Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Base act (19.01.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
14.01.1975
Ստորագրման ամսաթիվ
14.01.1975
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2018

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն Կոնվենցիայի Կողմ պետությունները,

 

գիտակցելով մարդկության` տիեզերական տարածության հետազոտմանը և խաղաղ օգտագործմանը նպաստելու հարցում ընդհանուր շահը,

 

վկայակոչելով, որ «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» 1967 թվականի հունվարի 27-ի պայմանագրով հաստատվում է, որ պետությունները պետք է միջազգային պատասխանատվություն կրեն տիեզերական տարածությունում իրականացրած իրենց գործունեության համար, և նույն պայմանագրով հղում է կատարվում այն պետությանը, որի գրանցամատյանում գրանցված է տիեզերական տարածություն արձակված օբյեկտը,

 

վկայակոչելով նաև, որ «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» 1968 թվականի ապրիլի 22-ի համաձայնագրով սահմանվում է, որ տիեզերք արձակող մարմինը պահանջի դեպքում պետք է, նախքան այդ օբյեկտի վերադարձը, օբյեկտը նույնականացման համապատասխան տվյալներ տրամադրի, եթե այդ օբյեկտը հայտնաբերվել է տիեզերք արձակող մարմնի տարածքային սահմանափակումների շրջանակներից դուրս,

 

վկայակոչելով նաև, որ «Տիեզերական օբյեկտների կողմից պատճառված վնասի դիմաց միջազգային պատասխանատվության մասին» 1972 թվականի մարտի 29-ի կոնվենցիայով սահմանվում են տիեզերք արձակող պետությունների` իրենց տիեզերական օբյեկտների կողմից պատճառված վնասի համար պատասխանատվությանը վերաբերող միջազգային կանոններ և ընթացակարգեր,

 

ցանկանալով «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագրի լույսի ներքո սահմանել դրույթ տիեզերք արձակող պետությունների կողմից այդ տիեզերք արձակված տիեզերական օբյեկտների առնչությամբ ազգային մակարդակում գրանցում կատարելու մասին,

 

ցանկանալով նաև, որ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը պարտադիր հիմունքներով ստեղծի և վարի տիեզերական տարածություն արձակված օբյեկտների կենտրոնական գրանցամատյան,

 

ցանկանալով նաև Կոնվենցիայի Կողմ պետություններին տրամադրել լրացուցիչ միջոցներ և ընթացակարգեր, որոնք կօգնեն նույնականացնելու տիեզերական օբյեկտները,

 

հավատացած լինելով, որ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների պարտադիր գրանցման համակարգը, մասնավորապես, կաջակցի այդ օբյեկտների նույնականացմանը և կնպաստի տիեզերական տարածության հետազոտումը և օգտագործումը կարգավորվող միջազգային իրավունքի կիրառությանն ու զարգացմանը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված I

 

Սույն Կոնվենցիայի նպատակներով՝

ա) «տիեզերք արձակող պետություն» նշանակում է`

i) պետություն, որը տիեզերք տիեզերական օբյեկտ է արձակում կամ ապահովում է դրա արձակումը,

ii) պետություն, որի տարածքից կամ արձակման կայանից տիեզերական օբյեկտ է արձակվում տիեզերք,

բ) «տիեզերական օբյեկտ» հասկացությունը ներառում է տիեզերք արձակված օբյեկտի բաղկացուցիչ մասերը, ինչպես նաև տիեզերք արձակող ապարատը և դրա մասերը,

գ) «գրանցման պետություն» հասկացությունը նշանակում է` տիեզերք արձակող պետություն, որի գրանցամատյանում կատարվում է տիեզերական օբյեկտի գրանցումը՝ II հոդվածի համաձայն։

 

Հոդված II

 

1. Երբ տիեզերական օբյեկտը արձակվում է երկրի ուղեծիր կամ դրա սահմաններից դուրս, տիեզերք արձակող պետությունը պետք է գրանցի տիեզերական օբյեկտը՝ մուտքագրում կատարելով համապատասխան գրանցամատյանում, որը նա պետք է վարի։ Յուրաքանչյուր տիեզերք արձակող պետություն Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին տեղեկացնում է այդ գրանցամատյանի ստեղծման մասին։

2. Եթե նման տիեզերական օբյեկտի համար գոյություն ունեն երկու կամ ավելի` տիեզերք արձակող պետություններ, ապա նրանք համատեղ որոշում են, թե իրենցից ով է գրանցելու օբյեկտը, սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն, հաշվի առնելով «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագրի VIII հոդվածի դրույթները և չխախտելով տիեզերք արձակող պետությունների միջև կնքված կամ կնքվելիք՝ այդ տիեզերական օբյեկտների և դրանց անձնակազմի նկատմամբ իրավազորության կամ վերահսկողության մասին համապատասխան համաձայնագրերը։

3. Յուրաքանչյուր գրանցամատյանի բովանդակությունը և այն վարելու պայմանները սահմանվում են տվյալ գրանցման պետության կողմից։

 

Հոդված III

 

1. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը վարում է գրանցամատյան, որտեղ գրանցվում են IV հոդվածի համաձայն տրամադրված տեղեկությունները։

2. Գրանցամատյանի բոլոր տվյալները պետք է լինեն ամբողջությամբ հասանելի:

 

Հոդված IV

 

1. Յուրաքանչյուր գրանցման պետություն կիրառելիության սահմաններում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին տրամադրում է իր գրանցամատյանում գրանցված՝ յուրաքանչյուր տիեզերական օբյեկտի մասին հետևյալ տեղեկությունները.

ա) տիեզերք արձակող պետության անվանումը,

բ) տիեզերական օբյեկտի` համապատասխան բնութագրող նշանը կամ դրա գրանցման համարը,

գ) տիեզերք արձակելու ամսաթիվը և տարածքը կամ վայրը,

դ) ուղեծրի հիմնական պարամետրերը՝ ներառյալ.

i) ուղեծրի հաջորդական հանգույցների միջև ժամանակահատվածը,

ii) թեքումը,

iii) երկրից հեռու կետը,

iv) երկրամերձ կետը,

ե) տիեզերական օբյեկտի ընդհանուր գործառույթը:

2. Ամեն գրանցման պետություն ժամանակ առ ժամանակ կարող է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին տրամադրել լրացուցիչ տեղեկություններ իր գրանցամատյանում գրանցված տիեզերական օբյեկտի մասին:

3. Ամեն գրանցման պետություն իրագործելիության և կիրառելիության սահմաններում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ծանուցում է տիեզերական այն օբյեկտների մասին, որոնց վերաբերյալ ինքը նախկինում տեղեկություն է տրամադրել, և որոնք եղել են երկրի ուղեծրում, բայց այլևս այնտեղ չեն:

 

Հոդված V

 

Այն դեպքում, երբ Երկրի ուղեծիր կամ դրա սահմաններից դուրս արձակված տիեզերական օբյեկտն առանձնացված է բնութագրող նշանով կամ գրանցման համարով, որին հղում է կատարվում IV հոդվածի 1 (բ) պարբերության մեջ, կամ էլ` երկուսը միասին, ապա գրանցման պետությունը ծանուցում է գլխավոր քարտուղարին այդ փաստի մասին, IV հոդվածի համաձայն, տիեզերական օբյեկտների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու ժամանակ: Նման դեպքում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը ծանուցման մասին գրանցում է կատարում գրանցամատյանում:

 

Հոդված VI

 

Եթե սույն Կոնվենցիայի դրույթների կիրառումը հնարավորություն չի տվել Կոնվենցիայի Կողմ հանդիսացող որևէ պետության նույնականացնելու այն տիեզերական օբյեկտը, որը իրեն կամ իր որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի վնաս է պատճառել, կամ որն ունի վտանգավոր կամ վնասակար բնույթ, ապա Կողմ հանդիսացող մյուս պետությունները, մասնավորապես՝ տիեզերքի դիտանցման և հետագծման հնարավորություններ ունեցող պետությունները, պետք է իրագործելիության սահմաններում արձագանքեն Կողմ այդ պետության կամ այդ պետության անունից գլխավոր քարտուղարի միջոցով ներկայացված՝ օբյեկտը նույնականացնելու համար արդարացի և ողջամիտ պայմաններով աջակցության խնդրանքին։ Նման խնդրանք ներկայացնող Կողմ պետությունը իրագործելիության սահմաններում պետք է տեղեկություններ ներկայացնի խնդրանքով դիմելու համար հիմք հանդիսացող դեպքերի ժամանակի, բնույթի և հանգամանքների մասին։ Այն պայմանները, որոնց համաձայն տրամադրվում է այդպիսի աջակցություն, պետք է համաձայնեցվեն տվյալ Կողմերի միջև:

 

Հոդված VII

 

1. Սույն Կոնվենցիայում, բացառությամբ VIII-XII հոդվածների, ներառյալ պետություններին կատարված հղումները համարվում են, որ կիրառվում են ցանկացած միջազգային միջկառավարական կազմակերպության նկատմամբ, որն իրականացնում է տիեզերական գործունեություն, եթե այդ կազմակերպությունը հայտարարում է սույն Կոնվենցիայով սահմանված իրավունքներին և պարտականություններին իր համաձայնության մասին, և եթե այդ կազմակերպության անդամ պետությունների մեծ մասը սույն Կոնվենցիայի և «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» կոնվենցիայի Կողմ պետություններ են:

2. Ցանկացած նման կազմակերպության անդամ պետությունները, որոնք սույն Կոնվենցիայի Կողմ պետություններ են, անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում այդ կազմակերպության` սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն հայտարարություն կատարելը ապահովելու համար:

 

Հոդված VIII

 

1. Սույն Կոնվենցիան բաց է բոլոր պետությունների ստորագրման համար Նյու Յորքում գտնվող` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում։ Որևէ պետություն, որը սույն Կոնվենցիան չի ստորագրում նախքան դրա` սույն հոդվածի 3–րդ պարբերության համաձայն ուժի մեջ մտնելը, կարող է միանալ Կոնվենցիային ցանկացած ժամանակ:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման այն ստորագրող պետությունների կողմից: Վավերացման մասին ու միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն պետությունների միջև, որոնք ի պահ են հանձնել վավերացման մասին հինգերորդ այդպիսի փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց հետո։

4. Այն պետությունների համար, որոնց վավերացման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետությունների կողմից վավերացման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնվելու ամսաթվից:

5. Գլխավոր քարտուղարը Կոնվենցիան ստորագրող կամ դրան միացող բոլոր պետություններին անհապաղ տեղեկացնում է յուրաքանչյուր ստորագրման ամսաթվի, Կոնվենցիայի վավերացման և դրան միանալու մասին յուրաքանչյուր փաստաթուղթ ի պահ հանձնելու ամսաթվի, Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամսաթվի և այլ ծանուցումների մասին։

 

Հոդված IX

 

Կոնվենցիայի Կողմ ցանկացած պետություն կարող է առաջարկել սույն Կոնվենցիայում կատարել փոփոխություններ։ Կոնվենցիայի Կողմ՝ փոփոխություններն ընդունող յուրաքանչյուր պետության համար փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կոնվենցիայի Կողմ պետությունների մեծ մասի կողմից դրանք ընդունվելուն պես, իսկ դրանից հետո՝ Կոնվենցիայի Կողմ մյուս պետության համար՝ այն ընդունելու ամսաթվին։

 

Հոդված X

 

Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց տասը տարի հետո Կոնվենցիայի վերանայման հարցը կներառվի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախնական օրակարգում՝ քննարկելու համար, թե, հաշվի առնելով Կոնվենցիայի կիրառության նախկին փորձը, արդյոք այն վերանայման կարիք ունի: Այնուամենայնիվ, հինգ տարի ուժի մեջ մնալուց հետո` ցանկացած ժամանակ, Կոնվենցիայի Կողմ պետությունների մեկ երրորդի պահանջով և Կողմ պետությունների մեծ մասի համաձայնությամբ հրավիրվում է Կոնվենցիայի Կողմ պետությունների խորհրդաժողով՝ սույն Կոնվենցիան վերանայելու համար։ Նման վերանայման ժամանակ մասնավորապես հաշվի են առնվում տեխնոլոգիական համապատասխան զարգացումները, ներառյալ տիեզերք արձակված օբյեկտների նույնականացմանը վերաբերող զարգացումները:

 

Հոդված XI

 

Սույն Կոնվենցիայի Կողմ ցանկացած պետություն կարող է ծանուցել Կոնվենցիայից իր դուրս գալու մասին այն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո՝ գրավոր ծանուցելով Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին: Դուրս գալն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումն ստանալու ամսաթվից մեկ տարի հետո։

 

Հոդված XII

 

Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի արաբերենով, չինարենով, անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով և իսպաներենով տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որը դրա հաստատված պատճեններն ուղարկում է Կոնվենցիան ստորագրող կամ Կոնվենցիային միացող բոլոր պետություններին։

 

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Կոնվենցիան, որը բացվել է ստորագրման համար Նյու Յորքում հազար ինը հարյուր յոթանասունհինգ թվականի հունվարի տասնչորսին։