Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Հնդկաստանի Հանրապետության Կառավարության միջԵՎ հայ-հնդկական տեղեկատվական ԵՎ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու մասին
Հնդկաստանի Հանրապետության Կառավարությունը և Հայաստանի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ` Կողմեր),
գիտակցելով Կողմերի միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները և ցանկանալով էլ ավելի խորացնել երկկողմ համագործակցությունը տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում,
հաշվի առնելով Հնդկաստանի Հանրապետության Կառավարության առաջարկը` աջակցել Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացմանը` հիմնելով Երևանում «Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոն» (Կենտրոն),
հաշվի առնելով նաև, որ Հնդկաստանի Հանրապետության Կառավարության կողմից որոշում է ընդունվել տրամադրել Rs. 75.57 միլիոն գումարի միանվագ դրամաշնորհ Հայաստանի Հանրապետության Կառավարությանը Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացման համար` հիմնելով Երևանում «Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոն»,
հիմք ընդունելով երկու երկրների շահերը,
Կողմերը եկան հետևյալ փոխըմբռնման.
Համաձայնագրի առարկան
Կողմերը համաձայնում են իրականացնել համագործակցություն ՏՀՏ զարգացման ուղղությամբ` սույն Համաձայնագրին, իրենց երկրների ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
Նպատակները
● Ձևավորել գիտական աշխատողների միավորում և ստեղծել աշխատանքի հնարավորություններ:
● Նախապատրաստել համաշխարհային մակարդակի բարձրակարգ` ՏՏ ոլորտի մասնագետներ` հայկական շուկայում ներդրումներ ներգրավելու և արտահանումների միջոցով շուկայի հասույթը մեծացնելու նպատակով:
● Աջակցել բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիայի ստեղծմանը և սահմանել համատեղ հետազոտությունների ոլորտները:
Առաքելությունը
● Կազմակերպել վկայագրման կարճաժամկետ մոդուլային դասընթացներ կիրառական համակարգչային ծրագրերի գծով:
● Վերապատրաստել Հայաստանի դպրոցների ուսուցիչներին և պետական պաշտոնյաներին` ՏՏ ոլորտում իրենց հմտությունները բարձրացնելու համար:
● Վերապատրաստման ծրագրերի միջոցով կատարելագործել Հայաստանի համալսարանների դասախոսների հմտությունները:
● Հիմնել ժամանակակից ՏՀՏ ուսումնական կենտրոն Երևանում:
● Կազմակերպել դասընթացներ ծրագրի իրականացման ամբողջ ժամանակաշրջանի համար` նախագծում, մշակում, տեստավորում, փորձարկում, սխալների ուղղում, համապատասխանեցում, ստանդարտացում, օժանդակում և այլն:
● Աջակցել Հայաստանի Կառավարությանը բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիայի (ԲԱՀ) համար մասնագիտական կարողությունների զարգացմանը` տրամադրելով Հաշվողական առաջատար մշակումների կենտրոնի (C-DAC) կողմից մշակված PARAM (գերհամակարգիչ), համակարգչային կիրառական ծրագրեր և անհրաժեշտ դասընթացներ:
● ՏՀՏ ուսումնական կենտրոնում առաջադրված դասընթացների համար տրամադրել անհրաժեշտ ուսումնական նյութեր և գրքեր:
● ՀՀ Կառավարությանը առաջարկել փորձագետների փոխանակման ծրագիր և աջակցել նրանց` նախապատրաստելու համար բարձրակարգ մասնագետներ էլեկտրոնային կառավարման և ԲԱՀ ոլորտներում:
● Սահմանել և անցկացնել համատեղ հետազոտություններ բիոինֆորմատիկայի, հեռաբժշկության (telemedicine), ներկառուցված համակարգչային ծրագրերի և ԲԱՀ ոլորտներում:
● Էլեկտրոնային կառավարման ոլորտում տրամադրել խորհրդատվություն Հայաստանի պետական և մասնավոր տարբեր հիմնարկություններին:
Հոդված 1
Հնդկաստանի Հանրապետության Կառավարությունը կհամագործակցի և կաջակցի հետևյալ ուղղություններով` համակարգչային սարքաշարերի, ծրագրաշարերի և այլ սարքավորումների տրամադրում, հայ փորձագետների վերապատրաստում Հնդկաստանում, Հնդկաստանից ՏՀՏ փորձագետների գործուղում ՏՀՏ ուսումնական կենտրոնը հիմնելու և պրակտիկ վերապատրաստում անցկացնելու համար, ուսումնական նյութերի և գրքերի տրամադրում, ինչպես նշված է ստորև.
1. Հնդկաստանի Կառավարության անունից որպես իրականացնող գործակալության նշանակել Հաշվողական առաջատար մշակումների կենտրոնին:
2. Կենտրոնի դասընթացների համար տրամադրել ՏՏ սարքաշարեր, համապատասխան ծրագրաշարեր և գործավար համակարգեր, ցանցային սարքավորումներ և լսարանի համար անհրաժեշտ այլ սարքավորումներ (պրոյեկտոր, էլեկտրոնային գրատախտակ, տպիչ և այլն):
3. Հնդկաստանից Հայաստան գործուղել ՏՀՏ փորձագետներ 50 մարդ/ամիս ընդհանուր հաշվարկով` Կենտրոնը հիմնելու և հայ դասախոսների համար պրակտիկ վերապատրաստում անցկացնելու համար:
4. Փորձագետների փոխանակում ԲԱՀ, հեռաբժշկության, էլեկտրոնային ուսուցման և այլ ոլորտներում, սեմինարների կազմակերպում Հնդկաստանում և Հայաստանում 3 մարդ/ամիս ընդհանուր հաշվարկով:
5. Առաջատար ՏՀՏ դասընթացների գծով հայ փորձագետների վերապատրաստում Հնդկաստանում 48 մարդ/ամիս ընդհանուր հաշվարկով:
Հոդված 2
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Ծրագրին կտրամադրի հետևյալ աջակցությունը.
1. Հայաստանի Կառավարության անունից որպես իրականացնող գործակալության նշանակել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին:
2. Հատկացնել շենք անհրաժեշտ տարածքներով, ներքին միջնապատերով, ներքին հարդարանքով, կապի միջոցներով (տարածքային համակարգչային ցանց (LAN) հեռախոսակապ, ISDN և այլն), հոսանքով, ինչպես նաև հագեցած հետևյալ հարմարություններով` UPS/DG սարք (այլընտրանքային հոսանքի մատակարարում), ջրամատակարարում, ջեռուցում, օդափոխություն և այլն:
3. Տրամադրել համակարգիչներ և գրասենյակային կահույք, գրասենյակների, լսարանների, գրադարանի և դասախոսների աշխատասենյակների համար անհրաժեշտ այլ սարքավորումներ:
4. Անվճար տրամադրել կահավորված բնակարաններ, փոխադրամիջոցներ, կապ և բժշկական ծառայություններ Հնդկաստանից գործուղված փորձագետների համար:
5. Հնդկաստանի փորձագետներին տրամադրել գրասենյակ, կապի միջոցներ և աջակցություն մուտքի արտոնագիր, աշխատանքի թույլտվություն ստանալու հարցում և այլն:
6. Համագործակցության ծրագրով նախատեսված ապրանքները և ծառայությունները կազատվեն Հայաստանի օրենսդրության համաձայն կիրառվող մաքսատուրքերից, ներքին հարկերից և այլ ֆինանսական գանձումներից, կամ Հայաստանի Կառավարությունը կծածկի մաքսատուրքերի, ներքին հարկերի և այլ ֆինանսական գանձումների հետ կապված` Հայաստանում առաջացած բոլոր ծախսերը:
7. Ապահովել մատակարարված ապրանքների մաքսազերծումը և դրանց տեղափոխումը Կենտրոն կարճ ժամկետներում: Որևէ ուշացման դեպքում պատասխանատու կլինի Հայաստանի Կառավարությունը:
8. Համակարգել տեղական միջոցառումները և գործունեությունը Կենտրոնի աշխատանքների և ուսումնական դասընթացների ընթացքում, ապահովել անհրաժեշտ գործիքներ, միջոցներ, աշխատողներ և այլն:
9. Ընտրել և վարձել հայ փորձագետներ, ովքեր կմասնակցեն վերապատրաստման դասընթացներին Հնդկաստանում և այնուհետև կստանձնեն Կենտրոնի կառավարումը: Կենտրոնի բնականոն աշխատանքի և գործունեության համար ցանկալի է, որ ՀՀ Կառավարությունն ապահովի, որ Հնդկաստանում վերապատրաստված դասախոսները առնվազն երկու տարի աշխատեն Կենտրոնում:
10. Տրամադրել ամենօրյա ֆինանսական և կառավարման աջակցություն Կենտրոնին:
11. Հոգալ Կենտրոնի ամենօրյա գործառնական ծախսերը:
12. Տրամադրել բոլոր պահանջվող թույլտվությունները և հաստատումները Կենտրոնի ստեղծման և գործունեության համար:
Հոդված 3
Ծրագրի պատշաճ իրականացումը վերահսկելու նպատակով կձևավորվի Ծրագրի մոնիտորինգի հայ-հնդկական համատեղ հանձնաժողով, որի կազմում կլինեն Հնդկաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Կառավարությունների, C-DAC կենտրոնի և ՁԻՀ-ի ներկայացուցիչները: Հանձնաժողովը կաջակցի Ծրագրի իրականացմանը և ամսական կտրվածքով կվերահսկի Կենտրոնի կողմից կատարված աշխատանքը:
Հոդված 4
Եթե սույն Հուշագրի որևէ հոդվածի կամ գործողության արդյունքում կամ առնչությամբ առաջանա մտավոր սեփականության հետ կապված խնդիր, ապա այդ օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը կշնորհվի` ելնելով տվյալ դեպքի առանձնահատկություններից, կիրառելի ազգային օրենսդրությանը և միջազգային սկզբունքներին համապատասխան: Սակայն եթե C-DAC կենտրոնը նախագծի և մշակի որևէ ծրագրաշար, սարքաշար, ուսումնական նյութ, մեթոդաբանություն/մեթոդ, նման աշխատանքների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքը կպատկանի C-DAC կենտրոնին (Հնդկաստանի Կառավարության ՏՏ վարչությանը): Նմանապես, եթե Կենտրոնը նախագծի և մշակի որևէ համակարգչային ծրագրաշար, սարքաշար, ուսումնական նյութ, մեթոդաբանություն/մեթոդ, նման աշխատանքների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքը կպատկանի Կենտրոնին (Հայաստանի Հանրապետության Կառավարությանը):
Կողմերը հաստատում են, որ որևէ երրորդ պետության չեն փոխանցի կամ տարածի սույն Հուշագրով նախատեսված համատեղ աշխատանքների ընթացքում հայտնի դարձած որևէ տեղեկություն` բացառությամբ այն դեպքերի, երբ հակառակ Կողմը գրավոր թույլտվություն է տվել, կամ եթե դա պահանջվել է դատական կարգով: Նման կերպով հանրությանը հայտնի դարձած տեղեկությունները /տվյալները/, հաշվետվությունները այլևս չեն համարվի գաղտնի:
Հոդված 5
Կենտրոնի աշխատանքային լեզուներն են անգլերենն ու հայերենը, և համակարգչային բոլոր ծրագրաշարերը, ուսումնական նյութերը, դասընթացները կլինեն հայերեն կամ անգլերեն:
Հոդված 6
Սույն Փոխըմբռնման հուշագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման ժամանակ վեճեր կամ տարաձայնություններ ծագելու դեպքում Կողմերը դրանք կլուծեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով։
Հոդված 7
Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Փոխըմբռնման հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով` ստորագրված Կողմերի կողմից:
Հոդված 8
Սույն Հուշագրի դրույթների իրականացման նպատակով յուրաքանչյուր Կողմ ինքնուրույն կորոշի Ծրագրի արժեքը, ժամանակացույցը, համակարգչային սարքաշարերի, ծրագրաշարերի, ցանցային սարքավորումների բնութագրիչները և այլ մանրամասները: Սույն Հուշագրի կիրարկման նպատակով մշակված բոլոր փաստաթղթերը կլինեն Հուշագրի անբաժանելի մասը:
Հոդված 9
Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` Կողմերի ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և գործում է անորոշ ժամկետով:
Սույն Փոխըմբռնման հուշագրի գործողությունը դադարում է Կողմերից մեկի` դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից վեց ամիս հետո:
Ի հաստատումն որի` Կողմերի լիազորած ներքոստորագրյալ ներկայացուցիչները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Փոխըմբռնման հուշագիրը:
Հաստատված է Երևանում 2008թ. հունիսի 26-ին, երեք բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերենով, անգլերենով և հինդի լեզվով: Մեկնաբանման ժամանակ առաջացած տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2010թ. հունվարի 12-ին: