի նոյեմբերի 10-ին, երկու բնօրինակով` հայերեն, հունգարերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

Հուշագիրն ուժի մեջ է մտել 2009թ. նոյեմբերի 10-ին: