ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԴԱՎԹՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 30779/13)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
1 մարտի 2022թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]` Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գուերրա Մարտինս [Ana Maria Guerra Martins]՝ դատավորներ,
և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1975 թվականին ծնված, տվյալ ժամանակահատվածում Երևանում կալանքի տակ գտնվող, Երևանում գործող իրավաբան պրն Ռ. Ռևազյանի կողմից ներկայացվող պրն Արման Դավթյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2013 թվականի ապրիլի 26-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 30779/13),
դիմումատուի հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունքի և ենթադրաբար արդյունավետ քննություն չիրականացնելու վերաբերյալ բողոքների մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանի կողմից ներկայացվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2022 թվականի փետրվարի 8-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Գործը վերաբերում է դիմումատուի հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունքին և ենթադրաբար արդյունավետ քննություն չիրականացնելուն: Դրանով բարձրացվում են հարցեր Կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակներում:
2. 2011 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 16:30-ին, դիմումատուն բերման է ենթարկվել Ոստիկանության Մաշտոցի բաժին (ՈՄԲ), որտեղ ոստիկանության մի քանի ծառայողների կողմից ենթարկվել է ենթադրյալ վատ վերաբերմունքի և ներկայացրել հանցագործության կատարման վերաբերյալ խոստովանություն։ Ենթադրվում է, որ դիմումատուին ծեծի են ենթարկել ռետինե մահակներով և մանրատախտակներով՝ արդյունքում կոտրելով մատները և վնասելով ձախ ձեռքի եղունգներից մեկը, իսկ մեջքը, ենթադրվում է, որ այրել են էլեկտրահարման սարքով: Այնուհետև նա որպես կասկածյալ հարցաքննվել է ոստիկանության քննիչի կողմից, որը նկատել է դիմումատուի ձեռքին վնասվածք: Դիմումատուն նշել է, որ վնասվածքն ստացել է կալանավորումից մի քանի օր առաջ զայրույթից պատին հարվածելու արդյունքում: 2011 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 03:15-ին, դիմումատուին տեղափոխել են ոստիկանության ժամանակավոր պահելու վայր, որտեղ արձանագրվել են մի շարք վնասվածքներ, այդ թվում՝ «մեջքի շրջանում քերծվածքներ և կապտուկներ և աջ սրունքի այտուցվածություն»: Նույն օրը ոստիկանության քննիչի հանձնարարությամբ դիմումատուին զննել է դատաբժշկական փորձագետը և հաստատել կրծքավանդակի և մեջքի մի շարք այրվածքներ։ Դիմումատուն փորձագետին հայտնել է, որ իր մեջքի «քերծվածքները» առաջացել են պատին հենվելու հետևանքով, և հերքել է, որ իր հետ վատ են վերաբերվել: 2011 թվականի հունիսի 19-ին դիմումատուն ենթարկվել է բժշկական զննության կալանավորված անձանց պահելու վայրում, և նրա մոտ հայտնաբերվել են «ձախ սրունքի այտուցներ, սրունքի հետևի հատվածում քերծվածքներ, մեջքի վնասվածքներ, այդ թվում՝ քերծվածքներ՝ մասամբ ծածկված կեղանքով»։
3. 2011 թվականի հուլիսի 28-ին դիմումատուն բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազին իր հանդեպ ցուցաբերված վատ վերաբերմունքի վերաբերյալ, որը քննության համար ուղարկվել է ՈՄԲ-ի նույն շենքում գտնվող՝ Մաշտոցի քննչական բաժին (ՄՔԲ): 2011 թվականի օգոստոսի 13-ին դիմումատուն հարցաքննվել է ՄԲՔ-ի քննիչի կողմից, սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց: 2011 թվականի սեպտեմբերի 15-ին դատաբժշկական փորձագետը ցուցմունք է տվել, որ այրվածքները չեն կարող հասցված լինել էլեկտրահարման սարքով, քանի որ վնասվածքների ձևերը և տեղակայումները տարբեր էին, և հասցված էին «տաք առարկայով»: 2011 թվականի հոկտեմբերի 31-ին ՄՔԲ-ի քննիչը մերժել է դիմումատուի վնասվածքների առնչությամբ քրեական հետապնդման իրականացումը: 2012 թվականի մարտին դիմումատուն սահմանված ժամկետից ուշ բողոք է ներկայացրել այդ որոշման դեմ։ 2012 թվականի նոյեմբերի 1-ին Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարել սահմանված ժամկետը դիմումատուի կողմից բաց թողնելը, քանի որ քննիչի որոշման մեջ նշված չի եղել դրա բողոքարկման ընթացակարգը, ներառյալ՝ բողոքարկման ժամկետը և մարմինը, որին պետք է ներկայացվեր այդ բողոքը: Այն նաև որոշել է, որ ՄՔԲ-ի քննիչը չէր կարող իրականացնել անկողմնակալ հետաքննություն, քանի որ գործը վերաբերում էր ՈՄԲ-ի իր գործընկերներին:
4. Այս որոշումից հետո գործը քննող դատարանը 2013 թվականի մայիսի 14-ին կարգադրել է գործն ուղարկել «Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ նոր և անկողմնակալ քննության»։ 2013 թվականի հունիսի 20-ին ՈՄԲ-ի ծառայողների դեմ հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՔԾ՝ քննության համար։ Դիմումատուն ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Կատարվել են մի շարք այլ քննչական միջոցառումներ, այդ թվում՝ նոր բժշկական փորձաքննություն, որով հաստատվել է, որ դիմումատուի ձախ ձեռքի եղունգներից մեկը դեֆորմացված էր։ Ոստիկանության քննիչը և ՈՄԲ-ի հինգ ոստիկաններ, այդ թվում՝ նախկին պետը, նույնպես հարցաքննվել են, և հերքել են, որ վատ վերաբերմունք են ցուցաբերել դիմումատուի նկատմամբ: 2013 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՔԾ-ն կարճել է վարույթը՝ ապացույցների անբավարարության հիմքով, որը հետագայում անփոփոխ է թողնվել դատարանների կողմից:
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
5. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն պետք է դիմեր Դատարան 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումից հետո վեց ամսվա ընթացքում՝ պատճառաբանելով, որ դա, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով, վերջնական որոշումն էր, քանի որ դիմումատուն սահմանված ժամկետում չէր վիճարկել այն։ Դատարանը նշում է, սակայն, որ այդ որոշումը հետագայում բեկանվել էր դատարանների կողմից դիմումատուի՝ ժամանակից ուշ բողոքարկելու հիման վրա, ինչի արդյունքում քննությունը վերսկսվել էր: Այսպիսով, նրանք պարզել են, որ սահմանված ժամկետը դիմումատուի կողմից բաց թողնելը եղել է հիմնավոր: Հետևաբար Դատարանը մերժում է Կառավարության առարկությունը։
6. Դատարանը նշում է, որ բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ կամ անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
7. Վատ վերաբերմունքի արգելման և նման պնդումների արդյունավետ քննություն իրականացնելու պարտականության վերաբերյալ ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Բույիդն ընդդեմ Բելգիայի [Bouyid v. Belgium] ([ՄՊ], թիվ 23380/09, §§ 81-90, 100-101 և 114-123, ՄԻԵԴ 2015) գործում:
8. Սույն գործով դիմումատուի ձեռքի, կրծքավանդակի, մեջքի և ձախ սրունքի հատվածում մի շարք վնասվածքներ են հայտնաբերվել, այդ թվում՝ քննիչի և դատաբժշկի կողմից, երբ նա բերման է ենթարկվել ժամանակավոր պահման վայր և կալանավորված անձանց պահման վայր (տե՛ս վերևում 2-րդ պարբերությունը): Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի վնասվածքներն ստացվել էին մինչև ոստիկանության բաժին ժամանելը` հիմք ընդունելով քննիչին և դատաբժշկին տված նրա ցուցմունքները, ինչպես նաև վերջինիս եզրահանգումները:
9. Դատարանն ի սկզբանե նշում է, որ չկա որևէ ապացույց այն մասին, որ դիմումատուն արդեն վնասվածքներ է ունեցել ոստիկանության բաժին մտնելիս: Նրա առաջին ֆիզիկական զննումն անցկացվել է միայն մոտ տասնմեկ ժամ անց, մինչդեռ քննիչի կողմից նրա հարցաքննությունը, որի ժամանակ ձեռքի վնասվածք է արձանագրվել, տեղի է ունեցել ոստիկանությունում արգելանքի տակ պահելու վայր բերվելուց մոտ երկուսուկես ժամ անց։
10. Դատարանն այնուհետև նկատում է, որ դիմումատուի ցուցմունքները, որոնք տրվել են իր հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունք ցուցաբերելուց անմիջապես հետո, որոնցում նա ընդունել է, որ ինքն է իրեն վնասել մինչև իրեն ձերբակալելը, կարող են արված լինել առաջացած սթրեսի լուրջ ազդեցության, տրավմայի և վախերի հետևանքով՝ հատկապես հաշվի առնելով, որ նա այդ ցուցմունքները տվել է դեռևս ոստիկանությունում արգելանքի տակ գտնվելու ժամանակ (համեմատե՛ք Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի [Nalbandyan v. Armenia], թիվ 9935/06 և 23339/06, § 102, 2015 թվականի մարտի 31): Հատկանշական է, որ այդ ցուցմունքները ներպետական մակարդակով երբեք հիմք չեն ընդունվել։ Ավելին, դիմումատուի ցուցմունքը՝ մեջքի այրվածքների վերաբերյալ, ակնհայտ կեղծ է եղել, քանի որ նա պնդել է, որ այդ այրվածքները, որոնք նա անվանել է «քերծվածքներ», ստացել էր պատին հենվելու արդյունքում: Հատկանշական է, որ դիմումատուն ավելի ուշ հրաժարվել է այդ ցուցմունքներից և հետևողականորեն հերքել է, որ վնասվածքներն ստացել է մինչև իրեն ձերբակալելը: Հետևաբար Դատարանը համարում է, որ տվյալ ցուցմունքները հավաստի ապացույցներ չեն եղել:
11. Ի վերջո, ինչ վերաբերում է դատաբժշկի եզրակացություններին, ապա Դատարանը նշում է, որ փորձագետն առանց կասկածի տակ առնելու ընդունել է դիմումատուի այն ցուցմունքը, որ մեջքի այրվածքներն առաջացել են պատին հենվելուց: Նա այնուհետև չի զննել և չի արձանագրել դիմումատուի ձեռքի վնասվածքը, չնայած ակնհայտորեն տեղյակ է եղել այդ մասին: Ավելին, էլեկտրահարման սարքի օգտագործումը բացառող կարծիքը փորձագետն արտահայտել է ոչ թե դիմումատուին զննելուց հետո, այլ միայն մոտ երեք ամիս անց՝ քննիչի կողմից հարցաքննվելիս (տե՛ս վերևում 3-րդ պարբերությունը): Այս ամենը կասկածի տակ է դնում փորձագետի եզրահանգումների արժանահավատությունը: Ամեն դեպքում, նույնիսկ եթե ենթադրենք, որ դիմումատուի այրվածքների պատճառն էլեկտրահարման սարքը չի եղել, դա, այնուամենայնիվ, չի ազատի Կառավարությանը դիմումատուի վնասվածքների համար պատասխանատվություն կրելու և հիմնավոր բացատրություն տալու պարտավորությունից, ինչն այս դեպքում Կառավարությունը չի արել:
12. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը գտնում է, որ Կառավարությունը չի կարողացել հիմնավոր բացատրություն տրամադրել դիմումատուի վնասվածքների համար: Մասնավորապես ցույց չի տրվել, որ նրա վնասվածքները եղել են ուժի կիրառման հետևանք, ինչը խիստ անհրաժեշտ է եղել նրա վարքագծի պատճառով (տե՛ս վերևում հիշատակված՝ Բույիդի գործը, § 100): Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուն ենթարկվել է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի՝ 3-րդ հոդվածի իմաստով:
13. Ինչ վերաբերում է պաշտոնական քննությանը, ապա Դատարանը նշում է, որ երբ դիմումատուի վնասվածքները հայտնաբերվել են ոստիկանության ժամանակավոր պահման վայրում, ծանուցում է ուղարկվել ՈՄԲ-ին՝ դիմումատուի դեմ քրեական գործը քննող մարմնին, որի աշխատակիցները ենթադրաբար դաժան վերաբերմունք են ցուցաբերել նրա հանդեպ, և որը հետևաբար անկախ մարմին չէր դիմումատուի վնասվածքների առնչությամբ քննություն իրականացնելու համար: Որևէ քննչական միջոցառում չի ձեռնարկվել՝ բացի 2011 թվականի հունիսի 16-ի՝ դիմումատուի դատաբժշկական զննումից, որից հետո կրկին քայլեր չեն ձեռնարկվել։ Դիմումատուի 2011 թվականի հուլիսի 28-ի պաշտոնական բողոքից հետո նրա պնդումների առնչությամբ քննությունը հանձնարարվել է ՄՔԲ-ի քննիչին, մի մարմին, որը, ինչպես հետագայում պարզվել է Վճռաբեկ դատարանի կողմից, այդ մեղադրանքներն անաչառ քննող մարմին չէր (տե՛ս վերևում 3-րդ պարբերությունը): Դատարանն այդ եզրահանգման հետ չհամաձայնելու պատճառներ չունի։ Այսպիսով, գրեթե երկու տարի անց քրեական գործ է հարուցվել և հանձնվել ՀՔԾ-ին՝ «անաչառ քննության»։ Միայն այդ ժամանակ է, որ դիմումատուն ճանաչվել է տուժող։ Դատարանը գտնում է, որ դիմումատուի պնդումների առնչությամբ քննությունն անկողմնակալ մարմնին չհանձնելը և այդքան երկար ժամանակ դիմումատուի արդյունավետ մասնակցությամբ անկախ քննություն չիրականացնելը պետք է լրջորեն ազդեր դրա արդյունավետության ու արդյունքի վրա:
14. Նման հանգամանքներում Դատարանը համաձայն չէ Կառավարության հետ, որ ապացույցների ցանկացած հնարավոր կորուստ կարելի է վերագրել դիմումատուի կողմից ժամանակին բողոք չներկայացնելուն: Այն մեկուկես ամսով ուշացումն այնքան երկար չի համարում, որպեսզի իմաստազուրկ ճանաչի դիմումատուի 2011 թվականի հուլիսի 28-ի բողոքը։ Այս կապակցությամբ կարևոր է նաև նկատի ունենալ այն հոգեբանական հետևանքները, որ վատ վերաբերմունքը կարող է ունենալ տուժողների վրա, ներառյալ՝ նրանց ներկայանալու կարողությունը խաթարելը (տե՛ս Մոկանուն և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Mocanu and Others v. Romania [GC]], թիվ 10865/09 և եւս 2-ը, §274, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ)): Ամեն դեպքում, իշխանության մարմինները շատ վաղ փուլում տեղեկացել են դիմումատուի վնասվածքների մասին, և նրանց պարտականությունն էր ապահովել, որ այդ հարցն ստանա համարժեք, արագ և անաչառ արձագանք: Ճիշտ է, որ դիմումատուն ի սկզբանե հրաժարվել է ցուցմունք տալուց, երբ հարցաքննվել է իր պնդումների վերաբերյալ, սակայն Դատարանը նշում է, որ այդ հարցաքննությունն անցկացվել է այն ժամանակ, երբ քննությունն իրականացվում էր ՄՔԲ-ի կողմից: Այսպիսով, սկզբնական շրջանում դիմումատուի՝ համագործակցության ցանկության բացակայությունը կարող է բացատրվել այդ մարմնի անաչառության բացակայությամբ, ինչը պետք է որ անվստահություն առաջացներ դիմումատուի մոտ: Հատկանշական է, որ նրա վարքագիծը փոխվել է ՀՔԾ քննիչի կողմից հարցաքննությունն սկսվելուն պես, որի ընթացքում դիմումատուն ներկայացրել է իր հանդեպ ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքի մանրամասները:
15. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը եզրակացնում է, որ իշխանության մարմիններն արդյունավետ քննություն չեն իրականացնել դիմումատուի հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունքի հանգամանքների վերաբերյալ:
16. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և ընթացակարգային հայեցակետերի խախտում:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
17. Դիմումատուն պահանջել է 30 000 եվրո (եվրո) ոչ նյութական վնասի համար:
18. Դատարանը դիմումատուին շնորհում է 12 000 եվրո ոչ նյութական վնասի համար՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ:
19. Դատարանն այնուհետև գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և ընթացակարգային հայեցակետերի խախտում.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի 12 000 եվրո (տասներկու հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի մարտի 1-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Իլզե Ֆրայվըրթ՝ |
Յոլիեն Շուկինգ՝ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|