Գլխավոր տեղեկություն
Համար
N 1648-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.01.2004-25.11.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.01.14/2(301) Հոդ.12
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 դեկտեմբերի 2003 թ.
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 27 նոյեմբերի 2003 թվականի N 1648-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԱՅԴ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒ ԱՄՓՈՓՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ցուցանիշների ներկայացման, այդ գործունեության մասին հաշվետվությունների կազմման, ներկայացման ու ամփոփման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) պետական ոչ առևտրային կազմակերպությունները չեն կարող վերցնել և տրամադրել վարկեր կամ փոխառություններ.

բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների 2004 թվականի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ցուցանիշների մասին ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվում ոչ ուշ, քան 2004 թվականի մարտի 15-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 13
Երևան

 

 


Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի
նոյեմբերի 27-ի N 1648-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԱՅԴ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒ ԱՄՓՈՓՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) ֆինանսական և տնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ցուցանիշների, այդ գործունեության մասին հաշվետվությունների կազմման, ներկայացման ու ամփոփման պայմանները:

2. Սույն կարգի իմաստով`

ա) հաշվետվություններ են համարվում կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` նախարարություն) որոշակի պարբերականությամբ և տեսքով (բովանդակությամբ) ներկայացվող թվային և (կամ) վերլուծական տեղեկատվությունը.

բ) հաշվետու ժամանակահատված է համարվում տվյալ ֆինանսական տարվա այն ժամանակահատվածը, որի ընթացքում իրականացված գործառույթների մասին ներկայացվում է հաշվետվությունը.

գ) հաշվետու ժամանակահատվածի ավարտ է համարվում հաշվետու ժամանակահատվածի վերջին օրացուցային օրը.

դ) հաշվետու մարմիններ են համարվում կազմակերպությունները:

3. Կազմակերպությունները նախարարության սահմանած ձևով և ժամկետներում կազմակերպությունների ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմիններին (այսուհետ` լիազորված մարմին) են տրամադրում տվյալ տարվան հաջորդող տարում կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ցուցանիշները:

4. Լիազորված մարմիններն ամփոփում են սույն կարգի 3-րդ կետի համաձայն ներկայացված ծրագրային ցուցանիշները և նախարարության սահմանած ձևով ու ժամկետներում վերջինիս են ներկայացնում այդ ցուցանիշների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

5. Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվությունն իրենից ներկայացնում է հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության կողմից իրականացված ֆինանսատնտեսական գործունեության մասին թվային և (կամ) վերլուծական տեղեկատվություն:

6. Հաշվետվությունը կազմվում, ամփոփվում և նախարարություն է ներկայացվում եռամսյակային ու տարեկան պարբերականությամբ: Նախարարության կողմից կարող են սահմանվել նաև կազմակերպությունների կողմից առանձին դեպքերում ամսական պարբերականությամբ հաշվետվություններ ներկայացնելու պահանջներ:

7. Նախարարություն հաշվետվություններ ներկայացնելու ժամկետ է համարվում`

ա) ամսական պարբերականությամբ ներկայացվող հաշվետվությունների համար` հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 27-ը.

բ) եռամսյակային պարբերականությամբ ներկայացվող հաշվետվությունների համար` հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա ավարտը.

գ) տարեկան պարբերականությամբ ներկայացվող հաշվետվությունների համար` հաշվետու ֆինանսական տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:

8. Հաշվետվությունների առանձին տեսակների ցանկը, կազմն ու բովանդակությունը, դրանց կազմման, ամփոփման ու ներկայացման առանձնահատկությունները, ինչպես նաև հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման պահանջները սահմանում է նախարարությունը:

9. Հաշվետվությունները նախարարություն են ներկայացվում հետևյալ կարգով`

ա) հաշվետու մարմինները` տվյալ հաշվետվությունների կազմման համար սահմանված ձևերին համապատասխան կազմում և հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո 10-օրյա ժամկետում (տարեկան հաշվետվությունների դեպքում` մինչև հաշվետու ֆինանսական տարվան հաջորդող տարվա փետրվարի 10-ը) լիազորված մարմիններին են տրամադրում համապատասխան հաշվետվություններ.

բ) լիազորված մարմիններն ամփոփում են հաշվետու մարմինների կողմից ներկայացված տեղեկատվությունը և մինչև տվյալ հաշվետվության ներկայացման համար սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը ներկայացնում են նախարարություն:

10. Ելնելով հաշվետվություններում ներառված տեղեկատվության բովանդակությունից` հաշվետվությունների առանձին տեսակների համար նախարարության կողմից կարող են սահմանվել հաշվետվություններ ներկայացնելու այլ ժամկետներ, քան սահմանված են սույն կարգի 9-րդ կետով` պայմանով, որ այդ ժամկետների ընդհանուր տևողությունը տվյալ հաշվետվության համար չպետք է գերազանցի սույն կարգի 7-րդ կետով սահմանված` համանման հաշվետվություններ ներկայացնելու վերջնական ժամկետի տևողությունը:

11. Սույն կարգի 9-րդ կետի համաձայն նախարարություն ներկայացված հաշվետվություններն ամփոփվում են նախարարությունում և նախարարության սահմանած ձևին համապատասխան` առանձին հավելվածով կցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությանը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան