Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կանոնադրություն
Ակտի տիպ
Base act (25.01.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/5(13)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
05.05.1949
Ստորագրման ամսաթիվ
05.05.1949
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2001

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Բելգիայի Թագավորության, Դանիայի Թագավորության, Իռլանդիայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդեռլանդների Թագավորության, Նորվեգիայի Թագավորության, Շվեդիայի Թագավորության, Ֆրանսիայի Հանրապետության Կառավարությունները,

համոզված լինելով, որ արդարության և միջազգային համագործակցության վրա հիմնված խաղաղության ամրապնդումը կենսական նշանակություն ունի մարդկային հասարակության և քաղաքակրթության պահպանության համար,

վերահաստատելով իրենց հավատարմությունը այն հոգեկան և բարոյական արժեքներին, որոնք իրենց ժողովուրդների ընդհանուր ժառանգությունն են և անհատի ազատության, քաղաքական ազատության և իրավունքի գերակայության աղբյուրը. սկզբունքներ, որոնց վրա հիմնվում է իսկական ժողովրդավարությունը,

համոզված լինելով, որ այս գաղափարների պահպանման, հետագա իրականացման, ինչպես նաև սոցիալական ու տնտեսական առաջընթացն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ավելի սերտ միասնություն միանման ձգտումներ ունեցող եվրոպական երկրների միջև,

նկատի ունենալով, որ այս անհրաժեշտությունը և իրենց ժողովուրդների կողմից արտահայտված իղձերը բավարարելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել մի կազմակերպություն, որը կմիավորի եվրոպական երկրներին ավելի սերտ ընկերակցության մեջ,

որոշեցին հիմնել Եվրոպայի խորհուրդը, կազմված Կառավարությունների ներկայացուցիչների Կոմիտեից և Խորհրդակցական վեհաժողովից, և այս նպատակով ընդունեցին սույն Կանոնադրությունը:

 

Գլուխ 1

 

Եվրոպայի խորհրդի նպատակը

 

Հ ո դ վ ա ծ 1

 

ա) Եվրոպայի խորհրդի նպատակն է՝ հասնել ավելի սերտ միասնության իր անդամների միջև՝ ընդհանուր ժառանգություն կազմող գաղափարների և սկզբունքների պաշտպանության ու զարգացման և նրանց սոցիալական ու տնտեսական առաջընթացին նպաստելու համար:

բ) Այս նպատակը կիրագործվի Եվրոպայի խորհրդի մարմինների միջոցով՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման, համաձայնագրերի կնքման և տնտեսական, սոցիալական, մշակութային, գիտական, իրավական և վարչական բնագավառներում համատեղ գործունեության ընդունման, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և զարգացման միջոցով:

գ) Անդամների մասնակցությունը Եվրոպայի խորհրդի աշխատանքներին չպետք է ազդի նրանց համագործակցությանը Միավորված ազգերի կազմակերպության և այն միջազգային կազմակերպությունների և միությունների շրջանակներում, որոնց կողմեր են նրանք:

դ) Ազգային պաշտպանության հետ կապված հարցերը չեն մտնում Եվրոպայի խորհրդի իրավասության մեջ:

 

Գլուխ 2

 

Անդամությունը

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Եվրոպայի խորհրդի անդամները սույն Կանոնադրության կողմերն են:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետք է ընդունի իրավունքի գերակայության սկզբունքը և այն սկզբունքը, որի համաձայն յուրաքանչյուր անձ, ով գտնվում է այդ անդամի իրավազորության ներքո, պետք է օգտվի մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից: Նա պարտավորվում է անկեղծորեն և արդյունավետ կերպով համագործակցել առաջին գլխում սահմանված նպատակի իրականացման համար:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Յուրաքանչյուր եվրոպական պետություն, որը կհամարվի ունակ և պատրաստակամ՝ իրականացնելու 3-րդ հոդվածի դրույթները, Նախարարների կոմիտեի կողմից կարող է հրավիրվել՝ անդամակցելու Եվրոպայի խորհրդին: Հրավիրված յուրաքանչյուր պետություն անդամի կարգավիճակ է ստանում սույն Կանոնադրությանը միանալու մասին փաստաթուղթը իր անունից Գլխավոր քարտուղարին ի պահ տալու օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

ա) Հատուկ դեպքերում որևէ եվրոպական պետություն, որը կհամարվի ունակ և պատրաստակամ՝ իրականացնելու 3-րդ հոդվածի դրույթները, Նախարարների կոմիտեի կողմից կարող է հրավիրվել՝ դառնալու Եվրոպայի խորհրդի ասոցիացված անդամ: Հրավիրված յուրաքանչյուր պետություն ասոցիացված անդամի կարգավիճակ է ստանում սույն Կանոնադրությունը ընդունելու մասին փաստաթուղթն իր անունից Գլխավոր քարտուղարին ի պահ տալու օրվանից: Ասոցիացված անդամը կարող է ներկայացուցիչ ունենալ միայն Խորհրդակցական վեհաժողովում:

բ) Սույն Կանոնադրությունում գործածվող «անդամ» տերմինը ներառում է նաև ասոցիացված անդամին` բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը վերաբերում է Նախարարների կոմիտեում ներկայացուցչությանը:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Մինչև վերոհիշյալ 4-րդ և 5-րդ հոդվածներով հրավեր ներկայացնելը, Նախարարների կոմիտեն սահմանում է Խորհրդակցական վեհաժողովում ապագա անդամի համար նախատեսված ներկայացուցիչների քանակը և ֆինանսական մուծումների չափաբաժինը:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից՝ իր որոշման մասին պաշտոնապես ծանուցելով Գլխավոր քարտուղարին: Անդամի դուրս գալն ուժի մեջ է մտնում ընթացիկ ֆինանսական տարվա վերջում, եթե ծանուցումն արվել է այդ տարվա առաջին ինն ամիսների ընթացքում, և հաջորդ ֆինանսական տարվա վերջում, եթե ծանուցումն արվել է վերջին երեք ամիսների ընթացքում:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

3-րդ հոդվածի դրույթները էականորեն խախտող Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամի ներկայացուցչության իրավունքը Նախարարների կոմիտեում կարող է կասեցվել, և վերջինս կարող է նրան պահանջ ներկայացնել՝ դուրս գալու Եվրոպայի խորհրդից՝ 7-րդ հոդվածում նախատեսված պայմաններով: Եթե այդ անդամը հաշվի չի առնում ներկայացված պահանջը, Կոմիտեն կարող է որոշել, որ այդ անդամի՝ Եվրոպայի խորհրդին անդամությունը դադարեցվում է իր սահմանած օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Եթե անդամը չի կատարում իր ֆինանսական պարտավորությունները, Նախարարների կոմիտեն կարող է կասեցնել նրա՝ Կոմիտեում և Խորհրդակցական վեհաժողովում ներկայացուցչության իրավունքը այնքան ժամանակ, մինչև կատարվեն այդ պարտավորությունները:

 

Գլուխ 3

 

Ընդհանուր դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Եվրոպայի խորհրդի մարմիններն են`

Նախարարների կոմիտեն,

Խորհրդակցական վեհաժողովը1:

Եվրոպայի խորհրդի քարտուղարությունը սպասարկում է այս երկու մարմիններին:

___________

1  1994 թ. փետրվարին Նախարարների կոմիտեն որոշել է Եվրոպայի խորհրդի բոլոր փաստաթղթերում հետագայում գործածել «Խորհրդարանական վեհաժողով» անվանումը:

 

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Եվրոպայի խորհրդի նստավայրը գտնվում է Ստրասբուրգում:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Նախարարների կոմիտեի և Խորհրդակցական վեհաժողովի ներքին կանոնակարգերը սահմանում են, թե որ հանգամանքներում և ինչ պայմաններով կարող են այլ լեզուներ օգտագործվել:

 

Գլուխ 4

 

Նախարարների կոմիտեն

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Նախարարների կոմիտեն, 15-րդ և 16-րդ հոդվածներին համապատասխան, Եվրոպայի խորհրդի

անունից գործող իրավասու մարմինն է:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Յուրաքանչյուր անդամ ունի մեկ ներկայացուցիչ Նախարարների կոմիտեում, և յուրաքանչյուր ներկայացուցիչ ունի մեկ ձայնի իրավունք: Նախարարների կոմիտեում ներկայացուցիչները արտաքին գործերի նախարարներն են: Երբ արտաքին գործերի նախարարը ի վիճակի չէ ներկա լինելու կամ այլ հանգամանքներում, երբ այդ ցանկալի է, կարող է նշանակվել նրան փոխարինող, որը, հնարավորության դեպքում, պետք է լինի իր երկրի Կառավարության անդամ:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

ա) Նախարարների կոմիտեն Խորհրդակցական վեհաժողովի առաջարկությամբ կամ սեփական նախաձեռնությամբ քննում է Եվրոպայի խորհրդի նպատակի իրագործմանն ուղղված միջոցառումները՝ ներառյալ կոնվենցիաների և համաձայնագրերի կնքումը և առանձնահատուկ հարցերի վերաբերյալ Կառավարությունների կողմից ընդհանուր քաղաքականության ընդունումը: Նրա եզրակացությունները Գլխավոր քարտուղարի միջոցով ներկայացվում են անդամներին:

բ) Նախարարների կոմիտեի եզրակացությունները անհրաժեշտության դեպքում կարող են ընդունվել անդամների Կառավարություններին ուղղված հանձնարարական-առաջարկությունների ձևով: Կոմիտեն կարող է պահանջել վերջիններից, որ իրեն տեղեկացնեն այդ հանձնարարականներին տրված ընթացքի մասին:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Բացառությամբ 24-րդ, 28-րդ, 30-րդ, 32-րդ, 33-րդ և 35-րդ հոդվածներում սահմանված՝ Խորհրդակցական վեհաժողովի իրավասությանը վերապահված հարցերի` Նախարարների կոմիտեն պարտադիր որոշումներ է ընդունում Եվրոպայի խորհրդի ներքին կազմակերպական հարցերի և կարգավորումների վերաբերյալ: Այդ նպատակով նա ընդունում է անհրաժեշտ ֆինանսական և վարչական կանոնակարգեր:

 

Հ ո դ վ ա ծ  17

 

Նպատակահարմարության դեպքում Նախարարների կոմիտեն կարող է ձևավորել խորհրդատվական և տեխնիկական հանձնաժողովներ և կոմիտեներ:

 

 

Հ ո դ վ ա ծ  18

 

Նախարարների կոմիտեն ընդունում է իր ներքին կանոնակարգը, որը, մասնավորապես, սահմանում է.

i. քվորումը,

ii. նախագահի նշանակման կարգը և նրա պաշտոնավարության ժամկետը,

iii. օրակարգի հաստատման ընթացակարգը՝ ներառյալ բանաձևերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

iv. 14-րդ հոդվածի համաձայն՝ փոխարինողների նշանակման վերաբերյալ ծանուցումների պայմանները:

 

Հ ո դ վ ա ծ  19

 

Խորհրդակցական վեհաժողովի յուրաքանչյուր նստաշրջանի ժամանակ Նախարարների կոմիտեն նրան ներկայացնում է իր գործունեության մասին հաշվետվություն՝ համապատասխան փաստաթղթերով:

 

Հ ո դ վ ա ծ  20

 

ա) Ներքոնշյալ կարևոր հարցերի վերաբերյալ Նախարարների կոմիտեի որոշումները ընդունվում են միաձայն՝ մասնակցելու իրավունք ունեցող ներկայացուցիչների մեծամասնության ներկայության դեպքում.

i. 15-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված հանձնարարական-առաջարկությունների վերաբերյալ,

ii. 19-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ,

iii. 21-րդ հոդվածի «ա» կետի i ենթակետով և «բ» կետով նախատեսված հարցերի վերաբերյալ,

iv. 33-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ,

v. 1-ին հոդվածի «դ» կետի, 7-րդ, 15-րդ, 20-րդ, 22-րդ հոդվածների փոփոխությանը վերաբերող հանձնարարականների վերաբերյալ, և

vi. ցանկացած այլ հարցի վերաբերյալ, որի կարևորության պատճառով Կոմիտեն որոշել է ընդունել միաձայն` սույն հոդվածի «դ» կետով նախատեսված պայմաններով ընդունված որոշմամբ:

բ) Ներքին կանոնակարգերից և ֆինանսական կամ վարչական կանոնակարգերից բխող հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են մասնակցելու իրավունք ունեցող ներկայացուցիչների պարզ մեծամասնությամբ:

գ) Կոմիտեի՝ 4-րդ և 5-րդ հոդվածներով նախատեսված որոշումներն ընդունվում են մասնակցելու իրավունք ունեցող ներկայացուցիչների ձայների երկու երրորդով:

դ) Մասնակցելու իրավունք ունեցող ներկայացուցիչների մեծամասնության ներկայության և արտահայտված ձայների երկու երրորդով ընդունվում են Կոմիտեի մյուս որոշումները: Դրանք ներառում են, մասնավորապես, այն բանաձևերը, որոնք վերաբերում են բյուջեի ընդունմանը, ներքին կանոնակարգին, ֆինանսական և վարչական կանոնակարգերին, վերոհիշյալ «ա» կետի հինգերորդ ենթակետում չհիշատակված` սույն Կանոնադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններին և, կասկածի դեպքում, սույն հոդվածի այն կետի սահմանմանը, որը հարկ է կիրառել:

 

Հ ո դ վ ա ծ  21

 

ա) Նախարարների կոմիտեի նիստերը, բացառությամբ այն դեպքի, երբ այլ որոշում է ընդունված, անց են կացվում.

i. դռնփակ,

ii. Եվրոպայի խորհրդի նստավայրում:

բ) Նախարարների կոմիտեն սահմանում է, թե իր քննարկումների և եզրակացությունների վերաբերյալ որ տեղեկությունը պետք է հրապարակվի:

գ) Կոմիտեն պարտադիր հավաքվում է Խորհրդակցական վեհաժողովի նստաշրջանների բացումից առաջ և այդ նստաշրջանների սկզբում: Կոմիտեն հավաքվում է նաև ցանկացած ժամանակ, երբ անհրաժեշտ է համարում:

 

Գլուխ 5

 

Խորհրդակցական վեհաժողով

 

Հ ո դ վ ա ծ  22

 

Խորհրդակցական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդակցական մարմինն է: Նա քննարկում է սույն Կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված հարցերը և Նախարարների կոմիտեին իր եզրակացությունները ներկայացնում է հանձնարարական-առաջարկությունների ձևով:

 

Հ ո դ վ ա ծ  232

 

ա) Խորհրդակցական վեհաժողովը կարող է քննարկել և առաջարկություններ անել առաջին գլխում սահմանված նպատակին համապատասխանող և Եվրոպայի խորհրդի իրավասության մեջ մտնող ցանկացած հարցի վերաբերյալ: Նա քննարկում և առաջարկություններ է անում ցանկացած հարցի վերաբերյալ, որն իրեն է ուղարկում Նախարարների կոմիտեն՝ կարծիք հայտնելու խնդրանքով:

բ) Վեհաժողովը սահմանում է իր օրակարգը, վերը նշված «ա» կետի դրույթներին համապատասխան, հաշվի առնելով այն եվրոպական միջկառավարական կազմակերպությունների գործունեությունը, որոնց կողմեր են Եվրոպայի խորհրդի բոլոր անդամները կամ նրանց մի մասը:

գ) Կասկածի դեպքում նստաշրջանի ժամանակ բարձրացված հարցը օրակարգի մեջ ընդգրկելը կամ չընդգրկելը որոշում է Վեհաժողովի նախագահը:

________

2  Փոփոխված է 1951 թ. մայիսին:

 

Հ ո դ վ ա ծ  24

 

Խորհրդակցական վեհաժողովը կարող է, հաշվի առնելով 38-րդ հոդվածի «դ» կետի դրույթները, ստեղծել կոմիտեներ կամ հանձնաժողովներ, որոնք կքննարկեն 23-րդ հոդվածում սահմանված իր իրավասությանը վերաբերող բոլոր հարցերը, նրան զեկույցներ կներկայացնեն, կուսումնասիրեն նրա օրակարգում ընդգրված հարցերը և կարծիք կհայտնեն ընթացակարգային յուրաքանչյուր հարցի վերաբերյալ:

 

Հ ո դ վ ա ծ  253

 

 ա) Խորհրդակցական վեհաժողովը կազմված է յուրաքանչյուր անդամի ներկայացուցիչներից, որոնք ընտրվում կամ նշանակվում են իրենց խորհրդարանի անդամներից՝ խորհրդարանի կողմից հաստատված ընթացակարգով` բացառությամբ այն դեպքի, երբ յուրաքանչյուր անդամի Կառավարությունը, այնուամենայնիվ, կարող է լրացուցիչ նշանակումներ կատարել խորհրդարանի նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում, երբ նման դեպքի համար խորհրդարանի կողմից ընթացակարգ սահմանված չէ: Յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է լինի այն անդամի քաղաքացին, որին ներկայացնում է: Նա չի կարող միաժամանակ լինել Նախարարների կոմիտեի անդամ:

Նշանակված ներկայացուցիչների մանդատը գործում է նրանց նշանակմանը հաջորդող հերթական նստաշրջանի բացումից սկսած և դադարում է միայն հաջորդ հերթական նստաշրջանի կամ հետագա հերթական նստաշրջանի բացման ժամանակ` բացառությամբ այն դեպքի, երբ անդամն իրականացնում է նոր նշանակումներ խորհրդարանական ընտրություններից հետո:

Եթե անդամը մահվան կամ հրաժարականի հետևանքով թափուր տեղ է ստանում կամ նոր նշանակումներ է կատարում խորհրդարանական ընտրություններից հետո, նոր ներկայացուցիչների մանդատը գործում է նշանակմանը հաջորդող Վեհաժողովի առաջին ժողովից սկսած:

բ) Ոչ մի ներկայացուցիչ չի կարող զրկվել իր մանդատից Վեհաժողովի նստաշրջանի ընթացքում` առանց Վեհաժողովի համաձայնության:

գ) Յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է ունենալ փոխարինող, որը նրա բացակայության ժամանակ կարող է մասնակցել, ելույթ ունենալ և նրա փոխարեն քվեարկել: Վերոհիշյալ «ա» կետի դրույթները կիրառվում են նաև փոխարինողների նշանակման դեպքում:

 

_________

3  «ա» կետի առաջին նախադասությունը փոփոխված է 1951 թ. մայիսին: «ա» կետը լրացվել է երկու պարբերություններով 1953 թ. մայիսին, «ա» կետի առաջին պարբերությունը փոփոխված է 1970 թ. հոկտեմբերին:

 

 

Հ ո դ վ ա ծ  264

 

Անդամներն ունեն հետևյալ քանակով ներկայացուցիչներ.

Ադրբեջան - 6

Ալբանիա - 4

Անդորրա - 2

Ավստրիա - 6

Բելգիա -7

Բոսնիա և Հերցեգովինա - 5

Բուլղարիա - 6

Գերմանիա - 18

Դանիա - 5

Էստոնիա - 3

Թուրքիա - 12

Իռլանդիա - 4

Իսլանդիա - 3

Իսպանիա - 12

Իտալիա - 18

Լատվիա - 3

Լեհաստան - 12

Լիխտենշտեյն - 2

Լիտվա - 4

Լյուքսեմբուրգ - 3

Խորվաթիա - 5

Կիպրոս - 3

Հայաստան - 4

Հունաստան - 7

Հունգարիա - 7

Մալթա - 3

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն - 18

Մոլդովա -5

Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետություն - 3

Նիդեռլանդներ - 7

Նորվեգիա - 5

Շվեդիա - 6

Շվեյցարիա - 6

Չեխիայի Հանրապետություն - 7

Պորտուգալիա - 7

Ռումինիա - 10

Ռուսաստան - 18

Սան Մարինո - 2

Սերբիա և Մոնտենեգրո - 7

Սլովակիա - 5

Սլովենիա - 3

Վրաստան - 5

Ուկրաինա - 12

Ֆինլանդիա - 5

Ֆրանսիա - 18

 

_________

4  Փոփոխված է 1951թ. դեկտեմբերին, 1958թ. մայիսին, 1961թ. նոյեմբերին, 1963թ. մայիսին, 1965թ. մայիսին, 1971թ. փետրվարին, 1974թ. դեկտեմբերին, 1976թ. հոկտեմբերին, 1978թ. հունվարին, 1978թ. նոյեմբերին, 1988թ. նոյեմբերին, 1989թ. մայիսին, 1990թ. նոյեմբերին, 1991թ. նոյեմբերին, 1992թ. մայիսին, 1993թ. մայիսին, 1993թ. հունիսին, 1993թ. հոկտեմբերին, 1994թ. նոյեմբերին, 1995թ. փետրվարին, 1995թ. նոյեմբերին, 1996թ. փետրվարին, 1996թ. նոյեմբերին, 1999թ. մայիսին:

 

 

Հ ո դ վ ա ծ  275

 

Այն պայմանները, որոնց դեպքում Նախարարների կոմիտեն կարող է ներկայացվել կոլեկտիվ կերպով Խորհրդակցական վեհաժողովի քննարկումներին, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում Կոմիտեի ներկայացուցիչները կամ նրանց փոխարինողներն անհատական կարգով կարող են ելույթ ունենալ Վեհաժողովի առջև, կարգավորվում են Կոմիտեի ներքին կանոնակարգի համապատասխան դրույթներով, որոնք ընդունվում են Կոմիտեի կողմից՝ Վեհաժողովի հետ խորհրդակցելուց հետո:

_________

5  Փոփոխված է 1951թ. մայիսին:

 

Հ ո դ վ ա ծ  28

 

ա) Խորհրդակցական վեհաժողովը ընդունում է իր ներքին կանոնակարգը և իր անդամներից ընտրում է իր Նախագահին, որը պաշտոնավարում է մինչև հաջորդ հերթական նստաշրջանը:

բ) Նախագահը ղեկավարում է աշխատանքները, բայց չի մասնակցում ոչ քննարկումներին և ոչ էլ քվեարկությանը: Նախագահին փոխարինողը կարող է մասնակցել, ելույթ ունենալ և քվեարկել նրա փոխարեն:

գ) Ներքին կանոնակարգը, մասնավորապես, սահմանում է.

i. քվորումը,

ii. Նախագահի և Բյուրոյի մյուս անդամների ընտրության ընթացակարգերը և պաշտոնավարության ժամկետները,

iii. օրակարգի հաստատման և ներկայացուցիչներին հաղորդման ընթացակարգը,

iv. ներկայացուցիչների և նրանց փոխարինողների անունների ծանուցման ժամկետը և կարգը:

 

Հ ո դ վ ա ծ  29

 

Բացառությամբ 30-րդ հոդվածի դրույթների` Խորհրդակցական վեհաժողովի բոլոր բանաձևերն ընդունվում են արտահայտված ձայների երկու երրորդով՝ ներառյալ այն բանաձևերը, որոնց առարկան է.

i. Նախարարների կոմիտեին հանձնարարական-առաջարկություն ներկայացնելը,

ii. Վեհաժողովի օրակարգ հարց մտցնելու վերաբերյալ Կոմիտեին առաջարկ ներկայացնելը,

iii. կոմիտեներ և հանձնաժողովներ ստեղծելը,

iv. նստաշրջանների բացման ժամկետ սահմանելը,

v. վերոհիշյալ՝ առաջինից չորրորդ կետերից չբխող որոշումների ընդունման համար պահանջվող մեծամասնություն սահմանելը կամ, կասկածի դեպքում, ընդունելի մեծամասնության կանոն ամրագրելը:

 

Հ ո դ վ ա ծ  30

 

Խորհրդակցական վեհաժողովի որոշումները (նրա գործունեության կարգի, մասնավորապես, Բյուրոյի անդամների ընտրության, կոմիտեների և հանձնաժողովների անդամների և ներքին կանոնակարգի վերաբերյալ), ընդունվում են այն մեծամասնությամբ, որը Վեհաժողովը կսահմանի 29-րդ հոդվածի հինգերորդ կետի կիրառմամբ:

 

Հ ո դ վ ա ծ  31

 

Նախարարների կոմիտեին ուղղվելիք՝ Խորհրդակցական վեհաժողովի օրակարգում որևէ հարց մտցնելու համար առաջարկությունների քննարկումը, նրա առարկայի սահմանումից հետո, պետք է վերաբերի միայն այն պատճառներին, որոնք փաստում են հարցն օրակարգում ընդգրկելու կամ չընդգրկելու օգտին:

 

Հ ո դ վ ա ծ  32

 

Խորհրդակցական վեհաժողովը յուրաքանչյուր տարի անց է կացնում մեկ հերթական նստաշրջան, որի ժամկետը և տևողությունը Վեհաժողովի կողմից սահմանվում են այնպես, որ, հնարավորության դեպքում, այն չհամընկնի խորհրդարանների նստաշրջանների և Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նստաշրջանների հետ: Սովորական նստաշրջանների տևողությունը չպետք է գերազանցի մեկ ամիսը, բացառությամբ այն դեպքերի, եթե Վեհաժողովը և Նախարարների կոմիտեն ընդհանուր համաձայնությամբ այլ բան են որոշել:

 

Հ ո դ վ ա ծ  33

 

Խորհրդակցական վեհաժողովի հերթական նստաշրջաններն անց են կացվում Եվրոպայի խորհրդի նստավայրում` բացառությամբ այն դեպքերի, երբ Վեհաժողովը և Նախարարների կոմիտեն այլ որոշում են կայացրել:

 

Հ ո դ վ ա ծ  346

 

Խորհրդակցական վեհաժողովը կարող է հրավիրվել արտահերթ նստաշրջանի կա՛մ Նախարարների կոմիտեի, կա՛մ Վեհաժողովի նախագահի նախաձեռնությամբ` նրանց համաձայնության դեպքում, որը կվերաբերի նաև նստաշրջանի անցկացման ժամկետներին և տեղին:

_________

6  Փոփոխված է 1951թ. մայիսին:

 

Հ ո դ վ ա ծ  35

 

Խորհրդակցական վեհաժողովի քննարկումները հրապարակային են, եթե նա այլ որոշում չի կայացնում:

 

 

Գլուխ 6

 

Քարտուղարություն

 

Հ ո դ վ ա ծ  36

 

ա) Քարտուղարությունը կազմված է Գլխավոր քարտուղարից, Գլխավոր քարտուղարի տեղակալից և անհրաժեշտ աշխատակազմից:

բ) Գլխավոր քարտուղարը և Գլխավոր քարտուղարի տեղակալը նշանակվում են Խորհրդակցական վեհաժողովի կողմից՝ Նախարարների կոմիտեի առաջարկությամբ:

գ) Քարտուղարության մյուս անդամները նշանակվում են Գլխավոր քարտուղարի կողմից՝ վարչական կանոնակարգին համապատասխան:

դ) Քարտուղարության անդամը չի կարող իրականացնել Կառավարության կողմից վարձատրվող աշխատանք, լինել Խորհրդակցական վեհաժողովի կամ ազգային խորհրդարանի անդամ, զբաղվել իր պարտականությունների հետ անհամատեղելի գործունեությամբ:

ե) Քարտուղարության յուրաքանչյուր անդամ հանդիսավոր հայտարարությամբ պետք է հաստատի իր հավատարմությունը Եվրոպայի խորհրդին և հաստատի իր որոշումը, որ բարեխղճորեն կիրականացնի ստանձնած պարտավորությունները՝ առանց իր պետության կարծիքի ազդեցությանը ենթարկվելու, ինչպես նաև հաստատի իր կամքը, որ չի ընդունի իր գործառույթների հետ կապված հրահանգներ ո՛չ որևէ Կառավարությունից և ո՛չ էլ Եվրոպայի խորհրդից դուրս այլ արտաքին մարմիններից, որ ձեռնպահ կմնա բացառապես Եվրոպայի խորհրդի հանդեպ պատասխանատու միջազգային ծառայողի կարգավիճակի հետ անհամատեղելի ցանկացած գործողությունից: Գլխավոր քարտուղարը և Գլխավոր քարտուղարի տեղակալը այդ հայտարարությունը անում են Կոմիտեի առջև, իսկ աշխատակազմի մյուս անդամները՝ Գլխավոր քարտուղարի առջև:

զ) Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետք է հարգի Գլխավոր քարտուղարի և քարտուղարության աշխատակազմի գործառույթների բացառապես միջազգային բնույթը և ձեռնպահ մնա նրանց գործառույթների իրականացման վրա ազդելուց:

 

Հ ո դ վ ա ծ  37

 

ա) Քարտուղարությունը գտնվում է Եվրոպայի խորհրդի նստավայրում:

բ) Գլխավոր քարտուղարը քարտուղարության գործունեության համար պատասխանատու է Նախարարների կոմիտեի առջև: Նա, բացառությամբ 38-րդ հոդվածի «դ» կետի դրույթների, Խորհրդակցական վեհաժողովին տրամադրում է վարչական և այլ ծառայություններ, որոնց կարիքը կունենա Խորհրդակցական վեհաժողովը:

 

 

 

Գլուխ 7

 

Ֆինանսավորումը

 

Հ ո դ վ ա ծ  387

 

ա) Յուրաքանչյուր անդամ ստանձնում է Նախարարների կոմիտեում և Խորհրդակցական վեհաժողովում սեփական ներկայացուցչության ծախսերը:

բ) Քարտուղարության ծախսերը և այլ ընդհանուր ծախսերը բաշխվում են բոլոր անդամների միջև` Կոմիտեի սահմանած համամասնությամբ՝ ըստ յուրաքանչյուր անդամի բնակչության թվի:

Ասոցիացված անդամի մուծումների չափը սահմանում է Կոմիտեն:

գ) Եվրոպայի խորհրդի բյուջեն, ֆինանսական կանոնակարգով սահմանված պայմաններով, յուրաքանչյուր տարի Գլխավոր քարտուղարի կողմից ներկայացվում է Կոմիտեի հաստատմանը:

դ) Գլխավոր քարտուղարը Կոմիտեին է ներկայացնում Վեհաժողովի դիմումը, որը վերաբերում է Վեհաժողովի և նրա աշխատանքների համար բյուջեով արդեն իսկ հատկացված ծախսերը գերազանցող գումարին:

ե) Գլխավոր քարտուղարը Կոմիտեին է ներկայացնում նաև այն ծախսերի նախահաշիվը, որն առաջ է բերում Կոմիտեին ներկայացված յուրաքանչյուր հանձնարարական-առաջարկության կատարումը: Որևէ բանաձև, որի կատարումը լրացուցիչ ծախսեր է պահանջում, Նախարարների կոմիտեի կողմից ընդունված է համարվում միայն այն դեպքում, երբ նա հաստատում է համապատասխան լրացուցիչ ծախսերի նախնական հաշվարկները:

_________

7  38-րդ հոդվածի «ե» կետը լրացվել է 1951թ. մայիսին:

 

Հ ո դ վ ա ծ  39

 

Գլխավոր քարտուղարը յուրաքանչյուր տարի անդամների Կառավարություններին ծանուցում է նրանց մուծելիք գումարի չափի մասին: Մուծումները ենթակա են փոխանցման ծանուցման օրվանից սկսած և պետք է փոխանցվեն Գլխավոր քարտուղարին առավելագույնը վեց ամսվա ընթացքում:

 

 

Գլուխ 8

 

Արտոնություններ և անձեռնմխելիություններ

 

Հ ո դ վ ա ծ  40

 

ա) Եվրոպայի խորհուրդը, անդամների ներկայացուցիչները և քարտուղարությունը անդամների տարածքներում օգտվում են իրենց գործառույթների կատարման համար անհրաժեշտ արտոնություններից և անձեռնմխելիություններից: Այդ անձեռնմխելիությունների հիման վրա Խորհրդակցական վեհաժողովի ներկայացուցիչները, մասնավորապես, չեն կարող ձերբակալվել կամ հետապնդվել Եվրոպայի խորհրդի անդամների տարածքներում՝ Վեհաժողովի, նրա կոմիտեների և հանձնաժողովների քննարկումների ընթացքում արտահայտած կարծիքների և քվեարկությունների պատճառով:

բ) Անդամները պարտավորվում են հնարավորինս շուտ կնքել համաձայնագիր՝ վերը նշված «ա» կետի դրույթների իրականացման նպատակով: Այդ նպատակով Նախարարների կոմիտեն կառաջարկի անդամների Կառավարություններին՝ կնքել համաձայնագիր, որը կսահմանի նրանց տարածքներում տրվող արտոնությունները և անձեռնմխելիությունները: Բացի այդ, առանձին համաձայնագիր կկնքվի Ֆրանսիայի Հանրապետության հետ, որը կսահմանի այն արտոնությունները և անձեռնմխելիությունները, որոնցից կօգտվի Եվրոպայի խորհուրդը իր նստավայրում:

 

Գլուխ 9

 

Փոփոխություններ

 

Հ ո դ վ ա ծ  41

 

ա) Սույն Կանոնադրությունում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկությունները կարող են արվել Նախարարների կոմիտեում, իսկ 23-րդ հոդվածում նախատեսված պայմաններում՝ Խորհրդակցական վեհաժողովում:

բ) Կանոնադրության այն փոփոխությունները, որոնց ընդունումը ցանկալի կհամարվի, Կոմիտեն կառաջարկի ձևակերպել արձանագրության տեսքով:

գ) Յուրաքանչյուր արձանագրություն ուժի մեջ կմտնի, երբ այն ստորագրվի և վավերացվի անդամների երկու երրորդի կողմից:

դ) Չնայած սույն հոդվածի նախորդ կետերի դրույթներին՝ 23-35-րդ, 38-րդ և 39-րդ հոդվածների փոփոխությունները, որոնք կհաստատվեն Կոմիտեի և Վեհաժողովի կողմից, ուժի մեջ կմտնեն անդամների Կառավարություններին փոխանցելուց և նրանց հավանությանն արժանանալուց հետո` Գլխավոր քարտուղարի կողմից կազմված «ad հօc» արձանագրության օրը: Սույն կետի դրույթները կարող են կիրառվել միայն Վեհաժողովի երկրորդ նստաշրջանի ավարտից հետո:

 

Գլուխ 10

 

Եզրափակիչ դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ  42

 

ա) Սույն Կանոնադրությունը ենթակա է վավերացման: Վավերագրերը ի պահ կտրվեն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Կառավարությանը:

բ) Սույն Կանոնադրությունն ուժի մեջ կմտնի յոթ վավերագիր ի պահ տալուց հետո: Միացյալ Թագավորության Կառավարությունը կծանուցի սույն Կանոնադրությունը ստորագրած բոլոր Կառավարություններին սույն Կանոնադրության ուժի մեջ մտնելու մասին և այդ պահին Եվրոպայի Խորհրդի անդամների անունները:

գ) Հետագայում յուրաքանչյուր այլ ստորագրած Կառավարություն կդառնա սույն Կանոնադրության կողմ իր վավերագիրն ի պահ տալու օրվանից:

Ի վկայումն վերոգրյալի՝ այդ նպատակով պատշաճորեն լիազորվածները ստորագրեցին սույն Կանոնադրությունը:

Կատարված է Լոնդոնում 1949 թվականի մայիսի 5-ին, ֆրանսերեն և անգլերեն երկու նույնական տեքստերից կազմված մեկ բնօրինակով, որը ի պահ կտրվի Միացյալ Թագավորության Կառավարության արխիվներին, որն էլ դրա հաստատված պատճենները կներկայացնի սույն Կանոնադրությունը ստորագրած բոլոր Կառավարություններին:

 

* Կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի հունվարի 25-ից: