Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Base act (25.04.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/5(13)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
20.04.1959
Ստորագրման ամսաթիվ
20.04.1959
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2002

 

Ե Վ Ր Ո Պ Ա Կ Ա Ն   Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Նախաբան

 

Ներքոստորագրյալ կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ,

հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է հասնել առավել սերտ միասնության իր անդամների միջև,

հավաստելով, որ քրեական գործերով փոխադարձ օգնության բնագավառում ընդհանուր կանոնների ընդունումը կնպաստի հասնելու այդ նպատակին,

հաշվի առնելով, որ այդպիսի փոխադարձ օգնությունը կապված է հանձնման հարցի հետ, որն արդեն իսկ դարձել է 1957 թվականի դեկտեմբերի 13-ին ստորագրված կոնվենցիայի առարկա,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Գլուխ 1

 

Ընդհանուր դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ  1

 

1. Պայմանավորվող կողմերը, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, պարտավորվում են միմյանց տրամադրել փոխադարձ օգնության հնարավորինս լայն միջոցներ այն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնց համար պատժելը օգնության մասին խնդրանքը ներկայացնելու պահին ենթակա է Հայցող կողմի դատական մարմինների իրավասությանը:

2. Սույն Կոնվենցիան չի կիրառվում ձերբակալությունների, դատավճիռների կատարման կամ այն զինվորական հանցագործությունների նկատմամբ, որոնք ընդհանուր քրեական իրավունքով հանցագործություն չեն համարվում:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Օգնությունը կարող է մերժվել, եթե՝

ա) խնդրանքը վերաբերում է այնպիսի արարքի, որը Հայցվող կողմը համարում է քաղաքական հանցագործություն, դրա հետ կապված այլ հանցագործություն կամ ֆինանսական հանցագործություն,

բ) Հայցվող կողմը համարում է, որ խնդրանքի կատարումը վնաս կհասցնի իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ այլ էական շահերին:

 

 

Գլուխ 2

 

Իրավական օգնության մասին հանձնարարությունները

 

Հ ո դ վ ա ծ  3

 

1. Հայցվող կողմը կատարում է Հայցող կողմի դատական մարմինների կողմից իրեն հասցեագրված ապացույցները ձեռք բերելու կամ ապացույց հանդիսացող առարկաների, արձանագրությունների կամ փաստաթղթերի փոխանցման նպատակով քրեական գործերով իրավական օգնության մասին ամեն մի հանձնարարություն:

2. Եթե Հայցող կողմը ցանկանում է, որ վկաները կամ փորձագետները վկայություն տան երդումով, ապա նա հստակորեն պետք է արտահայտի այդպիսի խնդրանքը, և Հայցվող կողմը կկատարի այդ խնդրանքը, եթե դա արգելված չէ իր պետության օրենսդրությամբ:

3. Հայցվող կողմը կարող է փոխանցել պահանջվող արձանագրությունների կամ փաստաթղթերի վավերացված պատճենները կամ վավերացված ֆոտոստատ պատճենները, քանի դեռ Հայցող կողմը վճռականորեն չի խնդրում իրեն փոխանցել դրանց բնօրինակները, որի դեպքում Հայցվող կողմը ջանքեր է գործադրում խնդրանքը կատարելու համար:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Հայցող կողմի վճռական պահանջով Հայցվող կողմը նշանակում է իրավական օգնության մասին հանձնարարության կատարման տարին, ամիս-ամսաթիվը և վայրը: Պաշտոնատար կամ շահագրգիռ անձինք կարող են ներկա գտնվել, եթե Հայցվող կողմը համաձայն է:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

1. Սույն Կոնվենցիան ստորագրելիս կամ վավերագիրը կամ միացման մասին փաստաթուղթն ի պահ տալու ժամանակ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ կարող է իրեն իրավունք վերապահել՝ կատարելու գույքի վրա կալանք դնելու, դրա խուզարկության վերաբերյալ իրավական օգնության մասին հանձնարարությունները՝ կախված հետևյալ պայմաններից.

ա) եթե իրավական օգնության մասին հանձնարարության հիմք հանդիսացող արարքը պատժելի է և Հայցող, և Հայցվող կողմերի օրենքներով,

բ) եթե իրավական օգնության մասին հանձնարարության հիմք հանդիսացող արարքը Հայցվող պետությունում հանձնման ենթակա արարք է հանդիսանում,

գ) եթե իրավական օգնության մասին հանձնարարության կատարումը համատեղելի է Հայցվող կողմի օրենսդրության հետ:

2. Եթե Պայմանավորվող կողմը հայտարարություն է անում սույն հոդվածի առաջին կետին համապատասխան, ապա որևէ այլ Կողմ կարող է կիրառել փոխադարձություն:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

1. Հայցվող կողմը կարող է հետաձգել պահանջվող գույքի, արձանագրությունների կամ փաստաթղթերի փոխանցումը, եթե նշված գույքը, արձանագրությունները կամ փաստաթղթերն անհրաժեշտ են չլուծված քրեական գործի համար:

2. Ցանկացած գույք, ինչպես նաև արձանագրությունների կամ փաստաթղթերի բնօրինակները, որոնք փոխանցվել են իրավական օգնության մասին հանձնարարությունը կատարելիս, Հայցող կողմը պետք է հնարավորինս շուտ վերադարձնի Հայցվող կողմին, եթե վերջինս չի հրաժարվում դրանց վերադարձումից:

 

 

Գլուխ 3

 

Ծանուցագրերի և դատավճիռների հանձնումը: Վկաների, փորձագետների և դատական կարգով հետապնդվող անձանց ներկայանալը

 

Հ ո դ վ ա ծ  7

 

1. Հայցվող կողմը հանձնում է ծանուցագրերը և դատավճիռները, որոնք Հայցող կողմի կողմից իրեն են ուղարկվել այդ նպատակով:

Հանձնումը կարող է կատարվել ծանուցագրերը կամ դատավճիռներն անձին անմիջականորեն փոխանցելով:

Եթե Հայցող կողմը որոշակիորեն խնդրում է, ապա Հայցվող Կողմը հանձնումը կարող է կատարել այն միջոցներով, որոնք համանման փաստաթղթերի համար նախատեսված են իր օրենքով, կամ՝ այդպիսի օրենքի հետ համատեղելի հատուկ միջոցով:

2. Հանձնարարության կատարումը հավաստվում է դրա կատարումն իրականացնող անձի կողմից տրվող ստացականի միջոցով, որը ստորագրում է այն և նշում է հանձնումը կատարելու տարին, ամիս-ամսաթիվը, կամ՝ հանձնումը կատարելու մասին Հայցվող կողմի կազմած հայտարարության միջոցով, որում նշվում է այդպիսի հանձնման ձևը, տարին և ամիս-ամսաթիվը: Նշված փաստաթղթերից որևէ մեկը պետք է անհապաղ ուղարկվի Հայցող կողմին: Հայցվող կողմը Հայցող կողմի պահանջով պետք է նշի, թե արդյոք հանձնումը կատարվել է Հայցվող կողմի օրենքին համապատասխան: Եթե հանձնարարությունը չի կարող կատարվել, ապա դրա պատճառների մասին Հայցվող կողմը պետք է անհապաղ հաղորդի Հայցող կողմին:

Սույն Կոնվենցիան ստորագրելիս կամ վավերագիրը կամ միացման մասին փաստաթուղթն ի պահ տալու ժամանակ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ պահանջել, որ իր տարածքում գտնվող մեղադրյալի վերաբերյալ ծանուցագիրն իր մարմիններին ուղարկվի որոշակի ժամկետում՝ նախքան ներկայանալու համար սահմանված ժամկետը: Այդ ժամկետը կորոշվի վերոհիշյալ հայտարարությամբ և չի կարող գերազանցել 50 օրը:

Այդ ժամկետը հաշվի կառնվի ներկայանալու տարին, ամիս-ամսաթիվը որոշելու ժամանակ և ծանուցագրերն ուղարկելիս:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Վկան կամ փորձագետը, որը չի կարողացել պատասխանել ներկայանալու մասին այն ծանուցագրին, որի փոխանցումը պահանջվել է, եթե անգամ ծանուցագրում նշվում է պատժի մասին, չի կարող ենթարկվել որևէ պատժի կամ ազատությունը սահմանափակող միջոցների, եթե նա հետագայում կամավոր մուտք չի գործում Հայցող կողմի տարածք և այնտեղ կրկին պատշաճ կերպով չի ծանուցվում:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Հայցվող կողմի կողմից վկային կամ փորձագետին վճարվող կամ փոխհատուցվող գումարները, ճանապարհածախսերը կամ կեցության ծախսերը նրա բնակության վայրում պետք է հաշվարկվեն այնպես, որոնք գոնե հավասար կլինեն այն ծախսերին, որոնք նախատեսված են դատաքննության երկրի գործող օրենսդրությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

1. Եթե Հայցող կողմը հատկապես անհրաժեշտ է համարում վկայի կամ փորձագետի ներկայությունն իր դատական մարմիններում, ապա այդ մասին պետք է նշի ծանուցագիրը հանձնելու մասին իր հանձնարարության մեջ, և Հայցվող Կողմը վկային կամ փորձագետին պետք է հրավիրի ներկայանալ:

Հայցվող կողմը կտեղեկացնի Հայցող կողմին վկայի կամ փորձագետի պատասխանի մասին:

2. Սույն հոդվածի առաջին կետով նախատեսված դեպքում խնդրանքի կամ ծանուցագրերի մեջ պետք է նշվեն վճարվելիք մոտավոր ծախսերը, ճանապարհածախսերը և կեցության ծախսերը:

3. Հատուկ խնդրանքի դեպքում Հայցվող կողմը վկային կամ փորձագետին կարող է տրամադրել կանխավճար: Կանխավճարի գումարը կցվում է ծանուցագրերին և պետք է փոխհատուցի Հայցող կողմը:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

1. Կալանքի տակ գտնվող անձը, որի անձնական ներկայության համար Հայցող կողմը դիմել է, որպես վկա կամ առերեսման համար կարող է ժամանակավորապես փոխանցվել այն տարածք, որտեղ տեղի է ունենալու դատաքննությունը՝ պայմանով, որ նա կվերադարձվի Հայցվող կողմի նշած ժամանակահատվածում և 12-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են:

Փոխանցումը կարող է մերժվել, եթե.

ա) կալանքի տակ գտնվող անձը դրան համաձայն չէ,

բ) նրա ներկայությունն անհրաժեշտ է՝ Հայցվող կողմի տարածքում քրեական վարույթ իրականացնելու համար,

գ) փոխանցումը կերկարաձգի նրա կալանքի տակ գտնվելը, կամ

դ) առկա են Հայցող կողմի տարածք նրա փոխանցումը չթույլատրող այլ հիմքեր:

2. 2-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ նախորդ կետում նշված դեպքում կարող է թույլատրվել կալանքի տակ գտնվող անձի տարանցումը սույն Կոնվենցիայի Կողմ հանդիսացող երրորդ պետության տարածքով՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով ուղեկցվող դիմումի հիման վրա, որը Հայցող կողմի արդարադատության նախարարության կողմից հասցեագրվում է այն Կողմի արդարադատության նախարարությանը, որի տարածքով պահանջվում է տարանցումը:

Պայմանավորվող կողմը կարող է մերժել իր քաղաքացիների տարանցումը:

3. Փոխանցված անձը Հայցող կողմի տարածքում և այն Կողմի տարածքում, որից պահանջվում է տարանցում, մնում է կալանքի տակ, մինչև որ Հայցվող կողմը դիմում է նրան ազատ արձակելու համար:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

1. Վկան կամ փորձագետը, անկախ իր քաղաքացիությունից, ծանուցագրերի հիման վրա Հայցող կողմի դատական մարմիններ ներկայանալիս այդ Կողմի տարածքում չի կարող հետապնդվել կամ կալանավորվել կամ ենթարկվել իր անձնական ազատությունը սահմանափակող այլ միջոցի նախքան Հայցվող կողմի տարածքից մեկնելը կատարած արարքների կամ դատապարտվածության համար:

2. Անձը, անկախ իր քաղաքացիությունից, որը կանչվել է Հայցող կողմի դատական մարմիններ՝ ցուցմունք տալու իր դեմ հարուցված գործի վերաբերյալ, չի կարող հետապնդվել կամ կալանավորվել կամ ենթարկվել իր անձնական ազատությունը սահմանափակող որևէ այլ միջոցի նախքան Հայցվող կողմի տարածքից մեկնելը կատարած այն արարքների կամ դատապարտվածության համար, որոնք նշված չեն ծանուցագրերում:

3. Սույն հոդվածով նախատեսված անձեռնմխելիությունը դադարում է, եթե վկան կամ փորձագետը կամ հետապնդվող անձը այն օրվանից, երբ իր ներկայությունն այլևս չի պահանջվում դատական մարմինների կողմից, դրան հաջորդող 15 օրվա ընթացքում հնարավորություն է ունեցել հեռանալու, սակայն մնացել է այդ տարածքում կամ մեկնելուց հետո վերադարձել է:

 

 

Գլուխ 4

 

Դատական արձանագրություններ

 

Հ ո դ վ ա ծ  13

 

1. Հայցվող կողմը Պայմանավորվող կողմի դատական մարմինների խնդրանքով տրամադրում է քրեական գործով անհրաժեշտ քաղվածքներ դատական արձանագրություններից և տեղեկություն դրանց վերաբերյալ՝ այն չափով, որքանով նման դեպքերում դրանք մատչելի են իր իսկ դատական մարմինների համար:

2. Յուրաքանչյուր այլ դեպքում, որը նախատեսված չէ սույն հոդվածի առաջին կետով, խնդրանքը պետք է կատարվի Հայցվող կողմի օրենքով, կանոնակարգերով կամ պրակտիկայով նախատեսված պայմաններին համապատասխան:

 

 

Գլուխ 5

 

Ընթացակարգ

 

Հ ո դ վ ա ծ  14

 

1. Փոխադարձ օգնության մասին խնդրանքը պետք է բովանդակի.

ա) հայցող մարմնի անվանումը,

բ) հարցման առարկան և պատճառը,

գ) հնարավորության դեպքում՝ անձի ինքնությունը և քաղաքացիությունը,

դ) անհրաժեշտության դեպքում՝ հասցեատիրոջ անվանումը և հասցեն:

2. 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներում հիշատակված իրավական օգնության մասին հանձնարարությունները լրացուցիչ պետք է նկարագրեն արարքը և պարունակեն փաստերի ամփոփումը:

 

Հ ո դ վ ա ծ 15

 

1. 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներում հիշատակված իրավական օգնության մասին հանձնարարությունները, ինչպես նաև 11-րդ հոդվածում հիշատակված դիմումները Հայցող կողմի արդարադատության նախարարության կողմից հասցեագրվում են Հայցվող կողմի արդարադատության նախարարությանը և վերադարձվում են միևնույն ուղիներով:

2. Հրատապ դեպքում իրավական օգնության մասին հանձնարարությունները կարող են Հայցող կողմի դատական մարմինների կողմից անմիջականորեն հասցեագրվել Հայցվող կողմի դատական մարմիններին: Դրանք գործին վերաբերող փաստաթղթերի հետ միասին վերադարձվում են սույն հոդվածի առաջին կետում նշված ուղիներով:

3. 13-րդ հոդվածի առաջին կետով նախատեսված խնդրանքները կարող են շահագրգիռ դատական մարմինների կողմից անմիջականորեն հասցեագրվել Հայցվող կողմի համապատասխան մարմիններին, և պատասխաններն էլ կարող են անմիջականորեն վերադարձվել այդ մարմինների կողմից: 13-րդ հոդվածի երկրորդ կետով նախատեսված խնդրանքները Հայցող կողմի արդարադատության նախարարության կողմից հասցեագրվում են Հայցվող կողմի արդարադատության նախարարությանը:

4. Փոխադարձ օգնության մասին այլ խնդրանքները, որոնք նախատեսված չեն սույն հոդվածի առաջին և երրորդ կետերով, և, մասնավորապես, հետապնդման համար նախաքննության խնդրանքները կարող են դատական մարմինների միջև փոխանցվել անմիջականորեն:

5. Այն դեպքում, երբ սույն Կոնվենցիայով թույլատրվում է անմիջական փոխանցումը, դա կարող է տեղի ունենալ Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության (Ինտերպոլի) կողմից:

Սույն Կոնվենցիան ստորագրելիս կամ վավերագիրը կամ միացման մասին փաստաթուղթն ի պահ տալու ժամանակ Պայմանավորվող կողմը կարող է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ ծանուցել, որ օգնության մասին որոշ կամ բոլոր խնդրանքներն իրեն են ուղարկվելու այլ ուղիներով, քան նախատեսված են սույն հոդվածով, կամ՝ պահանջել, որ սույն հոդվածի երկրորդ կետով նախատեսված դեպքում իրավական օգնության մասին հանձնարարությունների մեկ պատճենը միաժամանակ փոխանցվի նաև իր արդարադատության նախարարությանը:

6. Սույն հոդվածի դրույթները չեն վնասում Պայմանավորվող կողմերի միջև գործող այն երկկողմ համաձայնագրերին և պայմանագրերին, որոնք նախատեսում են իրենց համապատասխան մարմինների միջև օգնության մասին խնդրանքների անմիջական փոխանցում:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

1. Սույն հոդվածի երկրորդ կետով նախատեսված խնդրանքների կամ կից փաստաթղթերի թարգմանություն չի պահանջվում:

2. Սույն Կոնվենցիան ստորագրելիս կամ վավերագիրը կամ միացման մասին փաստաթուղթն ի պահ տալու ժամանակ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ իրեն իրավունք վերապահել, որ խնդրանքները կամ կից փաստաթղթերն իրեն փոխանցվեն իր լեզվով կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից որևէ մեկի կամ վերջին լեզուներից իր կողմից նշված որևէ մեկի թարգմանությամբ:

3. Սույն հոդվածը չի վնասում երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի միջև գործող կամ կնքվող համաձայնագրերի կամ պայմանագրերի այն դրույթներին, որոնք վերաբերում են խնդրանքների կամ կից փաստաթղթերի թարգմանությանը:

 

Հ ո դ վ ա ծ  17

 

Սույն Կոնվենցիայի հիման վրա փոխանցվող ապացույցները կամ փաստաթղթերը չեն պահանջում վավերացման որևէ ձև:

 

Հ ո դ վ ա ծ  18

 

Եթե փոխադարձ օգնության մասին խնդրանքն ստացող մարմինն իրավասու չէ կատարել այն, ապա նա ի պաշտոնե խնդրանքը պետք է փոխանցի իր երկրի իրավասու մարմնին և այդ մասին տեղյակ պահի Հայցող կողմին անմիջական ուղիներով, եթե խնդրանքն ուղարկվել է նման ուղիներով:

 

Հ ո դ վ ա ծ  19

 

Փոխադարձ օգնության մերժման յուրաքանչյուր դեպքում պետք է նշվեն դրա պատճառները:

 

Հ ո դ վ ա ծ 20

 

10-րդ հոդվածի երրորդ կետի դրույթներին համապատասխան փոխադարձ օգնության մասին խնդրանքների կատարումը չի կարող հանգեցնել ծախսերի փոխհատուցման, բացառությամբ նրանց, որոնք կապված են Հայցվող կողմի տարածքում գտնվող փորձագետների ներկայանալու կամ 11-րդ հոդվածով իրականացվող կալանավորված անձի փոխանցման հետ:

 

 

Գլուխ 6

Դատավարության հետ կապված տեղեկության տրամադրում

 

Հ ո դ վ ա ծ  21

 

1. Մի Պայմանավորվող կողմի կողմից մյուս Պայմանավորվող կողմին դատավարության նպատակով տրամադրվող տեղեկությունը փոխանցվում է շահագրգիռ արդարադատության նախարարությունների միջև, եթե Պայմանավորվող կողմը չի օգտագործում 15-րդ հոդվածի վեցերորդ կետով նախատեսված հնարավորությունը:

2. Հայցվող կողմը կծանուցի Հայցող կողմին նման տեղեկության կապակցությամբ ձեռնարկված ցանկացած գործողության մասին և կուղարկի յուրաքանչյուր արձակված դատավճռի պատճենը:

3. 16-րդ հոդվածի դրույթները կիրառվում են սույն հոդվածի առաջին կետում նշված տեղեկության նկատմամբ:

 

 

Գլուխ 7

 

Դատական արձանագրությունների վերաբերյալ տեղեկության փոխանակում

 

Հ ո դ վ ա ծ  22

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Կողմին հաղորդում է վերջինիս քաղաքացիների դատվածության և հետագա միջոցների վերաբերյալ տեղեկություն, որոնք արտացոլվել են դատական արձանագրություններում: Արդարադատության նախարարությունները միմյանց այդպիսի տեղեկություն են հաղորդում առնվազն տարին մեկ անգամ: Եթե շահագրգիռ անձը հանդիսանում է երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի քաղաքացի, ապա տեղեկությունը տրամադրվում է այդ Կողմերից յուրաքանչյուրին, եթե նա այն Կողմի քաղաքացի չէ, որի տարածքում դատապարտվել է:

 

 

Գլուխ 8

 

Եզրափակիչ դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ  23

 

1. Սույն Կոնվենցիան ստորագրելիս կամ վավերագիրը կամ միացման մասին փաստաթուղթն ի պահ տալու ժամանակ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է Կոնվենցիայի ցանկացած դրույթի կամ դրույթների նկատմամբ կատարել վերապահում:

2. Վերապահում կատարած յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է հրաժարվել վերապահումից այնքան շուտ, որքան թույլ են տալիս հանգամանքները: Նման հրաժարումը կատարվում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով:

3. Կոնվենցիայի դրույթի կապակցությամբ վերապահում կատարած Պայմանավորվող կողմը կարող է պահանջ ներկայացնել մյուս կողմին այն չափով, որքանով ինքն է ընդունել այդ դրույթը:

 

Հ ո դ վ ա ծ  24

 

Սույն Կոնվենցիան ստորագրելիս կամ վավերագիրը կամ միացման մասին փաստաթուղթն ի պահ տալու ժամանակ Պայմանավորվող կողմը կարող է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ սահմանել, թե Կոնվենցիայի նպատակներով որոնք են համարվելու դատական մարմիններ:

 

Հ ո դ վ ա ծ  25

 

1. Սույն Կոնվենցիան կիրառվելու է Պայմանավորվող կողմերի մետրոպոլիաներ համարվող տարածքների նկատմամբ:

2. Ֆրանսիայի կապակցությամբ այն տարածվում է նաև Ալժիրի և անդրծովային դեպարտամենտների վրա, Իտալիայի կապակցությամբ այն տարածվում է նաև Իտալիայի կառավարման ներքո գտնվող Սոմալյան հողերի տարածքի վրա:

3. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը սույն Կոնվենցիայի կիրառումը կարող է տարածել նաև Բեռլինի հողերի նկատմամբ՝ այդ մասին ծանուցելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:

4. Նիդեռլանդների Թագավորության կապակցությամբ սույն Կոնվենցիան կկիրառվի նրա եվրոպական տարածքի նկատմամբ: Նիդեռլանդները կարող է սույն Կոնվենցիան տարածել Նիդեռլանդների Անտիլների, Սուրինամի և Նիդեռլանդների Նոր Գվինեայի նկատմամբ՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարության միջոցով:

5. Երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի միջև ուղղակի պայմանավորվածությունների միջոցով և դրանց դրույթներին համապատասխան՝ սույն Կոնվենցիան կարող է տարածվել Կողմերից որևէ մեկի ցանկացած տարածքի վրա, որն այլ է, քան նշված է սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ կետերում, և որի միջազգային հարաբերությունների համար պատասխանատու է այդ Կողմերից որևէ մեկը:

 

Հ ո դ վ ա ծ  26

 

1. 15-րդ հոդվածի յոթերորդ և 16-րդ հոդվածի երրորդ կետերի համաձայն՝ սույն Կոնվենցիան, այն երկրների առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է, փոխարինում է ցանկացած պայմանագրի, կոնվենցիայի կամ երկկողմ համաձայնագրի դրույթների, որոնք կարգավորում են յուրաքանչյուր երկու Պայմանավորվող կողմերի միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության հարցերը:

2. Սույն Կոնվենցիան չի վնասում այլ երկկողմ կամ բազմակողմ Կոնվենցիաների դրույթներով նախատեսված պարտավորությունների, որոնք ներառում կամ կարող են ներառել նշված բնագավառում փոխադարձ օգնության առանձնահատուկ ոլորտները կարգավորող կետեր:

3. Պայմանավորվող կողմերը միմյանց միջև կարող են քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին համաձայնագրեր կնքել միայն սույն Կոնվենցիայի դրույթները լրացնելու կամ դրանում ընդգրկված սկզբունքների կիրառումը հեշտացնելու նպատակով:

4. Եթե երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնությունն իրականացվում է միասնական օգնության կամ հատուկ համակարգի հիման վրա, որը նախատեսում է նրանց համապատասխան տարածքներում փոխադարձ օգնության միջոցների փոխադարձության կիրառում, ապա այդ Կողմերը, չնայած սույն Կոնվենցիայի դրույթներին, ազատ են՝ կարգավորելու իրենց փոխադարձ հարաբերություններն այդ բնագավառում՝ բացառապես այդպիսի օրենսդրությանը կամ համակարգին համապատասխան: Պայմանավորվող կողմերը, որոնք, սույն կետին համապատասխան, բացառում են սույն Կոնվենցիայի կիրառումը միմյանց միջև, պետք է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին համապատասխանաբար տեղեկացնեն այդ մասին:

 

Հ ո դ վ ա ծ  27

 

1. Սույն Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամների ստորագրման համար: Այն պետք է վավերացվի: Վավերագիրը պետք է ի պահ տրվի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:

2. Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երրորդ վավերագիրն ավանդապահին ի պահ տալուց 90 օր հետո:

3. Կոնվենցիան հետագայում վավերացրած յուրաքանչյուր Կողմի համար այն ուժի մեջ է մտնում վավերագիրն ի պահ տալուց 90 օր հետո:

 

Հ ո դ վ ա ծ  28

 

1. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կարող է հրավիրել Խորհրդի անդամ չհանդիսացող յուրաքանչյուր պետության՝ միանալու սույն Կոնվենցիային՝ պայմանով, որ այդպիսի հրավեր պարունակող որոշումը միաձայն ընդունվում է Կոնվենցիան վավերացրած Խորհրդի անդամների կողմից:

2. Միացումն իրականացվում է Խորհրդի գլխավոր քարտուղարին միացման մասին փաստաթղթերն ի պահ տալու միջոցով, որն ուժի մեջ է մտնում ի պահ տալուց 90 օր հետո:

 

Հ ո դ վ ա ծ 29

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով կարող է դադարեցնել սույն Կոնվենցիայի գործողությունը, որն ուժի մեջ կմտնի նման ծանուցումը Խորհրդի գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից վեց ամիս անց:

 

Հ ո դ վ ա ծ  30

 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը պետք է ծանուցի Խորհրդի անդամներին և յուրաքանչյուր պետության կառավարության, որը միացել է սույն Կոնվենցիային.

ա) ստորագրողների անվանումների և վավերագրի կամ միացման մասին փաստաթուղթն ի պահ տալու,

բ) սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու,

գ) 5-րդ հոդվածի առաջին, 7-րդ հոդվածի երրորդ, 15-րդ հոդվածի վեցերորդ, 16-րդ հոդվածի երկրորդ կետերի, 24-րդ հոդվածի, 25-րդ հոդվածի երրորդ և չորրորդ, 26-րդ հոդվածի չորրորդ կետերի դրույթներին համապատասխան ստացված յուրաքանչյուր ծանուցման,

դ) 23-րդ հոդվածի առաջին կետին համապատասխան կատարված յուրաքանչյուր վերապահման,

ե) 23-րդ հոդվածի երկրորդ կետին համապատասխան՝ յուրաքանչյուր վերապահումից հրաժարվելու,

զ) 29-րդ հոդվածի դրույթներին համապատասխան ստացված գործողությունը դադարեցնելու և դրա ուժի մեջ մտնելու օրվա վերաբերյալ յուրաքանչյուր ծանուցման մասին:

Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է 1959 թվականի ապրիլի 20-ին՝ Ստրասբուրգում, մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ են տրվելու Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Կոնվենցիայի հաստատված պատճենները կուղարկի ստորագրած կամ միացած կառավարություններին:

 

* Կոնվենցիայի 23-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը կատարում է հետևյալ վերապահումները և հայտարարությունները.

1) 2-րդ հոդվածում նշված պայմաններից բացի, իրեն իրավունք է վերապահում մերժել իրավական օգնության ցուցաբերումը նաև հետևյալ դեպքերում.

ա) եթե կատարված արարքը, որի առնչությամբ պահանջվում է իրավական օգնություն ցուցաբերել, քրեորեն պատժելի չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.

բ) եթե Հայաստանի Հանրապետությունում հարուցված է քրեական գործ նույն հանցագործության համար, որի առնչությամբ պահանջվում է իրավական օգնություն.

գ) եթե, այն հանցագործության կապակցությամբ, որի առնչությամբ պահանջվում է իրավական օգնություն ցուցաբերել, գոյություն ունի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ այլ վերջնական որոշում:

2) Կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխան՝ վկաների հարցաքննության հետ կապված հանձնարարությունները կատարելիս հաշվի կառնի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածը, համաձայն որի մարդը պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու և մերձավոր ազգականների դեմ:

Կոնվենցիայի 5-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունն իրավունք է վերապահում կատարել գույքի առգրավման և/կամ հետախուզման հանձնարարությունները՝ կախված 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված պայմաններից:

Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ՝

1) Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ծանուցագրերն ուղարկվեն Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնին այդ անձանց ներկայանալու օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ:

2) Կոնվենցիայի 15-րդ հոդվածի 6-րդ կետից ելնելով՝ նույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված դեպքերում հայցող Պայմանավորվող կողմի դատական մարմինները օգնության մասին հանձնարարությունների մեկ պատճենը միաժամանակ պարտավոր են փոխանցել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

3) Կոնվենցիայի 16-րդ հոդվածի 2-րդ կետից ելնելով՝ իրավական օգնության վերաբերյալ խնդրանքը և կից փաստաթղթերը պետք է ուղեկցվեն հայերեն կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից որևէ մեկի հաստատված թարգմանությամբ:

4) Կոնվենցիայի 24-րդ հոդվածի կապակցությամբ դատական մարմիններ են՝

ՀՀ արդարադատության նախարարությունը

ՀՀ գլխավոր դատախազությունը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը

ՀՀ ազգային անվտանգության նախարարությունը

ՀՀ վճռաբեկ դատարանը

ՀՀ վերաքննիչ դատարանները

Երևան քաղաքի համայնքների առաջին ատյանի դատարանները

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը

Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը

Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանը

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը

 

** Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 25-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան