«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
1 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2004 թվականի N 913-Ն
«ԲԺՇԿԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԲԺՇԿԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոն» պետական հիմնարկի իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան:
3. Հաստատել «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
4. «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «ե», «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
5. Սահմանել, որ «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը հետբուհական կրթական (այդ թվում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն` առանց սահմանների» ծրագրի), գիտական ու հրատարակչական գործունեության իրականացումն է:
6. Թույլատրել «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում,
բ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում,
գ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում,
դ) հրատարակչական գործ,
ե) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում:
7. «Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոն» պետական հիմնարկի վերակազմակերպման պահին նրա տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը` 10914469 դրամ ընդհանուր արժեքով, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
«Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոն» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ` 313078231 դրամ ընդհանուր արժեքով գույքը «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում`
ա) ապահովել «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.
բ) հաստատել կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը, ինչպես նաև փոխանցման ակտը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԲԺՇԿԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» (այսուհետ` կենտրոն) պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է:
2. Կենտրոնը «Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոն» պետական հիմնարկի իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան:
3. Կենտրոնը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ու «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, մյուս օրենքներին ու իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
4. Կենտրոնն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
5. Կենտրոնի անվանումն է`
հայերեն լրիվ` «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
հայերեն կրճատ` «ԲԿՄՀՈՒԿ» ՊՈԱԿ,
ռուսերեն լրիվ` Государственная некоммерческая организация ,,Медикобиологический международный послевузовский учебный центр,,,
ռուսերեն կրճատ` ГНКО ,,МБМПУЦ,,,
անգլերեն լրիվ` State Non Trade Organization ''Life Sciences International Postgraduate Educational Center'',
անգլերեն կրճատ` ''LSIPEC'' SNTO:
6. Կենտրոնի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ավան, Աճառյան 31:
II. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ
7. Կենտրոնի գործունեության առարկան և նպատակն իր մասնագիտացմանը համապատասխան գիտական, գիտակրթական աշխատանքներ կազմակերպելն ու իրականացնելն են:
8. Կենտրոնն իր առջև դրված խնդիրները լուծելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`
ա) որոշում է իր գիտական գործունեության հիմնական ուղղություններն ու գիտահետազոտական ծրագրերը,
բ) հայտարարում է մրցույթներ` գիտական ստորաբաժանումների ղեկավարների և գիտական աշխատողների թափուր տեղերի համար,
գ) պլանավորում և իրականացնում է գիտական կադրերի պատրաստումը, պարբերաբար (առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ) անցկացնում աշխատողների ատեստավորում,
դ) ստեղծում է հիմնադրամներ,
ե) կազմում է կազմակերպության խմբագրական-հրատարակչական գործունեության պլանները, աջակցում տպագրության համար երաշխավորված աշխատանքների հրատարակմանը:
9. Կենտրոնը կարող է մասնակցել հայրենական և միջազգային գիտական ընկերությունների ու միությունների գործունեությանը:
10. Կենտրոնն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում,
բ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում,
գ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում,
դ) հրատարակչական գործ,
ե) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում:
11. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթն ուղղվում է կենտրոնի կանոնադրական խնդիրների իրականացմանը:
12. Կենտրոնը կարող է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվել միայն լիցենզիայի առկայության դեպքում:
III. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
13. Կենտրոնի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական կառավարման մարմինը և գործադիր մարմինը` տնօրենը:
14. Հիմնադրի լիազորությունները սահմանվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
15. Պետական կառավարման լիազորված մարմնի լիազորություններն են`
ա) սահմանված կարգով կենտրոնի հիմնարկների, մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների ստեղծումը,
բ) կենտրոնի կառավարման մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
գ) կենտրոնի գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը,
դ) կենտրոնի տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը,
ե) կենտրոնի տարեկան ծախսերի նախահաշվի հաստատումը,
զ) կենտրոնին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը,
է) կենտրոնի լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը,
ը) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործառույթների իրականացումը:
16. Կենտրոնի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը:
17. Կենտրոնի տնօրենը`
ա) իրականացնում է կենտրոնի ընդհանուր ղեկավարումը,
բ) պատասխանատու է կենտրոնի գիտական ուղղությունների ընտրության և իրականացման համար,
գ) կենսագործում է գիտական խորհրդի և վերադաս մարմինների որոշումները,
դ) հետևում է կենտրոնի ֆինանսական և նյութատեխնիկական ապահովվածությանն ու գիտական թեմաների կատարմանը,
ե) հաշվետու է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը (այսուհետ` նախարարություն)` կենտրոնի գործունեության համար,
զ) առանց լիազորագրի հանդես է գալիս կենտրոնի անունից, ներկայացնում դրա շահերը և կնքում գործարքներ,
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված մարմնի որոշումներով սահմանված կարգով տնօրինում է կենտրոնի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները,
ը) տալիս է կենտրոնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կենտրոնի կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:
18. Կենտրոնի գիտական խորհուրդը կենտրոնի գիտական գործունեությունը համակարգող կոլեգիալ մարմին է:
Գիտական խորհրդի անդամների ընտրություններն անցկացվում են տնօրենի նշանակումից հետո 2 ամսվա ընթացքում:
Գիտական խորհրդի կառուցվածքը և անդամների թիվը, տնօրենի առաջարկությամբ, հաստատում է նախարարությունը:
Ի պաշտոնե գիտական խորհրդի անդամներ են տնօրենը, նրա տեղակալները և կենտրոնի գիտական քարտուղարը: Կենտրոնի գիտական քարտուղարը նաև գիտական խորհրդի գիտական քարտուղարն է:
Կենտրոնի առաջատար գիտնականները, տնօրենի ներկայացմամբ, ինչպես նաև գիտական անձնակազմի առաջադրմամբ, գիտական խորհրդի կազմում ընտրվում են գիտական անձնակազմի ընդհանուր ժողովում` փակ գաղտնի քվեարկությամբ` գիտական խորհրդի ցուցակային կազմի ձայների պարզ մեծամասնությամբ: Կենտրոնում չաշխատողները գիտական խորհրդի անդամ են ընտրվում տնօրենի ներկայացմամբ` բաց քվեարկությամբ:
Ի պաշտոնե և հրավիրված անդամների թիվը չպետք է գերազանցի գիտական խորհրդի անդամների թվի մեկ երրորդը:
19. Գիտական խորհրդի նախագահին ընտրում է գիտական խորհուրդը` իր անդամներից, փակ գաղտնի քվեարկությամբ:
Գիտական խորհուրդն իրավասու է ընդունելու որոշումներ, եթե նիստին մասնակցում է նրա կազմի առնվազն երկու երրորդը: Գիտական խորհրդի որոշումն ընդունված է համարվում, եթե դրա օգտին քվեարկել է մասնակիցների կեսից ավելին: Որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ, եթե գիտական խորհուրդը չի ընդունում որոշում փակ գաղտնի քվեարկություն կատարելու մասին:
Գիտական խորհրդի որոշումներն ուժի մեջ են մտնում տնօրենի հրամանից հետո:
20. Կենտրոնի գիտական խորհուրդը`
ա) քննարկում և հաստատում է կենտրոնի գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները, գիտահետազոտական աշխատանքների թեմատիկան ու ծրագրերը, գիտական կադրերի պատրաստման, միջազգային գիտական համագործակցության հարցեր,
բ) համակարգում է կատարվող գիտական աշխատանքները,
գ) քննարկում և հրատարակության է երաշխավորում կենտրոնի աշխատողների ու տվյալ մասնագիտությամբ` կազմակերպություններում աշխատող այլ հեղինակների գիտական աշխատանքները,
դ) առնվազն տարեկան մեկ անգամ քննարկում և հաստատում է տնօրենի ու գիտական ստորաբաժանումների ղեկավարների հաշվետվությունները և առաջարկությունները կենտրոնի գիտական գործունեության վերաբերյալ,
ե) քննարկում է գիտության զարգացման հրատապ հիմնահարցեր, լսում գիտական հաղորդումներ,
զ) նշանակալի գիտական աշխատանքները, գյուտերն ու հայտնագործություններն առաջադրում է պարգևների, կենտրոնի գիտնականներին ներկայացնում գիտական կոչումների շնորհման, առաջադրում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կազմում ընտրվելու համար,
է) ընտրում է կենտրոնի հրատարակությունների խմբագիրներին, հաստատում խմբագրության կազմը:
21. Կենտրոնի գիտահետազոտական ստորաբաժանումների ղեկավարներն ընտրվում են կենտրոնի գիտական խորհրդի կողմից` 5 տարի ժամկետով: Ընտրությունների, պայմանների և ժամկետի մասին մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով տրվում է հայտարարություն:
22. Գիտական ստորաբաժանումների ղեկավարների թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է տնօրենին, կենտրոնի գիտական խորհրդին կամ ստորաբաժանման գիտական անձնակազմին:
Թեկնածուների առաջադրման համար փաստաթղթերը ներկայացվում են կենտրոնի գիտական քարտուղարին: Գրանցվում են այն թեկնածուները, ովքեր տալիս են ընտրություններին մասնակցելու մասին գրավոր համաձայնություն:
Գիտահետազոտական համապատասխան ստորաբաժանման գիտական անձնակազմն իր ժողովում քննարկում է բոլոր գրանցված թեկնածությունները և փակ գաղտնի քվեարկությամբ, գիտական անձնակազմի անդամների առնվազն երկու երրորդի մասնակցությամբ, իր կարծիքն է հայտնում յուրաքանչյուր թեկնածության վերաբերյալ: Քննարկման և քվեարկության արդյունքների մասին արձանագրությունը ներկայացվում է կենտրոնի գիտական խորհուրդ:
Կենտրոնի գիտահետազոտական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում ընտրվելու մասին որոշումն ընդունվում է գիտական խորհրդի կողմից` փակ գաղտնի քվեարկությամբ, գիտական խորհրդի ցուցակային կազմի ձայների պարզ մեծամասնությամբ:
Եթե քվեարկության 2 փուլի ընթացքում ընտրությունը չի կայանում, ապա գիտահետազոտական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատարի նշանակման մասին (2 տարի ժամկետով) որոշումն ընդունում է կենտրոնի տնօրենը:
IV. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
23. Կենտրոնն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում (տիրապետում) է իրեն ամրացված գույքը:
24. Կենտրոնի գույքը և ֆինանսական միջոցները ձևավորվում են`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացվող միջոցներից,
բ) ձեռնարկատիրական գործունեությունից գոյացած միջոցներից,
գ) իրավաբանական անձանց և քաղաքացիների կամավոր վճարումներից ու նվիրատվություններից,
դ) դրամաշնորհներից,
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ միջոցներից:
25. Կենտրոնը պետական առաջադրանքի կատարումից ազատ շենքերն ու շինությունները, հողատարածքը, ինչպես նաև արտադրական, պահեստային և մյուս կառույցները, ժամանակավորապես չօգտագործվող սարքավորումներն ու փոխադրամիջոցները, նախարարության թույլտվությամբ, ժամանակավորապես կարող է վարձակալության տալ այլ կազմակերպությունների: Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վարձավճարը սահմանված կարգով ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
26. Կենտրոնի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության ստորաբաժանման կողմից:
V. ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
27. Կենտրոնը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով:
28. Կենտրոնի լուծարման դեպքում կենտրոնի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |