Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 54547/16
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Base act (22.05.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 23.05.2022
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.02.2022
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2022

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՇԻՐԽԱՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 54547/16)

 

ՎՃԻՌ

 

13-րդ հոդված (+ 3-րդ հոդված) • 3-րդ հոդված (նյութաիրավական) • Նվաստացնող վերաբերմունք • Առողջական խնդիրներ ունեցող կալանավորների համար բժշկական օգնության, աջակցության և բացօթյա զբոսանքի հնարավորության ոչ պատշաճ ապահովում • Իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոցի բացակայություն

5-րդ հոդվածի 3-րդ կետ • Մինչդատական կալանքի հիմնավորվածությունը • Վերաբերելի և բավարար հիմքեր չներկայացնելը կալանավորման որոշում կայացնելիս կամ կալանավորման ժամկետը երկարացնելիս

34-րդ հոդված • Դիմում ներկայացնելու իրավունքի իրացմանը խոչընդոտելը • Իրավասու պետական մարմինների կողմից դիմումատուի և Դատարանում նրա ներկայացուցիչների միջև առանձին տեսակցություններ չթույլատրելը • Անհապաղ պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու առնչությամբ նշանակված միջանկյալ միջոցի պահանջների ենթադրյալ չկատարումը, որը չի հիմնավորվել

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

22 փետրվարի 2022թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

 

Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Յոնկո Գրոզև [Yonko Grozev]՝ Նախագահ,

Թիմ Այքը [Tim Eicke],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Գաբրիելե Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer],

Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova],

Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking],

Յուլիա Անտոանելլա Մոտոկ [Iulia Antoanella Motoc]՝ փոխարինող դատավորներ,

և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Վահան Շիրխանյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 54547/16),

գանգատի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու մասին որոշումը,

գանգատին Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնի համաձայն առաջնային դեր տալու մասին 2016 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը,

պատասխանող Կառավարության նկատմամբ Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց նշանակելու մասին 2017 թվականի նոյեմբերի 9-ի որոշումը,

պատասխանող Կառավարության նկատմամբ նշանակված միջանկյալ միջոցը Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն վերացնելու մասին 2018 թվականի դեկտեմբերի 11-ի որոշումը,

կողմերի դիտարկումները,

2022 թվականի փետրվարի 1-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն գործը վերաբերում է դիմումատուի այն բողոքներին, ըստ որոնց կալանքի տակ գտնվելու ընթացքում իրավասու պետական մարմիններն իրեն չեն տրամադրել պատշաճ բժշկական օգնություն և խնամք, իր մինչդատական կալանքը հիմնավորված չի եղել «վերաբերելի» և «բավարար» պատճառներով, և որ իրեն թույլ չի տրվել Դատարանում իր ներկայացուցիչների հետ առանձին հանդիպումներ ունենալ։ Նա բողոքել է նաև դատական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայությունից՝ կապված կալանքի տակ գտնվելու ընթացքում անհրաժեշտ բուժման և խնամքի բացակայության մասով ներկայացված բողոքների հետ։ Նա հղում է կատարել Կոնվենցիայի 3-րդ հոդվածին, 5-րդ հոդվածի 3-րդ կետին, 13-րդ և 34-րդ հոդվածներին։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

2. Դիմումատուն ծնվել է 1947 թվականին և ապրում է Երևանում: Նրան ներկայացրել են Ստրասբուրգում գործող իրավաբաններ տկն Ա. Մարալյանը և տկն Կ. Մոսկալենկոն։

3. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ պրն Ե. Կիրակոսյանը։

4. Գործի փաստերը, ինչպես ներկայացրել են կողմերը, կարելի է ամփոփել հետևյալ կերպ.

5. Դիմումատուն 1995-1999 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը։ Մինչ այդ նա այլ բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի Հանրապետության կառավարությունում։

6. Նախքան կալանավորելը դիմումատուն երկու վիրահատության է ենթարկվել։ 2013 թվականի մայիս ամսին Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնում նրա աջ ոտքից երկու երակ են հեռացրել, իսկ 2015 թվականի գարնանը նա ենթարկվել է երիկամի վիրահատության։ Դիմումատուն ուներ նաև ձախ ոտքի արյունատար անոթների խնդիրներ։

 

I. Դիմումատուի ձերբակալումը ԵՎ կալանքը

 

7. 2015 թվականի նոյեմբերի 24-ին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Երևանում զինված խմբի է ձերբակալել։ Նույն օրը ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել Ա. Վ.-ի դեմ՝ ենթադրաբար հանցավոր կազմակերպություն ստեղծելու և այն ղեկավարելու համար։

8. 2015 թվականի դեկտեմբերի 19-ին դիմումատուն ձերբակալվել է ԱԱԾ ծառայողների կողմից՝ նշված հանցավոր կազմակերպության անդամ լինելու կասկածանքով։

9. Նույն օրը դիմումատուն հարցաքննվել է որպես կասկածյալ և նշել է, inter alia (ի թիվս այլնի), որ ծանոթացել է Ա.Վ.-ի հետ, երբ մի առիթով ընդհանուր ծանոթը վերջինիս ներկայացրել է իրեն։ Նա կտրականապես հերքել է, որ տեղյալ է եղել Ա.Վ.-ի ենթադրյալ հանցավոր գործունեության մասին։

10. 2015 թվականի դեկտեմբերի 21-ին դիմումատուին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցավոր համագործակցությանը մասնակցելը)։

11. Նույն օրը քննիչը դիմումատուին երկու ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան (Վարչական շրջանների դատարան) այն հիմքով, որ դիմումատուն կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից և խոչընդոտել նախաքննությունը։ Միջնորդությամբ անդրադարձ է կատարվել նաև առաջադրված մեղադրանքների բնույթին և ծանրությանը։

12. Նույն օրն ավելի ուշ՝ Վարչական շրջանների դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, դիմումատուն պնդել է, որ չի ներկայացվել որևէ ապացույց, որով կհիմնավորվեր, որ կան հիմքեր՝ ենթադրելու համար, որ ինքը կարող է թաքնվել նախաքննություն իրականացնող մարմնից: Քննարկվող հանցավոր կազմակերպության բացահայտումից հետո ինքը մոտ մեկ ամիս գտնվել է ազատության մեջ և ունեցել է թաքնվելու բոլոր հնարավորությունները։ Բացի այդ, նա նկարագրել է, թե ինչ հանգամանքներում է ծանոթացել գործով մյուս մեղադրյալի հետ և ունեցել է նաև առողջական խնդիրներ ու մշտական բնակության վայր։

13. Նույն օրվա որոշմամբ Վարչական շրջանների դատարանը որոշել է բավարարել քննիչի միջնորդությունը՝ գտնելով, որ գործի հանգամանքները և ձեռք բերված ապացույցները բավարար հիմքեր են տալիս ենթադրելու, որ ազատության մեջ մնալու դեպքում դիմումատուն կարող է խոչընդոտել վարույթի ընթացքը։

14. Նույն օրը դիմումատուին բերել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

15. 2015 թվականի դեկտեմբերի 25-ին դիմումատուն բողոք է ներկայացրել 2015 թվականի դեկտեմբերի 21-ի կալանավորման որոշման դեմ (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը):

16. 2016 թվականի հունվարի 22-ի որոշմամբ Վերաքննիչ քրեական դատարանը (Վերաքննիչ դատարան) անփոփոխ է թողել 2015 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը):

17. Փետրվարի 9-ին քննիչը դիմումատուի կալանավորումը երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է շարունակել գործի նախաքննությունը և անցկացնել հարցաքննություններ, առերեսումներ և քննություններ։

18. 2016 թվականի փետրվարի 14-ին Վարչական շրջանների դատարանը որոշում է կայացրել երկու ամիս ժամկետով երկարացնել դիմումատուի մինչդատական կալանքն այն նույն հիմքերով, որոնք նշված էին դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման մեջ (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը), և հղում կատարելով քննիչի միջնորդությամբ բերված հիմքերին (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը)։

19. Դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը մերժվել է Վերաքննիչ դատարանի կողմից 2016 թվականի մարտի 12-ին:

20. 2016 թվականի ապրիլի 6-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարանի 2016 թվականի մարտի 12–ի որոշման դեմ։

21. Քննիչը երկու ամիս պարբերականությամբ միջնորդություն է ներկայացրել դիմումատուի մինչդատական կալանքի ժամկետը երկարաձգելու համար։ Այդ միջնորդությունները բավարարվել են Վարչական շրջանների դատարանի կողմից 2016 թվականի ապրիլի 13-ին, հունիսի 14-ին, օգոստոսի 11-ին և 2016 թվականի հոկտեմբերի 12-ին այն հիմքերով, որ նա կարող է խոչընդոտել նախաքննությունը, թաքնվել քրեական հետապնդման մարմնից և խուսափել քրեական պատասխանատվությունից։ Դիմումատուի՝ Վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքները և նրա՝ հետագայում Վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքները թողնվել են առանց քննության։

22. 2016 թվականի հոկտեմբերի 21-ին Վարչական շրջանների դատարանի դատավոր Ա.-ն գործն ընդունել է իր վարույթ։

23. 2016 թվականի նոյեմբերի 24-ին դատավոր Ա.-ն գործը դատական քննության նշանակելու մասին որոշում է կայացրել, որով նա որոշել է, inter alia, անփոփոխ թողնել դիմումատուի նկատմամբ նշանակված խափանման միջոցը՝ նշելով, որ չի վերացել դրա անհրաժեշտությունը։ Որոշման դեմ դիմումատուի ներկայացրած վերաքննիչ բողոքները նույնպես թողնվել են առանց քննության։

24. Դիմումատուի՝ նախնական կալանքից ազատվելու վերաբերյալ հետագայում ներկայացված բողոքները մերժվել են Վարչական շրջանների դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 1-ի և նոյեմբերի 3-ի որոշումներով։ Այդ որոշումների դեմ նրա կողմից ներկայացված բողոքները չեն քննվել այն հիմքով, որ տվյալ որոշումները բողոքարկման ենթակա չեն։

 

II. Դիմումատուի առողջական վիճակը կալանքի տակ գտնվելՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

25. 2016 թվականի հունվարի 30-ին դիմումատուի փաստաբանը դիմում է ներկայացրել քննիչին՝ խնդրելով թույլատրել դիմումատուին տեղափոխել Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու և անհետաձգելի վիրահատական միջամտության ենթարկվելու համար՝ հաշվի առնելով ձախ ոտքում թրոմբոզի առկայության հետևանքով վերջինիս առողջության վատթարացումը։

26. 2016 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ քննիչը մերժել է դիմումը և դիմումատուի առողջական վիճակին վերաբերող փաստարկները փոխանցել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին։

27. 2016 թվականի փետրվարի 8-ին դիմումատուի փաստաբանը դիմել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության (Քրեակատարողական ծառայություն) պետին՝ դիմումատուին ձախ ոտքի թրոմբոզի առաջացման հետևանքով նրա առողջության կտրուկ վատթարացման պատճառով Վ. Ավագյանի բժշկական կենտրոն անհապաղ տեղափոխելու համար։

28. Ի պատասխան՝ 2016 թվականի փետրվարի 12-ին դիմումատուի փաստաբանը տեղեկացվել է, որ 2016 թվականի փետրվարի 2-ին դիմումատուն հետազոտվել է վիրաբույժի կողմից, որը նշանակել է ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն։ 2016 թվականի փետրվարի 5-ին Քրեակատարողական ծառայության պետը դիմել է Առողջապահության նախարարին՝ պետության կողմից երաշխավորված բուժօգնության շրջանակներում կազմակերպելու նշանակված բժշկական հետազոտությունը։

29. 2016 թվականի փետրվարի 15-ին դիմումատուն անցել է ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն։

30. 2016 թվականի փետրվարի 16-ին դիմումատուն հետազոտվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժի կողմից, որն այցելել է նրան քրեակատարողական հիմնարկում։ Համաձայն համապատասխան արձանագրությունների՝ դիմումատուն վիրահատական միջամտության ենթարկվելու կարիք չի ունեցել, և նշանակվել է դեղամիջոցների ընդունմամբ կոնսերվատիվ բուժում։

31. 2016 թվականի մարտի 10-ին դիմումատուն խնդրել է հետազոտվել իր բժշկի կողմից։

32. 2016 թվականի մարտի 17-ին դիմումատուի բժշկին թույլատրել են այցելել նրան։ Բժիշկն արձանագրել է, որ դիմումատուն գանգատվում է ստորին վերջույթների շրջանում ցավից, հոգնածությունից և թմրությունից։ Նա ցուցում է տվել, որ դիմումատուն անցնի ստորին վերջույթների զարկերակային դուպլեքս հետազոտություն՝ նրա առողջական վիճակի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ ստանալու համար։

33. 2016 թվականի մարտի 18-ին դիմումատուի բժիշկը կրկին տեսակցել է նրան և կարգադրել շտապօգնության մեքենայով նրան անհապաղ հիվանդանոց տեղափոխել։ Նույն օրը դիմումատուն վիրահատվել է Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնում։ Նրա ձախ ոտքի թրոմբոզի զարգացումը կանխելու համար անոթային ֆիլտր են տեղադրել։

34. 2016 թվականի մարտի 21-ին դիմումատուին նորից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Դիմումատուի դուրսգրման փաստաթղթում նշվել է, որ նա «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվում հետագա բուժումը շարունակելու համար։ Նշանակվել է անոթային վիրաբույժի կողմից հսկողություն, երեք ամիս անց դուպլեքս հետազոտություն, երկու շաբաթ անց կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն և որոշ դեղամիջոցներ, ինչպես նաև առաձգական վիրակապ:

35. Ըստ դիմումատուի՝ ինքը պատշաճ հետվիրահատական խնամք չի ստացել քրեակատարողական հիմնարկ վերադառնալուց հետո։

36. 2016 թվականի մարտի 25-ին քննիչը դատաբժշկական փորձաքննություն է նշանակել դիմումատուի նկատմամբ։ Փորձագետներից պահանջվել է պարզել, inter alia, թե արդյոք դիմումատուի բուժումը կարող է կազմակերպվել քրեակատարողական հիմնարկում, և արդյոք նրա բուժումը, այդ թվում՝ անոթային ֆիլտրի տեղադրումը, անհրաժեշտ է եղել:

37. 2016 թվականի ապրիլի 2-ին դիմումատուն Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնում անցել է ռենտգեն հետազոտություններ։

38. 2016 թվականի ապրիլի 8-ին դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է։ Փորձագիտական եզրակացության համաձայն՝ անոթային ֆիլտրի տեղադրումը բացարձակապես անհրաժեշտ է եղել՝ կյանքին վտանգ սպառնացող թոքային թրոմբոէմբոլիայի առաջացումը կանխելու համար։ Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնից դուրս գրվելիս դիմումատուն ստացել է իր բուժման համար համապատասխան խորհրդատվություն, որը կարող էր կազմակերպվել քրեակատարողական հիմնարկում։

39. 2016 թվականի հուլիսի 7-ին դիմումատուն հետազոտվել է իր նյարդաբանի կողմից, որը նշանակել է ՄՌՇ (մագնիսառեզոնանսային շերտագրություն) և ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) հետազոտություն, անդրգանգային դոպլեր ուլտրաձայնային հետազոտություն և դինամիկ հսկողություն։

40. 2016 թվականի հուլիսի 20-ին Ստրասբուրգում գործող՝ «Միջազգային պաշտպանության կենտրոն» մարդու իրավունքների միջազգային ասոցիացիան (Centre de la Protection Internationale) դիմում է ներկայացրել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով նրան ուսումնասիրել դիմումատուի առողջական վիճակի և իրավասու պետական մարմինների՝ նրան պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու հարցում ցուցաբերվող դժկամության հետ կապված իրավիճակը։

41. 2016 թվականի օգոստոսի 3-ին դիմումատուն անցել է ՄՌՏ հետազոտություն։

42. 2016 թվականի օգոստոսի 4-ին նա անցել է անդրգանգային դոպլեր հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ նրա ուղեղում արյան հոսքի չափավոր նվազում է եղել:

43. 2016 թվականի օգոստոսի 11-ին դիմումատուին հետազոտել է իր նյարդաբանը, որն ախտորոշել է ուղեղի բազմօջախ վնասվածք, անոթային էնցեֆալոպաթիա և կոորդինացիայի կոպիտ խանգարում։ Հաշվի առնելով դիմումատուի վիճակի վատթարացումը՝ բժիշկը նշանակել է մի քանի բժշկական հետազոտություններ և ստացիոնար բուժում մասնագիտացված հիվանդանոցում։

44. 2016 թվականի սեպտեմբերի 26-ին դիմումատուն անոթային վիրաբույժի կողմից հետազոտվել է Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնում, որը նշանակել է դուպլեքս հետազոտություն, Դ-Դիմեր արյան հետազոտություն և ռենտգեն հետազոտություն՝ հաշվի առնելով, որ վիրահատությունից հետո անցել է վեց ամիս։

45. Նույն օրը դիմումատուի իրավաբանը դիմում է ներկայացրել քրեակատարողական հիմնարկի վարչակազմ՝ նրանց խնդրելով կազմակերպել բժշկի կողմից նշանակված հետազոտությունները։ Որևէ պատասխան չստանալով՝ դիմումատուի փաստաբանը 2016 թվականի սեպտեմբերի 30-ին կրկին նմանատիպ դիմում է ուղարկել։ Միևնույն ժամանակ նա Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է ներկայացրել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի անգործության վերաբերյալ։

46. 2016 թվականի հոկտեմբերի 5-ին վեց բժիշկներից բաղկացած բժշկական հանձնաժողովը հետազոտել է դիմումատուին և նրա բժշկական հետազոտությունների փաստաթղթերը։ Նրանք արձանագրել են, որ դիմումատուն գանգատվում է կրծքավանդակի շրջանում ցավից, ստորին վերջույթների շջանում այրոցի զգացողությունից և գլխապտույտից։ Հանձնաժողովը ցուցում է տվել շարունակել դիմումատուի բժշկական հետազոտությունները։

47. 2016 թվականի հոկտեմբեր ամսին դիմումատուն տարբեր բժշկական կենտրոններում անցել է դուպլեքս սկանավորման, ուլտրաձայնային և ռենտգեն մի շարք հետազոտություններ:

48. 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնաբերել է դիմումատուի՝ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքների խախտում։ Այդ որոշման համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

«... Ո՛չ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը, ո՛չ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն չունեն անգիոլոգիայի բաժին կամ բաժանմունք... ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ քրեակատարողական հիմնարկում [դիմումատուի] բուժումը բավարար չէ։ Նման դեպքերում ազատությունից զրկված անձինք պետք է տեղափոխվեն մասնագիտացված բժշկական կենտրոն...

Համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանն ի պատասխան Արդարադատության նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության՝ նյարդաբանի կողմից նշանակված բժշկական հետազոտությունները ... պահանջված [դիմումատուի] հարազատների կողմից, մասնավորապես՝ «ուղեղի ՄՌՏ»-ն, «1,5 Տեսլա ՄՌՇ սկանավորումը», «ուլտրաձայնային դոպլեր հետազոտությունը» կատարվել են 2016 թվականի օգոստոսի 3-ին և 4-ին։

Այնուամենայնիվ, 2016 թվականի հոկտեմբերի 11-ին ... «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ կատարած այցի ժամանակ [Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի] անձնակազմի անդամները չեն հայտնաբերել որևէ փաստաթուղթ, որով կհաստատվեր, որ նյարդաբանի նշանակած «1,5 Տեսլա ՄՌՇ սկանավորում»-ն իրականացվել է։

Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ամբողջ ընթացքում դիմումատուի բժշկական օգնությունն ապահովել են նրա խցակիցները... Այս հանգամանքներում ակնհայտ է, որ [դիմումատուին] չի տրամադրվել պատշաճ մասնագիտական օգնություն:

Մարդու իրավունքների պաշտպանը համարում է, որ [դիմումատուի]՝ խցակիցների կողմից իրականացվող խնամքը խնդրահարույց չէր լինի, եթե Արդարադատության նախարարությունն ապացույցներ ներկայացներ, որոնցով կհաստատվեր, որ նման խնամքը ցուցաբերվել է ազատությունից զրկված այնպիսի անձի կողմից, որն ունեցել է համապատասխան պատրաստվածություն։

Ավելին, Արդարադատության նախարարությունը չի ներկայացրել որևէ ապացույց, այդ թվում՝ համապատասխան բժշկական եզրակացություններ, որոնցով կհիմնավորվեին դիմումատուին քաղաքացիական բժշկական հաստատություն տեղափոխելու անհրաժեշտության բացակայությունը...»։

49. 2016 թվականի նոյեմբերի 18-ին չորս բժիշկներից բաղկացած բժշկական հանձնաժողովը հետազոտել է դիմումատուին և նրա բժշկական հետազոտությունների արդյունքները։ Եզրակացության մեջ հանձնաժողովը ցուցում է տվել անցկացնել Հոլտեր մոնիտորինգի հետազոտություն և էխոկարդիոգրաֆիա, ինչպես նաև ողնաշարի գոտկային հատվածի համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն (CT): Հանձնաժողովը պարզել է, որ դիմումատուն ստացիոնար բուժման կարիք չունի և առաջարկել է խնդրին անդրադառնալ առաջարկված հետազոտությունների արդյունքներն ստանալուց հետո:

50. 2016 թվականի նոյեմբեր ամսին դիմումատուն անցել է մի քանի այլ բժշկական հետազոտություններ, այդ թվում՝ համակարգչային տոմոգրաֆիա, Հոլտեր մոնիտորինգի հետազոտություն և էլեկտրանեյրոմիոգրաֆիա։ Նշանակվել է դեղամիջոցների ընդունմամբ կոնսերվատիվ բուժում: Տասը օրվա համար նշանակվել է երկու տեսակի դեղամիջոց։

51. 2016 թվականի նոյեմբերի 25-ին դիմումատուի իրավաբանը գրավոր հարցում է ուղարկել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետին՝ խնդրելով տեղեկացնել, թե երբ է վերջին անգամ դիմումատուն լոգանք ընդունելու հնարավորություն ունեցել։

52. 2016 թվականի նոյեմբերի 29-ի գրությամբ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետը հայտնել է, որ դիմումատուն հրաժարվել է լոգանք ընդունելուց 2016 թվականի օգոստոսի 12-ից։ Նրան տրվել է կանոնավոր լոգանք ընդունելու հնարավորություն՝ համաձայն քրեակատարողական հիմնարկի ժամանակացույցի, սակայն նա հրաժարվել է և հայտնել, որ լոգանք կընդունի միայն լոգախցիկում՝ կնոջ օգնությամբ։

53. 2016 թվականի դեկտեմբերին Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (Հասարակական դիտորդների խումբ) այցելել է դիմումատուին և Արդարադատության նախարարին ուղղված իր զեկույցում հայտնել, որ թեև ըստ բժշկական տվյալների՝ դիմումատուի բուժումը կարող է կազմակերպվել քրեակատարողական հիմնարկում, այնուամենայնիվ, նրա առողջական վիճակն ակնհայտորեն վատացել է։ Հասարակական դիտորդների խումբն առաջարկել է դիմումատուին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ հաշվի առնելով, որ քրեակատարողական հիմնարկում նրա բուժումը որևէ արդյունք չի տվել։

54. 2017 թվականի հունվարի 9-ին դիմումատուն խնդրել է իրեն հաշմանդամի սայլակ տրամադրել՝ հաշվի առնելով իր շարժունակության հետ կապված խնդիրները, ինչը մերժվել է։

55. 2017 թվականի փետրվարի 9-ին Դատարանը դիմումատուի առողջական վիճակի և կալանքի տակ գտնվելու ընթացքում նրան տրամադրվող բժշկական ու այլ օգնության վերաբերյալ տեղեկություններ ստանալու պահանջով դիմել է Կառավարությանը (տե՛ս ներքևում՝ 80-րդ պարբերությունը)։

56. 2017 թվականի փետրվարի 22-ին Կառավարությունը, պատասխանելով Դատարանի կողմից առաջադրված հարցերին, հայտնել է, որ Քրեակատարողական ծառայության պետը տրամադրել է հետազոտություն անցնելու նպատակով հաջորդ օրը դիմումատուին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու և բուժում ստանալու թույլտվություն (տե՛ս ներքևում՝ 81-րդ պարբերությունը):

57. 2017 թվականի փետրվարի 23-ին դիմումատուին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ դիմումատուի՝ յոթ ամսվա ընթացքում առաջին անգամ ինքը կարողացել է հոգալ անձնական հիգիենայի հետ կապված կարիքները (այսինքն՝ ցնցուղ ընդունել) և ստանալ բուժում, որը որոշակիորեն թեթևացրել է իր ունեցած մշտական ցավը։

58. 2017 թվականի մարտի 3-ին դիմումատուին դուրս են գրել հիվանդանոցից և նորից տեղափոխել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Համաձայն դիմումատուի դուրսգրման փաստաթղթի՝ նա տառապում էր գոտկային սկավառակի դեգեներատիվ հիվանդությամբ, գոտկատեղի (մեջքի ստորին հատվածի) ցավով, ռադիկուլոպաթիայով, սրտային խնդիրներով, թոքային զարկերակների թրոմբոէմբոլիայով, ուներ մեծացած շագանակագեղձ, երիկամի կիստաներ և ստորին վերջույթներն ախտահարող հետթրոմբոտիկ համախտանիշ։ Բժիշկներն արձանագրել են, որ դիմումատուն չէր կարողանում ինքնուրույն կանգնել որոշ նյարդաբանական հետազոտություններ անցնելու համար։ Նրանք նշել են ՄՌՏ հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը, նշանակել են դեղամիջոցներ և անոթային վիրաբույժի, նյարդավիրաբույժի, սրտաբանի և ուրոլոգի հսկողություն։

59. 2017 թվականի մարտի 5-ին դիմումատուի պաշտպանը լրատվամիջոցներին տրված հաղորդագրության մեջ խոսել է հիվանդանոցային բուժումից վերադառնալուց հետո դիմումատուի կալանքի պայմանների վերաբերյալ։ Համաձայն նրա հաղորդագրության՝ նրան տեղավորել են քրեակատարողական հիմնարկի ամենավատ պայմաններ ունեցող խցում. այն չափազանց խոնավ է եղել, բորբոսով ծածկված պատերով և շատ նեղ, մահճակալներն այնքան մոտ են եղել իրար, որ նույնիսկ առողջ մարդը դժվարությամբ կշարժվեր։ Դիմումատուն գտնվել է 15 քառ. մ մակերեսով խցում չորս այլ կալանավորների հետ, իսկ երբ նա վարչակազմին բողոքել է նոր խցի պայմաններից, բերվել է նաև հինգերորդ կալանավորը։

60. Հասարակական դիտորդների խումբը փորձել է այցելել դիմումատուին 2017 թվականի մարտի 6-ին՝ նրա կալանքի պայմանները ստուգելու նպատակով։ Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը մերժել է դիտորդների մուտքը դիմումատուի խուց։ Լրատվամիջոցներին տրված հաղորդագրության մեջ Հասարակական դիտորդների խումբն այս կապակցությամբ հայտնել է, որ նման արգելքը հավանական է դարձնում դիմումատուի կալանքի պայմանների վերաբերյալ տարածված տեղեկության ճշգրիտ լինելը։

61. 2017 թվականի մարտի 22-ին դիմումատուի պաշտպանը գրություններ է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության նախարարին, Քրեակատարողական ծառայության պետին և «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետին մասնավորապես առ այն, որ դիմումատուին նշանակված դեղամիջոցների մեծ մասը նրան չի տրամադրվում, և որ 2017 թվականի մարտի 3-ի դուրսգրման գրառման մեջ նշված ցուցումները, այդ թվում՝ ՄՌՏ հետազոտությունը և անոթային վիրաբույժի, նյարդավիրաբույժի, սրտաբանի և ուրոլոգի վերահսկողությունը չեն իրականացվել։ Այնուհետև նշվել է, որ դիմումատուի կալանքի պայմանները հիվանդանոցից վերադառնալուց հետո զգալիորեն վատացել են. նա գտնվել է հիմնարկի հյուսիսային մասում գտնվող շատ խոնավ խցում, որտեղ ամբողջ օրվա ընթացքում բնական լույս չէր ընկնում։ Առողջական վիճակի պատճառով խցից դուրս գալ չկարողանալով՝ դիմումատուն, այդպիսով, մշտապես զրկված է եղել բնական լույսից։

62. 2017 թվականի մարտի 27-ի իր պատասխանում քրեակատարողական հիմնարկի պետը նշել է, որ դիմումատուն մշտապես եղել է և շարունակում է մնալ բժշկական վերահսկողության ներքո, և որ Առողջապահության նախարարությունից նրան այցելել են համապատասխան մասնագետ բժիշկներ։ Այդ մասնագետները գտել են, որ ՄՌՏ հետազոտությունը ցուցված է դիմումատուի համար, իսկ Քրեակատարողական ծառայությունը դիմել է Առողջապահության նախարարությանը՝ պետության կողմից երաշխավորված բուժօգնության շրջանակներում կազմակերպելու այս հետազոտությունը։

63. Նույն օրը Քրեակատարողական ծառայության պետի տեղակալը գրություն է ուղարկել դիմումատուի պաշտպանին՝ նշելով, որ չորս դեղորայքից միայն մեկն է հասանելի եղել դիմումատուին։ Ինչ վերաբերում է մյուս երեքին, ապա դրանցից երկուսը ներառված չեն եղել Քրեակատարողական ծառայության ընդհանուր գնումների ցուցակում, իսկ մյուսն առկա չէ և կտրամադրվի հաջորդ ամիս։ Նշվել է նաև, որ 2017 թվականի մարտի 22-ին դիմումատուն հետազոտվել է անոթային վիրաբույժի, իսկ հաջորդ օրը՝ սրտաբանի կողմից, որոնք դիմումատուի բուժման մեջ որևէ փոփոխություն չեն նախատեսել։ 2017 թվականի մարտի 24-ին խորհրդատվություններ են անցկացվել ռևմատոլոգի, մեկ այլ անոթային վիրաբույժի և նյարդավիրաբույժի հետ։ Անոթային վիրաբույժը դեղամիջոցներ և էլաստիկ վիրակապ է նշանակել, որը նա պետք է կրեր քայլելիս, և խորհուրդ է տվել կատարել ցածր հզորությամբ սարքավորումներով ՄՌՏ հետազոտություն։ Նշված հետազոտության կազմակերպումն ընթացքի մեջ էր։

64. 2017 թվականի ապրիլի 3-ին դիմումատուին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

65. 2017 թվականի օգոստոսի 14-ին Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության նախարարության մասնագետներից կազմված բժշկական հանձնաժողովը հետազոտել է դիմումատուին և տվել եզրակացություն, որում նշվել է, որ ի տարբերություն նախորդ հետազոտության՝ դիմումատուի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվել։ Մասնագետները նշանակել են լրացուցիչ դեղամիջոցներ և հետագա հետազոտություններ և նշել, որ դիմումատուի կալանքի պայմանները և բշկական անձնակազմի հասանելիության մակարդակը բավարար են դիմումատուի առողջական վիճակի տեսանկյունից։

 

III. Դատարանում ԻՐ ներկայացուցիչների հետ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ունենալու փորձերը

 

66. 2016 թվականի մայիսի 19-ին ստորագրված լիազորագրով դիմումատուն լիազորել է Ստրասբուրգում գործող՝ Միջազգային պաշտպանության կենտրոնի իրավական հարցերով փորձագետ տկն Ա. Մարալյանին իր շահերը ներկայացնել Դատարանում։

67. 2016 թվականի հունիսի 17-ին տկն Մարալյանը դիմել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ դիմումատուի հետ առանձին տեսակցություն ունենալու խնդրանքով։ Նա իր դիմումին կից ներկայացրել է դիմումատուի կողմից ստորագրված լիազորագիրը (տե՛ս վերևում՝ 66-րդ պարբերությունը): Տկն Մարալյանի դիմումը մերժվել է նույն օրն այն հիմքով, որ համաձայն «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի (Օրենք) (տե՛ս ստորև՝ 95-րդ պարբերությունը) 15-րդ հոդվածի՝ նա պետք է համապատասխան թույլտվություն ստանա քրեական հետապնդման մարմնից։

68. 2016 թվականի հունիսի 30-ին տկն Մարալյանը ներկայացել է քննիչին որպես Միջազգային պաշտպանության կենտրոնի իրավաբան և խնդրել է իրեն տրամադրել Դիմումատուի հետ առանձին տեսակցություն ունենալու թույլտվություն՝ որպես Դատարանում նրա ներկայացուցիչ։

69. 2016 թվականի հուլիսի 4-ին քննիչը նրան տեղեկացրել է, որ առկա չէ Միջազգային պաշտպանության կենտրոնի իրավաբանի՝ կալանավորված անձի հետ առանձին տեսակցություն ունենալու ընթացակարգ, և քրեական հետապնդման մարմինն իրավասու չէ տրամադրելու պահանջվող թույլտվությունը։ Այնուհետև նշվել է, որ տկն Մարալյանն ունի դիմումատուի հետ ոչ առանձին տեսակցություն ունենալու իրավունք՝ հաշվի առնելով, որ վերջինիս տեսակցությունների և հեռախոսազանգերի նկատմամբ որևէ սահմանափակում չկա։

70. 2016 թվականի օգոստոսի 1-ին դիմումատուն բողոք է ներկայացրել Վարչական շրջանների դատարան՝ Դատարանում իր ներկայացուցչի հետ առանձին տեսակցություն ունենալու թույլտվություն ստանալու պահանջով՝ նշելով, որ նման տեսակցության արգելքը խախտում է Կոնվենցիայի 34-րդ հոդվածը:

71. 2016 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ Վարչական շրջանների դատարանը վերադարձրել է դիմումատուի բողոքը՝ հղում կատարելով Քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասին և 53-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 9-րդ կետերին (տե՛ս ստորև՝ 97-րդ և 98-րդ պարբերությունները) այն հիմքով, որ նա տկն Մարալյանի հետ առանձին տեսակցություն ունենալու արգելքի վերաբերյալ բողոք չի ներկայացրել քրեական հետապնդման մարմին, քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, իսկ այդ բողոքները չբավարարելու դեպքում՝ գործի քննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

72. 2016 թվականի օգոստոսի 24-ին տկն Մարալյանը հերթական անգամ դիմել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ դիմումատուի հետ առանձին տեսակցություն ունենալու խնդրանքով։ Նրա դիմումը մերժվել է նույն օրն այն հիմքով, որ նա չի ներկայացրել պաշտոնական փաստաթուղթ, որով կապացուցվեր, որ ինքը դիմումատուի լիազոր ներկայացուցիչն է Դատարանում։ Ավելին, համաձայն Օրենքի 15-րդ հոդվածի (տե՛ս ստորև՝ 95-րդ պարբերությունը)՝ կալանավորված անձը կարող է առանձին հանդիպումներ ունենալ միայն պաշտպանի կամ փաստաբանի հետ, որը խնդրել է հանդիպել կալանավորված անձին՝ վերջինիս պաշտպանությունը ստանձնելու նպատակով։ Տկն Մարալյանը տեղեկացվել է, որ նա կարող է դիմումատուի հետ ունենալ ոչ առանձին տեսակցություն։

73. 2016 թվականի օգոստոսի 31-ին տկն Մարալյանը բանտապահների ներկայությամբ ոչ առանձին տեսակցություն է ունեցել դիմումատուի հետ։

74. 2016 թվականի սեպտեմբերի 16-ին դիմումատուն Դատարան է ներկայացրել դիմում, որով նա լիազորել է Միջազգային պաշտպանության կենտրոնի իրավաբաններ տկն Մարալյանին և տկն Կ. Մոսկալենկոյին իր շահերը ներկայացնել Դատարանում։

75. 2016 թվականի հոկտեմբերի 27-ին տկն Մարալյանն այցելել է քրեակատարողական հիմնարկ՝ դիմումատուի հետ տեսակցություն ունենալու խնդրանքով։ Ժամեր շարունակ սպասելով նրան տեսակցելու թույլտվությանը՝ նրան, ի վերջո, երեկոյան ժամը 5-ին հայտնել են, որ այս ժամից հետո տեսակցություններ չեն թույլատրվում։

76. 2017 թվականի հունվարի 20-ին տկն Մոսկալենկոն դիմումատուի հետ առանձին տեսակցություն ունենալու թույլտվություն է խնդրել՝ Դատարանում վերջինիս գանգատի վերաբերյալ որոշակի հարցեր քննարկելու համար։ Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը մերժել է այս խնդրանքը։ Կառավարությունը նշել է, որ տկն Մոսկալենկոյի խնդրանքը մերժվել է այն հիմքով, որ նա չի կարողացել ներկայացնել փաստաթուղթ, որով կնշվեր, որ ինքը Դատարանում դիմումատուի ներկայացուցիչն է։ Հարցին, թե արդյոք նա Հայաստանում փաստաբանական արտոնագիր ունի, թե՝ ոչ, նրա պատասխանը բացասական է եղել։ Հետևաբար դիմումատուի հետ առանձին տեսակցություն ունենալու նրա խնդրանքը մերժվել է՝ Օրենքի 15-րդ հոդվածի պահանջների հիման վրա (տե՛ս ստորև՝ 95-րդ պարբերությունը):

Դիմումատուն վիճարկել է սա։ Ըստ նրա՝ այն բանից հետո, երբ տկն Մոսկալենկոն ներկայացրել է ստորագրված լիազորագիրը նրա գրության հետ միասին, որում նշվում էր իր՝ ներկայացուցչի հետ տեսակցություն ունենալու ցանկության մասին, նրանից պահանջել են Դատարանից գրություն բերել, որում կնշվի, որ տկն Մոսկալենկոն նրա ներկայացուցիչն է, և որ բացատրություններն առ այն, որ Դատարանը նման փաստաթուղթ չի կարող տրամադրել, չեն ընդունվել։

77. 2017 թվականի օգոստոսի 10-ին տկն Մարալյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչակազմից պահանջել է առանձին տեսակցություն ունենալ դիմումատուի հետ՝ քննարկելու նրա դիտարկումների նախապատրաստման հետ կապված տարբեր հարցեր։ Որևէ պատասխան չի ստացվել։

78. 2017 թվականի օգոստոսի 11-ին տկն Մարալյանը նմանատիպ պահանջ է ներկայացրել Վարչական շրջանների դատարան, որն այդ ժամանակ գործն ընդունել էր վարույթ (տե՛ս վերևում՝ 22-րդ պարբերությունը): Նրա պահանջը բավարարվել է 2017 թվականի օգոստոսի 16-ին, և նա նույն օրն առանձին տեսակցություն է ունեցել դիմումատուի հետ:

 

IV. Միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ եվ հետագա զարգացումները

 

79. 2017 թվականի փետրվարի 2-ին դիմումատուն խնդրել է Դատարանից կիրառել Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնը և հանձնարարել Հայաստանի իրավասու մարմիններին կազմակերպել իր՝ բուժման նպատակով մասնագիտացված հիվանդանոց տեղափոխվելը։

80. 2017 թվականի փետրվարի 9-ին Դատարանի կանոնակարգի 54-րդ կանոնի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն Կառավարությունից պահանջվել է տեղեկություններ տրամադրել դիմումատուի առողջական վիճակի, նրա ստացած բժշկական օգնության որակի և կալանքի պայմանների մասին, այդ թվում այն մասին, թե արդյոք դիմումատուին օգնություն է ցուցաբերվում իր առօրյա կարիքները հոգալու համար, թե՝ ոչ։

81. 2017 թվականի փետրվարի 22-ին Կառավարությունը պատասխանել է՝ Դատարանին տրամադրելով դիմումատուի բժշկական փաստաթղթերից որոշ քաղվածքներ։ Հղում կատարելով բժշկական հանձնաժողովի՝ 2016 թվականի նոյեմբերի 18-ին տրված եզրակացությանը (տե՛ս վերևում՝ 49-րդ պարբերությունը)՝ Կառավարությունը նշել է, որ դիմումատուի առողջական վիճակը ստացիոնար բուժման անհրաժեշտություն չի առաջացնում։ Բացի այդ, 2016 թվականի փետրվար ամսից ի վեր դիմումատուն անցել է մեծ թվով բժշկական հետազոտություններ, որոնց մեծ մասն իրականացվել է մասնագիտացված կլինիկաներում։ Կառավարությունը նշել է, որ դիմումատուին ժամանակ առ ժամանակ առաջարկվել է ցնցուղ ընդունելու հնարավորություն, սակայն նա ինքն է հրաժարվել, և որ իրեն օգնություն են ցուցաբերել ու վիրակապել են: Վերջապես, Կառավարությունը նշել է, որ դիմումատուի՝ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելը նախատեսված է եղել 2017 թվականի փետրվարի 23-ին, որպեսզի նա անցնի լրացուցիչ հետազոտություններ և ստանա ստացիոնար բուժում:

82. Ի պատասխան Կառավարության փաստարկներին՝ 2017 թվականի մարտի 8-ին դիմումատուն հաստատել է, որ իրեն իրոք տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց (տե՛ս վերևում՝ 57-րդ պարբերությունը), որտեղ յոթ ամսվա ընթացքում առաջին անգամ նա կարողացել է բավարարել անձնական հիգիենայի հետ կապված կարիքները։ Նա նաև բուժում է ստացել, ինչի արդյունքում որոշ չափով թեթևացել է նրա զգացած մշտական ցավը։ Այնուամենայնիվ, վերադարձից հետո նա շարունակել է զրկված լինել պատշաճ բժշկական օգնությունից, և բացի այդ, նա գտնվել է անընդունելի պայմաններով խցում (տե՛ս վերևում`59-րդ պարբերությունը): Դիմումատուն վիճարկել է Կառավարության պնդումներն առ այն, որ ինքը հրաժարվել է ցնցուղ ընդունելուց և հայտնել է, որ չի կարողացել հասնել ցնցուղ ընդունելու համար նախատեսված սենյակներ, որոնք գտնվում էին նկուղային հարկում։ Դիմումատուն վիճարկել է նաև այն, որ իրեն ցուցաբերել են օգնություն և վիրակապել են։

83. 2017 թվականի մարտի 24-ին Դատարանը (հերթապահ դատավորը) որոշում է կայացրել մերժել դիմումատուի՝ Դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածով ներկայացված միջնորդությունը։

84. 2017 թվականի նոյեմբերի 1-ին դիմումատուն Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն մեկ այլ միջնորդություն է ներկայացրել, որով Դատարանից պահանջվում էր Հայաստանի իրավասու պետական մարմիններին պարտավորեցնել իրեն անհապաղ ցուցաբերել մասնագիտացված բժշկական օգնություն։ Դիմումատուն հղում է կատարել է ռուս բժիշկներից կազմված անկախ բժշկական հանձնաժողովի կողմից նույն օրը տրված բժշկափորձաքննական եզրակացությանը, որտեղ նշվում էր, որ դիմումատուն ստանում է մակերեսային, սիմպտոմատիկ բուժում, ինչը մեծացնում է հիվանդության զարգացման ռիսկը և կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ։ Հանձնաժողովի եզրակացությամբ դիմումատուն մասնագիտացված բժշկական օգնության հրատապ կարիք ուներ։

85. 2017 թվականի նոյեմբերի 9-ին Դատարանը (հերթապահ դատավորը) որոշում է կայացրել պարտավորեցնելու Կառավարությանն անհապաղ բժշկական օգնություն տրամադրել դիմումատուին, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպել նրա հոսպիտալացումը մասնագիտացված բժշկական հաստատությունում, և դիմումատուին հետազոտելու համար ստեղծել հավասարության սկզբունքի հիման վրա ստեղծված բժշկական հանձնաժողով՝ նրա կոնկրետ խնդիրներն ախտորոշելու և երկարատև կամ անհապաղ բուժման անհրաժեշտությունը որոշելու նպատակով։ Ընդ որում, Կառավարությունը պետք է ապահովեր դիմումատուի բուժումը՝ համաձայն հանձնաժողովի համապատասխան եզրակացությունների։

86. 2017 թվականի դեկտեմբերի 22-ին դիմումատուի պաշտպանը գրություն է ուղարկել Արդարադատության նախարարություն՝ նշելով, inter alia, որ դիմումատուի պաշտպանները և հարազատներն արդեն իսկ կապ են հաստատել մի քանի բժիշկ-մասնագետների հետ, որոնք տվել են այն հանձնաժողովում ներգրավվելու նախնական համաձայնությունը, որը պետք է ստեղծվեր դիմումատուի բժշկական հետազոտությունները կատարելու համար։

87. 2018 թվականի հունվարի 10-ին Դատարան ուղարկված իր գրության մեջ դիմումատուն նշել է, որ Կառավարությունն անտեսել է Դատարանի 2017 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ իրենց ուղղված միջանկյալ միջոցը։ Նա հղում է կատարել Առողջապահության նախարարության 2018 թվականի հունվարի 9-ի գրությանը, ըստ որի դիմումատուն ստանում է 2017 թվականի հոկտեմբեր ամսին իր բժշկական հետազոտություններն անցնելուց հետո իրեն նշանակված բուժումը, և որ ստացիոնար բուժման կամ լրացուցիչ հետազոտությունների կարիք չկա։

88. 2018 թվականի հունվարի 24-ին Կառավարությունից պահանջվել է մեկնաբանություն ներկայացնել դիմումատուի՝ 2018 թվականի հունվարի 10-ի գրության կապակցությամբ։

89. 2018 թվականի փետրվարի 7-ի իր գրությամբ Կառավարությունը նշել է, որ Դատարանի՝ Կանոնակարգի 39-րդ կանոնի կիրառման մասին ծանուցումը «ուշադրության չի արժանացել տեխնիկական խնդրի» պատճառով: Կառավարությունը պնդել է, որ ինքը 2018 թվականի հունվարի 25-ի՝ Դատարանի կողմից նշանակված միջանկյալ միջոցի մասին իմացել է միայն Քարտուղարության՝ 2018 թվականի հունվարի 24-ի գրությունը ստանալուց հետո։ Պարզելով գործով նշանակված միջանկյալ միջոցի մասին՝ Կառավարությունն անհապաղ կապ է հաստատել դիմումատուի պաշտպանի հետ և նրան ուղարկել է գրություն, որով հայտնել է պահանջվող բժշկական հանձնաժողովը հնարավորինս շուտ ստեղծելու իր պատրաստակամության մասին։ 2018 թվականի փետրվարի 1-ի իր գրությամբ դիմումատուի պաշտպանը նշել է, որ դիմումատուն բավարար ֆինանսական միջոցներ չունի իր նախընտրած բժիշկներին հանձնաժողովում ընդգրկելու համար, և հետաքրքրվել է, թե արդյոք Կառավարությունը կարող է հատկացնել պահանջվող գումարները, թե՝ ոչ։ Ըստ Կառավարության՝ իրենք ապահովել են Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնով նշված համապատասխան բոլոր միջոցառումների կատարումը՝ բացառությամբ բժշկական հանձնաժողով ստեղծելու պահանջի՝ դիմումատուի՝ իր նախընտրած բժիշկներին նշանակելու համար պահանջվող միջոցները չունենալու պատճառով։

90. Արդյունքում բժշկական հանձնաժողով չի ստեղծվել: Դատարանին չեն տրամադրվել համապատասխան զարգացումների մասին այլ տեղեկություններ։

91. 2018 թվականի հունիսի 27-ի գրությամբ դիմումատուն տեղեկացրել է Դատարանին, որ ինքը 2018 թվականի հունիսի 25-ին կալանքից ազատ է արձակվել Վարչական շրջանների դատարանի նույն օրվա որոշմամբ։

92. 2018 թվականի դեկտեմբերի 11-ին Դատարանը որոշել է վերացնել Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն նշանակված միջանկյալ միջոցը (տե՛ս վերևում՝ 85-րդ պարբերությունը)։

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

I. Համապատասխան ներպետական ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Ա. Նախնական կալանքը

 

93. Ներպետական օրենսդրության՝ նախնական կալանքին առնչվող համապատասխան դրույթները ու դրա երկարացման հիմքերն ու ընթացակարգը սահմանված են Դատարանի՝ Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ara Harutyunyan v. Armenia] (թիվ 629/11, §§ 30-36, 2016 թվականի հոկտեմբերի 20) գործով կայացրած վճռում։

 

Բ. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը

 

94. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ կալանավորված անձը, inter alia, ունի առողջապահության, այդ թվում՝ բավարար սննդի և անհետաձգելի բժշկական օգնության իրավունք: Կալանավորված անձն իրավունք ունի իր իրավունքների խախտման վերաբերյալ բողոքներով ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, նրա վերադաս մարմնին, դատարան, դատախազություն, Մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներին և կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին:

95. Համաձայն 15-րդ հոդվածի՝ ձերբակալված կամ կալանավորված անձին տրվում է իր պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի, որը խնդրել է տեսակցել նրան նրա պաշտպանությունը ստանձնելու նպատակով, առանձին տեսակցություն ունենալու իրավունք՝ առանց տեսակցությունների քանակի և տևողության սահմանափակման և անկախ աշխատանքյաին օրերից և ժամերից:

Կալանավորված անձի պահանջով քննչական մարմինը կարող է նրան թույլատրել առանձին հանդիպումներ ունենալ քրեական գործով նրա պաշտպանը չհանդիսացող փաստաբանի հետ, եթե դա անհրաժեշտ է քրեական գործի քննության հետ կապ չունեցող իրավաբանական օգնություն տրամադրելու համար։ Քննչական մարմինը քննարկում և որոշում է կայացնում նման պահանջի վերաբերյալ, և վերջինս իրավունք ունի քննչական մարմնի որոշման դեմ բողոք ներկայացնելու՝ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգի։

Կալանավորված անձի հանդիպումը փաստաբանի կամ պաշտպանի հետ տրվում է այն դեպքում, երբ փաստաբանը կամ պաշտպանը ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ, փաստաբանի արտոնագիր և քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից տրված համապատասխան թույլտվություն՝ հասցեագրված ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրի վարչակազմին։

96. 21-րդ հոդվածով նախատեսված է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմն ապահովում է կալանավորված անձանց առողջության պահպանմանն ուղղված սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պայմաններ: Քրեակատարողական հիմնարկում պետք է աշխատի ընդհանուր մասնագիտացում ունեցող առնվազն մեկ բժիշկ: Մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցող կալանավորված անձը պետք է տեղափոխվի հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատություն:

 

Գ. Քրեական դատավարության օրենսգիրքը

 

97. Համաձայն 52-րդ հոդվածի 1-ին մասի՝ դատախազն իրականացնում է քրեական հետապնդում և հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ:

98. Համաձայն 53-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 9-րդ կետերի՝ նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնելիս դատախազի բացառիկ իրավասությունն է, inter alia, վերացնել հետաքննության մարմնի, քննիչի, ստորադաս դատախազի անօրինական կամ անհիմն որոշումները և լուծել հետաքննության մարմնի, քննիչի, ստորադաս դատախազի որոշումների կամ գործողությունների դեմ բերված բողոքները։

99. 290-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է, որ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների` Օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքը չի բավարարվել դատախազի կողմից։

 

Դ. «Դատախազության մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի օրենքը (ուժը կորցրած)

 

100. Համաձայն 29-րդ հոդվածի 1-ին մասի, որը գործում էր քննարկվող ժամանակահատվածում, դատախազը հսկողություն է իրականացնում պատիժների կիրառման օրինականության նկատմամբ: Այս լիազորությունն իրականացնելիս Դատախազն իրավունք ունի, inter alia, այցելելու ազատազրկված անձանց պահելու վայրեր և ծանոթանալու փաստաթղթերի, այդ թվում՝ որոշումների, համապատասխան քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հրամանների հետ (29-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետեր): Եթե դատախազը կասկածներ ունի այն անձի իրավունքների խախտման վերաբերյալ, որի նկատմամբ պատժամիջոց է կիրառվում, ապա նա իրավունք ունի բացատրություններ պահանջելու համապատասխան պաշտոնատար անձանցից իրենց գործողությունների կամ անգործության վերաբերյալ։

 

Ե. Քաղաքացիական օրենսգիրք

 

101. Քաղաքացիական օրենսգրքի՝ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման արդյունքում կրած վնասի փոխհատուցման վերաբերյալ համապատասխան դրույթներով նախատեսվում է հետևյալը։

102. 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի իրավունքները խախտվել են, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով։ Համապատասխան վնասը ներառում է իրավունքը խախտված անձի ծախսերը, որը նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները և ոչ նյութական վնասը (17-րդ հոդվածի 2-րդ մաս): Ոչ նյութական վնասը կարող է հատուցվել միայն Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում (17-րդ հոդվածի 4-րդ կետ)։

103. 162.1 հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է, որ անձն իրավունք ունի պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված նրա հիմնարար իրավունքները։

104. 1087.2 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսվում է, որ հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման՝ անկախ պետական պաշտոնատար անձի մեղքի առկայությունից: Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե 162.1 հոդվածով սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

105. Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես սույն օրենսգրքի 162.1 հոդվածով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Քրեական հետապնդման մարմնի կողմից խախտումը հաստատվելու դեպքում ոչ նյութական վնասի հատուցման պահանջը կարող է ներկայացվել դրա մասին անձին հայտնի դառնալու պահից ոչ շուտ, քան երկու ամսվա, բայց ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում (1087.2 հոդվածի 9-րդ մաս)։

106. 2014 թվականի նոյեմբերի 1-ից 17-րդ հոդվածի 2-րդ մասի (տե՛ս վերևում՝ 102-րդ պարբերությունը) քաղաքացիական վնասի տեսակների ցանկում ներառվել է ոչ նյութական վնասը, որի հատուցումը կարող է պահանջվել քաղաքացիական վարույթի կարգով:

Արդյունքում Քաղաքացիական օրենսգիրքը լրացվել է նոր՝ 162.1 և 1087.2 հոդվածներով (տե՛ս վերևում՝ 103-րդ և 104-րդ պարբերությունները), որոնք կարգավորում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված որոշ իրավունքների խախտման համար պետությունից ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու կարգը։

Մինչև 2015 թվականի դեկտեմբերի 30-ին կատարված հետագա փոփոխությունները (ուժի մեջ են մտել 2016 թվականի հունվարի 1-ից), պետությունից կարող էր պահանջվել ոչ նյութական վնասի հատուցում, եթե դատարանի որոշմամբ հաստատվում էր, որ անձի՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 5-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները խախտվել են, ինչպես նաև անձի նկատմամբ սխալ մեղադրական դատավճիռ կայացնելու դեպքում:

 

II. Եվրոպայի Խորհրդի համապատասխան փաստաթղթերը

 

Ա. ԽԿԿ՝ Զեկույց Հայաստանի Կառավարությանը ԽԿԿ-ի՝ 2015 թվականի հոկտեմբերի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան կատարած այցի վերաբերյալ, CPT/Inf(2016)3

107. Զեկույցի համապատասխան մասերը շարադրվել են հետևյալ բովանդակությամբ (ծանոթագրությունները բաց են թողնվել).

«68. Բացի այդ, բացօթյա զբոսանքը [«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում] շարունակում էր տեղի ունենալ շենքի տանիքին գնվող փոքր և ճնշող բակերում՝ փակ տարածքներում, որոնք շրջափակված էին բարձր պատերով, ծածկված մետաղավանդակով և ժամանակավոր ծածկով՝ եղանակային անբարենպաստ պայմաններից պաշտպանվելու համար, կար նստարան, սակայն չկար որևէ այլ սարքավորում: Ինչպես նախորդ այցերի ժամանակ էր, տարբեր խցերի բանտարկյալներին չէր թույլատրվում շփվել զբոսահրապարակներում՝ բացառությամբ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց:

...

76. ... «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում բժշկական անձնակազմը մնացել էր անփոփոխ, այսինքն՝ այն բաղկացած էր լրիվ դրույքով աշխատող ընդհանուր մասնագիտացում ունեցող բժշկից և լրիվ դրույքով աշխատող բուժքրոջից։ Կրկին առկա չէր առողջապահության ոլորտի մասնագետի կողմից 24-ժամյա հերթապահություն։

77. ... «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կապակցությամբ Հանձնաժողովն առաջարկում է քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար, որ հիմնարկում քսանչորս ժամ շարունակ, այդ թվում՝ շաբաթ և կիրակի օրերին գտնվի առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար որակավորում ունեցող անձ, նախընտրելի է՝ բուժքրոջ ճանաչված որակավորում ունեցող անձ:

...

78. ... պատվիրակությունը մասնագիտացված բուժօգնության հասանելիության մասով բազմաթիվ բողոքներ է ստացել իր կողմից այցելած բոլոր հիմնարկների բանտարկյալներից և նշել, որ որպես կանոն՝ տրամադրվող ամենատարրական օգնությունից բացի՝ ամեն ինչի դիմաց վճարում են բանտարկյալները (բացառությամբ շտապօգնության): Ընդ որում, ինչպես նախկինում, երկար ձգձգումներ են լինում (մինչև մի քանի ամիս) բանտարկյալներին հիվանդանոցային շենքից դուրս, այդ թվում՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու ընթացքում։ Այս համատեքստում պատվիրակության մոտ տպավորություն է ստեղծվել, որ բացակայում են հոսպիտալացման համար հստակ օբյեկտիվ չափորոշիչները: ԽԿԿ-ն կոչ է անում Հայաստանի իրավասու մարմիններին ապահովել, որ մասնագիտական բուժօգնության (այդ թվում՝ հաստատությունից դուրս խորհրդատվության/հետազոտության և հոսպիտալացման) կարիք ունեցող բանտարկյալները ստանան այդպիսի օգնություն՝ առանց անհարկի ուշացման և անվճար հիմունքներով:

...

80. ԽԿԿ-ն մտահոգված է այն հանգամանքով, որ քրեակատարողական հիմնարկներում դեղորայքով ապահովելու (բացառությամբ տուբերկուլոզի բուժման համար անհրաժեշտ դեղորայքի) առնչությամբ առաջընթաց չի գրանցվել: Դրա համար նախատեսված բյուջեն շարունակում էր խիստ սահմանափակ մնալ, և բանտարկյալները հաճախ ստիպված էին լինում ապավինել իրենց կամ իրենց հարազատների ֆինանսական միջոցներին՝ իրենց նշանակված դեղամիջոցները ձեռք բերելու համար։ ԽԿԿ-ն կոչ է անում հայաստանյան իրավասու մարմիններին բոլոր քրեակատարողական հիմնարկներն ապահովել անհրաժեշտ, բանտարկյալների համար անվճար դեղամիջոցներով»։

 

Բ. Հայաստանի Հանրապետության կառավարության պատասխանը 2015 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 15-ը Հայաստան կատարած այցի վերաբերյալ ԽԿԿ-ի զեկույցին (CPT/Inf (2016) 32)

108. Հայաստանի Հանրապետության կառավարության պատասխանի համապատասխան մասերը շարադրվել են հետևյալ բովանդակությամբ (ծանոթագրությունները բաց են թողնվել).

«...Մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ ՄԻՊ) գրասենյակի և փաստաբանների հետ համագործակցությամբ փոփոխություններ են կատարվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում։ Փոփոխություններից հետո ազատությունից զրկված անձն իրավունք ունի առանձին, առանց խոչընդոտների, հանդիպումների քանակի և տևողության սահմանափակման և անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից տեսակցություն ունենալ պաշտպանի կամ փաստաբանի հետ, որն այցելում է՝ ստանձնելու գործով պաշտպանությունը։ Նա իրավունք ունի նաև տեսակցություն ունենալու ոչ միայն իր պաշտպանի, այլ նաև իր գործի պաշտպանությանը չմասնակցող ցանկացած փաստաբանի հետ այնպիսի հարցերով, որոնք կապված չեն գործի քննության հետ (օրինակ՝ ամուսնալուծության կամ որևէ այլ քաղաքացիական հարցով):

...

62. Ինչ վերաբերում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի որոշ խցերում առկա օդափոխության խնդրին, ապա օդափոխության համակարգի թերությունները վերացվել են, այն մաքրվել է, և արդյունքում ապահովվել է պատշաճ օդափոխություն։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Երևանի քրեակատարողական հիմնարկում իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ։

...

117. «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի նյութական պայմանների վերաբերյալ դիտողությունների առնչությամբ պետք է նշել հետևյալը. «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում օրենսդրությամբ սահմանված բնակտարածքի, ինչպես նաև մահճակալային ֆոնդի առումով գերբնակեցման խնդիր չկա։ Բոլոր խցերը գտնվում են բավարար վիճակում, և վատթար վիճակում գտնվող որևէ խուց չկա։ Չնայած առկա չէ կենտրոնական օդափոխության համակարգ, այնուամենայնիվ, ամենօրյա օդափոխությունն իրականացվում է պատշաճ կերպով՝ բացելով խցերի պատուհանները։ Ինչ վերաբերում է խցերում պատշաճ օդափոխության ապահովմանը, ապա դա հնարավոր կլինի համապատասխան ֆինանսական աջակցության դեպքում կառուցվածքային փոփոխություններ կատարելուց հետո։

...

133. Ինչ վերաբերում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկին, ապա ներկայումս հիմնարկի բժշկական սպասարկման ստորաբաժանումում պայմանագրային հիմունքներով աշխատում է որակավորված բուժքույր, որն անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն է ցուցաբերում նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին։ Նշված հիմնարկի ֆելդշերի թափուր հաստիքը համալրելու գործընթացը՝ որպես հրատապ հարց, գտնվում է Քրեակատարողական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրության կենտրոնում։

...

137. ... քրեակատարողական համակարգում մատուցվող բժշկական ծառայություններն անվճար են։ Բացի այդ, պետության կողմից երաշխավորվող անվճար բժշկական օգնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահական հաստատություններում իրականացվում են հետազոտություններ և բուժօգնություն։

...

139. Արգելանքի տակ պահվող անձինք և դատապարտյալները վճարովի հիմունքներով օգտվում են իրենց կողմից ընտրված և քրեակատարողական համակարգից դուրս աշխատող բժիշկ-մասնագետների ծառայություններից, նրանց կողմից իրականացվող հետազոտություններից քրեակատարողական համակարգից դուրս գործող քաղաքացիական հիվանդանոցներում։ Արգելանքի տակ պահվող այն անձանց և դատապարտյալներին, որոնց անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն, տրամադրվում են անհապաղ բժշկական ծառայություններ, իսկ մյուսներին տրամադրվում են ըստ պլանի։

...

151. ... Ըստ տարիների կատարված համեմատությունը ցույց է տալիս, որ Քրեակատարողական ծառայության բժշկական ծառայություններն ամեն տարի համալրվում են դեղամիջոցների այլ տեսակներով։ ... Ինչ վերաբերում է ազատությունից զրկված անձանց հարազատների կողմից քրեակատարողական հիմնարկներ բերվող դեղորայքին, ապա համաձայն Կառավարության թիվ 825-Ն որոշման՝ ազատությունից զրկված անձինք իրավունք ունեն անարգել օգտվելու այլ բժիշկների ծառայություններից և ստանալ օրենսդրությամբ չարգելվող դեղորայք...»։

 

Գ. ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍՏԱՆԴԱՐՏ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

109. Նախարարների կոմիտեի՝ «Եվրոպական բանտային կանոնների վերաբերյալ» անդամ պետություններին արված Rec(2006)2-rev առաջարկությամբ այնքանով, որքանով վերաբերելի է, նշվում է հետևյալը.

«Իրավաբանական խորհրդատվությունը

23.1. Բոլոր բանտարկյալներն ունեն իրավաբանական խորհրդատվության իրավունք, և քրեակատարողական հիմնարկի անձնակազմը տրամադրում է նման խորհրդատվություն ստանալու համապատասխան հնարավորությունները:

23.2. Բանտարկյալները կարող են ցանկացած իրավական բնույթի հարցի վերաբերյալ իրենց նախընտրած իրավախորհրդատուի մոտ և իրենց հաշվին ստանալ իրավաբանական խորհրդատվություն։

23.3. Անվճար իրավաբանական օգնության ծառայությունների առկայության դեպքում քրեակատարողական հիմնարկի անձնակազմն այն մասին տեղեկացնում է բանտարկյալներին։

23.4. Պետք է ապահովել բանտարկյալի և նրա իրավաբանի միջև իրավաբանական հարցերի վերաբերյալ խորհրդատվությունների և այլ հաղորդակցությունների, այդ թվում` նամակագրության գաղտնիությունը:

23.5. Դատարանը կարող է բացառիկ դեպքերում սահմանափակել այդ գաղտնիությունը՝ լուրջ հանցագործությունը կամ քրեակատարողական հիմնարկի ապահովությանը և անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգը կանխելու համար:

23.6. Բանտարկյալները պետք է հնարավորություն ունենան կամ նրանց թույլատրվի իրենց տնօրինության ներքո պահել իրենց գործով վարույթին առնչվող փաստաթղթերը»։

 

Դ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթներին մասնակցող անձանց վերաբերյալ եվրոպական համաձայնագիրը

110. Դատարանի վարույթներին մասնակցող անձանց վերաբերյալ եվրոպական համաձայնագրի համապատասխան դրույթները նշում են հետևյալը.

 

«Հոդված 1

 

1. Անձինք, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը, հետևյալներն են.

ա. ցանկացած անձ, որը մասնակցում է Դատարանում հարուցված վարույթին որպես կողմ, նրանց ներկայացուցիչները և խորհրդատուները,

...

 

Հոդված 3

 

1. Պայմանավորվող կողմերը հարգում են սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին պարբերությունում նշված անձանց՝ Դատարանի հետ ազատ նամակագրություն պահպանելու իրավունքը։

2. Ինչ վերաբերում է կալանքի տակ գտնվող անձանց, ապա սույն իրավունքի կիրարկումը, հատկապես, ենթադրում է, որ՝

...

գ. այդ անձինք ունեն այլ անձանց լսելիության սահմաններից դուրս իրավաբանի հետ նամակագրություն ունենալու և նրա հետ խորհրդակցելու իրավունք, որն ունի Դատարան ներկայացված գանգատի կամ դրանից բխող որևէ վարույթի առնչությամբ այն երկրի դատարաններում հանդես գալու որակավորում, որտեղ գտնվում են այդ կալանավորված անձինք»։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ԵՎ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

111. Դիմումատուն բողոքել է, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում իրավասու պետական մարմիններն իրեն չեն տրամադրել պատշաճ բուժում և ամենօրյա խնդիրների հարցում օգնություն՝ խախտելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որը շարադրված է հետևյալ բովանդակությամբ.

«Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։

112. Դիմումատուն բողոքել է նաև, որ իր տրամադրության տակ չի եղել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն իր բողոքների մասով իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածով, որը շարադրված է հետևյալ բովանդակությամբ.

«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք ....»:

 

Ա. Ընդունելիությունը

113. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի բարձրացրել իր բողոքները «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 13-րդ հոդվածում թվարկված ներպետական մարմինների առջև (Օրենք, տե՛ս վերևում՝ 94-րդ պարբերությունը) և Պետությունից չի պահանջել ոչ նյութական վնասի դիմաց փոխհատուցում (տե՛ս վերևում՝ 101-105 պարբերությունները)։

Կառավարությունն այնուհետև պնդել է, որ մինչև 2016 թվականի մարտի 16-ը տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող դիմումատուի բողոքները պետք է անընդունելի ճանաչվեն վեցամսյա ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու պատճառով՝ հաշվի առնելով այն փաստը, որ դիմումատուն իր բողոքները ներկայացրել է 2016 թվականի սեպտեմբերի 16-ին:

114. Դիմումատուն նշել է, որ իր կողմից իրավասու պետական մարմիններին, այդ թվում՝ քրեակատարողան հիմնարկի վարչակազմին ուղղված բողոքներn անօգուտ են եղել, և հետևաբար ինքը չի ունեցել պաշտպանության արդյունավետ միջոց, որի միջոցով կարող էր իր բուժման որակի մասով բողոք ներկայացնել։

115. Դատարանը նշում է, որ պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասով Կառավարության առարկությունը սերտորեն կապված է դիմումատուի այն բողոքին, ըստ որի կալանքի տակ գտնվելու ընթացքում ինքն արդյունավետ բժշկական օգնության և աջակցության բացակայության մասին իր բողոքների համար իր տրամադրության տակ արդյունավետ միջոց չի ունեցել։ Հետևաբար Կառավարության առարկության քննությունը պետք է միացվի դիմումատուի՝ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի շրջանակներում ներկայացված բողոքի ըստ էության քննությանը։

116. Ինչ վերաբերում է դիմումատուի կողմից վեցամսյա ժամկետը չպահպանելու վերաբերյալ Կառավարության առարկությանը, ապա Դատարանը նկատում է, որ Կառավարությունը չի նշել այն վերջնական դատական ակտը, որի կայացման պահից, իրենց կարծիքով, սկսվել է վեցամսյա ժամկետի հաշվարկը՝ մինչև դիմումատուի՝ 2016 թվականի մարտի 16-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ունեցած բողոքների առնչությամբ։

117. Դատարանը վերահաստատում է, որ որպես կանոն՝ վեցամսյա ժամկետը սկսում է հաշվարկվել պաշտպանության ներպետական միջոցները սպառելու գործընթացի արդյունքում վերջնական որոշում կայացնելու օրվանից: Այնուամենայնիվ, եթե ի սկզբանե պարզ է, որ դիմումատուին հասանելի չէ պաշտպանության որևէ արդյունավետ միջոց, ապա ժամկետը սկսվում է այն գործողությունները կատարելու կամ միջոցները նշանակելու պահից, որոնց առնչությամբ բողոք է ներկայացվում, կամ այդ ակտի կամ դիմումատուի վրա դրա ազդեցության կամ դրանով վերջինիս վնաս պատճառվելու մասին հայտնի դառնալու ամսաթվից, իսկ եթե իրավիճակը շարունակական է, ապա այն ավարտվելու պահից (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մոկանուն և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Mocanu and Others v. Romania [GC] թիվ 10865/09 և 2 այլ թվեր, § 259, ՄԻԵԴ 2014թ. (քաղվածքներ))։

118. Դիմումատուների՝ կալանքի պայմանների վերաբերյալ բողոքների նկատմամբ վեցամսյա ժամկետի կանոնի կիրառման վերաբերյալ Դատարանի մոտեցումն ամփոփվել է հետևյալ կերպ. կալանքի ժամկետը պետք է դիտվի որպես «շարունակվող իրավիճակ», եթե կալանքը կրվել է նույն տեսակի քրեակատարողական հիմնարկում՝ զգալիորեն նման պայմաններում։ Բացակայության կարճ ժամանակահատվածները, որոնց ընթացքում դիմումատուին դուրս են հանել հիմնարկից հարցաքննությունների կամ դատավարական այլ գործողությունների համար, որևէ ազդեցություն չի ունենում կալանքի շարունակական բնույթի վրա։ Դիմումատուի ազատ արձակումը, սակայն, կամ կալանքի մեկ այլ ռեժիմի փոխադրելը թե՛ քրեակատարողական հիմնարկի ներսում, թե՛ դրանից դուրս վերջ կդներ «շարունակվող իրավիճակ»-ին։ Կալանքի պայմանների մասին բողոքը պետք է ներկայացվի այն իրավիճակի ավարտից հետո, որի կապակցությամբ ներկայացվում է բողոքը, կամ եթե առկա է եղել արդյունավետ պաշտպանության ներպետական միջոց, որը պետք է սպառվեր, ապա սպառման գործընթացի արդյունքում վերջնական դատական ակտ կայացնելուց հետո վեց ամսվա ընթացքում (տե՛ս Անանևը և այլք ընդդեմ Ռուսաստանի [Ananyev and Others v. Russia], թիվ 42525/07 և 60800/08, § 78, 2012 թվականի հունվարի 10 և Գորբուլյան ընդդեմ Ռուսաստանի [Gorbulya v. Russia], թիվ 31535/09, § 47, 2014 թվականի մարտի 6):

119. Դատարանը նկատում է, որ դիմումատուին բերել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ 2015 թվականի դեկտեմբերի 21-ին, որտեղից նրան 2017 թվականի ապրիլի 3-ին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ (տե՛ս վերևում՝ 14-րդ և 64-րդ պարբերությունները)։ Դատարանը նկատում է նաև, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում դիմումատուին երկու անգամ կարճ ժամանակահատվածով՝ 2016 թվականի մարտի 18-ից մինչև 21-ը և 2017 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 3-ը, տեղափոխել են հիվանդանոց (տե՛ս վերևում՝ 33-34-րդ և 57-58-րդ պարբերությունները)։ Հաշվի առնելով կալանքի պայմանների վերաբերյալ բողոքների նկատմամբ վեցամսյա ժամկետի կանոնի կիրառման իր մոտեցումը (տե՛ս վերևում՝ 118-րդ կետը)՝ Դատարանը համարում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2017 թվականի ապրիլի 3-ը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում դիմումատուի կրած կալանքը հավասարազոր է եղել «շարունակվող իրավիճակ»-ի։ Քանի որ դիմումատուն իր բողոքները ներկայացրել է 2016 թվականի սեպտեմբերի 16-ին, երբ դեռևս գտնվում էր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, ուստի նա պահպանել է վեցամսյա ժամկետի կանոնը՝ կապված այդ հիմնարկում իր գտնվելու ամբողջ տևողությանը վերաբերող իր ներկայացրած բողոքների հետ (տե՛ս վերևում հիշատակված՝ mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Անանևը և այլք, § 73): Ուստի վեցամսյա ժամկետը չպահպանելու վերաբերյալ Կառավարության առարկությունը պետք է մերժվի։

120. Դատարանը նշում է, որ սույն բողոքները ո՛չ ակնհայտորեն անհիմն են, ո՛չ էլ անընդունելի են Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։

 

Բ. Ըստ էության քննությունը

1. Կողմերի փաստարկները

ա) Դիմումատուն

121. Դիմումատուն պնդել է, որ ինքը չի ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն ներկայացված իր բողոքների մասով պաշտպանության որևէ արդյունավետ ներպետական միջոց՝ կապված կալանքի տակ գտնվելու ընթացքում անհրաժեշտ բժշկական օգնության և աջակցության հետ։ Նա շարունակաբար դիմել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին անհրաժեշտ բժշկական զննումներ անցնելու հնարավորություն ստանալու պահանջով, սակայն այդ պահանջները կա՛մ մերժվել են, կա՛մ բավարարվել են անհարկի ձգձգումներով։ Նա գրություններ է ուղարկել նաև Արդարադատության նախարարություն և Քրեակատարողական ծառայություն։ Դիմումատուն պնդել է, որ Կառավարությունը ցույց չի տվել, որ առողջական լուրջ խնդիր ունեցող կալանավորված անձանց համար գոյություն են ունեցել հատուցում տրամադրելու արդյունավետ մեխանիզմներ պատշաճ բուժում ստանալու կամ կալանքի պատշաճ պայմաններ ունենալու նրանց իրավունքը խախտվելու դեպքում։ Ինչ վերաբերում է Պետությունից ոչ նյութական վնասների փոխհատուցում պահանջելու հնարավորությանը, ապա դիմումատուն նշել է, որ այդ մասով փոխհատուցումը կախված էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման մասով ազգային դատարանների կողմից կայացրած որոշումից։ Ամեն դեպքում դրամական փոխհատուցումը չէր կարող համարվել անհրաժեշտ բժշկական օգնություն և աջակցություն ստանալու իրավունքի շարունակական խախտման դիմաց պատշաճ հատուցում։

122. Դիմումատուն պնդել է նաև, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պատշաճ կերպով չի ապահովել նրա բժշկական հետազոտությունները և համապատասխան բուժումը, և որ նա չի ստացել բժշկի կողմից անհրաժեշտ ուշադրություն կամ դեղորայք։ Արդյունքում նա հայտնվել է կյանքին վտանգ սպառնացող մի իրավիճակում, որում առաջացել է անհետաձգելի բժշկական միջամտության անհրաժեշտություն։ Ինչ-որ պահի ինքը ստիպված է եղել հրաժարվել կենսական նշանակություն ունեցող դեղորայք ընդունելուց՝ որպես վերջին միջոց՝ փորձելով իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրել իր առողջական ծանր վիճակի վրա։ Ավելին, ինքն իր ամենօրյա խնդիրները լուծելիս զրկված է եղել տարրական օգնությունից, բացարձակ անտեսվել են նրա շարժունակության հետ կապված խնդիրները, և ժամանակի մեծ մասը ստիպված է եղել ապավինել խցակիցների օգնությանը, որոնք ոչ միշտ են ազատ եղել։ Դիմումատուն բողոքել է նաև, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում իրավասու պետական մարմիններն իրեն չեն տրամադրել անվասայլակ, չեն ապահովել նրա անձնական հիգիենան և չեն թույլատրել ամենօրյա զբոսանքներ՝ հաշվի առնելով շարժունակության հետ կապված իր խնդիրները։ Նա նաև նշել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ևս զրկված է եղել պատշաճ բժշկական օգնությունից, քանի որ այնտեղ չկար անոթային վիրաբուժության և անգիոլոգիայի որևէ մասնագետ։

 

բ) Կառավարությունը

123. Կառավարությունը նշել է, որ իրավասու պետական մարմինները պետական միջոցներով ապահովել են դիմումատուի՝ բարձր մակարդակի բժշկական օգնությունը, որն ավելին էր, քան տվյալ հարցի մասով պահանջում էր Դատարանի իրավական պրակտիկան։ Մասնավորապես դիմումատուն ըստ անհրաժեշտության բուժվել է քաղաքացիական հիվանդանոցներում, հաճախակի հետազոտվել է երկրի առաջատար մասնագետների կողմից, այդ թվում՝ իր իսկ ընտրած մասնագետների կողմից, և եղել է մշտական բժշկական հսկողության ներքո: Միևնույն ժամանակ դիմումատուն մի քանի անգամ հրաժարվել է ընդունել իրեն առաջարկված դեղորայքը կամ հետազոտվել քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմի կողմից։ Դիմումատուին ժամանակ առ ժամանակ տրամադրվել է ցնցուղ ընդունելու հնարավորություն։ Չնայած դրան՝ 2016 թվականի օգոստոսի 12-ին նա հրաժարվել է ցնցուղ ընդունելուց՝ բացատրելով, որ ի վիճակի չէ կանգնել և միայն իր կնոջ օգնությամբ լոգանք կընդունի։ Նրա ստորին վերջույթները կանոնավոր կերպով վիրակապվել են առաձգական վիրակապով։ 2017 թվականի ապրիլի 3-ից դիմումատուն գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Նա կարողացել է ինքնուրույն տեղաշարժվել և ժամանակ առ ժամանակ օգտվել է քրեակատարողական հիմնարկի կողմից իրեն տրամարդված անվասայլակից և հենակներից։ Կառավարությունը նշել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում ամենօրյա խնդիրները լուծելիս դիմումատուին համապատասխան անձնակազմը կանոնավոր կերպով օգնություն է ցուցաբերել։

124. 2018 թվականի փետրվարի 28-ի իր հետագա դիտարկումներում Կառավարությունը նշել է, inter alia, որ այդ պահին դիմումատուին շուրջօրյա տրամադրվում է անվասայլակ։ Կառավարությունը հայտնել է, որ նշանակված որոշ դեղամիջոցներ դիմումատուին տրամադրել են վերջինիս հարազատները, և պնդել, որ իրավասու պետական մարմինները դիմումատուի համար երբեք որևէ խոչընդոտ չեն ստեղծել այլ աղբյուրներից դեղամիջոցներ ստանալու հետ կապված:

 

2. Դատարանի գնահատականը

ա) Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառումը և Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ենթադրյալ խախտումը

i) Ընդհանուր սկզբունքները

125. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառելու կանոնը պարտավորեցնում է այն անձանց, որոնք ցանկանում են պետության դեմ գործ հարուցել որևէ միջազգային դատական ատյանում, առաջին հերթին օգտվել ներպետական իրավական համակարգով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից՝ դրանով իսկ պետությանը զերծ պահելով միջազգային ատյանի առջև իրենց գործողությունների համար պատասխան տալուց՝ նախքան սեփական իրավական համակարգի միջոցով խնդիրները լուծելու հնարավորություն ունենալը: Այս կանոնը պահպանելու համար դիմումատուն պետք է սահմանված կարգով օգտվի իրավական պաշտպանության այն միջոցներից, որոնք առկա և բավարար են ենթադրյալ խախտումների մասով հատուցում ստանալու համար։ Տվյալ իրավական պաշտպանության միջոցների գոյությունը պետք է բավականաչափ հստակ լինի ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում, հակառակ դեպքում դրանք չեն ունենա անհրաժեշտ մատչելիությունը և արդյունավետությունը (տե՛ս Վուչկովիչը և այլք ընդդեմ Սերբիայի [Vučković and Others v. Serbia] [GC] [ՄՊ] (նախնական առարկություն), թիվ 17135/11 և մյուս 29-ը, § 70, 2014 թվականի մարտի 25):

126. Կանոնը հիմնված է այն ենթադրության վրա, որն արտացոլված է Կոնվենցիայի 13-րդ հոդվածում, և որի հետ այն սերտ կապված է, և այն ենթադրության վրա, որ գոյություն ունի իրավական պաշտպանության արդյունավետ միջոց՝ Կոնվենցիայի համաձայն «վիճարկելի բողոքն» ըստ էության քննարկելու և պատշաճ լուծում տալու համար: Ընդ որում, սկզբունքի կարևոր հայեցակետ է համարվում այն, որ Կոնվենցիայով սահմանված իրավական պաշտպանության մեխանիզմը գործում է որպես մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգերի լրացում (տե՛ս Կուդլան ընդդեմ Լեհաստանի [ՄՊ] [Kudła v. Poland] [GC], թիվ 30210/96, § 152, ՄԻԵԴ 2000 XI, և Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության [Handyside v. the United Kingdom], 1976 թվականի դեկտեմբերի 7, § 48, Շարք Ա թիվ 24)։

127. Իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասին պնդող Կառավարության պարտավորությունն է ապացուցել Դատարանին, որ իրավական պաշտպանության միջոցը եղել է արդյունավետ, ինչպես նաև համապատասխան պահին հասանելի և՛ տեսականորեն, և՛ գործնականում։ Այն դեպքում, երբ ապացուցման այս բեռը կատարված է, դիմումատուի վրա է դրվում այն փաստը հաստատելու պարտականությունը, որ Կառավարության կողմից առաջարկվող իրավական պաշտպանության միջոցը, ըստ էության, սպառված է եղել կամ որոշ պատճառներով գործի կոնկրետ հանգամանքներում եղել է ոչ պատշաճ և անարդյունավետ, կամ որ գոյություն են ունեցել հատուկ հանգամանքներ, որոնք նրան ազատել են սույն պահանջի կատարումից (տե՛ս վերևում հիշատակված՝Վուչկովիչի և այլոց գործը, § 77):

128. Պայմանավորվող պետությունների՝ 13-րդ հոդվածով սահմանված պարտավորությունների շրջանակը տարբերվում է՝ դիմումատուի բողոքի բնույթով պայմանավորված. 13-րդ հոդվածի իմաստով «իրավական պաշտպանության միջոցի» «արդյունավետությունը» կախված չէ դիմումատուի համար նպաստավոր ելքի որոշակիությունից։ Միևնույն ժամանակ 13-րդ հոդվածով պահանջվող իրավական պաշտպանության միջոցը պետք է «արդյունավետ» լինի ինչպես գործնականում, այնպես էլ օրենսդրության մեջ` թե՛ ենթադրյալ խախտումը կամ դրա շարունակությունը կանխելու, թե՛ արդեն տեղի ունեցած որևէ խախտման դիմաց պատշաճ հատուցում տրամադրելու իմաստով (տե՛ս վերևում հիշատակված՝ Կուդլայի գործը, §§ 157-58, և Վասերմանն ընդդեմ Ռուսաստանի [Wasserman v. Russia] (թիվ 2), թիվ 21071/05, § 45, 2008 թվականի ապրիլի 10)։

129. Ինչ վերաբերում է խոշտանգումներից ու անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից պաշտպանված լինելու հիմնարար իրավունքին, ապա կանխարգելիչ և փոխհատուցման միջոցները պետք է լինեն միմյանց փոխլրացնող՝ արդյունավետ համարվելու համար: Իրավական պաշտպանության կանխարգելիչ միջոցի առկայությունը պարտադիր է անձանց՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելվող վերաբերմունքից արդյունավետ պաշտպանության համար: Իսկապես, Դատարանի կարծիքով՝ Կոնվենցիայով այդ դրույթին տրվող առանձնահատուկ նշանակությունը պահանջում է, որ Կողմ պետությունները բացի փոխհատուցման միջոցից ստեղծեն արդյունավետ մեխանիզմ՝ ցանկացած նման վերաբերմունքին արագ վերջ դնելու համար: Հակառակ դեպքում հետագա փոխհատուցման հեռանկարը կարող է լեգիտիմացնել առանձնապես ծանր տառապանքները՝ խախտելով Կոնվենցիայի սույն հիմնարար դրույթը (տե՛ս վերևում հիշատակված՝ Անանևի և այլոց գործը, § 98):

Սույն համատեքստում Դատարանը վերահաստատում է, որ այն անձի համար, որը պահվում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջների հետ անհամատեղելի պայմաններում, շարունակական խախտումներն արագորեն վերջ տվող իրավական պաշտպանության միջոցը մեծագույն արժեք է և, իսկապես, անփոխարինելի՝ հաշվի առնելով այդ հոդվածով նախատեսված իրավունքին տրվող հատուկ նշանակությունը։ Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ վիճարկվող իրավիճակն ավարտվել է, քանի որ անձն ազատ է արձակվել, կամ նրան այնպիսի պայմաններում են պահել, որոնք համապատասխանում են 3-րդ հոդվածի պահանջներին, նա պետք է ունենա արդեն իսկ տեղի ունեցած ցանկացած խախտման համար հայցի ուժով օժտված փոխհատուցման իրավունք (տե՛ս՝ Նեշկովը և այլք ընդդեմ Բուլղարիայի [Neshkov and Others v. Bulgaria], թիվ 36925/10 և մյուս 5-ը, § 181, 2015 թվականի հունվարի 27):

 

ii) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ

130. Սույն գործով, ըստ Կառավարության, դիմումատուն իր տրամադրության տակ ունեցել է իրավական պաշտպանության ներպետական արդյունավետ միջոց, այն է՝ նա հնարավորություն է ունեցել բողոք ներկայացնել Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն (տե՛ս վերևում՝ 113-րդ պարբերությունը):

131. Դատարանը նկատում է, որ համաձայն վերոնշյալ դրույթի՝ կալանավորված անձն իրավունք ունի իր իրավունքների խախտման վերաբերյալ բողոքներ ներկայացնելու քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, նրա վերադասներին, դատարան, դատախազություն, Մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին և կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին (տե՛ս վերևում՝ 94-րդ պարբերությունը): Թեև այս դրույթով թվարկվում են բազմաթիվ գերատեսչություններ և մարմիններ, որոնց կալանավորված անձն ունի բողոքներ ներկայացնելու իրավունք, այնուամենայնիվ, Կառավարությունը հատկապես պնդել է, որ դիմումատուն չի դիմել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, դատախազին և դատարան (տե՛ս վերևում՝ 113-րդ պարբերությունը):

132. Դատարանը նշում է, որ կալանքի ոչ պատշաճ պայմանների վերաբերյալ մի քանի գործերով արդեն ուսումնասիրել է Կառավարության կողմից առաջարկված իրավական պաշտպանության միջոցի արդյունավետությունը և գտել է, որ այն անարդյունավետ է: Դատարանը մասնավորապես գտել է, որ Կառավարությունը չի հստակեցրել, թե Օրենքի 13-րդ հոդվածում նշված բազմաթիվ մարմիններից որոնց պետք է դիմեին դիմումատուները (տե՛ս վերևում՝ 94-րդ պարբերությունը), և ինչ կոնկրետ միջոցներ կարող էին ձեռնարկվել այդ մարմինների կողմից՝ դիմումատուների բողոքների համար հատուցում տրամադրելու համար՝ հաշվի առնելով այն, որ բարձրացված հարցերը կառուցվածքային բնույթի էին (տե՛ս Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի [Kirakosyan v. Armenia], թիվ 31237/03, §§ 57-58, 2008 թվականի դեկտեմբերի 2, Մխիթարյանն ընդդեմ Հայաստանի [Mkhitaryan v. Armenia], թիվ 22390/05, § 43, 2008 թվականի դեկտեմբերի 2, և Գասպարին ընդդեմ Հայաստանի [Gaspari v. Armenia], թիվ 44769/08, § 46, 2018 թվականի սեպտեմբերի 20): Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ սույն գործով դիմումատուի կողմից բարձրացված հարցերը կառուցվածքային բնույթ չեն կրում և վերաբերում են նրա անձնական իրավիճակին, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել նույն պաշտպանության ներպետական միջոցի արդյունավետությունը՝ կապված դիմումատուի՝ բժշկական օգնության որակին և հատուկ օգնություն պահանջող անձանց կալանքի պայմաններին վերաբերող բողոքների հետ։

 

1) Բողոքի ներկայացումը քրեակատարողական հիմնարկի վարչակազմին

133. Օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է կալանավորված անձանց՝ իրենց իրավունքների խախտման առնչությամբ քրեակատարողական հիմնարկի վարչակազմ բողոք ներկայացնելու իրավունքը (տե՛ս վերևում՝ 94-րդ պարբերությունը)։ Ավելին, Դատարանը նկատում է, որ քրեակատարողական հիմնարկների համար պատասխանատու մարմինները առաջնային պատասխանատվություն են կրում կալանքի պատշաճ պայմանների, այդ թվում՝ կալանավորված անձանց տրամադրվող պատշաճ բժշկական օգնության համար։ Սրանից հետևում է, որ ծանր հիվանդություն ունեցող կալանավորված անձանց համար ոչ պատշաճ բժշկական օգնության և պահանջվող օգնության բացակայության մասին բողոքներն անպայմանորեն կասկածի տակ կդնեն այն հարցը, թե ինչպես է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կատարել կալանավորված անձանց համար պատշաճ առողջապահական խնամք ապահովելու իր պարտականությունը (տե՛ս վերևում հիշատակված՝ Ռեշետնյակն ընդդեմ Ռուսաստանի [Reshetnyak v. Russia], թիվ 56027/10, § 62, 2013 թվականի հունվարի 8, և վերևում հիշատակված՝ Գորբուլյայի գործը, § 56):

134. Ըստ այդմ, Դատարանը համարում է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջները բավարարելու համար չէր ունենա բավականաչափ անկախ դիրքորոշում (տե՛ս Սիլվերը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [Silver and Others v. the United Kingdom], 1983 թվականի մարտի 25, § 113, Շարք Ա թիվ 61). կալանքի պայմանների կամ կալանավորված անձի բժշկական օգնության հետ կապված բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս, որոնց համար պատասխանատու էին իրենք, նրանք փաստորեն դատավորներ կլինեին իրենց գործով (տե՛ս վերևում հիշատակված՝Ռեշետնյակի, § 62, Գորբուլյայի, § 56, և Անանևի և այլոց, § 101, գործերը)։

 

2) Բողոքի ներկայացումը դատախազին

135. Կառավարությունը չի հստակեցրել փոխհատուցման տեսակը, որը դիմումատուն կարող էր ստանալ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն իր իրավունքների ենթադրյալ խախտման առնչությամբ դատախազին բողոք ներկայացնելով։

136. Այնուամենայնիվ, Դատարանը նկատում է, որ ներպետական իրավական համակարգում դատախազն իրավասու է հսկողություն իրականացնելու նախնական քննության օրինականության և քրեական պատժամիջոցներ կիրառելու նկատմամբ (տե՛ս վերևում՝ 97-րդ և 100-րդ պարբերությունները):

137. Ինչ վերաբերում է նախնական քննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելուն, ապա դատախազն իրավասու է վերացնելու քրեական վարույթ իրականացնող մարմնի անօրինական կամ անհիմն որոշումները և որոշում կայացնելու վերջինիս որոշումների և գործողությունների դեմ բերված բողոքների վերաբերյալ (տե՛ս վերևում՝ 98-րդ պարբերությունը)։ Այնուամենայնիվ, այս դեպքում, երբ ծանր հիվանդություն ունեցող կալանավորված անձին տրամադրվող բժշկական օգնության և աջակցության որակի վերաբերյալ բողոքները վերաբերում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործողություններին կամ անգործությանը, այլ ոչ թե քրեական վարույթ իրականացնող մարմնի կոնկրետ որոշմանը կամ գործողությանը (գործողության կամ անգործության), ապա որևէ հիմք չկա ենթադրելու, որ դատախազին ներկայացված բողոքը կհամարվի նման բողոքների մասով պաշտպանության արդյունավետ միջոց։

138. Քանի որ դատախազն ունի նաև կիրառելի օրենսդրական կարգավորումներին քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից համապատասխանությունը վերահսկելու լիազորություն, ուստի Դատարանը նշում է, որ «Դատախազության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ դատախազի իրավասությունը սահմանափակվում է միայն պաշտոնատար անձանց կողմից բացատրություններ պահանջելով (տե՛ս վերևում՝ 100-րդ պարբերությունը)։

139. Այս համատեքստում Դատարանը վերահաստատում է, որ վերադասության կարգով բերվող բողոքը, որն այն ներկայացնող անձին չի տալիս Պետության կողմից իր վերահսկողական լիազորությունների իրացման անձնական իրավունք, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի նպատակներով չի կարող համարվել պաշտպանության արդյունավետ միջոց (տե՛ս Հորվաթն ընդդեմ Խորվաթիայի [Horvat v. Croatia], թիվ 51585/99, § 47, ՄԻԵԴ 2001 VIII).

140. Թեև Դատարանն ընդունում է այն պնդումը, որ կալանավորված անձինք կարող են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի դեմ ուղղված բողոքներ ներկայացնել դատախազին, Դատարանը նշում է, որ ամեն դեպքում դատախազի համար սահմանված որևէ իրավական պահանջ չկա՝ լսելու բողոքաբերին կամ ապահովելու նրա արդյունավետ մասնակցությունը բողոքի քննությանը, որն ամբողջությամբ լինելու է հսկող դատախազի և հսկվող մարմնի, այսինքն՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջև առկա հարց։ Ամեն դեպքում դատախազը նման բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու մասով ներպետական օրենսդրությամբ նախատեսված որևէ իրավական պարտավորություն չունի (տե՛ս վերևում՝ 100-րդ պարբերությունը)։ Բացի այդ, բողոքաբերը չէր լինելու որևէ վարույթի կողմ և իրավասու էր լինելու տեղեկություններ ստանալ միայն այն մասին, թե ինչպես է վերահսկող մարմինը զբաղվում բողոքի քննությամբ։ Քանի որ դատախազին ներկայացված բողոքն այն ներկայացնող անձին չի տալիս Պետության կողմից իր վերահսկողական լիազորություններն իրականացնելու անձնական իրավունք, ուստի այն չի կարող համարվել արդյունավետ միջոց (տե՛ս վերևում հիշատակված՝ Ռեշետնյակի գործը, § 64):

 

3) Բողոքի ներկայացումը դատարան

141. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն իր բողոքների մասով պատշաճ դատական բողոք չի ներկայացրել (տե՛ս վերևում՝ 113-րդ պարբերությունները):

142. Դատարանը նկատում է, որ ինչպես վերևում հիշատակված՝ Հայաստանի դեմ մյուս գործերում (տե՛ս վերևում՝ 132-րդ պարբերությունը), սույն գործում Կառավարությունը չի նշել, թե որ դատական մարմինն էր իրավասու քննելու կալանքի տակ գտնվելու ընթացքում պատշաճ բժշկական օգնության և աջակցության բացակայության մասով բողոքները, և որ ամենակարևորն է, ինչպիսի հատուցում կարող էր տրամադրվել։ Ավելին, նույնիսկ պարզ չէ, թե ըստ Կառավարության՝ արդյոք դիմումատուն պետք է բողոք ներկայացներ այլ դատարան, քան այն դատարանը, որն իր կալանքի վերաբերյալ որոշում կայացնող դատարանն է, թե պետք է առանձին բողոք ներկայացներ նույն դատարան։

143. Դատարանը նշում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ քրեական դատավարության այն մասնակիցները, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են, ունեն նախնական քննություն և քրեական հետապնդում իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողութունների դեմ դատարան բողոքներ ներկայացնելու իրավունք (տե՛ս վերևում՝ 99-րդ պարբերությունը): Դատարանը նկատում է, որ Կառավարությունը, այնուամենայնիվ, ներպետական նախադեպային իրավունքից որևէ օրինակ չի ներկայացրել՝ ցույց տալու, որ կալանավորված անձը կարողացել է պաշտպանել իր իրավունքները՝ դիմելով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից գործողությունների կամ անգործությունների համատեքստում իրավական պաշտպանության այս միջոցին՝ կապված հատուկ օգնության կարիք ունեցող կալանավորների առողջության պահպանման և կալանքի պայմանների հետ։ Հետևաբար Դատարանը չի կարող եզրակացնել, որ պաշտպանության այս միջոցի արդյունավետությունն ապացուցված է։

 

4) Ոչ նյութական վնասի փոխհատուցման մասին պահանջը

144. Ի վերջո, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն կարող էր ոչ նյութական վնասի համար Պետությունից փոխհատուցում պահանջել։ Դատարանն այս կապակցությամբ նկատում է, որ 2014 թվականի նոյեմբերի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններից հետո Քաղաքացիական օրենսգիրքը Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների, այդ թվում՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով պաշտպանված իրավունքների խախտման համար ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու հնարավորություն է տալիս (տե՛ս վերևում՝ 103-րդ, 104-րդ և 106-րդ պարբերությունները):

145. Դատարանը նշում է, որ Քաղաքացիական օրենսգրքում նոր ներդրված 162.1 հոդվածով նշվում է, որ անձը կարող է Պետությունից պահանջել ոչ նյութական վնասի փոխհատուցում, եթե քրեական հետապնդումն իրականացնող մարմինը կամ դատարանը հաստատել են, որ տեղի է ունեցել խախտում (տե՛ս վերևում՝ 103-րդ պարբերությունը), իսկ նույն Օրենսգրքում նոր ներդրված 1087.2 հոդվածը (տե՛ս վերևում՝ 104-րդ պարբերությունը), որով սահմանում է համապատասխան ընթացակարգը, նախատեսում է, որ ոչ նյութական վնասի դիմաց փոխհատուցում ստանալու պահանջը կարող է ներկայացվել դատարան Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտումը հաստատելու պահանջի հետ միասին: Այնուամենայնիվ, Կառավարությունը չի ներկայացրել գործերի օրինակներ, որոնցով դատարանը միաժամանակ քննարկել է և՛ անձի՝ կոնվենցիոն իրավունքի խախտման, և՛ ոչ նյութական վնասի փոխհատուցման հարցը, իսկ ներկայիս պրակտիկան դեռևս շարունակում է մնալ այն, որ փոխահատուցումը պայմանավորված է քրեական հետապնդումն իրականացնող մարմնի կամ դատարանի կողմից անձի իրավունքների խախտման նախնական հաստատմամբ։ Ամեն դեպքում, ինչպես նշվել է վերևում, սույն գործով չի ապացուցվել, որ գոյություն ունի դատարան բողոքներ ներկայացնելու հստակ ընթացակարգ՝ կապված հատուկ աջակցության կարիք ունեցող կալանավորներին տրամադրվող ոչ պատշաճ բժշկական օգնության և նրանց կալանքի պայմանների հետ (տե՛ս վերևում՝ 142-րդ և 143-րդ պարբերությունները)։ Հետևաբար պարզ չէ, թե որ դատական մարմինն էր իրավասու հաստատելու կալանքի տակ գտնվելու ընթացքում պատշաճ բժշկական օգնության և աջակցության բացակայության մասով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումը և քննելու այդ խախտումից բխող ոչ նյութական վնասի դիմաց փոխհատուցման պահանջը։ Հետևաբար Դատարանը գտնում է, որ պաշտպանություն սույն միջոցը չէր կարող հաջողության ողջամիտ հեռանկարներ առաջարկել դիմումատուի համար: Այս եզրակացությունը հիմնավորվում է նաև այն փաստով, որ Կառավարությունը չի ներկայացրել ներպետական նախադեպային իրավունքի օրինակ, որով ոչ նյութական վնասի փոխհատուցում է տրվել՝ կապված ծանր հիվանդություն ունեցող կալանավորներին պատշաճ բուժօգնության և խնամքի որակի բացակայության վերաբերյալ բողոքների հետ։

146. Ամեն դեպքում, ինչպես նշվել է վերևում, միայն փոխհատուցման միջոցի առկայությունը բավարար չէր լինի՝ հաշվի առնելով այն, որ դիմումատուն իր գանգատը ներկայացնելիս դեռևս կալանքի տակ է գտնվել (տե՛ս վերևում՝ 129-րդ պարբերությունը):

 

5) Եզրակացությունը

147. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը եզրակացնում է, որ Կառավարության կողմից ներկայացված իրավական ճանապարհներից ոչ մեկը պաշտպանության արդյունավետ միջոց չէ, որը կարող էր օգտագործվել՝ ենթադրյալ խախտումները կամ նրանց շարունակությունը կանխելու և դիմումատուին Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն իր բողոքների համար պատշաճ և բավարար փոխհատուցում տրամադրելու համար:

148. Համապատասխանաբար Դատարանը գտնում է, որ դիմումատուն իր տրամադրության տակ չի ունեցել իր բողոքների համար արդյունավետ պաշտպանության ներպետական միջոց, ինչով խախտվել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածը, և մերժում է Կառավարության՝ պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասին առարկությունը։

 

բ) Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ենթադրյալ խախտումը

i) Ընդհանուր սկզբունքները

149. Ազատությունից զրկված անձանց ցուցաբերվելիք բժշկական օգնության համապատասխան սկզբունքներն ամփոփ ներկայացված են Բլոխինն ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] ([Blokhin v. Russia] [GC] (թիվ 47152/06, 2016 թվականի մարտի 23) գործով Դատարանի վճռի 135-137 պարբերություններում։

150. Ընդհանուր առմամբ Դատարանը բավականաչափ ճկունություն է պահպանում բժշկական օգնության անհրաժեշտ չափանիշը սահմանելու հարցում՝ որոշելով այն ըստ յուրաքանչյուր գործի։ Այդ չափանիշը պետք է լինի կալանավորված անձի՝ «մարդու արժանապատվությանը համապատասխան», սակայն պետք է նաև հաշվի առնվեն «ազատազրկման պրակտիկ պահանջները» (տե՛ս Ալեքսանյանն ընդդեմ Ռուսաստանի [Aleksanyan v. Russia], թիվ 46468/06, § 140, 2008 թվականի դեկտեմբերի 22)։

151. Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող կալանավորներին առնչվող գործերին, ապա Դատարանը համարել է, որ եթե իրավասու պետական մարմինները որոշել են հաշմանդամություն ունեցող անձին կալանքի տակ վերցնել և պահել, ապա նրանք պետք է հատուկ հոգածություն ցուցաբերեն այնպիսի պայմաններ ապահովելու համար, որոնք համապատասխանում են նրա հաշմանդամությամբ պայմանավորված հատուկ կարիքներին (տե՛ս, օրինակ, Զ.Հ.-ն ընդդեմ Հունգարիայի [Z.H. v. Hungary], թիվ 28973/11, § 29, 2012 թվականի նոյեմբերի 8, և Յասինսկիսն ընդդեմ Լատվիայի [Jasinskis v. Latvia], թիվ 45744/08, § 59, 2010 թվականի դեկտեմբերի 21)։

152. Դատարանը գտել է նաև, որ ծանր ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձին այն վիճակում դնելը, որ վերջինս պետքարանից օգտվելու, լոգանք ընդունելու և հագնվելու կամ հագուստը հանելու հարցում հույս դնի իր խցակիցների վրա, Դատարանին հանգեցրել է այն եզրակացության, որ կալանքի պայմանները հավասարազոր են նվաստացնող վերաբերմունքի (տե՛ս՝ Դ. Գ.-ն ընդդեմ Լեհաստանի [D.G. v. Poland], թիվ 45705/07, § 177, 2013 թվականի փետրվարի 12, Հելհալն ընդդեմ Ֆրանսիայի [Helhal v. France], թիվ 10401/12, § 62, 2015 թվականի փետրվարի 19, և Տոպեխինն ընդդեմ Ռուսաստանի [Topekhin v. Russia], թիվ 78774/13, § 86, 2016 թվականի մայիսի 10):

153. Ի վերջո, վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումները պետք է հիմնավորվեն համապատասխան ապացույցներով։ Չհիմնավորված պնդումն այն մասին, որ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, ուշ է ցուցաբերվել կամ այլ կերպ եղել է ոչ գոհացուցիչ, որպես կանոն, բավարար չէ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում հայտնաբերելու համար։ Արժանահավատ բողոքը պետք է, որպես կանոն, ներառի, ի թիվս այլնի, բավարար հղում խնդրո առարկա առողջական վիճակին, այն բուժմանը, որի համար դիմել են, որը ցուցաբերվել է, կամ հրաժարվել են ցուցաբերել, և որոշ ապացույցներ, ինչպես օրինակ՝ փորձագիտական արձանագրություններ, որոնց միջոցով հնարավոր է վեր հանել դիմումատուին ցուցաբերած բժշկական օգնության գործընթացում առկա լուրջ թերացումները (տե՛ս Կրիվոլապովն ընդդեմ Ուկրաինայի [Krivolapov v. Ukraine], թիվ 5406/07, § 76, 2018 թվականի հոկտեմբերի 2, հաջորդող հղումների հետ միասին)։

 

ii) Այս սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ

1) Բուժումը

154. Դատարանը նշում է, որ մինչև դիմումատուին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ բերելը նա ունեցել է առողջական, մասնավորապես՝ զարկերակային խնդիրներ (տե՛ս վերևում՝ 6-րդ և 14-րդ պարբերությունները): Դատարանն այնուհետև նշում է, որ դիմումատուի՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում նրա առողջական վիճակն ակնհայտորեն վատացել է։ Մասնավորապես 2016 թվականի օգոստոսի 11-ին նյարդաբանի կողմից հետազոտվելիս դիմումատուի մոտ ախտորոշվել է ուղեղի բազմօջախ վնասվածք, անոթային էնցեֆալոպաթիա և կոորդինացիայի կոպիտ խանգարում, իսկ մասնագիտացված բժշկական հաստատությունում նրան հոսպիտալացնելն անհրաժեշտություն է համարվել (տե՛ս վերևում՝ 43-րդ պարբերությունը):

155. Դիմումատուն մի շարք մանրամասն բողոքներ է ներկայացրել՝ կապված «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում իրեն տրամադրված բուժումը կազմակերպելու թերացումների հետ։ Նա ընդհանուր առմամբ բողոքել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մասնագիտացված օգնության բացակայությունից (տե՛ս վերևում՝ 122-րդ պարբերությունը):

156. Դատարանը նկատում է, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում, որը տևել է ավելի քան տասնհինգ ամիս՝ 2015 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2017 թվականի ապրիլի 3-ը (տե՛ս վերևում՝ 14-րդ և 64-րդ պարբերությունները), դիմումատուի բժշկական օգնությունը պետք է կազմակերպվեր համապատասխան մասնագետների կողմից կատարվող այցելությունների և քաղաքացիական մասնագիտացված հիվանդանոցներում բժշկական հետազոտություններ անցնելու միջոցով։ Միևնույն ժամանակ դիմումատուին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հոսպիտալացնելուց հետո նրան որևէ մասնագիտական օգնություն չի տրամադրվել, ինչպես որ հաստատվել է Օմբուդսմենի 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ (տե՛ս վերևում՝ 48-րդ պարբերությունը)։

157. Ինչ վերաբերում է հատկապես դիմումատուի այն պնդմանը, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից իր արագ և ճշգրիտ ախտորոշումն ու բուժումը չկազմակերպելը հանգեցրել է իր կյանքին սպառնացող վիճակի, ապա Դատարանը չի կարող ենթադրել, թե արդյոք, ինչպես պնդել է դիմումատուն (տե՛ս վերևում՝122-րդ պարբերությունը), 2016 թվականի մարտ ամսին ծագած արտակարգ իրավիճակը (տե՛ս վերևում՝ 33-րդ պարբերությունը) ուղղակիորեն կապված էր իրավասու պետական մարմինների կողմից դիմումատուին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու իրենց պարտականությունների չկատարման հետ, թե՝ ոչ։ Միևնույն ժամանակ Դատարանը չի կարող չնկատել դիմումատուի բժշկական հետազոտությունների կազմակերպման և անհետաձգելի բժշկական միջամտության մասին 2016 թվականի հունվարի 30-ի և փետրվարի 8-ի պահանջներին հաջորդող գործողությունների ընթացքի հետ կապված զգալի ձգձգումները (տե՛ս վերևում՝ 25-րդ և 27-րդ պարբերությունները)։ Բացի այդ, չնայած դիմումատուի առողջության կտրուկ վատթարացմանը, 2016 թվականի փետրվարի 2-ին վիրաբույժի կողմից նշանակված ստորին վերջույթների դուպլեքս հետազոտությունը (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը) կատարվել է 2016 թվականի փետրվարի 15-ին միայն (տե՛ս վերևում՝ 29-րդ պարբերությունը)։ Ավելին, դիմումատուի՝ 2016 թվականի մարտի 10-ի՝ իր բժշկի կողմից հետազոտվելու պահանջից հետո վերջինիս թույլատրվել է այցելել նրան միայն 2016 թվականի մարտի 17-ին (տե՛ս վերևում՝ 31-րդ և 32-րդ պարբերությունները), իսկ արդեն 2016 թվականի մարտի 18-ին դիմումատուի շտապ հոսպիտալացումը դարձել է անհրաժեշտություն (տե՛ս վերևում՝ 33-րդ պարբերությունը)։

158. Դատարանը նշում է, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում դիմումատուի բժշկական օգնության կազմակերպման թերությունները ճանաչվել են Օմբուդսմենի, ինչպես նաև Հասարակական դիտորդական խմբի կողմից, որոնք երկուսն էլ համարել են, որ այնտեղ դիմումատուին տրամադրվող բուժումը պատշաճ չէ, և պահանջել են դիմումատուի տեղափոխումը մասնագիտացված հիվանդանոց (տե՛ս վերևում՝ 48-րդ և 53-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, դիմումատուն քաղաքացիական հիվանդանոցում ստացիոնար բուժում ստանալու նպատակով հոսպիտալացվել է միայն 2017 թվականի փետրվարի 23-ին՝ Դատարանի կողմից միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմումատուի պահանջի հետ կապված տեղեկություններ ստանալու պահանջ ներկայացնելուց հետո (տե՛ս վերևում՝ 56-րդ, 57-րդ, 79-րդ և 80-րդ պարբերությունները):

159. Ինչպես նշվել է Կառավարության կողմից (տե՛ս վերևում՝ 123-րդ պարբերությունը), գործի նյութերում, իսկապես, կան բազմաթիվ ապացույցներ առ այն, որ դիմումատուին այցելել են մի շարք մասնագետներ, այդ թվում՝ նրան բուժող բժիշկները կամ անոթային վիրաբուժության, սրտաբանության և նյարդաբանության ոլորտների առաջատար մասնագետները, և որ տարբեր առիթներով պետական իրավասու մարմինները կազմակերպել են դիմումատուի բժշկական հետազոտությունները քաղաքացիական մասնագիտացված կլինիկաներում (տե՛ս վերևում օրինակ՝ 29-րդ, 39-րդ և 41-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, միայն այն փաստը, որ կալանավորված անձին այցելել է բժիշկ և նշանակել որոշակի բուժում, ինքնաբերաբար չի կարող հանգեցնել այն եզրակացության, որ բժշկական օգնությունը պատշաճ է եղել (տե՛ս Հումատովն ընդդեմ Ադրբեջանի [Hummatov v. Azerbaijan], թիվ 9852/03 և 13413/04, § 116, 2007 թվականի նոյեմբերի 29)։ Դատարանի կարծիքով՝ Կառավարությունն ապացույցներ չի ներկայացրել առ այն, որ իրավասու պետական մարմիններն ապահովել են, որ գործի դրվի դիմումատուի առողջական խնդիրների պատշաճ բուժմանը կամ դրանց խորացումը կանխելուն ուղղված համալիր բուժման մեխանիզմ։ Ավելին, նշանակված բժշկական հետազոտությունների՝ սահմանված ժամկետում կազմակերպման հետաձգումը (տե՛ս, օրինակ, վերևում՝ 157-րդ պարբերությունը՝ կապված դիմումատուի անհետաձգելի բժշկական հետազոտությունների կազմակերպումը հետաձգելու հետ, ինչպես նաև վերևում՝ 39-րդ և 41-րդ պարբերությունները, երբ դիմումատուի բժշկի կողմից նշանակված ՄՌՏ հետազոտությունն իրականացվել է գրեթե մեկ ամիս ուշացումով) և նշանակված դեղամիջոցներն ամբողջովին չտրամադրելու փաստն ընդունելը (տե՛ս վերևում՝ 63-րդ և 124-րդ պարբերությունները) ցույց են տալիս, որ նշանակված բուժումն իրականում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվել:

160. Այսպիսով, հաշվի առնելով դիմումատուի առողջական հատուկ կարիքների համակարգային և համապարփակ բուժման բացակայությունը, իրավասու պետական մարմինների կողմից դիմումատուի բժշկական հետազոտությունները ժամանակին չկազմակերպելը և նրան նշանակված դեղամիջոցները չտրամադրելը՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուին կալանքի տակ գտնվելու ընթացքում չի ցուցաբերվել անհրաժեշտ բժշկական օգնություն։

 

2) Բժշկական օգնության որակը

Ամենօրյա խնդիրների հարցում ցուցաբերվող օգնությունը

161. Դատարանը նշում է, որ դիմումատուն որևէ կոնկրետ բողոք չի ներկայացրել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելուց հետո իրեն ցուցաբերված աջակցությունը կազմակերպելու եղանակի վերաբերյալ (տե՛ս վերևում՝ 64-րդ և 122-րդ պարբերությունները):

162. Ինչ վերաբերում է դիմումատուի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխմանը նախորդող ժամանակահատվածին, ապա Դատարանը նկատում է, որ Կառավարությունը հատուկ չի վիճարկել դիմումատուի այն պնդումը, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում նա իր ամենօրյա խնդիրները կատարելիս, այդ թվում՝ անկողնուց վեր կենալիս, հագնվելիս և պետքարան գնալիս ապավինել է բացառապես խցակիցների օգնությանը (տե՛ս վերևում՝ 81-րդ և 123-րդ պարբերությունները): Թեև Կառավարությունն ընդհանուր առմամբ հայտարարել է, որ դիմումատուին օգնություն է ցուցաբերվում (տե՛ս վերևում նշված՝ 81-րդ պարբերությունը), այնուամենայնիվ, նրանք մանրամասներ չեն տրամադրել և այդ պնդումը հաստատելու համար որևէ ապացույց չեն ներկայացրել։

163. Դատարանը նշում է, որ այն փաստը, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ամբողջ ընթացքում դիմումատուի խնամքն ապահովել են նրա խցակիցները, ուղղակիորեն ընդունվել է Օմբուդսմենի կողմից՝ 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշման մեջ (տե՛ս վերևում՝ 48-րդ պարբերությունը)։

164. Դատարանը նախկինում քննադատության է արժանացրել այն մեխանիզմները, որոնցով ֆիզիկական հաշմանդամություն ունեցող բանտարկյալին ամենօրյա հարցերում օգնություն են ցուցաբերում բանտակիցները (տե՛ս վերևում՝ 152-րդ պարբերությունը), և համարել, որ դա պետք է, որ դիմումատուին զգալի անհանգստություն պատճառած լիներ և նրան մյուս բանտարկյալների նկատմամբ ստորադաս դիրքում դներ (տե՛ս, ի թիվս շատ այլ վճիռների, Ֆարբթուհսն ընդդեմ Լատվիայի [Farbtuhs v. Latvia], թիվ 4672/02, § 60, 2004 թվականի դեկտեմբերի 2):

165. Հաշվի առնելով Դիմումատուի հատուկ աջակցություն ստանալու կարիքները՝ պայմանավորված առաջին հերթին նրա՝ ստորին վերջույթների շրջանում անոթային խնդիրների հետ կապված տեղաշարժվելու դժվարությամբ (տե՛ս վերևում՝ 58-րդ պարբերությունը)՝ Դատարանն ապշեցուցիչ է համարում այն, որ իրավասու պետական մարմինները մերժել են նույնիսկ այնպիսի տարրական պահանջը, ինչպիսին է անվասայլակով ապահովելը, որը ներկայացվել է դիմումատուի կողմից 2017 թվականի փետրվարի 9-ին (տե՛ս վերևում՝ 54-րդ պարբերությունը)։ Միայն 2018 թվականի փետրվարի 28-ին է, որ Կառավարությունն իր հետագա դիտարկումներով ներկայացրել է, որ դիմումատուին տրամադրվել է անվասայլակ մշտական հիմուքներով (տե՛ս վերևում՝ 124-րդ պարբերությումը)։

 

Հիգիենան

166. Դատարանը վճռել է, որ պատշաճ կահավորված և սանիտարահիգիենիկ հարմարությունների հասանելիությունն առաջնային նշանակություն ունի բանտարկված անձանց արժանապատվության զգացման հարգման տեսանկյունից (տե՛ս վերևում հիշատակված՝Անանևը և այլք ընդդեմ Ռուսաստանի գործը, § 156)։

167. Դատարանը նկատում է, որ դիմումատուն չի կարողացել ցնցուղ ընդունել՝ սկսած 2016 թվականի օգոստոսի 12-ից՝ այն օրվանից, երբ ինչպես ընդունել են իրավասու պետական մարմինները, նա վերջին անգամ ցնցուղ է ընդունել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ մինչև 2017 թվականի փետրվարի 23-ը (տե՛ս վերևում՝ 52-րդ պարբերությունը), երբ արդեն հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում (տե՛ս վերևում՝ 57-րդ պարբերությունը):

168. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն ինքն է հրաժարվել ցնցուղ ընդունելուց՝ նշելով, որ լոգանք կընդունի միայն իր կնոջ օգնությամբ (տե՛ս վերևում՝ 81-րդ և 123-րդ պարբերությունները)։ Մյուս կողմից՝ դիմումատուն նշել է, որ ի վիճակի չի եղել քայլելով գնալ դեպի նկուղային հարկ, որտեղ գտնվում էին ցնցուղ ընդունելու համար նախատեսված սենյակները (տե՛ս վերևում՝ 82-րդ պարբերությունը)։

169. Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի տրամադրել իրենց փաստարկները հիմնավորելու համար որևէ արձանագրված փաստ կամ այլ ապացույց։ Հետևաբար Դատարանը գտնում է, որ զարմանալիորեն երկար ժամանակահատվածը, որի ընթացքում դիմումատուն զրկված է եղել ցնցուղ ընդունելու հնարավորությունից, պայմանավորված է եղել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի կողմից անձնական հիգիենայի պահպանման հարցում նրան պատշաճ օգնություն չցուցաբերելով։

 

Բացօթյա զբոսանքը (մարմնամարզությունը)

 

170. Կառավարությունը չի վիճարկել դիմումատուի այն փաստարկը, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նա տեղաշարժվելու դժվարության պատճառով ամիսներ շարունակ զրկված է եղել բացօթյա զբոսանքի հնարավորությունից։

171. Դատարանը վերահաստատում է, որ կալանքի պայմանները գնահատելիս հատուկ ուշադրություն պետք է դարձնել բացօթյա զբոսանքներին և դրա պայմանների առկայությանն ու տևողությանը։ Անանևը և այլք գործում (վերևում հիշատակված՝ §§ 150-152) Դատարանը նշել է ԽԿԿ-ի համապատասխան չափորոշիչները, որոնց համաձայն՝ բոլոր բանտարկյալներին, առանց բացառության, պետք է տրվի ամենօրյա առնվազն մեկ ժամ տևողությամբ բացօթյա զբոսանքի հնարավորություն, որը գերադասելի է, որ կազմակերպվի որպես խցից դուրս կատարվող գործողությունների ավելի լայն ծրագրի մաս՝ նկատի ունենալով, որ բացօթյա մարմնամարզության համար նախատեսված հարմարությունները պետք է լինեն ողջամտորեն ընդարձակ և հնարավորության դեպքում պաշտպանեն եղանակային անբարենպաստ պայմաններից:

172. Դատարանը նկատում է, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում բացօթյա զբոսանքը, ըստ ԽԿԿ-ի, կազմակերպվում է շենքի տանիքի փոքր բակերում (տե՛ս վերևում՝ 107-րդ պարբերությունը)։ Հետևաբար դիմումատուն ակնհայտորեն չէր կարողանա հասնել բացօթյա զբոսանքի հարմարություններին՝ առանց համապատասխան օգնություն ստանալու։

 

3) Եզրակացությունը

173. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմումատուին չի ցուցաբերվել պատշաճ բուժում, որը պահանջում էր վերջինիս առողջական վիճակը։ Ավելին, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվելու ընթացքում ամենօրյա խնդիրների կատարման և անձնական հիգիենայի պահպանման հարցում դիմումատուին չի տրամադրվել անհրաժեշտ օգնություն, ինչպես նաև բացօթյա զբոսանքների համապատասխան հնարավորություն։ Դատարանի կարծիքով՝ այդ գործոնների միավորումը հանգեցրել է նրան, որ դիմումատուն ենթարկվել է երկարատև հոգեկան և ֆիզիկական տառապանքի, ինչը գերազանցել է տառապանքի այն անխուսափելի մակարդակը, որը սովորաբար բնորոշ է կալանքին:

174. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

175. Դիմումատուն բողոքել է, որ ներպետական դատարաններն իր կալանքի համար չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վրա, որով, այնքանով, որքանով վերաբերելի է, սահմանվում է հետևյալը.

«3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք … ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ դատաքննության ընթացքում ազատ արձակվելու իրավունք։ Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»։

 

Ա. Ընդունելիությունը

176. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները և չի պահպանել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով պահանջվող վեցամսյա ժամկետը։ Նախ և առաջ նրանք պնդել են, որ դիմումատուն 2015 թվականի դեկտեմբերի 21-ի կալանքի որոշումը (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը) չի վիճարկել Վճռաբեկ դատարանում։ Երկրորդ, նա չի կարողացել ժամանակին վճռաբեկ բողոք բերել 2016 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ, որով նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամիս ժամկետով (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը)։ Այնուհետև Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի շարունակական կալանքի վերաբերյալ բողոքների առնչությամբ վեցամսյա ժամկետը պետք է հաշվվի Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի հունվարի 22-ի և մարտի 12-ի որոշումների կայացման պահից (տե՛ս վերևում՝ 16-րդ և 19-րդ պարբերությունները), եթե դիմումատուն համարում էր, որ վճռաբեկ բողոք ներկայացնելը պաշտպանության արդյունավետ միջոց չէ։ Քանի որ դիմումատուն Դատարան է դիմել 2016 թվականի սեպտեմբերի 16-ին միայն, նա չի պահպանել վեցամսյա ժամկետը։

177. Դիմումատուն նշել է, որ Վճռաբեկ դատարան բողոք ներկայացելը պաշտպանության արդյունավետ միջոց չի եղել, և որ ինքը պահպանել է վեցամսյա ժամկետը, քանի որ իր բողոքը ներկայացրել է դեռևս մինչդատական կալանքի տակ գտնվելու ընթացքում։

178. Դիմումատուի կողմից Վճռաբեկ դատարան վճռաբեկ բողոք չներկայացնելու հետ կապված Կառավարության փաստարկի առնչությամբ Դատարանը նշում է, որ այն արդեն քննության է առել և մերժել իրավական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ նմանատիպ առարկություն Հայաստանի դեմ հարուցված այլ գործերով (տե՛ս Արզումանյանն ընդդեմ Հայաստանի [Arzumanyan v. Armenia], թիվ 25935/08, §§ 28-32, 2018 թվականի հունվարի 11, Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի [Jhangiryan v. Armenia], թիվ 44841/08 և 63701/09, § 76, 2020 թվականի հոկտեմբերի 8, և Սմբատ Այվազյանն ընդդեմ Հայաստանի [Smbat Ayvazyan v. Armenia], թիվ 49021/08, § 78, 2020 թվականի հոկտեմբերի 8)։ Հաշվի առնելով, որ Կառավարությունը որևէ նոր փաստարկ առաջ չի քաշել՝ Դատարանը սույն գործում չի տեսնում իր կողմից ավելի վաղ արված եզրակացություններից շեղվելու պատճառներ։ Հետևաբար այն մերժում է [ներպետական իրավական պաշտպանության միջոցները] չսպառելու մասով Կառավարության առարկությունը։

179. Ինչ վերաբերում է դիմումատուի կողմից վեցամսյա ժամկետը չպահպանելու մասով Կառավարության առարկությանը, ապա Դատարանը վերահաստատում է, որ ինչ վերաբերում է մինչդատական կալանքին, ապա այն սկսվում է մեղադրյալին կալանքի տակ վերցնելու օրվանից և ավարտվում է, երբ վերջինս ազատ է արձակվում և (կամ) որոշում է կայացվում մեղադրանքի հիմնավորվածության վերաբերյալ, նույնիսկ եթե դա արվում է միայն առաջին ատյանի դատարանի կողմից (տե՛ս, ի թիվս այլ գործերի, Սելահաթթին Դեմիրտաշն ընդդեմ Թուրքիայի [Selahattin Demirtaş v. Turkey] (թիվ 2) [ՄՊ] [GC], թիվ 14305/17, § 290, 2020 թվականի դեկտեմբերի 22)։ Դատարանը նշում է, որ դիմումատուի մինչդատական կալանքը սկսվել է 2015 թվականի դեկտեմբերի 21-ից (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը) և ավարտվել 2018 թվականի հունիսի 25-ին (տե՛ս վերևում՝ 91-րդ պարբերությունը), մինչդեռ դիմումատուն իր գանգատը ներկայացրել է 2016 թվականի սեպտեմբերի 16-ին։ Հետևաբար Դատարանը գտնում է, որ դիմումատուն պահպանել է վեցամսյա կանոնը՝ կապված իրեն նախնական կալանքի տակ պահելու ամբողջ ժամանակահատվածին վերաբերող բողոքների հետ։ Հետևաբար այս առնչությամբ Կառավարության առարկությունները նույնպես պետք է մերժվեն։

180. Դատարանը նշում է, որ սույն բողոքը ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

Բ. Ըստ էության քննությունը

181. Դիմումատուն պնդել է, որ ներպետական դատարաններն իրեն կալանավորելու և կալանավորման ժամկետը երկարացնելու մասին որոշում կայացնելիս չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ՝ խախտելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը։

182. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի կալանքի համար դատարանները ներկայացրել են հիմնավոր և բավարար պատճառներ, ինչպես օրինակ՝ թաքնվելու կամ վարույթին խոչընդոտելու ռիսկը:

183. Դատարանը հղում է կատարում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ դատաքննության ընթացքում ազատ արձակվելու իրավունքին առնչվող ընդհանուր սկզբունքներին (տե՛ս Բուզաջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [ՄՊ] [Buzadji v. the Republic of Moldova [GC]], թիվ 23755/07, §§ 92-102, 2016 թվականի հուլիսի 5, Արա Հարությանն ընդդեմ Հայաստանի [Ara Harutyunyan v Armenia], թիվ 629/11, §§ 48-53, 2016 թվականի հոկտեմբերի 20) և նշում է, որ արդեն իսկ եզրահանգել է, որ կալանք նշանակելիս և դրա ժամկետը երկարաձգելիս կարծրատիպային ձևակերպումների օգտագործումը հաճախ հանդիպող խնդիր է Հայաստանում (տե՛ս, ի թիվս այլ օրինակների, Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի [Piruzyan v. Armenia], թիվ 33376/07, §§ 97-100, 2012 թվականի հունիսի 26, Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Malkhasyan v. Armenia], թիվ 6729/07, §§ 74-77, 2012 թվականի հունիսի 26, Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի [Sefilyan v. Armenia], թիվ 22491/08, §§ 88-93, 2012 թվականի հոկտեմբերի 2, և վերևում հիշատակված՝ Արա Հարությունյանի գործը, §§ 54-59):

184. Սույն գործով ներպետական դատարանները նույն կերպ դիմումատուի շարունակական կալանքը հիմնավորել են՝ միայն հղում կատարելով ներպետական օրենսդրության համապատասխան սկզբունքներին և վերագրվող հանցանքի ծանրությանը (տես վերևում՝ 13-րդ, 18-րդ և 21-րդ պարբերությունները)՝ առանց ներկայացնելու դիմումատուի վերաբերյալ և նրա գործի մասով հատուկ հանգամանքները կամ տրամադրելու մանրամասներ առ այն, թե ինչպես են հիմնավորվել կամ հիմնավորվում թաքնվելու և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հաստատված ռիսկերը։

185. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 34-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

186. Դիմումատուն բողոքել է առ այն, որ իրավասու պետական մարմինների՝ Դատարանում իր ներկայացուցիչների հետ առանձին հանդիպումներ չթույլատրելը խախտել է անհատական դիմում ներկայացնելու իր իրավունքը։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 34-րդ հոդվածի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.

«Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, հասարակական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են սույն Կոնվենցիայով կամ նրան կից արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների՝ որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ: Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը»:

187. Ավելին, 2018 թվականի հունվարի 10-ի գրության մեջ դիմումատուն պնդել է, որ Կառավարությունը չի կատարել Դատարանի կողմից Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն 2017 թվականի նոյեմբերի 9-ին նշանակված միջանկյալ միջոցը (տե՛ս վերևում՝ 85-րդ և 87-րդ պարբերությունները)։

188. Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն՝

«1. Պալատը կամ անհրաժեշտության դեպքում՝ Բաժանմունքի նախագահը կամ սույն կանոնի 4-րդ կետի համաձայն նշանակված հերթապահ դատավորը կողմի կամ որևէ այլ շահագրգիռ անձի խնդրանքով կամ սեփական նախաձեռնությամբ կարող է կողմերի համար նշանակել որևէ միջանկյալ միջոց, որը նա համարում է, որ պետք է ընդունվի՝ ելնելով կողմերի կամ վարույթը պատշաճ իրականացնելու շահերից։

2. Անհրաժեշտության դեպքում Նախարարների կոմիտեին անհապաղ ծանուցվում է կոնկրետ գործով նշանակված միջոցի մասին։

3. Պալատը կամ անհրաժեշտության դեպքում՝ Բաժանմունքի նախագահը կամ սույն կանոնի 4-րդ կետի համաձայն նշանակված հերթապահ դատավորը կարող է կողմերից տեղեկություններ պահանջել նշված միջանկյալ միջոցի իրականացման հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ։

4. Դատարանի նախագահը կարող է նշանակել Բաժանմունքների փոխնախագահներին որպես հերթապահ դատավորներ՝ քննելու միջանկյալ միջոցներ կիրառելու մասին պահանջները»։

 

Ա. Կողմերի փաստարկները

189. Դիմումատուն նշել է, որ միայն 2017 թվականի օգոստոսի 16-ին՝ Վարչական շրջանների դատարանի՝ նույն օրը կայացրած որոշումից հետո է (որով բավարարվել էր այդ նպատակով ներկայացված պահանջը) ինքը կարողացել առանձին հանդիպում ունենալ իր ներկայացուցիչներից մեկի՝ տիկին Մարալյանի հետ: Վարչական շրջանների դատարանի կողմից մատնանշված այն ընթացակարգը, որով նա պետք է հետաքննության մարմին, քրեակատարողական հիմնարկի վարչակազմին և այնուհետև դատախազին բողոք ներկայացներ Դատարանում իր ներկայացուցչի հետ առանձին հանդիպում ունենալու արգելքի վերաբերյալ, անարդյունավետ էր՝ հաշվի առնելով իր պահանջի անհետաձգելի բնույթը։

190. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները 34-րդ հոդվածի ներքո ներկայացրած իր բողոքի մասով։ Մասնավորապես նա դատախազին և դատարան չի բողոքարկել տկն Մարալյանի հետ առանձին տեսակցություն ունենալու խնդրանքը մերժելու ԱԱԾ-ի որոշումը։ Եթե դիմումատուն պահպաներ քննիչի որոշումը դատախազին, իսկ այնուհետև դատարան բողոքարկելու ճիշտ ընթացակարգը, ապա նա կարող էր հասնել իր կողմից ակնկալվող արդյունքին։ Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի ներկայացուցիչների հետ առանձին տեսակցություն չթույլատրելը համահունչ է եղել Օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին։ Ամեն դեպքում դիմումատուին թույլատրվել է 2016 թվականի օգոստոսի 31-ին ոչ առանձին հանդիպում ունենալ տկն Մարալյանի հետ, և նա, առանց որևէ խոչընդոտի, մի քանի տեսակցություն է ունեցել իր մյուս ներկայացուցիչների հետ։

Ինչ վերաբերում է տկն Մոսկալենկոյին դիմումատուի հետ առանձին տեսակցություն ունենալ չթույլատրելուն, ապա Կառավարությունը նշել է, որ նա փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել առ այն, որ ինքը եղել է Դատարանում դիմումատուի ներկայացուցիչը և որ ունեցել է Հայաստանում գործունեություն ծավալելու արտոնագիր։ Բացի այդ, ոչ թե քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, այլ քննչական մարմինն էր իրավասու տրամադրել համապատասխան թույլտվությունը։

 

Բ. Դատարանի գնահատականը

1. Ընդհանուր սկզբունքները

191. Դատարանը վերահաստատում է, որ համաձայն Կոնվենցիայի 34-րդ հոդվածի՝ Պայմանավորվող պետությունները պարտավորվում են զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ անգործությունից, որը կարող է խոչընդոտել անհատական դիմում ներկայացնելու իրավունքի իրացմանը, և դա հետևողական կերպով վերահաստատվել է որպես Կոնվենցիոն համակարգի հիմնաքար (Մամաթկուլովը և Ասկարովն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], [Mamatkulov and Askarov v. Turkey] [GC], թիվ 46827/99 և 46951/99, § 102, ՄԻԵԴ 2005 I)։

192. Թեև 34-րդ հոդվածի հիմնական նպատակն անձին պետական մարմինների կամայական միջամտությունից պաշտպանելն է, այնուամենայնիվ, այն պարզապես չի պարտադրում Պետություններին ձեռնպահ մնալ նման միջամտությունից: Բացի զերծ մնալու սույն հիմնական պարտավորությունից՝ գոյություն ունեն 34-րդ հոդվածին բնորոշ դրական պարտավորություններ, որոնցով պետական մարմիններից պահանջվում է տրամադրել անհրաժեշտ բոլոր հնարավորությունները՝ գանգատների պատշաճ և արդյունավետ քննությունը հնարավոր դարձնելու համար: Նման պարտավորությունն առաջանում է այն իրավիճակներում, երբ դիմումատուները հատկապես խոցելի են (տե՛սՆայդյոնն ընդդեմ Ուկրաինայի [Naydyon v. Ukraine], թիվ 16474/03, § 63, 2010 թվականի հոկտեմբերի 14, Սավիցկին ընդդեմ Ուկրաինայի [Savitskyy v. Ukraine], թիվ 38773/05, § 156, 2012 թվականի հուլիսի 26, և Յուլիան Պոպեսկուն ընդդեմ Ռումինիայի [Iulian Popescu v. Romania], թիվ 24999/04, § 33, 2013 թվականի հունիսի 4)։

193. 34-րդ հոդվածով հարուցված անհատական դիմումի համակարգի արդյունավետ գործունեության համար չափազանց կարևոր է, որ դիմումատուները կամ հավանական դիմումատուները կարողանան անկաշկանդ շփվել Դատարանի հետ՝ իրավասու պետական մարմինների կողմից իրենց բողոքները հետ վերցնելու կամ փոփոխելու մասով որևէ ճնշման չենթարկվելով (տե՛ս Սիսոյևան և այլք ընդդեմ Լատվիայի [ՄՊ] [Sisojeva and Others v. Latvia] ) [GC] (ցուցակից հանված), թիվ 60654/00, §§ 115-16, ՄԻԵԴ 2007 I, Մքշեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության [McShane v. the United Kingdom], Այս համատեքստում «որևէ ճնշում» ասվածը ներառում է ոչ միայն ուղղակի հարկադրանքը և ահաբեկման ակնհայտ գործողությունները, այլ նաև ոչ պատշաճ անուղղակի գործողությունները կամ հաղորդակցությունը, որոնք նախատեսված են դիմումատուին Կոնվենցիայի համաձայն ներկայացված իրենց բողոքին հետամուտ լինելուց տարհամոզելու կամ հետ պահելու համար կամ դիմումատուների և նրանց ներկայացուցիչների՝ անհատական դիմում ներկայացնելու իրավունքի իրացման վրա «զսպող ազդեցություն» ունենալու համար (տե՛ս՝ Ռասուլ Ջաֆարովն ընդդեմ Ադրբեջանի [Rasul Jafarov v. Azerbaijan], թիվ 69981/14, § 177, 2016 թվականի մարտի 17, և դրանում հիշատակված գործերը):

194. Այն փաստը, որ անձը կարողացել է հասնել բողոք ներկայացնելուն, չի խոչընդոտում 34-րդ հոդվածով նախատեսված խնդրի ծագմանը: Եթե կառավարության գործողություններն ավելի են բարդացնում անհատի համար դիմում ներկայացնելու իր իրավունքի իրացումը, ապա սա կարող է հավասարազոր լինել 34-րդ հոդվածով սահմանված իր իրավունքներին «խոչընդոտելուն» (նույն տեղում՝ § 178): Քննարկվող գործողությունների կամ բացթողումների հիմքում ընկած մտադրությունները կամ պատճառները մեծ նշանակություն չունեն, երբ գնահատվում է Կոնվենցիայի 34-րդ հոդվածին համապատասխանությունը, կարևորն այն է, թե արդյոք իրավասու պետական մարմինների գործողությունների կամ անգործության արդյունքում ստեղծված իրավիճակը համապատասխանում է 34-րդ հոդվածին, թե՝ ոչ (տե՛ս Փալադին ընդդեմ Մոլդովայի [Paladi v. Moldova] [GC] [ՄՊ], թիվ 39806/05, § 87, 2009 թվականի մարտի 10): Ընդ որում, Դատարանը պետք է գնահատի բողոքաբերի խոցելիությունը և իրավասու պետական մարմինների կողմից նրա վրա ներգործելու ռիսկը։ Դիմումատուի վիճակը կարող է հատկապես խոցելի լինել, երբ նա գտնվում է կալանքի տակ՝ իր ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ սահմանափակ կապով (տե՛ս՝ Քոթլետն ընդդեմ Ռումինիայի [Cotleţ v. Romania, ], թիվ 38565/97, § 71, 2003 թվականի հունիսի 3):

195. Համաձայն Դատարանի հաստատված նախադեպային իրավունքի՝ քանի որ 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցները Դատարանի կողմից նշանակվում են անհատական դիմում ներկայացնելու իրավունքի արդյունավետությունն ապահովելու նպատակով, ուստի պատասխանող Պետության կողմից նման միջոցների պահանջները չկատարելը հանգեցնում է անհատական դիմում ներկայացնելու իրավունքի խախտման (տե՛ս վերևում հիշատակված երկու գործերը՝ Մամաթկուլի և Ասկարովի գործը, § 125, և Փալադիի գործը, § 88):

 

2. Այս սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ

ա) Առանձին տեսակցություններ ունենալու արգելքը Դատարանում իր ներկայացուցիչների հետ

196. Դիմումատուն բողոքել է, որ առանձին տեսակցություն ունենալու անհնարինությունը Դատարանում իր ներկայացուցիչների հետ հանգեցրել է պատասխանող պետության՝ անհատական դիմումի իրավունքի արդյունավետ իրացումը չխոչընդոտելու պարտավորության խախտման։

197. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել Կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքի մասով իրեն հասանելի պաշտպանության ներպետական միջոցները, քանի որ նա բողոքներ չի ներկայացրել քննչական մարմնին և քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, ինչպես նաև դատախազին՝ իր ներկայացուցիչների հետ առանձին տեսակցություններն արգելելու մասով (տե՛ս վերևում՝ 189-րդ պարբերությունը)։ Դատարանն այս կապակցությամբ վերահաստատում է, որ ըստ իր նախադեպային իրավունքի՝ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի ներքո ներկայացված բողոքը դատավարական բնույթ է կրում, ուստի Կոնվենցիայի համաձայն ընդունելիության մասով որևէ հարց չի առաջացնում (տե՛ս Էրգին ընդդեմ Թուրքիայի [Ergi v. Turkey], 1998 թվականի հուլիսի 28, § 105, Զեկույցներ 1998թ. IV, և Րյաբովն ընդդեմ Ռուսաստանի [Ryabov v. Russia], թիվ 3896/04, § 56, 2008 թվականի հունվարի 31):

198. Դատարանը նկատում է, որ դիմումատուի՝ Դատարանի վարույթում հանդես գալու համար լիազորված ներկայացուցիչներին (տե՛ս վերևում՝ 66-րդ և 74-րդ պարբերությունները) մի քանի առիթներով չի տրամադրվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նրա հետ առանձին տեսակցություններ ունենալու թույլտվություն (տե՛ս վերևում՝ 67-րդ, 69-րդ, 72-րդ, 76-րդ և 77-րդ պարբերությունները)։ Այնուհետև Դատարանը նկատում է, որ 2017 թվականի օգոստոսի 16-ին դիմումատուին առաջին անգամ թույլատրվել է առանձին հանդիպում ունենալ տկն Մարալյանի հետ (տե՛ս վերևում՝ 78-րդ պարբերությունը): Հետևաբար Դատարանի քննարկման առարկա հարցն այն է, թե արդյոք դիմումատուի և նրա ներկայացուցիչների միջև առանձին հաղորդակցության մասով քրեակատարողական հիմնարկի և քննչական մարմինների կողմից կիրառված և մեկ տարվանից մի փոքր ավելի տևած խոչընդոտող հանգամանքները հանգեցրել են պատասխանող պետության՝ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն դիմում ներկայացնելու իրավունքի արդյունավետ իրացմանը չխոչընդոտելու պարտավորության խախտման, թե՝ ոչ։

199. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ նախկինում այն հայտնաբերել է Կոնվենցիայի 34-րդ հոդվածի շրջանակներում դիմում ներկայացնելու իրավունքի խախտումներ այնպիսի հանգամանքներում, երբ կալանքի տակ գտնվող դիմումատուին արգելել են ազատ շփվել Դատարանում իր ներկայացուցչի հետ: Օրինակ՝ Դատարանը համարել է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածը խախտվել է այն ժամանակ, երբ դիմումատուին չի թույլատրվել առանձին տեսակցություն ունենալ իր պաշտպանի հետ, և նրանից բաժանված է եղել ապակե միջնորմով (տե՛ս վերևում՝ Սեբոտարին ընդդեմ Մոլդովայի [Cebotari v. Moldova], թիվ 35615/06, §§ 58-68, 2017 թվականի նոյեմբերի 13), կամ երբ դիմումատուի՝ Դատարանի վարույթի շրջանակներում հանդես եկող իրավաբանները չեն կարողացել ներկայացնել իրենց դիտարկումները դիմումատուին կամ նրա բժշկական փաստաթղթերին հասանելիության բացակայության պատճառով (տե՛ս Բոյցենկոն ընդդեմ Մոլդովայի [Boicenco v. Moldova], թիվ 41088/05, §§ 157-59, 2006 թվականի հուլիսի 11)։ Դատարանը, այնուամենայնիվ, ընդունել է, որ ներկայացուցչի կողմից որոշակի ֆորմալ պահանջների կատարումը կարող է անհրաժեշտ լինել կալանավորված անձին տեսնելու իրավունքը ձեռք բերելու համար, օրինակ՝ անվտանգության նկատառումներից ելնելով կամ դավադրությունները կամ քննության կամ արդարադատության իրականացման ընթացքը խեղաթյուրող այլ գործողություններ կանխելու համար (տե՛ս Մելնիկովն ընդդեմ Ռուսաստանի [Melnikov v. Russia], թիվ 23610/03, § 96, 2010 թվականի հունվարի 14)։ Միևնույն ժամանակ անհարկի ձևականություններն այնպիսի հարցերում, որոնք կարող են փաստացի (de facto) խոչընդոտել հնարավոր դիմումատուին արդյունավետորեն օգտվելու անհատական դիմում ներկայացնելու իր իրավունքից, անընդունելի են ճանաչվել (տե՛ս՝ Զախարկինն ընդդեմ Ռուսաստանի [Zakharkin v. Russia], թիվ 1555/04, §§ 152-60, 2010 թվականի հունիսի 10), եթե դիմումատուի՝ Դատարանում իր ներկայացուցչի հետ շփումը սահմանափակվել է այն հիմքով, որ ներկայացուցիչը պրոֆեսիոնալ փաստաբան չէ: Մյուս կողմից սակայն, երբ ներպետական պաշտոնական ընթացակարգերը հեշտ են եղել պահպանման տեսանկյունից, որևէ խնդիր չի առաջացել 34-րդ հոդվածի ներքո (տե՛ս՝ Լեբեդևն ընդդեմ Ռուսաստանի [Lebedev v. Russia], թիվ 4493/04, § 119, 2007 թվականի հոկտեմբերի 25):

200. Դատարանն այնուհետև նշում է, որ Ս.-ն ընդդեմ Շվեյցարիայի գործում ([S. v. Switzerland, թիվ 12629/87, § 48, 1991թվականի նոյեմբերի 28) Դատարանը գտել է, որ մեղադրյալի՝ երրորդ անձանց լսելիությունից դուրս իրավաբանի հետ հաղորդակցվելու իրավունքը ժողովրդավարական հասարակությունում արդար դատաքննության հիմնական պահանջների մի մասն է և բխում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետից։ Դատարանի սույն եզրակացությունը բխում է Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների 93-րդ հոդվածից, որը կցված է Նախարարների կոմիտեի թիվ (73) 5 բանաձևին (այժմ՝ Նախարարների կոմիտեի՝ «Եվրոպական բանտային կանոնների վերաբերյալ» անդամ պետություններին արված Rec(2006)2 rev առաջարկության 23-րդ հոդված, տե՛ս վերևում՝ 109-րդ պարբերությունը), և Դատարանի վարույթներին մասնակցող անձանց վերաբերյալ եվրոպական համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետից։ Վերջինս, իհարկե, ուղղակիորեն նախատեսում է կալանավորված անձանց` Դատարան դիմելու և դրանից բխող վարույթի առնչությամբ իրավաբանի հետ երրորդ անձանց լսելիության սահմաններից դուրս հաղորդակցվելու և խորհրդակցելու իրավունքը (տե՛ս վերևում`110-րդ պարբերությունը, և վերևում հիշատակված՝ Ս.-ն ընդդեմ Շվեյցարիայի գործը, § 48): Թեև Դատարանը տեղյակ է, որ Հայաստանը ոչ ստորագրել և ոչ էլ վավերացրել է սույն Համաձայնագիրը, այնուամենայնիվ Դատարանը բազմիցս հստակեցրել է, որ պարտադիր չէ, որ պատասխանող պետությունը վավերացրած լինի կոնկրետ հարցի նկատմամբ կիրառվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը։ Դատարանի համար բավական կլինի, որ համապատասխան միջազգային փաստաթղթերը մատնանշեն միջազգային իրավունքում կիրառվող նորմերի և սկզբունքների շարունակական զարգացումը և ցույց տան, որ կոնկրետ ոլորտում ժամանակակից հասարակություններն ունեն ընդհանուր կարծիք (տե՛ս՝ mutatis mutandis, Դեմիրը և Բայկարան ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Demir and Baykara v. Turkey [GC], §§ 85-86, ՄԻԵԴ 2008թ.):

201. Դատարանը նկատում է, որ դիմումատուի հետ առանձին տեսակցություններ ունենալու պահանջները ներկայացնելիս տկն Մարալյանը և տկն Մոսկալենկոն հստակորեն նշել են, որ իրենց պահանջները կապված են դիմումատուի՝ Դատարանում քննվող գործի հետ (տե՛ս վերևում՝ 68-րդ և 76-րդ պարբերությունները)։ Ներպետական մարմինները, այնուամենայնիվ, տարբեր պատճառներով բազմիցս արգելել են նման տեսակցությունները (տե՛ս վերևում՝ 67-րդ, 69-րդ, 72-րդ և 76-րդ պարբերությունները)՝ երբեմն հղում կատարելով խիստ ձևական պահանջների (տե՛ս վերևում՝ մասնավորապես 76-րդ պարբերությունը): Դատարանն այնուհետև նշում է, որ երբեք չի նշվել, որ դիմումատուի և Դատարանում նրա ներկայացուցիչների՝ տկն Մարալյանի և տկն Մոսկալենկոյի միջև հանդիպումները կարող էին անվտանգության, դավադրության կամ արդարադատության իրականացման ընթացքի խեղաթյուրման վտանգ ներկայացնել:

202. Դատարանը նկատում է, որ թեև ներպետական օրենսդրությունը կալանավորված անձանց՝ Դատարանում իրենց ներկայացուցիչների հետ տեսակցություններ ունենալու վերաբերյալ հատուկ կանոններ չի նախատեսում, այնուամենայնիվ, չի սահմանափակում նաև այդ տեսակցությունները միայն ներպետական քրեական վարույթի շրջանակներում ունեցած պաշտպաններով: Մասնավորապես կիրառելի ներպետական օրենսդրությունը հատուկ նախատեսում է, որ կալանավորված անձինք իրավունք ունեն տեսակցություն ունենալու փաստաբան չհանդիսացող այլ անձանց հետ, ովքեր իրավասու են նրանց իրավական օգնություն տրամադրել (տե՛ս վերևում՝ 95-րդ պարբերությունը): Թեև սույն իրավունքի իրացումը ենթակա է քննչական մարմնի կողմից թույլտվության տրամադրման, ինչպես նշվել է վերևում, համապատասխան պահանջները մերժելիս դիմումատուի և Դատարանում նրա ներկայացուցիչների միջև կայացած տեսակցություններն անվտանգության, դավադրության կամ արդարադատության իրականացման ընթացքի խեղաթյուրման որևէ վտանգ չեն ներկայացրել: Չնայած դրան՝ դիմումատուին երկար ժամանակ չեն թույլատրել առանձին տեսակցություններ ունենալ Դատարանում իր ներկայացուցիչների հետ, և նա չի կարողացել նրանց գաղտնիության պայմաններում հրահանգներ տալ դատավարության ընթացքի տեսանկյունից այնպիսի կարևոր քայլերի ժամանակ, ինչպես օրինակ՝ իր գանգատը պատրաստելիս (տե՛ս վերևում՝ 67-րդ, 69-րդ, 72-րդ և 74-րդ պարբերությունները), ինչ պայմաններում էլ նրա իրավաբանական օգնությունը կորցրել է իր օգտակարության մեծ մասը:

203. Դատարանը հանգում է վերոնշյալ եզրահանգմանն անկախ այն հանգամանքից, որ դիմումատուի ներկայացուցիչները, ի վերջո, կարողացել են Դատարան ներկայացնել բավականին մանրամասն շարադրված գանգատ և լրացուցիչ փաստարկներ։ Դատարանն այս կապակցությամբ նշում է, որ պատասխանող Կառավարության կողմից Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված իրենց դատավարական պարտավորությունները չկատարելը անպայմանորեն չի պահանջում, որ ենթադրյալ միջամտությունն իրականում սահմանափակեր կամ էական ազդեցություն ունենար անհատական դիմումի իրավունքի իրացման վրա։ Պայմանավորվող կողմերի՝ Կոնվենցիայի 34-րդ և 38-րդ հոդվածներով նախատեսված դատավարական պարտավորությունները պետք է կատարվեն անկախ վարույթի վերջնական ելքից և այնպես, որ խուսափեն դիմումատուի կամ նրա ներկայացուցիչների վրա փաստացի կամ հնարավոր որևէ զսպող ազդեցությունից (տե՛ս Յանովիեկը և այլք ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] Janowiec and Others v. Russia [GC], թիվ 55508/07 և 29520/09, § 209, ՄԻԵԴ 2013թ.)։

204. Ինչ վերաբերում է նրան, որ Կառավարությունն առաջ է քաշել այն պնդումը, որ դիմումատուն և Դատարանում նրա ներկայացուցիչները չեն հետևել սահմանված ընթացակարգին՝ նախ չստանալով քննչական մարմնից անհրաժեշտ թույլտվությունը, այնուհետև համապատասխան որոշումների մասով դատական կարգով վերանայման չդիմելով (տե՛ս վերևում՝ 189-րդ պարբերությունը), Դատարանը նկատում է, որ իրավասու պետական մարմինները հետևողական չեն եղել կիրառման ենթակա ընթացակարգի և պահանջվող թույլտվության տրամադրումը մերժելու հիմքերի հարցում: Մասնավորապես «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ուղղորդել է տկն Մարալյանին քննիչի մոտ՝ համապատասխան թույլտվությունն ստանալու համար, մինչդեռ քննիչը նշել է, որ չունի այն տրամադրելու լիազորությունը (տե՛ս վերևում՝ 67-րդ և 69-րդ պարբերությունները)։ Այնուհետև մերժելով տիկին Մարալյանի հետագա պահանջը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը հղում է կատարել այն փաստին, որ նա իբր թե չի ներկայացրել փաստաթղթային ապացույցներ առ այն, որ ինքը դիմումատուի ներկայացուցիչն է Դատարանում, և հայտնել, որ դիմումատուն ունի միայն իր պաշտպանի կամ ներպետական վարույթի շրջանակներում իր պաշտպանությունը ստանձնած իրավաբանի հետ տեսակցություն ունենալու իրավունք (տե՛ս վերևում՝ 72-րդ պարբերությունը): Վերջում Վարչական շրջանների դատարանն էլ իր հերթին մատնանշել է մեկ այլ ընթացակարգ, ըստ որի՝ դիմումատուն պետք է դիմեր դատախազին, քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, որից հետո միայն պահանջեր դատական կարգով վերանայում (տե՛ս վերևում՝ 71-րդ պարբերությունը): Թեև քննիչի որոշումը դատախազին բողոքարկելը և մերժման դեպքում դատական կարգով վերանայման դիմելը թվում են համահունչ ներպետական օրենսդրությանը (տե՛ս վերևում՝ 97-րդ, 98-րդ և 99-րդ պարբերությունները), Վարչական շրջանների դատարանի կողմից արված եզրահանգման այն իրավական հիմքը, որով դիմումատուից պահանջվում է դիմել քրեակատարողական հիմարկի վարչակազմ, շարունակում է անհասկանալի մնալ՝ հատկապես հաշվի առնելով Կառավարության այն պնդումը, որ դիմումատուի հետ առանձին տեսակցություն ունենալու թույլտվությունը պետք է ստանալ ոչ թե քրեակատարողական հիմնարկի վարչակազմից, այլ քննչական մարմնից (տե՛ս վերևում՝ 189-րդ պարբերությունը): Ամեն դեպքում Դատարանը համարում է, որ ամեն անգամ, երբ անհրաժեշտություն էր առաջանում առանձին տեսակցություն ունենալ դիմումատուի հետ՝ քննարկելու Դատարանում քննվող վերջինիս գործը, դիմումատուի ներկայացուցիչներից չպետք է պահանջվեր ներգրավվել տարբեր ատյանների առջև բողոքարկման երկարատև ընթացակարգերին, ինչպես փաստորեն առաջարկվում է Կառավարության կողմից։

205. Վերջիվերջո, ինչ վերաբերում է նրան, որ Կառավարությունը պնդել է, որ տկն Մոսկալենկոյի՝ դիմումատուի հետ առանձին տեսակցություն ունենալու խնդրանքը մերժվել է նաև այն պատճառով, որ նա չի ներկայացրել ապացույցներ առ այն, որ ինքը Հայաստանում գործող իրավաբան է (տե՛ս վերևում 189-րդ պարբերությունը), Դատարանը նկատում է, որ համաձայն Դատարանի կանոնակարգի 36-րդ կանոնի 4-րդ կետի «ա» ենթակետի՝ դիմումատուին կարող է ներկայացնել Պայմանավորվող կողմերից որևէ մեկում գործունեություն ծավալելու համար լիազորված փաստաբանը, որը բնակվում է նրանցից մեկի տարածքում։

206. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը համարում է, որ դիմումատուի՝ Դատարանում իր ներկայացուցիչների հետ շփման մասով սահմանափակումը միջամտություն է անհատական դիմում ներկայացնելու նրա իրավունքի իրացմանը, որն անհամատեղելի է պատասխանող Պետության՝ Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունների հետ։ Հետևաբար Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ պատասխանող Պետությունը չի կատարել Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունները:

 

բ) Դատարանի կողմից նշանակված միջանկյալ միջոցի պահանջների կատարումը

207. Դատարանը նշում է, որ 2017 թվականի նոյեմբերի 9-ին սույն գործում նշանակված միջանկյալ միջոցը ներառում էր իրավասու պետական մարմիններին ուղղված հրահանգներ առ այն, որ դիմումատուին անհապաղ ցուցաբերվի անհրաժեշտ բժշկական օգնություն, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում նրան տեղավորեն մասնագիտացված բժշկական հաստատությունում և դիմումատուին հետազոտելու համար հավասարության սկզբունքով ստեղծեն բժշկական հանձնաժողով՝ նրա կոնկրետ խնդիրներն ախտորոշելու և երկարատև կամ անհապաղ բուժման անհրաժեշտությունը որոշելու նպատակով (տե՛ս վերևում՝ 85-րդ պարբերությունը):

208. Դատարանը նկատում է, որ 2018 թվականի հունվարի 10-ի իր գրությամբ դիմումատուն պնդել է, որ պատասխանող Կառավարությունը չի կատարել նշանակված միջանկյալ միջոցի պահանջները (տե՛ս վերևում՝ 87-րդ պարբերությունը)։ Դատարանը համարում է, որ սկզբունքորեն սա հավասարազոր է Կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն նոր և առանձին բողոք ներկայացնելուն (տե՛ս Ռոդամիլյան և այլք ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Radomilja and Others v. Croatia [GC]], թիվ 37685/10 և 22768/12, § 135, 2018 թվականի մարտի 20):

209. Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ դրանից հետո դիմումատուն հետամուտ չի եղել այդ բողոքին և չի տրամադրել որևէ լրացուցիչ տեղեկություն՝ հիմնավորելու նշանակված միջանկյալ միջոցի պահանջները Կառավարության կողմից ենթադրյալ չկատարելու փաստը (տե՛ս վերևում՝ 90-րդ պարբերությունը)։

210. Մյուս կողմից՝ Դատարանը զարմանալի է համարում այն, որ Կառավարությունը փորձել է արդարացնել Դատարանի կողմից նշանակված միջանկյալ միջոցի մասին իրենց անտեղյակությունը՝ հղում կատարելով «տեխնիկական խնդրին» (տե՛ս վերևում՝ 89-րդ և 189-րդ պարբերությունները): Կառավարությունը երբևիցե չի հայտնել Դատարանի հետ էլեկտրոնային հաղորդակցության համակարգի հետ կապված որևէ տեխնիկական խնդրի մասին։ Այնպիսի հանգամանքներում, երբ Դատարանը համապատասխան կառավարությունների հետ ունի հաղորդակցության հաստատված համակարգ, այս տեսակի փաստարկներ ներկայացնելը՝ հիմնավորելու կոնկրետ գործի մասով Դատարանի նամակագրության մասին ենթադրյալ անտեղյակությունը, այն ապացույցների բացակայությունը, որոնցով երևում է, որ տեխնիկական բարդությունները անհապաղ ներկայացվել են Դատարանի և դրա ՏՏ ծառայությունների ուշադրությանը՝ դրանք արագ լուծելու նպատակով, ամբողջովին անընդունելի են։ Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ Դատարանը, ինչպես սույն գործում, հիմնվում է կապի այս հաստատված միջոցների վրա՝ inter alia, 39-րդ կանոնի համաձայն հրատապ միջանկյալ միջոցի նշանակման մասին ծանուցելու նպատակով։

211. Միևնույն ժամանակ, ինչպես նշվել է վերևում, դիմումատուն Դատարանին չի տրամադրել որևէ տեղեկություն 2018 թվականի հունվար և փետրվար ամիսների նամակագրության փոխանակումներից հետո իրեն տրամադրված բժշկական օգնության որակի վերաբերյալ, որոնց վրա փաստացիորեն հիմնված է սույն գանգատը (տե՛ս վերևում՝ 87-րդ, 89-րդ և 90-րդ պարբերությունները): Հետևաբար Դատարանը գտնում է, որ բավարար հիմքեր չկան եզրակացնելու, որ նշանակված միջանկյալ միջոցի պահանջները կատարելու առումով Պետությունը չի կատարել Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունները։

212. Հետևաբար այս առնչությամբ պատասխանող Պետությունը չի խախտել Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունները։

 

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

213. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

 

Ա. Վնասը

214. Դիմումատուն պահանջել է 80 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

215. Կառավարությունը վիճարկել է դիմումատուի պահանջը։

 

216. Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարացիության սկզբունքի հիման վրա, ողջամիտ է համարում դիմումատուին շնորհել 12 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

 

Բ. Ծախսերը և ծախքերը

217. Դիմումատուն պահանջել է նաև 18,500 եվրո և 6,753,500 դրամ՝ հատուցում ներպետական դատարաններում և Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։

218. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի՝ սույն մասով նախատեսված պահանջները հիմնավորված չեն այն առումով, որ ներկայացված անդորրագրերը չեն պարունակել համապատասխան վճարների նպատակի մասին որևէ տեղեկություն, իսկ որոշ պահանջներ հիմնավորված չեն եղել որևէ փաստաթղթով։ Բացի այդ, դիմումատուն չի ներկայացրել որևէ մանրամասն և հանգամանալից հաշիվ՝ պահանջվող իրավական ծախսերը ցույց տալու համար։ Ի վերջո, որևէ բացատրություն չի տրվել ինչպես ներպետական մակարդակում, այնպես էլ Դատարանի վարույթում նման՝ չափից ավելի մեծ թվով իրավաբանների ներգրավվածության կապակցությամբ:

219. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործի շրջանակներում հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և վերը նշված չափորոշիչները՝ Դատարանը մերժում է ծախսերի և ծախքերի մասով պահանջը։

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

220. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Միացնում է դիմումատուի կողմից Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքների մասով իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու մասին Կառավարության առարկությունը դիմումատուի՝ 13-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքի ըստ էության քննությանը և մերժում է այն.

2. Հայտարարում է գանգատն ընդունելի.

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուի՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված բողոքների առնչությամբ ներպետական արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի բացակայության մասով.

4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմումատուին տրամադրված բժշկական օգնության և խնամքի որակի մասով.

5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում՝ ներպետական դատարանների կողմից դիմումատուին կալանավորելու համար հիմնավոր և բավարար հիմքեր չբերելու մասով.

6. Վճռում է, որ պատասխանող Պետությունը չի կատարել Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունները՝ երկար ժամանակ դիմումատուին Դատարանում իր ներկայացուցիչների հետ առանձին տեսակցությունների թույլտվություն չտալու մասով.

7. Վճռում է, որ պատասխանող Պետությունը չի խախտել Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունները՝ Դատարանի կողմից նշանակված միջանկյալ միջոցի պահանջները ենթադրաբար չկատարելու մասով.

8. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին ոչ նյութական վնասի դիմաց վճարի 12,000 եվրո (տասներկու հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

9. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի փետրվարի 22-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Իլզե Ֆրայվըրթ՝
Քարտուղարի տեղակալ

Յոնկո Գրոզև՝
Նախագահ