Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Base act (01.09.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2012.12.28/14(22)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
28.01.1981
Ստորագրող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ստորագրման ամսաթիվ
28.01.1981
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2012

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՄՇԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ստրասբուրգ, 28.I.1981

 

Ներածություն

Սույն Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները,

 

հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է հասնել առավել մեծ միասնության իր անդամների միջև` հիմնվելով, մասնավորապես, իրավունքի գերակայության, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի վրա,

 

հաշվի առնելով, որ ցանկալի է յուրաքանչյուրի համար ընդլայնել իրավունքների և հիմնարար ազատությունների և, մասնավորապես, գաղտնիության իրավունքի նկատմամբ հարգանքի երաշխիքները` հաշվի առնելով ավտոմատացված մշակման ենթարկվող անձնական տվյալների միջսահմանային աճող հոսքը,

 

վերահաստատելով, միաժամանակ, տեղեկատվության ազատության նկատմամբ իրենց պարտավորությունը` անկախ սահմաններից,

 

գիտակցելով, որ անհրաժեշտ է համաձայնեցնել տեղեկատվության գաղտնիության և ազատ հոսքի նկատմամբ հարգանքի հիմնական արժեքները ժողովուրդների միջև,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Գլուխ I

Ընդհանուր դրույթներ

 

Հոդված 1

Առարկան և նպատակը

 

Սույն Կոնվենցիայի նպատակն է ապահովել յուրաքանչյուր Կողմի տարածքում յուրաքանչյուր անհատի, անկախ նրա քաղաքացիությունից կամ բնակության վայրից, իրավունքների և հիմնարար ազատությունների, մասնավորապես նրա գաղտնիության իրավունքի նկատմամբ հարգանքը` իրեն առնչվող անձնական տվյալների ավտոմատացված մշակման մասով (տվյալների պաշտպանություն):

 

Հոդված 2

Սահմանումներ

 

Սույն Կոնվենցիայի նպատակներով`

ա. «Անձնական տվյալներ» նշանակում է` ինքնությունը հաստատված և ինքնությունը հաստատման ենթակա անհատների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն.

բ. «ավտոմատացված տվյալների ֆայլ» նշանակում է` ավտոմատացված մշակման ենթարկվող տվյալների ցանկացած հավաքածու.

գ. «ավտոմատացված մշակում» հասկացությունը ներառում է հետևյալ գործողությունները, եթե դրանք իրականացվել են ավտոմատացված միջոցներով ամբողջությամբ կամ մասնակիորեն. տվյալների պահպանումը, այդ տվյալների վերաբերյալ տրամաբանական և (կամ) թվաբանական գործողությունների կատարումը, դրանց փոփոխումը, ոչնչացումը, որոնումը կամ տարածումը.

դ. «ֆայլի վերահսկիչ» նշանակում է` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական մարմին, գործակալություն կամ որևէ այլ մարմին, որը, ներպետական իրավունքի համաձայն, իրավասու է որոշելու, թե ինչը պետք է լինի ավտոմատացված տվյալների ֆայլի նպատակը, անձնական տվյալների որ կատեգորիաները պետք է պահպանվեն, և թե ինչ գործողություններ պետք է կիրառվեն դրանց նկատմամբ:

 

Հոդված 3

Գործողության ոլորտը

 

1. Կողմերը պարտավորվում են սույն Կոնվենցիան կիրառել պետական և մասնավոր ոլորտներում ավտոմատացված անձնական տվյալների ֆայլերի և անձնական տվյալների ավտոմատացված մշակման նկատմամբ:

2. Ցանկացած պետություն ստորագրման ժամանակ կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս կամ ավելի ուշ` ցանկացած ժամանակ, կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարության միջոցով ծանուցել, որ.

ա. ինքը սույն Կոնվենցիան չի կիրառելու ավտոմատացված անձնական տվյալների ֆայլերի որոշակի կատեգորիաների նկատմամբ, որոնց ցանկն ի պահ կհանձնվի: Այս ցանկում ինքը, այնուամենայնիվ, չպետք է ներառի ավտոմատացված տվյալներ պարունակող ֆայլերի այնպիսի կատեգորիաներ, որոնց նկատմամբ, իր ներպետական իրավունքի համաձայն, կիրառվում են տվյալների պաշտպանության դրույթները: Հետևաբար, նա պետք է այս ցանկում փոփոխություն կատարի նոր հայտարարության միջոցով` ցանկացած ժամանակ, երբ անձնական տվյալների ավտոմատացված ֆայլերի լրացուցիչ կատեգորիաների նկատմամբ, իր ներպետական իրավունքի համաձայն, կիրառվում են տվյալների պաշտպանության դրույթները.

բ. ինքը սույն Կոնվենցիան պետք է կիրառի անձանց խմբերի, ասոցիացիաների, հիմնադրամների, ընկերությունների, կորպորացիաների և ուղղակիորեն կամ անուղղակիորեն անհատներից բաղկացած ցանկացած այլ մարմինների վերաբերյալ տեղեկատվության նկատմամբ` անկախ այն հանգամանքից` այդ մարմիններն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ, թե ոչ.

գ. ինքը պետք է նաև սույն Կոնվենցիան կիրառի անձնական տվյալների ֆայլերի նկատմամբ, որոնք չեն մշակվում ավտոմատ կերպով:

3. Ցանկացած պետություն, որը վերոնշյալ 2-րդ կետի բ կամ գ ենթակետերով նախատեսված հայտարարություններից որևէ մեկի միջոցով ընդլայնել է սույն Կոնվենցիայի գործողության ոլորտը, կարող է ծանուցել նշված հայտարարությամբ, որ նման ընդլայնումը պետք է կիրառվի միայն անձնական տվյալների ֆայլերի որոշակի կատեգորիաների նկատմամբ, որոնց ցանկն ի պահ կհանձնվի:

4. Ցանկացած Կողմ, որը վերոնշյալ 2-րդ կետի ա ենթակետով նախատեսված հայտարարության միջոցով բացառել է ավտոմատացված անձնական տվյալների ֆայլերի որոշակի կատեգորիաներ, չի կարող պահանջել այն Կողմի կողմից սույն Կոնվենցիայի կիրառումը կատեգորիաների նկատմամբ, որը դրանք չի բացառել:

5. Նմանապես, այն Կողմը, որը չի կատարել վերոնշյալ 2.բ կամ գ ենթապարբերություններով նախատեսված մեկ կամ այլ ընդլայնումներ, չի կարող պահանջել սույն Կոնվենցիայի կիրառումը այդ կետերի նկատմամբ այն Կողմի մասով, որը չի բացառել դրանք:

6. 2-րդ կետով նախատեսված հայտարարություններն ուժի մեջ են մտնում Կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահից այն պետության համար, որն արել է այդ հայտարարությունները, եթե դրանք արվել են ստորագրման ժամանակ կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելու ժամանակ կամ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից դրանք ստանալուց երեք ամիս հետո, եթե դրանք արվել են ավելի ուշ` ցանկացած ժամանակ: Այս հայտարարությունները կարելի է ամբողջությամբ կամ մասնակիորեն հետ վերցնել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով: Հետ վերցնելն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումն ստանալու օրվանից երեք ամիս հետո:

 

Գլուխ II

Տվյալների պաշտպանության հիմնական սկզբունքները

 

Հոդված 4

Կողմերի պարտականությունները

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, իր ներպետական իրավունքի համաձայն, սույն գլխում ամրագրված տվյալների պաշտպանության հիմնական սկզբունքների կիրառման համար:

2. Այդ միջոցները պետք է ձեռնարկվեն ամենաուշը այդ Կողմի համար սույն Կոնվենցիան ուժի մտնելու պահին:

 

Հոդված 5

Տվյալների որակը

 

Ավտոմատ մշակման ենթարկվող անձնական տվյալները պետք է.

ա. ձեռք բերվեն և մշակվեն արդար ու օրինական ճանապարհով,

բ. պահպանվեն հատուկ և օրինական նպատակների համար ու չօգտագործվեն այլ նպատակներով,

գ. լինեն համարժեք, համապատասխան և չգերազանցեն դրանց պահպանման նպատակների սահմանները,

դ. լինեն ճշգրիտ և անհրաժեշտության դեպքում պահվեն թարմացված վիճակում,

ե. պահպանվեն այնպիսի եղանակով, որը թույլ է տալիս նույնականացնել տվյալների սուբյեկտներին` ոչ ավելին, քան անհրաժեշտ է այդ տվյալների պահպանման նպատակներով:

 

Հոդված 6

Տվյալների հատուկ կատեգորիաները

 

Անձնական տվյալները, որոնք բացահայտում են ռասայական ծագումը, քաղաքական կարծիքները կամ կրոնական կամ այլ համոզմունքները, ինչպես նաև առողջությանը կամ սեռական կյանքին առնչվող անձնական տվյալները չեն կարող մշակվել ավտոմատ կերպով, եթե ներպետական իրավունքը չի ապահովում համապատասխան երաշխիքներ: Նույնը կարող է կիրառվել դատվածությանն առնչվող անձնական տվյալների նկատմամբ:

 

Հոդված 7

Տվյալների անվտանգությունը

 

Համապատասխան անվտանգության միջոցներ պետք է ձեռնարկվեն տվյալների ավտոմատացված ֆայլերում պահվող անձնական տվյալները պատահական կամ չթույլատրված ոչնչացումից կամ պատահական կորստից, ինչպես նաև չթույլատրված մուտքից, փոփոխումից կամ տարածումից պաշտպանելու համար:

 

Հոդված 8

Տվյալների սուբյեկտների լրացուցիչ երաշխիքները

 

Ցանկացած անձի պետք է հնարավորություն տրվի.

ա. պարզելու անձնական տվյալների ավտոմատացված ֆայլի գոյությունը, դրա հիմնական նպատակները, ինչպես նաև ֆայլի վերահսկիչի ինքնությունը, բնակության և աշխատանքի հիմնական վայրերը,

բ. ողջամիտ պարբերականությամբ և առանց ավելորդ հետաձգման կամ ծախսի ստանալու հաստատում, թե արդյոք իրեն առնչվող անձնական տվյալները պահպանվում են ավտոմատացված տվյալների ֆայլում, ինչպես նաև` ստանալու այդ տվյալները իր համար դյուրըմբռնելի ձևով,

գ. անհրաժեշտության դեպքում հասնելու այդ տվյալների ուղղմանը կամ ոչնչացմանը, եթե դրանք մշակվել են ներպետական իրավունքի դրույթների խախտմամբ` կիրառելով սույն Կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածներում ամրագրված հիմնական սկզբունքները,

դ. օգտվելու իրավական պաշտպանությունից այն դեպքերում, երբ հաստատման հարցումը կամ, կախված հանգամանքներից, սույն հոդվածի «բ» և «գ» պարբերություններում նշված ստացումը, ուղղումը կամ ոչնչացումը չեն կատարվել:

 

Հոդված 9

Բացառությունները և սահմանափակումները

 

1. Սույն հոդվածում սահմանված սահմաններից դուրս սույն Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 8-րդ հոդվածների դրույթների մասով ոչ մի բացառություն չպետք է թույլատրվի:

2. Սույն Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 8-րդ հոդվածների դրույթներից շեղումը պետք է թույլատրվի, երբ Կողմի օրենքով նախատեսված է նման շեղում և սահմանում է անհրաժեշտ միջոցներ ժողովրդավարական հասարակությունում` ի շահ.

ա. պետական անվտանգության, հասարակության անվտանգության, պետության դրամական շահերի պաշտպանության կամ հանցագործությունների ճնշման,

բ. տվյալների սուբյեկտների կամ այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանության:

3. 8-րդ հոդվածի «բ», «գ», «դ» պարբերություններում նշված իրավունքների կիրառման սահմանափակումները կարող են նախատեսված լինել օրենքով` վիճակագրության կամ գիտական հետազոտությունների նպատակներով օգտագործվող անձնական տվյալների ավտոմատացված ֆայլերի մասով, երբ ակնհայտորեն չկա տվյալների սուբյեկտների գաղտնիության խախտման վտանգ:

 

Հոդված 10

Պատժամիջոցները և պաշտպանության միջոցները

 

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է ստեղծել համապատասխան պատժամիջոցներ և պաշտպանության միջոցներ ներպետական իրավունքի դրույթների խախտման համար` կիրառելով սույն գլխում ամրագրված տվյալների պաշտպանության հիմնական սկզբունքները:

 

Հոդված 11

Առավել լայն պաշտպանությունը

 

Սույն գլխի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես սահմանափակում կամ այլ կերպ ազդող Կողմի վրա` տրամադրելու տվյալների սուբյեկտներին պաշտպանության առավել լայն միջոցներ, քան նախատեսված է սույն Կոնվենցիայով:

 

Գլուխ III

Տվյալների անդրսահմանային հոսքը

 

Հոդված 12

Անձնական տվյալների անդրսահմանային հոսքը և ներպետական իրավունքը

 

1. Հետևյալ դրույթները պետք է կիրառվեն ավտոմատ մշակման ենթարկվող կամ ավտոմատ մշակման նպատակով հավաքված անձնական տվյալները ազգային սահմաններով` ցանկացած միջոցով փոխանցելու նկատմամբ:

2. Կողմը չպետք է միայն գաղտնիությունը պաշտպանելու նպատակով արգելի մյուս Կողմի տարածք հասցեագրվող անձնական տվյալների անդրսահմանային հոսքը կամ դրանց համար հատուկ թույլտվություն տրամադրի:

3. Այնուամենայնիվ, յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի շեղում կատարելու 2-րդ պարբերության դրույթներից.

ա. այնքանով, որքանով իր օրենսդրությունը ներառում է անձնական տվյալների կամ անձնական տվյալների ավտոմատացված ֆայլերի որոշակի կատեգորիաների հատուկ կարգավորումներ` ելնելով այդ տվյալների կամ ֆայլերի բնույթից, բացառությամբ այն դեպքերի, երբ մյուս Կողմի կարգավորումները տրամադրում են համարժեք պաշտպանություն:

բ. երբ փոխանցումը կատարվում է իր տարածքից դեպի Պայմանավորվող պետություն չհանդիսացող Կողմի տարածք մյուս Կողմի տարածքով` խուսափելու համար նման փոխանցումներից, որի հետևանքով շրջանցվում է սույն պարբերության սկզբում նշված Կողմի օրենսդրությունը:

 

Գլուխ IV

Փոխադարձ օգնությունը

 

Հոդված 13

Կողմերի միջև համագործակցությունը

 

1. Կողմերը համաձայնում են միմյանց փոխադարձ օգնություն տրամադրել սույն Կոնվենցիան կիրարկելու համար:

2. Այդ նպատակով`

ա. յուրաքանչյուր Կողմ պետք է նշանակի մեկ կամ մի քանի իրավասու մարմիններ, որի կամ որոնց յուրաքանչյուրի անվանումը կամ անվանումները և հասցեն կամ հասցեները նա պետք է տրամադրի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին,

բ. յուրաքանչյուր Կողմ, որը նշանակել է մեկից ավելի իրավասու մարմիններ, պետք է իր հաղորդագրության մեջ մատնանշի նախորդ պարբերությունում նշված յուրաքանչյուր մարմնի իրավասությունը:

3. Կողմի կողմից նշանակված իրավասու մարմինը մյուս Կողմի կողմից նշանակված իրավասու մարմնի հարցման դեպքում պետք է.

ա. տրամադրի տեղեկություն տվյալների պաշտպանության ոլորտում իր իրավունքի և վարչական պրակտիկայի վերաբերյալ,

բ. իր ներպետական իրավունքի համաձայն և միմիայն գաղտնիության պահպանման նպատակով ձեռնարկի համապատասխան բոլոր միջոցները իր տարածքում իրականացվող ավտոմատացված հատուկ մշակման վերաբերյալ փաստացի տեղեկություն տրամադրելու համար` բացառությամբ, այնուամենայնիվ, անձնական տվյալների մշակման վերաբերյալ տեղեկության:

 

Հոդված 14

Արտերկրում բնակվող տվյալների սուբյեկտներին տրամադրվող օգնությունը

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է աջակցի արտերկրում բնակվող ցանկացած անձի` օգտվելու իր ներպետական իրավունքով նախատեսված իրավունքներից` կիրառելով սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածում ամրագրված սկզբունքները:

2. Երբ այդպիսի անձը բնակվում է մյուս Կողմի տարածքում, ապա նրան պետք է իր հարցումը ներկայացնելու հնարավորություն տրվի այդ Կողմի կողմից նշանակված իրավասու մարմնի միջնորդությամբ:

3. Օգնության հարցումը պետք է պարունակի բոլոր անհրաժեշտ առանձնահատկությունները, որոնք, ի թիվս այլ հարցերի, վերաբերում են.

ա. անվանը, հասցեին և հարցումը ներկայացնող անձի ինքնությունը հաստատող համապատասխան այլ առանձնահատկությունների,

բ. հարցմանն առնչվող անձնական տվյալների ավտոմատացված ֆայլին կամ դրա վերահսկիչին,

գ. հարցման նպատակին:

 

Հոդված 15

Նշանակված մարմինների կողմից օգնության տրամադրմանը վերաբերող երաշխիքները

 

1. Կողմի կողմից նշանակված իրավասու մարմինը, որը տեղեկատվություն է ստացել մյուս Կողմի կողմից նշանակված իրավասու մարմնից օգնության հարցման կամ իր կողմից ներկայացված օգնության հարցման պատասխանի վերաբերյալ, չպետք է օգտագործի այդ տեղեկատվությունն այլ նպատակներով, քան նշված է աջակցության հարցման մեջ:

2. Յուրաքանչյուր Կողմ պետք է հետևի, որ նշանակված մարմնում աշխատող կամ նշանակված մարմնի անունից գործող անձինք այդ տեղեկատվության մասով գաղտնիության պահպանման համապատասխան պարտավորություն ստանձնեն:

3. Ոչ մի դեպքում նշանակված մարմնին չպետք է թույլատրվի ներկայացնել 14-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն օգնության հարցում արտերկրում բնակվող տվյալների սուբյեկտի անունից` իր հայեցողությամբ և առանց տվյալ անձի հստակ համաձայնության:

 

Հոդված 16

Օգնության հարցումը մերժելը

 

Նշանակված մարմինը, որին, սույն Կոնվենցիայի 13-րդ և 14-րդ հոդվածների համաձայն, հասցեագրվում է աջակցության հարցում, չի կարող մերժել դրա կատարումը, եթե.

ա. խնդրանքը համատեղելի է տվյալների պաշտպանության ոլորտում պատասխանի համար պատասխանատու մարմինների իրավասություններին,

բ. խնդրանքը համապատասխանում է սույն Կոնվենցիայի դրույթներին,

գ. համապատասխան հարցումը համատեղելի կլինի այն Կողմի ինքնիշխանության, անվտանգության կամ հանրային կարգին, որի կողմից այդ մարմինը նշանակվել է, կամ այդ Կողմի իրավազորության տակ գտնվող անձանց իրավունքներին և հիմնարար ազատություններին:

 

Հոդված 17

Օգնության հետ կապված ծախսերը և ընթացակարգերը

 

1. Փոխադարձ օգնությունը, որը Կողմերը միմյանց տրամադրում են 13-րդ հոդվածի համաձայն, և որը 14-րդ հոդվածի համաձայն տրամադրում են արտերկրում բնակվող տվյալների սուբյեկտներին, չպետք է առաջացնի որևէ ծախս կամ վճարում` բացառությամբ փորձագետների և բանավոր թարգմանիչների հետ կապված ծախսերի: Վերջիններիս հետ կապված ծախսերը կամ վճարումները պետք է կրի այն Կողմը, որը նշանակել է օգնության հարցումը կատարող մամնին:

2. Տվյալների սուբյեկտը չպետք է կրի մյուս Կողմի տարածքում իր անունից ձեռնարկված քայլերի հետ կապված ծախսերը կամ վճարումները` բացառությամբ այն ծախսերի, որոնք օրինական կերպով ենթակա են վճարման այդ Կողմի բնակիչների կողմից:

3. Օգնության հետ կապված մյուս մանրամասները, որոնք մասնավորապես վերաբերում են ձևերին և ընթացակարգերին, ինչպես նաև գործածվող լեզվին, պետք է ուղղակիորեն հաստատվեն համապատասխան Կողմերի միջև:

 

Գլուխ V

Խորհրդակցական կոմիտեն

 

Հոդված 18

Հանձնաժողովի կազմը

 

1. Խորհրդակցական կոմիտեն ստեղծվում է սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո:

2. Յուրաքանչյուր Կողմ Կոմիտեում նշանակում է ներկայացուցիչ և ներկայացուցչի տեղակալ: Եվրոպայի խորհրդի ցանկացած անդամ պետություն, որը Կոնվենցիայի Կողմ չէ, իրավունք ունի Կոմիտեում ներկայացվելու դիտորդի միջոցով:

3. Խորհրդակցական կոմիտեն կարող է միաձայն ընդունված որոշմամբ հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող պետությանը, որը սույն Կոնվենցիայի Կողմ չէ, դիտորդի միջոցով ներկայացված լինելու տվյալ հանդիպմանը:

 

Հոդված 19

Կոմիտեի գործառույթները

 

Խորհրդակցական կոմիտեն.

ա. կարող է առաջարկներ ներկայացնել Կոնվենցիայի կիրառումը հեշտացնելու և բարելավելու նպատակով,

բ. կարող է Կոնվենցիայում փոփոխություն կատարելու առաջարկ ներկայացնել` 21-րդ հոդվածին համապատասխան,

գ. պետք է սույն Կոնվենցիայի 21-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն իրեն ներկայացվող` սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու առաջարկի վերաբերյալ տրամադրի իր կարծիքը,

դ. կարող է, Կողմի խնդրանքով, արտահայտել իր կարծիքը սույն Կոնվենցիայի կիրառման հետ կապված որևէ հարցի առնչությամբ:

 

Հոդված 20

Ընթացակարգը

 

1. Խորհրդակցական կոմիտեի նիստը հրավիրում է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը: Առաջին նիստն անցկացվում է սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո տասներկու ամսվա ընթացքում: Այնուհետև նա նիստ է գումարում առնվազն երկու տարին մեկ անգամ և` Կողմերի ներկայացուցիչների մեկ երրորդի պահանջով:

2. Խորհրդակցական կոմիտեի նիստ անցկացնելու համար քվորումն ապահովվում է Կողմերի մասնակիցների մեծամասնությամբ:

3. Յուրաքանչյուր նիստից հետո Խորհրդակցական կոմիտեն Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին պետք է ներկայացնի զեկույց իր աշխատանքների և Կոնվենցիայի գործողության վերաբերյալ:

4. Պահպանելով Կոնվենցիայի դրույթները` Խորհրդակցական կոմիտեն մշակում է իր աշխատակարգը:

 

Գլուխ VI

Փոփոխությունները

 

Հոդված 21

Փոփոխությունները

 

1. Սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկ կարող է անել որևէ Կողմ, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կամ Խորհրդակցական կոմիտեն:

2. Կոնվենցիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ ցանկացած առաջարկի մասին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պետք է հաղորդի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և անդամ չհանդիսացող` սույն Կոնվենցիային միացած կամ, 23-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, միանալու հրավեր ստացած ցանկացած պետության:

3. Ավելին, որևէ Կողմի կամ Նախարարների կոմիտեի կողմից առաջարկված ցանկացած փոփոխություն պետք է հաղորդվի Խորհրդակցական կոմիտեին, որն առաջարկված փոփոխության վերաբերյալ իր կարծիքը պետք է ներկայացնի Նախարարների կոմիտեին:

4. Նախարարների կոմիտեն պետք է քննարկի առաջարկված փոփոխությունը և Խորհրդակցական կոմիտեի կողմից ներկայացված ցանկացած կարծիք և կարող է հաստատել փոփոխությունը:

5. Նախարարների կոմիտեի կողմից սույն հոդվածի 4-րդ պարբերության համաձայն հաստատված փոփոխության ցանկացած տեքստ պետք է ուղարկվի Կողմերին` ընդունելու համար:

6. Սույն հոդվածի 4-րդ պարբերության համաձայն հաստատված ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում այն օրվանից հետո 30-րդ օրը, երբ բոլոր Կողմերը տեղեկացնում են Գլխավոր քարտուղարին իրենց կողմից այդ փոփոխություններն ընդունվելու մասին:

 

Գլուխ VII

Եզրափակիչ դրույթներ

 

Հոդված 22

Ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար: Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն ամսաթվից հետո եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը, երբ Եվրոպայի խորհրդի անդամ հինգ պետություններ նախորդ պարբերության դրույթների համաձայն հայտնել են Կոնվենցիայով պարտավորված լինելու վերաբերյալ իրենց համաձայնությունը:

3. Ցանկացած անդամ պետության համար, որը հետագայում հայտնում է սույն Կոնվենցիայով պարտավորված լինելու վերաբերյալ իր համաձայնությունը, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո` եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 23

Անդամ չհանդիսացող պետությունների միանալը

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կարող է հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող ցանկացած այլ պետության միանալու սույն Կոնվենցիային Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածով նախատեսված մեծամասնությամբ ընդունված որոշմամբ և Կոմիտեի աշխատանքներին մասնակցելու իրավունք ունեցող՝ Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների միաձայն քվեով:

2. Կոնվենցիային միացող ցանկացած պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից հետո` եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 24

Տարածքային կիրառման վերաբերյալ դրույթը

 

1. Ցանկացած պետություն կարող է ստորագրման ժամանակ կամ իր վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան:

2. Ցանկացած պետություն կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ավելի ուշ ուղղված հայտարարությամբ սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել այդ հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի վրա: Նման տարածքի համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

3. Նախորդ երկու պարբերությունների համաձայն արված ցանկացած հայտարարություն կարելի է Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով հետ վերցնել նման հայտարարությունում նշված ցանկացած տարածքի մասով: Հայտարարությունը հետ վերցնելն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո` վեցամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 25

Վերապահումները

 

Սույն Կոնվենցիայի դրույթների մասով որևէ վերապահում չի կարող արվել:

 

Հոդված 26

Չեղյալ հայտարարելը

 

1. Ցանկացած Կողմ ցանկացած ժամանակ կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան:

2. Կոնվենցիան չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո` վեցամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 27

Ծանուցումները

 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և սույն Կոնվենցիային միացած ցանկացած պետության տեղեկացնում է.

ա. սույն Կոնվենցիան ստորագրելու ցանկացած դեպքի,

բ. վավերացման, հաստատման, ընդունման կամ միանալու մասին որևէ փաստաթուղթ ի պահ հանձնելու,

գ. 22-րդ, 23-րդ և 24-րդ հոդվածներին համապատասխան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ցանկացած ամսաթվի,

դ. սույն Կոնվենցիային առնչվող ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հաղորդման մասին:

Ի հաստատումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

 

Կատարված է Ստրասբուրգում 1981 թվականի հունվարի 28-ին` երկու հավասարազոր` անգլերեն և ֆրանսերեն տեքստերով, մեկ օրինակով, որն ի պահ է մնում Եվրոպայի խորհրդի արխիվում: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները փոխանցում է Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության և սույն Կոնվենցիային միանալու հրավեր ստացած ցանկացած պետության:

 

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2012 թ. սեպտեմբերի 1-ին

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՄՇԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`

 

հաստատված Նախարարների կոմիտեի կողմից` 1999 թվականի հունիսի 15-ին` Ստրասբուրգում

 

«Եվրոպական միության» մասին պայմանագիրը և «Եվրոպական համայնքի հիմնադրման մասին» պայմանագիրը փոփոխող Լիսաբոնի պայմանագիրն ուժի մեջ է մտել 2009 թվականի դեկտեմբերի 1-ին: Արդյունքում այդ ամսաթվից հետո Եվրոպական համայնքներն արված ցանկացած հղում պետք է ընկալվի որպես հղում Եվրոպական միությանը:

Սույն փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կոնվենցիայի Կողմերի կողմից ընդունվելուց հետո:

 

Հոդված 1

 

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ցանկացած պետություն կամ Եվրոպական համայնքները կարող են ստորագրման ժամանակ կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթուղթն ի պահ հանձնելիս կամ ավելի ուշ` ցանկացած ժամանակ, ծանուցում ներկայացնել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարության միջոցով, որ.

ա. իրենք սույն Կոնվենցիան չեն կիրառելու ավտոմատացված անձնական տվյալների ֆայլերի որոշակի կատեգորիաների նկատմամբ. դրանց ցանկն ի պահ կհանձնվի: Այնուամենայնիվ, այս ցանկում նրանք չպետք է ընդգրկեն ավտոմատացված տվյալներ պարունակող ֆայլերի կատեգորիաներ, որոնց նկատմամբ, իրենց ներպետական իրավունքի համաձայն, կիրառվում են տվյալների պաշտպանության դրույթները: Հետևաբար, նրանք պետք է այս ցանկում փոփոխություններ կատարեն նոր հայտարարության միջոցով, ցանկացած պահի, երբ անձնական տվյալների ավտոմատացված ֆայլերի լրացուցիչ կատեգորիաների նկատմամբ, իրենց ներպետական իրավունքի համաձայն, կիրառվեն տվյալների պաշտպանության դրույթները.

բ. իրենք սույն Կոնվենցիան կկիրառեն նաև անձանց խմբերի, ասոցիացիաների, հիմնադրամների, ընկերությունների, կորպորացիաների և ուղղակիորեն կամ անուղղակիորեն անհատներից բաղկացած ցանկացած այլ մարմինների վերաբերյալ տեղեկատվության նկատմամբ` անկախ այն հանգամանքից` այդ մարմիններն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ, թե ոչ.

գ. իրենք սույն Կոնվենցիան կկիրառեն անձնական տվյալների ֆայլերի նկատմամբ, որոնք չեն մշակվում ավտոմատ կերպով:»:

«3. Ցանկացած պետություն կամ Եվրոպական համայնքները, որոնք վերոնշյալ 2.բ կամ գ ենթապարբերություններով նախատեսված հայտարարություններից որևէ մեկի միջոցով ընդլայնել են սույն Կոնվենցիայի գործողության ոլորտը, կարող են ծանուցել նշված հայտարարությամբ, որ նման ընդլայնումը պետք է կիրառվի միայն անձնական տվյալների ֆայլերի որոշակի կատեգորիաների նկատմամբ, որոնց ցանկն ի պահ կհանձնվի:»:

«6. Վերոնշյալ 2-րդ պարբերությամբ նախատեսված հայտարարություններն ուժի մեջ են մտնում Կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահից` այն պետության և Եվրոպական համայնքների համար, որոնք արել են այդ հայտարարությունները, եթե դրանք արվել են ստորագրման ժամանակ կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթուղթն ի պահ հանձնելու ժամանակ կամ դրանք Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ստանալուց երեք ամիս հետո, եթե դրանք արվել են ավելի ուշ` ցանկացած ժամանակ: Այս հայտարարությունները կարելի է ամբողջությամբ կամ մասնակիորեն հետ վերցնել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով: Հետ վերցնելն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումն ստանալու օրվանից երեք ամիս հետո:»:

 

Հոդված 2

 

1. Կոնվենցիայի 20-րդ հոդվածը լրացնել նոր` 3-րդ պարբերությամբ` հետևյալ խմբագրությամբ.

«3. Յուրաքանչյուր Կողմ ունի քվեարկելու իրավունք: Յուրաքանչյուր պետություն, որը սույն Կոնվենցիայի Կողմ է, պետք է ունենա մեկ ձայնի իրավունք: Իրենց իրավասությանը վերաբերող հարցերի մասով Եվրոպական համայնքները իրականացնում են քվեարկելու իրենց իրավունքը և քվեարկում են Կոնվենցիայի Կողմ հանդիսացող և իրենց իրավասությունները համապատասխան ոլորտում Եվրոպական համայնքներին փոխանցած անդամ պետությունների ձայների թվին համապատասխան: Այս դեպքում Համայնքների այդ անդամ պետությունները չեն քվեարկում, իսկ մյուս անդամ պետությունները կարող են քվեարկել: Եվրոպական համայնքները չեն քվեարկում, երբ առնչվող հարցը չի գտնվում իրենց իրավասությունների շրջանակներում:»:

2. Կոնվենցիայի 20-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերությունները պետք է վերահամարակալվեն, համապատասխանաբար, որպես նույն հոդվածի 4-րդ և 5-րդ պարբերություններ:

 

Հոդված 3

 

Կոնվենցիայի 21-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կոնվենցիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ ցանկացած առաջարկի մասին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պետք է հաղորդի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, Եվրոպական համայնքներին և անդամ չհանդիսացող` սույն Կոնվենցիային միացած կամ 23-րդ հոդվածի դրույթներին համապատասխան միանալու հրավեր ստացած ցանկացած պետության:»:

 

Հոդված 4

 

Կոնվենցիայի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 23

Անդամ չհանդիսացող պետությունների կամ Եվրոպական համայնքների միանալը

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կարող է հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող ցանկացած այլ պետության միանալու սույն Կոնվենցիային՝ Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20.դ հոդվածով նախատեսված մեծամասնությամբ ընդունված որոշմամբ և Կոմիտեի աշխատանքներին մասնակցելու իրավունք ունեցող Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների միաձայն քվեով:

2. Եվրոպական համայնքները կարող են միանալ Կոնվենցիային:

3. Կոնվենցիային միացող ցանկացած պետության կամ Եվրոպական համայնքների համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից հետո` եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:»:

 

Հոդված 5

 

Կոնվենցիայի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 24

Տարածքային կիրառման վերաբերյալ դրույթը

1. Ցանկացած պետություն կամ Եվրոպական համայնքները կարող են ստորագրման ժամանակ կամ իրենց վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան:

2. Ցանկացած պետություն կամ Եվրոպական համայնքները կարող են Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ավելի ուշ ուղղված հայտարարությամբ սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել այդ հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի վրա: Նման տարածքի համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:»:

 

Հոդված 6

 

Կոնվենցիայի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 27

Ծանուցումները

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, Եվրոպական համայնքներին և սույն Կոնվենցիային միացած ցանկացած պետության տեղեկացնում է.

ա. սույն Կոնվենցիան ստորագրելու ցանկացած դեպքի,

բ. վավերացման, հաստատման, ընդունման կամ միանալու մասին որևէ փաստաթուղթ ի պահ հանձնելու,

գ. 22-րդ, 23-րդ և 24-րդ հոդվածներին համապատասխան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ցանկացած ամսաթվի,

դ. սույն Կոնվենցիային առնչվող ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հաղորդման մասին:»:

 

Լ Ր Ա Ց ՈՒ Ց Ի Չ  Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՄՇԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ստրասբուրգ, 8.XI.2001

 

Ներածություն

1981 թվականի հունվարի 28-ին Ստրասբուրգում ստորագրության համար բացված` Անձնական տվյալների ավտոմատացված մշակման մասով անհատների պաշտպանության մասինե Կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) սույն Լրացուցիչ արձանագրության Կողմերը,

համոզված լինելով, որ լիովին անկախ գործառույթներ իրականացնող վերահսկիչ մարմիններն անձնական տվյալների մշակման մասով անհատների պաշտպանության արդյունավետ տարր են,

հաշվի առնելով ժողովուրդների միջև տեղեկատվության հոսքի կարևորությունը,

հաշվի առնելով, որ ազգային սահմաններով անձնական տվյալների փոխանակման աճի հետ մեկտեղ անհրաժեշտ է ապահովել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, մասնավորապես գաղտնիության իրավունքի արդյունավետ պաշտպանությունը ` կապված նման անձնական տվյալների փոխանակման հետ,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

Վերահսկիչ մարմինները

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է սահմանի մեկ կամ մի քանի իրավասու մարմիններ, որը կամ որոնք պատասխանատու կլինի կամ կլինեն իր ներպետական իրավունքում միջոցների համապատասխանությունն ապահովելու համար` կիրառելով Կոնվենցիայի II և III գլուխներում և սույն Արձանագրությունում ամրագրված սկզբունքները:

2. ա. Այդ նպատակով նշված մարմինները պետք է ունենան, մասնավորապես, հետաքննության և միջամտության լիազորություններ, ինչպես նաև դատական վարույթներում ընդգրկվելու լիազորություն կամ իրավասու դատական մարմինների ուշադրությունը հրավիրելու ներպետական իրավունքի դրույթների խախտումների վրա` կիրառելով սույն Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին պարբերությունում նշված սկզբունքները:

բ. Յուրաքանչյուր վերահսկիչ մարմին պետք է իր իրավասության շրջանակներում քննի ցանկացած անձի կողմից ներկայացված` անձնական տվյալների մշակման մասով իր իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վերաբերյալ պահանջները:

3. Վերահսկիչ մարմինները պետք է իրենց գործառույթներն իրականացնեն լիովին անկախ:

4. Վերահսկիչ մարմինների որոշումները, որոնք առաջացնում են բողոքներ, կարող են բողոքարկվել դատարանների միջոցով:

5. Սույն Կոնվենցիայի IV գլխի դրույթների համաձայն և չխախտելով 13-րդ հոդվածի դրույթները` վերահսկիչ մարմինները պետք է համագործակցեն միմյանց հետ իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ սահմաններում, մասնավորապես` փոխանակելով ամբողջ օգտակար տեղեկատվությունը:

 

Հոդված 2

Կոնվենցիայի Կողմի իրավազորության ներքո չգտնվող ստացողին ուղղված անձնական տվյալների անդրսահմանային հոսքերը

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ապահովի անձնական տվյալների փոխանցումը Կոնվենցիայի Կողմ չհանդիսացող պետության կամ կազմակերպության իրավազորության ներքո գտնվող ստացողին, միայն եթե այդ պետությունը կամ կազմակերպությունը ապահովում է նախատեսված տվյալների փոխանցման համարժեք պաշտպանության մակարդակ:

2. Շեղում կատարելով սույն Արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունից` յուրաքանչյուր Կողմ կարող է թույլ տալ անձնական տվյալների փոխանցումը.

ա. եթե ներպետական իրավունքը նախատեսում է այդպիսի փոխանցում հետևյալ պատճառներով.

- տվյալների սուբյեկտների հատուկ շահերի, կամ

- օրինական գերակա շահերի, հատկապես կարևոր հանրային շահերի, կամ

բ. եթե երաշխիքները, որոնք կարող են մասնավորապես բխել պայմանագրային դրույթներից, տրամադրվում են փոխանցման համար պատասխանատու վերահսկիչի կողմից և, ներպետական իրավունքի համաձայն, իրավասու մարմինների կողմից համարվում են համարժեք:

 

Հոդված 3

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն Արձանագրության 1-ին և 2-րդ հոդվածների դրույթները պետք է համարվեն Կողմերի կողմից որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և Կոնվենցիայի բոլոր դրույթները պետք է, համապատասխանաբար, կիրառվեն:

2. Սույն Արձանագրությունը բաց է Կոնվենցիան ստորագրող պետությունների ստորագրման համար: Կոնվենցիայում ամրագրված պայմանների համաձայն Կոնվենցիային միանալուց հետո Եվրոպական համայնքները կարող են ստորագրել սույն Արձանագրությունը: Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Սույն Արձանագրությունն ստորագրող պետությունը չի կարող վավերացնել, ընդունել կամ հաստատել այն, քանի դեռ նախապես կամ միաժամանակ չի վավերացրել, ընդունել կամ հաստատել Կոնվենցիան կամ չի միացել Կոնվենցիային: Սույն Արձանագրության վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

3. ա. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ամսաթվից հետո եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը, երբ այն ստորագրող կողմերից հինգը, 3-րդ հոդվածի 2-րդ պարբերության դրույթներին համապատասխան, հայտնել են Արձանագրությամբ պարտավորված լինելու վերաբերյալ իրենց համաձայնությունը:

բ. Սույն Արձանագրությունն ստորագրող ցանկացած Կողմի համար, որը հետագայում հայտնում է սույն Արձանագրությամբ պարտավորված լինելու վերաբերյալ իր համաձայնությունը, Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո` եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

4. ա. Սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած պետություն, որը միացել է Կոնվենցիային, կարող է միանալ նաև Արձանագրությանը:

բ. Միանալն իրականացվում է միանալու մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով, որն ուժի մեջ է մտնում ի պահ հանձնելու օրվանից հետո` եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

5. ա. Ցանկացած Կողմ ցանկացած ժամանակ կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը:

բ. Արձանագրությունը չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

6. Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, Եվրոպական համայնքներին և Արձանագրությանը միացած ցանկացած այլ պետության տեղեկացնում է.

ա. սույն Արձանագրությունն ստորագրելու ցանկացած դեպքի,

բ. վավերացման, հաստատման, ընդունման կամ միանալու մասին որևէ փաստաթուղթ ի պահ հանձնելու,

գ. 3-րդ հոդվածին համապատասխան սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելու ցանկացած ամսաթվի,

դ. սույն Արձանագրությանն առնչվող ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հաղորդման մասին:

Ի հաստատումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

 

Կատարված է Ստրասբուրգում 2001 թվականի նոյեմբերի 8-ին` երկու հավասարազոր` անգլերեն և ֆրանսերեն տեքստերով, մեկ օրինակով, որն ի պահ է հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվ: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները փոխանցում է Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության, Եվրոպական համայնքներին և Կոնվենցիային միանալու հրավեր ստացած ցանկացած պետության:

 

Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2012 թ. սեպտեմբերի 1-ին