«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2004 թվականի N 1949-Ն
2005 ԹՎԱԿԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) 2005 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) 2005 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
գ) 2005 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագրի ծախսերի նախահաշիվը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
2005 ԹՎԱԿԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
I. ՆԱԽԱԲԱՆ
Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության առավել դինամիկ զարգացող ուղղություններից է և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված է որպես գերակա ճյուղ: Լինելով համաշխարհային տնտեսության առաջատար ոլորտներից մեկը` այն ներառվել է այնպիսի գլոբալ համակարգերում, ինչպիսիք են կայուն զարգացման (աղքատության հաղթահարում, շրջակա միջավայրի պահպանություն, համայնքների համաչափ զարգացում և այլն), մշակութային արժեքների փոխադարձ արժևորման ու մարդկային տարաբնույթ զարգացման համակարգերը և այլն:
Զբոսաշրջության ոլորտն իր յուրահատկությամբ միակն է, որն ինչպես անմիջական, այնպես էլ անուղղակի` միջնորդավորված ազդեցություն ունի այնպիսի ճյուղերի զարգացման վրա, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, ջրային ռեսուրսները, արհեստագործությունը, մշակույթը, քաղաքաշինությունը, սննդի և հանգստի ծառայությունները և այլն: Զբոսաշրջային արդյունաբերությունն ամբողջությամբ ընդգրկված է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում և ներառում է աշխատուժի առումով մարդկային ռեսուրսի սոցիալապես խոցելի այնպիսի խավեր, ինչպիսիք են երիտասարդներն ու կանայք:
Վերջին տարիներին զբոսաշրջությունը Հայաստանում արձանագրում է այցելուների թվի կայուն և դինամիկ աճ: Եթե 2001 թվականին Հայաստան այցելուների թիվը կազմել է 123 հազար, որը մոտավորապես երեք անգամ գերացանցել է նախորդ տարվա ցուցանիշը, ապա 2002 թվականին այն հասել է 162 հազարի, իսկ 2003 թվականին դրանց թիվը կազմել է մոտավորապես 200 հազար` ապահովելով 23 տոկոս աճ` նախորդ տարվա համեմատ:
Զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումները պահպանվել են նաև 2004 թվականին, և 9 ամսվա ընթացքում զբոսաշրջիկների թիվը կազմել է 182000, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ապահովել է 30 տոկոս աճ: Աճի նույն դինամիկայի պահպանման դեպքում 2004 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 260000 (կանխատեսումները ցույց են տալիս, որ աճի նման տեմպերը կպահպանվեն մինչև տարեվերջ):
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 884-Ն որոշմամբ հաստատված 2004 թվականի Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման պետական ծրագրի իրականացման միջոցառումները հիմնականում նպատակաուղղված են եղել «Հայաստանը` զբոսաշրջության համար բարենպաստ և հրապուրիչ երկիր» նկարագրի ձևավորմանը: Մասնավորապես, իրականացվել են հետևյալ ծրագրային միջոցառումները`
ա) հայրենական զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է Բեռլինում, Լոնդոնում և Ճապոնիայում անցկացվող ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում, որը լուրջ խթան է Հայաստան այցելող միջազգային զբոսաշրջիկների թվի աճի համար.
բ) ապահովվել է մասնակցությունը Հայաստանում կազմակերպված «Էքսպո-2004» և ASTA միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում.
գ) 2004 թվականին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնելու նպատակով մշակվել, տպագրվել և տարածվել են բազմատեսակ գովազդատեղեկատվական նյութեր.
դ) 2004 թվականի ընթացքում «Հայաստան» զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը, տրամադրելով բազմաբնույթ ծառայություններ և տեղեկատվություն, սպասարկել է շուրջ 3000 զբոսաշրջիկի, որոնց թիվը 2003 թվականի համեմատ աճել է մոտավորապես 20 տոկոսով.
ե) 2004 թվականին համագործակցություն է իրականացվել Լիբանանի LBC հեռուստաընկերության հետ, որի արդյունքում նկարահանվել է «Հայաստան` քնած գեղեցկություն» ֆիլմը, որը պարբերաբար ցուցադրվել է Լիբանանի հեռուստաալիքներով:
Ուսումնասիրելով միջազգային փորձը և վերլուծելով ոլորտում տիրող իրավիճակը` բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում`
ա) հանրապետության սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտների վրա զբոսաշրջության քանակական և որակական ազդեցության գնահատումը.
բ) երկրի զարգացման համատեքստում վարչական վիճակագրական համակարգի կատարելագործման միջոցով զբոսաշրջության իրական գնահատականը ներկայացնելը.
գ) հայրենական զբոսաշրջային արդյունքի պատշաճ մարքեթինգային քաղաքականության իրականացումը.
դ) զբոսաշրջության ոլորտում մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրը` ներառյալ կրթական համակարգում առաջարկի և պահանջարկի հավասարակշռումն ու կարգավորումը (պահանջարկի պայմաններում Հայաստանը չունի զբոսաշրջային ոլորտին վերաբերող ժամանակակից գրականություն և կրթական մեթոդիկաներ).
ե) շուկաների պաշտպանվածության, կոնկրետ շուկաներում տեղեկատվական համակարգի ձևավորման, հանրապետության տարածքում DMS-ի (զբոսաշրջային ուղղությունների կառավարման համակարգ) ներդրման, ինչպես նաև արտաքին շուկայում տեխնոլոգիապես նորովի ներկայանալու խնդիրները:
Նշված խնդիրների լուծմանն ու զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքների իրականացմանն է ուղղված 2005 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագիրը, որի միջոցառումների իրականացումը խթան կհանդիսանա`
ա) զբոսաշրջային գործունեության և դրա առաջնային ուղղությունների զարգացման համար,
բ) բարենպաստ իրավական, տնտեսական և կառուցվածքային պայմանների ստեղծման համար,
գ) «Հայաստանը` զբոսաշրջության համար բարենպաստ և հրապուրիչ երկիր» նկարագրի ձևավորման և զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ապահովման համար,
դ) ոլորտի կրթական համակարգի ձևավորման և կատարելագործման համար,
ե) հանրապետության ամբողջ տարածքում զբոսաշրջության ոլորտի համաչափ զարգացման և զբոսաշրջային բիզնեսը համայնքներ ապակենտրոնացնելու համար:
II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել՝
ա) «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ընդունված 2003 թվականի դեկտեմբերի 17-ին,
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 945-Ն որոշումը,
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշումը,
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 23-ի «Զբոսաշրջության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 341 որոշումը,
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության համայնքներում զբոսաշրջության զարգացման ծրագրի մասին» N 43 արձանագրային որոշումը:
III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի իրականացման նպատակներն են`
ա) Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության ոլորտի զարգացումը` զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացման և ժամանակակից բարձրարդյունավետ ու մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորման և միջազգային զբոսաշրջային շուկա արտահանման միջոցով,
բ) կուրորտային համակարգի ստեղծումը և կուրորտային զբոսաշրջության զարգացումը:
Ծրագրի իրականացման տարում, որպես հիմնական նպատակ, նախատեսվում է ապահովել Հայաստան զբոսաշրջիկների այցելության շուրջ 20-25 տոկոս աճ` 2004 թվականի համեմատ, արդյունքում` 2005 թվականին ապահովելով շուրջ 300000 զբոսաշրջային այցելություն:
Ծրագրային միջոցառումների իրականացման արդյունքում՝
ա) կկատարելագործվի զբոսաշրջության ոլորտի օրենսդրական դաշտը` ուղղված ոլորտում մատուցվող զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացմանը և միջազգային ստանդարտներին համապատասխանեցմանը,
բ) միջազգային զբոսաշրջային շուկայում կձևավորվի և կամրապնդվի «Հայաստանը` զբոսաշրջության համար գրավիչ և հրապուրիչ երկիր» նկարագիրը,
գ) կխթանվի միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի ինտեգրման գործընթացը,
դ) կմեկնարկի ոլորտի կառավարման համակարգի ներդրման գործընթացը` ուղղված կառավարման ամբողջական համակարգի ստեղծմանը,
ե) կմեկնարկի ոլորտում սատելիտային հաշիվների ներդրման գործընթացը, ինչը հնարավորություն կընձեռի կատարելու մանրակրկիտ վերլուծություններ և դրանց հիման վրա մշակելու հեռանկարային զարգացման ծրագրեր,
զ) զբոսաշրջության ոլորտում մարդկային ռեսուրսների զարգացման ծրագրի շրջանակներում կհաստատվի զբոսաշրջության ոլորտի մասնագիտությունների ցանկը, կմշակվի ոլորտի կադրային համակարգի հայեցակարգը,
է) զբոսաշրջության ոլորտի գիտական ապահովման նպատակով կանցկացվեն գիտական ուսումնասիրություններ և հետազոտություններ, կմշակվեն ոլորտի զարգացման ծրագրեր: Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կստանան ոլորտի թեմատիկ գրադարաններում կատարելագործելու մասնագիտական գիտելիքները:
IV. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
2005 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է զբոսաշրջության ոլորտի զարգացման հետևյալ հիմնական ուղղությունները`
ա) ոլորտում ստեղծել և կատարելագործել իրավական, կազմակերպչական և տնտեսական գործունեության համար բարենպաստ միջավայր,
բ) զարգացնել և կատարելագործել զբոսաշրջության ոլորտի տեղեկատվական գովազդային ապահովման համակարգը, ակտիվ գովազդային գործունեություն ծավալել և զարգացնել զբոսաշրջության ոլորտում միջազգային համագործակցությունը,
գ) ձևավորել ոլորտի կրթական համակարգը` ոլորտը մասնագետ կադրերով համալրելու նպատակով,
դ) ժամանակակից տեղեկատվական համակարգի ներդրման միջոցով կատարելագործել անհրաժեշտ վարչական վիճակագրական տվյալների հավաքագրումը, որոնք հնարավորություն կընձեռեն կատարելու վերլուծություններ և մշակելու հեռանկարային ծրագրային միջոցառումներ,
ե) կատարել գիտական հետազոտություններ, ստեղծել մասնագիտական կենտրոններ և գրադարաններ.
զ) կառավարման համակարգի նեդրման միջոցով ապահովել կապը համայնքների հետ, ստեղծել նախադրյալներ` համայնքներում զբոսաշրջային գործունեության զարգացման համար:
1. Զբոսաշրջության ոլորտի նորմատիվաիրավական դաշտի ձևավորումը և կատարելագործումը
Հիմք ընդունելով «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները` շարունակվում է ոլորտի նորմատիվաիրավական դաշտի ձևավորման և կատարելագործման գործընթացը, որից ելնելով` մշակվել և գործողության մեջ են դրվել «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» և «Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, որոնք նպատակ ունեն բարձրացնելու մատուցվող զբոսաշրջային և հյուրանոցային ծառայությունների որակը, դրանք մոտեցնելու միջազգայնորեն ընդունված նորմերին, ստեղծելու հավասար և բարենպաստ գործարար պայմաններ` ոլորտում գործունեություն իրականացնելու համար:
Զբոսաշրջության ոլորտում լիցենզավորման գործընթացի իրականացումն ընդհանուր առմամբ կնպաստի ազգային զբոսաշրջային արդյունքի որակի բարձրացմանը, զբոսաշրջիկի պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը և մրցակցային դաշտում հավասար պայմանների ապահովմանը:
2005 թվականի հունվարի 1-ից զբոսաշրջության ոլորտում կմեկնարկեն՝
ա) զբոսավարների և ուղեկցորդների գործունեության լիցենզավորման գործընթացը, որի համաձայն զբոսավարները և ուղեկցորդներն իրենց գործունեությունը կիրականացնեն միայն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից մասնագիտական որակավորում ստանալուց հետո և լիցենզիայի առկայության պայմաններում, ինչը կբացառի թերի կամ ոչ պատշաճ որակի ծառայությունների մատուցումը.
բ) Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտների դասակարգման գործընթացը, որի համաձայն հյուրանոցային տնտեսության օբյեկտները և մատուցվող հյուրանոցային ծառայությունները կհամապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պահանջներին:
2. Զբոսաշրջության ոլորտի գովազդատեղեկատվական ապահովման համակարգի զարգացումը և կատարելագործումը
Պատշաճ մարքեթինգային քաղաքականության իրականացման շնորհիվ նոր մակարդակի կբարձրացվի միջազգային և ներքին զբոսաշրջային շուկաներում հայկական զբոսաշրջային արդյունքի գովազդատեղեկատվական ներկայացումը: Ստեղծելով և տարածելով «Հայաստանը` զբոսաշրջության համար գրավիչ և բարենպաստ երկիր» դրական նկարագիրը` հիմքեր կստեղծվեն զբոսաշրջիկների հոսքի կայուն աճի ապահովման համար:
Հայաստանը միջազգային զբոսաշրջային շուկա ինտեգրելու գործընթացի խթանման համար հիմնական գործոն է միջազգային համագործակցության ակտիվացումը: Միջազգային զբոսաշրջային շուկայում ոչ բոլորն են լավատեղյակ Հայաստանի, նրա ազգային և մշակութային ներուժի մասին, որը կարող է օտարերկրյա զբոսաշրջիկների հետաքրքրության և հայտնաբերման առարկան դառնալ:
Նախորդ տարիներին Հայաստանի զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է շուրջ 15 համաշխարհային զբոսաշրջային ցուցահանդեսում, որոնց կազմակերպչական գործառույթներն իրականացրել է «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը (ԶԶՀԳ):
Տարիներ շարունակ Հայաստանը ներկայացվում է Բեռլինում (ITB-2001, 2002, 2003 և 2004 թթ-ին), Լոնդոնում (2001, 2002 և 2003 թթ-ին), Թբիլիսիում (2002, 2003 թթ-ին), Ճապոնիայում (2002, 2004 թթ-ին), Կիևում (2003 թ.-ին) և Մայամիում (2003 թ.-ին) կազմակերպված ցուցահանդեսներում:
Թվարկված ցուցահանդեսներին ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանի զբոսաշրջության բնագավառի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ ստանալով հիանալի հնարավորություն Հայաստանի գրավչությունները գովազդելու և իրենց զբոսաշրջային արդյունքն օտարերկրյա մասնագետներին ներկայացնելու համար: Ի թիվս այլ միջոցառումների` նաև նշվածների շնորհիվ վերջին մեկ տարվա ընթացքում գրանցվել է Հայաստան այցելած զբոսաշրջիկների, այդ թվում` նաև ոչ սփյուռքահայ զբոսաշրջիկների թվի կայուն աճ:
Միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի անընդմեջ մասնակցությունը տեսանելի առաջընթաց է ապահովել զբոսաշրջության բնագավառում: Նման միջոցառումների իրականացումն իր նպաստն է բերել Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մասին տեղեկատվության տարածմանը և համաշխարհային զբոսաշրջության ինդուստրիայի ներկայացուցիչների հետ ավելի սերտ համագործակցությանը:
Ճանաչում ստացած ցուցահանդեսներում Հայաստանի զբոսաշրջային արդյունքը շարունակաբար ներկայացնելը խիստ անհրաժեշտ է երկրի զբոսաշրջային ոլորտի կայուն աճի ապահովման համար, ինչը կարևորելով` 2005 թվականին կապահովվի հայկական ներկայացուցիչների մասնակցությունը հետևյալ միջազգային կարևորագույն զբոսաշրջային` Բեռլինի «ITB-2005», Մեծ Բրիտանիայի «WTM-2005», Ճապոնիայի «JATA-2005», Մոսկվայի «MITT-2005», Իտալիայի «BIT-2005», Թուրքիայի «EMITT-2005» և Ֆրանսիայում տեղի ունեցող միջազգային ցուցահանդեսներին:
Զբոսաշրջության զարգացման և երկրի զբոսաշրջային արդյունքի խթանման համար խիստ կարևոր են գովազդային նյութերի տպագրությունն ու տարածումը: Նախորդ տարիների ընթացքում գովազդային նյութերի պատրաստման աշխատանքները հիմնականում ֆինանսավորվել են ԱՄՆ-ի ՄԶԳ-ի տրամադրած միջոցներով: Նշված գովազդային նյութերի սպառման հետևանքով այժմ անհրաժեշտություն է առաջացել նոր և թարմացված նյութերի մշակման և տպագրության համար, որոնց առկայությունը հնարավորություն կտա Հայաստանի զբոսաշրջային արդյունքն ազգային մակարդակով գովազդելու միջազգային ցուցահանդեսներում և համաժողովներում:
Գովազդային նյութերից զբոսաշրջային քարտեզներն ու համառոտ տեղեկագիր-ուղեցույցները կարևորներից են, որոնք զբոսաշրջիկին հնարավորություն կտան ազատ ու հեշտությամբ շրջելու Հայաստանում, ինչպես նաև մինչև Հայաստան ժամանելը բավարար տեղեկատվություն ստանալու երկրի մասին: 2005 թվականին կտպագրվեն Հայաստանի մարզերի և Երևան քաղաքի մանրամասն քարտեզներ: Հրատարակվելուց հետո քարտեզները կտրամադրվեն «Հայաստան» զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնին` պոտենցիալ զբոսաշրջիկներին բաժանելու, ինչպես նաև ցուցահանդեսներում և համաժողովներում ներկայացնելու համար:
2005 թվականին նաև չորս լեզվով (անգլերեն, ռուսերեն, իտալերեն, գերմաներեն) կտպագրվի Հայաստանի համառոտ ուղեցույցը, որի նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են 2004 թվականին: Ուղեցույցը տպագրվում է տարբեր զբոսաշրջային շուկաներում Հայաստանի մասին տեղեկատվության տարածման նպատակով:
2005 թվականին գովազդային նյութերի համալրման նպատակով նախատեսվում է Հայաստանը պատկերող և տեսարժան վայրերը ներկայացնող 3 նոր տեսահոլովակի թողարկում, որոնք կտարածվեն պոտենցիալ շուկաներում:
Նախորդ տարիներին ԶԶՀԳ-ի կողմից կազմակերպվել են օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների և օտարերկրյա լրագրողների ճանաչողական-ուսուցողական այցեր: Նման միջոցառումները նպատակաուղղված են օտարերկրյա զբոսաշրջային օպերատորներին և լրագրողներին տեղում ծանոթացնելու Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին և հայաստանյան զբոսաշրջային օպերատորների հետ գործնական կապեր հաստատելուն: Այցելելով Հայաստան և ծանոթանալով հայկական զբոսաշրջային արդյունքին` զբոսաշրջային օպերատորները հնարավորություն են ստանում իրենց իսկ տպավորություններով գնահատելու և ներկայացնելու Հայաստանի զբոսաշրջային արդյունքը պոտենցիալ շուկաներում:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ երկրի զբոսաշրջության կայուն աճն ու զարգացումն ապահովելու համար խիստ կարևորվում է ճանաչողական միջոցառումների կազմակերպումը, ինչից ելնելով էլ` 2005 թվականին նույնպես նախատեսվում է նմանատիպ այցերի կազմակերպում:
Այցերի հիմնական նպատակը հայկական մշակույթը, սովորույթները, պատմական ժառանգությունը և զբոսաշրջիկներին հետաքրքրող այն ամենը ներկայացնելն է, որը հետագայում օտարերկրյա լրագրողը լուսաբանում է իր երկրում հրատարակվող թերթերում ու ամսագրերում: Սա Հայաստանը զբոսաշրջության համար որպես գրավիչ երկիր գովազդելու ևս մեկ միջոց է: Այսպիսի այցերի կազմակերպումը նպաստում է Հայաստանի զբոսաշրջության մասին իրազեկության բարձրացմանը և օտարերկրյա զբոսաշրջիկին դեպի Հայաստան գրավելուն:
Ճանաչողական այցերի արդյունքում Հայաստանի մասին տպագրվում են բազմաթիվ ճանապարհորդական հոդվածներ:
Զբոսաշրջության զարգացման ցուցանիշներից մեկը երկրում ոլորտի ենթակառուցվածքային համակարգի առկայությունն ու դրա արդիականության աստիճանն է: Այս առումով զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների գործունեությունը խիստ անհրաժեշտ է ոլորտում համապարփակ տեղեկատվություն տրամադրելու համար:
Այս բնագավառում «Հայաստան» առաջին տեղեկատվական կենտրոնը, որը գործում է 2001 թվականից, համապատասխան զբոսաշրջային տեղեկություններ և գրականություն է տրամադրում Հայաստանի տեսարժան վայրերի, հյուրանոցների, ռեստորանների և այն ամենի մասին, ինչն առնչվում է ոլորտին:
Վիճակագրական տվյալները փաստում են, որ կենտրոնի գործունեության ընթացքում սպասարկվող զբոսաշրջիկների թվի աճ է գրանցվել: Նախատեսվում է 2005 թվականին Հայաստանի մարզերում ևս 2 զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի հիմնադրում, որոնց «Հայաստան» տեղեկատվական կենտրոնի կողմից մասնագիտական օգնություն կտրամադրվի:
Զբոսաշրջության համար կարևոր տարածքներ հանդիսացող Սևանա լճի տարածաշրջանում և Գյումրի քաղաքում հիմնելով զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ` հնարավորություն կընձեռվի զարգացնելու զբոսաշրջային ենթակառուցվածքները ոչ միայն այդ քաղաքներում, այլ նաև հարակից համայնքներում:
Արտասահմանյան տարբեր երկրների փորձով արդեն ապացուցվել է, որ ամենամյա փառատոները, որոնք ազգային, մշակութային բնույթ ունեն և կազմակերպվում են զբոսաշրջության համար ակտիվ սեզոնին, բազում զբոսաշրջիկների են գրավում: 2002-2003 թվականներին անցկացվել է հայկական ամենամյա «Կենաց» փառատոնը, որը կազմակերպվել է ԶԶՀԳ-ի կողմից:
«Կենաց» փառատոնն ամենամյա դարձնելու անհրաժեշտության տեսանկյունից 2005 թվականին նույնպես նախատեսվում է անցկացնել այն, որտեղ կներգրավվեն Հայաստանի բոլոր մարզերը, ինչն էլ իր հերթին կնպաստի մարզերում զբոսաշրջության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Փառատոնի հիմնական նպատակը Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները, սովորույթները և ավանդույթները ներկայացնելն է: Փառատոնը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ է կատարել նախնական գովազդային աշխատանքներ` արտերկրում այն ներկայացնելու և ժամանակին զբոսաշրջիկներին տեղեկատվություն տրամադրելու համար:
Նշված փառատոնի կազմակերպման և անցկացման միջոցով նպաստավոր պայմաններ կստեղծվեն Հայաստանի զբոսաշրջության ներուժի խթանման և հավանական զբոսաշրջիկների ներգրավման, ինչպես նաև երկրի մշակույթն ու պատմությունը ներկայացնելու համար: Նշված միջոցառումը կխթանի զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան:
3. Զբոսաշրջության ոլորտի կադրային համակարգի ստեղծումը
Զբոսաշրջության ոլորտի զարգացման ներկա փուլում զբոսաշրջության բնագավառի մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրը, կրթական համակարգի նկատմամբ առաջարկի և պահանջարկի փոխհարաբերությունների բացահայտումը և կարգավորումը համակարգման կարիք ունեն: Մասնագիտական կադրերի պահանջարկի պայմաններում Հայաստանը չունի զբոսաշրջային ոլորտին վերաբերող ժամանակակից գրականություն և կրթական մեթոդական ծրագրեր, ինչից ելնելով էլ` անհրաժեշտ է մշակել ոլորտի կադրային ապահովման հայեցակարգ, ուսումնասիրել և հաստատել զբոսաշրջության ոլորտի մասնագիտությունների ցանկ, կազմակերպել ուսումնական սեմինարներ:
2005 թվականին կանցկացվի բնագավառի համապարփակ ուսումնասիրություն, կներգրավվեն անհրաժեշտ մասնագետներ, և կկազմակերպվեն քննարկումներ շահագրգիռ հաստատությունների հետ: Կադրային ապահովման հայեցակարգի մշակմամբ կբացահայտվեն բնագավառում առաջնային լուծում պահանջող խնդիրները, ցույց կտրվեն դրանց հետագա լուծման ճանապարհները, ինչը կնպաստի բնագավառը մասնագետ կադրերով ապահովելուն:
Զբոսաշրջության ոլորտի կրթական ապահովման ուղղությամբ 2005 թվականին անհրաժեշտ կլինի որոշել զբոսաշրջության ոլորտի մասնագիտությունների ցանկը, որն էլ կկազմվի հարցումների անցկացման արդյունքների վերլուծության և շահագրգիռ կողմերի հետ քննարկման արդյունքում:
Նախատեսվում է 2005 թվականին անցկացնել կրթական սեմինարների շարք՝ զբոսաշրջության ոլորտի մասնագետ կադրերի գիտելիքների համալրման նպատակով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը 1997 թվականից Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության (ՀԶԿ) լիիրավ անդամ է և սերտորեն համագործակցում է նրա հետ, ինչպես նաև կրթության բնագավառում ՀԶԿ-ի ունեցած փորձը, ՀԶԿ-ից կհրավիրվեն մասնագետներ` սեմինարների աշխատանքներին մասնակցելու և իրենց փորձը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին փոխանցելու համար: Նախատեսվում է Հայաստանի մարզերում անցկացնել սեմինարների շարք` ներգրավելով տեղի բնակչությանը:
4. Զբոսաշրջության ոլորտում տեխնոլոգիական կառավարման համակարգի ստեղծումը
Ելնելով շուկաների պաշտպանվածության և կոնկրետ շուկաներում տեղեկատվական ոլորտի ձևավորման խնդիրներից` անհրաժեշտություն է առաջացել ներդնելու DMS-ի (զբոսաշրջային ուղղությունների կառավարման) համակարգ` արտաքին շուկայում տեխնոլոգիապես նորովի ներկայանալու նպատակով, ինչը կնպաստի համայնքներում զբոսաշրջային գործունեության համաչափ զարգացմանը: Համակարգի ներդրման արդյունքում Հայաստանի ամբողջ տարածքում կգործի միասնական կապ, և համայնքներին հնարավորություն կընձեռվի ինքնուրույն ներկայանալու միջազգային շուկայում:
Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի պատմամշակութային և բնական հուշարձաններն սփռված են հանրապետության ամբողջ տարածքում, նպատակահարմար է Հայաստանի ամբողջ տարածքի զբոսաշրջային գոտևորումը: Յուրաքանչյուր գոտու համար կընտրվի կենտրոն՝ ընդհանուր թվով` մոտավորապես 50: Կենտրոնների ընտրության աշխատանքներում կներգրավվեն տեղական համայնքների ղեկավարներն ու ներկայացուցիչներ մասնավոր հատվածից:
Սկզբնական փուլում յուրաքանչյուր զբոսաշրջային գոտու բնակչության շրջանում կիրականացվեն ուսուցողական ծրագրեր, ինչը նախատեսում է զբոսաշրջության ոլորտին ծանոթացում, տարածաշրջանի զբոսաշրջային գրավչությունների բացահայտում, տարածաշրջանն զբոսաշրջիկներին նորովի ներկայացնելու ծրագրի մշակում և ունկնդիրներից առավել ակտիվների բացահայտում՝ զբոսաշրջային խորհուրդներ ստեղծելու նպատակով:
Ուսուցողական ծրագրերի վերջնական նպատակը զբոսաշրջության նկատմամբ տեղական բնակչության վերաբերմունքը փոխելն է` ներկայացնելով զբոսաշրջային գործունեության արդյունավետությունը, որի շնորհիվ կապահովվեն լրացուցիչ աշխատատեղեր:
Հաջորդ փուլում անհրաժեշտ կլինի տեխնիկապես հագեցնել կենտրոնները, ինչը հնարավորություն կընձեռի ներկայացնելու տարածաշրջանն ու համայնքային զբոսաշրջային արդյունքը և ծավալելու ինքնուրույն զբոսաշրջային գործունեություն:
Զբոսաշրջության ոլորտի համայնքային ներկայացուցիչները, հնարավորություն ունենալով զբոսաշրջային տարբեր շուկաներում ինքնուրույն ներկայանալու, կարող են գործել մայրաքաղաքում գործող զբոսաշրջային միջնորդից անկախ` միաժամանակ լինելով միասնական ցանցի տարր: Միասնական ցանցի միջոցով օտարերկրյա զբոսաշրջային օպերատորը կկարողանա անմիջականորեն կապվել Հայաստանի ցանկացած զբոսաշրջային կենտրոնի տեղական օպերատորի հետ և նրա հետ ձևավորել գործնական ուղիղ կապեր:
Այս ծրագրի իրականացմամբ հնարավորություն կստեղծվի Հայաստանի ամբողջ տարածքում զբոսաշրջության համաչափ զարգացման համար, ինչն էլ բացառիկ խթան կհանդիսանա համայնքներում բնակչության մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար:
5. Զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային ուսումնասիրությունների իրականացումը
Հանրապետության սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային ոլորտների վրա զբոսաշրջության քանակական և որակական փոխազդեցության, երկրի զարգացման համատեքստում զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրության ամբողջականացման և ընդլայնման նպատակով 2005 թվականին նախատեսվում է իրականացնել աշխատանքներ «Զբոսաշրջային սատելիտային հաշիվ» ժամանակակից համակարգի ներդրման ուղղությամբ, ինչը կընձեռի մանրակրկիտ վիճակագրական տվյալների ստացման հնարավորություն: «Զբոսաշրջային սատելիտային հաշիվ» համակարգի ներդրումը հնարավորություն կտա իրականացնելու բազմակողմանի և մանրամասն վերլուծություններ, մշակելու հեռանկարային զարգացման ծրագրեր:
Միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, չունենալով զբոսաշրջիկների մասին ամբողջական վիճակագրական տվյալներ, ըստ ժամանման-մեկնման նպատակի, տարիքի, այցելության տևողության, ժամանման-մեկնման տրանսպորտային միջոցների տեսակների, սահմանների անցման կետերի և այլնի, հնարավոր չէ կատարել ոլորտի վերլուծություններ և մշակել հետագա միջոցառումների ծրագրեր:
2005 թվականին նախապատրաստական աշխատանքներ կկատարվեն «Զբոսաշրջային սատելիտային հաշիվ» համակարգի ներդրման ուղղությամբ: Համակարգի հետագա շահագործման նպատակով Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում կիրականացվեն կրթական ծրագրեր:
6. Զբոսաշրջության ոլորտի գիտական ապահովումը
Ոլորտի գիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների իրականացումը հսկայական նշանակություն ունի զարգացման ծրագրերի մշակման համար: Ելնելով ոլորտում մասնագիտական գիտելիքների մակարդակի բարձրացման, միջազգային գրականությանը ծանոթացման անհրաժեշտությունից` խիստ կարևորվում է մասնագիտական գրադարանի ստեղծումը:
Ներկա իրավիճակում լիովին բացակայում է զբոսաշրջության ոլորտի աշխատողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների մակարդակի բարձրացման, ոլորտում միջազգային նորամուծություններին և մասնագիտական վերապատրաստման նոր մեթոդիկաներին ծանոթանալու հնարավորությունը: Ելնելով նշվածից` 2005 թվականին աշխատանքներ կկատարվեն ստեղծելու համար զբոսաշրջային գրադարաններ` հագեցված ոլորտին վերաբերող ժամանակակից գրականությամբ, պարբերականներով, տեղեկատվական-գովազդային նյութերով, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
Զբոսաշրջության ոլորտի գիտական գնահատականի, զբոսաշրջային օբյեկտների ռացիոնալ օգտագործման, գիտական փորձաքննությունների, շրջակա միջավայրի պահպանության և զբոսաշրջության ազդեցության վերաբերյալ գիտական հետազոտություններն անհրաժեշտ են ոլորտի նպատակաուղղված զարգացման համար:
Զբոսաշրջության ոլորտի գիտական ապահովման արդյունքում հնարավոր կլինի որոշել Հայաստանի համար առավել հեռանկարային և արդյունավետ զբոսաշրջության տեսակները:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
2005 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ց Ա Ն Կ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառումը |
Կատարողը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման աղբյուրը |
1. |
Զբոսաշրջության ոլորտի նորմատիվաիրավական դաշտի ձևավորում և կատարելագործում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2005 թ. |
ՀՀ պետական բյուջե |
2. |
Զբոսաշրջության ոլորտի գովազդատեղեկատվական ապահովման համակարգի զարգացում և կատարելագործում |
«Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ |
2005 թ. |
ՀՀ պետական բյուջե |
3. |
Զբոսաշրջության ոլորտի կադրային համակարգի ստեղծում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2005 թ. |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
4. |
Զբոսաշրջության ոլորտում տեխնոլոգիական կառավարման համակարգի ստեղծում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2005 թ. |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
5. |
Զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային ուսումնասիրությունների իրականացում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2005 թ. |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
6. |
Զբոսաշրջության ոլորտի գիտական ապահովում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2005 թ. |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
|
Ծ Ա Խ Ս Ե Ր Ի Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ
Ծախսերի անվանումը Չափի միավորը Քանակը Շահառուների թիվը Միավորի գինը Ընդամենը 1 2 3 4 5 6 1. Զբոսաշրջության ոլորտի նորմատիվաիրավական դաշտի ձևավորում և կատարելագործում 100 1.1. զբոսավարների և ուղեկցորդների քննական որակավորման վկայականների և գործունեության լիցենզիաների տպագրում հատ 200 200 0.3 60.0 1.2. հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման վկայականների տպագրում հատ 30 30 1.0 30.0 1.3. գրանցամատյանների գնում կամ տպագրում հատ 5 230 2.0 10.0 2. Զբոսաշրջության ոլորտի գովազդատեղեկատվական ապահովման համակարգի զարգացում և կատարելագործում 19900 2.1. գովազդային նյութերի թարմացում և տպագրում հատ 6500 2900 2.1.1. ITB- Բեռլինի ցուցահանդես-գովազդային նյութերի մշակում, տպագրում հատ 3000 - 0.25 750 2.1.2. Հայաստանի շրջանների և Երևան քաղաքի ծալովի, մանրամասն քարտեզների պատրաստում, տպագրում և բաշխում հատ 2000 - 0.55 1100 2.1.3. Հայաստանի ուղեցույց հանդիսացող բրոշյուրների պատրաստում, տպագրում և բաշխում` անգլերենով, ռուսերենով, իտալերենով և գերմաներենով հատ 1500 - 0.7 1050 2.2. զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցության հետ կապված` անձնակազմի մասնակցության ծախսեր 10100 2.2.1. մասնակցություն Բեռլինի ցուցահանդեսին մարդ 2x5 օր - 200x5x2 2000 2.2.2. մասնակցություն Մոսկվայի ցուցահանդեսին մարդ 2x4 օր - 150x4x2 1200 2.2.3. մասնակցություն Իտալիայի ցուցահանդեսին մարդ 2x4 օր - 200x4x2 1600 2.2.4. մասնակցություն Մեծ Բրիտանիայի ցուցահանդեսին մարդ 2x4 օր - 200x4x2 1600 2.2.5. մասնակցություն Ֆրանսիայի ցուցահանդեսին մարդ 2x4 օր - 200x4x2 1600 2.2.6. մասնակցություն Ճապոնիայի ցուցահանդեսին մարդ 2x5 օր - 210x5x2 2100 2.3. զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ Հայաստանի մարզերում 2700 2.3.1. զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի ստեղծում և մասնագիտական փորձի փոխանակում Գյումրիում հատ 1 - 1200 1200 2.3.2. զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի ստեղծում և մասնագիտական փորձի փոխանակում Սևանում հատ 1 - 1500 1500 2.4. ավանդական տոնակատարությունների կազմակերպում և անցկացում 2200 2.4.1. կենաց փառատոնի նախապատրաստական աշխատանքներ հատ 1 - 2200 2200 2.5. օտարերկրյա լրագրողների և զբոսաշրջային օպերատորների Հայաստան այցելությունների կազմակերպում հատ 1 8 8x250 2000 3. Զբոսաշրջության ոլորտի կադրային համակարգի ստեղծում 14500 3.1. ոլորտում անհրաժեշտ կադրերի մասնագիտություն-ների ցանկի որոշման համար հարցումների անցկացում՝ թերթիկների տպագրում, մասնագետի ներգրավում 500 3.1.1. հարցաթերթիկների մշակում և տպագրում հատ 500 500 0.2 100 3.1.2. տրանսպորտային ծախսեր լիտր 50 - 0.3 15 3.1.3. մասնագետի վարձատրություն ամիս 3 1 128.3 385 3.2. ոլորտում զբոսաշրջության ոլորտի կադրերի զարգացման հայեցակարգի մշակման համար ուսումնասիրությունների անցկացում, փորձագետի հրավեր 2000 3.2.1. միջազգային փորձագետի օրապահիկի ծախսեր մարդ 1 մարդx2 անգամx5 օր - 20 200 3.2.1.1. կեցության ծախսերի վճարում օր 1 մարդx2 անգամx5 օր - 60 600 3.2.2. կլոր սեղանի կազմակերպում 3.2.2.1. տարածքի վարձակալում անգամ 2 50 200 400 3.2.2.2. թարգմանչի ծառայության դիմաց վարձատրություն անգամ 2 50 100 200 3.2.2.3. գրենական պիտույքների գնում՝ փաթեթի կազմում ամեն մի մասնակցի համար անգամ 2 50 1.5 150 3.2.2.4. ընդմիջման սեղան անգամ 2 50 2 200 3.2.2.5. այլ ծախսեր - 250 3.3. կրթական սեմինարների կազմակերպում հատ 4 120 - 12000 3.3.1. փորձագետի վարձատրություն մարդ 1 մարդx4 անգամ 120 600 2400 3.3.2. կեցության ծախսերի վճարում օր 1 մարդ x4 անգամx5 օր - 60 1200 3.3.3. ներքին տրանսպորտային ծախսեր լիտր 4 անգամx5 օր x30 լիտր - 0.3 180 3.3.4. փորձագետի սննդի ծախսեր օր 1 մարդx4 անգամx5 օր - 15 300 3.3.5. տարածքի վարձակալում և համապատասխան սարքավորումներ անգամ 4 120 220 880 3.3.6. գրենական պիտույքների լրակազմի գնում մասնակիցների համար հատ 4 անգամ 120 1.3 156 3.3.7. անհրաժեշտ ուսուցողական նյութերի թարգմանություն` 50 թերթ-100 հազ. դրամx4 անգամ = 400 հ. դ, բազմացում՝ քարթրիջի ձեռքբերում` 1 հատ 60 հազ. դրամ, թուղթ` 3 տուփ` 7,5 հազ. դրամx4 անգամ = 30 հ. դ., անգամ 4 120 490 490 3.3.8. գրենական պարագաներ՝ հատ 1 անգամ 120 260 260 3.3.9. ընդմիջման սեղաններ հատ 4 անգամx3 օր 120 325 1300 3.3.10. արտագնա ուսուցումների կազմակերպում անգամ 4 120 3.3.10.1. տրանսպորտային ծախսեր՝ հատ 4 անգամx1 ուղևորություն 120 60 240 3.3.10.2. կեցության ծախսեր մարդ 120x 4 անգամ 120 15 1800 3.3.10.3. սննդի ծախսեր մարդ 120x4 անգամ 120 5 600 3.3.11. սերտիֆիկատների տպագրում հատ 130 130 1.0 130 3.3.12. եզրափակիչ բանկետ անգամ 4 120 350 1400 3.3.13. հուշանվերների գնում հատ 4 25 100 3.3.14. հարցաթերթիկների տպագրում հատ 4 անգամx130 մարդx2 անգամ 130 0.4 520 3.3.15. այլ ծախսեր հատ 4 անգամ 120 11 44 4. Զբոսաշրջության ոլորտում տեխնոլոգիական կառավարման համակարգի ստեղծում 65 000 4.1. ուսուցման ծրագրերի իրականացում դասընթաց-ներ 50 կենտրոն-ներում 6656 4.1.1. ուսուցումների կազմակերպում հատ 50 կենտրոն 1000 109.5 5476 4.1.2. տրանսպորտային ծախսեր` մարզեր մեկնելու համար լիտր 600 - 0.3 180 4.1.3. գրենական պիտույքների գնում՝ փաթեթի կազմում հատ 50x20 50x20 1.0 1000 4.2. հաստատված կենտրոնների տեխնիկական ապահովում՝ սարքավորումների գնում 55239 4.2.1. Համակարգիչ «HP compag d 230 Pentium 4 2,4 GHz» հատ 65 50 կենտրոնի համար 451 30 000 4.2.2. Monitor «CTX 17» հատ 65 50 կենտրոնի համար 94 6114 4.2.3. Laser pinter Faser 3110 հատ 65 50 կենտրոնի համար 134 8700 4.2.4. US Robotics Total Control MP/8 V 34 հատ 1 50 կենտրոնի համար 444 444 4.2.5. Digital camera HP CF հատ 65 50 կենտրոնի համար 145 9425 4.2.6. Modem Conexsant 56k int հատ 65 50 կենտրոնի համար 8.6 556 4.3. միասնական կառավարման ցանցի ստեղծում 4.3.1. Server HP Pro Liant ML 350 G3 հատ 1 50 կենտրոնի համար 3105 3105 5. Զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային ուսումնասիրությունների իրականացում 17960 5.1. զբոսաշրջային սատելիտային հաշվի համակարգի ներդրում 15000 5.1.1. ՀԶԿ-ի համապատասխան մասնագետի հրավեր 5.1.2. մասնագետի օրապահիկի ծախսեր ամիս 6 ամիս - 20 3600 5.1.3. մասնագետի կեցության ծախսեր ամիս 6 ամիս - 60 8100 5.1.4. գրասենյակի վարձակալում ամիս 6 ամիս - 265 1590 5.1.5. համապատասխան սարքավորման ձեռքբերում՝ 2 համակարգիչ, 1 տպիչ սարք, գրենական պիտույքներ, ինտերնետային կապ, հեռախոսակապ 6 ամիս - 1700 1700 5.1.6. այլ ծախսեր - 10 10 5.2. հարցաթերթիկների տպագրություն հատ 1600 400 0.1 160 5.3. հարցումների անցկացում անգամ 4 1720 5.3.1. տրանսպորտային ծախսեր լիտր 400 - 0.3 120 5.3.2. մասնագետի վարձատրություն անգամ 4 - 400 1600 5.4. կրթական ծրագրերի իրականացում անգամ 5 150 216 1080 6. Զբոսաշրջության ոլորտի գիտական ապահովում 14500 6.1. գիտական ուսումնասիրությունների անցկացում` միջազգային փորձագետների հրավեր մարդ 1 1200 6.1.1. մասնագետի օրապահիկի ծախսեր ամիս 1 մարդx10 օր - 20 200 6.1.2. մասնագետի կեցության ծախսեր ամիս 1 մարդx10 օր - 60 600 6.1.3. կլոր սեղանի կազմակերպում անգամ 1 50 8 400 6.2. մասնագիտական գրականության ձեռքբերում հատ 50 - 60 3000 6.3. մասնագիտական գրադարանների հիմնադրում` անհրաժեշտ գույքի ձեռքբերում 10300 6.3.1. գրադարակների ձեռքբերում հատ 30 - 60 1800 6.3.2. անհրաժեշտ գրադարանային կահույքի ձեռքբերում հատ 10 լրակազմ - 90 900 6.3.3. սարքավորումների ձեռքբերում՝ համակարգչային տեխնիկայի բազայի ստեղծման և կրթական նպատակների համար հատ 2 - 4000 4000 6.3.4. պատճենահանման մեքենա հատ 1 - 900 900 6.3.5. պարբերականների և այլ գրականության բաժանորդագրություն անգամ 1 - 200 200 6.3.6. տարածքի վարձակալում ամիս 12 - 200 2400 6.3.7. այլ ծախսեր - - - 100 Ընդամենը 131960* * այդ թվում` 20 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից
տեղաշարժվող գրատախտակ` 2 հատx87,5=175 հազ. դրամ
գրատախտակի ալբոմներ` 10 հատx4,5=45 հազ. դրամ
մարկերներ` 50 հատx0,5=25 հազ. դրամ
գունավոր թղթեր, քորոցներ, սոսինձ` 15 հազ. դրամ
2 անգամ
ավտոբուսի վարձակալում
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան