Գլխավոր տեղեկություն
Համար
N 1211-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.10.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«1» հոկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2003 թվականի N 1211-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի 2003 թվականի փետրվարի 5-ի արձանագրության 4.2-րդ կետի կատարման մասին 2003 թվականի ապրիլի 29-ի արձանագրության կատարման նպատակով, ինչպես նաև ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեության անընդհատության ապահովման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել Ռուսաստանի Դաշնության «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարմանը` 5 տարի ժամկետով:

2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության (կառավարման հիմնադիր) և Ռուսաստանի Դաշնության «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» փակ բաժնետիրական ընկերության (հավատարմագրային կառավարիչ) միջև կնքվող` «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերով հավաստվող իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագրի նախագծին` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության անունից կնքել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերով հավաստվող իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագիրը` հանդես գալով որպես հավատարմագրային կառավարման հիմնադրի ներկայացուցիչ:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2-րդ կետում նշված հավատարմագրային կառավարման պայմանագրի ստորագրումից հետո 10-օրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնության «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» փակ բաժնետիրական ընկերություն ներկայացնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի անդամների թեկնածություններ:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 10-օրյա ժամկետում կազմակերպել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների նկատմամբ հարկերի ու պարտադիր այլ վճարների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ պարտքերի վերակառուցման իրականացումը: Պարտքերի վերակառուցումն իրականացնել այն հաշվով, որպեսզի սույն կետում նշված պարտավորությունները մարվեն սկսած չորրորդ տարվանից` 5 տարվա ընթացքում` հավասար չափերով:

6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` երկօրյա ժամկետում ապահովել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության ոչ փաստաթղթային ձևով բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի վարման հանձնումը «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ինքնակարգավորվող կազմակերպությանը` նրա հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի կառավարման բարելավման միջոցառումների մասին» N 166 որոշման 2-րդ կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի փակ բաժնետիրական ընկերությունների ցանկի 1-ին կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. սեպտեմբերի 25
Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

սեպտեմբերի 17-ի N 1211-Ա որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

 

քաղաք Երևան

 17 սեպտեմբերի 2003 թ.

 

Հավատարմագրային կառավարման հիմնադիր` Հայաստանի Հանրապետությունը, որն այսուհետ անվանվում է «Հիմնադիր», որի անունից Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ-ի սեպտեմբերի «__»-ի N____Ա որոշման հիման վրա հանդես է գալիս լիազորված ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Ա. Խ. Մովսիսյանը, մի կողմից, և Հավատարմագրային կառավարիչ` Միջազգային էլեկտրական կապերի զարգացման «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» փակ բաժնետիրական ընկերությունը, որն այսուհետ անվանվում է «Հավատարմագրային կառավարիչ», ի դեմս Գլխավոր տնօրեն` Ե. Վ. Դոդի, որը գործում է Հավատարմագրային կառավարչի կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, հետագա շարադրանքում միասին անվանվելով «Կողմեր», իսկ յուրաքանչյուրը առանձին` «Կողմ», հետևյալ փաստաթղթերի դրույթների իրականացման նպատակով`

. Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի 2003 թվականի փետրվարի 5-ի արձանագրության 4.2. կետի կատարման մասին 2003 թվականի ապրիլի 29-ի արձանագրության.

. Վճարումների և փոխհաշվարկների իրականացման կարգի մասին 2003 թ-ի մայիսի 12-ի համաձայնագրի.

. Սույն Պայմանագրի պրեամբուլայում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման, հաշվի առնելով, որ`

. Հիմնադրին սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված և

. Հայաստանի Հանրապետություն, 377766, Արմավիր-6, Մեծամոր հասցեով գտնվող «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` «Ընկերություն») բաժնետոմսերը.

. Հիմնադիրը ցանկանում է Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության կառավարման իրավունքը փոխանցել Հավատարմագրային կառավարչին, իսկ Հավատարմագրային կառավարիչը համաձայն է բարեխղճորեն իրականացնել այդպիսի կառավարումը մշտական հիմքի վրա և որոշակի վարձատրության դիմաց:

. Հավատարմագրային կառավարիչը մտնում է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» ԲԲԸ և «Ռոսէներգոատոմ» ՊՁ կոնցեռնի համակարգի մեջ, որոնք ունեն էլեկտրաէներգետիկական օբյեկտների, այդ թվում` ատոմային էներգետիկայի օբյեկտների համակարգի կառավարման մեծ փորձ, կնքեցին սույն Պայմանագիրը (այսուհետ` «Պայմանագիր») հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Սույն Պայմանագրի առարկան է հանդիսանում Հիմնադրին սեփականության իրավունքով պատկանող` ստորև նշված բաժնետոմսերով հավաստվող իրավունքների` Հիմնադրի կողմից Հավատարմագրային կառավարչի կառավարմանը հանձնելը (հավատարմագրային կառավարմանը հանձնված իրավունքները այսուհետ անվանվում են «Գույք»)`

 

Արժեթղթերի տեսակը Սովորական անվանական ոչ փաստաթղթային բաժնետոմսեր
Արժեթղթերի թողարկողը  «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը, որը ստեղծված է և գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, գրանցված է 83.120.00035 համարով, ունի Պետական գրանցման 1996 թ-ի հուլիսի 29-ի 01 Ա N 003136 վկայականը, գտնվում է Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, ք. Մեծամոր հասցեով
Յուրաքանչյուր արժեթղթի անվանական արժեքը 38 850 000 (երեսունութ միլիոն ութ հարյուր հիսուն հազար) դրամ
Հիմնադրին պատկանող արժեթղթերի քանակը 4 000 (չորս հազար) հատ
Հիմնադրին պատկանող արժեթղթերի` Ընկերության կանոնադրական կապիտալում կազմած տոկոսը 100 (հարյուր) տոկոս

 

 

հանձնված Գույքի հավատարմագրային կառավարումը` սույն Պայմանագրում շարադրված պայմաններով և ի շահ` նաև Շահառու հանդես եկող Հայաստանի Հանրապետության, Հավատարմագրային կառավարչի կողմից իրականացվելու համար:

1.2. Հավատարմագրային կառավարիչը պարտավորվում է Հիմնադրից ընդունել և սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան իրականացնել, Հիմնադրին սեփականության իրավունքով պատկանող` Ընկերության Բաժնետոմսերով հավաստված իրավունքները, այն է`

1.2.1. Ընկերության Բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանը վերապահված որոշումները գրավոր ձևով, հետևյալ հարցերով միանձնյա ընդունելու իրավունքը.

1.2.1.1. Ընկերության կանոնադրությունում փոփոխությունների և լրացումների կատարումը, Ընկերության կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ.

1.2.1.2. Ընկերության տնօրենների խորհրդի քանակական կազմի հաստատումը, դրա անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

1.2.1.3. Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) ընտրությունը և նրանց (նրա) լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

1.2.1.4. Ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը` «Մեծ քառյակի» աուդիտորական ընկերությունների թվից կամ Հիմնադրի հետ համաձայնեցմամբ` այլ աուդիտորական ընկերությունների թվից.

1.2.1.5. Ընկերության գործադիր մարմնի նշանակումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

1.2.1.6. Ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատումը, տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և տարեկան շահութաբաժինների չափի հաստատումը.

1.2.1.7. Ընկերության խոշոր ֆինանսատնտեսական գործարքների կնքման մասին որոշման ընդունումը.

1.2.1.8. Ընկերության կողմից դուստր կամ կախյալ ընկերությունների ստեղծումը.

1.2.1.9. դուստր և կախյալ ընկերություններին մասնակցությունը.

1.2.1.10. հոլդինգային ընկերությունների, առևտրային կազմակերպությունների և այլ միությունների հիմնադրումը.

1.2.1.11. հոլդինգային ընկերություններում, առևտրային կազմակերպությունների այլ միություններում մասնակցությունը.

1.2.1.12. Ընկերության ղեկավար պաշտոնատար անձանց աշխատանքի վարձատրության պայմանների որոշումը.

1.2.1.13. Ընկերության Կանոնադրությամբ Բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանը վերապահված այլ հարցերը.

1.2.2. Ընկերության շահույթից շահութաբաժիններ ստանալու իրավունքը.

1.2.3. Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը Հիմնադրի անունից և հանձնարարությամբ ձեռք բերելու իրավունքը.

1.2.4. Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն ստանալու, այդ թվում` հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, Ընկերության արտադրատնտեսական գործունեությանը ծանոթանալու իրավունքը.

1.2.5. Ընկերության լուծարման դեպքում Ընկերության գույքի` Հիմնադրին հասանելիք մասը` Կողմերի համաձայնեցրած պայմաններով հավատարմագրային կառավարմանը ստանալու իրավունքը.

1.2.6. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Ընկերության Կանոնադրությանը համապատասխան Ընկերության Բաժնետոմսերով հավաստվող այլ իրավունքները, ինչպես նաև սույն Պայմանագրով ուղղակիորեն նախատեսված այլ իրավունքները.

1.3. Գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում Գույքը և Բաժնետոմսերը Հավատարմագրային կառավարչի սեփականությանը փոխանցվելուն:

1.4. Հավատարմագրային կառավարիչը կառավարումն իրականացնում է սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից հինգ տարվա ընթացքում: Սույն Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո` այն դադարեցնելու մասին Հիմնադրի դիմումի բացակայության դեպքում, Պայմանագիրը համարվում է երկարացված նույն ժամկետով և միևնույն պայմաններով:

1.5. Հիմնադիրը ծանուցում է Հավատարմագրային կառավարչին այն մասին, որ Բաժնետոմսերը հանդիսանում են գրավի առարկա` ի ապահովումն Ռուսաստանի Դաշնության հանդեպ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների` 1996 թ-ի պետական վարկի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1996 թ-ի համաձայնագրին և Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի վերաձևակերպման մասին 1997 թ-ի համաձայնագրին համապատասխան: Հիմնադիրը ծանուցում է Հավատարմագրային կառավարչին և երաշխավորում է, որ Բաժնետոմսերը ենթակա են գրավից ազատման` Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի գծով պարտքի մարման համար Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքը Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2002 թ-ի համաձայնագրին համապատասխան:

 

2. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Հավատարմագրային կառավարիչը պարտավոր է բարեխղճորեն իրականացնել տրամադրված Գույքի կառավարումը, այդ թվում` Գույքի նկատմամբ օգտվել սույն Պայմանագրի 1.2. կետում հիշատակված իրավունքներից` սույն Պայմանագրում սահմանված սահմանափակումներով:

2.2. Հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի Գույքի նկատմամբ, ի շահ Հիմնադրի (Շահառուի), կատարել ցանկացած իրավաբանական ու փաստացի գործողություններ, բացառությամբ Բաժնետոմսերի օտարման և գրավադրման:

2.3. Պայմանագրի գործողության ողջ ժամկետի ընթացքում Հավատարմագրային կառավարիչը Ընկերության նկատմամբ ունի Հիմնադրի պարտականությունները և իրավազորությունները` սույն Պայմանագրի շրջանակներում:

2.4. Պայմանագրի սույն կետում և դրա բոլոր ենթակետերում նշված առանձին գործողությունները Հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի կատարել միայն Հիմնադրի գրավոր համաձայնությամբ` տրված նրա լիազորած ներկայացուցչի կողմից` սույն Պայմանագրի 3.4. կետով նախատեսված կարգով: Այդպիսի գործողություններ են հանդիսանում` որպես Ընկերության միակ բաժնետեր հետևյալ հարցերով որոշումների ընդունումը`

2.4.1. Ընկերության վերակազմակերպումը.

2.4.2. Ընկերության լուծարումը.

2.4.3. ամփոփ, միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների հաստատումը, Ընկերության լուծարային հանձնաժողովի նշանակումը.

2.4.4. Ընկերության հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանումը.

2.4.5. ցանկացած ճանապարհով Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

2.4.6. Ընկերության բաժնետոմսերի համախմբումը (կոնսոլիդացիան) և բաժանումը: Համաձայնությունը ստանալու համար Հավատարմագրային կառավարիչը պետք է Հիմնադրի հասցեով ուղղի համապատասխան գրավոր հարցում:

2.5. Սույն Պայմանագրի 1.2.1.1. կետում նշված իրավունքը Հավատարմագրային կառավարչի կողմից իրականացվում է Հիմնադրի հետ համաձայնեցմամբ և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված կարգին համապատասխան:

2.6. Սույն Պայմանագրի 1.2.1.7. կետում նշված իրավունքը Հավատարմագրային կառավարչի կողմից իրականացվում է Հիմնադրի հետ համաձայնեցմամբ և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված կարգին համապատասխան:

2.7. Հավատարմագրային կառավարչի` այդ կարգավիճակով գործելու մասին ցուցումների բացակայության դեպքում Հավատարմագրային կառավարիչը երրորդ անձանց հանդեպ պարտավորվում է անձամբ և պատասխանատվություն է կրում միայն իրեն պատկանող գույքով:

2.8. Հավատարմագրային կառավարիչն իրավունք չունի երրորդ անձանց հանձնարարել սույն Պայմանագրով իր վրա դրված պարտականությունների կատարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ`

2.8.1. այդպիսի հանձնարարությանը ստացվել է Հիմնադրի գրավոր համաձայնությունը.

2.8.2. ի հայտ են եկել հանգամանքներ, որոնցում նման հանձնարարությունն անհրաժեշտ է Հիմնադրի շահերի ապահովման համար, և Հավատարմագրային կառավարիչը հնարավորություն չունի ողջամիտ ժամկետում ստանալ Հիմնադրի ցուցումը: Հավատարմագրային կառավարիչը պատասխանատվություն է կրում իր կողմից ընտրված հանձնակատարի գործողությունների համար, ինչպես իր սեփականի:

2.9. Հավատարմագրային կառավարիչը կամընտիր ձևով եռամսյակը մեկ անգամ Հիմնադրին [նրա լիազորած ներկայացուցչին] հաշվետվություններ է ներկայացնում Հավատարմագրային կառավարման ծրագրի կատարման մասին: Նշված հաշվետվությունում ներկայացվում է տեղեկատվություն` Ընկերության ստացած շահույթի չափի և սույն Պայմանագրով նախատեսված կարգով դրա բաշխման արդյունքների մասին:

2.10. Հավատարմագրային կառավարիչն իր գործողություններով խոչընդոտներ չի ստեղծելու և նպաստելու է Ընկերության կողմից` միջուկային տեղակայանքի շահագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների, ՄԱԳԱՏԷ-ի կարգադրությունների և պարտավորությունների պահպանմանը, ինչպես նաև դիտանցն իրականացնող գործակալությունների աշխատակիցների` սահմանված կարգով անարգել մուտքին:

2.11. Հավատարմագրային կառավարիչն իր գործողություններով խոչընդոտներ չի ստեղծելու և նպաստելու է` Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման անվտանգության բարձրացման համար միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կառավարությունների կողմից հատկացվող միջոցների` Ընկերության կողմից նպատակային օգտագործմանը, ինչպես նաև Ընկերության կողմից նշված միջոցների հաշվառման վարմանը և դրանց օգտագործման մասին հաշվետվությունների ներկայացմանը:

2.12. Հավատարմագրային կառավարիչը սույն Պայմանագրով իրեն վերապահված իրավունքների շրջանակներում ձեռնարկում է իրենից կախված ամեն բան` Հայկական ատոմային էլեկտրակայանի սարքավորման անվտանգ օգտագործման, վթարների և դրանց հետևանքների վերացման աշխատանքների ֆինանսավորման` Ընկերության գործունեության կազմակերպման համար: Եթե վերը նշված նպատակներով կատարված ծախսերը հաշվի առնված չլինեն Ընկերության գործող սակագնում, ապա մինչև` վերը նշված նպատակներով կատարված ծախսերը հաշվի առնելով Ընկերության սակագնի փոփոխությունը, կատարված ծախսերը ենթակա են հատուցման Հիմնադրի կողմից:

2.13. Հավատարմագրային կառավարիչը կապահովի Հիմնադրի լիազորած ներկայացուցչի մուտքը Ընկերության տարածք` այն պայմանով, որ այդպիսի մուտքը անհրաժեշտ լինի սույն Պայմանագրով իր պարտականությունները Հիմնադրի կողմից կատարվելու համար և համապատասխանելու է Ընկերության կողմից շահագործվող տարածքում, շենքերում, տարածքներում և շինություններում գործող անցագրային ռեժիմին:

2.14. Հավատարմագրային կառավարիչը պարտավոր է ապահովել սույն Պայմանագրի առարկա հանդիսացող Գույքի առանձնացումը: Այդ նպատակով Հավատարմագրային կառավարիչը արտացոլում է Գույքը արտահաշվեկշռային հաշվում և դրանով վարում է անհրաժեշտ ինքնուրույն հաշվառում:

2.15. Հավատարմագրային կառավարիչը հավատարմագրային կառավարման հետ կապված գործունեության կապակցությամբ կատարվող հաշվարկների համար պարտավոր է բացել առանձին բանկային հաշիվ: Այդ հաշվով հաշվարկները կապված չեն Ընկերության տնտեսական գործունեության հետ:

2.16. Հավատարմագրային կառավարման գործողությունների արդյունքում Հավատարմագրային կառավարչի ձեռք բերած գույքն ու իրավունքները (այսինքն` Ընկերության լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերով հավաստված իրավունքները) հանդիսանում են Գույքի մաս և անցնում են Հավատարմագրային կառավարչի հավատարմագրային կառավարմանը` սույն Պայմանագրով սահմանված պայմաններով:

2.17. Քանի որ Հավատարմագրային կառավարիչն իրավաբանական անձ է, սույն Պայմանագրով իր իրավունքներն ու պարտականությունները իրականացվում են Հավատարմագրային կառավարչի իրավասու մարմնի կողմից կամ այդպիսի մարմնի հանձնարարությամբ` Հավատարմագրային կառավարչի լիազորագրով գործող որոշակի աշխատողի կողմից:

2.18. Պայմանագիրը դադարելիս` Հավատարմագրային կառավարիչը պարտավոր է` Հավատարմագրային կառավարչի ծախսերի հատուցման և վարձատրության վճարման` Հիմնադրի պարտքի բացակայության պայմանով, վերադարձնել Գույքը Հիմնադրին (Ընկերության բաժնետերերի ռեեստրում համապատասխան գրառում կատարելու միջոցով) այն տեսքով և չափով, որով այն նշված է սույն Պայմանագրի 2.14. կետի համաձայն վարվող արտահաշվեկշռային հաշվում, ոչ ուշ քան Պայմանագիրը դադարելու պահից մեկամսյա ժամկետի ընթացքում: Ընդ որում, Հավատարմագրային կառավարիչը Հիմնադրին ներկայացնում է հավատարմագրային կառավարման գործունեության վերաբերյալ հաշվետվություն: Հավատարմագրային կառավարիչը Պայմանագրի դադարեցման ժամանակ դուրս է գրում Գույքը իր արտահաշվեկշռային հաշվից:

 

3. ՀԻՄՆԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3.1. Հիմնադիրը պարտավոր է ապահովել սույն Պայմանագրի 1.2. կետում նշված բոլոր իրավունքների անխոչընդոտ իրականացումը Հավատարմագրային կառավարչի կողմից:

3.2. Պայմանագրի ողջ ժամկետի ընթացքում Հիմնադիրը պարտավոր է զերծ մնալ Գույքի նկատմամբ ցանկացած գործողություններից, որոնց կատարումը մտնում է Հավատարմագրային կառավարչի իրավասության մեջ:

3.3. Պայմանագրի գործողության ողջ ժամկետի ընթացքում Հավատարմագրային կառավարիչը իրավունք չունի օտարել Բաժնետոմսերը:

3.4. Հիմնադիրն իրավունք ունի վերահսկել Հավատարմագրային կառավարչի կողմից` սույն Պայմանագրի 2.4., 2.5. և 2.6. կետերում և դրանց բոլոր ենթակետերում նշված որոշումների ընդունումը` Հավատարմագրային կառավարչին` նշված որոշումների ընդունմանը իր գրավոր համաձայնությունը ներկայացնելու միջոցով: Ընդ որում, Հիմնադիրն չպետք է չհիմնավորված մերժի նման համաձայնության տրամադրումը կամ ձգձգի դրա տրամադրումը: Տվյալ հարցերի համաձայնեցման համար Հիմնադիրն, ի դեմս իր լիազորած պաշտոնատար անձի` լիազորած անձի, պարտավոր է Հավատարմագրային կառավարչի համապատասխան հարցումը ստանալու պահից երեսուն աշխատանքային օրերի ընթացքում տրամադրել որոշման ընդունմանը իր համաձայնությունը կամ պատճառաբանված մերժումը: Եթե նշված ժամկետի ընթացքում Հիմնադիրը չի ներկայացրել իր համաձայնությունը կամ պատճառաբանված մերժումը, որոշման ընդունումը համարվում է Հիմնադրի հետ համաձայնեցված:

3.5. Հիմնադրի կողմից` սույն Պայմանագրի 3.1.-3.3. կետերից թեկուզև որևէ մեկով իր պարտավորությունների չկատարման դեպքում, Հիմնադիրը պարտավոր է վճարել Հավատարմագրային կառավարչին տուգանք` 100 000 (հարյուր հազար) ԱՄՆ դոլարի չափով, որը վճարվում է Հավատարմագրային կառավարչի բանկային հաշվին: Հիմնադրին վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման դեպքում, նշված տուգանքը վճարվում է այդպիսի շահութաբաժինների հաշվին:

3.6. Գույքի հավատարմագրային կառավարումը Հավատարմագրային կառավարչի կողմից անձամբ իրականացվելու անհնարինությունից տարբերվող այլ պատճառներով սույն Պայմանագիրը Հիմնադրի կողմից միակողմանի լուծվելու դեպքում, Հիմնադիրը պարտավոր է տեղեկացնել Հավատարմագրային կառավարչին Պայմանագիրը լուծելու իր մտադրության մասին այն լուծելուց մեկ տարի առաջ: Պայմանագրի լուծման դեպքում Հիմնադիրը պարտավորվում է ապահովել Հավատարմագրային կառավարչի կողմից` սույն Պայմանագրի 5. հոդվածին համապատասխան, ծախսերի հատուցման և վարձատրության ստացումը` Պայմանագրի լուծման ամբողջ տարվա համար` անկախ Պայմանագրի լուծման ժամանակից, ինչպես նաև Հավատարմագրային կառավարչի բանկային հաշվին վճարել տուգանք` Պայմանագրի վաղաժամկետ լուծման համար փոխհատուցում` 100 000 (հարյուր հազար) ԱՄՆ դոլարին համարժեք չափով: Ընդ որում, սույն Պայմանագիրը, չնայած դրա որևիցե պայմանների, կհամարվի լուծված միայն Հիմնադրի կողմից Հավատարմագրային կառավարչի հանդեպ սույն կետում նշված բոլոր պարտավորությունների կատարումից հետո:

3.7. Պայմանագիրը դադարելիս` Հիմնադիրը Հավատարմագրային կառավարչից ընդունում է հաշվետվություն` հավատարմագրային կառավարման գործունեության վերաբերյալ և Գույքն ընդունում է իր հաշվառմանը:

 

4. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4.1. Հավատարմագրային կառավարման ծրագիրը: Հավատարմագրային կառավարիչը իրականացնում է Գույքի հավատարմագրային կառավարումը` սույն կետով սահմանված կարգով տարեկան մշակվող, համաձայնեցվող, և հաստատվող Հավատարմագրային կառավարման ծրագրին համապատասխան:

4.1.1. Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից ոչ ուշ Հավատարմագրային կառավարիչը նախապատրաստում է` Ընկերության հաջորդ տարվա բիզնես-ծրագրի վրա հիմնված` հաջորդ տարվա համար Հավատարմագրային կառավարման ծրագրի նախագիծը և համաձայնեցման համար ուղղում է այն Հիմնադրի լիազոր ներկայացուցչին:

4.1.2. Նախագիծը ստանալու ամսաթվից 30 օրացուցային օրից ոչ ուշ Հիմնադրի լիազոր ներկայացուցիչը պարտավոր է քննարկել Հավատարմագրային կառավարման ներկայացված նախագիծը և համաձայնեցնել այն, կամ նախագծի վերաբերյալ հիմնավորված առաջարկություններ ներկայացնել Հավատարմագրային կառավարչին: Եթե նշված ժամկետում Հիմնադիրը չի համաձայնեցրել Հավատարմագրային կառավարման ծրագիրը և չի ներկայացրել հիմնավորված առաջարկություններ, ապա Հավատարմագրային կառավարման ծրագիրը համարվում է համաձայնեցված Հիմնադրի հետ:

4.1.3. Հավատարմագրային կառավարման ծրագրի վերաբերյալ Հիմնադրի լիազոր ներկայացուցչի կողմից հիմնավորված առաջարկություններ ներկայացվելու դեպքում, որոնց հետ Հավատարմագրային կառավարիչը համաձայն չէ, Կողմերը պարտավոր են ստեղծել հատուկ հանձնաժողով` կազմված Կողմերից յուրաքանչյուրի ներկայացուցիչներից, և համաձայնեցնել Հավատարմագրային կառավարման ծրագրի վերջնական խմբագրությունը` մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը:

4.1.4. Մինչև 2003 թ-ի վերջը Հավատարմագրային կառավարման ծրագիրը նախապատրաստվում է Հավատարմագրային կառավարչի կողմից` սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից մեկ ամսվա ընթացքում, ներկայացվում է Հիմնադրի լիազոր ներկայացուցչին և սույն Պայմանագրի 4.1.2. և 4.1.3. կետերում նախատեսված ընթացակարգին համապատասխան, հաստատվում է վերջինի կողմից` Հավատարմագրային կառավարչի կողմից դրա ներկայացման ամսաթվից 15 աշխատանքային օրերի ընթացքում:

4.2. Հավատարմագրային կառավարման ծրագիրը պետք է բովանդակի հաջորդ տարում Հավատարմագրային կառավարչի գործունեության և Ընկերության զարգացման հետևյալ հիմնական պարամետրերը`

4.2.1. Ընկերության կողմից իրականացվող կապիտալ ներդրումների ենթադրվող չափը.

4.2.2. Ընկերությունների փոխառությունների ենթադրվող չափը.

4.2.3. Ընկերության զուտ շահույթի ենթադրվող չափը.

4.2.4. Ընկերության կողմից վճարվելիք շահութաբաժինների ենթադրվող չափը.

4.2.5. Հավատարմագրային կառավարչի ծախսերի ենթադրվող չափը.

4.2.6. Հավատարմագրային կառավարչի վարձատրության ենթադրվող չափը.

4.2.7. Ընկերության բյուջեն` հաջորդ տարվա համար.

4.2.8. Ընկերության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը:

4.3. Հիմնադրի (Շահառուի) եկամուտի առարկան: Հիմնադիրը (Շահառուն) եկամուտ է ստանում սույն Պայմանագրով Ընկերության զուտ շահույթի մասի տեսքով [սույն Պայմանագրի 5. հոդվածում նախատեսված կարգով որոշվող չափով], որը ենթակա է վերաբաշխման Հայաստանի Հանրապետության բյուջե` որպես ընթացիկ տարվա համար հաստատված Հավատարմագրային կառավարման ծրագրին համապատասխան Ընկերության կողմից սահմանվող չափով շահութաբաժիններ:

4.4. Ընկերության Գույքը կարող է օտարվել Ընկերության կողմից` Հավատարմագրային կառավարման ծրագրին համապատասխան, Հայկական ատոմային էլեկտրակայանի գույքի տրամադրման և շահագործման պայմանները սահմանող` Հիմնադրի իրավասու մարմինների և (կամ) այլ ներկայացուցիչների ակտերի և (կամ) Հիմնադրի և Ընկերության գործարքների դրույթների պահպանմամբ:

 

5. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ԲԱՇԽՈՒՄԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

5.1. Հավատարմագրային կառավարիչն ունի հավատարմագրային կառավարման ընթացքում իր կատարած` փաստաթղթորեն հաստատված անհրաժեշտ ծախսերի հատուցումը ստանալու իրավունք: Այսպիսի ծախքերը կազմվում են Հավատարմագրային կառավարչի կատարած ուղղակի ծախսերից, ինչպես նաև` հետագայում հավատարմագրային կառավարման համար անհրաժեշտ ծախսեր կատարելու` իր վրա վերցված պարտավորություններից: Այսպիսի ծախքերը չեն ներառում Ընկերության տնտեսական գործունեության հետ կապված Ընկերության ծախսերը:

5.2. Սույն Պայմանագրին համապատասխան հավատարմագրային կառավարման ընթացքում Հավատարմագրային կառավարչի կատարած ծախքերը հաստատվում են փաստաթղթորեն և ենթակա են հատուցման Հիմնադրի միջոցներից` սույն Պայմանագրի 5.4.3. կետով նախատեսված կարգով, իսկ Ընկերության գործունեության համապատասխան ժամանակահատվածում շահույթի բացակայության դեպքում` հատուցվում են Ընկերության սակագնում նախատեսված միջոցների հաշվին:

5.3. Հավատարմագրային կառավարիչն ունի վարձատրության իրավունք` Ընկերության բաժնետոմսերով շահութաբաժինների յուրաքանչյուր հաշվարկման ժամանակ:

5.4. Հիմնադիրը հանձնարարում է Հավատարմագրային կառավարչին, իսկ Հավատարմագրային կառավարիչը պարտավորվում է իր կողմից ընդունվող համապատասխան գրավոր որոշումներով` սույն Պայմանագրի 5.6. կետով սահմանված` վճարումների հերթականությանը (առաջնայնությանը) համապատասխան բաշխել Ընկերության զուտ շահույթը (կուտակված շահույթը)` ստորև նշված չափերով գումարները հետևյալ նպատակներին ուղղելու միջոցով`

5.4.1. Ընկերության զուտ շահույթի (կուտակված շահույթի) 25 (քսանհինգ) տոկոսի չափով գումարը (սակայն ոչ պակաս քան 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը (տարեկան շահաբաժինների բաշխման դեպքում) և 50 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը (կիսամյակային շահաբաժինների բաշխման դեպքում) և 25 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը (եռամսյակային շահաբաժինների բաշխման դեպքում)) ուղղվում է Հավատարմագրային կառավարչի վարձատրությանը (նշված գումարը ենթակա է ավելացման` սույն Պայմանագրի 5.1. կետում նշված Հավատարմագրային կառավարչի ծախսերի գումարի չափով):

5.4.2. Ընկերության զուտ շահույթի (կուտակված շահույթի) 25 (քսանհինգ) տոկոսի չափով գումարը մնում է Ընկերության տրամադրության տակ և ուղղվում է արտադրական նպատակներին:

5.4.3. Ընկերության զուտ շահույթի (կուտակված շահույթի) 75 (յոթանասունհինգ) տոկոսի չափով գումարը ուղղվում է Ընկերության բաժնետոմսերով շահութաբաժինների վճարմանը (նշված գումարը ենթակա է նվազեցման` սույն Պայմանագրի 5.4.1. կետում նշված Հավատարմագրային կառավարչի վարձատրության գումարի չափով և սույն Պայմանագրի 5.1. կետում նշված Հավատարմագրային կառավարչի ծախսերի գումարի չափով):

5.5. Հիմնադիրը հանձնարարում է Հավատարմագրային կառավարչին, իսկ Հավատարմագրային կառավարիչը պարտավորվում է` Ընկերության տնօրենների խորհրդի կողմից միջանկյալ (եռամսյակային կամ կիսամյակային) շահութաբաժիններ վճարելու մասին որոշում ընդունվելու դեպքում, ապահովել սույն Պայմանագրի 5.4. կետով սահմանված հարաբերակցության պահպանումը, ինչպես նաև սույն Պայմանագրի 5.6. կետով սահմանված վճարումների հերթականությունը (առաջնայնությունը):

5.6. Սույն Պայմանագրի 5.4. և 5.5. կետերի պայմանների նպատակների իրականացման համար առաջնահերթ կարգով ապահովվում է սույն Պայմանագրի 5.4.1. կետով սահմանված պայմանի կատարումը: Սույն Պայմանագրի 5.4. կետի պայմանների իրականացման նպատակների համար երկրորդ հերթին ապահովվում է սույն Պայմանագրի 5.4.2. կետով սահմանված պայմանի կատարումը: Սույն Պայմանագրի 5.4.1. կետով սահմանված պայմանը կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված` սույն Պայմանագրի 5.4.2. և 5.4.3. կետերով սահմանված պայմանների չպահպանումը չի համարվում սույն Պայմանագրի պայմանների խախտում: Սույն Պայմանագրի 5.4.1. և 5.4.2. կետերով սահմանված պայմանները կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված` սույն Պայմանագրի 5.4.3. կետով սահմանված պայմանի չպահպանումը չի համարվում սույն Պայմանագրի պայմանների խախտում:

5.7. Հավատարմագրային կառավարչի վարձատրության, ինչպես նաև ծախսերի հատուցման գումարները փոխանցվում են Հավատարմագրային կառավարչի` սույն Պայմանագրի 2.15. կետում նշված բանկային հաշվին` սույն Պայմանագրի 5.4. և 5.5. կետերի պայմաններին համապատասխան:

5.8. Գույքի հավատարմագրային կառավարումը Հավատարմագրային կառավարչի կողմից անձամբ իրականացվելու անհնարինությունից տարբերվող այլ պատճառներով սույն Պայմանագիրը Հիմնադրի կողմից միակողմանի լուծվելու դեպքում Հավատարմագրային կառավարիչն ունի սույն Պայմանագրի 5.1. կետին համապատասխան ծախսերի հատուցման գումարները, ինչպես նաև սույն Պայմանագրի 5.3. կետին համապատասխան վարձատրության գումարները ստանալու իրավունք, որոնք սույն Պայմանագրի 5.4., 5.5. և 5.6. կետերի պայմաններին համապատասխան հաշվարկվում են սույն Պայմանագրի գործողության դադարեցման ողջ տարվա համար` անկախ Պայմանագրի լուծման ժամանակից:

 

6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

6.1. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հավատարմագրային կառավարչին սույն Պայմանագրով իրավունքների փոխանցման մասին` Ընկերության բաժնետերերի ռեեստրում հատուկ գրառում կատարվելու ամսաթվից և գործում է հինգ տարվա ընթացքում: Հիմնադիրը պարտավորվում է ապահովել նշված գրառման կատարումը սույն Պայմանագրի ստորագրման պահից 10 (տասը) օրացուցային օրերի ընթացքում:

6.2. Սույն Պայմանագիրը կարող է դադարեցվել`

6.2.1. սույն Պայմանագրի Կողմերից մեկի` դրա կատարումից հրաժարմամբ` Հավատարմագրային կառավարչի կողմից Գույքի հավատարմագրային կառավարումն անձամբ իրականացնելու անհնարինության դեպքում` Պայմանագրի դադարեցման նախաձեռնող Կողմի` Պայմանագիրը դադարեցվելուց մեկ ամիս առաջ մյուս Կողմին ներկայացված ծանուցման առկայության պարագայում.

6.2.2. սույն Պայմանագրի կատարումը շարունակելուց Հիմնադրի հրաժարմամբ` Հավատարմագրային կառավարչի կողմից կոպիտ անփութություն թույլ տրվելու կամ նրա կողմից` Հիմնադրի կամ Շահառուի շահերին հակասող դիտավորյալ գործողությունների կատարման դեպքում` Հավատարմագրային կառավարչին` Պայմանագիրը դադարեցվելուց մեկ տարի առաջ ներկայացված ծանուցման առկայության պարագայում.

6.2.3. սույն Պայմանագրի գործողության ժամկետը լրանալով:

6.3. Սույն Պայմանագրի նպատակների համար ծանուցման տակ պետք է հասկանալ տեղեկացման ուղղումը հանձնման մասին ծանուցումով նամակով կամ պատշաճ անձին ծանուցումը հանձնվելու ապացույցներ ստանալու առաքողին հնարավորություն տվող այլ եղանակով:

6.4. Սույն Պայմանագիրը կազմված է հավասար ուժ ունեցող 3 (երեք) օրինակներից: Սույն Պայմանագիրը կազմված է ռուսերեն և հայերեն լեզուներով, ընդ որում, սույն Պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` ռուսերեն տեքստն ունի նախապատվություն` հայերեն տեքստի նկատմամբ:

 

7. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

7.1. Հիմնադիրը պարտավորվում է աջակցել Հավատարմագրային կառավարչին և Ընկերությանը և կձեռնարկի անհրաժեշտ ամեն բան իր լիազորությունների շրջանակներում` Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի 2003 թվականի փետրվարի 5-ի արձանագրության 4.2. կետի կատարման մասին 2003 թվականի ապրիլի 29-ի արձանագրության դրույթների կատարման համար:

7.2. Հավատարմագրային կառավարիչը սույն Պայմանագրով իրեն վերապահված իրավունքների շրջանակներում ձեռնարկում է իրենից կախված ամեն բան` 2004 թվականին և հաջորդող տարիներին` ընդհուպ մինչև սույն Պայմանագրի գործողության ավարտը Ընկերության կողմից էլեկտրաէներգիայի արտադրության համար անհրաժեշտ ժամկետներում և ծավալով թարմ միջուկային վառելիքի մատակարարումները ապահովող պայմանագրի կնքման և կատարման համար:

7.3. Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովների որոշումները փոխարինող` Հավատարմագրային կառավարչի գրավոր որոշումներով Ընկերության Տնօրենների խորհրդի կազմը ձևավորվելիս Հավատարմագրային կառավարիչը պետք է պահպանի պարիտետի սկզբունքը, որը նախատեսում է Ընկերության Տնօրենների խորհրդի կազմում հավասար քանակը`

7.3.1. այն անդամների, որոնց թեկնածությունները առաջարկվել են Հիմնադրի կողմից.

7.3.2. այն անդամների, որոնց թեկնածությունները առաջարկվել են Հավատարմագրային կառավարչի կողմից:

7.4. Խորհրդի կողմից իր որոշումներն ընդունելիս որոշիչ ձայնի իրավունք ունեցող` Տնօրենների խորհրդի նախագահը հանդիսանում է Խորհրդի անդամներից մեկը, որն ընտրվում է Տնօրենների խորհրդի անդամների կողմից` Հավատարմագրային կառավարչի ներկայացմամբ:

7.5. Ընկերության Տնօրենների խորհրդի անդամները ստանում են հավասար չափերի վարձատրություն` Ընկերության Կանոնադրությամբ սահմանվող կարգով: Ընկերության Տնօրենների խորհրդի նախագահը ստանում է 10 (տասը) տոկոսով ավելի բարձր վարձատրություն:

7.6. Սույն Պայմանագրի 7.4. կետով նախատեսված պայմանին համանման դրույքը պետք է ներառվի Ընկերության Կանոնադրությունում:

7.7. Հավատարմագրային կառավարիչը ձեռնարկում է իրենից կախված ամեն բան` Ընկերության կողմից` Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործող կազմակերպության` «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային Պայմանագրերով նախատեսված գործառույթների (ներառյալ (բայց չսահմանափակվելով) Ընկերության կողմից միջուկային վնասի համար պատասխանատվություն կրելը) կատարումը ապահովելու համար:

7.8. Հավատարմագրային կառավարիչը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` Ընկերության Տնօրենի, Գլխավոր ինժեների և Տնօրենի տեղակալների պաշտոնների թեկնածությունները` Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության մարմինների հետ համաձայնեցնելու համար:

 

8. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

8.1. Սույն Պայմանագրից կամ դրա կապակցությամբ ծագող բոլոր վեճերը, տարաձայնությունները և պահանջները, ներառյալ` դրա կատարմանը, խախտմանը, դադարեցմանը կամ անվավերությանը վերաբերող, ենթակա են կարգավորման` Կողմերի միջև բանակցությունների ճանապարհով:

8.2. Կողմերից մեկի կողմից մյուս Կողմին հավակնություն ներկայացվելու պահից քսան աշխատանքային օրերի ընթացքում վեճը չկարգավորվելու դեպքում, ցանկացած այդպիսի վեճ ենթակա է կարգավորման Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատին առընթեր Միջազգային առևտրային միջնորդ դատարանում:

8.3. Սույն Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը:

 

9. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

9.1. Հավատարմագրային կառավարիչը պատասխանատվություն չի կրում Ընկերության այն պարտավորություններով, որոնք սույն Պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում կարող են ծագել մինչև սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահը կնքված գործարքներից և տեղի ունեցած այլ իրավաբանական փաստերից:

9.2. Եթե Ընկերության անվճարունակության (սնանկության) պատճառ են հանդիսանում Հավատարմագրային կառավարչի գործողությունները (կամ անգործությունը), ապա Հավատարմագրային կառավարչի վրա կարող է դրվել լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվություն` Ընկերության պարտավորությունների համար: Հավատարմագրային կառավարչի գործողությունները (անգործությունը) համարվում են Ընկերության անվճարունակության (սնանկության) պատճառ միայն այն դեպքում, եթե Հավատարմագրային կառավարիչը օգտագործել է Ընկերությանը կատարման համար պարտադիր ցուցումներ տալու իր իրավունքը կամ Ընկերության գործունեությունն այլ կերպ կանխորոշելու հնարավորությունները Ընկերությանը որոշակի գործողություններ կատարել կամ չկատարել պարտադրելու նպատակով, նախօրոք իմանալով, որ այդ պատճառով Ընկերությունը կհայտնվի անվճարունակության (սնանկության) վիճակում:

9.3. Եթե Ընկերության անվճարունակության (սնանկության) պատճառ են հանդիսանում Հիմնադրի գործողությունները (կամ անգործությունը), ապա Հիմնադրի վրա կարող է դրվել լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվություն` Ընկերության պարտավորությունների համար: Հիմնադրի գործողությունները (անգործությունը) համարվում են Ընկերության անվճարունակության (սնանկության) պատճառ միայն այն դեպքում, եթե Հիմնադիրը օգտագործել է Ընկերությանը կատարման համար պարտադիր ցուցումներ տալու իր իրավունքը կամ Ընկերության գործունեությունն այլ կերպ կանխորոշելու հնարավորությունները Ընկերությանը որոշակի գործողություններ կատարել կամ չկատարել պարտադրելու նպատակով, նախօրոք իմանալով, որ այդ պատճառով Ընկերությունը կհայտնվի անվճարունակության (սնանկության) վիճակում:

9.4. Հավատարմագրային կառավարիչը պատասխանատվություն է կրում Հիմնադրի առջև` հնարավոր վնասի և բաց թողնված օգուտի համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով` Հիմնադրի կողմից սույն Պայմանագրի կնքման պահի դրությամբ Ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքի գնահատումը սույն Պայմանագրի կնքման պահին ներկայացվելու պայմանով:

9.5. Հիմնադիրը պատասխանատվություն է կրում Հավատարմագրային կառավարչի առջև` հնարավոր վնասի և բաց թողնված օգուտի համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

 

ԿՈՂՄԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՍՑԵՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետություն

Լիազորված ներկայացուցիչ`

Հայաստանի Հանրապետության

էներգետիկայի նախարար

Ա. Խ. Մովսիսյան

________________________________

գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 2

Միջազգային էլեկտրական կապերի զարգացման «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» փակ բաժնետիրական ընկերություն

Գլխավոր տնօրեն

Ե. Վ. Դոդ
 

_________________________________

գտնվելու վայրը` Ռուսաստանի Դաշնություն, 302025 քաղաք Օրյոլ, Մոսկովյան խճուղի, տուն 137, տարածք 29

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

 

ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» բաց բաժնետիրական ընկերության

Տնօրենների խորհրդի նախագահ

 

Միջազգային էլեկտրական կապերի զարգացման «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» փակ բաժնետիրական ընկերության Տնօրենների խորհրդի նախագահ

 

Ա. Ն. Ռապպոպորտ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան