Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Base act (23.04.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/5(13)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
14.09.1963
Ստորագրման ամսաթիվ
14.09.1963
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2003

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա


ՕԴԱՆԱՎԵՐԻ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՈՐՈՇԱԿԻ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

Գլուխ 1

 

Կոնվենցիայի կիրառման ոլորտը

 

Հ ո դ վ ա ծ 1

 

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է.

ա/ քրեական հանցագործությունների նկատմամբ,

բ/ այնպիսի գործողությունների նկատմամբ, որոնք, անկախ նրանից, հանցագործություն են դրանք հանդիսանում, թե ոչ, կարող են վտանգել կամ վտանգում են օդանավի, դրա մեջ գտնվող անձանց կամ գույքի անվտանգությունը, ինչպես նաև այնպիսի գործողությունների նկատմամբ, որոնք վտանգում են կարգուկանոնի պահպանումը օդանավի մեջ:

2. Բացառությամբ 3-րդ գլխով նախատեսված դեպքերի, սույն Կոնվենցիան կիրառվում է այն հանցագործությունների կամ գործողությունների նկատմամբ, որոնք անձի կողմից կատարվել են որևէ Պայմանավորվող պետության գրանցում ունեցող օդանավի մեջ` այդ օդանավի թռիչքի ընթացքում, բաց ծովի մակերեսին կամ Պետության տարածքից դուրս` որևէ այլ տարածքի մակերեսին գտնվելիս:

3. Սույն Կոնվենցիայի իմաստով, օդանավը համարվում է թռիչքի մեջ գտնվող վերսլացքի նպատակով շարժիչը միացնելու պահից մինչև վազքի ավարտը վայրէջքի ժամանակ:

4. Սույն Կոնվենցիան չի կիրառվում զինված ուժերի, մաքսային և ոստիկանական ծառայությունների կողմից շահագործվող օդանավերի նկատմամբ:

 

Հ ո դ վ ա ծ 2

 

Առանց 4-րդ հոդվածի դրույթները խախտելու և այն դեպքերում, երբ օդանավի կամ դրա մեջ գտնվող անձանց կամ գույքի անվտանգությունն է դա պահանջում, սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես քաղաքական բնույթի քրեական հանցագործությունների, կամ ռասայական կամ կրոնական խտրականության վրա հիմնված քրեական հանցագործությունների նկատմամբ որևէ միջոցներ նախատեսող կամ թույլատրող:

 

 

Գլուխ 2

 

Իրավազորություն

 

Հ ո դ վ ա ծ  3

 

1. Օդանավի գրանցման Պետությունը իրավասու է իր իրավազորությունն իրականացնել այդ օդանավի մեջ կատարված հանցագործությունների և գործողությունների նկատմամբ:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել որպես օդանավի գրանցման Պետություն` իր իրավազորությունը այդ օդանավի մեջ կատարված հանցագործության նկատմամբ սահմանելու համար:

3. Սույն Կոնվենցիան չի բացառում ցանկացած քրեական իրավասության իրականացումը ազգային օրենսդրության դրույթներին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Գրանցման պետություն չհանդիսացող Պայմանավորվող պետությունը չի կարող արգելքներ հարուցել թռիչք իրականացնող օդանավի նկատմամբ` այդ օդանավի մեջ կատարված հանցագործության նկատմամբ իր իրավազորությունն իրականացնելու նպատակով, բացառությամբ հետևյալ դեպքերի.

ա/ հանցագործությունը կարող է հետևանքներ ունենալ այդ Պետության տարածքում,

բ/ հանցագործությունը կատարվել է այդ պետության քաղաքացու կողմից կամ այդ պետության քաղաքացու դեմ, կամ այդ պետության տարածքում մշտապես բնակվող անձի կողմից կամ այդպիսի անձի դեմ,

գ/ հանցագործությունն ուղղված է այդ Պետության անվտանգության դեմ,

դ/ հանցագործությունը կայանում է այդ Պետությունում գործող` օդանավերի թռիչքների և շարժերի վերաբերյալ կանոնների կամ կանոնակարգերի խախտման մեջ,

ե/ իրավազորության իրականացումն անհրաժեշտ է բազմակողմ միջազգային համաձայնագրով սահմանված այդ Պետության ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու համար:

 

Գլուխ 3

 

Օդանավի հրամանատարի լիազորությունները

 

Հ ո դ վ ա ծ  5

 

1. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում այնպիսի հանցագործությունների և գործողությունների նկատմամբ, որոնք անձի կողմից կատարվել կամ կատարման համար նախապատրաստվել են գրանցման Պետության օդային տարածքում, բաց ծովի վրա կամ ցանկացած պետության տարածքից դուրս գտնվող շրջանի վրա թռիչք իրականացնող օդանավի մեջ, եթե թռիչքի վերջին կետը կամ վայրէջքի հաջորդ նախանշված կետը գտնվում է գրանցման Պետության տարածքից դուրս` այլ Պետությունում, կամ եթե օդանավը շարունակում է թռիչքը գրանցման Պետության տարածքից դուրս` այլ Պետությունում, և նշված անձը շարունակ գտնվում է օդանավի մեջ:

2. Անկախ 1-ին հոդվածի 3-րդ կետի դրույթներից, օդանավը համարվում է թռիչքի մեջ բեռնումից հետո դրա բոլոր դռների փակման պահից մինչև այդ դռներից ցանկացած մեկի բացումը բեռնաթափման նպատակով: Հարկադրված վայրէջքի դեպքում սույն գլխի դրույթները շարունակում են գործել օդանավի մեջ կատարված հանցագործությունների և գործողությունների նկատմամբ` մինչև համապատասխան իրավասու մարմինները պատասխանատվություն չստանձնեն օդանավի և դրա մեջ գտնվող անձանց և գույքի նկատմամբ:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

1. Եթե օդանավի հրամանատարը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ անձն օդանավի մեջ կատարել է կամ պատրաստվում է կատարել 1-ին հոդվածի 1-ին կետով սահմանված հանցագործություն կամ գործողություններ, նա կարող է նպատակահարմար միջոցներ ձեռնարկել` ներառյալ սահմանափակիչ միջոցները, որոնք անհրաժեշտ են.

ա/ օդանավի, դրա մեջ գտնվող անձանց կամ գույքի անվտագությունն ապահովելու համար,

բ/ օդանավի մեջ կարգուկանոնի և կարգապահության պահպանման համար,

գ/ նրան այդ անձին իրավասու մարմիններին հանձնելու կամ, սույն գլխի դրույթներին համապատասխան, առաջինս օդանավից իջեցնելու հնարավորություն տալու համար:

2. Օդանավի հրամանատարը կարող է պահանջել անձնակազմի այլ անդամներից կամ դրանց թույլատրել օգնություն ցուցաբերել, իսկ ուղևորներին թույլատրել, բայց դրանցից չպահանջել օգնություն ցուցաբերել ցանկացած այն անձի նկատմամբ սահմանափակիչ միջոցներ կիրառելու համար, որի նկատմամբ նա իրավունք ունի այդպիսի միջոցներ կիրառելու: Անձնակազմի ցանկացած անդամ կամ ցանկացած ուղևոր կարող է ձեռնարկել նպատակահարմար կանխարգելիչ միջոցներ առանց այդպիսի պահանջի կամ թույլտվության, եթե նա բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ այդ միջոցները խիստ անհապաղ են և անհրաժեշտ են օդանավի, դրա մեջ գտնվող անձանց կամ գույքի անվտանգության ապահովման համար:

 

Հ ո դ վ ա ծ 7

 

1. 6-րդ հոդվածին համապատասխան անձի նկատմամբ կիրառվող սահմանափակիչ միջոցները չեն կիրառվում ցանկացած այնպիսի կետի տարածքից դուրս, որտեղ օդանավը վայրէջք է կատարում, բացառությամբ այն դեպքերի, երբ.

ա/ այդ կետը գտնվում է սույն Կոնվենցիայի մասնակից չհանդիսացող պետության տարածքում և այդ պետության իրավասու մարմինները չեն թույլատրում իջեցնել այդ անձին օդանավից, կամ եթե այդ միջոցները կիրառվել են 6-րդ հոդվածի 1գ կետին համապատասխան` իրավասու մարմիններին այդ անձի հանձնումն ապահովելու նպատակով,

բ/ օդանավը պարտադրված վայրէջք է կատարում, և հրամանատարը ի վիճակի չի այդ անձին հանձնել իրավասու մարմիններին, կամ

գ/ այդ անձը համաձայնում է, որ թռիչքը շարունակվի` իր նկատմամբ սահմանափակիչ միջոցների կիրառմամբ:

2. Այն օդանավի հրամանատարը, որի մեջ գտնվում է անձը, որի նկատմամբ, 6-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, սահմանափակիչ միջոցներ են կիրառվել, հնարավորինս սեղմ ժամկետում և, եթե հնարավոր է, մինչև որևէ պետության տարածքում վայրէջք կատարելը, տեղեկացնում է այդ պետության իրավասու մարմիններին այն մասին, որ օդանավի մեջ գտնվում է անձ, որի նկատմամբ կիրառվել են սահմանափակիչ միջոցներ և հայտնում է անձի նկատմամբ այդ միջոցների կիրառման պատճառները:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

1. Օդանավի հրամանատարը կարող է, որքանով դա անհրաժեշտ է 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի նպատակների համար, ցանկացած այն պետության տարածքում, որտեղ օդանավը վայրէջք է կատարում, իջեցնել ցանկացած անձի, որի նկատմամբ նա բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ նա օդանավի մեջ իրականացրել է կամ պատրաստվում է իրականացնել 1-ին հոդվածի 1բ կետով սահմանված գործողությունը:

2. Օդանավի հրամանատարը տեղեկացնում է այն պետության իրավասու մարմիններին, որի տարածքում նա, սույն հոդվածի դրույթներին համապատասխան իջեցնում է որևէ անձի, իջեցման փաստի և պատճառների մասին:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

1. Օդանավի հրամանատարը կարող է ցանկացած այն Պայմանավորվող պետության, որտեղ օդանավը վայրէջք է կատարում, իրավասու մարմիններին հանձնել ցանկացած անձի, եթե բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ այդ անձն օդանավի մեջ իրականացրել է այնպիսի գործողություն, որը, հրամանատարի կարծիքով, ծանր հանցագործություն է հանդիսանում` համաձայն օդանավի գրանցման պետության քրեական օրենսդրության:

2. Օդանավի հրամանատարը, հնարավորինս սեղմ ժամկետում, և, եթե հնարավոր է` մինչև Պայմանավորվող պետության տարածքում օդանավի վայրէջք կատարելն այն անձի հետ միասին, որին առաջինս մտադրված է հանձնել նախորդ կետի դրույթներին համապատասխան, այդ պետության իրավասու մարմիններին հայտնում է այդ անձին հանձնելու իր մտադրության և հանձնման պատճառների մասին:

3. Օդանավի հրամանատարը այն իրավասու մարմիններին, որոնց նա սույն հոդվածի դրույթներին համապատասխան հանձնում է ցանկացած ենթադրվող հանցագործի, տրամադրում է ապացույցներ և տեղեկություններ, որոնք առկա են իր մոտ օդանավի գրանցման պետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ 10

 

Օդանավի հրամանատարը, անձնակազմի որևէ անդամը, օդանավի սեփականատերը կամ շահագործողը, անձը, որի անունից իրականացվում է թռիչքը, անձի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի առնչությամբ վարվող դատաքննության ժամանակ որևէ պատասխանատվություն չեն կրում սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան այդ անձի նկատմամբ ձեռնարկված միջոցների համար:

 

 

Գլուխ 4

 

Օդանավի ապօրինի բռնագրավում

 

Հ ո դ վ ա ծ 11

 

1. Եթե օդանավի մեջ գտնվող որևէ անձ ուժի գործադրման կամ ուժ գործադրելու սպառնալիքի միջոցով ապօրինաբար բռնագրավում կամ հսկողության տակ է առնում թռիչք իրականացնող օդանավը, կամ պատրաստվում է այդպիսի գործողություն իրականացնել, Պայմանավորվող պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցներն օդանավի նկատմամբ օրինական հրամանատարի հսկողության վերականգնման կամ պահպանման համար:

2. Նախորդ հոդվածով նախատեսված դեպքերում Պայմանավորվող պետությունը, որի տարածքում վայրէջք է կատարում օդանավը, հնարավորինս սեղմ ժամկետում, այդ օդանավին և դրա անձնակազմին թույլ է տալիս շարունակել թռիչքը և օրինական սեփականատերերին է վերադարձնում օդանավը և դրա մեջ գտնվող բեռը:

 

 

Գլուխ 5

 

Պետությունների իրավունքներն ու պարտականությունները

 

Հ ո դ վ ա ծ 12

 

Պայմանավորվող պետությունը թույլ է տալիս այլ Պայմանավորվող պետության գրանցում ունեցող օդանավի հրամանատարին 8-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ցած իջեցնել ցանկացած անձի:

 

Հ ո դ վ ա ծ 13

 

1. Պայմանավորվող պետությունը ընդունում է օդանավի հրամանատարի կողմից 9-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան հանձնած ցանկացած անձի:

2. Հավաստիանալով, որ հանգամանքներն այդ պահանջում են, յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կալանքի տակ է առնում 11-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված գործողություն իրականացնելու մեջ կասկածի տակ գտնվող անձին կամ ձեռնարկում է այդ անձի, կամ իր կողմից ընդունված ցանկացած անձի ներկայությունն ապահովող այլ միջոցներ: Կալանքի տակ առնելը և այլ միջոցներն իրականացվում են տվյալ Պետության օրենսդրությանը համապատասխան, սակայն դրանց իրականացումը կարող է շարունակվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է քրեադատավարական միջոցառումների կամ հանձնման իրականացման համար:

3. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան կալանքի տակ գտնվող ցանկացած անձին ցուցաբերվում է անհրաժեշտ օժանդակություն այն Պետության համապատասխան ներկայացուցչի հետ կապ հաստատելու համար, որի քաղաքացին է նա հանդիսանում:

4. Այն Պայմանավորվող պետությունը, որին 9-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան հանձնվում է անձը կամ որի տարածքում օդանավը վայրէջք է կատարում 11-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված գործողության իրականացումից հետո, անմիջապես ձեռնարկում է փաստերի նախաքննություն:

5. Երբ Պետությունը սույն հոդվածին համապատասխան անձին կալանքի տակ է առնում, այն անմիջապես օդանավի գրանցման Պետությանը, կալանքի տակ առնված անձի քաղաքացիության Պետությանն, ինչպես նաև, եթե նպատակահարմար է գտնում, այլ շահագրգիռ Պետություններին տեղեկացնում է այդ անձին կալանքի տակ առնելու փաստի և կալանքի տակ առնելու հիմքերի մասին: Սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված նախաքննությունն իրականացնող Պետությունը անհապաղ հայտնում է իր կողմից ի հայտ բերված տվյալների մասին վերը նշված Պետություններին և նշում է իրավազորություն իրականացնելու իր մտադրության մասին:

 

Հ ո դ վ ա ծ 14

 

1. Եթե որևէ անձ ցած է իջեցվել 8-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան, կամ հանձնվել է 9-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան, կամ ցած է իջեցվել 11-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված գործողությունն իրականացնելուց հետո, և եթե նշված անձը չի կարող կամ չի ցանկանում շարունակել թռիչքը, և վայրէջքի պետությունը հրաժարվում է ընդունել նրան, այդ պետությունը կարող է, եթե տվյալ անձը վերջինիս քաղաքացի կամ վերջինիս տարածքում մշտապես բնակվող անձ չի հանդիսանում, վերադարձնել այդ անձին այն պետությանը, որի քաղաքացին է նա հանդիսանում կամ որի տարածքում մշտապես բնակվում է, կամ էլ այն պետության տարածք, որտեղ անձը սկսել էր թռիչքը:

2. Ցած իջեցնելը, հանձնումը, կալանքի տակ առնելը և 13-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ միջոցները, ինչպես նաև նշված անձին վերադարձնելը չի դիտվում որպես մուտքի թույլտվություն համապատասխան պետության տարածք համաձայն այդ պետության` անձանց մուտքի կամ մուտքի թույլտվության կարգը սահմանող օրենսդրության, և սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի ազդում տվյալ Պայմանավորվող պետության այն օրենսդրական դրույթների վրա, որոնք կարգավորում են իր տարածքից անձանց արտաքսումը:

 

Հ ո դ վ ա ծ 15

 

1. Առանց 14-րդ հոդվածի դրույթները խախտելու, ցանկացած անձ, որը ցած է իջեցվել 8-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան, կամ հանձնվել է 9-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան, կամ ցած է իջեցվել 11-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված գործողությունն իրականացնելուց հետո, և որը ցանկանում է շարունակել թռիչքը, կարող է հնարավորինս սեղմ ժամկետում շարունակել այն դեպի ցանկացած կետ` իր ընտրությամբ, պայմանով, որ իր ներկայությունը չի պահանջվում վայրէջքի պետության օրենսդրությամբ քրեադատավարական միջոցառումների կամ հանձնման իրականացման համար:

2. Առանց անձանց մուտքի կամ մուտքի թույլտվության, ինչպես նաև իր տարածքից անձանց հանձնման կամ արտաքսման կարգը սահմանող իր օրենսդրությունը խախտելու, Պայմանավորվող պետությունը, որի տարածքում անձը ցած է իջեցվել 8-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան, կամ հանձնվել է 9-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան, կամ ցած է իջել և գտնվում է 11-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված գործողությունն իրականացնելու կասկածի տակ, այդ անձի նկատմամբ` վերջինիս պաշտպանության և անվտանգության նպատակով, ցուցաբերում է ոչ պակաս բարյացակամ վերաբերմունք, ինչ այդպիսի Պայմանավորվող պետության քաղաքացիների նկատմամբ նման հանգամանքներում:

 

 

Գլուխ 6

 

Այլ դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ 16

 

1. Պայմանավորվող պետությունները հանձնման նպատակների համար, օդանավի մեջ կատարված հանցագործությունները դիտարկում է այնպես, իբր դրանք կատարվել է ոչ միայն դրանց կատարման վայրում, այլ նաև օդանավի գրանցման Պետությունների տարածքում:

2. Առանց նախորդ կետի դրույթները խախտելու, սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի դիտարկվում որպես հանձնման կատարումը պարտադրող:

 

Հ ո դ վ ա ծ 17

 

Հետաքննության և կալանքի տակ առնելու միջոցառումներն իրականացնելիս, ինչպես նաև օդանավի մեջ կատարված որևէ հանցագործության առնչությամբ իրենց իրավազորությունն իրականացնելիս, Պայմանավորվող պետությունները պատշաճ ուշադրություն են դարձնում օդային նավագնացության անվտանգության և այլ շահերի պահպանման անհրաժեշտությանը և գործում են այնպես, որ հնարավորինս խուսափեն օդանավի, դրա ուղևորների, անձնակազմի կամ բեռի չհիմնավորված ուշացումներից:

 

Հ ո դ վ ա ծ 18

 

Եթե Պայմանավորվող պետությունները հիմնադրում են օդային տրանսպորտային համատեղ շահագործող կազմակերպություններ կամ համատեղ կամ միջազգային գրանցման ենթակա օդանավերի շահագործման միջազգային գործակալություններ, այդ Պետությունները համապատասխան կերպով յուրաքանչյուր օդանավի համար իրենց թվից նշանակում են մի Պետություն, որը և իրականացնում է իրավազորությունը և սույն Կոնվենցիայի իմաստով հանդես է գալիս որպես գրանցման Պետություն, և այդ մասին ծանուցում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը, որն այդ ծանուցումը փոխանցում է սույն Կոնվենցիայի բոլոր անդամ պետություններին:

 

 

Գլուխ 7

 

Եզրափակիչ դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ 19

 

Մինչև 21-րդ հոդվածով սահմանված կարգով սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահը, այն բաց է ստորագրման համար ցանկացած պետության կողմից, որն այդ պահի դրությամբ հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության կամ դրա մասնագիտացված մարմիններից որևէ մեկի անդամ:

 

Հ ո դ վ ա ծ 20

 

1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման այն ստորագրած Պետությունների կողմից` վերջիններիս սահմանադրությամբ սահմանված կարգով:

2. Վավերագրերն ի պահ են հանձնվում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը:

 

Հ ո դ վ ա ծ 21

 

1. Սույն Կոնվենցիան` այն ստորագրած տասներկու Պետությունների կողմից վավերագրերը հանձնելուն պես, այդ Պետությունների համար ուժի մեջ է մտնում 12-րդ վավերագրի ի պահ հանձնման պահից 90-րդ օրը: Հետագայում այն վավերացնող յուրաքանչյուր Պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում տվյալ Պետության կողմից վավերագիրն ի պահ հանձնելու պահից 90-րդ օրը:

2. Ուժի մեջ մտնելուց հետո սույն Կոնվենցիան Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից գրանցվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի մոտ:

 

Հ ո դ վ ա ծ  22

 

1. Ուժի մեջ մտնելուց հետո սույն Կոնվենցիային միանալը բաց է լինելու Միավորված ազգերի կազմակերպության կամ դրա մասնագիտացված մարմիններից որևէ մեկի անդամ հանդիսացող ցանկացած պետության համար:

2. Պետության կողմից Կոնվենցիային միանալը կատարվում է միանալու մասին ակտը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն ի պահ հանձնելու միջոցով և ուժի մեջ է մտնում ի պահ հանձնելու պահից 90-րդ օրը:

 

Հ ո դ վ ա ծ  23

 

1. Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան` Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով:

2. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից նշված ծանուցումն ստանալու օրվանից վեց ամիս հետո:

 

Հ ո դ վ ա ծ  24

 

1. Եթե երկու կամ ավելի Պայմանավորվող պետությունների միջև սույն Կոնվենցիայի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հարցերի վերաբերյալ ծագած տարաձայնությունների կարգավորումը բանակցությունների միջոցով անհնար է, ապա, վեճի մեջ ընդգրկված ցանկացած Պետության դիմումի համաձայն, այն ենթակա է փոխանցման իրավարարության: Եթե իրավարարության մասին դիմումը ներկայացնելու պահից վեց ամսվա ընթացքում Կողմերը իրավարարության կազմակերպման հարցերի վերաբերյալ համաձայնություն ձեռք չեն բերում, ապա այդ Կողմերից ցանկացած մեկի դիմումի համաձայն վեճի մասին գործը կարող է փոխանցվել Միջազգային դատարան` վերջինիս կանոնադրությամբ սահմանված կարգով:

2. Յուրաքանչյուր Պետություն, սույն Կոնվենցիան ստորագրելիս, վավերացնելիս կամ դրան միանալիս, կարող է հայտարարություն անել այն մասին, որ նախորդ կետի դրույթներով իրեն պարտավորված չի համարում: Այլ Պայմանավորվող պետություններն այդպիսի վերապահում կատարած Պայմանավորվող պետության հետ իրենց հարաբերությունների մեջ նույնպես պարտավորված չեն նշված կետի դրույթներով:

3. Նախորդ կետին համապատասխան վերապահում կատարած Պայմանավորվող պետությունը կարող է ցանկացած պահին այն չեղյալ հայտարարել` այդ մասին ծանուցելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը:

 

Հ ո դ վ ա ծ  25

 

Բացառությամբ 24-րդ հոդվածով նախատեսված վերապահումների, սույն Կոնվենցիայի նկատմամբ այլ վերապահումներ արվել չեն կարող:

 

Հ ո դ վ ա ծ  26

 

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը Միավորված ազգերի կազմակերպության կամ դրա մասնագիտացված մարմիններից որևէ մեկի բոլոր անդամ պետություններին ծանուցում է.

ա/ սույն Կոնվենցիայի ստորագրման յուրաքանչյուր փաստի և ստորագրման ամսաթվի մասին,

բ/ յուրաքանչյուր վավերագրի կամ միանալու մասին ակտի ի պահ հանձնման փաստի և հանձնման ամսաթվի մասին,

գ/ 21-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,

դ/ չեղյալ հայտարարման մասին ծանուցում ստանալու յուրաքանչյուր փաստի և ծանուցումն ստանալու ամսաթվի մասին, և

ե/ 24-րդ հոդվածի համաձայն կատարված ցանկացած հայտարարության կամ ծանուցման ստացման յուրաքանչյուր փաստի և ստացման ամսաթվի մասին:

 

Ի հավաստումն որի, ներքոստորագրյալ ներկայացուցիչները, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

 

Կատարված է Տոկիոյում 1963 թվականի սեպտեմբերի 14-ին, երեք օրինակից, որոնք կազմված են անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

 

Սույն Կոնվենցիան ի պահ է հանձնվում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը, որտեղ այն, 19-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, բաց է լինելու ստորագրման համար, իսկ նշված Կազմակերպությունը Կոնվենցիայի հաստատված օրինակներն ուղարկում է Միավորված ազգերի կազմակերպության կամ դրա մասնագիտացված մարմինների անդամ հանդիսացող բոլոր պետություններին:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2003 թվականի ապրիլի 23-ից: