Գլխավոր տեղեկություն
Համար
N 884-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.06.30/35(334) Հոդ.842
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.06.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2004 թվականի N 884-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման 2004 թվականի պետական ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 17
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունիսի 10-ի N 884-Ն որոշման

 

2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

I. Ծրագրի մշակման հիմքերը

 

Ծրագրի մշակման հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշումը:

 

II. Ծրագրի նպատակը ԵՎ խնդիրները

 

Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից բարձր արդյունավետ և մրցունակ զբոսաշրջային արդյունքի ստեղծումն ու միջազգային զբոսաշրջային շուկա արտահանումն է:

 

Ծրագրի նպատակներն են`

- Հայաստանը հաճախելի երկրներից մեկը դարձնելը, «Հայաստանը զբոսաշրջության համար` բարենպաստ և հրապուրիչ երկիր» նկարագրի ձևավորումը և վարկանիշի ամրապնդումը.

- Հայաստանի ինտեգրումը համաշխարհային զբոսաշրջային շուկայում.

- միջազգային ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի կայուն աճի ապահովումը:

 

Ծրագրի հիմնական խնդիրներն են`

 

զբոսաշրջության ոլորտի գովազդատեղեկատվական ապահովման համակարգի ստեղծումն ու կատարելագործումը, ակտիվ գովազդային գործունեության ծավալումը.

 զբոսաշրջության ոլորտում միջազգային համագործակցության զարգացումը:

 

Վերը նշված նպատակներին հասնելու և առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`

-

Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային արդյունքի պատշաճ ներկայացման նպատակով Հայաստանի Հանրապետության վերաբերյալ զբոսաշրջային տեղեկատվական գովազդային նյութերի (պրակներ, տեսաերիզներ, քարտեզներ, ուղեցույցներ և այլն) կազմում, հրատարակում ու տարածում.

-

զբոսաշրջության գրավչության օբյեկտների տեղեկատվական բանկի ստեղծում և պարբերաբար թարմացում և կատարելագործում.

-

միջազգային և տարածաշրջանային զբոսաշրջային տոնավաճառներին ու ցուցահանդեսներին Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովում.

-

զբոսաշրջային արդյունքի խթանման և իրացման համաշխարհային առաջավոր փորձի ուսումնասիրում և միջոցառումների իրականացում.

-

օտարերկրյա լրագրողների և տուրօպերատորների Հայաստան այցելությունների կազմակերպում.

-

ավանդական տոնակատարությունների կազմակերպում և անցկացում:
          

III. Ծրագրային միջոցառումների համակարգը

 

2004 թ-ի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է զբոսաշրջության ոլորտի զարգացման և պետական աջակցության հետևյալ հիմնական ուղղությունները`

 

1. Մասնակցություն միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին

 

1.1. Բեռլինում կազմակերպվող «ITB-2004» միջազգային զբոսաշրջության համաշխարհային ցուցահանդեսին հայկական զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների մասնակցության ապահովում

 

Հայաստանը` որպես զբոսաշրջության համար բարենպաստ երկիր ներկայացնելու հիմնական խնդիրը համաշխարհային զբոսաշրջության ներկայացուցիչների հետ անմիջական կապի հաստատումն է: Միջազգային զբոսաշրջային շուկայում ոչ բոլորն են ճանաչում Հայաստանը, նրա ազգային և մշակութային ներուժը, որը կարող է օտարերկրյա զբոսաշրջիկների հետաքրքրության և հայտնաբերման առարկա դառնալ:

Նախորդ տարիներին Հայաստանի զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է 12 համաշխարհային զբոսաշրջային ցուցահանդեսներում, որի կազմակերպչական գործառույթներն իրականացրել է «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ը (ԶԶՀԳ): Մասնավորապես, Հայաստանը, որպես զբոսաշրջության կիզակետ, իր «Հավերժ և անբացահայտ Հայաստան» խորագրով ներկայացվել է Բեռլինում` 2001, 2002, 2003 և 2004 թթ-ին, Լոնդոնում` 2001, 2002 և 2003 թթ-ին, Թբիլիսիում` 2002, 2003 թթ-ին, Ճապոնիայում` 2002 թ-ին, Կիևում` 2003 թ-ին և Մայամիում` 2003 թ-ին:

Վերը թվարկված ցուցահանդեսներին ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանի զբոսաշրջության բնագավառի բազմաթիվ ներկայացուցիչներ` ստանալով հիանալի հնարավորություն Հայաստանի բազմաթիվ գրավչությունները գովազդելու համար: Նշված միջոցառումների շնորհիվ վերջին մեկ տարվա ընթացքում գրանցվել է Հայաստան այցելած ոչ սփյուռքահայ զբոսաշրջիկների թվի կայուն աճ: Հայաստանի անընդմեջ մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին տեսանելի առաջընթաց է զբոսաշրջության բնագավառում: Նման միջոցառումների իրականացումը նպաստում է Հայաստանի զբոսաշրջային արդյունքի վերաբերյալ տեղեկատվության տարածմանը և համաշխարհային զբոսաշրջության արդյունաբերության ներկայացուցիչների հետ ավելի սերտ համագործակցությանը:

Հայաստանի զբոսաշրջային արդյունքի շարունակական ներկայացումը ճանաչում ստացած ցուցահանդեսներում խիստ անհրաժեշտ է երկրի զբոսաշրջային ոլորտի կայուն աճի ապահովման համար: Այս տարի չորրորդ անգամ Հայաստանը մարտ ամսին ներկայացվել է Բեռլինում կայացած «ITB-2004»-ին:

 

1.2. Մասնակցություն Ճապոնիայի ամենամյա «JATA» համաշխարհային զբոսաշրջային ցուցահանդեսին` ապահովելով հայկական զբոսաշրջային կազմակերպությունների մասնակցությունը և Հայաստանի մասին մասսայական իրազեկումն ասիական երկրներում

 

Նախորդ տարիների ընթացքում Հայաստանի զբոսաշրջային արդյունքի գովազդումը հիմնականում իրականացվել է եվրոպական շուկաներում, մասնավորապես, Բեռլինում և Լոնդոնում ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսներում: Նկատի ունենալով Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալ տեղեկատվության սակավությունն ասիական երկրներում` 2002 թ-ին ԱՄՆ ՄԶԳ-ի ՄԳԾԿ կազմակերպության աջակցությամբ Հայաստանի զբոսաշրջության ոլորտը, այդ թվում` և ԶԶՀԳ-ն ներկայացվեցին Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում կայացած «JATA» զբոսաշրջային ցուցահանդեսում: Ճապոնական և մասնակից այլ ասիական երկրների կողմից ցուցաբերված հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ակնհայտ էր:

Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով 2003 թ-ին հնարավորություն չընձեռվեց կրկին անգամ Հայաստանի զբոսաշրջային արդյունքը Ճապոնիայում ներկայացնելու:

Հետազոտությունների արդյունքները պարզել են, որ հայրենական զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների մեծամասնությունը բավարար հետաքրքրություն է ցուցաբերում ասիական շուկայի հանդեպ: Կարևորելով նշված հանգամանքը և հաշվի առնելով վերը նշված արդյունքները` արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները` ս.թ. սեպտեմբերի 23-26-ը Ճապոնիայի Տոկիո քաղաքում կայանալիք «JATA» միջազգային ցուցահանդեսում հայաստանյան զբոսաշրջային ոլորտի մասնակիցների ներկայությունն ապահովելու նպատակով: Հայկական զբոսաշրջային ինդուստրիայի այս մասնակցությունն առավելապես կնպաստի ասիական երկրներում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի մասին իրազեկության աստիճանի բարձրացմանն ու ասիական երկրներից Հայաստան ներգնա զբոսաշրջության զարգացման խթանմանը:

 

1.3. Մասնակցություն ASTA ամերիկյան զբոսաշրջային գործակալների ասոցիացիայի կողմից կազմակերպված համաշխարհային ճանապարհորդական կոնգրես ցուցահանդեսին

 

ASTA կազմակերպությունը (Ամերիկյան զբոսաշրջային գործակալների միություն) բազմաթիվ տարիներ գործում է համաշխարհային զբոսաշրջության շուկայում: Մինչև վերջերս ASTA-ի անդամ կարող էին դառնալ միայն ամերիկյան զբոսաշրջային ներկայացուցիչները, սակայն արդեն մի քանի տարի է, որ ASTA-ն դռները բաց է արել համաշխարհային ներկայացուցիչների առջև` նրանց հնարավորություն տալով ներկայացնելու իրենց երկրներն ամերիկյան գործակալներին, հաստատելով նրանց հետ սերտ գործնական կապեր:

2003 թ-ին առաջին անգամ Մայամիում ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ Հայաստանը ASTA համաշխարհային կոնգրես-ցուցահանդեսում ներկայացվեց ԶԶՀԳ-ի և մեկ հայ զբոսաշրջային օպերատորի կողմից: Հնգօրյա հանդիպումներից և եռօրյա ցուցահանդեսից հետո ստացվեցին բազմաթիվ դրական արձագանքներ` ամերիկյան զբոսաշրջային գործակալների և այլ զբոսաշրջային կազմակերպությունների կողմից, որն ապացույց էր այդ շուկայում Հայաստանի մասին հետաքրքրության առկայության:

Հաշվի առնելով անցյալ տարվա փորձն ու ստացված դրական արդյունքները` 2004 թ-ին նույնպես նախատեսվում է մասնակցել ASTA-ի հերթական համաշխարհային կոնգրես-ցուցահանդեսին, որը կայանալու է ս.թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը` Հոնկոնգում: 2004 թ-ի մասնակցության առնչությամբ դիմում է հղվել Հայաստանում Չինաստանի դեսպանատանը, որոշակի տեխնիկական կամ ֆինանսական աջակցություն ստանալու, ASTA-ի միջոցառմանը Հայաստանի մասնակցությունն ապահովելու համար: Միայն ակնկալվող աջակցության ստացման դեպքում հնարավոր կլինի երաշխավորել հայկական զբոսաշրջության ներկայացուցիչների մասնակցությունը, որն էլ կնպաստի Հայաստանի ճանաչմանն ու հայ և ամերիկյան զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների առավել արդյունավետ համագործակցությանը:

 

2. Զբոսաշրջության ոլորտում պահանջվող գովազդային նյութերի համալրում` դրանց մշակում, տպագրում ԵՎ տարածում: Այցելուների տեղեկատվական կենտրոնի գովազդում

 

2.1. Զբոսաշրջիկների համար անհրաժեշտ, Հայաստանի ամբողջ տարածաշրջանը ներառող և Երևան քաղաքի մանրամասն քարտեզների, Հայաստանի վերաբերյալ համառոտ տեղեկատվական ուղեցույցի կազմում, տպագրում և տարածում

 

Զբոսաշրջության զարգացումը հնարավոր չէ առանց գովազդային նյութերի, որոնք ապահովում են տեղեկատվության առավել արդյունավետ տարածում և երկրի վերաբերյալ հետաքրքրության առաջացում: Նախորդ տարիների ընթացքում գովազդային նյութերի պատրաստման աշխատանքները հիմնականում ֆինանսավորվել են ԱՄՆ ՄԶԳ-ի տրամադրած միջոցներով: Վերոհիշյալ գովազդային նյութերի սպառման հետևանքով այժմ անհրաժեշտ են նոր և թարմացված նյութերի ձեռքբերում, մշակում և տպագրում, որոնց առկայությունը հնարավորություն կտա ազգային մակարդակով գովազդելու Հայաստանի զբոսաշրջային արդյունքը միջազգային ցուցահանդեսներում և համաժողովներում:

Գովազդային նյութերի շարքում կարևորներից են զբոսաշրջային քարտեզներն ու համառոտ տեղեկագիր-ուղեցույցը, որոնք հնարավորություն կտան զբոսաշրջիկին ազատ շրջելու Հայաստանում, ինչպես նաև մինչ Հայաստան ժամանելը բավարար տեղեկատվություն ստանալ երկրի մասին: Նախորդ տարի ԶԶՀԳ-ի կողմից իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ` Հայաստանի մարզերը ներառող և Երևան քաղաքի մանրամասն քարտեզներ մշակելու ուղղությամբ աշխատանքներ, որոնք դեռևս չեն տպագրվել: Հրատարակվելուց հետո քարտեզները կտրամադրվեն «Հայաստան» զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնին` պոտենցիալ զբոսաշրջիկին բաժանելու, ինչպես նաև ցուցահանդեսներում և համաժողովներում ներկայացնելու համար:

Համառոտ ուղեցույցի հրատարակման համար կատարվել են նախապատրաստական աշխատանքներ` բովանդակության և նկարների հավաքագրման ուղղությամբ: Ֆինանսական ռեսուրսների առկայության դեպքում 10000 տպաքանակով կներկայացվի տպագրության ուղեցույցը, որը նախատեսվում է տպագրել երկու տարբեր լեզուներով` տարբեր շուկաներում Հայաստանի մասին տեղեկատվության տարածման նպատակով:

Այս երկու հրատարակումները հնարավորություն կտան Հայաստանը պատշաճ մակարդակով ներկայացնելու զբոսաշրջիկներին և զբոսաշրջային ոլորտի մասնագետներին:

 

2.2. Հայաստանը ներկայացնող լուսանկարների արխիվի համալրում

 

Հայաստանի զբոսաշրջության արդյունքի արդյունավետ գովազդման տեսակներից ավելի պատկերավոր է երկրի ներկայացումն արտաքին աշխարհին` լուսանկարների միջոցով: Հայաստանը, լինելով քիչ ճանաչված երկիր, առավել բարդ է ներկայացնել միայն տեքստերի և երկրի մասին տեղեկատվության տարածմամբ: Գովազդման և խթանման առավելագույն նպատակային միջոցներ են հանդիսանում տարբեր տեսարժան վայրերի և երևույթների, մարդկանց սովորույթների, բնակլիմայական յուրահատկությունների, տոների և ծեսերի վերաբերյալ կատարված լուսանկարները: Անցյալ տարիներին ԶԶՀԳ-ն ունեցել է որոշ նկարադարան, որն արդեն սպառվել կամ հնացել է` երկրում կատարվող զարգացումների արդյունքում: Այժմ, Հայաստանը ներկայացնելու նպատակով, նախատեսվում է ձեռք բերել մի շարք գրավիչ լուսանկարներ, որոնք հետագայում հնարավոր կլինի օգտագործել պաստառների, ինտերնետային էջի, ուղեցույցների, բացիկների և ցուցահանդեսների տաղավարների ձևավորման համար: Արդեն իսկ իրականացվել են աշխատանքներ նկարիչների հետ` առաջարկությունների ներկայացման ուղղությամբ: Ներկա փուլում նախատեսվում է կատարել լավագույն նկարիչների ընտրություն, որոնք կլուսանկարեն և կտրամադրեն Հայաստանի վերաբերյալ գրավիչ նկարներ, իսկ տարվա ընթացքում նախատեսվում է նաև հավաքել պահանջվող վայրերի և իրադարձությունների վերաբերյալ նոր լուսանկարներ:

 

2.3. Հայաստանում գովազդային վահանակի և միջազգային հրատարակչություններում հոդվածների տեղադրում

 

Զբոսաշրջության զարգացման ցուցանիշներից մեկն օտարերկրյա զբոսաշրջիկի համար հանդիսանում են երկրի ենթակառուցվածքային համակարգի առկայությունն ու դրա զարգացվածության աստիճանը: Զբոսաշրջության ոլորտում տեղեկատվական կենտրոններն անհրաժեշտություն են համապարփակ զբոսաշրջային տեղեկատվական աջակցության համար: «Հայաստան» տեղեկատվական կենտրոնը, որը հիմնադրվել է ԶԶՀԳ-ի աջակցությամբ` 2001 թ-ի սեպտեմբեր ամսին, տրամադրում է համապատասխան զբոսաշրջային տեղեկատվություն` ներառյալ գրականությունը Հայաստանի տեսարժան վայրերի, հյուրանոցների, ռեստորանների և այլնի վերաբերյալ: Կենտրոնի գործունեության ընթացքում սպասարկվել են ավելի քան 9000 զբոսաշրջիկ, որոնց թիվն ունի աճի միտում:

2003 թ-ին «Հայաստան» տեղեկատվական կենտրոնը գովազդվեց սփյուռքահայ հանրության կողմից ընթերցվող «AIM» ամսագրում, ինչպես նաև տեղադրվեց գովազդային վահանակ` օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհին, որից հետո գրանցվեց կենտրոն այցելուների թվի կտրուկ աճ (70%), որն էլ ապացույցն է գովազդային աշխատանքների անհրաժեշտության:

Նախատեսվում է շարունակել կենտրոնի աշխատանքների գովազդման գործընթացը: 2004 թ-ին նախատեսվում է գովազդել կենտրոնի աշխատանքները` նաև այլ միջազգային ամսագրերում` «Հայկական զբոսաշրջությունը» խորագրով: Այս աշխատանքները, որոնք իրականացվում են ԶԶՀԳ-ի կողմից, արդեն ստացել են դրական արձագանք, հետևաբար, նախատեսվում է աշխատանքները շարունակել` գովազդային նշված արշավն ավելի ընդլայնելու և առավելագույնս արդյունավետ դարձնելու համար:

 

3. Օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների ԵՎ ճանապարհորդային լրագրողների ճանաչողական այցերի կազմակերպում

 

3.1. Ճանաչողական այցեր` զբոսաշրջային օպերատորների մասնակցությամբ

 

Նախորդ տարիներին իրականացվել են օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների ճանաչողական-ուսուցողական այցեր, որոնք կազմակերպվել են ԶԶՀԳ-ի կողմից: Նման միջոցառումների իրականացումը նպատակ ունի օտարերկրյա զբոսաշրջային օպերատորներին տեղում ծանոթացնելու Հայաստանի զբոսաշրջային արդյունքի և գործնական կապեր հաստատելու հայաստանյան զբոսաշրջային օպերատորների հետ: Այցելելով Հայաստան և ծանոթանալով հայկական զբոսաշրջային արդյունքին` զբոսաշրջային օպերատորները հնարավորություն են ստանում իրենց իսկ տպավորություններով գնահատել և ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային արդյունքը պոտենցիալ շուկաներում:

Ֆինանսական միջոցների առկայության դեպքում 2004 թ-ի ընթացքում նույնպես հնարավորություն կստեղծվի երեք նմանատիպ ճանաչողական միջոցառման կազմակերպման համար, մասնավորապես, ամերիկյան և եվրոպական զբոսաշրջային օպերատորների մասնակցությամբ:

Դիտարկումները ցույց են տվել, որ միջազգային պրակտիկայում երկրի զբոսաշրջության կայուն աճն ու զարգացումն ապահովելու համար, բացի գովազդային գործունեությունից, անհրաժեշտ է կազմակերպել նմանատիպ այցեր:

 

3.2. Ճանաչողական այցեր` օտարերկրյա լրագրողների մասնակցությամբ

 

Վերջին տարիներին հայրենական զբոսաշրջային արդյունքի գովազդման աշխատանքների շարքում ԶԶՀԳ-ի կողմից կազմակերպվել են նաև օտարերկրյա լրագրողների ճանաչողական այցեր: Այցերի հիմնական նպատակն է ներկայացնել հայկական մշակույթը, սովորույթները պատմական ժառանգությունը և զբոսաշրջիկների համար հետաքրքիր այն ամենը, որոնք օտարերկրյա լրագրողը կկարողանա լուսաբանել իր երկրում հրատարակվող թերթերում և ամսագրերում: Սա ևս մեկ միջոց է գովազդելու Հայաստանը, որպես զբոսաշրջության համար գրավիչ երկիր` օտարերկրյա լրագրողների տպավորություններով, իրենց ազգային պարբերականներում: Այսպիսի այցերի կազմակերպումն անհրաժեշտ է Հայաստանի զբոսաշրջության մասին իրազեկության բարձրացման և օտարերկրյա զբոսաշրջիկին դեպի Հայաստան գրավելու համար:

Ճանաչողական այցերի արդյունքում Հայաստանի մասին տպագրվել են բազմաթիվ ճանապարհորդական հոդվածներ: Անհրաժեշտ միջոցների առկայության դեպքում 2004 թ-ին նույնպես հնարավոր կլինի կազմակերպել լրագրողների մասնակցությամբ մեկ այց:

 

4. Հայաստանի զբոսաշրջության ոլորտին ուղղված ինտերնետային էջի (www.armenianfo.am) պարբերաբար թարմացում ԵՎ պահպանում

 

Հայաստանում վերջին տարիներին զգալի աճել է տարբեր ոլորտներին ուղղված ինտերնետային էջերի թիվը: Սա ժամանակակից եզակի տեղեկատվական միջոցներից է, որը մատչելի է տարբեր երկրների, տարբեր ոլորտների ներկայացուցիչների համար, և որը բացառապես կարևորվում է զբոսաշրջության ոլորտում: Որոշ զբոսաշրջային կազմակերպություններ առ այսօր ունեցել են ինտերնետային էջեր, որոնք հիմնականում ուղղված են եղել մասնավոր գործունեության գովազդմանը: Վերջերս ԱՍՆ ՄԶԳ-ի տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ ԶԶՀԳ-ի կողմից մշակվեց և ներկայացվեց առաջին պաշտոնական ինտերնետային էջը` www.armeniainfo.am, որն ընդգրկում է համապարփակ տեղեկատվություն Հայաստանի զբոսաշրջության ամբողջ ոլորտի վերաբերյալ: Ինտերնետի միջոցով զբոսաշրջիկին ներկայացվում են ինտերակտիվ քարտեզներ, ինչպես նաև տրվում է լիարժեք տեղեկատվություն զբոսաշրջային գործակալությունների, հյուրանոցների և ռեստորանների վերաբերյալ: Ինտերնետային էջի բացառիկ հատկանիշներից է պարբերաբար նորացվող ոլորտի շաբաթական իրադարձությունների ցանկը, որը կարելի է ստանալ էլեկտրոնային փոստով` մեկ անգամ բաժանորդագրվելուց հետո:

Հայաստանի վերաբերյալ նորացված և պատշաճ որակի տեղեկատվության տրամադրման նպատակով անհրաժեշտ է ինտերնետային էջն անընդհատ վերանայել և թարմացնել, ինչը կնպաստի էջի հանդեպ ուշադրության մեծացմանը և Հայաստանի մասին օբյեկտիվ տեղեկատվության տրամադրմանը զբոսաշրջիկներին և զբոսաշրջության ոլորտի մասնագետներին:

 

5. Զբոսաշրջության գովազդմանը նպաստող փառատոների ԵՎ այլ միջոցառումների կազմակերպում ԵՎ անցկացում

 

Կենաց փառատոն-2004

 

Տարբեր արտասահմանյան երկրների փորձն արդեն ապացուցել է, որ փառատոները, որոնք կազմակերպվում են զբոսաշրջության համար պասսիվ ամիսներին, կարող են ներգրավել բազմաթիվ զբոսաշրջիկների, հատկապես, եթե փառատոնն ունի ազգային, մշակութային և սովորույթներն արտացոլող բնույթ: Վերջին երկու տարվա ընթացքում անցկացվել է հայկական ամենամյա «Կենաց» փառատոնը, որը կազմակերպվել է ԶԶՀԳ-ի կողմից:

Հաշվի առնելով, որ «Կենաց» փառատոնն ամենամյա է, և ընդհատումները խիստ անցանկալի են, 2004 թ-ին նույնպես նախատեսվում է անցկացնել «Կենաց» փառատոն, որը կներգրավի նաև Հայաստանի մարզերը, ինչն իր հերթին կնպաստի զբոսաշրջության զարգացմանը մարզերում, և արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն զբոսաշրջության ոլորտում: Փառատոնի կազմակերպման հիմնական նպատակն է մի քանի օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանը նման գրավիչ միջոցառումների միջոցով: Անհրաժեշտ է կատարել նախնական գովազդային աշխատանքներ` կապված արտերկրում փառատոնի պատշաճ ներկայացման և ժամանակին զբոսաշրջիկներին տեղեկատվություն տրամադրելու հետ:

Նշված փառատոնի կազմակերպման և անցկացման միջոցով նպաստավոր պայմաններ կստեղծվեն Հայաստանի զբոսաշրջության զարգացման խթանման և հավանական զբոսաշրջիկների ներգրավման, ինչպես նաև երկրի մշակույթի և պատմության ներկայացման համար: Նշված միջոցառումը կավելացնի զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան, որն էլ իր հերթին կնպաստի երկրի տնտեսական վիճակի աստիճանաբար բարելավմանը:

 

IV. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

 

Ծրագրի իրականացման տարում ակնկալվում է ապահովել ներգնա զբոսաշրջության շուրջ 10%-ի աճ` նախորդ տարվա համեմատ` հասցնելով ներգնա զբոսաշրջիկների քանակը 225 հազարի` նախորդ տարվա 206000-ի դիմաց:

 

Ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում`

 կձևավորվի և կամրապնդվի «Հայաստանը զբոսաշրջության համար գրավիչ և բարենպաստ երկիր» նկարագիրը միջազգային զբոսաշրջային շուկաներում,

 կապահովի զբոսաշրջիկների թվաքանակի կայուն աճ, կավելանա արտարժույթի ներհոսքը հանրապետություն և համապատասխանաբար պետական բյուջե.

 կխթանվի միջազգային զբոսաշրջային շուկաներում Հայաստանի ինտեգրման գործընթացը:

 

V. Ծրագրի ֆինանսական ապահովումը եվ իրականացման սկզբունքները

 

1. 2004 թ-ի ՀՀ զբոսաշրջության զարգացման պետական ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 80,5 մլն դրամ, որն իրականացվելու է համաֆինանսավորման սկզբունքով, որից 20 մլն դրամը` պետական բյուջեի, իսկ 60,5 մլն դրամը նախատեսվում է ներգրավել զբոսաշրջության ոլորտում գործող մասնավոր հատվածի, ինչպես նաև դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին:

 

2. Համաձայն 2003 թ. դեկտեմբերի 25-ին ընդունված «ՀՀ 2004 թ-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի` մասնակի ֆինանսավորմամբ` ՀՀ զբոսաշրջության զարգացման պետական ծրագրի իրականացման համար առանձին տողով նախատեսված է 20 մլն դրամ:

 

3. 2004 թ-ի ՀՀ զբոսաշրջության զարգացման պետական ծրագրի միջոցառումները և դրանց իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցները, աղբյուրները և իրականացման ժամանակահատվածները ներկայացված են ծրագրի հավելվածում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունիսի 10-ի N 884-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման 2004 թվականի պետական ծրագրի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN ը/կ   

  Միջոցառումները

  Միջոցառումների համար  
պահանջվող  
ֆինանսական  
միջոցները  
(դրամ)

Ֆինանսական միջոցների աղբյուրը (դրամ)

Կատարման ժամկետը

ՀՀ  
պետական
բյուջե

մասնավոր սեկտոր և դոնոր կազմակեր- պություններ

1.  

Բեռլինում կազմակերպվող «ITB-2004» միջազգային զբոսաշրջության
համաշխարհային ցուցահանդեսին  
հայաստանյան զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների մասնակցության  ապահովում

9215000  

4000000

5215000

2004  
թվականի  
մարտ  

2.  
  
  

Մասնակցություն Ճապոնիայի ամենամյա «JATA» համաշխարհային զբոսաշրջային ցուցահանդեսին` ապահովելով հայկական զբոսաշրջային կազմակերպությունների 
մասնակցությունն ու Հայաստանի  
մասին լայնածավալ իրազեկումն  
ասիական շուկաներում

29945000

1800000  
  

28145000

2004  
թվականի  
երրորդ  
եռամսյակ

3.  

Մասնակցություն ASTA ամերիկյան
զբոսաշրջային գործակալների  
ասոցիացիայի կողմից կազմակերպված
համաշխարհային ճանապարհորդական  
կոնգրես-ցուցահանդեսին  

9040000  

2000000

7040000

2004  
թվականի  
երրորդ  
եռամսյակ

4.  

Զբոսաշրջիկների համար անհրաժեշտ` Հայաստանի տարածաշրջանները ներառող և Երևան քաղաքի մանրամասն քարտեզների և Հայաստանի մասին համառոտ տեղեկատվական ուղեցույցի մշակում, կազմում, տպագրում և տարածում

4898550  

2000000

2898550  

2004  
թվականի  
ընթաց-  
քում  

5.  

Հայաստանը ներկայացնող  
լուսանկարների արխիվի նորացում 

2400000   

1500000

900000

2004  
թվականի  
երկրորդ  
եռամսյակ

6.  
  
  
  

Հայաստանում գովազդային վահանակի
տեղադրում և միջազգային հրատարակություններում հոդվածների 
տպագրում  

4390000

1600000

2790000

2004  
թվականի  
չորրորդ  
եռամսյակ

7.  
  
  
  

Ճանաչողական այցերի կազմակերպում` 
օտարերկրյա զբոսաշրջային  
օպերատորների համար  
  

2400000  

1300000

1100000

2004  
թվականի  
երկրորդ  
եռամսյակ

8.  
  
  
  

Ճանաչողական այցերի կազմակերպում` օտարերկրյա լրագրողների  
մասնակցությամբ 

2400000

1300000

1100000

2004  
թվականի  
չորրորդ  
եռամսյակ

9. 
  
  

Հայաստանի զբոսաշրջության ամբողջ  
ոլորտին ուղղված ինտերնետային էջի  
պարբերաբար թարմացում և պահպանում 

1200000  

800000

400000

2004  
թվականի  
ընթաց-  
քում  

10.

Զբոսաշրջության գովազդմանը նպաստող փառատոների և այլ միջոցառումների կազմակերպում և անցկացում:
Կենաց փառատոն-2004 

14560000

3700000  

10860000

2004  
թվականի  
չորրորդ  
եռամսյակ

  

ԸՆԴԱՄԵՆԸ  

80448550

20000000

60448550

  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան