Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Base act (27.02.1996-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/5(13)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
09.09.1994
Ստորագրման ամսաթիվ
09.09.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.1996

Ե Վ Ր Ա Ս Ի Ա Կ Ա Ն   Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ր Ա Յ Ի Ն  Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները (այսուհետ` Պայմանավորվող պետություններ) ի դեմս իրենց Կառավարությունների,

ղեկավարվելով գյուտերի պահպանության բնագավառում համագործակցության ամրապնդման ցանկությամբ,

ձգտելով բոլոր Պայմանավորվող պետությունների տարածքներում գործող մեկ միասնական արտոնագրի հիման վրա ստեղծել նման պահպանություն ստանալու միջպետական համակարգ,

ցանկանալով այդ նպատակով կնքել Կոնվենցիա, որը «Արդյունաբերական սեփականության պահպանության» 1883 թվականի մարտի 20-ի Փարիզյան կոնվենցիայի 19-րդ հոդվածին համապատասխան իրենից առանձին համաձայնագիր է ներկայացնում

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

Մաս 1

 

Եվրասիական արտոնագրային համակարգ

 

Հ ո դ վ ա ծ 1

 

Եվրասիական արտոնագրային համակարգի հիմնադրումը

 

(1) Պայմանավորվող պետությունները, պահպանելով իրենց ինքնիշխանությունը գյուտերի պահպանության իրենց ազգային համակարգերի զարգացման մասով, սույնով հիմնադրում են Եվրասիական արտոնագրային համակարգ:

(2) Սույն Կոնվենցիայի և ոչ մի դրույթ չպետք է ընկալվի որպես Արդյունաբերական սեփականության պահպանության Փարիզյան կոնվենցիայով նախատեսված Փարիզյան կոնվենցիայի մասնակից երկրի ցանկացած քաղաքացու կամ այդ երկրում մշտապես բնակվող անձի իրավունքների սահմանափակում:

 

 

Մաս 2

 

Եվրասիական արտոնագրային կազմակերպություն

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Եվրասիական արտոնագրային կազմակերպության հիմնադրումը

 

(1) Եվրասիական արտոնագրային համակարգի գործունեության և եվրասիական արտոնագրերի հանձնման հետ կապված վարչական խնդիրների կատարման համար հիմնադրվում է Եվրասիական արտոնագրային կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն):

(2) Բոլոր Պայմանավորվող պետությունները Կազմակերպության անդամներ են:

(3) Կազմակերպության մարմիններն են Վարչական խորհուրդը և Եվրասիական արտոնագրային գերատեսչությունը (այսուհետ` Եվրասիական գերատեսչություն):

(4) Եվրասիական գերատեսչությունը գլխավորում է Նախագահը, որը Կազմակերպության բարձրագույն պաշտոնատար անձն է և ներկայացնում է Կազմակերպությանը:

(5) Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, ունի իրավաբանական անձի կարգավիճակ: Յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում Կազմակերպությունը ունի տվյալ պետության ազգային օրենսդրությանը համապատասխան իրավաբանական անձանց հավասար իրավունակություն: Կազմակերպությունը կարող է ձեռք բերել և տնօրինել շարժական ու անշարժ գույք և դատարանում պաշտպանել իր իրավունքները: Կազմակերպության կենտրոնակայանի գտնվելու վայրը Մոսկվա քաղաքն է, Ռուսաստանի Դաշնություն:

(6) Կազմակերպության պաշտոնական լեզուն ռուսերենն է:

(7) Կազմակերպությունը, Պայմանավորվող պետությունների լիազոր ներկայացուցիչները և նրանց տեղակալները, Եվրասիական գերատեսչության ծառայողները և Կազմակերպության խնդիրների լուծման համար ներգրավվող այլ անձինք Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի տարածքում ունեն համապատասխան իրավունքներ, արտոնություններ և անձեռնմխելիություն, որոնք այդ պետության կողմից տրամադրվում են ցանկացած այլ միջազգային կազմակերպությանը և նրա ծառայողներին, իսկ Ռուսաստանի Դաշնության տարածքում, բացի այդ, կարգավորվում է Կազմակերպության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև կնքվող Կազմակերպության կենտրոնակայանի մասին հատուկ համաձայնագրով:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Վարչական խորհուրդ

 

(1) Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ներկայացված է Վարչական խորհրդում: Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն Վարչական խորհրդում ունի մեկ ձայն: Քվորումը կազմում է Պայմանավորվող պետությունների թվի երկու երրորդը: Որոշումները ընդունվում են միաձայնության հիման վրա կամ, եթե միաձայնության չի կարելի հասնել, քվեարկությանը մասնակցող Պայմանավորվող պետությունների լիազոր ներկայացուցիչների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ, երբ սույն Կոնվենցիայով նախատեսվում է միաձայնություն կամ ձայների երկու երրորդի մեծամասնություն:

(2) Վարչական խորհուրդը նիստեր է գումարում յուրաքանչյուր օրացուցային տարում, իսկ արտահերթ նիստեր` առնվազն երեք Պայմանավորվող պետության, Վարչական խորհրդի նախագահի կամ Եվրասիական գերատեսչության նախագահի նախաձեռնությամբ: Նիստերը հրավիրում է Եվրասիական գերատեսչության նախագահը:

(3) Վարչական խորհուրդը.

(i) հաստատում է ընթացակարգի իր Կանոնները,

(ii) ընտրում է Վարչական խորհրդի նախագահին վերսկսվող երկամյա ժամկետով,

(iii) նշանակում է Եվրասիական գերատեսչության նախագահին վերսկսվող վեցամյա ժամկետով,

նշանակման պայմանները կարգավորվում են Կազմակերպության և ապագա նախագահի միջև կնքվող կոնտրակտով,

(iv) երաշխավորություններ է տալիս Եվրասիական գերատեսչության նախագահին` Նախագահի կողմից Եվրասիական գերատեսչության փոխնախագահների նշանակման վերաբերյալ,

(v) հավանություն է տալիս Կազմակերպության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև Կազմակերպության կենտրոնակայանի մասին կնքվող համաձայնագրին,

(vi) հավանություն է տալիս պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ Կազմակերպության կողմից կնքվող համաձայնագրերին,

(vii) ձայների երկու երրորդի մեծամասնությամբ հաստատում է Արտոնագրային, Ֆինանսական և Վարչական հրահանգները,

(viii) ձայների երկու երրորդի մեծամասնությամբ ընդունում է տարեկան բյուջեն, քննության է առնում տարեկան հաշվետվությունը և հավանություն է տալիս Կազմակերպության տարեկան հաշիվներին,

(ix) իրականացնում է Կազմակերպության խնդիրների լուծմանն ուղղված այլ գործողություններ:

(4) Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (այսուհետ` ՄՍՀԿ) մասնակցում է Վարչական խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով` Կազմակերպության և ՄՍՀԿ միջև կնքվող համաձայնագրի դրույթներին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Եվրասիական գերատեսչություն

 

(1) Եվրասիական գերատեսչությունը կատարում է Կազմակերպության բոլոր վարչական գործառույթները: Այն Կազմակերպության քարտուղարությունն է:

(2) Եվրասիական գերատեսչության նախագահը որոշում է նրա կառուցվածքը և նշանակում անձնակազմին: Նա կարող է մասնակցել Վարչական խորհրդի բոլոր նիստերին:

(3) Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն Եվրասիական գերատեսչությունում ունի իր քվոտան, որը սահմանվում է Վարչական հրահանգով:

(4) Եվրասիական գերատեսչությունը գտնվում է Մոսկվա քաղաքում, Ռուսաստանի Դաշնություն:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Ֆինանսներ

 

(1) Կազմակերպությունն ինքնաֆինանսավորվող է այն առումով, որ նրա ծախսերը փակվում են տուրքերի և նրա կողմից ստացվող այլ եկամուտների հաշվին: Ոչ մի Պայմանավորվող պետության չի կարելի պարտավորեցնել անդամավճարներ մուծել Կազմակերպությանը:

(2) Կազմակերպության բյուջեն ձևավորվում է հետևյալ աղբյուրներից.

(i) Եվրասիական գերատեսչության կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց գանձվող տուրքերից և վճարներից,

(ii) Եվրասիական գերատեսչության հրատարակչական գործունեությունից ստացվող եկամուտներից,

(iii) Կազմակերպությանը փոխանցվող նվերներից, ժառանգված միջոցներից և լրավճարներից /սուբսիդիաներից/,

(iv) վարձավճարից, տոկոսներից և Կազմակերպության տարբեր այլ եկամուտներից:

(3) Կազմակերպության բյուջեի եկամուտների մասի գերազանցումը ծախսվող մասի վրա, օգտագործվում է Եվրասիական գերատեսչության զարգացման համար:

(4) 3-րդ հոդվածի 3-րդ կետի (v) ենթակետում հիշատակված Կազմակերպության կենտրոնակայանի մասին համաձայնագիրը պետք է նախատեսի, որ այն դեպքերում, երբ Կազմակերպության ֆինանսական միջոցները բավարար չեն նրա գործունեության համար, Ռուսաստանի Դաշնությունը Կազմակերպությանը տրամադրում է կանխավճարներ: Այդ կանխավճարների չափերը և դրանց տրամադրման պայմանները, յուրաքանչյուր դեպքում հանդիսանում են Կազմակերպության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև կնքվող առանձին համաձայնագրերի առարկա:

 

 

Մաս 3

 

Արտոնագրային իրավունքի նյութական նորմերը

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Արտոնագրաունակ գյուտեր

 

Եվրասիական գերատեսչությունը եվրասիական արտոնագիր է տալիս գյուտի համար, որը նոր է, ունի հայտնագործող մակարդակ և արդյունաբերության մեջ կիրառելի է:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Եվրասիական արտոնագրի նկատմամբ իրավունք ունեցող անձինք

 

(1) Եվրասիական արտոնագրի նկատմամբ իրավունքը պատկանում է գյուտարարին կամ նրա իրավահաջորդին: Ընդ որում, եթե գյուտարարը ծառայող է, ապա եվրասիական արտոնագրի նկատմամբ իրավունքը որոշվում է այն պետության օրենսդրությամբ, որտեղ ծառայողը մշտապես ծառայում է. եթե պետությունը, որտեղ ծառայողը մշտապես ծառայում է, չի կարող որոշվել, ապա կիրառվում է այն պետության օրենսդրությունը, որտեղ գործատուն զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, որի հետ կապված է ծառայողը:

(2) Եվրասիական գերատեսչությունում ընթացակարգի նպատակների համար հայտատուն համարվում է եվրասիական արտոնագրի ստացման նկատմամբ իրավունք ունեցող:

 

Հ ո դ վ ա ծ 8

 

Առաջնայնության իրավունք

 

Առաջնայնության իրավունքը ճանաչվում է արդյունաբերական սեփականության պահպանության Փարիզյան կոնվենցիային համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Արտոնագրային իրավունքներ

 

(1) Եվրասիական արտոնագրի տերը բացառիկ իրավունք ունի օգտագործելու, ինչպես նաև մյուսներին թույլատրելու կամ արգելելու արտոնագրված գյուտի օգտագործումը:

(2) Եվրասիական արտոնագրի տերը կարող է իր իրավունքը փոխանցել կամ դրա համար լիցենզիաներ տրամադրել:

(3) Եվրասիական արտոնագրի հանձնման համար հայտի (այսուհետ` եվրասիական հայտ) հրապարակումից հետո, հայտատուին տրամադրվում է ժամանակավոր պահպանություն, Պայմանավորվող պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ 10

 

Իրավական պաշտպանության ծավալը

 

Եվրասիական արտոնագրի կողմից տրամադրվող իրավական պաշտպանության ծավալը որոշվում է գյուտի բանաձևով: Նկարագրումը և գծագրերը ծառայում են միայն գյուտի բանաձևի մեկնաբանման նպատակների համար:

 

Հ ո դ վ ա ծ 11

 

Եվրասիական արտոնագրի գործողության ժամկետը

 

Եվրասիական արտոնագրի գործողության ժամկետը եվրասիական հայտի տրման պահից քսան տարի է:

 

Հ ո դ վ ա ծ 12

 

Հարկադիր լիցենզիաներ

 

(1) Երրորդ անձանց կողմից եվրասիական արտոնագրի օգտագործման համար հարկադիր լիցենզիաները կարող են տրվել արդյունաբերական սեփականության պահպանության Փարիզյան կոնվենցիային համապատասխան, Պայմանավորվող պետության իրավասու մարմնի կողմից, գործողությամբ տվյալ պետության տարածքում:

(2) Հարկադիր լիցենզիայի հանձնման մասին որոշումը կարող է բողոքարկվել այն Պայմանավորվող պետության դատարաններում կամ այլ իրավասու մարմիններում, որի տարածքում տրված է հարկադիր լիցենզիան:

 

Հ ո դ վ ա ծ 13

 

Եվրասիական արտոնագրի իսկությունը և իրավունքների իրականացումը

 

(1) Կոնկրետ Պայմանավորվող պետությունում եվրասիական արտոնագրի իսկությանը կամ կոնկրետ Պայմանավորվող պետությունում եվրասիական արտոնագրի խախտմանը վերաբերող ցանկացած վեճ լուծվում է այդ պետության ազգային դատարանների կամ այլ իրավասու մարմինների կողմից սույն Կոնվենցիայի և Արտոնագրային հրահանգի հիման վրա: Որոշումը ուժ ունի միայն Պայմանավորվող պետության տարածքում:

(2) Եվրասիական արտոնագրի խախտման համար յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում նախատեսվում է նույն քաղաքացիաիրավական կամ այլ պատասխանատվություն, ինչ և ազգային արտոնագրի խախտման համար:

(3) Պայմանավորվող պետության ցանկացած ազգային դատարան կամ այլ իրավասու մարմին կարող է պահանջել, որպեսզի հայցվորը իրեն ներկայացնի տվյալ Պայմանավորվող պետության պետական լեզվով եվրասիական արտոնագրի թարգմանությունը:

 

Հ ո դ վ ա ծ 14

 

Արտոնագրային հրահանգ: Նյութական նորմեր

 

Արտոնագրային հրահանգը պարունակում է մանրամասներ, որոնք վերաբերում են արտոնագրային իրավունքի նյութական նորմերին, ներառյալ, մասնավորապես, հետևյալները.

(i) գյուտի արտոնագրաունակության պայմանների սահմանում, ներառյալ նորույթի, հայտնագործման մակարդակի և արդյունաբերական կիրառելիության, ինչպես նաև գյուտի բացահայտման պահանջների սահմանումը,

(ii) գյուտի արտոնագրաունակության ճանաչմանը չխոչընդոտող հանգամանքներ,

(iii) գյուտի միասնականության պահանջներ,

(iv) առաջնայնության իրավունքի սահմանումը և գործողությունը,

(v) արտոնագրված գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքի որոշումը,

(vi) նախկին օգտագործման իրավունքը,

(vii) գյուտի բանաձևի մեկնաբանումը,

(viii) եվրասիական հայտում և եվրասիական արտոնագրում գյուտարարի հիշատակված լինելու իրավունքը,

(ix) իրավահաջորդությունը և եվրասիական հայտի կամ եվրասիական արտոնագրի նկատմամբ իրավունքի փոխանցման այլ ձևեր,

(x) եվրասիական հայտերով գործավարության գաղտնիությունը:

 

 

Մաս 4

 

Արտոնագրային իրավունքի ընթացակարգային նորմերը

 

Հ ո դ վ ա ծ 15

 

Եվրասիական հայտ և եվրասիական արտոնագրի հանձնում

 

(1) Եվրասիական հայտը կարող է տրվել.

(i) Եվրասիական գերատեսչությանը հաշվի առնելով սույն հոդվածի (ii) ենթակետի դրույթները,

(ii) Պայմանավորվող պետության հայտատուների համար եվրասիական հայտը տրվում է Պայմանավորվող պետության ազգային արտոնագրային գերատեսչության միջոցով (այսուհետ` ազգային գերատեսչություն), եթե դա նախատեսված է տվյալ պետության օրենսդրությամբ: Ազգային գերատեսչության միջոցով տրված եվրասիական հայտը ունի նույն հետևանքները, որպես, եթե այն նույն օրը տրվեր Եվրասիական գերատեսչությանը, եթե այն փոխանցվել է Եվրասիական գերատեսչությանը Արտոնագրային հրահանգով սահմանված ժամկետում: Ազգային գերատեսչությունը ստուգում է այդ հայտի համապատասխանությունը սույն Կոնվենցիայով և Արտոնագրային հրահանգով սահմանված պահանջներին պաշտոնական նշաններով եվրասիական հայտի փորձաքննության համար, և, եթե նա համարի, որ հայտը համապատասխանում է նշված պահանջներին, ապա հայտը ուղարկում է Եվրասիական գերատեսչությանը հետագա գործավարության իրականացման համար:

(2) Եթե եվրասիական հայտը հանձնվում է Եվրասիական գերատեսչությանը, ապա հանձնման ժամանակ Եվրասիական գերատեսչությանը վճարվում է միասնական ընթացակարգային տուրք` հայտի հանձնման, որոնման, հրապարակման և այլ ընթացակարգային գործողությունների համար: Եթե եվրասիական հայտը հանձնվում է ազգային գերատեսչության միջոցով հանձնման ժամանակ ազգային գերատեսչությանը, ապա վճարվում է տուրք պաշտոնական նշաններով եվրասիական հայտի փորձաքննության պահանջներին հայտի համապատասխանության ստուգման և փոխանցման համար, ընդ որում միասնական ընթացակարգային տուրքը վճարվում է Եվրասիական գերատեսչությանը եվրասիական հայտը նրան փոխանցելու դեպքում:

(3) Եվրասիական գերատեսչությունը ստուգում է եվրասիական հայտի համապատասխանությունը Կոնվենցիայի և Արտոնագրային հրահանգի պաշտոնական պահանջներին և որոնում է իրականացնում այդ հայտով: Որոնման արդյունքներով կազմվում է հաշվետվություն որոնման մասին, որն ուղարկվում է հայտատուին:

(4) Եվրասիական գերատեսչությունը հրապարակում է եվրասիական հայտը՝ որոնման մասին հաշվետվության հետ անհապաղ այն հանձնելու օրվանից 18 ամսից հետո, իսկ եթե առաջնայնություն է հայցվել` առաջնայնության օրվանից: Հայտատուի միջնորդությամբ Եվրասիական գերատեսչությունը հրապարակում է եվրասիական հայտը նշված ժամկետից շուտ: Այդ դեպքում որոնման մասին հաշվետվությունը հրապարակվում է առանձին, նրա ստանալուն պես:

(5) Հայտատուի միջնորդությամբ, որը պետք է հանձնվի Եվրասիական գերատեսչությանը որոնման մասին հաշվետվության հրապարակման օրվանից վեց ամսվա ընթացքում, Եվրասիական գերատեսչությունը եվրասիական հայտի փորձաքննությունն է անցկացնում ըստ էության:

(6) Սույն հոդվածի 5-րդ կետում հիշատակված միջնորդության հանձնման դեպքում, փորձաքննության համար գանձվում է տուրք, որը վճարվում է Եվրասիական գերատեսչությանը:

(7) Եվրասիական արտոնագրի հանձնման կամ հանձնումը մերժելու մասին որոշումն ընդունվում է Եվրասիական գերատեսչության անունից կոլեգիաների կողմից, որոնք բաղկացած են Եվրասիական գերատեսչության հաստիքային աշխատակիցներ հանդիսացող երեք փորձագետներից և, եթե այլ կարգ չի ընդունվել, միաձայնությամբ Վարչական խորհրդի, տարբեր Պայմանավորվող պետությունների քաղաքացիների կողմից:

(8) Եվրասիական արտոնագիրը մերժելու վերաբերյալ Եվրասիական գերատեսչության որոշման հետ անհամաձայնության դեպքում, հայտատուն կարող է այդ մերժման մասին ծանուցման ստացման օրվանից եռամսյա ժամկետում առարկություն ներկայացնել Եվրասիական գերատեսչությանը, որը պետք է քննության առնվի սույն հոդվածի 7-րդ կետին համապատասխան ձևավորված Եվրասիական գերատեսչության կոլեգիայի կողմից: Կոլեգիայի կազմում պետք է մտնեն առնվազն երկու փորձագետ, որոնք նախկինում որոշում չեն ընդունել տվյալ առարկության էությամբ:

(9) Սույն հոդվածի 8-րդ կետում հիշատակված առարկության ներկայացման համար գանձվում է տուրք, որը վճարվում է Եվրասիական գերատեսչությանը:

(10) Եվրասիական արտոնագրի հանձնման համար Եվրասիական գերատեսչությանը տուրք է վճարվում` հայտատուի կողմից եվրասիական արտոնագիր տալու պատրաստակամության մասին Եվրասիական գերատեսչության ծանուցման ստացման օրվանից երեք ամսվա ընթացքում:

(11) Հաշվի առնելով 17-րդ հոդվածի դրույթները, եվրասիական արտոնագիրը իր հրապարակման պահից գործում է բոլոր Պայմանավորվող պետությունների տարածքներում:

(12) Պայմանավորվող պետության ազգային գերատեսչության առջև ներկայացուցիչ լինելու իրավունք ունեցող և Եվրասիական գերատեսչությունում որպես արտոնագրային հավատարմատար գրանցված ցանկացած անձ կարող է Եվրասիական գերատեսչության առջև հանդես գալ որպես ներկայացուցիչ: Եթե հայտատուն մշտապես չի բնակվում կամ մշտապես չի գտնվում որևէ Պայմանավորվող պետության տարածքում, ապա նա պետք է ներկայացված լինի արտոնագրային այդպիսի հավատարմատարի կողմից: Որևէ Պայմանավորվող պետության տարածքում մշտապես բնակվող կամ մշտապես գտնվող անձինք կարող են եվրասիական հայտեր ներկայացնել, ինչպես նաև գործեր վարել Եվրասիական գերատեսչության հետ ինչպես ինքնուրույն, այնպես էլ արտոնագրային հավատարմատարների կամ արտոնագրային հավատարմատարներ չհանդիսացող ներկայացուցիչների միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ 16

 

Եվրասիական հայտերի փոխակերպումը արտոնագրային ազգային հայտերի

 

(1) Հայտատուի կողմից եվրասիական արտոնագրի մերժման մասին Եվրասիական գերատեսչության ծանուցումը ստանալու կամ հայտատուի կողմից 15-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան տրված առարկության բավարարման մերժման մասին Եվրասիական գերատեսչության ծանուցումը ստանալու օրվանից վեց ամսվա ընթացքում, հայտատուն կարող է միջնորդություն ներկայացնել Եվրասիական գերատեսչությանը, նշելով այն Պայմանավորվող պետությունները, որտեղ նա ազգային ընթացակարգով ցանկանում է արտոնագիր ստանալ:

(2) Այդպիսով նշված յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում եվրասիական հայտը, որի վերաբերյալ ընդունվել էր նման որոշում և որը հանդիսանում է նման միջնորդության առարկա, համարվում է ճիշտ ձևակերպված ազգային հայտ ներկայացված ազգային գերատեսչությանը հանձնման նույն օրով և, եթե այդպիսին կա, առաջնայնության օրով, ինչ և եվրասիական հայտը, ազգային օրենսդրությամբ նախատեսված բոլոր հետևանքներով և ազգային գերատեսչությունում ենթակա է հետագա ընթացակարգի, պայմանով, որ հայտատուն ազգային գերատեսչությանը կվճարի պահանջվող ազգային տուրքերը:

 

Հ ո դ վ ա ծ 17

 

Եվրասիական արտոնագրերը ուժի մեջ պահելը

 

(1) Եվրասիական արտոնագրի ուժի մեջ պահելու համար տարեկան վճարվում են տուրքեր:

(2) Եվրասիական արտոնագրի ուժի մեջ պահելու համար տուրքերը նրա հանձնումից հետո վճարվում են տարեկան այն օրը, որը համապատասխանում է եվրասիական արտոնագրի հանձնման օրվան:

(3) Յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում եվրասիական արտոնագրի գործողության շարունակման համար արտոնագրի տերը պետք է նշի յուրաքանչյուր այն Պայմանավորվող պետության անվանումը, որտեղ նա ցանկանում է շարունակել արտոնագրի գործողությունը: Նման նշումը ուղարկվում է Եվրասիական գերատեսչությանը եվրասիական արտոնագրի ուժի մեջ պահելու համար տուրքի վճարման հետ միաժամանակ: Այդ տուրքը վճարվում է յուրաքանչյուր նշված Պայմանավորվող պետության վերաբերյալ:

 

Հ ո դ վ ա ծ 18

 

Տուրքեր

 

(1) Եվրասիական հայտին կամ եվրասիական արտոնագրին վերաբերող տուրքերը, ինչպես նաև Եվրասիական գերատեսչության կողմից տրամադրվող ծառայությունների համար բոլոր վճարները, վճարվում են Եվրասիական գերատեսչությանը և, հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները, պատկանում են Կազմակերպությանը: 15-րդ հոդվածի 2-րդ կետում հիշատակված պաշտոնական նշաններով փորձաքննության պահանջներին համապատասխանության եվրասիական հայտի ստուգման համար տուրքը վճարվում և պատկանում է ազգային գերատեսչությանը, որին տրվել է եվրասիական հայտը:

(2) Եվրասիական արտոնագիրը ուժի մեջ պահելու համար բոլոր տուրքերը վճարվում են Եվրասիական գերատեսչությանը: Կազմակերպության և նշված Պայմանավորվող պետությունների միջև եվրասիական արտոնագիրը ուժի մեջ պահելու համար տուրքերի բաժինների բաշխման հարաբերակցությունը սահմանում է Վարչական խորհուրդը ձայների երկու երրորդի մեծամասնությամբ, պայմանով, որ արտոնագրի տիրոջ կողմից նշված յուրաքանչյուր Պայմանավորվող պետության համար ստացված տուրքի չափի առնվազն մեկ հինգերորդ մասը պատկանում է Կազմակերպությանը, այդ տուրքի մնացած մասը փոխանցվում է նշված Պայմանավորվող պետության ազգային գերատեսչությանը:

(3) Եվրասիական արտոնագիրը ուժի մեջ պահելու համար տուրքերի չափերը յուրաքանչյուր Պայմանավորվող պետության վերաբերյալ սահմանվում են այդ պետության կողմից: Արժույթը, որով եվրասիական արտոնագրի ուժի մեջ պահելու համար տուրքը պետք է վճարվի, սահմանում է Վարչական խորհուրդը:

 

Հ ո դ վ ա ծ 19

 

Արտոնագրային հրահանգ: Ընթացակարգային նորմեր

 

Արտոնագրային հրահանգը պարունակում է եվրասիական արտոնագրային ընթացակարգին վերաբերող մանրամասներ, ներառյալ, մասնավորապես, հետևյալը.

(i) եվրասիական հայտի ձևին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները,

(ii) արտոնագրային հավատարմատարներին ներկայացվող պահանջները, նրանց ատեստավորման և գրանցման կարգը,

(iii) հանձնման օրը,

(iv) ժամկետների հաշվառումը,

(v) առաջնայնության հայցումը,

(vi) արժույթը և տուրքերի վճարման կարգը,

(vii) եվրասիական հայտի փոփոխությունը կամ ուղղումը,

(viii) արտոնագրային որոնումը և փորձաքննությունը,

(ix) Եվրասիական գերատեսչության փաստաթղթերը և տեղեկատվական ծառայությունները,

(x) եվրասիական հայտերի և արտոնագրերի հրապարակումը,

(xi) եվրասիական արտոնագրերի գրանցամատյանը,

(xii) եվրասիական գերատեսչության տեղեկագիրը,

(xiii) եվրասիական արտոնագրերի վարչական չեղյալ հայտարարման պայմանները և ընթացակարգը,

(xiv) եվրասիական հայտերի փոխակերպումը ազգային արտոնագրային հայտերի,

(xv) մի քանի գյուտարարների, հայտատուների, արտոնագրերի տերերի կամ ներկայացուցիչների առկայության դեպքում համապատասխան դրույթների կիրառում,

(xvi) Եվրասիական գերատեսչության շփումները հայտատուների, արտոնագրերի տերերի, արտոնագրային հավատարմատարների և այլ երրորդ անձանց ու Եվրասիական գերատեսչության փաստաթղթերի հետ նշված անձանց ծանոթացման կարգը:

 

 

Մ ա ս  5

 

Արտոնագրային կոոպերացիայի մասին պայմանագրի կիրառումը

 

Հ ո դ վ ա ծ 20

 

Արտոնագրային կոոպերացիայի մասին պայմանագրի կիրառումը

 

Արտոնագրային կոոպերացիայի մասին Պայմանագիրը և դրան կից Հրահանգը կիրառվում են Եվրասիական արտոնագրային համակարգի շրջանակներում, իսկ նրանց և սույն Կոնվենցիայի ու Հրահանգի միջև տարակարծության դեպքում, կիրառվում են առաջինները: Եվրասիական գերատեսչությունը արտոնագրային կոոպերացիայի մասին Պայմանագրին համապատասխան հանդիսանում է ստացող, ինչպես նաև նշված և ընտրված գերատեսչություն և Վարչական խորհրդի լիազորությամբ կարող է հայցել Որոնման միջազգային մարմնի և Նախնական փորձաքննության միջազգային մարմնի կարգավիճակ, նշված Պայմանագրին համապատասխան:

 

 

Մ ա ս  6

 

Անցումային դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ  21

 

Որոնում: Կոլեգիաներ

 

(1) Վարչական խորհրդի լիազորությամբ Եվրասիական գերատեսչությունը կարող է ազգային կամ տարածաշրջանային գերատեսչության հետ կնքել համաձայնագիր եվրասիական հայտերով նման ազգային կամ տարածաշրջանային գերատեսչության կողմից, քանի դրա անհրաժեշտությունը կա, որոնման անցկացում, պայմանով, որ ազգային կամ տարածաշրջանային գերատեսչությունը ընդունակ է տեխնիկայի բոլոր կամ առանձին բնագավառներում իրականացնել նույն կարգի որոնում, ինչ անցկացվում են արտոնագրային կոոպերացիայի մասին Պայմանագրին համապատասխան:

(2) Քանի դա դեռ անհրաժեշտ է, 15-րդ հոդվածի 7-րդ կետում հիշատակված երեք փորձագետներից բաղկացած կոլեգիաները, կարող են բաղկացած լինել նաև Պայմանավորվող պետությունների ազգային գերատեսչությունների կողմից երաշխավորված փորձագետներից:

 

Մ ա ս  7

 

Տարբեր դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ  22

 

Արտոնագրային ազգային համակարգերի անկախությունը

 

(1) Սույն Կոնվենցիան չի շոշափում ցանկացած Պայմանավորվող պետության ազգային արտոնագրեր տալու իրավունքը:

(2) Սույն Կոնվենցիան չի խոչընդոտում ցանկացած Պայմանավորվող պետությանը ինքնուրույն մասնակցելու ցանկացած միջազգային կազմակերպությանը և զարգացնելու արդյունաբերական սեփականության պահպանության բնագավառում միջազգային համագործակցության տարբեր ձևեր:

 

Հ ո դ վ ա ծ 23

 

Կոնվենցիայի վերանայումը

 

(1) Սույն Կոնվենցիան կարող է վերանայվել Պայմանավորվող պետությունների կողմից ցանկացած ժամանակ:

(2) Կոնվենցիայի վերանայման նպատակների համար Պայմանավորվող պետությունների համաժողովի հրավիրման մասին հարցը լուծում է Վարչական խորհուրդը: Նա նաև լուծում է ընթացակարգային կանոնների հարցերը և վերանայման համաժողովին վերաբերող այլ մանրամասներ:

 

Հ ո դ վ ա ծ 24

 

Վեճերի կարգավորում

 

Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հարցերով որևէ վեճի ծագման դեպքում ՄՍՀԿ Գլխավոր տնօրենը վեճին մասնակցող ցանկացած կողմի խնդրանքով, կողմերի միջև վեճը կարգավորելու համար հանդես է գալիս որպես միջնորդ:

 

 

Մ ա ս  8

 

Տեղեկատվական ծառայություններ

 

Հ ո դ վ ա ծ 25

 

Արտոնագրային տեղեկության տարածումը

 

(1) Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն անվճար ստանում է Եվրասիական գերատեսչության տեղեկագիրը և եվրասիական հայտերի ու արտոնագրերի նկարագրերը:

(2) Հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին կետը, Եվրասիական գերատեսչության որևէ հրապարակում անվճար չի տարածվի առանց Վարչական խորհրդի թույլտվության:

 

 

Մ ա ս  9

 

Եզրափակիչ դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ 26

 

Ստորագրում: Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը

 

(1) Սույն Կոնվենցիան ստորագրվում է ռուսերենով:

(2) Սույն Կոնվենցիայում անդամակցությունը բաց է Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ պետության համար, որը նաև պարտավորված է արդյունաբերական սեփականության պահպանության Փարիզյան կոնվենցիայով և արտոնագրային կոոպերացիայի մասին Պայմանագրով: Կոնվենցիայի մասնակից դառնալու համար, պետությունը կամ պետք է ստորագրի Կոնվենցիան և ի պահ հանձնի վավերագիրը կամ ի պահ հանձնի միանալու մասին ակտը:

(3) Սույն Կոնվենցիայի վերաբերյալ որևէ վերապահում չի թույլատրվում:

(4) Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն առաջին երեք պետությունների համար, որոնք վավերացրել կամ միացել են դրան, ՄՍՀԿ Գլխավոր տնօրենին վերոհիշյալ փաստաթղթերից երրորդը ի պահ հանձնելուց երեք ամիս հետո: Ցանկացած այլ պետության վերաբերյալ սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում իր վավերագիրը կամ միանալու մասին ակտը ի պահ հանձնելուց երեք ամիս հետո:

 

Հ ո դ վ ա ծ  27

 

Կոնվենցիայի չեղյալ հայտարարումը

 

Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան` ՄՍՀԿ Գլխավոր տնօրենին ուղղված ծանուցման միջոցով: Չեղյալ հայտարարումը ուժի մեջ է մտնում ՄՍՀԿ Գլխավոր տնօրենի կողմից ծանուցումը ստանալու օրվանից վեց ամիս հետո:

 

Հ ո դ վ ա ծ 28

 

Ավանդապահ

 

Սույն Կոնվենցիայի ավանդապահն է ՄՍՀԿ Գլխավոր տնօրենը:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի սեպտեմբերի 9-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1996 թվականի փետրվարի 27-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան