Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Base act (24.09.1993-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/5(13)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
26.09.1986
Ստորագրման ամսաթիվ
26.09.1986
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.1993

 

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԹԱՐԻ ԿԱՄ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,

իրազեկ լինելով, որ մի շարք պետություններում իրականացվում է միջուկային գործունեություն,

նշելով, որ միջուկային գործունեություն իրականացնելիս անվտանգության բարձր մակարդակ ապահովելու համար ձեռնարկվել և ձեռնարկվում են համակողմանի միջոցառումներ՝ ուղղված միջուկային վթարները կանխելուն և ցանկացած նման վթարի հետևանքները նվազագույնի հասցնելուն, եթե այն տեղի ունենա,

ցանկանալով ամրապնդել հետագա միջազգային համագործակցությունը միջուկային էներգիայի անվտանգ զարգացման և օգտագործման բնագավառում,

համոզված լինելով այնպիսի միջազգային համակարգի անհրաժեշտության մեջ, որը կնպաստի միջուկային վթարի և ռադիացիոն արտակարգ իրադրության հետևանքները մեղմելու նպատակով իրականացվող անհետաձգելի օգնությանը,

նշելով այդ բնագավառում փոխադարձ օգնության մասին երկկողմ և բազմակողմ պայմանավորվածությունների օգտակարությունը,

նշելով Ատոմային էներգիայի միջազգային հաստատության գործունեությունը միջուկային վթարի կամ ռադիացիոն իրադրության կապակցությամբ փոխադարձ արտակարգ օգնության միջոցառումների վերաբերյալ ղեկավար սկզբունքների մշակման ուղղությամբ,

 

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

Հ ո դ վ ա ծ 1

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Մասնակից պետությունները միմյանց հետ և Ատոմային էներգիայի միջազգային հաստատության (այսուհետ՝ Հաստատություն) հետ համագործակցում են սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան՝ նպատակ ունենալով նպաստելու միջուկային վթարի կամ ռադիացիոն արտակարգ իրադրության դեպքում անհապաղ օգնության տրամադրմանը՝ ուղղված ռադիոակտիվ արտանետումների հետևանքները նվազագույնի հասցնելուն և դրանց ներգործությունից կյանքի, գույքի և շրջակա միջավայրի պաշտպանությանը։

2. Այդպիսի համագործակցությանը նպաստելու համար մասնակից պետությունները կարող են ձեռք բերել երկկողմ կամ բազմակողմ պայմանավորվածություններ կամ, եթե նպատակահարմար է, երկուսն էլ միասին, նպատակ ունենալով կանխելու կամ նվազագույնի հասցնելու այն վնասվածքն ու վնասը, որ կարող են տեղ գտնել միջուկային վթարի կամ ռադիացիոն արտակարգ իրադրության դեպքում։

3. Մասնակից պետությունները խնդրում են Հաստատությանը, իր Կանոնադրության շրջանակներում գործելով, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան գործադրի առավելագույն ջանքեր նպաստելու, աջակցելու և օժանդակելու մասնակից պետություններին սույն Կոնվենցիայով նախատեսված համագործակցության համար։

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Օգնություն տրամադրելը

 

1. Եթե միջուկային վթարի կամ ռադիացիոն արտակարգ իրադրության դեպքում մասնակից պետությանն անհրաժեշտ է օգնություն, անկախ նրանից, թե նման վթարը կամ իրադրությունը ծագում են նրա տարածքում, իրավազորության կամ վերահսկողության ներքո, այդ պետությունը կարող է, անմիջականորեն կամ Հաստատության միջոցով, նման օգնություն խնդրել ցանկացած այլ մասնակից պետությունից և Հաստատությունից կամ, համապատասխան դեպքերում, միջազգային միջկառավարական այլ կազմակերպություններից (այսուհետ՝ միջազգային կազմակերպություններ)։

2. Օգնություն հայցող պետությունը նշում է հայցվող օգնության ծավալն ու տեսակը և, եթե դա գործնականում հնարավոր է, օգնություն տրամադրող կողմին հայտնում է այնպիսի տեղեկատվություն, որը կարող է այդ կողմին անհրաժեշտ լինել որոշելու, թե ինչ ծավալով ինքը կարող է բավարարել տվյալ խնդրանքը։ Այն դեպքում, երբ օգնություն հայցող մասնակից պետության համար գործնականում անհնար է նշել հայցվող օգնության ծավալն ու տեսակը, օգնություն հայցող մասնակից պետությունը և օգնություն տրամադրող կողմը, միմյանց հետ խորհրդատվություններ անցկացնելով, որոշում են հայցվող օգնության ծավալն ու տեսակը։

3. Յուրաքանչյուր մասնակից պետություն, որին ուղղված է նման օգնության խնդրանքը, անհապաղ որոշում է և, անմիջականորեն կամ Հաստատության միջոցով, օգնություն հայցող մասնակից պետությանը ծանուցում է, թե ինքն արդյոք ի վիճակի է տրամադրելու հայցվող օգնությունը, ինչպես նաև այդ օգնության ծավալն ու պայմանները։

4. Մասնակից պետություններն իրենց հնարավորությունների սահմաններում առանձնացնում են փորձագետների, սարքավորում ու նյութեր, որ իրենք միջուկային վթարի կամ ռադիացիոն արտակարգ իրադրության դեպքում կարող են հատկացնել այլ մասնակից պետություններին օգնություն ցույց տալու համար, ինչպես նաև սահմանում են այն պայմանները, հատկապես ֆինանսական, որոնց հիման վրա կարող է տրամադրվել այդ օգնությունը, և դրանց մասին ծանուցում են Հաստատությանը։

5. Ցանկացած մասնակից պետություն կարող է օգնություն խնդրել՝ կապված միջուկային վթարի կամ ռադիացիոն արտակարգ իրադրության ներգործությանը ենթարկված անձանց բժշկական օգնության կամ մյուս մասնակից պետությունների տարածք ժամանակավորապես վերաբնակեցնելու հետ։

6. Ի պատասխան միջուկային վթարի կամ ռադիացիոն արտակարգ իրադրության դեպքում օգնություն հայցող մասնակից պետության կամ անդամ պետության խնդրանքի՝ Հաստատությունն իր Կանոնադրությանը համապատասխան և ինչպես նախատեսվում է սույն Կոնվենցիայով.

ա) տրամադրում է այդ նպատակի համար առանձնացված համապատասխան միջոցներ,

բ) խնդրանքն անհապաղ հաղորդում է մյուս պետություններին և միջազգային կազմակերպություններին, որոնք, ըստ Հաստատության տեղեկությունների, կարող են ունենալ անհրաժեշտ միջոցներ, և

գ) եթե հայցող պետությունը խնդրում է այդ մասին, ապա միջազգային մակարդակով համակարգում է այն օգնությունը, որը կարող է տրամադրվել այդ կարգով։

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Օգնության տնօրինումը և վերահսկողությունը

 

Եթե չկա այլ պայմանավորվածություն, ապա.

ա) օգնության ընդհանուր տնօրինումը, վերահսկողությունը, համակարգումն ու հսկողությունը հայցող պետության պարտավորությունն են՝ իր տարածքի շրջանակներում։ Այդ դեպքերում, երբ օգնությունը ներառում է անձնակազմի տրամադրում, օգնություն տրամադրող կողմը, հայցող պետության հետ խորհրդակցելով, նշանակում է այն անձին, որը պատասխանատու է տրամադրված անձնակազմի ու սարքավորման համար, և նրանց նկատմամբ իրականացնում է անմիջական օպերատիվ հսկողություն։ Նշանակված անձը նման հսկողությունն իրականացնում է՝ հայցող պետության համապատասխան մարմինների հետ համագործակցելով,

բ) հայցող պետությունն իր հնարավորությունների սահմաններում տեղական միջոցներ և ծառայություններ է տրամադրում օգնության պատշաճ և արդյունավետ կառավարման համար։ Այդ պետությունն ապահովում է նաև օգնություն տրամադրող պետության կողմից կամ նրա անունից այդ նպատակով իր տարածք բերված անձնակազմի, սարքավորման և նյութերի պաշտպանությունը,

գ) օգնություն տրամադրելու ընթացքում ցանկացած կողմի հատկացրած սարքավորման ու նյութերի նկատմամբ սեփականության իրավունքն անփոփոխ է, դրանց վերադարձն ապահովվում է,

դ) ի պատասխան 2-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն մասնակից պետության խնդրանքի՝ օգնություն տրամադրող մասնակից պետությունը համակարգում է այդ օգնությունն իր տարածքի սահմաններում։

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Իրավասու մարմինները և հաղորդակցման կետերը

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն Հաստատությանը և մյուս մասնակից պետություններին, անմիջականորեն կամ Հաստատության միջոցով, տեղյակ է պահում իր այն իրավասու մարմինների և հաղորդակցման կետերի մասին, որոնք լիազորված են դիմելու օգնության խնդրանքով կամ ստանալու խնդրանք և ընդունելու օգնության առաջարկություններ։ Նման հաղորդակցման կետերը և Հաստատության կենտրոնական կետը գործում են մշտական հիմունքով։

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն Հաստատությանն անհապաղ տեղեկացնում է 1-ին կետում նշված տեղեկատվության ցանկացած փոփոխության մասին։

3. Հաստատությունը մասնակից պետություններին, անդամ պետություններին և համապատասխան միջազգային կազմակերպություններին կանոնավոր կերպով և առանց ձգձգումների տրամադրում է 1-ին և 2-րդ կետերում նշված տեղեկատվությունը։

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Հաստատության գործառույթները

 

Մասնակից պետությունները, 1-ին հոդվածի 3-րդ կետին համապատասխան և առանց սույն Կոնվենցիայի մյուս դրույթներին խոչընդոտելու, Հաստատությունից խնդրում են.

ա) հավաքել և մասնակից պետություններին ու անդամ պետություններին բաշխել տեղեկատվություն՝

i. այն փորձագետների, սարքավորման և նյութերի վերաբերյալ, որոնք կարող են հատկացվել միջուկային վթարների կամ ռադիացիոն արտակարգ իրադրությունների դեպքում,

ii. միջուկային վթարների կամ ռադիացիոն արտակարգ իրադրությունների դեպքում պատասխան միջոցների կապակցությամբ հետազոտությունների մեթոդաբանության, տեխնոլոգիայի և առկա արդյունքների վերաբերյալ,

բ) աջակցել մասնակից պետությանը կամ անդամ պետությանը, երբ խնդրանք է ներկայացվում հետևյալ ցանկացած կամ այլ համապատասխան հարցի կապակցությամբ՝

i. միջուկային վթարների և ռադիացիոն արտակարգ իրադրությունների դեպքում ինչպես արտակարգ ծրագրերի, այնպես էլ համապատասխան օրենսդրության մշակում,

ii. միջուկային վթարներին և ռադիացիոն արտակարգ իրադրություններին առնչվող անձնակազմի պատրաստման համապատասխան ծրագրերի մշակում,

iii. միջուկային վթարի կամ ռադիացիոն արտակարգ իրադրության դեպքում օգնության խնդրանքի և համապատասխան տեղեկատվության փոխանցում,

iv. ռադիացիոն վերահսկողության համապատասխան ծրագրերի, ընթացակարգերի և ստանդարտների մշակում,

v. ռադիացիոն վերահսկողության համապատասխան համակարգերի ստեղծման հնարավորության հետազոտությունների անցկացում,

գ) միջուկային վթարի կամ ռադիացիոն արտակարգ իրադրության դեպքում օգնություն հայցող մասնակից պետությանը կամ անդամ պետությանը հատկացնել վթարի կամ արտակարգ իրադրության սկզբնական գնահատականի նպատակի համար նախատեսված համապատասխան միջոցներ,

դ) միջուկային վթարի կամ ռադիացիոն արտակարգ իրադրության դեպքում մասնակից պետություններին և անդամ պետություններին առաջարկել իր բարի ծառայությունները,

ե) համապատասխան տեղեկատվություն ու տվյալներ ստանալու և դրանք փոխանակելու նպատակով կապ հաստատել ու պահպանել համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ և այդ կազմակերպությունների ցուցակը տրամադրել մասնակից պետություններին, անդամ պետություններին և վերոհիշյալ կազմակերպություններին։

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Խորհրդապահությունը և հրապարակային հայտարարությունները

 

1. Հայցող պետությունը և օգնություն տրամադրող կողմը պահպանում են խորհրդապահական ցանկացած տեղեկատվության խորհրդապահությունը, որը միջուկային վթարի կամ ռադիացիոն արտակարգ իրադրության դեպքում տրամադրվելիք օգնության կապակցությամբ հայտնի է դառնում կողմերից որևէ մեկին։ Այդպիսի տեղեկատվությունն օգտագործվում է բացառապես այն օգնության նպատակներով, որի շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն։

2. Օգնություն տրամադրող կողմը, մինչև միջուկային վթարի կամ ռադիացիոն արտակարգ իրադրության կապակցությամբ տրամադրված օգնության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը, այդ հարցը համաձայնեցնում է հայցող պետության հետ։

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Ծախսերի հատուցումը

 

1. Օգնություն տրամադրող պետությունը կարող է հայցող պետությանն առաջարկել անհատույց օգնություն։ Այդպիսի հիմունքներով օգնություն տրամադրելու հարցը քննարկելիս օգնություն տրամադրող կողմը հաշվի է առնում.

ա) միջուկային վթարի կամ ռադիացիոն արտակարգ իրադրության բնույթը,

բ) միջուկային վթարի կամ ռադիացիոն արտակարգ իրադրության առաջացման վայրը,

գ) զարգացող երկրների կարիքները,

դ) միջուկային կայանքներ չունեցող երկրների հատուկ կարիքները, և

ե) դրան առնչվող ցանկացած այլ գործոն։

2. Այն դեպքում, երբ օգնությունը տրամադրվում է ծախսերի լրիվ կամ մասնակի հատուցման հիման վրա, ապա հայցող պետությունը հատուցում է օգնություն տրամադրած կողմի այն ծախսերը, որոնք կապված են այդ պետության անունից գործող անձանց կամ կազմակերպությունների մատուցած ծառայությունների հետ, ինչպես նաև բոլոր այն ծախսերը, որոնք կապված են օգնության տրամադրման հետ այն ծավալով, որքանով այդ ծախսերն անմիջականորեն չեն վճարվում հայցող պետության կողմից։ Եթե այլ պայմանավորվածություն չկա, ապա հատուցումը տրամադրվում է օգնություն տրամադրող կողմից՝ հայցող պետությանը ծախսերը հատուցելու համար պահանջ ներկայացնելուց անմիջապես հետո, և, տեղական ծախսերից բացի, այլ ծախսերի կապակցությամբ հատուցումը հանդիսանում է ազատորեն փոխանցվող։

3. Առանց 2-րդ կետին խոչընդոտելու՝ օգնություն տրամադրող կողմը կարող է ցանկացած ժամանակ հրաժարվել լրիվ կամ մասնակի հատուցումից կամ տարկետել այն։ Այդպիսի հրաժարումը կամ տարկետումը քննության առնելիս օգնություն տրամադրող կողմերը հարկ եղած ուշադրությունն են հատկացնում զարգացող երկրների պահանջմունքներին։

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Արտոնությունները, անձեռնմխելիությունը և առանձնաշնորհները

 

1. Հայցող պետությունն օգնություն տրամադրող կողմի և նրա անունից գործող անձնակազմին տրամադրում է՝ օգնության ցույց տալու գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ արտոնություններ, անձեռնմխելիություն և առանձնաշնորհներ։

2. Հայցող պետությունն օգնություն տրամադրող կողմի կամ նրա անունից գործող անձնակազմին, որի մասին պատշաճ կարգով ծանուցվել է հայցող պետությանը և որն ընդունվել է այդ պետության կողմից, տրամադրում է հետևյալ արտոնություններն ու անձեռնմխելիությունը.

ա) իրենց պարտականությունները կատարելու հետ կապված գործողությունների կամ անգործության կապակցությամբ՝ անձեռնմխելիություն ձերբակալումից, կալանավորումից և հայցող պետության դատական քննությունից, ներառյալ՝ քրեական, քաղաքացիական և վարչական իրավազորությունը, և

բ) օգնություն տրամադրելու իրենց գործառույթների կատարման կապակցությամբ՝ ազատում հարկերից, տուրքերից և մյուս գանձումներից, բացառությամբ այնպիսիներից, որոնք սովորաբար ներառվում են ապրանքների արժեքի կամ մատուցված ծառայությունների վճարի մեջ։

3. Հայցող պետությունը.

ա) օգնություն տրամադրող պետությանն ազատում է նրա կողմից օգնության նպատակով իր տարածք բերված սարքավորման և գույքի համար գանձվող հարկերից, տուրքերից կամ այլ վճարներից, և

բ) անձեռնմխելիություն է տրամադրում այդպիսի սարքավորման և գույքի բռնագրավումից, կալանքից կամ առգրավումից։

4. Հայցող պետությունն ապահովում է այդպիսի սարքավորման և գույքի վերադարձը։ Օգնություն տրամադրող կողմի խնդրանքով հայցող պետությունն, իր հնարավորությունների սահմաններում, նախքան սարքավորումը վերադարձնելը, կազմակերպում է հետագա օգտագործման համար պիտանի այն սարքավորման անհրաժեշտ ճառագայթազերծումը, որն օգտագործվել է օգնություն տրամադրելիս։

5. Հայցող պետությունն աջակցում է 2-րդ կետի համաձայն ծանուցված անձնակազմի, ինչպես նաև օգնության մեջ ընդգրկված սարքավորման ու գույքի մուտքին իր պետական տարածք, այդտեղ գտնվելուն և այդ տարածքից մեկնելուն։

6. Սույն հոդվածում ոչինչ հայցող պետությունից չի պահանջում նախորդ կետերում նախատեսված արտոնություններն ու անձեռնմխելիությունը տրամադրել իր քաղաքացիներին կամ այնտեղ մշտապես բնակվող անձանց։

7. Առանց խոչընդոտելու արտոնություններին և անձեռնմխելիությանը՝ այդ արտոնություններից և անձեռնմխելիությունից սույն հոդվածի համաձայն բոլոր օգտվողները պարտավոր են հարգել հայցող պետության օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը։ Նրանք պարտավոր են նաև չմիջամտել հայցող պետության ներքին գործերին։

8. Սույն հոդվածում ոչինչ չի խոչընդոտում այլ միջազգային համաձայնագրերի կամ սովորութային միջազգային իրավունքի նորմերի համաձայն տրամադրված արտոնությունների և անձեռնմխելիության հետ կապված իրավունքներին ու պարտականություններին։

9. Սույն Կոնվենցիան ստորագրելիս, վավերացնելիս, ընդունելիս, հաստատելիս կամ դրան միանալիս պետությունը կարող է հայտարարել, որ ինքն իր համար ամբողջությամբ կամ մասամբ պարտադիր չի համարում 2 և 3-րդ կետերը։

10. 9-րդ կետին համապատասխան հայտարարություն կատարած մասնակից պետությունը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել այդ հայտարարությունից՝ ավանդապահին ծանուցելու միջոցով։

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Անձնակազմի, սարքավորման և գույքի տարանցումը

 

Յուրաքանչյուր մասնակից պետություն, հայցող պետության կամ օգնություն տրամադրող կողմի խնդրանքով, ձգտում է նպաստել օգնության համար հայցող պետություն մտնող և այնտեղից դուրս եկող ու պատշաճորեն ծանուցված անձնակազմի, սարքավորման և գույքի տարանցմանն իր տարածքով։

 

Հ ո դ վ ա ծ 10

 

Պահանջները և փոխհատուցումը

 

1. Մասնակից պետությունները սերտորեն համագործակցում են՝ նպաստելու համար դատական քննությունների և պահանջների լուծմանը սույն հոդվածի համաձայն։

2. Եթե չկա այլ պայմանավորվածություն, ապա հայցող պետությունը հայցվող օգնության տրամադրման ընթացքում իր տարածքում կամ իր իրավազորության կամ վերահսկողության ներքո գտնվող տարածքում անձանց պատճառված մահվան կամ վնասվածքի, գույքի վնասման կամ կորստի կամ շրջակա միջավայրին վնաս պատճառելու կապակցությամբ՝

ա) հայց չի հարուցում օգնություն տրամադրող կողմի կամ նրա անունից գործող ֆիզիկական անձանց կամ այլ իրավաբանական անձանց դեմ,

բ) ստանձնում է երրորդ կողմի՝ օգնություն տրամադրող կողմին կամ նրա անունից գործող ֆիզիկական անձանց կամ այլ իրավաբանական անձանց դեմ ներկայացրած հայցերի և պահանջների հետ կապված պատասխանատվությունը,

գ) ապահովում է օգնություն տրամադրող կողմի կամ նրա անունից գործող ֆիզիկական անձանց կամ այլ իրավաբանական անձանց անձեռնմխելիությունը (b) ենթակետում նշված հայցերի և պահանջների կապակցությամբ,

դ) օգնություն տրամադրող կողմին կամ նրա անունից գործող ֆիզիկական անձանց կամ այլ իրավաբանական անձանց տրամադրում է փոխհատուցում.

i. օգնություն տրամադրող կողմի անձնակազմի կամ նրա անունից գործող ֆիզիկական անձանց մահվան կամ վնասվածքի համար,

ii. օգնության տրամադրման հետ կապված չսպառվող սարքավորման և նյութերի կորստի կամ դրանց վնաս պատճառելու համար,

բացառությամբ մահ, վնասվածք, կորուստ կամ վնաս պատճառած անձանց դիտավորյալ անօրինական վարքագծի դեպքերի։

3. Սույն հոդվածը չի խոչընդոտում այն փոխհատուցմանը կամ հատուցմանը, որ նախատեսվում է կիրառելի ցանկացած միջազգային համաձայնագրով կամ ցանկացած պետության ներպետական օրենսդրությամբ։

4. Սույն հոդվածում ոչինչ հայցող պետությունից չի պահանջում 2-րդ կետն ամբողջությամբ կամ մասամբ կիրառել իր քաղաքացիների կամ այնտեղ մշտապես բնակվող անձանց նկատմամբ։

5. Սույն Կոնվենցիան ստորագրելիս, վավերացնելիս, ընդունելիս, հաստատելիս կամ դրան միանալիս պետությունը կարող է հայտարարել՝

ա) որ ինքն իր համար պարտադիր չի համարում 2-րդ կետը՝ ամբողջությամբ կամ մասամբ,

բ) որ ինքը 2-րդ կետն ամբողջությամբ կամ մասամբ չի կիրառի առանձին անձանց կոպիտ անզգուշության հետևանքով պատճառված մահվան, վնասվածքի, կորստի կամ վնասի դեպքերում։

6. 5-րդ կետին համապատասխան հայտարարություն կատարած մասնակից պետությունը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել դրանից՝ ավանդապահին ծանուցելու միջոցով։

 

Հ ո դ վ ա ծ 11

 

Օգնության դադարեցումը

 

Հայցող պետությունը կամ օգնություն տրամադրող կողմը, համապատասխան խորհրդատվություններից հետո և գրավոր ծանուցման միջոցով, կարող են դիմել սույն Կոնվենցիայի համաձայն ստացվող կամ տրամադրվող օգնությունը դադարեցնելու խնդրանքով։ Այդպիսի խնդրանքի դեպքում շահագրգիռ կողմերը միմյանց հետ խորհրդակցում են օգնության պատշաճ ավարտի համար պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով։

 

Հ ո դ վ ա ծ 12

 

Հարաբերությունն այլ միջազգային համաձայնագրերի հետ

 

Սույն Կոնվենցիան չի շոշափում մասնակից պետությունների՝ սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ գործող միջազգային պայմանագրերով կամ սույն Կոնվենցիայի առարկային ու նպատակին համապատասխան կնքվելիք ապագա միջազգային պայմանագրերով սահմանված փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները։

 

Հ ո դ վ ա ծ 13

 

Վեճերի կարգավորումը

 

1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ մասնակից պետությունների միջև կամ մասնակից պետության և Հաստատության միջև ծագած վեճի դեպքում կողմերն անցկացնում են խորհրդատվություններ՝ վեճը բանակցությունների միջոցով կամ վեճերի կարգավորման նրանց համար ընդունելի ցանկացած խաղաղ եղանակով լուծելու նպատակով։

2. Եթե մասնակից պետությունների միջև նման բնույթի վեճը 1-ին կետին համապատասխան խորհրդատվություններ անցկացնելու մասին խնդրանքի ստացվելուց հետո մեկ տարվա ընթացքում չի կարգավորվում, ապա վեճին մասնակից ցանկացած կողմի խնդրանքով վեճը հանձնվում է արբիտրաժի կամ ուղարկվում է Միջազգային դատարան՝ որոշում ընդունելու համար։ Վեճն արբիտրաժի հանձնելու դեպքում, եթե խնդրանքի ստացվելու պահից վեց ամսվա ընթացքում վիճող կողմերը չեն կարողանում համաձայնության գալ արբիտրաժի կազմավորման շուրջ, ապա ցանկացած կողմ կարող է Միջազգային դատարանի նախագահին կամ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին խնդրել՝ նշանակելու մեկ կամ ավելի միջնորդ դատավոր։ Վեճին մասնակցող կողմերի հակասական խնդրանքների դեպքում նախապատվությունը տրվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված դիմումին։

3. Սույն Կոնվենցիան ստորագրելիս, վավերացնելիս, ընդունելիս, հաստատելիս կամ միանալիս պետությունը կարող է հայտարարել, որ ինքն իր համար պարտադիր չի համարում վեճի կարգավորման՝ 2-րդ կետով նախատեսված կամ մեկ, կամ երկու ընթացակարգերը։ Մյուս մասնակից պետությունների համար վեճի կարգավորման՝ 2-րդ կետով նախատեսված որևէ ընթացակարգ պարտադիր չէ այն մասնակից կողմի նկատմամբ, որի նման հայտարարությունն ուժի մեջ է։

4. 3-րդ կետին համապատասխան հայտարարություն կատարած մասնակից պետությունը կարող է ցանկացած ժամանակ հրաժարվել այդ հայտարարությունից՝ ավանդապահին ծանուցելու միջոցով։

 

Հ ո դ վ ա ծ 14

 

Ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման բոլոր պետությունների, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Նամիբիայի խորհրդի կողմից ներկայացված Նամիբիայի համար Ատոմային էներգիայի միջազգային հաստատության կենտրոնակայանում, Վիեննայում, և Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում, Նյու Յորքում, համապատասխանաբար, 1986թ. սեպտեմբերի 26-ից և 1986թ. հոկտեմբերի 6-ից՝ մինչև Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը կամ տասներկու ամսվա ընթացքում՝ պայմանավորված նրանով, թե որ ժամկետն է ավելի երկար։

2. Պետությունը, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Նամիբիայի խորհրդի կողմից ներկայացված Նամիբիան կարող են սույն Կոնվենցիայի՝ իրենց համար պարտադիր լինելու համաձայնությունն արտահայտել այն ստորագրելու միջոցով, կամ վավերացման, ընդունման կամ հաստատման ենթակա ստորագրումից հետո վավերագիրը, միանալու կամ հաստատելու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու, կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու միջոցով։ Վավերագրերը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահին։

3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երեք պետությունների կողմից սույն Կոնվենցիայի՝ իրենց համար պարտադիր լինելու համաձայնությունն արտահայտելուց երեսուն օր անց։

4. Իր համար սույն Կոնվենցիայի պարտադիր լինելու համաձայնությունը սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո արտահայտած յուրաքանչյուր պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում համաձայնության արտահայտումից երեք ամիս անց։

5. ա) Սույն Կոնվենցիան միանալու համար բաց է, ինչպես նախատեսված է սույն հոդվածով, այն միջազգային կազմակերպությունների և ինքնիշխան պետությունների կազմավորված տարածաշրջանային ինտեգրացիոն կազմակերպությունների համար, որոնք իրավասու են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի շուրջ բանակցելու, միջազգային համաձայնագրեր կնքելու և կիրառելու ոլորտում,

բ) իրենց իրավասությանը պատկանող հարցերում այդ կազմակերպություններն իրենց իսկ անունից իրականացնում են այն իրավունքները և կատարում այն պարտականությունները, որոնցով սույն Կոնվենցիան օժտում է մասնակից պետություններին,

գ) միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս նման Կազմակերպությունն ավանդապահին ուղարկում է հայտարարություն՝ նշելով սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի կապակցությամբ այդ Կազմակերպության իրավասության շրջանակները,

դ) նման Կազմակերպությունը չունի որևէ ձայն ի լրումն իր անդամ պետությունների ձայների։

 

Հ ո դ վ ա ծ 15

 

Ժամանակավոր կիրառումը

 

Պետությունը կարող է, ստորագրելիս կամ ավելի ուշ ցանկացած ժամանակ, մինչև իր համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը, հայտարարել, որ ինքը սույն Կոնվենցիան կիրառելու է ժամանակավորապես։

 

Հ ո դ վ ա ծ 16

 

Փոփոխություններն ու լրացումները

 

1. Մասնակից պետությունը կարող է առաջարկել սույն Կոնվենցիայի փոփոխություններ ու լրացումներ։ Առաջարկված փոփոխությունն ու լրացումն ուղարկվում են ավանդապահին, որն անմիջապես այն առաքում է մյուս բոլոր մասնակից պետություններին։

2. Եթե մասնակից պետությունների մեծամասնությունն ավանդապահից պահանջում է առաջարկված փոփոխություններն ու լրացումները քննության առնելու նպատակով հրավիրել խորհրդաժողով, ապա ավանդապահը բոլոր մասնակից պետություններին հրավիրում է նման խորհրդաժողովի, որն սկսվում է հրավերներն ուղարկելուց հետո երեսուն օրից ոչ շուտ։ Խորհրդաժողովում բոլոր մասնակից պետությունների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ ընդունված ցանկացած փոփոխություն ու լրացում ձևակերպվում է արձանագրությամբ, որը բաց է ստորագրման բոլոր մասնակից պետությունների համար, Վիեննայում և Նյու Յորքում։

3. Արձանագրությունն ուժի մեջ է մտնում երեք պետությունների կողմից իրենց համար դրա պարտադիր լինելու համաձայնությունն արտահայտելուց երեսուն օր անց։ Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո իր համար դրա պարտադիր լինելու համաձայնությունն արտահայտած յուրաքանչյուր պետության համար արձանագրությունն ուժի մեջ է մտնում այդ համաձայնության արտահայտումից երեսուն օր անց։

 

Հ ո դ վ ա ծ 17

 

Չեղյալ հայտարարելը

 

1. Մասնակից պետությունը կարող է սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել՝ ավանդապահին գրավոր ծանուցելու միջոցով։

2. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից ծանուցման ստացվելուց մեկ տարի անց։

 

Հ ո դ վ ա ծ 18

 

Ավանդապահը

 

1. Սույն Կոնվենցիայի ավանդապահն է Հաստատության Գլխավոր տնօրենը։

2. Հաստատության Գլխավոր տնօրենը մասնակից պետություններին և մյուս բոլոր պետություններին անհապաղ ծանուցում է.

ա) սույն Կոնվենցիայի կամ փոփոխության և լրացման ցանկացած արձանագրության յուրաքանչյուր ստորագրման մասին,

բ) սույն Կոնվենցիայի կամ փոփոխության և լրացման ցանկացած արձանագրության առնչությամբ յուրաքանչյուր վավերագիր, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին,

գ) 8, 10 և 13-րդ հոդվածներին համապատասխան կատարված ցանկացած հայտարարության կամ այդպիսի հայտարարությունից հրաժարվելու մասին,

դ) 15-րդ հոդվածին համապատասխան՝ սույն Կոնվենցիայի ժամանակավոր կիրառման վերաբերյալ ցանկացած հայտարարության մասին,

ե) սույն Կոնվենցիայի և նրա ցանկացած փոփոխության ու լրացման ուժի մեջ մտնելու մասին, և

զ) 17-րդ հոդվածին համապատասխան՝ ցանկացած չեղյալ հայտարարման մասին։

 

Հ ո դ վ ա ծ 19

 

Նույնական տեքստերը և հաստատված պատճենները

 

Սույն Կոնվենցիայի բնագիրը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարապես նույնական են, ի պահ է հանձնվում Ատոմային էներգիայի միջազգային հաստատության Գլխավոր տնօրենին, որը հաստատված պատճեններն ուղարկում է մասնակից պետություններին և մյուս բոլոր պետություններին։

 

Ի հավաստումն որի՝ պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Կոնվենցիան, որը բաց է ստորագրման, ինչպես նախատեսված է 14-րդ հոդվածի 1-ին կետով։

 

Ընդունված է Ատոմային էներգիայի միջազգային հաստատության Գլխավոր խորհրդաժողովի կողմից Վիեննայի հատուկ նստաշրջանում հազար իննը հարյուր ութսունվեց թվականի սեպտեմբերի քսանվեցին։

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 24-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան