Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Base act (01.09.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/5(13)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
21.03.1983
Ստորագրման ամսաթիվ
21.03.1983
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2001

 

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները և սույն Կոնվենցիան ստորագրող մյուս պետությունները,

հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է հասնել անդամների միջև ավելի սերտ միասնության,

ձգտելով քրեաիրավական բնագավառում միջազգային համագործակցության հետագա զարգացմանը,

հաշվի առնելով, որ նման համագործակցությունը կնպաստի արդարադատության իրականացմանը և դատապարտյալների սոցիալական վերականգնմանը,

հաշվի առնելով, որ այս նպատակները պահանջում են, որ հանցագործություն կատարելու համար ազատազրկված օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն ունենան պատիժը կրելու իրենց ծագման հասարակական միջավայրում,

հաշվի առնելով, որ այդ նպատակին լավագույնս հասնելու համար օտարերկրյա քաղաքացիները պետք է փոխանցվեն իրենց պետությանը,

 

պայմանավորվեցին հետևյալի մասին.

Հ ո դ վ ա ծ  1

 

Սահմանումներ

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար.

ա) «դատապարտում» նշանակում է հանցագործության համար դատարանի կողմից նշանակված սահմանափակ կամ անսահմանափակ ժամկետով ազատազրկման ձևով ցանկացած պատիժ կամ միջոց,

բ) «դատավճիռ» նշանակում է պատժի նշանակման մասին դատարանի որոշում,

գ) «Դատապարտող պետություն» նշանակում է այն պետությունը, որտեղ պատիժ է նշանակվել այն անձի նկատմամբ, որը կարող է փոխանցվել կամ փոխանցվել է,

դ) «Կատարող պետություն» նշանակում է այն պետությունը, որին կարող է փոխանցվել կամ փոխանցվել է դատապարտյալը՝ պատիժը կրելու համար:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Ընդհանուր սկզբունքներ

 

1. Կողմերը պարտավորվում են, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, դատապարտյալներին փոխանցելու նպատակով սերտորեն համագործակցել։

2. Մի Կողմի տարածքում դատապարտված անձը, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող է փոխանցվել մեկ այլ Կողմի՝ պատիժը կրելու համար։ Այդ կապակցությամբ նա կարող է սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան փոխանցումը իրականացնելու մասին իր ցանկությունը հայտնել Դատապարտող կամ Կատարող պետությանը։

3. Փոխանցման վերաբերյալ խնդրանքը կարող է ներկայացվել ինչպես Դատապարտող, այնպես էլ Կատարող պետության կողմից։

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Փոխանցման պայմանները

 

1. Սույն Կոնվենցիայի համաձայն դատապարտյալը կարող է փոխանցվել միայն հետևյալ պայմանների առկայության դեպքում.

ա) տվյալ անձը Կատարող պետության քաղաքացի է,

բ) դատավճիռը վերջնական է,

գ) փոխանցման մասին խնդրանքն ստանալու պահին պատիժը կրելու համար դատապարտյալին մնացել է առնվազն վեց ամիս ժամկետ, կամ պատժի ժամկետն անսահմանափակ է,

դ) փոխանցումը համաձայնեցված է դատապարտյալի հետ, կամ երկու Կողմերից որևէ մեկը, ելնելով դատապարտյալի տարիքից, ֆիզիկական կամ հոգեկան վիճակից, անհրաժեշտ է համարում փոխանցումը համաձայնեցնել նրա օրինական ներկայացուցչի հետ,

ե) գործողությունը կամ անգործությունը, որի համար դատավճիռ է կայացվել, հանցագործություն է համարվում ըստ Կատարող պետության օրենսդրության կամ այդպիսին կհամարվեր, եթե հանցագործությունը կատարվեր այդ պետության տարածքում,

զ) Դատապարտող և Կատարող պետությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել փոխանցման վերաբերյալ։

2. Բացառիկ դեպքերում Կողմերը կարող են համաձայնության գալ փոխանցման վերաբերյալ, եթե նույնիսկ դատապարտյալի կողմից պատիժը կրելու ժամկետն ավելի պակաս է, քան դա նախատեսված է 1-ին կետի գ) ենթակետով։

3. Յուրաքանչյուր Պետություն կարող է ստորագրման ժամանակ կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությունում նշել, որ այլ Կողմերի հետ իր հարաբերություններում ինքը մտադիր է չկիրառել 9 հոդվածի 1-ին կետի ա) և բ) ենթակետերի ընթացակարգերից որևէ մեկը։

4. Յուրաքանչյուր պետություն, ցանկացած ժամանակ, կարող է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությունում սահմանել, թե որքանով է «քաղաքացի» տերմինն առնչվում սույն Կոնվենցիայի նպատակներին։

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Տեղեկություն տրամադրելու պարտականությունը

 

1. Յուրաքանչյուր դատապարտյալ, որի նկատմամբ կարող է կիրառվել սույն Կոնվենցիան, Դատապարտող պետության կողմից պետք է տեղեկացվի սույն Կոնվենցիայի առկայության մասին։

2. Եթե դատապարտյալը Դատապարտող պետությանը ցանկություն է հայտնել սույն Կոնվենցիայի համաձայն փոխանցվելու վերաբերյալ, ապա նշված պետությունը այդ մասին Կատարող պետությանը պետք է որքան հնարավոր է արագ տեղեկացնի դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո։

3. Տեղեկությունը պետք է պարունակի.

ա) դատապարտյալի անունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

բ) նրա հասցեն, եթե այն առկա է Կատարող պետությունում.

գ) դատավճռի հիմքում ընկած փաստաթղթերի ցանկը.

դ) դատավճռի բովանդակությունը, տևողությունը (ժամկետը) և կատարման տարին, ամիսը և ամսաթիվը։

4. Եթե դատապարտյալը ցանկություն է հայտնել Կատարող պետությանը, համաձայն խնդրանքի, ապա Դատապարտող պետությունը պետք է Կատարող պետությանը տրամադրի 3-րդ կետում նշված տեղեկությունը։

5. Դատապարտյալը պետք է գրավոր տեղեկացվի Դատապարտող կամ Կատարող պետությունների կողմից նախորդ կետերով կատարված ցանկացած գործողության, ինչպես նաև փոխանցման

խնդրանքի վերաբերյալ որևէ պետության կողմից ընդունված ցանկացած որոշման մասին։

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Դիմումներ և պատասխաններ

 

1. Փոխանցման մասին դիմումները և պատասխանները ձևակերպվում են գրավոր։

2. Դիմումները պետք է ուղարկվեն հայցվող պետության արդարադատության նախարարությանը հայցող պետության արդարադատության նախարարության կողմից։ Պատասխանները պետք է փոխանցվեն միևնույն ուղիներով։

3. Յուրաքանչյուր Կողմ կարող է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությունում նշել, որ ինքն օգտագործելու է հաղորդակցության այլ ուղիներ։

4. Հայցվող պետությունը փոխանցելու կամ չփոխանցելու վերաբերյալ իր որոշման մասին անհապաղ տեղեկացնում է հայցող Պետությանը։

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Հիմնավորող փաստաթղթեր

 

1. Դատապարտող պետության խնդրանքով Կատարող պետությունը նրան տրամադրում է հետևյալ փաստաթղթերը.

ա) որևէ փաստաթուղթ կամ հաղորդագրություն, որը մատնանշում է, որ դատապարտյալը տվյալ Պետության քաղաքացի է.

բ) Կատարող պետության համապատասխան օրենքի պատճենը, որով նախատեսված է, որ այն գործողությունները կամ անգործությունը, որոնց հիման վրա Դատապարտող պետությունը դատավճիռ է կայացրել, Կատարող պետությունում համարվում են հանցագործություն կամ կհամարվեին այդպիսին, եթե կատարվեին վերջինիս տարածքում.

գ) փաստաթուղթ, որը պարունակում է 9 հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկությունը։

2. Եթե փոխանցման վերաբերյալ խնդրանք է ստացվել, ապա Դատապարտող պետությունը, եթե պետություններից որևէ մեկը չի հայտնել փոխանցմանը համաձայն չլինելու մասին, պետք է Կատարող պետությանը տրամադրի հետևյալ փաստաթղթերը.

ա) դատավճռի հաստատված պատճենը և օրենքը, որի վրա այն հիմնվել է,

բ) փաստաթուղթ, որտեղ նշվում է, թե դատավճռի որ մասն է կատարվել, ներառյալ՝ մինչև նախնական կալանքի, ազատ արձակելու մասին տեղեկությունը և դատավճռի կատարման վերաբերյալ որևէ այլ ակտ,

գ) 3 հոդվածի 1-ին կետի դ) ենթակետով նախատեսված հայտարարությունը, որը ներառում է փոխանցման վերաբերյալ համաձայնությունը,

դ) անհրաժեշտության դեպքում դատապարտյալի մասին ցանկացած բժշկական կամ սոցիալական տեղեկություն, Դատապարտող պետությունում նրա բուժման վերաբերյալ տեղեկություն և որևէ հանձնարարական Կատարող պետությունում նրա հետագա բուժման մասին։

3. Մինչև փոխանցելու խնդրանքով դիմելը կամ փոխանցելու կամ չփոխանցելու մասին որոշում ընդունելը, յուրաքանչյուր պետություն կարող է խնդրել իրեն տրամադրել վերը նշված 1-ին և 2-րդ կետերում հիշատակված ցանկացած փաստաթուղթ կամ հաղորդագրություն։

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Համաձայնությունը և դրա ստուգումը

 

1. Դատապարտող պետությունը պետք է հավաստիացնի, որ անձը փոխանցման մասին համաձայնությունը տվել է կամավոր, 3 հոդվածի 1-ին կետի դ) ենթակետին համապատասխան՝ գիտակցելով դրա իրավաբանական հետևանքները։

Այդպիսի համաձայնություն տալը կարգավորվում է Դատապարտող պետության օրենսդրությամբ։

2. Դատապարտող պետությունը պետք է հնարավորություն տա Կատարող պետությանը հյուպատոսի կամ Կատարող պետության հետ համաձայնեցված այլ պաշտոնյայի միջոցով ստուգելու, որ համաձայնությունը տրվել է վերը նշված 1-ին կետով սահմանված պայմաններին համապատասխան։

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Փոխանցման հետևանքը Դատապարտող պետության համար

 

1. Կատարող պետության մարմինների կողմից դատապարտյալի հսկողության տակ վերցվելը կասեցնում է Դատապարտող պետությունում դատավճռի կատարումը։

2. Դատապարտող պետությունը չի կարող այլևս կատարել դատավճիռը, եթե Կատարող պետությունը գտնում է, որ դատավճռի կատարումն ավարտված է։

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Փոխանցման հետևանքը Կատարող պետության համար

 

1. Կատարող պետության իրավասու մարմինները պետք է.

ա) շարունակեն դատավճռի կատարումը անմիջապես կամ դատական կամ վարչական որոշման հիման վրա՝ 10 հոդվածում սահմանված պայմաններով.

բ) կամ դատական կամ վարչական ընթացակարգերի միջոցով փոխարկեն դատավճիռը այդ Պետության որոշման՝ դրանով Դատապարտող պետության կողմից նշանակված պատժամիջոցը փոխարինելով Կատարող պետության օրենքով միևնույն արարքի համար նախատեսված պատժամիջոցով՝ 11 հոդվածով սահմանված պայմաններով։

2. Կատարող պետությունը, խնդրանքի դեպքում, նախքան դատապարտյալի փոխանցումը, Դատապարտող պետությանը տեղեկացնում է, թե նշված ընթացակարգերից որն է կիրառելու։

3. Դատավճռի կատարումը կարգավորվում է Կատարող պետության օրենքով, և միայն այդ պետությունն է իրավասու ընդունելու բոլոր համապատասխան որոշումները։

4. Յուրաքանչյուր պետություն, որը մյուս պետության տարածքում կատարած հանցագործության համար հոգեկան վիճակի պատճառով անմեղսունակ անձի նկատմամբ նշանակված պատժամիջոցներն իրականացնելու համար իր ներքին օրենսդրության համաձայն չի կարող կիրառել 1-ին կետով նախատեսված ընթացակարգերից որևէ մեկը, և որը պատրաստ է այդ անձին ընդունել հետագայում բուժելու համար, կարող է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությունում մանրամասնել այն ընթացակարգերը, որոնք պետք է կիրառվեն նման դեպքերում։

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Դատավճռի կատարման շարունակությունը

 

1. Կատարումը շարունակելու դեպքում Կատարող պետությունը պարտավոր է ղեկավարվել Դատապարտող պետության կողմից կայացված դատավճռի պատժամիջոցի իրավական բնույթով և տևողությամբ։

2. Եթե պատժամիջոցի բնույթը և տևողությունը չեն համապատասխանում Կատարող պետության օրենսդրությանը, կամ եթե այդ է պահանջում վերջինիս օրենսդրությունը, ապա Կատարող պետությունը կարող է պատժամիջոցը դատական կամ վարչական որոշմամբ հարմարեցնել (համապատասխանեցնել) իր օրենսդրությամբ նման բնույթի հանցագործությունների համար նախատեսված պատժին կամ այլ պատժամիջոցների։

Պատժի կամ պատժամիջոցի բնույթը հնարավորության դեպքում պետք է համապատասխանեն կատարման ենթակա դատավճռով սահմանված պատժի կամ պատժամիջոցի բնույթին։ Այն իր բնույթով և պատժի ժամկետով չի կարող խստացնել Դատապարտող պետության կողմից նշանակված պատժամիջոցը և ոչ էլ գերազանցել Կատարող պետության օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետը։

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Դատավճռի փոխարկումը (կոնվերսիա)

 

1. Դատավճռի փոխարկման դեպքում կիրառվում են Կատարող պետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը։ Դատավճիռը փոխարկելիս իրավասու մարմինը.

ա) պետք է հաշվի առնի Դատապարտող պետության կողմից կայացված դատավճռում որոշակիորեն արտահայտված կամ պարզ չարտահայտված փաստերի հաստատումը.

բ) չի կարող ազատազրկման հետ կապված պատժամիջոցը փոխարինել դրամական տուգանքով.

գ) հաշվարկելու է դատապարտյալի կրած ազատազրկման ամբողջ ժամանակահատվածը.

դ) չի կարող խստացնել դատապարտյալի քրեաիրավական վիճակը, ինչպես նաև չի կարող հաշվի առնել Կատարող պետության օրենսդրությամբ տվյալ հանցագործության կամ հանցագործությունների համար նախատեսված նվազագույն պատիժը։

2. Եթե դատավճիռը փոխարկվում է դատապարտյալին փոխանցելուց հետո, ապա Կատարող պետությունը այդ անձին պետք է պահի կալանքի տակ կամ այլ ձևով ապահովի նրա ներկայությունն իր պետության տարածքում մինչև այդ ընթացակարգի ավարտը։

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Ներում, համաներում, պատժի մեղմացում

 

Յուրաքանչյուր Կողմ, իր Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, կարող է շնորհել ներում, համաներում կամ մեղմացնել պատիժը։

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Դատավճռի վերանայումը

 

Միայն Դատապարտող պետությունն իրավունք ունի քննել դատավճռի վերանայման վերաբերյալ դիմումները։

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Կատարման դադարեցումը

 

Կատարող պետությունը պարտավոր է դադարեցնել դատավճռի կատարումը այն պահից, երբ Դատապարտող պետության կողմից ծանուցվի որևէ որոշման կամ միջոցի մասին, որի հիման վրա դատավճիռը կատարման ենթակա չէ։

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Կատարման մասին տեղեկատվությունը

 

Կատարող պետությունը պարտավոր է դատավճռի կատարման մասին տեղեկություն տրամադրել Դատապարտող պետությանը, երբ.

ա) նա դատավճռի կատարումն ավարտել է.

բ) դատապարտյալը փախել է նախքան դատավճռի կատարման ավարտը.

գ) Դատապարտող պետությունը պահանջել է հատուկ հաշվետվություն։

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Տարանցիկ փոխադրում

 

1. Կողմը, իր օրենսդրությանը համապատասխան, կարող է բավարարել՝ դատապարտյալին իր պետության տարածքով տարանցիկ փոխադրելու մասին խնդրանքը, եթե այն ներկայացրել է մեկ այլ Կողմ, և այդ պետությունը մեկ այլ Կողմի կամ երրորդ պետության հետ համաձայնել է դատապարտյալի իր տարածքից կամ դեպի իր տարածք փոխանցմանը։

2. Կողմը կարող է մերժել բավարարելու տարանցիկ փոխադրումը, եթե.

ա) դատապարտյալն իր քաղաքացի է.

բ) արարքը, որի համար պատիժ է նշանակված, իր պետության օրենսդրությամբ հանցագործություն չի համարվում։

3. Տարանցիկ փոխադրման մասին դիմումները և պատասխանները կարող են փոխանցվել 5 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ուղիներով։

4. Կողմը կարող է բավարարել իր պետության տարածքով դատապարտյալի տարանցիկ փոխադրման մասին երրորդ պետության դիմումը, եթե այդ պետությունը համաձայնել է մեկ այլ Կողմի հետ դատապարտյալին իր տարածքից կամ դեպի իր տարածք փոխանցմանը։

5. Տարանցիկ փոխադրում թույլատրած Կողմը դատապարտյալին կալանքի տակ կարող է պահել միայն այնքան ժամանակ, որքան պահանջվում է տարանցիկ փոխադրման համար։

6. Տարանցիկ փոխադրում թույլատրած պետությունը պետք է երաշխավորի, որ դատապարտյալն իր տարածքում չի հետապնդվի, կալանավորվի /բացառությամբ նախորդ կետի կիրառման/ կամ այլ կերպ ենթարկվի ազատության սահմանափակման, մինչև Դատապարտող պետության տարածքից մեկնելը՝ նրա կատարած հանցագործության կամ կայացված դատավճռի համար:

7. Տարանցիկ փոխադրման համար դիմում չի պահանջվում, եթե փոխադրումը կատարվում է Կողմի օդային տարածքով, և ծրագրված չէ այնտեղ վայրէջք կատարելը։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր Կողմ ստորագրման ժամանակ, վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ կարող է պահանջել, որ ինքը ծանուցվի իր տարածքով կատարվող յուրաքանչյուր այդ տեսակի տարանցիկ փոխադրման մասին։

 

Հ ո դ վ ա ծ  17

 

Լեզուն և ծախսերը

 

1. 4 հոդվածի 24-րդ կետերում նշված տեղեկությունը տրամադրվելու է այն Կողմի լեզվով, որին այն հասցեագրվում է, կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից մեկով։

2. Բացառությամբ ներքոշարադրյալ 3-րդ կետի՝ չի կարող պահանջվել փոխանցման վերաբերյալ դիմումների կամ հիմնավորող փաստաթղթերի թարգմանություն։

3. Յուրաքանչյուր Կողմ ստորագրման ժամանակ կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կարող է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ պահանջել, որ փոխանցման մասին դիմումներն ու հիմնավորող փաստաթղթերը զուգորդվեն իր լեզվով կամ նրա կողմից նշված Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից որևէ մեկով թարգմանությամբ։ Այդ դեպքում նա կարող է հայտարարել, որ պատրաստ է ընդունել Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզվի կամ լեզուներից բացի այլ լեզվով թարգմանություններ:

4. Սույն Կոնվենցիայի կիրառման նպատակով փոխանցված փաստաթղթերը հաստատում չեն պահանջում, բացառությամբ 6 հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետում նշված փաստաթղթերի։

5. Սույն Կոնվենցիայի կիրառմամբ առաջացող ծախսերը կրելու է Կատարող պետությունը, բացառությամբ այն ծախսերի, որոնք առաջացել են բացառապես Դատապարտող պետության տարածքում։

 

Հ ո դ վ ա ծ  18

 

Ստորագրելը և ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և ոչ անդամ այն պետությունների համար, որոնք մասնակցել են դրա մշակմանը։ Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման։ Վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին։

2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի Եվրոպայի խորհրդի անդամ երեք պետությունների՝ 1-ին կետի դրույթներին համապատասխան Կոնվենցիայով կապված լինելու համաձայնությունը տալուց երեք ամիս անցնելուց հետո՝ հաջորդ ամսվա առաջին օրը։

3. Յուրաքանչյուր ստորագրող պետության համար, որը հետագայում Կոնվենցիայով կապված լինելու իր համաձայնությունն է հայտնել, Կոնվենցիան ուժի մեջ կմտնի վավերագիրն, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց երեք ամիս անցնելուց հետո՝ հաջորդ ամսվա առաջին օրը։

 

Հ ո դ վ ա ծ  19

 

Ոչ անդամ պետությունների միանալը

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Պայմանավորվող պետությունների հետ խորհրդակցելուց հետո կարող է հրավիրել ցանկացած ոչ անդամ պետության և 18 հոդվածի 1-ին կետում չնշված պետության՝ միանալու սույն Կոնվենցիային՝ Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 20 հոդվածի դ) կետով նախատեսված մեծամասնության կողմից ընդունված որոշմամբ և Պայմանավորվող պետությունների այն ներկայացուցիչների միաձայն քվեարկությամբ, որոնք իրավասու են մասնակցելու կոմիտեի աշխատանքներին։

2. Յուրաքանչյուր միացող Պետության համար Կոնվենցիան ուժի մեջ կմտնի միանալու մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց երեք ամիս անցնելուց հետո՝ հաջորդ ամսվա առաջին օրը։

 

Հ ո դ վ ա ծ  20

 

Տարածքային կիրառումը

 

1. Յուրաքանչյուր պետություն կարող է ստորագրման ժամանակ կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է սույն Կոնվենցիան։

2. Յուրաքանչյուր պետություն կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ տարածել սույն Կոնվենցիայի կիրառումը յուրաքանչյուր այլ տարածքի նկատմամբ։ Այդ տարածքի համար Կոնվենցիան ուժի մեջ կմտնի նման հայտարարությունը գլխավոր քարտուղարի ստանալուց երեք ամիս անցնելուց հետո՝ հաջորդ ամսվա առաջին օրը։

3. Նախորդ երկու կետերով նախատեսված յուրաքանչյուր հայտարարություն, ինչ վերաբերում է դրանում նշված յուրաքանչյուր տարածքին, կարող է հետ վերցվել գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ։ Հետ վերցնելն ուժի մեջ կմտնի նման հայտարարությունը գլխավոր քարտուղարի ստանալուց երեք ամիս անցնելուց հետո՝ հաջորդ ամսվա առաջին օրը։

 

Հ ո դ վ ա ծ  21

 

Ժամանակային կիրառումը

 

Սույն Կոնվենցիան կիրառվում է ինչպես մինչև Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը, այնպես էլ դրանից հետո կայացված դատավճիռների կատարման նկատմամբ։

 

Հ ո դ վ ա ծ  22

 

Հարաբերակցությունն այլ կոնվենցիաների և համաձայնագրերի հետ

 

1. Սույն Կոնվենցիան չի շոշափում այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք ծագում են հանձնման մասին պայմանագրերից և քրեական գործերով միջազգային համագործակցության այլ պայմանագրերից, որոնք նախատեսում են առերեսման կամ ցուցմունք տալու նպատակով կալանավորված անձանց փոխանցում։

2. Եթե երկու կամ ավելի Կողմեր կնքել են կամ կկնքեն դատապարտյալների փոխանցման մասին համաձայնագիր կամ պայմանագիր, կամ եթե նրանք հաստատել են կամ կհաստատեն իրենց հարաբերությունները այս բնագավառում այլ կերպ, ապա նրանք հնարավորություն կունենան կիրառելու այդ համաձայնագիրը, պայմանագիրը կամ համաձայնությունը սույն Կոնվենցիայի փոխարեն։

3. Սույն Կոնվենցիան չի շոշափում «Դատավճիռների միջազգային ճանաչման մասին» եվրոպական կոնվենցիայի կողմ պետությունների իրավունքը՝ այդ Կոնվենցիայով նախատեսված հարցերով միմյանց հետ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կնքելու, դրա դրույթները լրացնելու կամ դրանում ընդգրկված սկզբունքների կիրառումը դյուրացնելու համար։

4. Եթե փոխանցման մասին դիմումն ընդգրկվում է սույն Կոնվենցիայի և «Դատավճիռների միջազգային ճանաչման մասին» եվրոպական կոնվենցիայի կամ դատապարտյալների փոխանցման մասին որևէ այլ համաձայնագրի կամ պայմանագրի կիրառման ոլորտում, ապա դիմող պետությունը պետք է նշի, թե որ փաստաթղթի հիման վրա է ներկայացնում դիմումը։

 

Հ ո դ վ ա ծ  23

 

Բարեկամական կարգավորում

 

Եվրոպայի խորհրդի հանցավորության հիմնախնդիրների եվրոպական կոմիտեն կհետևի սույն Կոնվենցիայի կիրառմանը և անհրաժեշտության դեպքում կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները սույն Կոնվենցիայի կիրառման ընթացքում ծագած խոչընդոտների բարեկամական կարգավորման համար։

 

Հ ո դ վ ա ծ  24

 

Գործողության դադարեցումը

 

1. Յուրաքանչյուր պետություն ցանկացած ժամանակ կարող է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարության միջոցով դադարեցնել սույն Կոնվենցիայի գործողությունը։

2. Կոնվենցիայի գործողությունը կդադարեցվի դրա վերաբերյալ հայտարարությունը գլխավոր քարտուղարի ստանալուց երեք ամիս անցնելուց հետո՝ հաջորդ ամսվա առաջին օրը։

3. Այնուամենայնիվ, սույն Կոնվենցիան կշարունակի կիրառվել մինչև դրա դադարեցումը Կոնվենցիայի դրույթներին համապատասխան փոխանցված դատապարտյալների դատավճիռների կատարման նկատմամբ:

 

Հ ո դ վ ա ծ  25

 

Ծանուցումներ

 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կծանուցի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և սույն Կոնվենցիայի մշակմանը մասնակցած ոչ անդամ այն պետություններին և յուրաքանչյուր պետության, որը միացել է սույն Կոնվենցիային.

ա) յուրաքանչյուր ստորագրման մասին.

բ) յուրաքանչյուր վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթի ի պահ հանձնման մասին.

գ) սույն Կոնվենցիայի, 18 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի, 19 հոդվածի 2-րդ և 20 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն, ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր ժամկետի մասին.

դ) որևէ սույն Կոնվենցիային վերաբերող յուրաքանչյուր այլ ակտի, հայտարարության, ծանուցման կամ հաղորդման մասին։

Ի վկայումն վերոշարադրյալի, այդ նպատակով պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան։

Կատարված է Ստրասբուրգում 1983 թվականի մարտի 21-ին, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով երկու հավասարազոր տեքստերից բաղկացած մեկ բնօրինակով, որն ի պահ կհանձնվի Եվրոպայի խորհրդի արխիվին։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հաստատված կրկնօրինակները կուղարկի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության, սույն Կոնվենցիայի մշակմանը մասնակցած ոչ անդամ պետություններին և Կոնվենցիային միանալու համար հրավիրված յուրաքանչյուր պետության։

 

 

* «Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ «քաղաքացի» տերմինը սույն կոնվենցիայի նպատակների համար կառնչվի ցանկացած անձի, որը հանցագործություն կատարելու պահին հանդիսացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը կարող է թույլատրել փոխանցելու այն դատապարտյալին, որը հանցագործություն կատարելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի հանդիսացել, պայմանով, որ նա դիմելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է»:

«Կոնվենցիայի 17-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ փոխանցման մասին դիմումները և դրանք հիմնավորող փաստաթղթերը պետք է ուղեկցվեն հայերեն կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից մեկով կամ ռուսերեն թարգմանությամբ»:

 

** Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի սեպտեմբերի 1-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան