«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2004 թվականի N 1873-Ա
«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 954-րդ հոդվածի համաձայն և ելնելով «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքը հանձնել «Կոնվերս Ինվեստ» ընկերության հավատարմագրային կառավարմանը:
2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության (կառավարման հիմնադիր) և «Կոնվերս Ինվեստ» ընկերության (հավատարմագրային կառավարիչ) միջև կնքվող` «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքի հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի նախագծին` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության անունից կնքել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքի հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը` հանդես գալով որպես հավատարմագրային կառավարման հիմնադրի ներկայացուցիչ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
քաղ. Երևան
_____ ____________________ 200 թ. |
Հայաստանի Հանրապետությունը, որի անունից Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1873-Ա որոշման հիման վրա հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ա. Մանուկյանը, մի կողմից, և «Կոնվերս Ինվեստ» ընկերությունը, ի դեմս տնօրեն __________________________-ի, որը գործում է կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, պարտավորվելով գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմաններում, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Կողմերը հաշվի են առնում, որ՝
ա) «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը գրանցված է 1998 թվականի ապրիլի 2-ին, գրանցման N 28614000393, վկայական՝ սերիա 01Ա N 003268:
Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 520.993.200 (հինգ հարյուր քսան միլիոն ինը հարյուր իննսուներեք հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ` բաժանված 9.542 (ինը հազար հինգ հարյուր քառասուներկու) սովորական անվանական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 54.600 (հիսունչորս հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով.
բ) Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերի սեփականատեր.
գ) «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել, վճարվել և գրանցվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2004 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունվել է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» N 1873-Ա որոշումը:
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ստորև նշված հասկացությունները, որոնք օգտագործվում են սույն պայմանագրում, ունեն հետևյալ նշանակությունը`
սույն պայմանագիր` |
խոսքը սույն պայմանագրի մասին է. |
կառավարման հիմնադիր` |
նշանակում է Հայաստանի Հանրապետություն. |
կառավարման հիմնադրի լիազորած մարմին` |
նշանակում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն. |
հավատարմագրային կառավարիչ` |
նշանակում է «Կոնվերս Ինվեստ» ընկերություն` գրանցված համաձայն Լատվիայի Հանրապետության օրենսդրության, գրանցման N 40003709826, հասցեն` Ցիտադելես իդա 7/43, Ռիգա, Լատվիա, LV-1010. |
հավատարմագրային կառավարում` |
ինչպես սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 954-րդ հոդվածով. |
բաժնետոմսեր` |
նշանակում է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 9.542 (ինը հազար հինգ հարյուր քառասուներկու) սովորական անվանական բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 54.600 (հիսունչորս հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով, որոնք կազմում են ընկերության բաժնետոմսերի ընդհանուր քանակի 100 (հարյուր) տոկոսը. |
գույք` |
նշանակում է բաժնետոմսերով հավաստված իրավունք. |
շահառու` |
նշանակում է Հայաստանի Հանրապետություն. |
ընկերություն` |
նշանակում է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերություն, Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից գրանցման N 286.140.00393, վկայական N 01 Ա 003268, ՀՎՀՀ` 02507464, որի գտնվելու վայրը և հասցեն է՝ Հայաստանի Հանրապետություն, 375002, քաղ. Երևան, Սարյան 22. |
կանոնադրություն` |
«Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունն է. |
ընկերության գործունեության ծրագիր |
|
ծրագիր` |
(հավատարմագրային կառավարման ծրագիր). |
ընկերության գույք` |
նշանակում է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում արտացոլված գույքը. |
շահույթ` |
Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն հաշվարկվող շահույթ. |
օր ամիս եռամսյակ տարի` |
ինչպես սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 20-րդ գլխում. |
Հայաստանի Հանրապետության օրենսդրություն օրենք` |
|
կիրառվող օրենսդրություն` |
նշանակում է Հայաստանի Հանրապետության օրենսդրություն. |
կողմ կամ կողմեր` |
խոսքը սույն պայմանագրի կողմերի մասին է` առանձին և համատեղ հիշատակման ժամանակ. |
վերնագրեր` |
սույն պայմանագրում օգտագործված բոլոր վերնագրերը շարադրված են ընթերցողի հարմարության համար և չեն կարող ազդել պայմանագրի մեկնաբանության վրա: |
Հոդված 1.
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Կառավարման հիմնադիրը հավատարմագրային կառավարման է հանձնում հավատարմագրային կառավարչին բաժնետոմսերով հավաստվող իրավունքները, իսկ հավատարմագրային կառավարիչը պարտավորվում է այդ բաժնետոմսերով հավաստվող իրավունքների կառավարումն իրականացնել ի շահ շահառուի:
1.2. Հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի գույքի հավատարմագրային կառավարում իրականացնելիս, սույն պայմանագրին համապատասխան և ի շահ շահառուի, կատարելու ցանկացած իրավաբանական ու փաստացի գործողություններ` սույն պայմանագրով սահմանված կարգով:
1.3. Հավատարմագրային կառավարիչը սույն պայմանագրի շրջանակներում իրականացնում է բաժնետոմսերով հավաստվող իրավունքների հավատարմագրային կառավարումը` ղեկավարվելով կիրառվող օրենսդրությամբ, կանոնադրությամբ, կառավարման հիմնադրի կողմից հաստատված ընկերության գործունեության ծրագրով և սույն պայմանագրով:
Հոդված 2.
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կառավարման հիմնադիրը հավատարմագրային կառավարչի հանդեպ պարտավորվում է հետևյալում`
2.1. Լիազորություններն ու իրավասությունները: Կառավարման հիմնադիրն ունի լիարժեք լիազորություններ և իրավասություն` սույն պայմանագիրը և դրա պայմաններն ու դրույթները կատարելու համար:
2.2. Օրինականացում: Սույն պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Սույն պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված ու կառավարման հիմնադրի համար ունի իրավական ուժ, և սույն պայմանագրի գործողության ընթացքում սույն պայմանագրից բխող հավատարմագրային կառավարչի իրավունքներն ու լիազորությունները որևէ ձևով չեն սահմանափակվի, և այդ լիազորությունների ու իրավունքների ծավալը չի նվազեցվի:
2.3. Երաշխիքներ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված և բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնք իրավասություններ են տալիս կառավարման հիմնադրին` սույն պայմանագիրն իրականացնելու և կատարելու համար, ինչպես նաև հավատարմագրային կառավարչին` որպես բաժնետոմսերի կառավարիչ ճանաչելու համար, կատարվել են մինչև սույն պայմանագրի կնքման օրը:
Կառավարման հիմնադիրը երաշխավորում է, որ բաժնետոմսերը հասարակ անվանական բաժնետոմսեր են, որոնք սեփականատիրոջն իրավունք են տալիս քվեարկելու ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում, ստանալու շահաբաժիններ, մասնակցելու ընկերության կառավարմանը և իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերին ամրագրված մյուս բոլոր իրավունքները:
Կառավարման հիմնադիրը երաշխավորում է, որ բաժնետոմսերը գրավի կամ արգելանքի տակ չեն, որևէ կերպ ծանրաբեռնված չեն երրորդ անձանց իրավունքներով և չեն հանդիսանում երրորդ անձանց հետ վեճի առարկա:
2.4. Կառավարման իրավունքը գույքի նկատմամբ։ Սույն պայմանագրի ստորագրման պահից հավատարմագրային կառավարիչը համարվում է գույքի հավատարմագրային կառավարիչ, իսկ հավատարմագրային կառավարչի լիազորությունները սահմանվում են միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կանոնադրությամբ և սույն պայմանագրով:
2.5. Կառավարման հիմնադիրը պարտավորվում է՝
2.5.1. գույքի հավատարմագրային կառավարումը հանձնել հավատարմագրային կառավարչին։
Հավատարմագրային կառավարչին տրամադրել սույն պայմանագրով նախատեսված լիազորությունները և ապահովել տվյալ լիազորությունների անխոչընդոտ իրականացումը հավատարմագրային կառավարչի կողմից,
2.5.2. հավատարմագրային կառավարչին ապահովել սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկություններով, որոնք ներառում են ընկերության պետական գրանցման փաստաթղթերը, ընկերության ֆինանսատնտեսական վիճակը նկարագրող փաստաթղթերը, հաշվապահական և այլ փաստաթղթերը,
2.5.3. ապահովել ընկերությանը սեփականության, օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքի նկատմամբ համապատասխան իրավունքների պետական գրանցման իրականացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն կետով սահմանված իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է ընկերության միջոցների հաշվին: Այդ նպատակով ծախսվող միջոցները պետք է ներառված լինեն ընկերության տարեկան կտրվածքով հաշվարկվող զուտ շահույթում,
2.5.4. պահպանել հավատարմագրային կառավարչի առևտրային գաղտնիքը:
2.6. Կառավարման հիմնադիրն իրավունք ունի՝
2.6.1. հավատարմագրային կառավարչից պահանջելու պարտականությունների կատարման ընթացքում թույլ տրված թերությունների վերացում,
2.6.2. սույն պայմանագրի պայմանների խախտման դեպքում հավատարմագրային կառավարչին ենթարկելու սույն պայմանագրով սահմանված պատասխանատվության և (կամ) սույն պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության կիրառման պահանջով դիմելու իրավասու դատարան,
2.6.3. կառավարման հիմնադրի լիազորած մարմինն իրավունք ունի մոնիթորինգի ենթարկելու հավատարմագրային կառավարչի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը` առանց միջամտելու նրա գործունեությանը, և այդ նպատակով իրականացնելու ուսումնասիրություններ, պահանջելու և ստանալու սույն պայմանագրի կատարման ընթացքին վերաբերող տեղեկանքներ և տեղեկատվություն:
Հոդված 3.
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հավատարմագրային կառավարիչը կառավարման հիմնադրի հանդեպ պարտավորվում է հետևյալում`
3.1. Լիազորություններն ու իրավասությունները: Հավատարմագրային կառավարիչն ունի լիարժեք լիազորություններ և իրավասություն` սույն պայմանագիրը և դրա պայմաններն ու դրույթները կատարելու համար:
3.2. Օրինականացում: Սույն պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և կառավարչի համար ունի իրավական ուժ:
3.3. Երաշխիքներ: Մինչև սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելը հավատարմագրային կառավարիչը պարտավորվում է տրամադրել իր կողմից սույն պայմանագրի համաձայն ստանձնած պարտավորությունների կատարման համար երրորդ անձի երաշխիք, որը գործելու է ընկերության գործունեության ծրագրի հաստատման պահից սկսած մինչև սույն պայմանագրով հավատարմագրային կառավարչի կողմից` ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Երաշխիքով սահմանված երրորդ անձի պատասխանատվության չափը հավատարմագրային կառավարչի պարտավորությունների համար պետք է լինի ոչ պակաս, քան 5000000 (հինգ միլիոն) ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար:
3.4. Կառավարման իրավունքը գույքի նկատմամբ: Հավատարմագրային կառավարիչն ստանձնում է գույքի հավատարմագրային կառավարչի պարտականությունները և պարտավորվում է գործել ի շահ շահառուի, կառավարման հիմնադրի կողմից տրամադրված լիազորությունների սահմաններում` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կանոնադրությամբ և սույն պայմանագրով:
3.5. Հավատարմագրային կառավարման հանձնված գույքն առանձնացնելը: Հավատարմագրային կառավարման հանձնված գույքն առանձնացվում է հավատարմագրային կառավարչի գույքից: Գույքն արտացոլվում է հավատարմագրային կառավարչի առանձին հաշվեկշռում, որով կատարվում է ինքնուրույն հաշվառում:
3.6. Հավատարմագրային կառավարիչը պարտավորվում է՝
3.6.1. կատարել սույն պայմանագրի համաձայն ստանձնած պարտավորությունները,
3.6.2. ժամկետում և ճիշտ կատարել կառավարման հիմնադրի կարգադրությունները, որոնք բխում են սույն պայմանագրից,
3.6.3. իր կառավարման ընթացքում ղեկավարվել սույն պայմանագրի 8.1-ին կետում նշված ընկերության գործունեության ծրագրով, կատարել նրա պայմանները և պահանջները: Ընդ որում, իր հաշվին կամ իր միջամտությամբ ընկերությանը ֆինանսավորում տրամադրելու դեպքում դրա պայմանները չեն կարող ավելի վատ լինել, քան` Հայաստանի Հանրապետության վարկային շուկայում տվյալ ժամանակահատվածում առկա պայմանները,
3.6.4. պահպանել ընկերության առևտրային գաղտնիքը,
3.6.5. սույն պայմանագրով սահմանված կարգով մասնակցել ընկերության կառավարմանը, իրականացնել բաժնետոմսերով հավաստված իրավունքի սեփականատիրոջ պարտականությունները և իրավունքները,
3.6.6. յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10 օրվա ընթացքում կառավարման հիմնադրին հաշվետու եռամսյակում ներկայացնել գրավոր հաշվետվություն իր գույքի հավատարմագրային կառավարման հետ կապված գործունեության մասին` նախօրոք կառավարման հիմնադրի լիազորած մարմնի հետ համաձայնեցնելով ներկայացվող հաշվետվության ձևերը, կառուցվածքը և բովանդակությունը:
3.7. Հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի`
3.7.1. կառավարման հիմնադրից ընդունելու և սույն պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան իրականացնելու կառավարման հիմնադրին սեփականության իրավունքով պատկանող` բաժնետոմսերով հավաստված իրավունքները:
Ցանկացած դեպքում սույն պայմանագիրը հավատարմագրային կառավարչին չի տրամադրում բաժնետոմսերի օտարման, գրավադրման, պահման հանձնելու, վարձակալության հանձնելու լիազորություն,
3.7.2. հավատարմագրային կառավարիչը գույքի նկատմամբ իր իրավունքների պաշտպանության համար իրավունք ունի պահանջելու վերացնել դրանց ամեն տեսակի խախտումները կամ սահմանափակումները,
3.7.3. կատարված աշխատանքների համար` սույն պայմանագրով սահմանված կարգով ստանալու վարձատրություն,
3.7.4. ստանալու ընկերության գործունեությանը վերաբերող ցանկացած տեղեկատվություն, այդ թվում` ծանոթանալու հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, ընկերության արտադրատնտեսական գործունեությանը և այլն,
3.7.5. կառավարման հիմնադրի անունից մասնակցելու ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովներին,
3.7.6. ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովներին իր իրավունքները ներկայացնելու համար լիազորելու երրորդ անձի (անձանց),
3.7.7. օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, սույն պայմանագրով և կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից,
3.7.8. իր իրավասության սահմաններում ընդունելու ինքնուրույն որոշումներ: Ընդ որում, ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանը վերապահված որոշումներն ընդունվելու են հավատարմագրային կառավարչի կողմից` միանձնյա, գրավոր տեսքով,
3.7.9. իրականացնելու սույն պայմանագրով սահմանված իր իրավունքները` լիազորված ներկայացուցչի (հանձնակատարի) միջոցով: Ընդ որում, հավատարմագրային կառավարիչը պատասխանատվություն է կրում իր կողմից լիազորված անձի (հանձնակատարի) գործողությունների համար, ինչպես` իր սեփականի,
3.7.10. ընկերության կողմից չօգտագործվող և գործունեության համար ոչ անհրաժեշտ տարածքները տրամադրելու վարձակալությամբ։
3.8. Հավատարմագրային կառավարչի լիազորությունների սահմանները:
3.8.1. Հավատարմագրային կառավարչին է պատկանում ընկերության բաժնետերերի ժողովի իրավասությանը վերապահված հետևյալ հարցերով միանձնյա որոշում ընդունելու իրավունքը`
ա) ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատում, տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունում և տարեկան շահաբաժինների չափի հաստատում,
բ) ընկերության բաժնետերերի ժողովի վարման կարգի հաստատում,
գ) ընկերության կողմից բաժնետերերին տեղեկությունների և նյութերի հաղորդման ձևի որոշում` ներառյալ համապատասխան զանգվածային լրատվության միջոցի ընտրությունը, եթե հաղորդումը պետք է իրականացվի նաև հրապարակային հայտարարությամբ,
դ) գործարքների կնքման մասին որոշման ընդունում (եթե գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշման ընդունման օրվա դրությամբ կազմում է ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25 տոկոսից ավելին),
ե) ընկերության գործադիր մարմնի (միանձնյա կամ կոլեգիալ) ձևավորում, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցում,
զ) ընկերության ղեկավար պաշտոնատար անձանց աշխատանքի վարձատրության պայմանների որոշում,
է) ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշում,
ը) տարեկան և արտահերթ ժողովների գումարման մասին որոշման ընդունում` բացառությամբ այն դեպքերի, երբ ժողովը գումարվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված կարգով,
թ) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովների օրակարգերի հաստատում,
ժ) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովներին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակի կազմում, տարվա, ամսվա, ամսաթվի հաստատում, ինչպես նաև այն բոլոր հարցերի լուծում, որոնք կապված են ժողովների նախապատրաստման ու գումարման հետ,
ժա) պարտատոմսերի և այլ արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշման ընդունում,
ժբ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով գույքի շուկայական արժեքի որոշում,
ժգ) ընկերության վերստուգողի վարձատրության և ծախսերի փոխհատուցումների վճարման կարգի և պայմանների հաստատում,
ժդ) ընկերության աուդիտն իրականացնող անձի վճարման չափի սահմանում,
ժե) ընկերության բաժնետոմսերով միջանկյալ (եռամսյակային կամ կիսամյակային) շահաբաժինների չափի և վճարման կարգի սահմանում,
ժզ) ընկերության պահուստային և այլ հիմնադրամների օգտագործում,
ժէ) ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատում,
ժը) ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծում, դրանց գործունեությունը կանոնակարգող կանոնակարգերի հաստատում:
3.8.2. Հավատարմագրային կառավարիչը կառավարման հիմնադրի նախնական գրավոր համաձայնությամբ ընդունում է հետևյալ որոշումները`
ա) կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, կանոնադրության հաստատումը` նոր խմբագրությամբ,
բ) ընկերության վերակազմակերպումը,
գ) հայտարարված բաժնետոմսերի քանակի սահմանումը,
դ) բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման, բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատման նպատակով ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերման, ինչպես նաև ընկերության կողմից ձեռք բերված կամ հետ գնված բաժնետոմսերի մարման միջոցով կանոնադրական կապիտալի նվազեցումը,
ե) ընկերության բաժնետոմսերի կամ բաժնետոմսերի փոխարկվող ընկերության այլ արժեթղթերի թողարկումը,
զ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի, պարտատոմսերի և այլ արժեթղթերի ձեռքբերման վերաբերյալ որոշման ընդունումը,
է) բաժնետոմսերի համախմբումը (կոնսոլիդացիա), բաժանումը,
ը) դուստր կամ կախյալ ընկերությունների ստեղծումը,
թ) դուստր կամ կախյալ ընկերություններին մասնակցությունը,
ժ) հոլդինգային ընկերությունների, առևտրային կազմակերպությունների և այլ միությունների հիմնադրումը,
ժա) հոլդինգային ընկերություններին, առևտրային կազմակերպություններին և այլ միություններին մասնակցությունը,
ժբ) բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով կանոնադրական կապիտալի չափի ավելացումը,
ժգ) ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը և հետգնումը,
ժդ) այնպիսի գործարքների կնքումը, որոնցում առկա է շահագրգռվածություն,
ժե) գործարքների կնքման մասին որոշման ընդունումը (եթե գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշման ընդունման օրվա դրությամբ կազմում է ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 տոկոսից ավելին),
ժզ) ընկերության վերստուգողի ընտրությունը,
ժէ) ամփոփ, միջանկյալ հաշվեկշիռների հաստատումը,
ժը) ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը: Ընդ որում, կողմերը համաձայնում են, որ ընկերության աուդիտը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությունում գրանցված միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական որևէ կազմակերպություն:
Կողմերը համատեղ կսահմանեն ընկերության աուդիտն իրականացնող անձի և վերստուգողի ընտրության մեխանիզմները, տեխնիկական առաջադրանքը և վարձատրության պայմանները, որոնք կկազմեն սույն պայմանագրի անբաժանելի մասը:
Ընկերության գործունեության 2004 թվականի ֆինանսական արդյունքների վերլուծության, ակտիվների գույքագրման ու վերագնահատման աշխատանքներն իրականացվելու են հավատարմագրային կառավարչի հաշվին, իսկ մնացած տարիների համար` ընկերության հաշվին:
Հավատարմագրային կառավարիչը ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի օտարման կամ ընկերության կողմից անշարժ գույքի ձեռքբերման ցանկացած գործարքի կնքման մասին որոշումները կարող է ընդունել միայն կառավարման հիմնադրի նախնական գրավոր համաձայնությամբ:
Սույն կետում նշված գրավոր համաձայնությունը (գրավոր առարկությունը) կառավարման հիմնադրի կողմից պետք է տրամադրվի հավատարմագրային կառավարչի հարցումն ստանալու պահից 10 (տասը) օրվա ընթացքում: Եթե հավատարմագրային կառավարչի հարցումն ստանալու պահից 10 (տասը) օրվա ընթացքում կառավարման հիմնադրի կողմից գրավոր համաձայնությունը (գրավոր առարկությունը) չի տրամադրվում, ապա հավատարմագրային կառավարչի կողմից հարցման առարկա հանդիսացող որոշման ընդունումը համարվում է համաձայնեցված:
Հոդված 4.
ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4.1. Սույն պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, ինչպես նաև միմյանց հասցված վնասների համար կողմերը պատասխանատու են իրենց ամբողջ գույքով և միջոցներով:
4.2. Հավատարմագրային կառավարիչն իր պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործի` ելնելով շահառուի և ընկերութան շահերից, բարեխիղճ և խելամիտ կերպով:
4.3. Հավատարմագրային կառավարիչը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր գործողության (անգործության) հետևանքով շահառուին և ընկերությանը պատճառած վնասների համար:
4.4. Հավատարմագրային կառավարչի հրաժարականը կամ սույն պայմանագրով նախատեսված պարտավորություններից ազատումը նրան չի ազատում իր կառավարման ընթացքում կառավարման հիմնադրին, շահառուին և ընկերությանը հասցրած վնասների համար պատասխանատվությունից:
4.5. Կառավարման հիմնադիրն իրավունք ունի հավատարմագրային կառավարչի դեմ հայցով դիմելու դատարան` կառավարման հիմնադրին, շահառուին և ընկերությանը պատճառած վնասների փոխհատուցման պահանջով:
Այն դեպքում, երբ հավատարմագրային կառավարչի միջոցներն անբավարար են պատճառած վնասների փոխհատուցման համար, փոխհատուցումը կկատարվի սույն պայմանագրի 3.3-րդ կետում նշված երրորդ անձի երաշխիքի հաշվին:
Տվյալ դեպքում վնասի չափը պետք է հաստատված լինի Հայաստանի Հանրապետությունում գրանցված միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից:
4.6. Հավատարմագրային կառավարիչը պատասխանատվություն է կրում պատճառված վնասների համար, եթե չի ապացուցում, որ այդ վնասներն առաջացել են անհաղթահարելի ուժի, շահառուի կամ կառավարման հիմնադրի կամ մինչև հավատարմագրային կառավարչի կողմից սույն պայմանագրով սահմանված լիազորությունների ստանձնումն ընկերության կառավարման և գործադիր մարմինների գործողությունների հետևանքով:
4.7. Հավատարմագրային կառավարիչն իրեն տրամադրված լիազորությունների գերազանցմամբ կամ դրանց համար սահմանված սահմանափակումների խախտմամբ կնքված գործարքով պարտավորությունը կրում է անձամբ:
4.8. Ոչ մի պարագայում կողմերից մեկը չի կարող մյուս կողմին պատասխանատվության ենթարկել՝ իր կողմից թույլ տրված անփութության կամ սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների խախտման հետևանքով տեղ գտած վնասների ու կորուստների կամ հնարավոր կորուստների (լինի շահույթի, թե այլ կորուստ) համար:
4.9. Հավատարմագրային կառավարիչը պարտավորվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք թույլ չեն տա գույքի հավատարմագրային կառավարման հետ կապված գործողությունների արդյունքում երրորդ անձանց հանդեպ առաջացած պարտականությունները կատարել բաժնետոմսերի հաշվին և բաժնետոմսերը զերծ կպահեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 962-րդ հոդվածի 2-րդ կետով և 964-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված բացասական հետևանքներից:
Հոդված 5.
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
5.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում նրա ստորագրման պահից և գործում է հինգ տարի ժամկետով:
Հոդված 6.
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
6.1. Հավատարմագրային կառավարիչը գույքի հավատարմագրային կառավարման ընթացքում ունի կառավարման հետ կապված իր կատարած անհրաժեշտ և հիմնավորված ծախսերի հատուցումն ստանալու իրավունք: Հատուցումը տրամադրվում է ընկերության կողմից կառավարման հիմնադրին բաշխման ենթակա շահաբաժնի հաշվին: Հատուցման չափը չի կարող ավելի լինել տարեկան 50.000 (հիսուն հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամից:
6.2. Այն դեպքում, երբ հավատարմագրային կառավարչի գործունեության արդյունքում ընկերության տարեկան շահույթը` համեմատած 2004 թվականի ֆինանսական արդյունքների հետ, անփոփոխ կլինի, և հավատարմագրային կառավարիչը կապահովի ընկերության գործունեության ծրագրով տվյալ տարվա համար նախատեսված ներդրումների իրականացումը, հավատարմագրային կառավարչի տարեկան վարձատրության չափը կկազմի ընկերության տարեկան շահույթի 20 (քսան) տոկոսին համարժեք գումար:
6.3. Այն դեպքում, երբ հավատարմագրային կառավարչի գործունեության արդյունքում ընկերության տարեկան շահույթը կավելանա` համեմատած 2004 թվականի ֆինանսական արդյունքների հետ, և հավատարմագրային կառավարիչը կապահովի ընկերության գործունեության ծրագրով տվյալ տարվա համար նախատեսված ներդրումների իրականացումը, հավատարմագրային կառավարիչը, բացի սույն պայմանագրի 6.2-րդ կետում նշված գումարից, կստանա լրացուցիչ վարձատրություն` շահույթի հավելյալ գումարի 50 (հիսուն) տոկոսին համարժեք գումարի չափով:
6.4. Այն դեպքում, երբ հավատարմագրային կառավարչի գործունեության արդյունքում ընկերության տարեկան շահույթը կնվազի` համեմատած 2004 թվականի ֆինանսական արդյունքների հետ, ապա հավատարմագրային կառավարիչը պետք է հիմնավորի շահութաբերության նվազեցումը և կառավարման հիմնադրին ներկայացնի ընկերության շահութաբերության ավելացման վերաբերյալ առաջարկություններ:
Այն դեպքում, երբ հավատարմագրային կառավարչի գործունեության հետևանքով ընկերության տարեկան շահույթը կնվազի` համեմատած 2004 թվականի ֆինանսական արդյունքների հետ, կամ հավատարմագրային կառավարիչը չի ապահովի ընկերության գործունեության ծրագրով տվյալ տարվա համար նախատեսված ներդրումների իրականացումը, ապա հավատարմագրային կառավարիչը տվյալ տարվա արդյունքում վարձատրություն չի ստանում:
Եթե շահութաբերության նվազեցումը կապված չէ հավատարմագրային կառավարչի կողմից սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետ, և շահութաբերությունը նվազել է հավատարմագրային կառավարչից անկախ պատճառով կամ ընկերության գործունեության ծրագրով նախատեսված ներդրումների և այդ ներդրումների հետևանքով գոյացած ծախսերի իրականացման արդյունքում, ապա կառավարման հիմնադիրն իրավունք չունի շահութաբերության նվազեցման փաստը որակելու որպես հավատարմագրային կառավարչի կողմից սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտում կամ ոչ պատշաճ կատարում:
6.5. Սույն պայմանագրի 6.2, 6.3 և 6.4-րդ կետերում նշված շահույթի չափը որոշվում է միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպության կողմից իրականացված աուդիտային ստուգումից հետո` աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների հիման վրա:
6.6. Սույն հոդվածով նախատեսված հավատարմագրային կառավարչին վճարման ենթակա գումարները պահվում են ընկերության կողմից շահաբաժնի վճարման ժամանակ և փոխանցվում հավատարմագրային կառավարչի բանկային հաշվին:
Հոդված 7.
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
7.1. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները բարեխղճորեն կատարող հավատարմագրային կառավարիչը սույն պայմանագրի գործողության ժամանակահատվածում գնման նախապատվության իրավունք է ստանում պետական բաժնեմաս հանդիսացող ընկերության բաժնետոմսերի օտարման ժամանակ` պայմանով, որ վերջինիս կողմից առաջարկվեն պայմաններ, որոնք էապես համարժեք լինեն լավագույն պայմաններ առաջարկող մրցույթի մասնակցի առաջարկած պայմաններին:
Հոդված 8.
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
8.1. Հավատարմագրային կառավարիչը պարտավորվում է բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու պահից 120 (հարյուր քսան) օրվա ընթացքում կառավարման հիմնադրի լիազորած մարմնի հաստատմանը ներկայացնել ընկերության գործունեության ծրագիրը, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:
8.2. Ընկերության գործունեության ծրագիրը պետք է ներառի`
ա) իրականացվող ներդրումների չափը,
բ) ընկերության զուտ շահույթի ենթադրվող չափը,
գ) ընկերության ենթադրվող բյուջեն,
դ) ընկերության տեխնիկական վերազինման ծավալները, ժամկետները, ֆինանսավորման աղբյուրները,
ե) ընկերության կողմից տրամադրվող փոստային կապի (այդ թվում` ունիվերսալ փոստային կապի) ծառայությունների տեսակները և ծավալները,
զ) վճարվելիք շահութաբաժինների ենթադրվող չափը,
է) կատարողական ցուցանիշների աճի դինամիկան և այլն:
8.3. Ընկերության գործունեության ծրագրով նախատեսված ընկերության կողմից տրամադրվող ծառայությունների տեսակները, ինչպես նաև տվյալ ծառայությունների տրամադրման պայմանները պետք է համապատասխանեն փոստային կապի ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
8.4. Ընկերության գործունեության ծրագրի նախապատրաստման ընթացքում կողմերը կարող են անցկացնել համատեղ քննարկումներ:
8.5. Ընկերության գործունեության ծրագրի նախագիծն ստանալու ամսաթվից 30 (երեսուն) օրվանից ոչ ուշ կառավարման հիմնադրի լիազորած մարմինը պարտավոր է քննարկել հավատարմագրային կառավարչի ներկայացրած նախագիծը և քննարկման արդյունքում հաստատել կամ չհաստատել այն` հավատարմագրային կառավարչին ներկայացնելով նախագծի վերաբերյալ հիմնավորված առաջարկություններ կամ պահանջներ:
Եթե նշված ժամկետում կառավարման հիմնադրի լիազորած մարմինը հավատարմագրային կառավարչին գրավոր չի հայտնում ընկերության գործունեության ծրագրի նախագծի հաստատման կամ չհաստատման մասին և միաժամանակ չի ներկայացնում հիմնավորված առաջարկություններ կամ պահանջներ, ապա ընկերության գործունեության ծրագիրը համարվում է կառավարման հիմնադրի կողմից հաստատված:
8.6. Ընկերության գործունեության ծրագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունները կամ պահանջները պետք է ունենան համապատասխան հիմնավորում, չեն կարող սուբյեկտիվ լինել և պետք է հիմնվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների վրա:
8.7. Ընկերության գործունեության ծրագրի նախագծի վերաբերյալ կառավարման հիմնադրի լիազորած մարմնի կողմից հիմնավորված առաջարկություններ և պահանջներ ներկայացվելու դեպքում կողմերը պարտավորվում են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ` կազմված կողմերի ներկայացուցիչներից, և ոչ ավելի, քան 30 (երեսուն) օրվա ընթացքում համաձայնեցնել ընկերության գործունեության ծրագրի նախագծի վերջնական խմբագրությունը, որը ենթակա է հաստատման` կառավարման հիմնադրի լիազորած մարմնի կողմից ընկերության գործունեության ծրագրի նախագիծը վերջնական խմբագրության ներկայացնելու պահից 10 (տասը) օրվա ընթացքում:
8.8. Այն դեպքում, եթե ընկերության գործունեության ծրագրի նախագծի վերաբերյալ կառավարման հիմնադրի լիազորած մարմնի կողմից ներկայացված հիմնավորված առաջարկությունները և պահանջներն ընդունելի չեն լինի հավատարմագրային կառավարչի համար, ապա հավատարմագրային կառավարիչը կարող է միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից: Հավատարմագրային կառավարչի միակողմանի հրաժարվելը սույն պայմանագրից հանգեցնում է սույն պայմանագրի վաղաժամկետ դադարեցմանը` սույն պայմանագրի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:
Տվյալ դեպքում հավատարմագրային կառավարիչն իրավունք չունի պահանջելու ընկերության գործունեության ծրագրի նախապատրաստման հետ կապված` կատարված ծախսերի փոխհատուցում:
8.9. Ընկերության գործունեության ծրագրի նախապատրաստման հետ կապված ընկերության գործունեության 2004 թվականի ֆինանսական արդյունքների վերլուծության, ակտիվների գույքագրման ու վերագնահատման աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետությունում գրանցված միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, որի ծառայությունների դիմաց վճարումը կատարվելու է հավատարմագրային կառավարչի հաշվին:
Ընկերության գործունեության ծրագրի նախապատրաստման համար հավատարմագրային կառավարիչը ներգրավելու է փորձագետների, որոնց ծառայությունների դիմաց վճարումը կատարվելու է հավատարմագրային կառավարչի հաշվին:
8.10. Ընկերության գործունեության ծրագրի շրջանակներում հավատարմագրային կառավարիչը պատրաստ է ապահովել ընկերությունում 5000000 (հինգ միլիոն) ԱՄՆ-ի դոլարի ներդրումների իրականացումը:
8.11. Սույն պայմանագրի կնքման պահից մինչև սույն պայմանագրով սահմանված կարգով ընկերության գործունեության ծրագրի հաստատման օրն ընկած ժամանակահատվածում հավատարմագրային կառավարիչն իրականացնում է սույն պայմանագրի 3.8.1-ին կետով սահմանված իրավասությունները միայն սույն պայմանագրի 3.8.2-րդ կետով` սահմանված կարգով, այն է` կառավարման հիմնադրի լիազորված մարմնի կողմից տրված նախնական գրավոր համաձայնության առկայության դեպքում:
Հոդված 9.
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ, ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
9.1. Սույն պայմանագրում լրացումներ և փոփոխություններ կատարվում են կողմերի համաձայնությամբ՝ գրավոր:
9.2. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ դադարեցվել կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հիմքերով և կարգով:
9.3. Սույն պայմանագրի դադարեցումից հետո կողմերը պետք է միմյանց մանրամասնորեն հրահանգեն այն բոլոր փաստաթղթերի և միջոցների վերադարձի, պահպանության, պահումների կամ տեղաբաշխման մասին, որոնք առնչվում են սույն պայմանագրին և հետագայում պետք է անցնեն այս կամ այն կողմի տրամադրության կամ հսկողության տակ:
9.4. Սույն պայմանագրի դադարեցումը ձևակերպվում է համապատասխան արձանագրությամբ (ակտով), որում արձանագրվում են կողմերի այն բոլոր իրավունքներն ու պարտավորությունները, որոնք դեռ ուժի մեջ են սույն պայմանագրի դադարեցման պահի դրությամբ կամ ծագել են դրա հետևանքով:
9.5. Առևտրային տեղեկության գաղտնիությանը վերաբերող կետերն ուժի մեջ են նաև սույն պայմանագրի գործողության ավարտից կամ դադարեցումից հետո:
9.6. Սույն պայմանագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով:
9.7. Սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունները հավատարմագրային կառավարչի կողմից բարեխղճորեն կատարվելու դեպքում կառավարման հիմնադիրը պարտավորվում է հավատարմագրային կառավարչի հետ վերակնքել (երկարաձգել) սույն պայմանագիրն այն ժամկետով և պայմաններով, որոնք նախատեսված են սույն պայմանագրով:
Հոդված 10.
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ
10.1. Կառավարման հիմնադիրը երաշխավորում է այն, որ ընկերությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված բոլոր տեսակի լիցենզիաները վավերական են և ենթակա չեն հետկանչման` բացառությամբ այն դեպքերի, երբ լիցենզիաների հետկանչման հիմք կհանդիսանա հավատարմագրային կառավարչի գործողության հետևանքով ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումը:
Հոդված 11.
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄ: ԿՈՂՄԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՐԱՆՑԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
11.1. Սույն պայմանագրի համաձայն կողմերի կողմից պարտավորության խախտում են համարվում այն դեպքերը, երբ`
ա) կողմը չի կատարում սույն պայմանագրի պայմանները՝ սույն պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով, կամ երբ`
բ) կողմը չի վերացնում նման խախտումը` այդ խախտման մասին գրավոր ծանուցում ստանալու օրվանից 30 (երեսուն) օրվա ընթացքում, կամ երբ`
գ) հավատարմագրային կառավարչի կամ ընկերության գործունեությունը որևէ պատճառով ընդհատվում կամ դադարեցվում է՝ առանց սույն պայմանագրից բխող բոլոր իրավունքներն ու պարտավորություններն իրավահաջորդության հիմունքով մեկ այլ անձի փոխանցելու, կամ երբ`
դ) հավատարմագրային կառավարչից անկախ պատճառներով ընկերությունը կորցնում է իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ թույլտվությունները, լիցենզիաները և այլն:
11.2. Կողմերի հարաբերությունները նրանց որևէ մեկի կողմից սույն պայմանագրով ստանձնած իր պարտավորությունների չկատարման դեպքում կարգավորվում են կիրառվող օրենսդրությամբ:
11.2.1. Երբ կողմերից մեկը չի կատարում իր պարտավորությունները, մյուս կողմը պետք է պարտավորությունների չկատարման վերաբերյալ ծանուցում ներկայացնի խախտող կողմին: Պարտավորությունների չկատարման մասին ծանուցումը պետք է պարունակի ստեղծված իրավիճակին առնչվող փաստերի համառոտ նկարագիրը, որին պետք է կցվեն տվյալ կողմի պարտավորությունների չկատարումն ապացուցող փաստաթղթերը:
11.2.2. Պարտավորությունների չկատարման մասին ծանուցումն ստանալուց ոչ ուշ, քան 10 (տասը) օրվա ընթացքում` խախտող կողմը պետք է ներկայացնի համապատասխան բացատրություններ, որոնց հիման վրա հակառակ կողմը որոշում է իր ձեռնարկելիք քայլերը`
ա) վարել խորհրդակցություններ կամ բանակցություններ` հակասությունները և տարաձայնությունները բանակցելու միջոցով հարթելու նպատակով, կամ`
բ) խախտող կողմին ճանաչել պարտավորությունները չկատարող կողմ և ձեռնարկել սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործողություններ:
11.2.3. Կողմերից յուրաքանչյուրը` անկախ սույն հոդվածով նախատեսված կարգից, իրավունք ունի ձեռնարկելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած քայլեր, եթե պարզի, որ սույն պայմանագրի մյուս կողմի գործողությունը վտանգ է սպառնում իր շահերին:
Հոդված 12.
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈԽԱՆՑԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
12.1. Կողմերն ընդունում են, որ սույն պայմանագրից բխող առանձին իրավունքների և պարտավորությունների, ինչպես նաև ամբողջությամբ սույն պայմանագրի փոխանցումը որևէ երրորդ անձանց չի թույլատրվում` բացառությամբ այն դեպքերի, երբ իրավունքները և պարտավորությունները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իրավահաջորդության կարգով:
12.2. Որևէ կողմի իրավահաջորդը պետք է ուղղակիորեն ստանձնի սույն պայմանագրից բխող իրավունքներն ու պարտավորությունները, այդ թվում՝ սույն պայմանագրով նախատեսված այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք կապված են հնարավոր վեճերի ու տարաձայնությունների կարգավորման հետ:
Հոդված 13.
ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)
13.1. Սույն պայմանագրով կողմերի ստանձնած պարտավորությունները պետք է ընդհատվեն առանց տուժային սանկցիաների՝ այն ծավալով, որքանով որ դրանց իրականացմանը խոչընդոտել են ֆորս-մաժորային հանգամանքները: Սույն պայմանագրի շրջանակներում պարտավորությունների կատարման ժամկետը կարգավորվում է ըստ այն ժամանակահատվածի, որի ընթացքում շարունակվում է անհաղթահարելի ուժի ազդեցությունը:
13.2. Սույն պայմանագրի շրջանակներում անհաղթահարելի ուժեր են համարվում խոշոր ջրհեղեղները, երկրաշարժերը և այլ բնական աղետները, ռազմական գործողությունները կամ այլ գործողություններ ու հանգամանքներ, որոնք ենթակա չեն կողմերի հսկողությանը, ծագել են սույն պայմանագրի կնքումից հետո և բացասաբար են ազդում կողմերի՝ սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման հնարավորության վրա:
13.3. Անհաղթահարելի ուժ ներկայացնող հանգամանքի ծագումից անմիջապես հետո` այն կողմը, որը նման հանգամանքի պատճառով ի վիճակի չէ շարունակել իր գործունեությունը, պետք է մյուս կողմին ներկայացնի նման հանգամանքի մասին տեղեկացնող գրավոր ծանուցում: Ծանուցման մեջ պետք է պատճառաբանվի, թե որքանով է առաջացած իրավիճակն արդարացնում գործունեության ակնկալվող հապաղումը: Հակառակ կողմի պահանջով՝ անհաղթահարելի ուժի ազդեցության տակ հայտնված կողմը պետք է նման հանգամանքները հաստատող տեղեկանք ներկայացնի՝ տրամադրված տվյալ երկրի համապատասխան առևտրային պալատի կամ որևէ անկախ մարմնի կողմից: Անհաղթահարելի ուժի ազդեցության ավարտից հետո անհաղթահարելի ուժի ազդեցության տակ հայտնված կողմը պարտավոր է դրա մասին անհապաղ գրավոր ծանուցել մյուս կողմին: Ըստ որում, ծանուցման մեջ պետք է նշվի, թե, արդյոք, անհաղթահարելի ուժի ազդեցության ավարտը հնարավորություն ստեղծում է գործունեությունը շարունակելու համար:
13.4. Պարտավորությունների կատարումը հնարավոր դառնալուն պես` անհաղթահարելի ուժի ազդեցության տակ հայտնված կողմը պետք է ձեռնամուխ լինի իր այն պարտավորությունների կատարմանը, որոնց իրականացումն ընդհատվել կամ դադարեցվել էր անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով:
13.5. Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է վեց ամսվանից ավելի (կամ երբ ակնհայտ է դառնում, որ նման իրավիճակը կամ դրա հետևանքները կշարունակվեն վեց ամսվանից ավելի), ապա կողմերը պետք է անմիջապես բանակցություններ սկսեն՝ անհաղթահարելի ուժի ազդեցության տակ հայտնված կողմի համար հնարավոր ելք գտնելու նպատակով, ինչը վերջինիս թույլ կտա կատարել սույն պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:
Հոդված 14.
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
14.1. Սույն պայմանագրի կատարման, դադարեցման կամ անվավեր ճանաչման հետ կապված, ինչպես նաև ցանկացած այլ վեճերն ու տարաձայնությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
14.2. Եթե կողմերը չեն կարողանում հարթել վեճերն ու տարաձայնությունները դրանց ծագելուց 60 (վաթսուն) աշխատանքային օրվա ընթացքում, ապա նման վեճերն ու տարաձայնությունները պետք է լուծվեն Հայաստանի Հանրապետության դատարանների միջոցով:
Դատարանի որոշումը վերջնական և պարտադիր է երկու կողմի համար:
14.3. Կողմերի միջև վեճերի, տարաձայնությունների կամ դատարանի վարույթի առկայությունը կողմերին չի ազատում սույն պայմանագրով ստանձնած այն պարտականություններից, որոնք չեն առնչվում նման վեճերին, տարաձայնություններին կամ դատարանի վարույթին:
14.4. Եթե սույն պայմանագրի դրույթներից մեկը դատարանի կողմից կհամարվի անվավեր կամ օրինական ուժը կորցրած, ապա սույն պայմանագրի մնացած մասը կմնա ուժի մեջ, իսկ անվավեր կամ անիրագործելի դրույթը կփոխարինվի օրինականով, որը նպատակների և գործողության առումով հնարավորինս ավելի մոտ կլինի սկզբնական դրույթին։
14.5. Վեճերի ու տարաձայնությունների ժամանակ գերակայությունը տրվելու է հայերենին:
Հոդված 15.
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
15.1. Փոփոխություններ և հրաժարումներ: Եթե սույն պայմանագրի որևէ հոդված կամ հոդվածի կետ անվավեր, անգործուն, անիրագործելի կամ օրենսդրությանը չհամապատասխանող է ճանաչվում, ապա դա չի ազդում սույն պայմանագրի մյուս հոդվածների և կետերի կիրառելիության վրա: Սույն պայմանագրի որևէ հոդված կամ կետ անվավեր կամ անիրագործելի ճանաչվելու դեպքում կողմերը համաձայն են անմիջապես համատեղ բանակցել բարյացակամության ոգով` փորձելով տվյալ հոդվածը կամ կետը փոխել այնպես, որ այն դառնա կիրառելի և առավել հնարավոր չափով արտացոլի կողմերի սկզբնական նպատակը համապատասխան հարցի կամ հարցերի վերաբերյալ:
15.2. Լիակատար պայմանագիր: Սույն պայմանագիրը և սույն պայմանագրում նախատեսված պայմանները ներառում են լիակատար համաձայնություն կողմերի միջև և սույն պայմանագրին նախորդող բոլոր բանավոր կամ գրավոր պայմանավորվածությունների ու պայմանագրերի նկատմամբ նախապատվություն ունեն:
15.3. Յուրաքանչյուր կողմ իրավունք ունի սույն պայմանագրի համապատասխան դրույթների կատարման նպատակով որևէ երրորդ անձի տրամադրելու լիազորագիր՝ իր անունից և իր լիազորությամբ գործելու համար։ Ընդ որում, յուրաքանչյուր կողմ պատասխանատու է իր կողմից լիազորված անձանց գործողությունների համար։
15.4. Ծանուցումներ: Սույն պայմանագրի կետերի վերաբերյալ բոլոր ծանուցումներն ու պահանջները և այլ հաղորդակցություն կատարվում են գրավոր` հետևյալ հասցեներով`
եթե այն ուղղված է կառավարման հիմնադրին, ապա՝
_______________________________________________
Հասցեն`
Հեռախոսահամարը`
Ֆաքսը`
եթե այն ուղղված է կառավարման հիմնադրին, ապա՝
___________________________________________
Հասցեն`
Հեռախոսահամարը`
Ֆաքսը`
Հասցեների փոփոխման ժամանակ կողմերը նախապես տեղյակ են պահում միմյանց:
Կողմերի միջև հաղորդակցության լեզուն հայերենն է։
15.5. Ներկայացումները, երաշխիքները վավերական ճանաչելը: Սույն պայմանագրում նշված կողմերի ներկայացումները, երաշխիքները և պարտավորությունները վավերական են լինելու սույն պայմանագրի ստորագրման պահից և կգործեն սույն պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում:
15.6. Հրապարակում: Կողմերից ոչ մեկը չի կարող հրապարակել սույն պայմանագրում նշված գործարքի մասին որևէ տեղեկություն` առանց մյուս կողմի նախնական երաշխավորության:
Ի վկայություն որի, կողմերն ստորագրեցին սույն պայմանագիրը` 2 (երկու) իրավահավասար բնօրինակից, որոնցից մեկական օրինակ կտրամադրվի սույն պայմանագրի կողմերին: Սույն պայմանագրի բոլոր օրինակներն ունեն հավասար իրավական ուժ։
Հոդված 16.
ԿՈՂՄԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետություն Լիազորված ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ա. Ե. Մանուկյան |
«Կոնվերս Ինվեստ»
|
______________________________ գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Նալբանդյան 28 |
______________________________ գտնվելու վայրը` Լատվիայի Հանրապետություն, քաղ. Ռիգա, Ցիտադելես իդա 7/43, LV-1010 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.09.2006, N 1379-Ա | 10.10.2006, N 1873-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|