Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Base act (10.10.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/5(13)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
23.09.1971
Ստորագրման ամսաթիվ
23.09.1971
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2002

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները`

համարելով, որ քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված ապօրինի գործողությունները սպառնում են անձանց և գույքի անվտանգությանը, լրջորեն խանգարում են օդային հաղորդակցությունը և խախտում են աշխարհի ժողովուրդների հավատը քաղաքացիական ապահովության նկատմամբ,

համարելով, որ այդպիսի գործողությունների ի հայտ գալը լուրջ մտավախությունների տեղիք է տալիս,

համարելով, որ այդպիսի գործողությունների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է անհապաղ կերպով ձեռնարկել համապատասխան միջոցներ` հանցագործներին պատժելու համար,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ 1

 

1. Ցանկացած անձ հանցագործություն է կատարում, եթե նա ապօրինաբար և կանխամտածված.

ա/ բռնության գործողություն է իրականացնում թռիչք կատարող օդանավի մեջ գտնվող որևէ անձի նկատմամբ, եթե այդ գործողությունը կարող է վտանգել օդանավի անվտանգությունը, կամ

բ/ ավերում է շահագործման մեջ գտնվող օդանավը կամ դրան պատճառում է այնպիսի վնաս, որի հետևանքով օդանավը շարքից դուրս է գալիս կամ վտանգվում է թռիչքի ընթացքում դրա անվտանգությունը,

գ/ շահագործման մեջ գտնվող օդանավի մեջ որևէ եղանակով տեղադրում է, կամ տեղադրմանը բերող գործողություններ է իրականացնում, սարք կամ նյութ, որը կարող է ավերել այդ օդանավը կամ դրան պատճառել այնպիսի վնաս, որը կարող է վտանգել օդանավի անվտանգությունը թռիչքի ընթացքում,

դ/ ավերում կամ վնասում է օդային նավագնացային սարքավորումները կամ միջամտություն է գործում դրանց աշխատանքի մեջ, եթե այդպիսի գործողությունը կարող է վտանգել օդանավի անվտանգությունը թռիչքի ընթացքում,

ե/ հայտնում է ակնհայտ կեղծ տեղեկություններ, դրանով իսկ վտանգելով օդանավի անվտանգությունը թռիչքի ընթացքում:

2. Ցանկացած անձ հանցագործություն է կատարում նաև, երբ նա.

ա/ փորձ է կատարում գործել սույն հոդվածի 1-ին կետում նշված հանցագործություններից որևէ մեկը,

բ/ հանդիսանում է այն անձի մեղսակիցը, որը փորձ է կատարում գործել ցանկացած այդպիսի մի հանցագործություն:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Սույն Կոնվենցիայի իմաստով.

ա/ օդանավը համարվում է թռիչքի մեջ գտնվող բեռնումից հետո դրա բոլոր դռների փակման պահից մինչև այդ դռներից ցանկացած մեկի բացումը բեռնաթափման նպատակով. հարկադրված վայրէջքի դեպքում թռիչքը համարվում է շարունակվող մինչև համապատասխան իրավասու մարմինները պատասխանատվություն չստանձնեն օդանավի և դրա մեջ գտնվող անձանց և գույքի նկատմամբ,

բ/ օդանավը համարվում է շահագործման մեջ ցամաքային սպասարկող անձնակազմի կամ օդանավի անձնակազմի կողմից այն որոշակի թռիչքի նախապատրաստելու պահից մինչև ցանկացած վայրէջքից հետո քսանչորս ժամը լրանալը. շահագործումը ցանկացած դեպքում շարունակվում է օդանավի ողջ թռիչքի ընթացքում, ինչպես այն սահմանված է սույն հոդվածի «ա» կետով:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պարտավորվում է խիստ պատժամիջոցներ կիրառել 1-ին հոդվածում նշված հանցագործությունների համար:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

1. Սույն Կոնվենցիան չի կիրառվում զինված ուժերի, մաքսային և ոստիկանական ծառայությունների կողմից շահագործվող օդանավերի նկատմամբ:

2. 1-ին հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «ե» ենթակետերով նախատեսված դեպքերում, սույն Կոնվենցիան կիրառվում է անկախ նրանից, թե օդանավը միջազգային թռիչք է իրականացնում, թե թռիչքը իրականացվում է ներքին ավիաուղիներով, եթե միայն.

ա/ օդանավի թռիչքի կամ վայրէջքի սահմանված կամ ենթադրվող վայրը գտնվում է այդ օդանավի գրանցման Պետության տարածքից դուրս, կամ

բ/ հանցագործությունը կատարվել է օդանավի գրանցման Պետության տարածքից դուրս` այլ Պետության տարածքում:

3. Անկախ սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներից, 1-ին հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «ե» ենթակետերով նախատեսված դեպքերում սույն Կոնվենցիան կիրառվում է նաև, երբ փաստացի կամ ենթադրվող հանցագործը գտնվում է օդանավի գրանցման Պետության տարածքից դուրս` այլ Պետության տարածքում:

4. 9-րդ հոդվածում նշված Պետությունների նկատմամբ և 1-ին հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «ե» ենթակետերով նախատեսված դեպքերում սույն Կոնվենցիան չի կիրառվում, եթե սույն հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում նշված վայրերը գտնվում են 9-րդ հոդվածում նշված Պետություններից որևէ մեկի տարածքում, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստացի կամ ենթադրվող հանցագործը գտնվում է որևէ այլ Պետության տարածքում:

5. 1-ին հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերում, սույն Կոնվենցիան կիրառվում է միայն, եթե օդային նավագնացային սարքավորումներն օգտագործվում են միջազգային օդային նավագնացության համար:

6. Սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը կիրառվում են նաև 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել այդ Պետության իրավազորությունը հանցագործության նկատմամբ սահմանելու համար, հետևյալ դեպքերում.

ա/ երբ հանցագործությունը կատարվել է տվյալ Պետության տարածքում,

բ/ երբ հանցագործությունը կատարվել է տվյալ Պետության գրանցում ունեցող օդանավի մեջ կամ ուղղված է եղել դրա դեմ,

գ/ երբ օդանավը, որի մեջ կատարվել է հանցագործությունը, վայրէջք է իրականացնում այդ Պետության տարածքում և ենթադրվող հանցագործը դեռ գտնվում է օդանավի մեջ,

դ/ երբ հանցագործությունը կատարվել է այնպիսի օդանավի մեջ, կամ ուղղված է եղել այնպիսի օդանավի դեմ, որը վարձակալության է տրվել որևէ վարձակալի, որի գործունեության հիմնական վայրը կամ, վերջինիս բացակայության դեպքում, մշտական բնակության վայրը գտնվում է տվյալ Պետության տարածքում:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել այդ Պետության իրավազորությունը 1-ին հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում, ինչպես նաև 1-ին հոդվածի 2-րդ կետում նշված հանցագործությունների նկատմամբ սահմանելու համար` այնքանով, որքանով այդ կետը առնչություն ունի այդ հանցագործությունների հետ` այն դեպքերում, երբ ենթադրվող հանցագործը գտնվում է այդ Պետության տարածքում, և վերջինս չի հանձնում այդ հանցագործին 8-րդ հոդվածով սահմանված կարգով սույն հոդվածի 1-ին կետում նշված Պետություններից որևէ մեկին:

3. Սույն Կոնվենցիան չի բացառում ցանկացած քրեական իրավազորության իրականացումը ազգային օրենսդրության դրույթներին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

1. Հավաստիանալով, որ այդ հանգամանքները պահանջում են, յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն, որի տարածքում է գտնվում փաստացի կամ ենթադրվող հանցագործը, վերջինիս կալանքի տակ է առնում կամ ձեռնարկում է իր ներկայությունն ապահովող այլ միջոցներ: Կալանքի տակ առնելը և այդ միջոցներն իրականացվում են տվյալ Պետության օրենսդրությանը համապատասխան, սակայն դրանց իրականացումը կարող է շարունակվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է քրեադատավարական միջոցառումների կամ հանձնման իրականացման համար:

2. Այդ Պետությունն անմիջապես ձեռնարկում է փաստերի նախաքննություն:

3. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան կալանքի տակ գտնվող ցանկացած անձի ցուցաբերվում է անհրաժեշտ օժանդակություն այն Պետության համապատասխան ներկայացուցչի հետ կապ հաստատելու համար, որի քաղաքացին է նա հանդիսանում:

4. Երբ Պետությունը սույն հոդվածին համապատասխան անձին կալանքի տակ է առնում, այն անմիջապես 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված Պետություններին, կալանքի տակ առնված անձի քաղաքացիության Պետությանը, ինչպես նաև, եթե նպատակահարմար է գտնում, այլ շահագրգիռ Պետություններին տեղեկացնում է այդ անձին կալանքի տակ առնելու փաստի և կալանքի տակ առնելու հիմքերի մասին: Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված նախաքննությունն իրականացնող Պետությունը անհապաղ հայտնում է իր կողմից ի հայտ բերված տվյալների մասին վերը նշված Պետություններին և նշում է իրավազորություն իրականացնելու իր մտադրության մասին:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Այն Պայմանավորվող պետությունը, որի տարածքում է գտնվում ենթադրվող հանցագործը, վերջինիս չհանձնելու դեպքում, պարտավոր է, առանց որևէ բացառությունների և անկախ այն հանգամանքից, որ հանցագործությունը կատարվել է իր տարածքում, գործը փոխանցել իր համապատասխան իրավասու մարմիններին` քրեական հետապնդման նպատակով: Այդ մարմինների կողմից որոշումն ընդունվում է նույն կարգի համաձայն, ինչ լուրջ բնույթ կրող ցանկացած սովորական հանցագործության դեպքում տվյալ Պետության օրենսդրության համաձայն ընդունված որոշումը:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

1. Հանցագործությունները համարվում են հանձնման մասին Պայմանավորվող պետությունների միջև գործող ցանկացած համաձայնագրում ներառման ենթակա` որպես հանձնում առաջացնող հանցագործություններ: Պայմանավորվող պետությունները պարտավորվում են ներառել միմյանց միջև կնքվող հանձնման մասին ցանկացած համաձայնագրում բոլոր այն հանցագործությունները, որոնք առաջացնում են հանձնում:

2. Եթե Պայմանավորվող պետություններից որևէ մեկը, հանձնումը հիմնավորելով համապատասխան համաձայնագրի առկայությամբ, հանձնման դիմում է ստանում մեկ այլ Պայմանավորվող պետությունից, որի հետ նա հանձնման մասին համաձայնագիր չունի, այն կարող է սույն Կոնվենցիան ընդունել որպես հանձնման համար բավարար իրավական հիմք նշված հանցագործությունների դեպքում: Հանձնումն իրականացվում է այն Պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով, որին ուղղված է հանձնման մասին դիմումը:

3. Այն Պայմանավորվող պետությունները, որոնք հանձնումը չեն հիմնավորում համապատասխան համաձայնագրի առկայությամբ, նշված հանցագործությունները միմյանց միջև ճանաչում են որպես հանցագործություններ, որոնք կարող են առաջացնել հանձնում, որն իրականացվում է այն Պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով, որին ուղղված է հանձնման մասին դիմումը:

4. Պայմանավորվող պետությունները հանձնման նպատակների համար յուրաքանչյուր հանցագործություն դիտարկում են այնպես, իբր այն կատարվել է ոչ միայն դրա կատարման վայրում, այլ նաև այլ Պետությունների տարածքում, որոնք պարտավոր են սահմանել իրենց իրավազորությունը` 5-րդ հոդվածի «բ», «գ» և «դ» կետերի դրույթներին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Այն Պայմանավորվող պետությունները, որոնք հիմնադրում են օդային տրանսպորտային համատեղ շահագործող կազմակերպություններ կամ համատեղ կամ միջազգային գրանցման ենթակա օդանավերի շահագործման միջազգային գործակալություններ, համապատասխան կերպով յուրաքանչյուր օդանավի համար իրենց թվից նշանակում են մի Պետություն, որը և իրականացնում է իրավազորությունը և սույն Կոնվենցիայի իմաստով հանդես է գալիս որպես գրանցման Պետություն, և այդ մասին ծանուցում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը, որն այդ ծանուցումը փոխանցում է սույն Կոնվենցիայի բոլոր մասնակից պետություններին:

 

Հ ո դ վ ա ծ 10

 

1. Պայմանավորվող պետությունները միջազգային իրավունքի նորմերին և իրենց օրենսդրության դրույթներին համապատասխան ձգտում են ձեռնարկել 1-ին հոդվածում նշված հանցագործությունների կանխարգելմանն ուղղված բոլոր իրագործելի միջոցները:

2. Եթե 1-ին հոդվածում նշված որևէ հանցագործության կատարման հետևանքով թռիչքը հետաձգվում կամ դադարեցվում է, Պայմանավորվող պետությունը, որի տարածքում է գտնվում օդանավը, դրա ուղևորները կամ անձնակազմը, օժանդակում է դրա, ուղևորների և անձնակազմի ընթացքը հնարավորինս շուտ վերսկսելուն և շարունակելուն և առանց հետաձգումների օրինական սեփականատերերին է վերադարձնում օդանավը և դրա մեջ գտնվող բեռը:

 

Հ ո դ վ ա ծ 11

 

1. Պայմանավորվող պետությունները միմյանց ցուցաբերում են հնարավորինս ամբողջական իրավական աջակցություն նշված հանցագործությունների նկատմամբ իրականացվող քրեադատավարական միջոցառումների իրականացման գործում: Բոլոր դեպքերում կիրառվում է այն Պետության օրենսդրությունը, որին ուղղվում է դիմումը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն ազդում ցանկացած այնպիսի երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի դրույթների վրա, որոնք կարգավորում կամ կարգավորելու են քրեական գործերով փոխադարձ իրավական աջակցության ցուցաբերումը:

 

Հ ո դ վ ա ծ 12

 

Ցանկացած Պայմանավորվող պետություն, որը հիմքեր ունի ենթադրելու, որ կարող է կատարվել 1-ին հոդվածում նշված որևէ հանցագործություն, իր ազգային օրենդրությամբ նախատեսված կարգով իր մոտ առկա բոլոր համապատասխան տվյալները տրամադրում է այն Պետություններին, որոնք իր կարծիքով կարող են համարվել 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված Պետություններ:

 

Հ ո դ վ ա ծ 13

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն, իր ազգային օրենսդրությանը համապատասխան, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Խորհրդին, հնարավորինս սեղմ ժամկետներում, հայտնում է իր մոտ առկա հետևյալ տվյալները.

ա/ հանցագործության կատարման հանգամանքները,

բ/ 10-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան իրականացված գործողությունները,

գ/ փաստացի կամ ենթադրվող հանցագործի նկատմամբ կիրառված միջոցները, մասնավորապես` հանձնման հետ կապված միջոցառումների իրականացման արդյունքները և ձեռնարկված այլ իրավական գործողությունները:

 

Հ ո դ վ ա ծ 14

 

1. Եթե երկու կամ ավելի Պայմանավորվող պետությունների միջև սույն Կոնվենցիայի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հարցերի վերաբերյալ ծագած տարաձայնությունների կարգավորումը բանակցությունների միջոցով անհնար է, ապա, վեճի մեջ ընդգրկված ցանկացած Պետության դիմումի համաձայն, այն ենթակա է փոխանցման իրավարարության: Եթե իրավարարության մասին դիմումը ներկայացնելու պահից վեց ամսվա ընթացքում Կողմերը իրավարարության կազմակերպման հարցերի վերաբերյալ համաձայնություն ձեռք չեն բերում, ապա այդ Կողմերից ցանկացած մեկի դիմումի համաձայն վեճի մասին գործը կարող է փոխանցվել Միջազգային դատարան` վերջինիս Կանոնադրությամբ սահմանված կարգով:

2. Յուրաքանչյուր Պետություն, սույն Կոնվենցիան ստորագրելիս, վավերացնելիս կամ դրան միանալիս, կարող է հայտարարություն անել այն մասին, որ նախորդ կետի դրույթներով իրեն պարտավորված չի համարում: Այլ Պայմանավորվող պետություններն այդպիսի վերապահում կատարած Պայմանավորվող պետության հետ իրենց հարաբերությունների մեջ նույնպես պարտավորված չեն նշված կետի դրույթներով:

3. Նախորդ կետին համապատասխան վերապահում կատարած Պայմանավորվող պետությունը կարող է ցանկացած պահին այն չեղյալ հայտարարել` այդ մասին ծանուցելով ավանդապահ պետություններին:

 

Հ ո դ վ ա ծ 15

 

1. Սույն Կոնվենցիան բաց է լինելու ստորագրման համար 1971 թվականի սեպտեմբերի 21-ին Մոնրեալում, 1971 թվականի սեպտեմբերի 8-ից 23-ը Մոնրեալում կայացած Օդային իրավունքի միջազգային համաժողովի /այսուհետ` Մոնրեալի համաժողով/ մասնակից պետությունների կողմից: 1971 թվականի հոկտեմբերի 10-ից Կոնվենցիան բացվելու է բոլոր պետությունների կողմից ստորագրման համար Մոսկվայում, Լոնդոնում և Վաշինգտոնում: Ցանկացած պետություն, որը չի ստորագրի սույն Կոնվենցիան մինչև սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված դրա ուժի մեջ մտնելու ժամկետը, կարող է դրան միանալ ցանկացած պահին:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման այն ստորագրած Պետությունների կողմից: Վավերագրերը և միանալու մասին ակտերը ի պահ են հանձնվում Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարություններին, որոնք սույնով սահմանվում են որպես ավանդապահ պետություններ:

3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն ստորագրած Մոնրեալի համաժողովի մասնակից տասը Պետությունների կողմից վավերագրերն ի պահ հանձնելու պահից երեսուներորդ օրը:

4. Այլ Պետությունների համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում կամ սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից, կամ էլ վավերագիրը կամ միանալու մասին ակտը ի պահ հանձնելու պահից երեսուներորդ օրը` կախված նրանից, թե որն ավելի վաղ տեղի կունենա:

5. Ավանդապահ պետություններն անմիջապես ծանուցում են բոլոր ստորագրած և միացած Պետություններին յուրաքանչյուր ստորագրման, վավերագրի կամ միանալու մասին ակտն ի պահ հանձնելու, սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվերի մասին և բոլոր այլ բնույթի ծանուցումների մասին:

6. Ուժի մեջ մտնելուն պես սույն Կոնվենցիան ենթակա է գրանցման ավանդապահ պետությունների կողմից` Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածի և Միջազգային քաղաքացիական ավիացիայի Կոնվենցիայի /Չիկագո, 1944թ./ 83-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ 16

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան` ավանդապահ պետություններին այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով:

2. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ավանդապահ պետությունների կողմից նշված ծանուցումն ստանալու օրվանից վեց ամիս հետո:

 

Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալ ներկայացուցիչները, իրենց Կառավարությունների կողմից օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

 

Կատարված է Մոնրեալում 1971 թվականի սեպտեմբերի 23-ին, երեք բնօրինակից` յուրաքանչյուրը ռուսերեն, անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի հոկտեմբերի 10-ին: