ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
Սույն Կոնվենցիայի Մասնակից պետությունները,
հաշվի առնելով միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման և պետությունների միջև բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունների ու համագործակցության զարգացման վերաբերյալ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները,
վկայակոչելով ՄԱԿ-ի հիսնամյակի առթիվ 1995 թվականի հոկտեմբերի 24-ի հռչակագիրը,
ճանաչելով խաղաղ նպատակներով ատոմային էներգիան զարգացնելու և օգտագործելու բոլոր պետությունների իրավունքը և նրանց օրինական շահերը խաղաղ նպատակներով միջուկային էներգիան օգտագործելու արդյունքում հնարավոր օգուտ ստանալու հարցում,
հաշվի առնելով «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» 1980 թվականի կոնվենցիան,
խորապես մտահոգված լինելով ողջ աշխարհում ահաբեկչական գործողությունների աճով` իրենց բոլոր ձևերով ու դրսևորումներով,
վկայակոչելով «Միջազգային ահաբեկչության վերացմանն ուղղված միջոցների մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ի` Գլխավոր ասամբլեայի հմ. 49/60 բանաձևին կից հռչակագիրը, որում, մասնավորապես, ՄԱԿ-ի անդամ պետությունները հաստատում են, որ իրենք անվերապահորեն դատապարտում են ահաբեկչական բոլոր ակտերը, մեթոդներն ու գործելակերպը` որպես հանցավոր ու արդարացում չունեցող` անկախ այն հանգամանքից, թե որտեղ և ում կողմից են դրանք իրականացվել, ներառյալ այն գործողությունները, որոնք վտանգում են պետությունների ու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները և սպառնում են պետությունների տարածքային ամբողջականությանն ու անվտանգությանը,
նշելով, որ հռչակագրում պետություններին խորհուրդ է տրվում նաև անհապաղ վերանայել ահաբեկչության` իր բոլոր ձևերով ու դրսևորումներով, կանխարգելման, ճնշման ու վերացման վերաբերյալ` գործող միջազգային իրավական ակտերի շրջանակը` այդ հարցի բոլոր կողմերը ներառող համընդգրկուն իրավական շրջանակների առկայությունն ապահովելու նպատակով,
վկայակոչելով Գլխավոր ասամբլեայի` 1996 թվականի դեկտեմբերի 17-ի հմ. 51/210 բանաձևը և դրան կից` «Միջազգային ահաբեկչության վերացմանն ուղղված միջոցների մասին» 1994 թվականի հռչակագիրը լրացնող հայտարարությունը,
հիշեցնելով նաև, որ Գլխավոր ասամբլեայի հմ. 51/210 բանաձևի կատարման համար ստեղծվել է հատուկ կոմիտե, որը, մասնավորապես, մշակելու է միջուկային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի վերաբերյալ միջազգային կոնվենցիա` համապատասխան գործող միջազգային փաստաթղթերը լրացնելու նպատակով,
նշելով, որ միջուկային ահաբեկչական գործողությունները կարող են հանգեցնել ամենալուրջ հետևանքների և սպառնալիք ստեղծել միջազգային խաղաղության ու անվտանգության համար,
միաժամանակ նշելով, որ գործող բազմակողմ իրավական նորմերը համարժեք կերպով չեն կարգավորում այդ հարձակումների հետ կապված հարցերը,
համոզված լինելով ահաբեկչական նման գործողությունների կանխարգելման և մեղավորներին քրեական հետապնդման ու պատասխանատվության ենթարկելու համար արդյունավետ, գործնական միջոցների մշակման ու ձեռնարկման ուղղությամբ պետությունների միջև միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտության հարցում,
նշելով, որ պետությունների զինված ուժերի գործողությունները կարգավորվում են միջազգային իրավունքի նորմերով` սույն Կոնվենցիայի շրջանակներից դուրս, որ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտից որոշ գործողությունների բացառումը չի ազատում պատասխանատվությունից այլ հարաբերություններում անօրինական գործողությունների համար, դրանք օրինական չի դարձնում ու չի խոչընդոտում այլ օրենքների հիման վրա հետապնդում իրականացնելուն,
համաձայնեցին հետևյալի շուրջ.
Հոդված 1
Սույն Կոնվենցիայի նպատակների համար.
1. «Ռադիոակտիվ նյութ» նշանակում է` միջուկային նյութ և այլ ռադիոակտիվ նյութեր, որոնք պարունակում են ինքնատարրալուծվող նուկլիդներ (գործընթաց, որն ուղեկցվում է մեկ կամ մի քանի տեսակի իոնացնող ճառագայթմամբ, օրինակ` ալֆա-ճառագայթում, բետա-ճառագայթում, նեյտրոնային ճառագայթում ու գամմա-ճառագայթում), և որոնք կարող են, հաշվի առնելով դրանց ռադիոլոգիական կամ տրոհվող հատկությունները, մահվան, ծանր մարմնական վնասվածքի պատճառ դառնալ կամ լուրջ վնաս հասցնել սեփականությանը կամ շրջակա միջավայրին:
2. «Միջուկային նյութ» նշանակում է` պլուտոնիում` բացառությամբ իզոտոպի պարունակությամբ պլուտոնիումի, որը գերազանցում է 80% պլուտոնիում-238, ուրան-233, ուրան-235 կամ ուրան-233 իզոտոպներով հարստացված ուրանը, իզոտոպների խառնուրդ պարունակող ուրանը, որը բնության մեջ հանդիպում է այն ձևով, որը տարբերվում է հանքաքարից կամ հանքաքարային մնացորդներից, և ցանկացած նյութ, որը պարունակում է վերը նշված տարրերից մեկը կամ մի քանիսը:
«Ուրան-235 կամ ուրան-233 իզոտոպներով հարստացված ուրան» նշանակում է` ուրան, որը պարունակում է ուրան-235 կամ ուրան-233 իզոտոպներ կամ երկու իզոտոպն էլ` այն քանակությամբ, որ այդ իզոտոպների թվի հավելյալ տոկոսը ուրան-238 իզոտոպի համեմատությամբ ավելի բարձր է, քան ուրան-235 իզոտոպի տոկոսը բնության մեջ հանդիպող ուրան-238 իզոտոպի համեմատությամբ:
3. «Միջուկային օբյեկտ» նշանակում է`
ա) միջուկային ցանկացած ռեակտոր, ներառյալ ծովային նավերում, տրանսպորտային միջոցներում, թռչող սարքերում կամ տիեզերական օբյեկտներում որպես էներգիայի աղբյուր օգտագործելու համար տեղադրված ռեակտորները, որոնք նախատեսված են այդպիսի նավերը, տրանսպորտային միջոցները, թռչող սարքերը կամ տիեզերական օբյեկտները գործարկելու կամ ցանկացած այլ նպատակի համար.
բ) ցանկացած կառույց կամ փոխադրամիջոց, որն օգտագործվում է միջուկային նյութ արտադրելու, պահելու, մշակելու կամ փոխադրելու համար:
4. «Սարք» նշանակում է`
ա) միջուկային ցանկացած պայթուցիկ սարք կամ
բ) ռադիոակտիվ նյութ տարածող կամ ճառագայթող ցանկացած սարք, որը կարող է, հաշվի առնելով նրա ռադիոլոգիական հատկությունները, մահվան, ծանր մարմնական վնասվածքի պատճառ դառնալ կամ լուրջ վնաս հասցնել սեփականությանը կամ շրջակա միջավայրին:
5. «Պետական կամ կառավարական օբյեկտ» նշանակում է` ցանկացած մշտական կամ ժամանակավոր օբյեկտ կամ տրանսպորտային միջոց, որն օգտագործվում կամ զբաղեցվում է պետության ներկայացուցիչների, կառավարության անդամների, օրենսդիր կամ դատական մարմնի ներկայացուցիչների կամ պետական իշխանության, կամ այլ պետական մարմնի կամ հաստատության պաշտոնատար անձանց կամ ծառայողների կողմից կամ միջկառավարական կազմակերպության ծառայողների կամ պաշտոնատար անձանց կողմից` իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված:
6. «Պետության զինված ուժեր» նշանակում է` պետության զինված ուժեր, որոնք կազմակերպված, պատրաստություն անցած ու զինված են ներպետական իրավունքին համապատասխան` առաջին հերթին պետության պաշտպանությանը կամ անվտանգությանն ուղղված խնդիրների լուծման համար, և անձինք, որոնք գործում են այդ զինված ուժերին օժանդակելու համար` գտնվելով նրանց պաշտոնական հրամանատարության, վերահսկողության ու պատասխանատվության ներքո:
Հոդված 2
1. Սույն Կոնվենցիայի իմաստով անձի արարքը համարվում է հանցագործություն, եթե նա ապօրինի և դիտավորյալ`
ա) պահում է ռադիոակտիվ նյութ կամ պատրաստում է սարք կամ պահում է այն`
i) մահ կամ ծանր վնասվածք պատճառելու մտադրությամբ կամ
ii) սեփականությանը կամ շրջակա միջավայրին լուրջ վնաս հասցնելու մտադրությամբ.
բ) օգտագործում է ռադիոակտիվ նյութ կամ սարք ցանկացած ձևով կամ օգտագործում կամ վնասում է միջուկային օբյեկտն այնպես, որ տեղի է ունենում ռադիոակտիվ նյութի արտահոսք, կամ արտահոսքի վտանգ է առաջանում`
i) մահ կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մտադրությամբ կամ
ii) սեփականությանը կամ շրջակա միջավայրին լուրջ վնաս հասցնելու մտադրությամբ կամ
iii) ֆիզիկական կամ իրավաբանական անձին, միջազգային կազմակերպությանը կամ պետությանը որևէ գործողություն կատարելը կամ դրանից զերծ մնալը հարկադրելու մտադրությամբ:
2. Անձի արարքը հանցագործություն է համարվում նաև, երբ նա`
ա) սպառնում է կատարել սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված հանցագործությունը, ընդ որում` երբ կան այդ սպառնալիքի հավանականության մասին վկայող հանգամանքներ, կամ
բ) ապօրինի կամ կանխամտածված պահանջում է ռադիոակտիվ նյութ, սարք կամ միջուկային օբյեկտ` միաժամանակ դիմելով սպառնալիքի այն հանգամանքներում, որոնք վկայում են այդ սպառնալիքի կամ ուժի գործադրման հավանականության մասին:
3. Անձի արարքը հանցագործություն է համարվում նաև, երբ նա փորձում է կատարել սույն հոդվածի 1-ին կետում նշված հանցագործություններից որևէ մեկը:
4. Անձի արարքը հանցագործություն է համարվում նաև, երբ նա`
ա) որպես հանցակից` մասնակցում է սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերում նշված հանցագործություններից որևէ մեկի կատարմանը կամ
բ) կազմակերպում կամ ղեկավարում է այլ անձանց` սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերում նշված հանցագործություններից որևէ մեկը կատարելու նպատակով, կամ
գ) որևէ այլ ձևով նպաստում է սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերում նշված մեկ կամ ավելի հանցագործությունների կատարմանը մեկ ընդհանուր նպատակով գործող անձանց խմբի կողմից. այդպիսի օժանդակությունը պետք է տրամադրվի կանխամտածված կամ խմբի հանցավոր գործունեությանը կամ նպատակին աջակցելու համար կամ իմանալով խմբի` համապատասխան հանցագործություն կամ հանցագործություններ կատարելու մտադրության մասին:
Հոդված 3
Սույն Կոնվենցիան չի կիրառվում այն դեպքերում, երբ հանցագործությունը կատարվում է մեկ պետությունում, հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը և տուժողներն այդ պետության քաղաքացիներ են, հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը հայտնաբերվում է այդ պետության տարածքում, և որևէ այլ պետություն, 9-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ կետին համապատասխան, հիմքեր չունի իրավազորություն իրականացնելու համար, ինչը չի բացառում այդ դեպքերի կապակցությամբ համապատասխան հանգամանքներում 7-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածների դրույթների կիրառումը:
Հոդված 4
1. Սույն Կոնվենցիայում ոչինչ չի շոշափում պետությունների ու անձանց` միջազգային իրավունքի և, մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների և միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ստանձնած մյուս իրավունքները, պարտավորություններն ու պարտականությունները:
2. Զինված ուժերի գործողությունները զինված հակամարտությունների ժամանակ, ինչպես այդ տերմինները մեկնաբանվում են միջազգային մարդասիրական իրավունքում, որոնք կարգավորվում են այդ իրավունքով, չեն կարգավորվում սույն Կոնվենցիայով, ինչպես նաև դրանով չեն կարգավորվում պետության զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունները` նրանց պաշտոնական գործառույթների իրականացման նպատակով, քանզի դրանք կարգավորվում են միջազգային իրավունքի այլ նորմերով:
3. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես այլ կերպ անօրինական ակտերը թույլատրող կամ օրինական դարձնող կամ որպես այլ օրենքների հիման վրա պատասխանատվության ենթարկելուն խոչընդոտող:
4. Սույն Կոնվենցիան չի վերաբերում պետությունների կողմից միջուկային զենքի օգտագործման օրինականությանը կամ օգտագործման սպառնալիքին առնչվող հարցին և ոչ մի կերպով չի կարող մեկնաբանվել որպես դրան վերաբերող:
Հոդված 5
Յուրաքանչյուր Մասնակից պետություն այնպիսի միջոցներ է ձեռնարկում, որոնք կարող են անհրաժեշտ լինել`
ա) 2-րդ հոդվածում նշված գործողությունները, իր ներպետական օրենսդրության համաձայն, քրեական հանցագործություններ ճանաչելու համար.
բ) հաշվի առնելով այդ հանցագործությունների ծանր բնույթը` այդ հանցագործությունների համար համապատասխան պատիժներ սահմանելու համար:
Հոդված 6
Յուրաքանչյուր Մասնակից պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, այդ թվում նաև, համապատասխան դեպքերում, ներպետական օրենսդրության շրջանակներում, ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում գտնվող հանցավոր գործողությունները, որոնք, մասնավորապես, ուղղված կամ նախատեսված են բնակչության, անձանց խմբերի կամ կոնկրետ անձանց շրջանում ահաբեկչական իրավիճակ ստեղծելուն, ոչ մի դեպքում չարդարացվեն որևէ քաղաքական, փիլիսոփայական, գաղափարախոսական, ռասայական, էթնիկական, կրոնական կամ նման այլ բնույթի նկատառումներով և պատժվեն իրենց ծանրության աստիճանին համապատասխան:
Հոդված 7
1. Մասնակից պետությունները համագործակցում են`
ա) ձեռնարկելով բոլոր հնարավոր միջոցները, ներառյալ, անհրաժեշտության դեպքում, համապատասխանեցնելով իրենց ներպետական իրավունքը` իրենց համապատասխան տարածքների սահմաններում 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների կատարման նախապատրաստումը կանխարգելելու, իրենց տարածքների սահմաններում կամ սահմաններից դուրս այդպիսի նախապատրաստմանը հակազդելու նպատակով, այդ թվում` այնպիսի միջոցներ, որոնք արգելում են իրենց տարածքներում այն անձանց, խմբերի և կազմակերպությունների անօրինական գործողությունները, որոնք խրախուսում, դրդում, կազմակերպում, կանխամտածված ֆինանսավորում կամ տեխնիկական օգնություն, կամ տեղեկատվություն են տրամադրում կամ մասնակցում են այդ հանցագործությունների կատարմանը.
բ) փոխանակելով ստույգ և ճշգրիտ տեղեկատվություն, իրենց ներպետական իրավունքին համապատասխան և սույն հոդվածում նախատեսված կարգով ու պայմաններով, և համաձայնեցնելով վարչական և այլ միջոցները, որոնք անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են` 2-րդ հոդվածում նշված հանցագործությունները բացահայտելու, կանխարգելելու, արգելելու և հետաքննելու, ինչպես նաև այդպիսի հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ քրեական վարույթներ հարուցելու նպատակով: Մասնավորապես, Մասնակից պետությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում, որպեսզի անհապաղ տեղեկացնի 9-րդ հոդվածում նշված մյուս պետություններին 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների կատարման և իրեն հայտնի դարձած այդպիսի հանցագործությունների նախապատրաստման մասին, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այդ մասին տեղեկացնի միջազգային կազմակերպություններին:
2. Մասնակից պետությունները, իրենց ներպետական իրավունքին համապատասխան, միջոցներ են ձեռնարկում ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը պահպանելու համար, որը նրանք ստանում են մյուս Մասնակից պետությունից գաղտնի կերպով` սույն Կոնվենցիայի դրույթների հիման վրա կամ սույն Կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին մասնակցելիս: Եթե Մասնակից պետությունները գաղտնի կերպով տեղեկատվություն են տրամադրում միջազգային կազմակերպություններին, ապա միջոցներ են ձեռնարկվում այդպիսի տեղեկատվության գաղտնիության պահպանումն ապահովելու համար:
3. Սույն Կոնվենցիային համապատասխան` Մասնակից պետությունից չի պահանջվում տրամադրել որևէ տեղեկատվություն, որը նա իրավունք չունի տարածելու` ներպետական իրավունքի համաձայն, կամ որը կարող է վտանգել համապատասխան պետության անվտանգությունը կամ միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանությունը:
4. Մասնակից պետությունները տեղեկացնում են Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին իրենց իրավասու մարմինների և կապն ապահովող կետերի մասին, որոնք պատասխանատու են սույն հոդվածում նշված տեղեկատվությունն ուղարկելու և ստանալու համար: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը իրավասու մարմինների և կապն ապահովող կետերի մասին այդ տեղեկությունը հաղորդում է բոլոր Մասնակից պետություններին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը: Այդպիսի մարմիններն ու կապն ապահովող կետերը պետք է միշտ լինեն հասանելի:
Հոդված 8
Սույն Կոնվենցիայի համաձայն` հանցագործությունների կանխարգելման նպատակով Մասնակից պետությունները ներդնում են բոլոր ջանքերը ռադիոակտիվ նյութի պաշտպանության ապահովման ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար` հաշվի առնելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համապատասխան առաջարկություններն ու գործառույթները:
Հոդված 9
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների նկատմամբ իրենց իրավազորությունը սահմանելու համար, երբ`
ա) հանցագործությունը կատարվում է այդ պետության տարածքում, կամ
բ) հանցագործությունը կատարվում է այդ պետության դրոշի տակ նավարկող նավի վրա կամ այն օդանավում, որը հանցագործության կատարման պահին գրանցված է եղել այդ պետության օրենքների համաձայն կամ
գ) հանցագործությունը կատարվում է այդ պետության քաղաքացու կողմից:
2. Մասնակից պետությունը կարող է իր իրավազորությունը սահմանել նաև ցանկացած այդպիսի հանցագործության նկատմամբ, երբ`
ա) հանցագործությունը կատարվում է այդ պետության քաղաքացու դեմ, կամ
բ) հանցագործությունը կատարվում է Մասնակից պետության` արտերկրում գտնվող պետական կամ կառավարական օբյեկտի, ներառյալ այդ պետության դեսպանության կամ դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական այլ հիմնարկները, տարածքների դեմ, կամ
գ) հանցագործությունը կատարվում է քաղաքացիություն չունեցող անձի կողմից, որի բնակության վայրը այդ պետության տարածքում է, կամ
դ) հանցագործությունը կատարվում է այդ պետությանը որևէ գործողություն կատարելը կամ դրանից զերծ մնալը պարտադրելու փորձով, կամ
ե) հանցագործությունը կատարվում է այդ պետության կառավարության կողմից շահագործվող օդանավի վրա:
3. Սույն Կոնվենցիայի վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու դեպքում յուրաքանչյուր Մասնակից պետություն տեղեկացնում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին իր ներպետական իրավունքի համաձայն, սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան, իր կողմից իրավազորություն սահմանելու վերաբերյալ: Որևէ փոփոխության դեպքում համապատասխան Մասնակից պետությունն այդ մասին անհապաղ տեղեկացնում է գլխավոր քարտուղարին:
4. Յուրաքանչյուր Մասնակից պետություն նաև այնպիսի միջոցներ է ձեռնարկում, որոնք կարող են անհրաժեշտ լինել 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների նկատմամբ իր իրավազորությունը սահմանելու համար` այն դեպքերում, երբ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը գտնվում է իր տարածքում, և ինքը նրան չի հանձնում այն Մասնակից պետություններից որևէ մեկին, որոնք իրենց իրավազորությունն են սահմանել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:
5. Սույն Կոնվենցիան չի բացառում Մասնակից պետության կողմից իր ներպետական իրավունքին համապատասխան սահմանված քրեական իրավասության իրականացումը:
Հոդված 10
1. Մասնակից պետությունը, ստանալով տեղեկատվություն այն մասին, որ 2-րդ հոդվածում նշված հանցագործությունը կատարվել կամ կատարվում է իր տարածքում, կամ որ հանցագործություն կատարած կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը կարող է գտնվել իր տարածքում, ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, իր ներպետական իրավունքին համապատասխան, այդ տեղեկատվության մեջ նշված փաստերը քննելու համար:
2. Համոզվելով, որ հանգամանքներից այդպիսի պահանջ է բխում, այն Մասնակից պետությունը, որի տարածքում գտնվում է հանցագործություն կատարած կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը, իր ներպետական իրավունքին համապատասխան, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քրեական հետապնդման կամ հանձնման նպատակով այդ անձի ներկայությունն ապահովելու համար:
3. Ցանկացած անձ, որի նկատմամբ ձեռնարկվում են սույն հոդվածի 2-րդ կետում նշված միջոցները, իրավունք ունի.
ա) անհապաղ կապ հաստատելու այն պետության մոտակա համապատասխան ներկայացուցչի հետ, որի քաղաքացին է ինքը, կամ նրա հետ, ով այլ կերպ իրավասու է պաշտպանելու այդ անձի իրավունքները, կամ, եթե նա քաղաքացիություն չունեցող անձ է, այն պետության ներկայացուցչի հետ, որի տարածքում բնակվում է.
բ) այդ պետության ներկայացուցչի այցելության.
գ) տեղեկացված լինելու իր իրավունքների մասին` «ա» և «բ» ենթակետերի համաձայն:
4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված իրավունքներն իրականացվում են այն պետության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, որի տարածքում գտնվում է հանցագործություն կատարած կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը, ընդ որում` նշված օրենքներն ու կանոնակարգերը պետք է ապահովեն այն նպատակներին լիարժեք կերպով հասնելու հնարավորությունը, որոնց համար նախատեսված են 3-րդ կետի համաձայն տրամադրվող իրավունքները:
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները չեն սահմանափակում 9-րդ հոդվածի 1.գ կամ 2.գ կետերի համաձայն իրավազորության պահանջ ներկայացնող որևէ Մասնակից պետության իրավունքը` հրավիրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին` կապ հաստատելու համար հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձի հետ կամ այցելելու նրան:
6. Այն բանից հետո, երբ Մասնակից պետությունը, սույն հոդվածին համապատասխան, կալանավորել է անձի, նա պետք է այդ անձի կալանքի տակ գտնվելու փաստի և նրա կալանավորմանը վերաբերող հանգամանքների մասին անմիջականորեն կամ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի միջոցով անհապաղ տեղեկացնի այն Մասնակից պետություններին, որոնք, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, իրավազորություն են սահմանել, և, եթե նպատակահարմար կհամարի, նաև ցանկացած այլ շահագրգիռ Մասնակից պետության: Այն պետությունը, որը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հետաքննություն է անցկացնում, նշված Մասնակից պետություններին անհապաղ տեղեկացնում է գործի մանրամասների մասին և հայտնում, թե արդյոք մտադիր է իրականացնելու իրավազորություն:
Հոդված 11
1. Մասնակից պետությունը, որի տարածքում գտնվում է հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը, այն դեպքերում, որոնց նկատմամբ կիրառվում է 9-րդ հոդվածը, եթե նա չի հանձնում այդ անձին, պարտավոր է, առանց որևէ բացառության կամ անկախ նրանից` հանցագործությունը կատարվել է իր տարածքում, թե ոչ, առանց անհիմն հետաձգումների` գործը հանձնել իր իրավասու մարմիններին` իր օրենքներին համապատասխան վարույթ հարուցելու միջոցով քրեական հետապնդում իրականացնելու նպատակով: Այդ մարմինները որոշում են կայացնում այնպես, ինչպես կկայացնեին այդ պետության իրավունքի համաձայն, ծանր բնույթի ցանկացած այլ հանցագործության դեպքում:
2. Բոլոր դեպքերում, երբ Մասնակից պետության ներպետական իրավունքը նրան թույլ է տալիս հանձնելու կամ այլ կերպով փոխանցելու իր քաղաքացիներից մեկին, միայն այն պայմանով, որ այդ անձը կվերադարձվի այդ պետություն այն դատավճռի համաձայն պատիժ կրելու համար, որը կայացվել է այն դատավարության կամ վարույթի արդյունքում, որի համար պահանջվել է այդ անձի հանձնումը կամ փոխանցումը, և այդ պետությունն ու այդ անձի հանձնման համար պահանջ ներկայացրած պետությունը համաձայն են այդպիսի պայմանական հանձնման կամ փոխանցման այդ տարբերակի և այլ պայմանների հետ, որոնք նրանք կարող են տեղին համարել, բավարար կլինի սույն հոդվածի 1-ին կետում նշված պարտականությունների կատարման համար:
Հոդված 12
Ցանկացած անձի, որն անազատության մեջ է պահվում, կամ որի նկատմամբ ձեռնարկվել է ցանկացած այլ միջոց, կամ իրականացվում է վարույթ սույն Կոնվենցիային համապատասխան, երաշխավորվում է արդար վերաբերմունք, այդ թվում նաև` բոլոր իրավունքներից ու երաշխիքներից օգտվելու հնարավորություն, այն պետության իրավունքի համաձայն, որի տարածքում գտնվում է այդ անձը, ինչպես նաև` միջազգային իրավունքի կիրառվող դրույթների համաձայն, ներառյալ մարդու իրավունքների մասին միջազգային իրավունքը:
Հոդված 13
1. Ենթադրվում է, որ 2-րդ հոդվածում նշված հանցագործությունները պետք է ներառվեն Մասնակից պետությունների միջև հանձնման մասին գործող ցանկացած պայմանագրում, որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ, մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը: Մասնակից պետությունները պարտավորվում են ներառել այդպիսի հանցագործությունները, որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ, հանձնման մասին հետագայում կնքվելիք բոլոր պայմանագրերում:
2. Երբ Մասնակից պետությունը, որը հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, հանձնման մասին խնդրանք է ստանում մյուս Մասնակից պետությունից, որի հետ չունի հանձնման մասին պայմանագիր, հայցվող պետությունը կարող է, իր հայեցողությամբ, դիտարկել սույն Կոնվենցիան որպես 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների հետ կապված հանձնման համար իրավական հիմք: Հանձնումն իրականացվում է հայցվող պետության իրավունքով նախատեսված այլ պայմանների պահպանմամբ:
3. Այն Մասնակից պետությունները, որոնք հանձնումը չեն պայմանավորում պայմանագրի առկայությամբ, իրենց միջև հարաբերություններում 2-րդ հոդվածում նշված հանցագործությունները դիտարկում են որպես հայցվող պետության իրավունքով նախատեսված պայմանների պահպանմամբ հանձնման հանգեցնող հանցագործություններ:
4. Անհրաժեշտության դեպքում 2-րդ հոդվածում նշված հանցագործություններին պետք է արձագանքել, Մասնակից պետությունների միջև հանձնման նպատակներով, ինչպես եթե այդ հանցագործությունները կատարված լինեին ոչ միայն այն վայրում, որտեղ տեղի է ունեցել այդ հանցագործությունը, այլև այն պետությունների տարածքում, որոնք, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, սահմանել են իրենց իրավազորությունը:
5. Մասնակից պետությունների միջև 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների հետ կապված հանձնման մասին բոլոր պայմանագրերի դրույթներն ու պայմանավորվածությունները Մասնակից պետությունների միջև հարաբերություններում համարվում են փոփոխված այնքանով, որքանով դրանք անհամատեղելի են սույն Կոնվենցիայի հետ:
Հոդված 14
1. Մասնակից պետությունները միմյանց հնարավորինս աջակցում են 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների հետաքննության, քրեական հետապնդման կամ հանձնման վարույթների հետ կապված հարցերում, ներառյալ վարույթների համար անհրաժեշտ` իրենց տրամադրության տակ գտնվող ապացույցների ստացմանն օժանդակելը:
2. Մասնակից պետությունները կատարում են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված իրենց պարտավորությունները` փոխադարձ իրավական օգնության մասին ցանկացած պայմանագրի կամ այլ պայմանավորվածությունների համաձայն, որոնք կարող են գոյություն ունենալ նրանց միջև: Այդպիսի պայմանագրերի կամ պայմանավորվածությունների բացակայության դեպքում Մասնակից պետությունները միմյանց օգնություն են տրամադրում իրենց ներպետական իրավունքի համաձայն:
Հոդված 15
2-րդ հոդվածում նշված հանցագործություններից ոչ մեկը հանձնման կամ փոխադարձ իրավական օգնության նպատակներով չի դիտարկվում որպես քաղաքական հանցագործություն կամ քաղաքական հանցագործության հետ կապված հանցագործություն կամ քաղաքական շարժառիթներով կատարված հանցագործություն:
Այդ պատճառով այդպիսի հանցագործության հետ կապված հանձնման կամ փոխադարձ իրավական օգնության մասին խնդրանքը չի կարող մերժվել միայն այն հիմքով, որ այն վերաբերում է քաղաքական հանցագործության կամ քաղաքական հանցագործության հետ կապված հանցագործության կամ քաղաքական շարժառիթներով կատարված հանցագործության:
Հոդված 16
Սույն Կոնվենցիայում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես որևէ անձի հանձնումը կամ փոխադարձ օգնության տրամադրումը պարտավորեցնող, եթե հայցվող Մասնակից պետությունը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների հետ կապված հանձնման մասին կամ այդպիսի հանցագործությունների հետ կապված փոխադարձ իրավական օգնության մասին խնդրանքը դատական հետաքննության կամ այդ անձին պատժելու նպատակ ունի նրա ռասայի, կրոնի, քաղաքացիության, էթնիկ ծագման կամ քաղաքական համոզմունքների պատճառով, կամ որ այդ խնդրանքի բավարարումը, նշվածներից ցանկացածի պատճառով, վնաս կպատճառի այդ անձի դիրքին:
Հոդված 17
1. Անձը, որը կալանավորվում կամ իր պատիժը կրում է Մասնակից պետությունում, և որի ներկայությունը այլ Մասնակից պետությունում պահանջվում է ցուցմունքներ տալու, անձը հաստատելու կամ սույն Կոնվենցիային համապատասխան հանցագործությունների հետ կապված հետաքննության կամ քրեական հետապնդման համար ցուցմունքներ տալու հարցում այլ օգնություն տրամադրելու նպատակների համար, կարող է հանձնվել հետևյալ պայմանների պահպանմամբ.
ա) այդ անձն ինքնակամ տալիս է իր համաձայնությունը ստացված տեղեկատվության հիման վրա.
բ) երկու պետությունների իրավասու մարմինները համաձայնություն են ձեռք բերել այն պայմաններով, որոնք այդ պետությունները կարող են ընդունելի համարել:
2. Սույն հոդվածի նպատակներով`
ա) այն պետությունը, որին հանձնվում է անձը, իրավազոր է և պարտավոր հանձնված անձին անազատության մեջ պահել, եթե այն պետությունը, որը հանձնել է անձին, այլ բան չի խնդրել կամ այլ բան չի որոշել.
բ) այն պետությունը, որին հանձնվում է անձը, առանց հետաձգումների կատարում է այն պետությանը այդ անձին վերադարձնելու իր պարտավորությունը, որը նախկինում հանձնել է այդ անձին, ինչպես դա համաձայնեցվել է նախապես կամ այլ կերպով երկու պետությունների իրավասու իշխանությունների կողմից.
գ) այն պետությունը, որին հանձնվում է անձը, չպետք է այդ անձին հանձնած պետությունից պահանջի նրա վերադարձման համար հանձնման վարույթ հարուցել.
դ) այն պետությունում պատիժը կրելու ժամկետից, որտեղից անձը հանձնվել է, հանվում է այն պետությունում անազատության մեջ պահելու ժամկետը, որին նա հանձնվել է:
3. Առանց Մասնակից պետության համաձայնության, որտեղից, սույն հոդվածի համաձայն, պետք է հանձնվի այս կամ այն անձը, այդ անձը, անկախ իր քաղաքացիությունից, ենթակա չէ հետապնդման կամ կալանքի տակ պահվելու, և նրա ազատությունը որևէ կերպով ենթակա չէ սահմանափակման այն պետության տարածքում, որին հանձնվում է այդ անձը` կապված իր գործողությունների կամ իր նկատմամբ սահմանված դատավճիռների հետ, մինչև այն պետության տարածքից մեկնումը, որից հանձնվել է:
Հոդված 18
1. Առգրավելով կամ այլ կերպով իր հսկողության տակ վերցնելով ռադիոակտիվ նյութերը, սարքերը կամ միջուկային օբյեկտները 2-րդ հոդվածում նշված հանցագործությունը կատարվելուց հետո` այսպիսի առարկաներ իր տրամադրության տակ ունեցող Մասնակից պետությունը`
ա) միջոցներ է ձեռնարկում ռադիոակտիվ նյութը, սարքը կամ միջուկային օբյեկտը վնասազերծելու նպատակով.
բ) ապահովում է, որ ցանկացած միջուկային նյութ պահվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կիրառելի երաշխիքներին համապատասխան, և
գ) հաշվի է առնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից հրապարակված` ֆիզիկական պաշտպանության վերաբերյալ առաջարկությունները և առողջության ու անվտանգության պահպանման ոլորտի ստանդարտները:
2. 2-րդ հոդվածում նշված հանցագործության հետ կապված ցանկացած վարույթի ավարտից հետո կամ ավելի շուտ, եթե դա է պահանջվում միջազգային իրավունքով, համապատասխան Մասնակից պետությունների հետ խորհրդակցություններից հետո (մասնավորապես` վերադարձման ու պահման պայմանների վերաբերյալ) ցանկացած ռադիոակտիվ նյութ, սարք կամ միջուկային օբյեկտ վերադարձվում է այն Մասնակից պետությանը, որին պատկանում է, այն Մասնակից պետությանը, որի քաղաքացին կամ ռեզիդենտն է այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը այդպիսի ռադիոակտիվ նյութը, սարքը կամ միջուկային օբյեկտը տնօրինողն է, կամ այն Մասնակից պետությանը, որի տարածքից դրանք հափշտակվել կամ այլ կերպով ապօրինի ստացվել են:
3. ա) Եթե ներպետական կամ միջազգային իրավունքով Մասնակից պետությանը արգելվում է վերադարձնել կամ ընդունել այդպիսի ռադիոակտիվ նյութ, սարք կամ միջուկային օբյեկտ, կամ եթե այդ մասին պայմանավորվում են համապատասխան Մասնակից պետությունները, ապա ռադիոակտիվ նյութ, սարք կամ միջուկային օբյեկտ տնօրինող Մասնակից պետությունը, սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները պահպանելով, շարունակում է ձեռնարկել սույն հոդվածի 1-ին կետում նշված միջոցները. այդպիսի ռադիոակտիվ նյութերը, սարքերը կամ միջուկային օբյեկտներն օգտագործվում են բացառապես խաղաղ նպատակներով:
բ) Եթե ռադիոակտիվ նյութ, սարքեր կամ միջուկային օբյեկտներ տնօրինող Մասնակից պետության համար դրանք տնօրինելն անօրինական է, ապա այդ պետությունն ապահովում է, որ դրանք հնարավորինս շուտ փոխանցվեն այն պետությանը, որի համար դրանց տնօրինումն օրինական է, և որը անհրաժեշտության դեպքում, սույն հոդվածի 1-ին կետի պահանջներին համապատասխան, այդ պետության հետ խորհրդակցություններ անցկացնելիս երաշխիքներ է ներկայացրել դրանց վնասազերծման համար. այդպիսի ռադիոակտիվ նյութերը, սարքերը կամ միջուկային օբյեկտներն օգտագործվում են բացառապես խաղաղ նպատակներով:
4. Եթե սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված ռադիոակտիվ նյութերը, սարքերը կամ միջուկային օբյեկտները չեն պատկանում Մասնակից պետություններից որևէ մեկին կամ Մասնակից պետության քաղաքացու կամ ռեզիդենտի ու չեն հափշտակվել կամ այլ կերպով ապօրինի ստացվել Մասնակից պետության տարածքից, կամ եթե պետություններից ոչ մեկը, սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, չի ցանկանում ստանալ այդպիսի առարկաներ, ապա, սույն հոդվածի 3.բ կետի դրույթները պահպանելով, շահագրգիռ պետությունների և ցանկացած համապատասխան միջազգային կազմակերպության միջև խորհրդակցություններից հետո առանձին որոշում է ընդունվում այն մասին, թե ինչպես պետք է դրանք տնօրինել:
5. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի նպատակներով` ռադիոակտիվ նյութեր, սարքեր կամ միջուկային օբյեկտներ տնօրինող Մասնակից պետությունը կարող է օգնություն խնդրել մյուս Մասնակից պետություններից, մասնավորապես` համապատասխան Մասնակից պետություններից և համապատասխան ցանկացած միջազգային կազմակերպությունից, մասնավորապես` Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից, ինչպես նաև` համագործակցության առաջարկ անել նրանց: Մասնակից պետություններին և համապատասխան միջազգային կազմակերպություններին խորհուրդ է տրվում, սույն կետին համապատասխան, օգնություն տրամադրել հնարավորությունների առավելագույն չափով:
6. Այն Մասնակից պետությունը, որը, սույն հոդվածին համապատասխան, զբաղվում է ռադիոակտիվ նյութի, սարքի կամ միջուկային օբյեկտի տնօրինմամբ կամ պահպանմամբ, տեղեկացնում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին այն մասին, թե ինչպես է տնօրինվել կամ պահպանվել այդ իրը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենն այդ տեղեկությունները փոխանցում է մյուս Մասնակից պետություններին:
7. Եթե 2-րդ հոդվածում նշված հանցագործության վերաբերյալ տեղեկությունների տարածում է տեղի ունեցել, ապա սույն հոդվածում ոչինչ որևէ կերպով չի շոշափում միջուկային վնասի համար պատասխանատվությունը կարգավորող միջազգային իրավունքի նորմերը և միջազգային իրավունքի այլ նորմերը:
Հոդված 19
Մասնակից պետությունը, որում հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, իր ներպետական իրավունքին կամ կիրառվող ընթացակարգերին համապատասխան, վարույթների վերջնական արդյունքների մասին տեղեկացնում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որն այդ տեղեկատվությունը փոխանցում է մյուս Մասնակից պետություններին:
Հոդված 20
Մասնակից պետությունները միմյանց հետ խորհրդակցություններ են անցկացնում անմիջականորեն կամ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի միջոցով` անհրաժեշտության դեպքում միջազգային կազմակերպությունների օգնությամբ սույն Կոնվենցիայի արդյունավետ կիրարկումն ապահովելու համար:
Հոդված 21
Մասնակից պետությունները կատարում են իրենց պարտավորությունները, սույն Կոնվենցիային համապատասխան, պետությունների ինքնիշխան հավասարության ու տարածքային ամբողջականության սկզբունքներին և այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին համահունչ:
Հոդված 22
Սույն Կոնվենցիայում ոչինչ Մասնակից պետությանն իրավունք չի վերապահում մյուս Մասնակից պետության տարածքում իրականացնելու իրավազորություն և գործառույթներ, որոնք բացառապես վերապահված են այդ Մասնակից պետության իշխանություններին` վերջինիս ներպետական իրավունքին համապատասխան:
Հոդված 23
1. Երկու կամ ավելի Մասնակից պետությունների միջև սույն Կոնվենցիայի մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող ցանկացած վեճ, որը չի կարող կարգավորվել բանակցությունների միջոցով ողջամիտ ժամանակահատվածում, նրանցից մեկի խնդրանքով փոխանցվում է արբիտրաժ: Եթե արբիտրաժի վերաբերյալ խնդրանքով դիմելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, կողմերը չեն կարողանում պայմանավորվել դրա ձևավորման շուրջ, այդ կողմերից ցանկացածը կարող է վեճը փոխանցել Միջազգային դատարան` Դատարանի կանոնադրությանը համապատասխան դիմում ներկայացնելով:
2. Յուրաքանչյուր պետություն կարող է սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու ժամանակ հայտարարել, որ սույն հոդվածի 1-ին կետի դրույթներն իր համար պարտադիր չեն: Մյուս Մասնակից պետությունների համար 1-ին կետի դրույթները պարտադիր չեն այն Մասնակից պետության հետ հարաբերություններում, որն այդպիսի վերապահում է արել:
3. Սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերապահում արած ցանկացած պետություն կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել այդ վերապահումը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով:
Հոդված 24
1. Սույն Կոնվենցիան Նյու Յորքում գտնվող Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում բաց է բոլոր պետությունների ստորագրման համար 2005 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:
3. Սույն Կոնվենցիան բաց է ցանկացած պետության միանալու համար: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:
Հոդված 25
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին քսաներկուերորդ փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց հետո` երեսուներորդ օրը:
2. Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացնում, ընդունում կամ հաստատում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին քսաներկուերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կողմից վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնվելուց հետո` երեսուներորդ օրը:
Հոդված 26
1. Մասնակից պետությունը կարող է սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկ ներկայացնել: Առաջարկվող փոփոխությունը ներկայացվում է ավանդապահին, որն այն անհապաղ ուղարկում է բոլոր Մասնակից պետություններին:
2. Եթե Մասնակից պետությունների մեծ մասը դիմում է ավանդապահին խորհրդաժողով հրավիրելու խնդրանքով, ապա ավանդապահը հրավիրում է բոլոր Մասնակից պետություններին` մասնակցելու այդ խորհրդաժողովին, որն անցկացվում է հրավերներն ուղարկելուց հետո` երեք ամսից ոչ շուտ:
3. Խորհրդաժողովի մասնակիցներն անում են առավելագույնը, որպեսզի փոփոխություններն ընդունվեն ընդհանուր համաձայնությամբ: Եթե դա հնարավոր չէ, ապա փոփոխություններն ընդունվում են բոլոր Մասնակից պետությունների ձայների երկու երրորդ մեծամասնությամբ: Ավանդապահը խորհրդաժողովում ընդունված ցանկացած փոփոխություն ուղարկում է բոլոր Մասնակից պետություններին:
4. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան ընդունված փոփոխությունն ուժի մեջ է մտնում յուրաքանչյուր Մասնակից պետության համար, որն ի պահ է հանձնում փոփոխությունը վավերացնելու, ընդունելու, դրան միանալու կամ այն հաստատելու մասին իր փաստաթուղթը Մասնակից պետությունների երկու երրորդի կողմից իրենց համապատասխան փաստաթղթերն ավանդապահին ի պահ հանձնվելուց հետո` երեսուներորդ օրը: Դրանից հետո փոփոխությունն ուժի մեջ է մտնում ցանկացած Մասնակից պետության համար` այդ պետության կողմից համապատասխան փաստաթուղթն ի պահ հանձնվելուց հետո` երեսուներորդ օրը:
Հոդված 27
1. Ցանկացած Մասնակից պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված գրավոր ծանուցման միջոցով:
2. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում ծանուցումը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի ստանալուց մեկ տարի հետո:
Հոդված 28
Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որը սույն Կոնվենցիայի հաստատված պատճեններն ուղարկում է բոլոր պետություններին:
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, իրենց համապատասխան կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան, որը ստորագրման համար բացվել է Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում, 2005 թվականի սեպտեմբերի 14-ից:
Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 22-ին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|