Գլխավոր տեղեկություն
Համար
N 124-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.03.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.04/16(388) Հոդ.264
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.02.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 փետրվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 3 փետրվարի 2005 թվականի N 124-Ն


ԴԵՆԴՐՈՊԱՐԿԵՐԻ ՏԻՊԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 54 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման 2003-2010 թթ. գործողությունների ազգային ծրագրի 1.3.4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել դենդրոպարկերի տիպային կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 17
Երևան

 

Հավելված 
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 3-ի N 124-Ն որոշման


Տ Ի Պ Ա Յ Ի Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Դ Ե Ն Դ Ր Ո Պ Ա Ր Կ Ե Ր Ի

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ



1. Դենդրոպարկի կանոնադրությամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության դենդրոպարկերի ստեղծման նպատակը, հիմնական խնդիրները, ռեժիմը, պահպանությունը և կառավարման մարմնի գործառույթները:

2. Դենդրոպարկը բուսական աշխարհի պահպանության օբյեկտ է, որն ստեղծվում է արհեստական պայմաններում տեղական և ներմուծված ծառաթփային բույսերի կենդանի հավաքածուների պահպանությունը, վերարտադրությունը և օրենքով սահմանված կարգով օգտագործումն ապահովելու նպատակով:

3. Դենդրոպարկն ստեղծվում է, և դրա սահմանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` պետական կառավարման լիազորված մարմնի  (այսուհետ` լիազորված մարմին) ներկայացմամբ։

4. Յուրաքանչյուր դենդրոպարկի խնդիրները, առանձնահատկությունները, ուղղվածությունը, պահպանությունը և ռեժիմը սահմանվում են տվյալ դենդրոպարկը կառավարող մարմնի կանոնադրությամբ` օրենքներով, այլ իրավական ակտերով, միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

II. ԴԵՆԴՐՈՊԱՐԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ


5. Դենդրոպարկի հիմնական խնդիրներն են`

ա) արհեստական պայմաններում աճեցված տնտեսական, գեղազարդային և գիտական նշանակություն ունեցող տեղական ու ներմուծված ծառաթփային բույսերի (հատկապես` հազվագյուտ և անհետացող) կենդանի հավաքածուների պահպանության և վերարտադրության ապահովումը,

բ) բուսաբանության, բուսաբուծության, սելեկցիայի, գեղազարդային այգեգործության և լանդշաֆտային ճարտարապետության բնագավառներում գիտակրթական և լուսավորչական աշխատանքների իրականացման համար նախադրյալների ապահովումը,

գ) գիտահետազոտական, գիտափորձարարական և ներդրումային աշխատանքների իրականացումը։

6. Դենդրոպարկի կառավարման մարմնի գործառույթներն են`

ա) հատուկ էքսպոզիցիաների, հավաքածուների, փորձարարական  տեղամասերի, տնկարանների, հերբարիումների և օժանդակող լաբորատորիաների ստեղծումը,

բ) սերմնային ֆոնդի ստեղծման, սերմերի փոխանակման և իրացման աշխատանքների կազմակերպումը,

գ) բնական ֆլորայի և ներմուծված բուսատեսակների, այդ թվում` մշակաբույսերի տնտեսապես արժեքավոր նոր տեսակների աճեցման, սելեկցիայի, վերարտադրման և իրացման աշխատանքների կազմակերպումը,

դ) դենդրոպարկերում գտնվող բուսական հավաքածուների հաշվառման, գույքագրման, կադաստրի և մոնիտորինգի իրականացումն ու տվյալների բանկի ստեղծումը,

ե) զբոսաշրջության, այդ թվում` էկոզբոսաշրջության կազմակերպումը,

զ) գիտաժողովների և խորհրդակցությունների կազմակերպումը,

է) գիտական և գիտաճանաչողական գրականության  հրատարակումը:

III. ԴԵՆԴՐՈՊԱՐԿԻ ՌԵԺԻՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

7. Թույլատրվում է լիազորված մարմնի հետ համաձայնեցված` դենդրոպարկի տարածքում իրականացնել՝

ա) մարդու, կենդանիների և բույսերի համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող  հիվանդությունների, վնասատուների և վարակի օջախների վերացման աշխատանքներ,

բ) ծառաթփային բույսերի նոր տեսակների ներմուծում և կլիմայավարժեցում,

գ) տեղական և ներմուծված բուսատեսակների վերարտադրությանը նպատակաուղղված միջոցառումներ,

դ) գիտահետազոտական  ուսումնասիրություններ,

ե)  էկոլոգիական, գիտաճանաչողական էքսկուրսիաներ, զբոսաշրջություն և դրանց հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպում,

զ) սահմանված կարգով հողերի վարձակալություն,

է) կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, փեթակների և մեղվանոցների տեղադրում, պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում և մթերում):

 8. Արգելվում է դենդրոպարկի տարածքում դենդրոպարկի նպատակին և խնդիրներին հակասող ցանկացած տնտեսական գործունեություն:

9. Դենդրոպարկերի պահպանությունն իրականացնում են դենդրոպարկի աշխատողները` համապատասխան պետական կառավարման տարածքային մարմնի աջակցությամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան