Գլխավոր տեղեկություն
Համար
N 629
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.11.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.11.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.11.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 1996 թվականի N 629

քաղ. Երևան

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ (ԳՅՈՒՂԱԿԱՆ) ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համայնքների սեփականություն հանդիսացող գույքի ցանկի հաստատումը, պատգամավորների նախկին քաղաքային (գյուղական) խորհուրդների գործադիր կոմիտեների լուծարման և դրանց գույքը տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնելու գործընթացի կազմակերպման ու վերահսկողության իրականացման նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության համայնքներում (բացի Երևանի թաղային համայնքներից) ստեղծել լուծարքային հանձնաժողովներ` համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչների գլխավորությամբ, դրանց կազմում ընդգրկելով պատգամավորների նախկին քաղաքային (գյուղական) խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահներին, համայնքների նորընտիր ղեկավարներին, պատգամավորների նախկին քաղաքային (գյուղական) խորհուրդների գործադիր կոմիտեների գլխավոր (ավագ) հաշվապահներին:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Գ. Գամազյանին` մեկշաբաթյա ժամկետում լուծարքային հանձնաժողովներն ապահովել պատգամավորների նախկին քաղաքային (գյուղական) խորհուրդների գործադիր կոմիտեների լուծարման գործընթացի կազմակերպման և իրականացման վերաբերյալ մեթոդական ցուցումներով:

3. Սահմանել, որ լուծարքային հանձնաժողովները`

ա) մինչև 1996 թվականի նոյեմբերի 25-ը, ըստ պատգամավորների համապատասխան խորհուրդների գործադիր կոմիտեների, սահմանված կարգով կազմակերպում են գույքագրում` ներառելով դրանց տնօրինության տակ գտնվող ամբողջ գույքը (հիմնական և շրջանառու միջոցները` վարչական շենքերը, ֆինանսական միջոցները և այլն).

բ) ապահովում են հաշվառված գույքի և գործավարական ու մյուս փաստաթղթերի հանձնումը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին` համայնքների ղեկավարների պարտականություններն ստանձնելու պահից 10-օրյա ժամկետում:

4. Սահմանել, որ մարզի տարածքում գործող լուծարքային հանձնաժողովների գործունեությունը համակարգում է մարզպետը:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

ա) ձեռնարկել համապատասխան միջոցներ` պատգամավորների նախկին քաղաքային (գյուղական) խորհուրդների գործադիր կոմիտեների լուծարման ընթացքում կենսաապահովման օբյեկտների անխափան աշխատանքն ապահովելու համար.

բ) լուծարքային հանձնաժողովների նախագահների, պատգամավորների նախկին քաղաքային (գյուղական) խորհուրդների գործադիր կոմիտեների ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարների և համայնքների նորընտիր ղեկավարների հետ համատեղ, վերջիններիս պարտականություններն ստանձնելու պահից 60-օրյա ժամկետում ապահովել պատգամավորների նախկին քաղաքային (գյուղական) խորհուրդների գործադիր կոմիտեների ձեռնարկությունների ու կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնում-ընդունումը:

6. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի վրա:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան