Գլխավոր տեղեկություն
Համար
N 58-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.02.2005-31.03.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.02.11/12(384) Հոդ.217
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 փետրվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2005 թվականի N 58-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՄԱԼԻՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի «Ջրվեժ» թաղամասում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շենքերի համալիրի (այսուհետ` օբյեկտ) շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու և օբյեկտը շահագործման հանձնելու պատվիրատու ճանաչել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` երկշաբաթյա ժամկետում Երևանի քաղաքապետի և «ԻՆԳԵՕԿՕՄ-ԵՐԵՎԱՆ» փակ բաժնետիրական ընկերության հետ համաձայնեցնել օբյեկտի շինարարությունն ավարտին հասցնելու և օբյեկտը շահագործման հանձնելու համար անհրաժեշտ ճարտարապետահատակագծային ու տեխնիկական առաջադրանքները:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին օբյեկտի շինարարական աշխատանքները կատարելու նպատակով ներդրող և գլխավոր կապալառու «ԻՆԳԵՕԿՕՄ-ԵՐԵՎԱՆ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել ներդրումային պայմանագիր հետևյալ պայմաններով՝

ա) «ԻՆԳԵՕԿՕՄ-ԵՐԵՎԱՆ» փակ բաժնետիրական ընկերությունը պայմանագրի կնքման պահից 2 տարվա ընթացքում իրականացնում է օբյեկտի նախագծային և շինարարական աշխատանքները` Երևանի քաղաքապետի հետ համաձայնեցված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, ընդ որում, նախագծային և շինարարական աշխատանքների իրականացման համար սեփական և իր կողմից ներգրավված միջոցներից ներդնելով մոտ 25 մլն դոլարին համարժեք դրամ` շեղումները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը պայմանագրի կնքման պահից մեկ ամսվա ընթացքում «ԻՆԳԵՕԿՕՄ-ԵՐԵՎԱՆ» փակ բաժնետիրական ընկերությանը, որպես ծախսերի մասնակի փոխհատուցում, սեփականության իրավունքով հանձնում է հետևյալ շենքերն ու շինությունները՝

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության՝ Երևանի Վ. Սարգսյան N 20 հասցեում գտնվող Սպայի տան շենքը և Երևանի Մ. Նալբանդյան փողոցի N 16 նրբանցք հասցեում գտնվող անավարտ շինությունը,

Երևանի Գևորգ Չաուշի N 60 հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շենքերն ու շինությունները, որոնք մինչև սույն որոշման 1-ին կետում նշված օբյեկտի շինարարական աշխատանքների ավարտը շարունակելու են մնալ ներկայիս օգտագործողների տիրապետման ներքո՝ համաձայն ներդրումային գլխավոր կապալի պայմանագրի.

գ) Երևանի քաղաքապետը և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի ղեկավարը պայմանագրի կնքման պահից մեկ ամսվա ընթացքում «ԻՆԳԵՕԿՕՄ-ԵՐԵՎԱՆ» փակ բաժնետիրական ընկերությանը, որպես ծախսերի մասնակի փոխհատուցում, սեփականության իրավունքով հանձնում է հետևյալ հողատարածքները`

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված՝ Երևանի Վ. Սարգսյան N 20 հասցեում գտնվող Սպայի տան և Մ. Նալբանդյան փողոցի N 16 նրբանցք հասցեում գտնվող կիսակառույց (0,4430 հեկտար) շենքերի տակ գտնվող և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը,

Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 9,77 հեկտար հողատարածքը,

Երևանի Մարշալ Բաբաջանյանի փողոցին հարող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 30 հեկտար հողատարածքը (վկայագիր՝ N 1143517, տրված՝ 23.08.2004 թ.՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման կողմից),

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 19,1 հեկտար հողատարածքը (վկայագիր՝ N 1074537, տրված՝ 04.10. 2004 թ.՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից).

դ) օբյեկտի շինարարական աշխատանքների ավարտման ժամկետը սահմանվում է մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ը:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում «ԻՆԳԵՕԿՕՄ-ԵՐԵՎԱՆ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր` օբյեկտի նախագծային և շինարարական աշխատանքների կատարման և ծախսերը՝ շենքեր, շինություններ և հողատարածքներ հատկացնելու միջոցով փոխհատուցելու մասին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին `

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 3-րդ կետում նշված անշարժ գույքի նկատմամբ «ԻՆԳԵՕԿՕՄ-ԵՐԵՎԱՆ» փակ բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը.

բ) սույն որոշման 3-րդ կետի «գ» ենթակետում նշված հողատարածքների նպատակային և (կամ) գործառնական նշանակության փոփոխությունները կատարել «ԻՆԳԵՕԿՕՄ-ԵՐԵՎԱՆ» փակ բաժնետիրական ընկերության առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

6. Թույլատրել «ԻՆԳԵՕԿՕՄ-ԵՐԵՎԱՆ» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշման 3-րդ կետում նշված անշարժ գույքն օտարել, գրավ դնել կամ երրորդ անձանց օգտագործմանը հանձնել միայն դրանից առաջացող միջոցներն օբյեկտի շինարարության համար ներդնելու պայմանով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գրավոր համաձայնությամբ:

7. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` սույն որոշման 3-րդ կետի «գ» ենթակետում նշված ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի ղեկավարի կողմից հողատարածքի՝ սահմանված կարգով օտարման գործընթացը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունվարի 26
Երևան