Գլխավոր տեղեկություն
Համար
N 197-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.03.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.23/19(391) Հոդ.341
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 12 մարտի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2005 թվականի N 197-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» և 4-րդ հոդվածի «բ» ենթակետերի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
 

 Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 2
Երևան

            


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունվարի 20-ի N 197-Ն որոշման

        

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ

I. ՆԱԽԱԲԱՆ

Հայաստանի Հանրապետությունում բացակայում է ժամանակակից պահանջները բավարարող տեղեկատվական համակարգ, որն անհրաժեշտ է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին (այսուհետ՝ կառավարման մարմիններ)` տնտեսության կառավարման բնագավառի խնդիրներն արդյունավետ լուծելու համար:

Անշարժ գույքի կադաստրի վարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև անշարժ գույքի կադաստրի միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման նպատակով իրականացվել են Հայաստանի Հանրապետության համայնքների քարտեզագրման ու թվային քարտեզների ստեղծման, Հայաստանի Հանրապետության տարածքի օդալուսանկարահանման և արբանյակային լուսանկարահանման աշխատանքներ: Ընթացքի մեջ են ստացված տվյալների թվայնացման աշխատանքները: Կատարվել են աշխարհագրական օբյեկտների հաշվառման ու գրանցման, Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմանների ճշգրտման, ջրովի հողերի գույքագրման և Հայաստանի Հանրապետության համայնքների սկզբնական հաշվառման նյութերի պատրաստման աշխատանքներ: Ավարտական փուլում են առաջին պետական գրանցման աշխատանքները, որոնց արդյունքում ճշգրտվել են անշարժ գույքի սեփականատերերը՝ ըստ սեփականության սուբյեկտների, անշարժ գույքի որակական, քանակական տվյալները և գույքային իրավունքները: Ստեղծվել է անշարժ գույքի հարկման բազա, որի արդյունքում ճշգրտվել են անշարժ գույքի, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները և արժեքային գնահատականը: Պարբերաբար իրականացվում են անշարժ գույքի և անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումներ, որոնց արդյունքում սահմանվել է գոտիականություն` ըստ գույքի արժեքի և գտնվելու վայրի: Ընթացքում են անշարժ գույքի կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվների ստեղծման աշխատանքները: Ներդրման փուլում են կադաստրային քարտեզների վարման և անշարժ գույքի գրանցման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքները:

Կատարվել է մեծ ծավալի աշխատանք, սակայն պետական կառավարման մարմիններում գոյություն ունեցող և ստեղծվող տեղեկատվական համակարգերը գործում են միմյանցից անկախ, որը դժվարացնում է կամ երբեմն անհնար է դարձնում տարբեր տեղեկատվական շտեմարաններում առկա տեղեկատվության կամ տեղեկատվական համակարգերի օգտագործումը` կառավարման արդյունավետության, արդյունավետ ծրագրերի մշակման կամ պետական ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման համար: Բացի դրանից, ավտոմատացման ցածր մակարդակը, տվյալների կրկնությունը և դրանց իրարամերժությունն էականորեն բարդացնում են կառավարման մարմիններին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու գործընթացը:

Հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է ունենալ հավաստի և ամբողջական տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների տնտեսության վիճակի և բնական ռեսուրսների մասին, այդ թվում` հողային, ջրային, անտառային ռեսուրսների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական ու գյուղատնտեսական ոլորտի, բնակչության տեղաբաշխման, անշարժ գույքի որակական, քանակական տվյալների, սեփականության սուբյեկտների, ճանապարհային ցանցի և ենթակառուցվածքների այլ տարրերի ու էկոլոգիական վիճակի մասին:

Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի (այսուհետ` երկրատեղեկատվական համակարգ) ներդրումը հնարավորություն է տալիս կառավարման մարմիններին` իրավիճակի համալիր վերլուծության նպատակով ապահովել տարաբնույթ տարածական տեղեկատվությամբ` Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների, ինչպես նաև առանձին ճյուղերի կառավարման խնդիրների լուծման ժամանակ:

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառում ժամանակակից երկրատեղեկատվական համակարգերի օգտագործումը կնպաստի`

ա) Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների և նրա առանձին տարածքների (ազգային պարկ, Արարատյան հարթավայր և այլն) տնտեսական զարգացման արդյունավետ ծրագրերի մշակմանը,

բ) կառավարման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման և մշակման ստանդարտացման աստիճանի բարձրացմանը,

գ) տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործվող տարածական տեղեկատվության անհարկի կրկնօրինակման և տվյալների հակասականության բացառմանը,

դ) տարածական տվյալների պահուստային պատճենների ստեղծման գործընթացի հեշտացմանը, օպերատիվության բարձրացմանը և ծախսերի նվազմանը,

ե) տարածական տվյալների մատչելիության ապահովմանը,

զ) հանրության համար տեղեկատվության հասանելիության ապահովմանը,

է) տվյալների լրիվության, հավաստիության, ճշտության ստուգման ներքին մեխանիզմների մշակմանը:
  

II. ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի ստեղծման նպատակը պետական միասնական երկրատեղեկատվական բանկի ստեղծումն է, որը հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների, դրանց իրավական կարգավիճակի ու արժեքի վերաբերյալ ամբողջական տեքստային և գրաֆիկական տվյալների կենտրոնացումն է և նպատակաուղղված է ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը:
      Երկրատեղեկատվական համակարգի ստեղծման հիմնական նպատակն ու խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական տվյալների պետական միասնական տեղեկատվական բանկի (Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման կամ առանձին տարածքների, աշխարհագրական օբյեկտների, հողային ֆոնդի, անշարժ գույքի նպատակային, գործառնական նշանակության, հողատեսքերի, անշարժ գույքի ֆիզիկական, որակական և արժեքային բնութագրերի, անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների, պետական գրանցման սուբյեկտների, հիդրոգրաֆիայի, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների օբյեկտների մասին քարտեզագրական և տեքստային տվյալների տեղեկատվական բանկ) ստեղծումը և կառավարումը.

բ) կառավարման մարմիններին ու հասարակությանն անհրաժեշտ տեղեկատվության հասանելիության, մատչելիության, անընդհատության ապահովումը և տեղեկատվության տրամադրման օպերատիվության բարձրացումը.

գ) տեղեկատվական աջակցությունը`

հանրապետության բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման պետական վերահսկմանը,

հանրապետության բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակային ծրագրերի մշակմանը և դրանց իրականացման արդյունավետության բարձրացմանը,

արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ և օպերատիվ որոշումների ընդունմանը,

հանրապետության տնտեսական, բնական, քաղաքաշինական, գյուղատնտեսական և այլ ռեսուրսների օգտագործման ծրագրերի մշակմանն ու այդ ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանը,

հանրապետության մարզերի, համայնքների և առանձին տարածքների զարգացման օպտիմալ պլանավորմանը։

 

III. ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հիմնական սկզբունքներն են`

1. Երկրատեղեկատվական համակարգը բաց է` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

2. Երկրատեղեկատվական համակարգն ունի 3 մակարդակ`

հանրապետական,

մարզային,

համայնքային:

3. Երկրատեղեկատվական համակարգն ստեղծվում և վարվում է որպես կենտրոնացված տեղեկատվական համակարգ։

4. Երկրատեղեկատվական համակարգն ստեղծվում և վարվում է միայն էլեկտրոնային տեսքով:

5. Երկրատեղեկատվական համակարգն ստեղծվում է համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգով (WGS-84):

6. Երկրատեղեկատվական համակարգի տարբեր մակարդակների համար սահմանվում են քարտեզների հետևյալ մասշտաբները`

հանրապետական մակարդակ`  1 : 100000, 1 : 200000, 1 : 500000, 
մարզային մակարդակ`  1 : 25000, 1 : 50000,
համայնքային մակարդակ`   1 : 5000, 1 : 10000, 1 : 25000,
քաղաքային համայնքների և (կամ) առանձին տարածքների (քաղաքներ, քաղաքատիպ ավաններ և այլն) համար`   
 1 : 500, 1 : 1000, 1 : 2000:

7. Երկրատեղեկատվական համակարգում յուրաքանչյուր օբյեկտ պետք է ունենա եզակի (անկրկնելի) ծածկագիր, որի հիմքն անշարժ գույքի կադաստրային ծածկագիրն է:

8. Երկրատեղեկատվական համակարգի օբյեկտների ծածկագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Երկրատեղեկատվական համակարգում յուրաքանչյուր փաստաթուղթ (էլեկտրոնային) պետք է ունենա ստանդարտ ձևատեսք:

10. Երկրատեղեկատվական համակարգի փաստաթղթերի (էլեկտրոնային) ձևատեսքերը սահմանում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինները:

11. Երկրատեղեկատվական համակարգը բաղկացած է բազային և թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերից:

12. Բազային երկրատեղեկատվական համակարգն ստեղծում և վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

13. Թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերի ցանկը և վարման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

14. Թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերն ստեղծվում են բազային երկրատեղեկատվական համակարգի հիմքի վրա:

15. Բազային և թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման ու վարման, նրանց միջև տեղեկատվության փոխանակման և տեղեկատվության տրամադրման կարգերն ու տեղեկատվական բանկերի պարունակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

16. Թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերն ըստ ոլորտների ստեղծվում ու վարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինների կողմից: Եթե ստեղծվող երկրատեղեկատվական համակարգը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններ, ապա այն ենթակա է գաղտնագրման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

17. Երկրատեղեկատվական համակարգն ստեղծվում և ներդրվում է փուլերով: Թեմատիկ երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման փուլերը սահմանվում են` հիմք ընդունելով բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման ու ներդրման փուլերը:

18. Երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման փուլերը (ժամանակացույցը) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

IV. ԲԱԶԱՅԻՆ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
 

Բազային երկրատեղեկատվական համակարգի տեղեկատվական բանկն ստեղծվում է թվային տեղագրական, կադաստրային հատակագծերի և քարտեզների հիման վրա, որը պարունակում է հետևյալ տվյալները (գրաֆիկական և տեքստային)`

1. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային սահմանները (պետական սահման, մարզ, համայնք),

2. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումները,

3. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքը, այդ թվում՝

հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի և սեփականության սուբյեկտների,

շենք, շինություններն ըստ նպատակային և գործառնական նշանակության, տեսակների ու սեփականության սուբյեկտների,

գտնվելու վայրը (հասցեն),

անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը,

անշարժ գույքի ֆիզիկական և որակական բնութագրերը,

անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքները և սահմանափակումները:

4. Հայաստանի Հանրապետության հիդրոգրաֆիայի շերտը, այդ թվում`

լճեր,

գետեր,

գետակներ,

ջրամբարներ,

ջրանցքներ:

5. Հայաստանի Հանրապետության ռելիեֆը, այդ թվում`

լեռներ,

լեռնաշղթաներ,

լեռնանցքներ,

կիրճեր, ձորեր:

6. Հայաստանի Հանրապետության գծային ենթակառուցվածքները, այդ թվում`

երկաթգծեր և ավտոմոբիլային ճանապարհներ (միջպետական, պետական ու տեղական նշանակության),

գազատարներ, ջրատարներ, նավթամուղներ (վերգետնյա, ստորգետնյա),

հեռահաղորդակցության կապուղիներ (վերգետնյա, ստորգետնյա),

բարձր լարման էլեկտրահաղորդագծեր (վերգետնյա, ստորգետնյա),

կոմունալ ենթակառուցվածքներ (վերգետնյա, ստորգետնյա):

 

V. ԹԵՄԱՏԻԿ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգը պարունակում է հետևյալ հիմնական թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերը`

ա) անշարժ գույքի գնահատման և անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների,

բ) բնական ռեսուրսների և բնապահպանության,

գ) քաղաքաշինական,

դ) գծային ենթակառուցվածքների (էներգետիկա, կապ, տրանսպորտ, ջրատարներ, գազատարներ և այլն),

ե) պատմամշակութային արժեքների,

զ) գյուղատնտեսության կառավարման,

է) արտակարգ իրավիճակների համակարգված դիտարկումների և կանխատեսման,

ը) արդյունաբերության կառավարման,

թ) սոցիալական պաշտպանության,

ժ) մարդկային ռեսուրսների և տարաբնակեցման։
 

VI. ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

Երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման և ներդրման արտերկրի փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն երկարատև գործընթաց է և պահանջում է հսկայական մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ: Հաշվի առնելով նմանատիպ համակարգերի ստեղծման և ներդրման արտերկրի փորձը, կառավարման մարմինների բյուջեների սահմանափակ լինելը, ինչպես նաև հանրապետության հեռահաղորդակցության կապուղիների ներկա վիճակը` երկրատեղեկատվական համակարգն ստեղծվում և ներդրվում է փուլերով` առաջին հերթին բազային երկրատեղեկատվական համակարգը, իսկ այնուհետև` թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերը` ըստ պատրաստվածության աստիճանի:

Թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման և ներդրման ժամանակացույցները կազմվում են բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման ու ներդրման փուլերի հիման վրա:

Համակարգի ստեղծման և ներդրման համար նախատեսված միջոցառումների ցանկը և աշխատանքների իրականացման փուլերը սահմանված են N 1 հավելվածում:

 

VII. ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման համար օգտագործվում են պետական ու տեղական բյուջեների, դրամաշնորհների և նպատակային վարկերի ֆինանսական միջոցները:

Նախնական գնահատականներով բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման համար կպահանջվի մոտավորապես 792,600.00 հազ. դրամ (N 2 հավելված):

Երկրատեղեկատվական համակարգի վարման, պահպանման և սպասարկման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Պահանջվող ֆինանսական միջոցների չափը կճշտվի երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման ծրագրի կազմման ընթացքում:

N 2 հավելվածի 1-7-րդ կետերում թվարկված աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային տեղագրական քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ծրագրի շրջանակում:

N 2 հավելվածի 12-րդ կետում նշված տվյալների փոխանակման ցանցն անհրաժեշտ է բազային և թեմատիկ երկրատեղեկատվական բանկերի միջև տվյալների փոխանակման համար, որն անհրաժեշտ կլինի 2008 թվականին:
    
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
   
  Մ. Թոփուզյան
    

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
երկրատեղեկատվական համակարգի
ստեղծման և վարման
հայեցակարգի

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ

Միջոցառումների և աշխատանքների անվանումները

Կատարման

ժամկետը

Պատասխանատու կատարողը

1

2

3

I Փուլ. Նախապատրաստական աշխատանքներ

2005 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

    

Երկրատեղեկատվական համակարգի հայեցակարգի մշակում և հաստատում

2004 թ.

4-րդ եռամսյակ

Բազային երկրատեղեկատվական համակարգի ծրագրի մշակում և հաստատում

2005 թ.

1-ին եռամսյակ

Թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման և վարման լիազոր պետական մարմինների հաստատում

2005 թ.

2-րդ եռամսյակ

Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական դաշտի ստեղծում, այդ թվում`

2005 թ.

երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի ցանկի հաստատում

2005 թ. 2-3-րդ եռամսյակներ

բազային երկրատեղեկատվական համակարգի տեղեկատվական բանկի ստեղծման, պահպանման, թարմացման և տեղեկատվության փոխանակման կարգի մշակում

2005 թ.

4-րդ եռամսյակ

բազային երկրատեղեկատվական համակարգի դասակարգիչների ու ստանդարտների մշակում և հաստատում

բազային երկրատեղեկատվական համակարգի պայմանական նշանների մշակում և հաստատում

Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման փորձնական ծրագրի իրականացում

2005 թ.

II Փուլ. Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծում, ներդրում և շահագործում

2005-2011 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

Հանրապետական, մարզային և համայնքային մակարդակների համար թվային քարտեզների ու տեղեկատվական բանկի ստեղծում

2005-2010 թթ.

Առաջին պետական գրանցման աշխատանքների ավարտում

2005 թ. վերջ

1:7000 մասշտաբի օդալուսանկարներից 1:2000 մասշտաբի օրթոֆոտոհատակագծերի պատրաստում

2005-2007 թթ.

1:10000 մասշտաբի բազային տեղագրական քարտեզների ստեղծում

2005-2007 թթ.

Օդալուսանկարահանման և տիեզերական հանութագրման 1:10000  մասշտաբի նյութերի դաշտային վերծանում

2005-2007 թթ.

Օդալուսանկարներից 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների մշակում և թվայնացում

2005-2007 թթ.

Տիեզերալուսանկարներից 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների մշակում և թվայնացում

2005-2007 թթ.

1:10000 տեղագրական քարտեզների թվայնացում

2005-2007 թթ.

1:25000 մինչև 1:1000000 մասշտաբի տեղագրական թվային քարտեզների ստացում` ընդհանրացման եղանակով

2005-2007 թթ.

Հայաստանի Հանրապետության խոշոր բնակավայրերի կառուցապատված և զարգացման հեռանկարով նախատեսված տարածքների 1:500 և 1:2000 մասշտաբի կադաստրային քարտեզագրական նյութերի հիման վրա 1:2000 մասշտաբի տեղագրական հանույթների կազմում, թարմացում և թվայնացում

2005-2007 թթ.

Բազային երկրատեղեկատվական համակարգի փորձնական շահագործում` հանրապետական գործադիր մարմիններում ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում

2008 թ.

Կադրերի պատրաստում և վերապատրաստում

2006-2008 թթ.

Բազային երկրատեղեկատվական համակարգի տեղադրում, կարգաբերում ու շահագործում հանրապետական գործադիր մարմիններում և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում

2009 թ.

2-րդ կիսամյակ

III Փուլ. Թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում, ներդրում և շահագործում

2006-2013 թթ.

Համապատասխան լիազոր պետական մարմիններ

 

Երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման համակարգող հանձնաժողովի (աշխատանքային խմբի) ստեղծում

2006 թ.

2-րդ եռամսյակ

Թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերի ծրագրի մշակում և հաստատում

2006 թ. 3-4-րդ եռամսյակներ

Թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման ու վարման կարգերի մշակում և հաստատում

2007 թ.

1-ին եռամսյակ

Թեմատիկ երկրատեղեկատվական համակարգի ստեղծման փորձնական ծրագրերի իրականացում

2007 թ. 2-4-րդ եռամսյակներ

IV Փուլ. Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի ներդրում և շահագործում

2008-2013 թթ.

 

Բազային և թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերի համատեղ փորձնական շահագործում

2008-2013 թթ. ընթացքում` ըստ թեմատիկ երկրա-տեղեկատվական համակարգերի

ներդրման ժամանակա-ցույցների

ՀՀ կառավարու-թյանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե  համա-պատասխան լիազոր պետական մարմիններ

Կադրերի պատրաստում և վերապատրաստում (թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերի մասով)

2008-2013 թթ.

համապատասխան լիազոր պետական մարմիններ

Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի արտադրական շահագործում

2014 թ. հունվար

 


Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
երկրատեղեկատվական համակարգի
ստեղծման և վարման
հայեցակարգի

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱԶԱՅԻՆ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

NN ը/կ

Աշխատանքի անվանումը

Գումարը(հազ. դրամ)

1.

1:7000 մասշտաբի օդալուսանկարներից 1:2000 մասշտաբի օրթոֆոտոհատակագծերի պատրաստում

 

2.

Օդալուսանկարահանման և տիեզերական հանութագրման 1:10000  մասշտաբի նյութերի դաշտային վերծանում

 

3.

Օդալուսանկարներից 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների մշակում և թվայնացում

 

4.

Տիեզերալուսանկարներից 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների մշակում և թվայնացում

 

5.

1:10000 տեղագրական քարտեզների թվայնացում

 

6.

1:10000 մասշտաբի բազային տեղագրական քարտեզների ստեղծում

 

7.

1:25000 մինչև 1:1000000 մասշտաբի տեղագրական թվային քարտեզների ստացում` ընդհանրացման եղանակով

 

8.

ՀՀ խոշոր բնակավայրերի (քաղաքներ, քաղաքատիպ ավաններ) կառուցապատված և զարգացման հեռանկարով նախատեսված տարածքների 1:500 և 1:2000 մասշտաբի կադաստրային քարտեզագրական նյութերի հիման վրա 1:2000 մասշտաբի տեղագրական հանույթների կազմում, թարմացում և թվայնացում

532,600.00

9.

Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման փորձնական ծրագրի իրականացում

50,000.00

10.

Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման համար անհրաժեշտ ծրագրային ապահովման ձեռքբերում

50,000.00

11.

Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի ձեռքբերում և արդիականացում

50,000.00

12.

Բազային երկրատեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման ցանցի ստեղծում և (կամ) արդիականացում

100,000.00

13.

Կադրերի ուսուցում և վերապատրաստում

10,000.00

 

                   Ընդամենը

792,600.00