Գլխավոր տեղեկություն
Համար
N 806-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.07.2004-22.06.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.06.23/33(332) Հոդ.782
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.06.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

 9 հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2004 թվականի N 806-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 2
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 29-ի N 806-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը հանցավորության և այլ հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի, հասարակական կարգի ու անվտանգության ապահովման ոլորտում իր լիազորությունների սահմաններում մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ստեղծվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան։

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, ինչպես նաև դրոշ, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ։

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բաղկացած է կենտրոնական ապարատից և տարածքային մարմիններից՝ Երևան քաղաքի ու մարզային ոստիկանության վարչություններից և դրանց ենթակա ոստիկանության բաժիններից։

Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի մեջ են մտնում նաև ոստիկանության զորքերը, ոստիկանության ուսումնական հաստատությունները, ինչպես նաև ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացմանն օժանդակելու համար ստեղծված կազմակերպությունները։

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատը Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի գլխադասային կառույցն է, որը կազմված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետից, նրա տեղակալներից, խորհրդականներից և ճյուղային ծառայություններից (վարչություններից ու բաժիններից)։

7. Հայաստանի Հանրապետության ոստիկանության նպատակներն ու խնդիրներն են՝

ա) հանցավոր և այլ հակաիրավական ոտնձգություններից անձի կյանքի և առողջության, իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության ապահովումը.

բ) հասարակության և պետության շահերի պաշտպանության ապահովումը.

գ) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

դ) իր իրավասության սահմաններում հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերման, բացահայտման աշխատանքների, հետաքննության, նախաքննության կազմակերպումն ու իրականացումը.

ե) հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովումը.

զ) սեփականության բոլոր ձևերի պաշտպանության ապահովումը.

է) Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ծառայությունների, մարմինների, ոստիկանության զորքերի, ուսումնական հաստատությունների ու կազմակերպությունների ղեկավարումը, գործունեության համակարգումը և նորմատիվ-իրավական բազայի կատարելագործումը.

ը) Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում օրինականության ամրապնդումը, կադրերի հետ իրականացվող աշխատանքների կատարելագործումը, նրանց մասնագիտական պատրաստականության բարձրացումը, ոստիկանության ծառայողների ու ոստիկանության զորքերի զինծառայողների իրավական և սոցիալական պաշտպանվածության ապահովումը.

թ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի նյութատեխնիկական բազայի ամրապնդումն ու զարգացումը.

ժ) գիտության և տեխնիկայի նվաճումների կիրառման, առաջավոր փորձի ներդրման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

ժա) օրենքով սահմանված այլ խնդիրների իրականացումը։

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) մարդու իրավունքների և ազատությունների, սեփականության բոլոր ձևերի պաշտպանության, հասարակական կարգի ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի գործունեության հիմնական ուղղությունների որոշում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ծառայությունների, տարածքային մարմինների, ոստիկանության զորքերի, ուսումնական հաստատությունների ու կազմակերպությունների գործունեության համակարգում և վերահսկում, հանցավորության դեմ պայքարի բնագավառում պետական ծրագրերի մշակմանն ու իրագործմանը մասնակցություն.

բ) հանցավորության վիճակի վերլուծության իրականացում, քրեածին իրավիճակի զարգացման երկարաժամկետ և օպերատիվ կանխատեսումների մշակում, ինչի հիման վրա Հայաստանի Հանրապետության իշխանության մարմիններ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ օրինականության ամրապնդման, հասարակական կարգի ու հասարակական անվտանգության ապահովման, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման վերաբերյալ.

գ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ծառայությունների, մարմինների, ոստիկանության զորքերի, ուսումնական հաստատությունների ու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարման ապահովում.

դ) հանցագործությունների և այլ իրավախախտումների գրանցման ու հաշվառման կազմակերպում ու իրականացում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ծառայություններում և մարմիններում այդ աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացում, վերջիններիս օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերլուծություն և այն աշխատանքների արդյունավետության բարձրացման գործում օգտագործելը.

ե) իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրարկման պրակտիկայի ընդհանրացում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի գործունեության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության իշխանության մարմիններ ներկայացնելը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի գործունեությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստում, իր գործունեության նորմատիվային կանոնակարգում և իրավական ապահովում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ծառայություններին, մարմիններին, ոստիկանության զորքերին, ուսումնական հաստատություններին ու կազմակերպություններին գործնական և մեթոդական օգնություն ցույց տալը.

զ) հանցագործությունների դեմ պայքարի, հասարակական կարգի ու հասարակական անվտանգության ապահովման գործում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, այդ թվում՝ իրավապահ մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ համագործակցություն.

է) իր իրավասության սահմաններում` օպերատիվ-հետախուզական և փորձաքրեագիտական գործունեության, հետաքննության, նախաքննության կազմակերպում ու իրականացում, ինչպես նաև հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկման ապահովում.

ը) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայությունների ու տարածքային մարմինների կողմից իրականացվող կանխարգելիչ գործունեության ապահովում, ինչպես նաև հանցագործությունների պատճառների և նպաստող պայմանների վերհանում, ուսումնասիրություն ու դրանց վերացման համար միջոցների ձեռնարկում.

թ) հանցագործություն կատարած և հետաքննության, նախաքննության ու դատական մարմիններից թաքնվող, քրեական պատասխանատվությունից և պատիժը կրելուց խուսափող, անհայտ կորած անձանց, ինչպես նաև հափշտակված գույքի հետախուզման կազմակերպում և իրականացում, չճանաչված դիակների ինքնության պարզում.

ժ) իր իրավասության սահմաններում` կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի, դրա ռազմավարական ուղղությունների և մարտավարության մեխանիզմների մշակման ու իրականացման, տվյալ բնագավառներում միջազգային համագործակցության ապահովում.

ժա) թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կազմակերպում և համակարգում, միջազգային պայմանագրերի հիման վրա թմրամիջոցների, հոգեմետ, խիստ ներգործող և թունավոր նյութերի, ինչպես նաև դրանց բաղադրիչների օրինական շրջանառության նկատմամբ հսկողության իրականացում.

ժբ) միջազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտում, իր լիազորությունների իրականացման հետ մեկտեղ, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին աջակցելը, քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի հետ համագործակցելը.

ժգ) ահաբեկչության, մաքսանենգության դեմ պայքարի, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության, Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների անվտանգության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության միջոցառումների իրականացմանը մասնակցություն.

ժդ) ձերբակալված, կալանավորված ու ազատազրկման դատապարտված անձանց պահպանության, անվտանգության, փոխադրման և ուղեկցման, օրենքով նախատեսված դեպքերում՝ դատարանների, հետաքննության ու նախաքննության մարմինների որոշումների կատարման, ինչպես նաև օրենքով ոստիկանության մարմինների իրավասությանը վերապահված վարչական տույժերի իրականացման ապահովում.

ժե) պետական պահպանության ծառայության գործունեության ղեկավարում, պետական պահպանության ենթակա, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող այլ օբյեկտների ու գույքի պահպանության և անձանց պաշտպանության ապահովում, այդ թվում` պայմանագրային հիմունքներով.

ժզ) դատավորների, դատախազների, քննիչների, դատական ակտերի հարկադիր կատարողների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի պաշտոնատար անձանց, տուժողների, վկաների, մեղադրյալների, պաշտպանների ու քրեական դատավարությանն աջակցող այլ անձանց, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականների կյանքը, առողջությունը և (կամ) գույքը պաշտպանելու համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցների ձեռնարկում.

ժէ) ոստիկանության մարմինների կողմից լիցենզավորման ենթակա գործունեության, աշխատանքների (ծառայությունների) համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաներ, թույլտվություններ տալու (ուժը կորցրած ճանաչելու), ինչպես նաև զենքի, ռազմամթերքի, ռադիոակտիվ, հրագործական արտադրատեսակների, արդյունագործական նշանակության պայթուցիկ նյութերի, կնիքների և դրոշմակնիքների շրջանառության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացում.

ժը) պետական ավտոմոբիլային տեսչության ղեկավարում, ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման կազմակերպում, դրանց մասին նախազգուշացման համար իր իրավասության սահմաններում միջոցների ձեռնարկում, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, երթևեկության կանոնների, չափանիշների, տեխնիկական նորմերի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության իրականացում, ավտոտրանսպորտային միջոցների, դրանց կցորդների պետական գրանցման, հաշվառման ու տեխնիկական զննման կազմակերպում և իրականացում, քաղաքացիներից ավտոտրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության քննությունների ընդունում և նրանց վարորդական իրավունքի ազգային ու միջազգային վկայականներ տալը.

ժթ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրավորման, հաշվառման, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու, տարածքում գտնվելու, տարանցիկ տեղաշարժվելու, տարածքից դուրս գալու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայությունների ու մարմինների գործունեության կազմակերպում և դրա նկատմամբ հսկողության իրականացում.

ի) Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրա մի մասում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման ուղղությամբ պետական միասնական միջոցառումների իրականացմանը, համաճարակների ժամանակ կարանտին միջոցառումների անցկացմանը մասնակցելը.

իա) քաղաքացիների սահմանադրական իրավունքները, հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով` օրենքով սահմանված կարգով հատուկ միջոցառումների կազմակերպում և իրականացում.

իբ) տեխնածին և տարերային աղետների, խոշոր վթարների ու հրդեհների, զանգվածային անկարգությունների, այլ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, ինչպես նաև միջտարածքային, այլ հատուկ միջոցառումների ժամանակ բնակչության փրկության, առանց հսկողության մնացած գույքի պահպանության և հասարակական կարգի ապահովման աշխատանքներում Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ծառայողների ու զինծառայողների ներգրավում.

իգ) զորահավաքային առաջադրանքների և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման կազմակերպում, ռազմական դրության պայմաններում և խաղաղ ժամանակ ծագած արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ծառայությունների, մարմինների, ուսումնական հաստատությունների, ոստիկանության զորքերի մարտունակության բարձրացման համալիր միջոցառումների մշակում և իրականացում.

իդ) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի մասնակցության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում.

իե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական հաշվառումների, օպերատիվ, հետախուզական, քրեագիտական, վիճակագրական և այլ տեղեկատվական շտեմարանների կազմավորում ու օգտագործում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայությունների, մարմինների և շահագրգիռ պետական գերատեսչությունների ու կազմակերպությունների տեղեկատվական սպասարկում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում վիճակագրության կազմակերպում.

իզ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում հատուկ տեխնիկայի, կապի և կառավարման ավտոմատացված համակարգերի զարգացում ու կատարելագործում.

իէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպում և վերահսկում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի կադրերի ընտրության, տեղաբաշխման, դաստիարակության, ատեստավորման, վերապատրաստման (որակավորման բարձրացման) աշխատանքների իրականացում, գիտության, տեխնիկայի նվաճումների և դրական փորձի` Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում ներդրման ապահովում.

իը) Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի գործունեության անվտանգությունն ապահովող միջոցառումների կազմակերպում և իրականացում.

իթ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների և զինծառայողների գործունեության օրինականության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում օրինականության խախտման դեպքերի հայտնաբերման, բացահայտման ու կանխարգելման միջոցառումների իրականացում.

լ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի գործավարության ու արխիվային գործի կազմակերպում և իրականացում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

լա) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների, զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգից կենսաթոշակի անցած անձանց առողջության պահպանման կանխարգելիչ-բժշկական, առողջարանային-կուրորտային, վերականգնողական համալիր միջոցառումների մշակում և իրականացում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բժշկական հիմնարկների գործունեության կազմակերպում.

լբ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացմանն օժանդակելու համար ստեղծված կազմակերպությունների գործունեության համակարգում.

լգ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ու նրա ենթակայության ստորաբաժանումների ֆինանսական գործունեության նախահաշիվների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում և փոփոխում, գանձապետական, բյուջետային, արտաբյուջետային և այլ հաշիվների վարում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում հաշվապահական հաշվառման վարման, պահպանման ծախսերի նախահաշիվների տնտեսագիտական հիմնավորման, դրամական ու նյութական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման, ներքին աուդիտի գործունեության, աշխատանքի վարձատրության, կենսաթոշակների նշանակման ու վճարման կազմակերպման ապահովում.

լդ) Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնված գույքի տիրապետում, տնօրինում և օգտագործում.

լե) Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգը համազգեստով, կապի, հատուկ և տրանսպորտային միջոցներով, մարտական ու հատուկ տեխնիկայով, սպառազինությամբ, ռազմամթերքով և այլ նյութատեխնիկական միջոցներով ապահովում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի նյութատեխնիկական բազայի ամրապնդում ու զարգացում.

լզ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազորություններով պայմանավորված ծառայությունների կամ գործողությունների դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գանձումների նկատմամբ հսկողության իրականացում.

լէ) հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման հարցերով Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի գործունեության լուսաբանման ու իրավական քարոզչության կազմակերպում, այդ նպատակով հրատարակչական գործունեության իրականացում` շաբաթաթերթի, տեղեկագրերի և այլ նյութերի հրատարակում, հեռուստատեսային և ռադիոծրագրերի պատրաստում.

լը) քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի գործունեությանը վերաբերող հարցերով զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ու հաղորդումների քննարկման և համապատասխան որոշումների ընդունման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում.

լթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքում, իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը մասնակցելը, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ոստիկանական կառույցների հետ փոխհամագործակցելը.

խ) իր իրավասությանը վերապահված այլ գործառույթների իրականացում։

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեությունն իրականացվում է միանձնյա և կենտրոնացված կառավարման միջոցով։

10. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ։

11. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետն ունի մեկ առաջին տեղակալ և տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում ու պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջարկությամբ:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալն է։

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալը և տեղակալները համակարգում ու ղեկավարում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից իրենց հանձնարարված բնագավառների աշխատանքները և անմիջական պատասխանատվություն են կրում այդ բնագավառների գործունեության համար։

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետն ունի խորհրդականներ, որոնք համակարգում են աշխատանքները Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի առանձին կարևորություն ներկայացնող ոլորտներում։

12. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

13. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը կազմակերպում ու վերահսկում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը վերապահված խնդիրների ու գործառույթների իրականացումը, պատասխանատու է իր իրավասության բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար։

14. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին։

15. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը՝

ա) կազմակերպում և ղեկավարում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեությունը, պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի առջև դրված խնդիրների իրականացման համար.

բ) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված բյուջետային հատկացումների (այդ թվում` արտարժութային) կարգադրիչը և հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանման ծախսերի նախահաշիվները.

գ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններում։ Իր լիազորությունների սահմաններում վարում է բանակցություններ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում պայմանագրեր և ստորագրում արձանագրություններ։ Նշված գործառույթները Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից իրականացնելու համար կարող է լիազորել Հայաստանի Հանրապետության ոստիկանության առանձին ծառայողների.

դ) կատարում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալների և խորհրդականների միջև գործառույթների բաշխում.

ե) սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունների, տարածքային մարմինների, ոստիկանության զորքերի, ուսումնական հաստատությունների և Հայաստանի Հանրապետության ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացմանն օժանդակելու համար ստեղծված կազմակերպությունների և դրանց ղեկավարների գործառույթների շրջանակը.

զ) օրենքով սահմանված կարգով արձակում է նորմատիվ կամ անհատական բնույթի հրամաններ, որոնց կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի համար։ Կազմակերպում է դրանց կատարումը և իրականացնում վերահսկողություն։

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործադիր իշխանության այլ մարմինների ղեկավարների հետ արձակում է համատեղ հրամաններ.

է) դադարեցնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալների, կենտրոնական ապարատի ծառայությունների, տարածքային մարմինների, ոստիկանության զորքերի, ուսումնական հաստատությունների և Հայաստանի Հանրապետության ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացմանն օժանդակելու համար ստեղծված կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը հակասող իրավական ակտերի գործողությունը.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կառուցվածքում և հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

թ) հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունների, տարածքային մարմինների, ոստիկանության զորքերի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացմանն օժանդակելու համար ստեղծված կազմակերպությունների կանոնադրությունները, կառուցվածքը, հաստիքացուցակները.

ժ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի գործունեությանը վերաբերող կարևորագույն հարցերի քննարկման, առանձին բնագավառներում առկա խնդիրների լուծման նպատակով կարող է ստեղծել խորհրդակցական մարմիններ, հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր և այլն, որոշում է դրանց անհատական կազմերը, գործունեության շրջանակներն ու իրավասությունների սահմանները.

ժա) նախագահում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդակցական մարմնի նիստերը, վարում է իր մոտ հրավիրված օպերատիվ խորհրդակցությունները.

ժբ) միջազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման նպատակով այլ պետությունների ոստիկանական կառույցների ղեկավարների հետ համատեղ կարող է ստեղծել կոլեգիալ կառավարման մարմիններ, ապահովում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության մասնակցությունը նշված մարմինների աշխատանքներին.

ժգ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեությանն ու աշխատանքի կազմակերպմանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծեր և առաջարկություններ, մասնակցում է Հայաստանի Հանրապետության օրենսդիր ու գործադիր իշխանության մարմիններում Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգին վերաբերող հարցերի քննարկմանը.

ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը.

ժե) Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում իրականացնում է կադրային քաղաքականություն.

ժզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծառայության է ընդունում Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում, իր իրավասության սահմաններում պաշտոնի է նշանակում, տեղափոխում այլ պաշտոնի և պաշտոնից ազատում ավագ ու գլխավոր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին, զինծառայողներին և քաղաքացիական ծառայողներին.

ժէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է ոստիկանության և զինվորական ավագ, գլխավոր կոչումներ, Հայաստանի Հանրապետության Նախագահին միջնորդություն է ներկայացնում ոստիկանության և զինվորական բարձրագույն կոչումներ, ինչպես նաև քաղաքացիական ծառայության 1-ին և 2-րդ դասերի պետական խորհրդականի դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ.

ժը) լիազորում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության առանձին վարչությունների պետերին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում կրտսեր խմբի պաշտոնում նշանակելու, կոչում շնորհելու, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից ազատելու, վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու, ինչպես նաև ոստիկանության ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին ու քաղաքացիական ծառայողներին՝ նույն խմբում այլ պաշտոնի փոխադրելու իրավասություններով.

ժթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին, զինծառայողներին, քաղաքացիական ծառայողներին և վարձու աշխատողներին.

ի) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին, զինծառայողներին, քաղաքացիական ծառայողներին, վարձու աշխատողներին ու քաղաքացիներին պարգևատրելու հրազենով և սառը զենքով.

իա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին, զինծառայողներին, քաղաքացիական ծառայողներին ու վարձու աշխատողներին Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ.

իբ) հիմնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեդալներ, կրծքանշաններ, պատվոգիր և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» կոչում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին ու զինծառայողներին պարգևատրում կամ շնորհում է դրանք, իսկ Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիական ծառայողներին, վարձու աշխատողներին և քաղաքացիներին՝ պարգևատրում մեդալով ու պատվոգրով.

իգ) օրենքով սահմանված կարգով որոշում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների, զինծառայողների, քաղաքացիական ծառայողների և վարձու աշխատողների համատեղությամբ աշխատանքի պայմանները.

իդ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին և զինծառայողներին թույլատրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս գալ Հայաստանի Հանրապետության սահմաններից.

իե) կատարում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների, զինծառայողների, քաղաքացիական ծառայողների, վարձու աշխատողների և քաղաքացիների ընդունելություն.

իզ) կազմակերպում է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների, զինծառայողների և քաղաքացիական ծառայողների զեկուցագրերի քննարկում.

իէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան՝ իրականացնում է այլ գործառույթներ։

16. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալներից մեկը։

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՒՅՔԸ

 

17. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, պայմանագրային հիմունքներով իրականացված ծառայությունների դիմաց մուտքերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։

18. Հայաստանի Հանրապետության ոստիկանության գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության ոստիկանության կնքած գործարքներով ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության ոստիկանության տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի կառավարման իրավասություն։

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու Հայաստանի Հանրապետության ոստիկանության գույքը։

19. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։

20. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը։

21. Հայաստանի Հանրապետության ոստիկանության գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ֆինանսական, հաշվապահական ու ներքին աուդիտի ծառայությունները, գործում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի անմիջական ենթակայությամբ և իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ։


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան