Գլխավոր տեղեկություն
Համար
N 689-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.06.2004-18.09.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.06.02/29(328) Հոդ.712
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.05.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2004 թվականի N 689-Ն

 

«ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Շահագործման տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը և «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Շահագործման տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը և դրանց իրավունքները (այդ թվում` Երևանի Զաքիյան 10 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի 216.9 քառ. մետր և 4-րդ հարկի 364 քառ. մետր տարածքների նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքը) ու պարտականություններն անցնում են «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` փոխանցման ակտին համապատասխան:

3. Սահմանել, որ`

ա) «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան է`

Հայաստանի Հանրապետության պետական գույքի գույքագրման աշխատանքների իրականացումը,

Հայաստանի Հանրապետության պետական գույքի հաշվառումը,

Հայաստանի Հանրապետության պետական գույքի (այդ թվում` մասնավորեցվող, օտարվող) արժեքի որոշումը (գնահատում և վերագնահատում),

հրապարակային սակարկություններով մասնավորեցման, ինչպես նաև լուծարման գործընթացում գտնվող ընկերությունների` համապատասխանաբար աճուրդային, մրցութային և լուծարման հանձնաժողովների հանձնարարությունների կատարումը (հանձնակատարի աշխատանքների իրականացումը),

մասնավորեցվող ընկերություններին տնտեսագիտական բնույթի խորհրդատվությունը,

ընկերությունների լուծարումից հետո պետության բաժնեմասին համապատասխան գույքի պահառության աշխատանքների իրականացումը.

բ) «Պետական գույքի գնահատման և շահագործման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`

Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման և մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների ընթացակարգերի արդյունավետության բարձրացումը,

Հայաստանի Հանրապետության պետական գույքի հաշվառման ռեեստրի վարման աշխատանքներին աջակցելը,

Հայաստանի Հանրապետության պետական գույքի շահագործման արդյունավետության ապահովումը:

4. Թույլատրել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

գույքագրում,

գույքի արժեքի որոշում (գնահատում, վերագնահատում),

տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն,

պետական գույքի մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների) և կազմակերպությունների լուծարման գործընթացներում հանձնակատարի պայմանագրով նախատեսված գործառնությունների իրականացում:

5. «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, փոխանցման ակտն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.

բ) «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 19
Երևան