Գլխավոր տեղեկություն
Համար
N 1602-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.12.2004-12.07.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.08/66(365) Հոդ.1343
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 11 նոյեմբերի 2004 թվականի N 1602-Ն

 «ՓՈՔՐ ՄՀԵՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

2. Հաստատել «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Հայ Արիներ» հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միության վարչության համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 100-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի համաձայն դադարեցնել Հայաստանի Հանրապետության «Հայ Արիներ» հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միության իրավունքները հանրակրթական նպատակով օգտագործվող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քանաքեռավանի գյուղական համայնքի տարածքում գտնվող մեկ հեկտար հողամասի նկատմամբ` այն «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով:

 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն կետում նշված հողամասի հատկացումը և դրա նկատմամբ «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքային իրավունքների պետական գրանցումը:

4. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության տնկարանային տնտեսության իրավունքները Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող 15 հեկտար անտառային նշանակության հողերի նկատմամբ, դրանք փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա` «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն կետում նշված հողերի հատկացումը և դրանց նկատմամբ «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքային իրավունքների պետական գրանցումը:

5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված հողամասերն անհատույց օգտագործման իրավունքով «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելը և համապատասխան գույքային իրավունքների պետական գրանցումը:

6. «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունու գյուղական համայնքի հարևանությամբ գտնվող` մ.թ.ա. 2-րդ հազարամյակում կառուցված «Կարմիր բերդ» ամրոց» պատմամշակութային հուշարձանը:

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունու գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ ճշտել «Կարմիր բերդ» ամրոց» պատմամշակութային հուշարձանի և դրա պահպանական գոտու տարածքների սահմանները.

բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել պատմամշակութային արժեքների անհատույց օգտագործման մասին պայմանագիր:

7. Ընդունել Հայաստանի Հանրապետության «Հայ Արիներ» հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միության ու «Փոքր Մհեր» հիմնադրամի առաջարկությունը և թույլատրել «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նրանցից որպես նվիրաբերություն ստանալ «Փոքր Մհեր» հիմնադրամի կողմից հանրակրթական նպատակներով օգտագործվող շենքերն ու գույքը:

Սահմանել, որ սույն կետի համաձայն որպես նվիրաբերություն ստացված շենքերն ու գույքը կարող են անհատույց օգտագործվել Հայաստանի Հանրապետության «Հայ Արիներ» հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միության և «Փոքր Մհեր» հիմնադրամի կողմից` չխոչընդոտելով «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը:

8. Սահմանել, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանման ծախսերը կատարվում են ռազմաուսումնական հաստատության համար նախատեսված չափերով ու պայմաններով:

9. Սահմանել, որ`

ա) «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`

հանրակրթական տարրական, հիմնական, միջնակարգ, լրացուցիչ ռազմահայրենասիրական, հայկազունական-կադետական-սեպուհական ու կրթահամալիրի կանոնադրությամբ նախատեսված կրթական և այլ ծրագրերի իրականացումը, որը կնպաստի անչափահասների, այդ թվում` մուրացիկ, թափառաշրջիկ և անապահով երեխաների ռազմահայրենասիրական պատրաստությանը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համազորային կանոնադրությունները,

հանրակրթական և հայկազունական-կադետական-սեպուհական լրացուցիչ կրթական ծրագրերի հիման վրա սովորողների անհատականության ձևավորումը, նրանց նախապատրաստումն ինքնուրույն կյանքին, աշխատանքին, հասարակական գործունեությանը և հայրենիքին ծառայելուն,

սաների նախապատրաստումը ռազմական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդունվելու համար` նրանց մեջ ձևավորելով և զարգացնելով զինվորական պարտքի նկատմամբ հավատարմության զգացում,

ուսուցման և դաստիարակության իրականացումը` ի շահ սանի, հասարակության և պետության` ապահովելով սաների բազմակողմանի զարգացումը, առողջության պահպանումը, ինքնակրթության և լրացուցիչ կրթության համար բավարար պայմանների ստեղծումը,

կրթահամալիրի կանոնադրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը.

բ) «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է`

կրթահամալիրի կանոնադրական խնդիրներին համապատասխան` սահմանված կարգով գիշերօթիկ կադետական կրթահամալիրի ստեղծումը,

սաների համակողմանի կրթությունը և դաստիարակությունը, նրանց նախազորակոչային պատրաստությունն ապահովելը,

բանակումների, արշավների, մրցումների, իրականացվող կրթական ծրագրերից բխող այլ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը,

կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով նաև օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ համագործակցելը:

10. Թույլատրել «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում,

բ) սովորողների սննդի կազմակերպում,

գ) ուսումնաարտադրական գործունեության իրականացում և արտադրանքի իրացում:

11. «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված այն լիազորությունները, որոնք կրթահամալիրի կանոնադրությամբ չեն վերապահվել կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդին, վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին:

12. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

13. «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև նրան հանձնվող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցների հաշվին:

14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` լիազորված պետական մարմնի կողմից ներկայացված բյուջետային հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել անհրաժեշտ միջոցներ` «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման համար, քննարկել կրթահամալիրի ուսումնական շենքի և այլ շինությունների կառուցման, ինչպես նաև կրթահամալիր տանող ճանապարհի նորոգման համար գումարներ նախատեսելու հնարավորության հարցը:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հանրակրթական գործունեությունն իրականացվում է 2005 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 25
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 11-ի N 1602-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՓՈՔՐ ՄՀԵՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կրթահամալիր) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, հանրակրթական և այլ ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է կրթական, ռազմահայրենասիրական, մարզական և սոցիալական նպատակներ:

Կրթահամալիրն ունի հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցի կարգավիճակ, որի իրավական առանձնահատկությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ:

2. Կրթահամալիրն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

3. Կրթահամալիրը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կրթահամալիրն իր անունից ձեռք է բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

4. Կրթահամալիրն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն, ռուսերեն ու անգլերեն` իր անվանմամբ կլոր կնիք, կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր և այլ անհատականացման միջոցներ:

Կրթահամալիրն ունի խորհրդանիշ, օրհներգ և դրոշ: Կրթահամալիրի խորհրդանիշի և դրոշի պատկերները, ինչպես նաև օրհներգը հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ` խորհուրդ):

Կրթահամալիրն ունի նշանաբան, որը հաստատվում է խորհրդի կողմից:

5. Կրթահամալիրն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:

6. Կրթահամալիրն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

7. Կրթահամալիրը կարող է համագործակցել Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա կրթական և այլ հաստատությունների ու կազմակերպությունների հետ:

8. Կրթահամալիրում չեն թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:

9. Կրթահամալիրի գտնվելու վայրն է` Երևան, Վրացական փողոց, 4-րդ նրբանցք, 7-րդ շենք, բնակարան 10:

10. Կրթահամալիրի անվանումն է`

հայերեն` «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ռուսերեն` «Ïîêð Ìãåð» ÃÍÊÎ,

անգլերեն` «Poukr Mher» NCO:

 

 II. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

 11. Կրթահամալիրի գործունեության առարկան և նպատակը հանրակրթական տարրական, հիմնական, միջնակարգ, լրացուցիչ ռազմահայրենասիրական, հայկազունական-կադետական-սեպուհական ու սույն կանոնադրությամբ նախատեսված կրթական և այլ ծրագրերի իրականացումն է, ինչպես նաև կրթահամալիրի կուրսանտների (այսուհետ` սովորող) ուսուցումն ու դաստիարակությունն ապահովելը` այդ ծրագրերին համապատասխան:

12. Կրթահամալիրի գործունեության նպատակներն են`

ա) պետական կրթական չափորոշիչների շրջանակներում կրթահամալիրի սովորողների, այդ թվում` առանց ծնողական խնամքի մնացած կամ մուրացիկ ու թափառաշրջիկ, կամ անապահով երեխաների համար բազմամակարդակ, բազմապրոֆիլ տարրական, հիմնական ընդհանուր և միջին (լրիվ) կրթական, ինչպես նաև սույն կանոնադրությամբ նախատեսված կրթական և այլ ծրագրերի իրականացման ապահովումը.

բ) սովորողների ռազմահայրենասիրական պատրաստությանը նպաստելը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համազորային կանոնադրությունների այն պահանջները, որոնք կարող են կիրառվել անչափահասների նկատմամբ.

գ) տարրական, հիմնական ընդհանուր և միջին (լրիվ) կրթական, ռազմահայրենասիրական, ռազմամարզական և լրացուցիչ կրթական ու այլ ծրագրերի իրականացման միջոցով սովորողների անհատականության ձևավորմանը խթանելը, նրանց նախապատրաստումն ինքնուրույն կյանքին, աշխատանքին և հայրենիքին ծառայելուն.

դ) սովորողներին ռազմական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդունվելուն և սահմանված կարգով զինվորական ծառայության անցնելուն նախապատրաստելը.

ե) ուսուցման ու դաստիարակության իրականացումը` ի շահ սովորողի, հասարակության և պետության` ապահովելով սաների բազմակողմանի զարգացումը, առողջության պահպանումը.

զ) սովորողների ինքնակրթության և լրացուցիչ կրթության ապահովման համար բավարար պայմանների ստեղծումը.

է) սովորողների մասնագիտական կողմնորոշման ձևավորման ապահովումը.

ը) սովորողների բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, ինչպես նաև նրանց ստեղծագործական ներուժի և ընդունակությունների համակողմանի զարգացման ապահովումը.

թ) ֆիզիկապես ամուր, դիմացկուն, կարգապահ, հոգեպես կայուն, զինվորական ծառայության դժվարությունները և զրկանքներն աննկուն հաղթահարող անձանց պատրաստումը.

ժ) սովորողներին հայրենիքի նկատմամբ սիրո, իր սահմանադրական պարտքին հավատարմության ոգով դաստիարակելը.

ժա) սովորողներին կարգապահ, նպատակաուղղված, ինքնուրույն կյանքի պատրաստման հարցերում ծնողներին (օրինական ներկայացուցիչներին) օգնության ցուցաբերումը.

ժբ) սովորողի ընդհանուր, մտավոր, բարոյական, մշակութային և ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացումը.

ժգ) սույն կանոնադրությամբ և խորհրդի որոշմամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը:

13. Կրթահամալիրի գործունեության առարկան է`

ա) սույն կանոնադրության խնդիրներին համապատասխան սահմանված կարգով գիշերօթիկ կադետական կրթահամալիրի ստեղծումը.

բ) սովորողների համակողմանի կրթությունն ու դաստիարակությունը, նրանց նախազորակոչային պատրաստությունն ապահովելը.

գ) բանակումների, արշավների, մրցումների, իրականացվող կրթական այլ ծրագրերից բխող միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը.

դ) պետական կրթական չափորոշիչների հիման վրա կրթական և այլ ծրագրերի իրականացումը.

ե) իր կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների ու կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելը:

14. Կրթահամալիրը կրթական գործունեությունն իրականացնում է ի շահ անհատի, հասարակության և պետության, ապահովում սովորողների կողմից հանրակրթական և այլ կրթական ծրագրերի պարտադիր նվազագույնի յուրացումը, անհատի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, ստեղծում է պայմաններ ինքնակրթության և լրացուցիչ կրթության ապահովման համար:

15. Կրթահամալիրի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության և մարդասիրության, հանրամատչելիության, ազգային ու համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա:

16. Կրթահամալիրը պատասխանատու է պետական չափորոշիչներին, հանրակրթական պետական ծրագրերին, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին համապատասխան ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության ու առողջության պահպանման համար:

17. Կրթահամալիրը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`

ա) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.

բ) սովորողների սննդի կազմակերպում.

գ) ուսումնաարտադրական գործունեության իրականացում և արտադրանքի իրացում:

Կրթահամալիրն իրավունք ունի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն` միայն լիցենզիայի հիման վրա:

 

III. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

18. Կրթահամալիրի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, խորհուրդը և գործադիր մարմինը` տնօրենը:

19. Կրթահամալիրի ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդ, առարկայական մեթոդական միավորումներ:

20. Սովորողների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ արդյունավետ համագործակցության նպատակով, որպես խորհրդատվական մարմին, ձևավորվում է ծնողական խորհուրդը:

21. Կրթահամալիրի հիմնադիրն ունի կրթահամալիրի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Կրթահամալիրի հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

ա) կրթահամալիրի հիմնադրումը,

բ) կրթահամալիրի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը,

գ) կրթահամալիրին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը,

դ) կրթահամալիրի կանոնադրության հաստատումը,

ե) կրթահամալիրի կառավարման համակարգի սահմանումը,

զ) կրթահամալիրի վերակազմակերպումը և լուծարումը,

է) կրթահամալիրի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը,

ը) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

22. Լիազորված պետական մարմինն իրականացնում է կրթահամալիրի ընդհանուր կառավարումը, ապահովում է նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

23. Լիազորված պետական մարմինը`

ա) իրականացնում է վերահսկողություն կրթահամալիրի գործունեության նկատմամբ.

բ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կրթահամալիրի տնօրենի (այսուհետ` տնօրեն)` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

գ) լսում է կրթահամալիրի գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրա գործունեության վերստուգման արդյունքները.

դ) իրականացնում է վերահսկողություն կրթահամալիրին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

ե) հաստատում է կրթահամալիրի տարեկան ծախսերի նախահաշիվը.

զ) իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

24. Խորհրդի կազմում ընդգրկվում են`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը,

բ) Հայաստանի Հանրապետության գիտության և կրթության նախարարի տեղակալը,

գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը,

դ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալը,

ե) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը,

զ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալը,

է) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալը,

ը) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կողմից ընտրված մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),

թ) Հայաստանի Հանրապետության «Հայ Արիներ» հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միության ներկայացուցիչը (համաձայնությամբ),

ժ) Հայաստանի Հանրապետության աղջիկ սկաուտների և գայդերի «Աստղիկ» միության մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),

ժա) «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը (համաձայնությամբ),

ժբ) «Հայաստանի մանկական ֆոնդ» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչը (համաձայնությամբ):

25. Խորհուրդը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ղեկավարում է կրթահամալիրի գործունեությունը: Խորհուրդն իրավունք ունի քննելու և լուծելու կրթահամալիրի գործունեությանն առնչվող ցանկացած հարց` բացառությամբ կրթահամալիրի կառավարման այլ մարմինների բացառիկ իրավասությունը հանդիսացող հարցերի:

Խորհրդի անդամներն իրավունք ունեն`

ա) տնօրենից կամ աշխատողներից պահանջելու ցանկացած տվյալներ, հաշվետվություններ, փաստաթղթեր, տեղեկություններ.

բ) ցանկացած ժամանակ ազատ մուտք գործելու կրթահամալիրի տարածք, նրա ցանկացած շենք, շինություն, պահեստ կամ այլ ստորաբաժանում.

գ) հանդիպելու կրթահամալիրի աշխատողների կամ սովորողների, ինչպես նաև սովորողների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ.

դ) ներկա գտնվելու կրթահամալիրի ծրագրերի իրականացման աշխատանքներին.

ե) տնօրենից, աշխատողներից և սովորողներից պահանջելու պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաև սույն կանոնադրության, լիազորված պետական մարմնի, խորհրդի և տնօրենի կողմից սահմանված կարգերի, կանոնների ու այլ պարտադիր նորմերի պահանջները.

զ) հարց բարձրացնելու խորհրդում` տնօրենի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին, ինչպես նաև` տնօրենի առջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, սույն կանոնադրության, լիազորված պետական մարմնի, խորհրդի և տնօրենի կողմից սահմանված կարգերի, կանոնների ու այլ պարտադիր նորմերի պահանջները խախտած աշխատողներին կամ սովորողներին պատասխանատվության ենթարկելու մասին.

է) ստուգելու կրթահամալիրի կողմից ստացված սննդի, գույքի որակը, կրթահամալիրի գույքի առկայությունն ու դրանց վիճակը.

ը) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող, խորհրդի իրավասությանն առնչվող կամ խորհրդի կողմից սահմանված վերահսկողական կամ այլ գործառույթներ:

26. Խորհրդի բացառիկ իրավասության հարցերն են`

ա) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` լիազորված պետական կառավարման մարմին կրթահամալիրի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

բ) տնօրենի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի նախագծի հաստատումը, տնօրենի վարձատրության կարգի և պայմանների սահմանումը.

գ) կրթահամալիրի շահույթի տնօրինման ուղղությունների սահմանումը.

դ) տնօրենի հաշվետվությունների հաստատումը.

ե) տնօրենի գործունեության նկատմամբ ընթացիկ վերահսկողության իրականացումը.

զ) կրթահամալիրի աուդիտն անցկացնելու մասին (կրթահամալիրի բյուջեի հաշվին) որոշման ընդունումը,

է) կրթահամալիրի ներքին կառավարման համակարգի սահմանումը.

ը) կրթահամալիրի ներքին կառուցվածքի ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանումը.

թ) կրթահամալիրի բյուջետային և այլ ֆինանսավորման միջոցների սահմաններում կրթահամալիրի ներքին կառուցվածքի, հաստիքացուցակի ու աշխատողների աշխատավարձերի չափի սահմանումը.

ժ) աուդիտն իրականացնողի վարձատրության չափի հաստատումը.

ժա) կրթահամալիրի գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը, կրթահամալիրի ամենամյա ծախսերի նախահաշվի քննարկումը և լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ ներկայացնելը.

ժբ) կրթահամալիրի ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական գործունեության մասին հաշվետվությունների և հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի քննարկումն ու հաստատումը.

ժգ) խորհրդի աշխատակարգի հաստատումը.

ժդ) խորհրդի նախագահի ընտրությունը.

ժե) կրթահամալիրի տնօրենի, նրա տեղակալների և այլ աշխատողների, ինչպես նաև նրանց ու սովորողների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների միջև ծագած արտադատարանական վեճերի լուծումը.

ժզ) սովորողների, ինչպես նաև նրանց ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների դիմումների, առաջարկությունների կամ բողոքների քննարկումը.

ժէ) կրթահամալիրի պաշտոնատար անձանց գույքային պատասխանատվության ենթարկելու մասին որոշումների ընդունումը.

ժը) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` կրթահամալիրի գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքման համար համաձայնություն տալը.

ժթ) խորհրդի որոշումների կատարման, կրթահամալիրի գույքի պահպանման, ինչպես նաև այլ գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, այդ թվում` կրթահամալիրի հաշվետվությունների իսկության ու հաշվեկշռի ստուգումը.

ի) օրենքով հիմնադրի կողմից իրեն վերապահված և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:

27. Խորհրդի առաջին նիստը գումարվում է լիազորված պետական մարմնի կողմից սույն կանոնադրությունն ուժի մեջ մտնելուց հետո 10 օրվա ընթացքում:

Խորհրդի առաջին նիստում խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ ընտրվում է խորհրդի նախագահ:

28. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են`

ա) առաջադրողի նախաձեռնությամբ կամ խորհրդի առաջարկությամբ.

բ) իր դիմումի համաձայն:

Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրան առաջադրող մարմինը 20-օրյա ժամկետում ներկայացնում է նոր թեկնածություն:

29. Խորհրդի նախագահը`

ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

բ) նախագահում է խորհրդի նիստերը.

գ) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը և վավերացումը.

դ) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում համակարգում է կրթահամալիրի գործադիր մարմնի և խորհրդի անդամների կապերը:

30. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, խորհրդի որոշմամբ, նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից մեկը:

31. Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կողմից` առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև` լիազորված պետական մարմնի, տնօրենի և խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և կարգով:

Խորհրդի նիստերի անցկացման կարգը կամ ձևը որոշում է խորհրդի նախագահը:

32. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

33. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք:

Խորհրդի նիստերն արձանագրվում են:

34. Խորհրդի անդամները խորհրդի նիստին կարող են մասնակցել ուղիղ հեռակապի միջոցով:

Խորհրդի որոշումները կարող են ընդունվել նաև հարցման միջոցով` գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ, ինտերնետային կամ այլ կապի միջոցներով: Եթե խորհրդի որոշման նախագիծը խորհրդի անդամին պատշաճ ուղարկվելուց կամ փոխանցվելուց հետո 7-օրյա ժամկետում խորհրդի անդամի կողմից պատասխան չի տրվում, ապա համարվում է, որ խորհրդի անդամը կողմ է որոշման նախագծին:

35. Կրթահամալիրի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին մրցույթով ընտրում է խորհուրդը:

Տնօրենն օրենքներով, հիմնադրի, լիազորված պետական մարմնի և հոգաբարձուների խորհրդի որոշումներով ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կրթահամալիրի գործունեությունը և կրում պատասխանատվություն` օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի, լիազորված պետական մարմնի ու խորհրդի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Տնօրենի հետ կնքվում է խորհրդի հետ համաձայնեցված պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրով սահմանվում են տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի, կրթահամալիրի կառավարման այլ մարմինների հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի դադարեցման` օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կհամարեն անհրաժեշտ:

36. Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կրթահամալիրին և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը չհատուցելու համար:

37. Տնօրենը`

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կրթահամալիրի անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

բ) մասնակցում է կրթահամալիրի խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի, լիազորված պետական մարմնի, խորհրդի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կրթահամալիրի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

դ) տալիս է կրթահամալիրի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) սույն կանոնադրությամբ և խորհրդի կողմից սահմանված կարգով աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում կրթահամալիրի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

զ) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

է) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ը) սույն կանոնադրությամբ և խորհրդի կողմից սահմանված կարգով իրականացնում է մանկավարժական կադրերի ճիշտ ընտրություն և ապահովում անհրաժեշտ պայմաններ` նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար.

թ) վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, կրթահամալիրի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.

ժ) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պահպանության և անվտանգության տեխնիկայի պահպանման պահանջների կատարումը.

ժա) մասնակցում է կրթահամալիրի մանկավարժական և ծնողական խորհուրդների աշխատանքներին.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ կամ խորհրդի կողմից սահմանված այլ լիազորություններ:

38. Տնօրենը պարտավոր է պետական մարմիններին տրվող եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվության մեկական օրինակ ուղարկել խորհրդի անդամներին` հաշվետվությունները համապատասխան պետական մարմին հանձնելու օրվան հաջորդող 5 օրվա ընթացքում:

39. Սույն կանոնադրության պահանջների խախտմամբ լիազորված պետական մարմնի, խորհրդի և տնօրենի կողմից ընդունված հրամանները, հրահանգները, ցուցումները կամ այլ պարտադիր ակտերն անվավեր են:

40. Տնօրենի բացակայության դեպքում, նրան նշանակած մարմնի գրավոր որոշման (հրամանի) համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է նրա տեղակալներից մեկը:

41. Տնօրենի լիազորությունները կարող են դադարեցվել խորհրդի կամ նրա անդամի նախաձեռնությամբ` միայն խորհրդի անդամների 2/3-ի համաձայնությամբ` սույն կանոնադրությամբ ու տնօրենի հետ կնքված պայմանագրով նախատեսված կարգով ու դեպքերում:

42. Տնօրենի տեղակալներին մրցութային կարգով նշանակում է տնօրենը` նշանակման հրամանը նախօրոք համաձայնեցնելով խորհրդի հետ:

Տնօրենի տեղակալների լիազորությունները, տնօրենի նախաձեռնությամբ, կարող են դադարեցվել միայն խորհրդի համաձայնությամբ:

43. Տնօրենի` հանրակրթական ուսումնական աշխատանքի գծով տեղակալը`

ա) պատասխանատու է կրթահամալիրի հանրակրթական ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, հանրակրթական ուսումնական ծրագրերի իրականացման, դասավանդման որակի և սովորողների գիտելիքների մակարդակի համար.

բ) մշակում և տնօրենի միջոցով խորհրդի հաստատմանն է ներկայացնում կրթահամալիրի հանրակրթական ուսումնական ծրագրերը.

գ) վերահսկողություն է իրականացնում հանրակրթական ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ, կանոնակարգում է սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը.

դ) կրթահամալիրում կազմակերպում է մեթոդական աշխատանք, կազմում է հանրակրթական ուսումնական պարապմունքների դասացուցակը և ուսումնադաստիարակչական աշխատանքի մասին հաշվետվությունները.

ե) ղեկավարում է հանրակրթական առարկայական մեթոդական միավորումների աշխատանքը, ընդհանրացնում և տարածում է լավագույն ուսուցիչների աշխատանքի դրական փորձը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին.

զ) արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողի առողջության, կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և խորհրդի կողմից սահմանված կարգով, իր իրավասությունների սահմաններում, սովորողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի կամ պատասխանատվության միջոցներ.

է) իրականացնում է խորհրդի և տնօրենի կողմից սահմանված այլ լիազորություններ:

44. Տնօրենի` ոչ հանրակրթական ուսումնական աշխատանքի գծով տեղակալը`

ա) պատասխանատու է կրթահամալիրի ոչ հանրակրթական ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ոչ հանրակրթական ուսումնական ծրագրերի իրականացման, դասավանդման որակի և սովորողների գիտելիքների մակարդակի համար.

բ) մշակում և տնօրենի միջոցով խորհրդի հաստատմանն է ներկայացնում կրթահամալիրի ոչ հանրակրթական ուսումնական ծրագրերը.

գ) վերահսկողություն է իրականացնում ոչ հանրակրթական ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ, կանոնակարգում է սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը.

դ) կրթահամալիրում կազմակերպում է մեթոդական աշխատանք, կազմում է ոչ հանրակրթական ուսումնական պարապմունքների դասացուցակը և ուսումնադաստիարակչական աշխատանքի վիճակի մասին հաշվետվությունները.

ե) ղեկավարում է ոչ հանրակրթական առարկայական մեթոդական միավորումների աշխատանքը, ընդհանրացնում և տարածում է լավագույն ուսուցիչների և դաստիարակների աշխատանքի դրական փորձը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին.

զ) կազմակերպում և ղեկավարում է սովորողների արտադասարանական աշխատանքները,

է) արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողի առողջության ու կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և խորհրդի կողմից սահմանված կարգով, իր իրավասությունների սահմաններում, սովորողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի կամ պատասխանատվության միջոցներ.

ը) իրականացնում է խորհրդի և տնօրենի կողմից սահմանված այլ լիազորություններ:

45. Տնօրենի` դաստիարակչական գծով տեղակալը`

ա) կազմակերպում և ղեկավարում է սովորողների դաստիարակչական, արտադպրոցական աշխատանքներն ու դաստիարակների գործունեությունը.

բ) ապահովում է կրթահամալիրի և ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը.

գ) կազմակերպում է սովորողների հանգիստը և ժամանցը, դրոշի բարձրացման առավոտյան և երեկոյան արարողությունները, կազմում կրթահամալիրի հերթապահությունների ժամանակացույցը.

դ) կազմակերպում և պատասխանատվություն է կրում ռազմահայրենասիրական ու այլ ծրագրերի իրականացման և պրակտիկ աշխատանքի համար,

ե) արտակարգ իրավիճակներում հանդիսանում է կրթահամալիրի շտաբի պետը.

զ) պատասխանատվություն է կրում սովորողների բարոյահոգեբանական և գաղափարական պատրաստության համար, որպես կրթահամալիրի ավագ սպա, հանդիսանում է Պատվո սպայական խորհրդի պատասխանատուն.

է) արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողի առողջության ու կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և խորհրդի կողմից սահմանված կարգով, իր իրավասությունների սահմաններում, սովորողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի կամ պատասխանատվության միջոցներ.

ը) իրականացնում է խորհրդի և տնօրենի կողմից սահմանված այլ լիազորություններ:

46. Կրթահամալիրի տնտեսվարը`

ա) պատասխանատու է կրթահամալիրի շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, կրթահամալիրի սանիտարահիգիենիկ ու բարեկարգ վիճակի, հակահրդեհային պաշտպանության և սպասարկող անձնակազմի աշխատանքի կազմակերպման համար.

բ) միջոցներ է ձեռնարկում կրթահամալիրի ուսումնանյութական բազան հարստացնելու և ամրապնդելու համար.

գ) կազմակերպում է կրթահամալիրի օժանդակ տնտեսությունը և ֆինանսատնտեսական գործունեությունը.

դ) արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողի առողջության ու կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և խորհրդի կողմից սահմանված կարգով, իր իրավասությունների սահմաններում, սովորողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի կամ պատասխանատվության միջոցներ.

ե) իրականացնում է խորհրդի և տնօրենի կողմից սահմանված այլ լիազորություններ:

47. Դաստիարակը (խմբի հրամանատարը)`

ա) դաստիարակչական աշխատանք է տանում իրեն հանձնված խմբի սովորողների շրջանում` սերտորեն համագործակցելով մյուս մանկավարժների հետ,

բ) ապահովում է սովորողների նկատմամբ կրթահամալիրի և ընտանիքի մանկավարժական պահանջների միասնությունը,

գ) իրականացնում է խմբի համար սահմանված գործավարությունը, ղեկավարությանը ներկայացնում սովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի մասին տեղեկություններ,

դ) կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդմանը և ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային արշավներ, կանոնավորում օրվա ռեժիմը, հետևում տնային հանձնարարությունների կատարմանը, ուսման և հանգստի նպատակային կազմակերպմանը,

ե) մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում վարքի կանոնները կոպտորեն խախտած սովորողի հարցը.

զ) արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողի առողջության ու կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և խորհրդի կողմից սահմանված կարգով, իր իրավասությունների սահմաններում, սովորողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի կամ պատասխանատվության միջոցներ.

է) իրականացնում է խորհրդի և տնօրենի կողմից սահմանված այլ լիազորություններ:

48. Տնօրենի կողմից կրթահամալիրում ստեղծվում է Պատվո սպայական խորհուրդ` (այսուհետ` սպայական խորհուրդ)` խորհրդակցական մարմնի կարգավիճակով, որը ղեկավարում է տնօրենը: Սպայական խորհրդի կազմում ընդգրկվում են կրթահամալիրում հարգանք վայելող և ծառայություններ ունեցող սպաները: Սպայական խորհուրդը կազմված է 3-5 հոգուց: Այն զբաղվում է գաղափարական, պատվի, բարոյադաստիարակչական և կարգապահական հարցերով: Սպայական խորհուրդն իրավասու է քննարկելու կրթահամալիրի սպաների գործունեության հարցը և հանդես գալու առաջարկությամբ: Սպայական խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Սպայական խորհրդի նիստերն իրավազոր են, եթե նիստերին մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների պարզ մեծամասնությամբ:

49. Լիազորված պետական մարմնի ղեկավարը, խորհրդի անդամները, տնօրենն ու նրա տեղակալները կրթահամալիրի անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ իրենց կողմից ներկայացվող կրթահամալիրի:

 

IV. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

50. Կրթահամալիրի սեփականությունը ձևավորվում է կրթահամալիրի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կրթահամալիրի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

Կրթահամալիրն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

51. Հիմնադիրը սեփականության իրավունքով կրթահամալիրին պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կրթահամալիրի լուծարումից հետո մնացած գույքի:

52. Կրթահամալիրի սեփականության պահպանման հոգսը կրում է կրթահամալիրը:

53. Կրթահամալիրի սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:

54. Հիմնադիրն իրավունք ունի կրթահամալիրին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու ցանկացած գույք:

55. Կրթահամալիրն իրավունք ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող կամ իրեն ամրացված գույքը հանձնելու վարձակալության` խորհրդի կողմից սահմանված կարգով և ժամկետով: Սեփականության իրավունքով իրեն պատկանող և իրեն ամրացված գույքի օգտագործման արդյունքում կրթահամալիրի ստացած եկամուտները կրթահամալիրի սեփականությունն են` բացառությամբ ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարների, որոնք սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

56. Կրթահամալիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը և ֆինանսական միջոցները:

Կրթահամալիրի կողմից գնումները (ապրանքների, ծառայությունների, աշխատանքի ձեռքբերումը) կատարվում են խորհրդի կողմից սահմանված հրապարակային սակարկություններով (մրցույթ, աճուրդ): Առանց հրապարակային սակարկությունների գնումներ կարող են կատարվել խորհրդի կողմից սահմանված դեպքերում ու կարգով:

Սույն կետի պահանջների խախտմամբ կատարված գնումները համարվում են անվավեր:

57. Կրթահամալիրը ֆինանսավորվում է հիմնադրի կողմից: Կրթահամալիրի ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված լրացուցիչ աղբյուրներից:

58. Կրթահամալիրի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`

ա) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

բ) բարեգործական, նպատակային ներդրումները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և կրթահամալիրի կանոնադրական խնդիրներին չհակասող գործունեությունից ստացված միջոցները:

59. Կրթահամալիրի գործունեության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ֆինանսների կառավարման պետական լիազոր մարմնի կողմից:

 

V. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

60. Կրթահամալիր կարող են ընդունվել այն երեխաները, որոնց առողջությունը բավարարում է կրթահամալիրում սովորելու համար:

61. Կրթահամալիր ընդունելությունը կատարվում է տնօրենի կողմից սահմանված ու խորհրդի կողմից հաստատված մրցութային կարգով:

62. Կրթահամալիր ընդունվելու համար կարող է դիմել երեխայի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչը: Կրթահամալիր ընդունվելու համար պարտադիր է միայն երեխայի մեկ ծնողի կամ նրա մեկ օրինական ներկայացուցչի, ինչպես նաև երեխայի գրավոր համաձայնությունը:

63. Առանց ծնողական խնամքի մնացած, մուրացիկ, թափառաշրջիկ երեխաները, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների և զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների երեխաները կամ խորհրդի կողմից նախատեսված այլ երեխաներ կրթահամալիր ընդունվում են առանց մրցույթի` խորհրդի կողմից սահմանված կարգով:

Խորհրդի կողմից կարող են սահմանվել կրթահամալիր` առանց մրցույթի ընդունվելու այլ դեպքեր ևս:

64. Կրթահամալիր ընդունված անձի ու նրա ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի հետ կնքվում է կրթական պայմանագիր` համաձայն խորհրդի կողմից հաստատված ձևի:

 

VI. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

 

65. Կրթահամալիրում իրականացվում է խորհրդի կողմից սահմանված երկսեռ ուսուցում:

66. Կրթահամալիրում հանրակրթական ծրագրերի գծով ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Եթե սեպտեմբերի 1-ը հանգստյան օր է, ապա ուսումնական տարին սկսվում է նրան հաջորդող աշխատանքային օրվանից: Հանրակրթական ծրագրերի գծով ուսումնական շաբաթը 6-օրյա է: Դասերի, պարապմունքների, դասամիջոցների տևողությունը որոշվում է դասացուցակով:

67. Հանրակրթական ծրագրերի գծով ուսումնական տարվա տևողությունը 34 շաբաթ է: Հանրակրթական ծրագրերի գծով ուսումնական տարին ընդգրկում է չորս քառորդ: ՈՒսումնական քառորդների և նրանց միջև ընկած արձակուրդների տևողությունը որոշվում է ուսումնական պլանով:

Սովորողները կրթահամալիրում պետք է գտնվեն մշտապես` բացառությամբ արձակուրդների, ինչպես նաև սույն կանոնադրությամբ սահմանված կարգով կրթահամալիրի տարածքից դուրս գալու իրավունք վերապահող դեպքերի:

68. Սովորողներին տրվում է տնօրենի կողմից սահմանված ու խորհրդի կողմից հաստատված ձևի վկայական:

69. Կրթահամալիրում կրթության և հանգստի օրվա ռեժիմը կարգավորվում է տնօրենի ներկայացմամբ` խորհրդի կողմից հաստատված ներքին կարգապահական կանոններով: Սովորողների հանրակրթական ծրագրերի գծով պարապմունքները տեղի են ունենում շաբաթական 6 օր, դասերի թիվը` 5-7 ժամ, դասի տևողությունը` 45 րոպե:

Առանձին դեպքերում սովորողների որոշակի խմբերի համար` խորհրդի որոշմամբ կարող են սահմանվել կրթության ու հանգստի այլ ռեժիմներ:

70. Սովորողներն անվճար ապահովվում են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 2-ի N 107 որոշմամբ սահմանված` սովորողների համար նախատեսված նորմաներով, համազգեստով, կոշիկով, սպիտակեղենով, անձնական հիգիենայի պարագաներով և այլ գույքով.

բ) տվյալ դասարանի աշակերտի համար նախատեսված անհրաժեշտ բոլոր դասագրքերով, ինչպես նաև անհրաժեշտ գրենական պիտույքներով.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի N 706 որոշման 1-ին կետով սահմանված սննդով.

դ) բժշկական սպասարկմամբ (պետական պատվերի սահմաններում):

71. Սովորողներն իրավունք ունեն կրթահամալիրի տարածքից դուրս գալու, ինչպես նաև սովորողների ծնողները կամ նրանց օրինական ներկայացուցիչներն իրավունք ունեն սովորողներին այցելելու` տնօրենի կողմից սահմանված ու խորհրդի կողմից հաստատված կարգով:

72. Հանրակրթական ուսումնական ծրագրերի ավարտից կամ յուրացումից հետո կամ այդ ծրագրերի հետ համատեղ սովորողների համար իրականացվում են սույն կանոնադրությամբ նախատեսված կամ խորհրդի կողմից սահմանված լրացուցիչ կրթական և այլ ծրագրեր, որոնք կրթական գործընթացի շարունակությունն են: Կրթական այլ ծրագրերի իրականացման կարգը, պայմանները և պարապմունքների տևողությունը` տնօրենի առաջարկությամբ սահմանվում են խորհրդի կողմից:

73. Սովորողները պետք է մասնակցեն`

ա) կրթահամալիրի, նրա տարածքի, գույքի պահպանության պահակային շուրջօրյա ծառայությանը, ինչպես նաև կրթահամալիրի տարածքի և գույքի, ճաշարանի ու խոհանոցի սանիտարական մաքրման, սննդամթերքի պատրաստման աշխատանքներին (այսուհետ` վերակարգի աշխատանքներ).

բ) կրթահամալիրի գույքի վերանորոգման, տարածքի կանաչապատման և այլ աշխատանքների.

գ) արտադասարանական այգեգործական, բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցման ու ծառատնկման աշխատանքներին:

74. Արգելվում է մինչև 14 տարեկաններին գիշերային ժամերին (ժամը 22-8-ը) պահակային կամ այլ ծառայությունում, ինչպես նաև ծանր աշխատանքներում ներգրավելը:

Արգելվում է սովորողներին սանիտարական նորմերով տվյալ տարիքի անձանց համար արգելված աշխատանքներում ներգրավելը:

75. ՈՒսումնական տարվա ընթացքում արձակուրդի տևողությունը սահմանվում է առնվազն 30 օրացուցային օր:

Արձակուրդների ժամանակ կրթահամալիրի կողմից կարող են կազմակերպվել ճամբարներ կամ մարզական, մշակութային, գիտահանրամատչելի, զբոսաշրջային կամ այլ միջոցառումներ:

76. Սովորողներին տրվում են կադետասեպուհական կոչումներ, որոնց տեսակները, տարբերանշանները, դրանք կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև կոչումները տալու կարգը, տնօրենի առաջարկությամբ, սահմանում է խորհուրդը:

77. Կրթահամալիրի շրջանավարտներին տրվում են պետական զինանշանի պատկերով կնիքով հաստատված` կրթական մակարդակին վերաբերող պետական նմուշի փաստաթուղթ, կրթահամալիրի նշան, ինչպես նաև խորհրդի կողմից սահմանված նախազորակոչային ու ռազմահայրենասիրական պատրաստություն անցնելու մասին հատուկ վկայական, որն ստորագրվում է խորհրդի անդամների կողմից:

 

VII. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍՈՎՈՐՈՂԸ, ԾՆՈՂԸ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ

 

78. Սովորողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և խորհրդի կամ տնօրենի կողմից սահմանված կարգով իրավունք ունի`

ա) ստանալու անվճար հանրակրթական տարրական, հիմնական, միջնակարգ, լրացուցիչ ռազմահայրենասիրական, հայկազունական-կադետական-սեպուհական ու սույն կանոնադրությամբ նախատեսված այլ կրթություն.

բ) անվճար օգտվելու կրթահամալիրի գրադարաններից, ռազմաուսումնամարզական համալիրներից,

գ) յուրացնելու նախասիրական, այդ թվում` լրացուցիչ կրթական ծրագրեր, ստանալու վճարովի ծառայություններ,

դ) ազատ արտահայտելու սեփական հայացքներն ու համոզմունքները` ինչպես բանավոր և գրավոր, այնպես էլ` ազատ ստեղծագործություններով,

ե) մասնակցելու կրթահամալիրի ներքին կյանքին, ընտրվելու սովորողների ինքնակառավարման մարմիններում,

զ) խրախուսվելու օրինակելի վարքի կամ բարձր առաջադիմության համար.

է) մասնակցելու կրթահամալիրի ինքնակառավարմանը:

Սովորողն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, խորհրդի որոշումներով և տնօրենի հրամաններով սահմանված այլ իրավունքներ:

79. Արգելվում է առանց սովորողների համաձայնության նրանց ընդգրկել այնպիսի աշխատանքներում, որոնք նախատեսված չեն հանրակրթական ծրագրերով, սույն կանոնադրությամբ կամ խորհրդի որոշումներով:

Արգելվում է սովորողի նկատմամբ հոգեկան և ֆիզիկական բռնության գործադրումը:

80. Սովորողը պարտավոր է`

ա) մասնակցել ուսումնական բոլոր պարապմունքներին, ինչպես նաև սույն կանոնադրությամբ նախատեսված կրթական այլ ծրագրերին ու աշխատանքներին.

բ) բարեխղճորեն սովորել ու տիրապետել բոլոր կրթական ծրագրերին,

գ) առանց սահմանված կարգով տրված թույլտվության` չբացակայել կրթահամալիրի տարածքից.

դ) խնամքով վերաբերվել կրթահամալիրի գույքին,

ե) հարգել մյուս սովորողների իրավունքները, արժանապատվությունը, ազատությունները, աշխատանքն ու հանգիստը,

զ) պահպանել մայրենի լեզվի մաքրությունն ու անաղարտությունը,

է) պահպանել անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության կանոնները,

ը) կրթահամալիր չբերել, չօգտագործել, օգտագործման համար այլ սովորողների չտրամադրել ծխախոտ, ոգելից խմիչքներ և հոգեմետ նյութեր.

թ) կրթահամալիր չբերել, առանց համապատասխան թույլտվության չօգտագործել կամ օգտագործման համար այլ սովորողների չտրամադրել զենք, զինամթերք, թունավոր, դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր.

ժ) վիճելի կամ այլ հարցեր լուծելու համար չկիրառել ուժ կամ ահաբեկում կամ շորթում.

ժա) այլ սովորողի նկատմամբ չգործադրել հոգեկան կամ ֆիզիկական բռնություն.

ժբ) հոգատար վերաբերվել տարիքով փոքրերի նկատմամբ, օգնել ու պաշտպանել թույլերին, հիվանդներին.

ժգ) այլ սովորողների նկատմամբ չկիրառել ոչ կանոնակարգային միջոցներ.

ժդ) չօգտագործել հանցագործ աշխարհի վարվելաձևեր կամ լեզու.

ժե) պահպանել կրթահամալիրի մյուս ներքին կարգապահական կանոնները.

ժզ) պահպանել կրթահամալիրի պատիվն ու ավանդույթները.

ժէ) բարձր պահել կրթահամալիրի սովորողի բարձր կոչումը.

ժը) հավատարիմ լինել երդմանը, խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները.

ժթ) աննկուն կրել կրթության ընթացքում առաջացած դժվարությունները.

ի) լինել զգոն, խստորեն պահպանել իրեն հայտնի դարձած` կրթահամալիրի գաղտնիք հանդիսացող տեղեկությունները.

իա) պահպանել սովորողների միջև փոխհարաբերությունների` սույն կանոնադրությամբ սահմանված կանոններն ու ամրապնդել ընկերասիրությունը.

իբ) հարգել կրթահամալիրի ղեկավարներին, ուսուցիչներին, մյուս աշխատողներին և միմյանց, պահպանել կրթահամալիրում սահմանված քաղաքավարության ու ողջույնի կանոնները.

իգ) իրեն արժանապատվությամբ պահել հասարակական վայրերում, թույլ չտալ անվայել արարք ու նույնը պահանջել ուրիշներից, աջակցել քաղաքացիների պատվի և արժանապատվության պաշտպանմանը:

Սովորողն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, խորհրդի որոշումներով ու տնօրենի հրամաններով սահմանված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ պարտականություններ:

81. Սովորողի նկատմամբ կիրառվում են հետևյալ խրախուսանքի միջոցները`

ա) նախկինում տրված կարգապահական տույժի հանում.

բ) շնորհակալության հայտնում.

գ) պատվոգրերով, արժեքավոր նվերներով կամ դրամով պարգևատրում.

դ) պարգևատրում անձնական լուսանկարով` նկարված կրթահամալիրի բացված դրոշի մոտ.

ե) արտահերթ կոչման շնորհում.

զ) կրթահամալիրի կրծքանշաններով պարգևատրում.

է) ծնողների կամ նրա այլ օրինական ներկայացուցիչների հետ լրացուցիչ տեսակցության կամ տուն գնալու լրացուցիչ իրավունքի տրամադրում.

ը) խորհրդի կողմից սահմանված այլ խրախուսանքի միջոցների կիրառում:

82. Սովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը`

ա) նախազգուշացում.

բ) նկատողություն.

գ) խիստ նկատողություն.

դ) արտահերթ վերակարգում աշխատանքի նշանակում` մինչև 3 օր.

ե) կրթահամալիրի տարածքից դուրս գալու հերթական իրավունքից զրկում.

զ) մարզական, մշակութային և այլ միջոցառումներին մասնակցելուց զրկում.

է) կրթահամալիրի կողմից տրված կադետասեպուհական կոչման իջեցում կամ դրանից զրկում:

83. Սովորողը հեռացվում է կրթահամալիրից`

ա) սովորողի կողմից հակաիրավական գործողություններ կատարելու, տևականորեն չառաջադիմելու, սույն կանոնադրության, խորհրդի ու տնօրենի որոշումների կամ այլ իրավական ակտերի պահանջների կոպիտ և բազմաթիվ խախտումների կատարման դեպքում.

բ) սույն կանոնադրությամբ նախատեսված կրթական պայմանագրի պայմանների խախտմամբ` սովորողի` կրթահամալիրում սովորելը դադարեցվելու (ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից սովորողին կրթահամալիրից հանելու կամ կրթահամալիր չուղարկելու, սովորողի կողմից կրթահամալիրից դուրս գալու) դեպքում:

Սովորողը կրթահամալիրից հեռացվում է տնօրենի հրամանով` սովորողի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի հետ կնքված կրթական պայմանագրով նախատեսված կարգով ու դեպքերում:

84. Կրթահամալիրից սույն կանոնադրության 83-րդ կետի համաձայն հեռացված սովորողի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչը պարտավոր է փոխհատուցել դրա հետևանքով կրթահամալիրին պատճառված վնասները:

85. Խրախուսանք կամ կարգապահական տույժեր տալու կարգն ու պայմանները սահմանում է խորհուրդը:

86. Սովորողի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի`

ա) պաշտպանելու երեխայի շահերն ու իրավունքները,

բ) մասնակցելու կրթահամալիրի կառավարմանը` ծնողական խորհրդի միջոցով.

գ) բողոքարկելու կրթահամալիրի աշխատողների ապօրինի գործողությունները:

Սովորողի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, խորհրդի որոշումներով, տնօրենի հրամաններով ու այլ իրավական ակտերով, ինչպես նաև կրթական պայմանագրով սահմանված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ իրավունքներ:

87. Սովորողի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչը պարտավոր է`

ա) իր երեխայի կամ խնամարկյալի համար ապահովել սովորողի կրթության համար անհրաժեշտ պայմաններ,

բ) սահմանված ժամկետներում սովորողին կամ խնամարկյալին բերել կրթահամալիր, չխախտել կրթահամալիր մուտքի ու ելքի կանոնների պահանջները.

գ) սովորողին կամ խնամարկյալին դուրս բերել կրթահամալիրից միայն կրթական պայմանագրով նախատեսված կարգով ու դեպքերում.

դ) չխախտել սույն կանոնադրությամբ ու կրթահամալիրի ներքին փաստաթղթերով սահմանված կարգը.

ե) հնարավոր օժանդակություն (ոչ նյութական) ցուցաբերել կրթահամալիրի աշխատողներին` իր երեխայի կամ խնամարկյալի կողմից կրթական ծրագրերի յուրացումն ապահովելու համար.

զ) հատուցել իր երեխայի կամ խնամարկյալի կողմից կրթահամալիրին հասցված վնասները:

Սովորողի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, խորհրդի որոշումներով, տնօրենի հրամաններով ու այլ իրավական ակտերով, ինչպես նաև կրթական պայմանագրով սահմանված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ պարտականություններ

88. Սովորողի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, խորհրդի որոշումներով ու տնօրենի հրամաններով սահմանված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ իրավունքներ ու պարտականություններ:

89. Կրթահամալիրում աշխատանքի կարող են ընդունվել մանկավարժի կամ այլ մասնագիտական որակավորում ունեցող կամ համապատասխան տարիֆաորակավորման պահանջները բավարարող` բարձրագույն կրթությամբ մասնագետներ, ինչպես նաև տեխնիկական, զինվորական կրթություն ունեցող սպաներ: Ոչ բարձրագույն և ոչ մանկավարժական կրթությամբ մասնագետի աշխատելու դեպքերը, կարգը և պայմանները սահմանում է խորհուրդը:

90. Կրթահամալիրի աշխատողներն ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և կրթահամալիրի ներքին կանոնակարգերով սահմանված կարգով`

ա) կրթահամալիրի կառավարմանը մասնակցելու իրավունք,

բ) մասնագիտական պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունք,

գ) ուսուցման ու դաստիարակության ձևերի և մեթոդների, ուսումնական նյութերի ու ձեռնարկների ընտրության և ստեղծագործական նախաձեռնության իրավունք,

դ) որակավորման բարձրացման և վերապատրաստման իրավունք,

ե) անհատական մանկավարժական գործունեության իրավունք,

զ) խրախուսման, պարգևատրման, պատվավոր կոչումների շնորհման իրավունք: Կրթահամալիրի աշխատողներն ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ ու կրթահամալիրի ներքին կանոնակարգերով և աշխատանքային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներ:

91. Կրթահամալիրի աշխատողները պարտավոր են`

ա) սովորողների մեջ պատվաստել ազգային, համամարդկային և բարոյական հատկանիշներ, նպաստել նրանց համակողմանի ու ներդաշնակ զարգացմանը,

բ) ապահովել կրթական ծրագրերի իրականացումը, սովորողների կողմից հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան ծրագրի յուրացումը,

գ) ստեղծել պայմաններ` սովորողների անհատական և ստեղծագործական ընդունակությունների բացահայտման և զարգացման համար, հավատարիմ մնալ մանկավարժական բարոյականությանը,

դ) բարձրացնել իրենց որակավորումը,

ե) համագործակցել ծնողների հետ` սովորողների ուսուցման և դաստիարակության հարցերում:

Կրթահամալիրի աշխատողներն ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, խորհրդի որոշումներով և տնօրենի հրամաններով ու աշխատանքային պայմանագրերով սահմանված այլ պարտականություններ:

 

VIII. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ, ՍՈՎՈՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ

 

92. Սովորողները, մանկավարժներն ու մյուս աշխատողները կրում են խորհրդի կողմից սահմանված ձևի համազգեստ` համապատասխան տարբերանշաններով: Համազգեստը կրելու կարգը սահմանում է խորհուրդը:

Սովորողները, մանկավարժներն ու մյուս աշխատողները բանակումների ընթացքում կրում են դաշտային համազգեստներ` կրթահամալիրի տարբերանշաններով:

 

IX. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

93. Կրթահամալիրը վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Կրթահամալիրի լուծարման դեպքում կրթահամալիրի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան